Միքիայի մարգարեության մեկնություն 7։12

Ա․ Լոպուխին

Այդ օրը քեզ մոտ կգան Ասորեստանից և Եգիպտական քաղաքներից, և Եգիպտոսից մինչև Եփրատ գետ, և ծովից մինչև ծով, և լեռից մինչև լեռ։ (Սինոդական թարգ․)[12]
   
   «Այդ օրը քեզ մոտ կգան», այսինքն՝ Սիոնի կամ Երուսաղեմի, իսկ ըստ Գոոնակերի կարծիքի՝ Սամարիայի մոտ։ 12−րդ համարը Սիոնին առնչող մեկնաբանները դրանում, իր մաքուր ձևի մեջ աստվածապետության վերականգնումից հետո, ժողովուրդների Սիոնում հավաքվելու մասին մարգարեություն են տեսնում։ 12−րդ համարը Սամարիային առնչող Գոոնակերը այն որպես Սամարիայի պաշարման վերաբերյալ հետահայաց մատնանշում է հասկանում։ Յոթանասնիցը 12−րդ համարին եբրայերեն տեքստից տարբերվող իմաստ է հաղորդում։ «Jom hu» (այդ օրը) արտահայտությունը Յոթանասնիցը առնչել է 11−րդ համարի ավատին, «adecha» («քեզ մոտ») արտահայտությունը ընթերցել է որպես «arecha» («քո քաղաքները»), ավելին՝ ավելացել է նաև «εἰς ὀμαλισμόν» (հավասարությամբ) արտահայտությունը, եբրայերեն «leminni» (ից) մասնիկը ծագեցրել է «manah» (կիսել) բառից. այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստում առկա համարի սկիզբի «և քո քաղաքները կհավասարվեն (այսինքն՝ կկործանվեն, գետնին կհավասարեցվեն) և ասորեստանցիների կողմից կբաժանվեն» ընթերցումը։ Հենց այս կերպով են Յոթանասնիցի կողմից հասկացվել նաև 12−րդ համարի հաջորդ բառերը. «և եգիպտական քաղաքներից (mazor) և (uleminni) Եգիպտոսից (mazor) մինչև Եփրատ գետ (ad−nahar)». «Mazor»−ը Եգիպտոսի անվանումն է․ առաջին դեպքում ընկալվել է որպես հասարակ անուն՝ «ամրություն» (Աբդ. 2։1, Սաղմ. 32։21), իսկ երկրորդ դեպքում՝ որպես Տյուրոս քաղաքի անվանում, «uleminni»−ն (և on), ինչպես և վերևում, ծագեցվել է «manah» (բաժանել) բառից. ռուսերեն տեքստում Եփրատ անվամբ բացատրվող անորոշ «ad−nahar» (մինչև գետը) բառը Յոթանասնիցում էլ «Συρίας» (Ասորեստան) բառով է բացատրվում։ Այստեղից էլ ստացվել է սլավոներեն տեքստի «և քո ամուր քաղաքները կբաժանվեն Տյուրոսից մինչև Ասորական գետը» ընթերցումը։ Յոթանասնիցի որոշ ձեռագրերում և սլավոներեն տեքստում այս համարի վերջում ընթերցվում են բնագրում իրենց համապատասխանը չունեցող «ստորին ջրեր և շշուկներ» բառերը։ Այս խոսքերով թարգմանիչները կարող էին մատնանշել թշնամիների հարձակման արագությունը։ Այսպիսով՝ ըստ Յոթանասնիցի տեքստի՝ 12−րդ համարում խոսքը «ծովից մինչև ծով» ընկած քաղաքների կործանման մասին է, այլ ոչ թե Սիոնում ժողովուրդների հավաքման։ Երանելի Թեոդորոս Կյուրոսացին այս խոսքը միաժամանակ նաև հրեաների նկատմամբ թշնամաբար տրամադրված քաղաքների մասին է հասկանում, իսկ մյուս մեկնաբանները՝ հրեական քաղաքների (Յունգերով)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Քո քաղաքները կ՚ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին: Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ:
(Արարատ թարգ․) Այդ օրը քեզ մոտ են գալու Ասորեստանից և Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Եփրատ, ծովից ծով ու սարից սար։
(Գրաբար) Եւ քաղաքք քո եկեսցեն ի պաշարումն՝ և յաւար Ասորեստանեայց. և քաղաքք քո ամուրք՝ ի բաժինս, ի Ծուրայ մինչև ցԳետն, և ի ծովէ մինչև ցծով, և ի լեռնէ մինչև ցլեառն։