Ս. Աստվածածնի հղությունն Աննայից
Ս. Աստվածածնի հղությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում£ Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:
Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:
Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում եւ ծնվում է դուստր, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Բանն Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալու:
Հայ Եկեղեցին Աստվածածնի Աննայից հղության տոնը հաստատուն կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին:
Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում:
Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:
Ավետումն Սբ. Աստվածածնի
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը:
Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը: Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր:
Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:
Վերափոխումն Սբ. Աստվածածնի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը:
Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: