Ա․ Լոպուխին
Մարգարեություն Նինվեի մասին, Ելկեսացի Նավումի տեսիլքի գիրքը։ (Սինոդական թարգ․)[1]
Նախաբանի առաջին բառի իմաստը․ այստեղ, ինչպես նաև մյուս մարգարեական գրքերում (Ամբ․ 1։1, Զաք․ 9։1, 12։1, Մաղ․ 1։1) առկա եբրայերեն «masses» բառը հնագույն թարգմանություններում միաձև չի փոխանցվում։ Այն տարբեր կերպ է բացատրվում նաև հին և նոր մեկնաբանների կողմից։ Այստեղ և Ամբ․ 1։1, Զաք․ 9։1, 12։1, Մաղ․ 1։1 համարներում Յոթանասնիցն այս բառը «λημμα՝ ընդունում, ստացում» արտահայտությամբ է թարգմանում։ Այն նմանատիպ կերպով է հասկացվում նաև երանելի Թեոդորոս Կյուրոսացու կողմից․ «հատկապես մտքի հափշտակությունը և ամբողջ մարդկայինից հրաժարումն է մարգարեն մարգարեություն անվանում (λημμα)»։ Թարգումը, ընդհակառակը, «masses» բառը քաղդեական «mattaya» կամ «mattoya» (բեռ) արտահայտության միջոցով է փոխանցում։ Վուլգաթայում էլ «masses» բառը մշտապես փոխանցվում է լատիներեն «onus՝ բեռ, ծանրություն» արտահայտությամբ․ Հերոնիմոս երանելին միմիայն այնպիսի թարգմանությունն է եբրայերեն «masses» բառին ճշգրտորեն համապատասխանող համարում, որը, ըստ նրա, «նախաբանում օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ ինչ−որ բան կարևոր, աշխատանքով և դժվարություններով լի, է թվում» («Ամբակում մարգարեի մեկնություն», ստեղծագործություններ, մաս 14, էջ 130), այսինքն՝ մարգարեության սպառնալիքները բովանդակելու մասին մատնանշում է պարունակում։ Լյութերի գերմաներեն թարգմանությունը «masses» բառը փոխանցում է «last՝ ծանրություն» բառի միջոցով։ Բազմաթիվ մեկնաբաններ (Ռեյնկե, Կեյլ, Կուրտց, պրոֆ․ Պ․ Վ․ Տիխոմիրով և այլք) դիտարկվող բառը Հերոնիմոս երանելու կողմից մատնանշված իմաստով են հասկանում։ Ընդհակառակը, նորագույն շրջանի մյուս մեկնաբաններն (Գուպֆելդ, Դելիչ, Կլեյներտ, պրոֆ․ Ի․ Ս․ Յակիմով) այն ընդհանուր (մարգարեական «խոսք») իմաստով են հասկանում։ Սակայն եբրայերեն «masses» բառի և՛ տառացի նշանակությունը, և՛ Աստվածաշնչում դրա գրեթե ամենուր օգտագործվող «բեռ, լուծ» իմաստը հօգուտ հերոնիմոսյան թարգմանության են։ Իսկ եթե մենք ուշադրություն դարձնենք հատկապես մարգարեական գրականության մեջ այս եզրույթի օգտագործմանը, ապա այստեղ կտեսնենք, որ «masses» անվամբ, օրինակ, Եսայի մարգարեի մոտ մատնանշվում է մարգարեության մի հատուկ տեսակ։ Դա ահարկու մարգարեությունն է, որը աղետ և կործանում է կանխատեսում հիմնականում օտար ժողովուրդների համար (Ես․ 13։1, 15։1, 17։1, 19։1, 21։11, 23։1 և այլն)։ Հաշվի առնելով Նավում մարգարեի գրքի Նինվեի կործանումը (ամբողջ Ասորեստանի հետ միասին) կանխատեսող մեզ հայտնի ընդհանուր բովանդակությունը՝ [կարող ենք ասել, որ այն] (Նինվեի մասին) «ահարկու մարգարեություն», «մարգարեական խոսքի բեռ» է, և այդպես էլ պետք է ընդունվի․ մանավանդ, որ «masses» բառի նման իմաստ ունենալու վերաբերյալ մատնանշում կարող է լինել 8−րդ համարը, որը քերականորեն սերտորեն կապված է նախաբանի առաջին մասի հետ («masses» բառի մասին կատարված մանրակրկիտ հետազոտություն կարող ես գտնել պրոֆ․ Պ․ Վ․ Տիխոմորովի «Մաղաքիա մարգարե» գրքում, Սերգիևյան Պոսադ, 1903, էջ 139−152։ Հմմտ․ Սիմաշկևիչ, «Նավումի մարգարեությունը Նինվեի մասին», Սանկտ Պ․, 1875, էջ 107−113)։ Նախաբանի երկրորդ՝ «Ելկեսացի Նավումի տեսիլքի գիրքը» հատվածը մատնանշում է գրքի Աստծո կողմից ներշնչված հեղինակին՝ Նավում մարգարեին, և նրա մարգարեական խոսքի աղբյուրը՝ տեսիլքը (եբրայերեն՝ «хазон»), այսինքն՝ Աստծո Հոգու կողմից բովանդակության խորհրդավոր ներշնչումը։ «Սուրբ Հոգու շնորհը,− այս հատվածի բացատրության մեջ ասում է երանելի Թեոդորոս Կյուրոսացին,− տարբեր կերպով գործելով մարգարեների մեջ՝ այնպես էր անում, որ ոմանք ինչ−որ բան էին (τους μεν δραν) տեսնում՝ ինչպես իմաստուն Եսային, Միքիան, Դանիելը, Եզեկիելը և Զաքարիան, իսկ ոմանց խոսքի միջոցով (εν ηχει) էր հայտնվում այն, ինչ անհրաժեշտ էր Հոգուն, և նրանց թվում էր, թե լսում էին Ինչ−որ մեկին, որը խոսում էր նրանց հետ։ Մյուսները մարգարեանում էին ներշնչմամբ և Հոգուն հաճելի բաներն իրենց լեզվով էին հայտարարում։ Քանզի մարգարեական շնորհը, անսպասելիորեն մարգարեների միտքը պարուրելով և նրանց ողջ մարդկայինից հեռացնելով, նրանց մարգարեական խոսքի արտահայտման զենք ու ծառա լինելու ունակ էին դարձնում»։ Նախաբանում դրված «գիրք» բառը րաբբի Աբարբանելը որպես այն բանի մատնանշում է մեկնաբանում, որ անձնապես Նինվեում չքարոզած Նավում մարգարեն (ինչպես Հովնան մարգարեն) այնտեղ է ուղարկել իր մարգարեական գիրքը։ Սակայն ավելի հեշտ և բնական է այստեղ այն բանի վկայությունը տեսնել, որ, ըստ Աստծո հրամանի, Նավումի մարգարեական խոսքը հենց նրա կողմից է գրի առնվել։ Նույնը տեսնում ենք նաև այլ մարգարեների դեպքում (Ես․ 8։1, 30։8, Եր․ 30։2, 36։2, 51։60, Դան․ 7։1, 12։4−9, Ամբ․ 2։2, 3), որոնք իրանց մարգարեությունները գրի էին առնում ոչ միայն ապագա սերունդների (տե՛ս Ես․ 30։8), այլ նաև իրենց ժամանակակիցների մեջ տարածման համար (Եր․ 36։1−6)։ Այսպիսով՝ «գիրք» արտահայտությունը ենթադրել է տալիս, որ Նավումի մարգարեական խոսքը ներկա խմբագրությամբ գոյություն է ունեցել, նախքան Սուրբ Գրքի կանոնի փակումը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:
(Արարատ թարգ․) Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
(Գրաբար) Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկեսացւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: