ՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վանքի դռները վաղուց փակված էին: Մեծ դարպասը ուժգին բախեցին: Քիչ անց կողքի` փոքր, երկաթյա դռան վրայի ճաղավոր պատուհանը բացվեց ճռռոցով: Պահակ միաբանը հարցրեց, թե եկողներն ովքեր են:

– Մենք Ամրդոլի միաբաններ ենք: Ես` Գրիգոր վադապետ Շիրվանցի, և եղբայրս` Հովհաննես Կոլոտ վարդապետ Բաղիշեցի, երանյալ Վարդան վարդապետի աշակերտներն ենք: Ձեր վանքն այցելել էինք ցանկանում, ուխտի եկանք:

– Մի քիչ ուշ չէ՞: Ովքե՞ր են այս զինյալ մարդիկ:

– Բարեկամ քրդեր են, իրենց գյուղում հյուրասիրվեցինք, մեզ ընկերակցեցին:

– Այսինքն, ասել կուզի, որ երեսուն քրդեր մինչև վանք ձեզ բարի ճանապարհորդություն մաղթելու համա՞ր են եկել: Շատ հավատալի չի թվում:

– Պատմությունը երկար է, բայց ճիշտ այդպես է պարագան, վախենալիք ոչինչ չկա:

– Ձեզ մի հարցում անեմ, – ներսից ասաց դեմքը անտեսանելի միաբանը, – քանի որ դուք էլ վանական եք, իմ տեղը եթե լինեիք, ի՞նչ կանեիք, դուռը կբացեի՞ք:

Մի պահ երկու վարդապետները միմյանց նայեցին, ապա` իրենց շուրջը և հանկարծ նկատեցին իրենց հրամցրած տեսարանի տարօրինակությունը: Կեսգիշերին զինյալ քրդերը իրենց առջև են առել երկու վարդապետի, թերևս զենքի սպառնալիքով, և ամենից հարուստ հայ վանքի դռներն են ցանկանում բաց անել խորամանկորեն: Հայը այդքան ապո՞ւշ է: Սկսեցին ծիծաղել և ներսի պահակներին ասացին միաբերան.

–Չէի՛նք բացի, երբե՛ք, հազար անգամ` ոչ:

– Լա՛վ, հավատացի, որ դուք հայ վարդապետներ եք, քանի որ սրանք էլ ձեր բարեկամներն են, կարող եք գիշերել նրանց մոտ, վաղ առավոտյան կհյուրընկալենք ձեզ մեծ սիրով: Այժմ` բարի գիշեր, Աստված օգնական:

– Ի՞նչ եղավ, ինչո՞ւ դուռը բաց չեն անում ձեր առջև, – հարցրեց հարբած գյուղապետը:

– Վախեցան բացելու, իրավունք ունեն, շատ ուշ մնացինք: Վաղը ցերեկով պիտի ընդունեն մեզ, լույս աչքով:

– Ի՜նչ լավ լուր է սա: Մի գիշեր ևս պիտի վայելենք ձեր ներկայությունը: Եկե՛ք` գնա՛նք:

Առավոտյան ուշ արթնացան: Ամեն մարդ դեռ քնած էր, բացի կանանցից, որոնք մաքրություն և ճաշի պատրաստություն էին տեսնում: Սոֆիե խանումը, որ Ջեմալի մայրն էր, երգելով աշխատում էր և հրամաններ տալիս կանանց և աղջիկներին: Երբ տեսավ վարդապետներին, ցատկոտելով վազեց նրանց մոտ և փաթաթվեց նրանց: Գիտեր, որ արտոնված չէր այս արարքը, եթե այր մարդ լիներ նրանց շուրջը, բայց տղամարդիկ մեջտեղ չկային, և իրենց համար այս հայրերն այլևս հարազատներ էին դարձել, ընտանիքի մեկ անդամը: Մյուս կանայք ևս եկան և անմիջապես շրջապատեցին նրանց և հպվում էին վարդապետների հագուստներին և հետո իրենց երեսները քսում էին նրանց ձեռքերին: Փոքրիկ աղջիկներ եկան–փարվեցին նրանց ոտքերին: Սիրո և երախտագիտության օղակով շրջապատված վարդապետներն էլ լավ էին զգում իրենց: Այնուհետև սեղան հրավիրվեցին, և մի ամբողջ բանակ ծառայում էր նրանց շուրջը:

– Սուլթան լինելը, անշուշտ, այսպես պետք է լինի, – ասաց Կոլոտը: – «Ով որ ինձ ծառայի, իմ Հայրն էլ նրան կպատվի», – Հիսուսի այս խոսքերով պատասխանեց Գրիգորը:

Աղոթեցին, սակայն չէին ուտում:

– Ինչո՞ւ չեք ուտում, – հարցրեց խանումը: Կոլոտը պատասխանեց.

– Որովհետև դուք նույնպես պետք է նստեք և մեզ հետ ուտեք: Անկարելի է այսպես` տասը կին մեր գլխավերևում սպասեն և մեզ դիտեն: Մեր հավատքն ասում է, որ նույն սեղանի շուրջ մարդիկ եղբայր և քույր կդառնան, եկեք–նստեք, խնդրեմ:

– Մեռնեմ ձեր հավատքին, – ասաց Սոֆիե խանումը և նստեց նրանց կողքին ու հրամայեց, որ բոլորն էլ նստեն: Մի ուրախ ու զվարթ նախաճաշ էր: Կանայք նրանց քրդերենի իմացության վրա հիացան: Վարդան վարդապետը ձեռնարկել էր Ավետարանը քրդերենի թարգմանել, բայց գործը անավարտ էր մնացել իր մահով: Իրենք էլ աշխատակցել էին` մշակված մի քրդերեն մեջտեղ հանելու գործին: Նախաճաշից հետո պետք էր գնալ: Կանայք տխրեցին:

– Շեյխը մեզ վրա կբարկանա, եթե լսի, որ, առանց իրեն լուր տալու, գնացել եք: Գոնե սպասեք` արթնացնեմ նրան:

– Հարկավոր չէ, քույր: Շատ հոգնած է խեղճը, օրերով չի քնել և երեկ գիշեր էլ` առավոտյան դեմ էր, որ պառկեց: Նա արդեն գիտի, որ մենք վաղ առավոտյան պետք է բաժանվեինք: Վանքը շատ հեռու չէ, այցելության կգանք ձեզ:

–Ինչ կլինի, գնալուց առաջ մեզ օրհնեցեք և` ա՛յն խաչով, որ հրաշագո՛րծ է:

Բոլոր կանայք ծնրադրեցին: Գրիգոր վարդապետը հանեց իր խաչը տոպրակից և մի «Պահպանիչ» կարդաց ու օրհնեց բոլորին և տունը: Սոֆիե խանումն արդեն երկու խոշոր տոպրակ` ուտելիքով լիքը, պատրաստել էր նրանց համար:

– Չենք կարող տանել սրանք, մեր տոպրակներն արդեն բավականին ծանր են:

– Ո՞վ ասաց, որ դուք պետք է կրեք այս ամենը և քայլելով գնաք: Եթե շեյխը լսի, մեզ կսպանի:

Սոֆիե խանումը ծառաներին անմիջապես պատվիրեց, որ ձիերը բերեն, և մի քանի սպասավորների ուղեկցությամբ ճանապարհ դրեց` համբուրելով նրանցից յուրաքանչյուրի աջը:

Լույսով այլ էր Սուրբ Կարապետ վանքը: Աշխույժ էր` ուխտավորների բազմությամբ և միաբաններով: Այս հսկա վանքն ուներ շուրջ երկու հարյուր միաբան, որոնցից իննսունը վեղարավոր հայրեր էին: Մի փոքրիկ բերդ էր հիշեցնում այս վաղեմի հաստատությունը` իր բազմաթիվ շենքերով, կամար կամուրջներով, մեծ եկեղեցիով, բարձր պարիսպներով և աշտարակներով: Նրանց մուտքը աննշմարելի էր եղել ուխտավորների բազմաթիվ խմբերի մեջ: Հյուրընկալ մի սարկավագ ողջունեց նրանց և ստուգեց նրանց ինքնությունը, նպատակները և մնալու ժամանակաչափը:

– Մենք ուխտի ենք եկել: Տասնհինգ օր մնալ և մատենադարանից օգտվել ենք ցանկանում: Կարելի՞ է, արդյոք, վանահորը տեսնել:

– Այսօր` չեմ կարծում: Եկեք` ձեզ մի սենյակ առաջնորդեմ, որ մի քիչ հանգստանաք և ձեր տոպրակները ցած դնեք: Վանահայրը ձեզ տեսնելուց հետո ձեր ապրելու տեղերի բուն կարգադրությունը կկատարենք:

Անմիջապես եկեղեցի մտան, աղոթեցին և փառք տվեցին Աստծուն` նրա բարեհաճ առաջնորդությանհամար: Շրջեցին Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված հնամենի վանքում, եղան գերեզմանոցում, որտեղ իրենց անուններով ծանոթ ինչ–ինչ սրբեր էին հանգչում: Մտան մատենադարան և հիացան ձեռագրերի ճոխության վրա: Կեսօրին մասնակցեցին ճաշու ժամերգությանը, որ Հայ Եկեղեցու յոթ ժամերգություններից մեկն էր: Այս վանքերի մեջ սովրություն կար`օրը յոթ անգամ ժամերգություն կատարել: Չուզեցին միաբանության ճաշարանը մտնել` առանց վանահայր Կարապետ եպիսկոպոսի հետ տեսնվելու: Վերադարձան սենյակ և փառավորապես ճաշեցին Սոֆիե խանումի պատրաստած ուտելիքներով: Պառկեցին` քիչ հանգստանալու, բայց շուտով խորը քուն մտան, որ տևեց մի քանի ժամ:

Քնից արթնացան երեկոյան անակնկալ աղմուկից: Դրսում ինչ–որ բան էր կատարվում: Իրենց սենյակը վանքի հրապարակին նայող մի շենքի երկրորդ հարկում էր գտնվում: Ցած իջան և տեսան, որ հրապարակը լցված էր հարյուրավոր ոչխարներով և բղավող–կանչող հովիվներով: Բոլորը հավաքվել էին հրապարակի մոտ և կամ պատուհաններից դիտում էին այս տարօրինակ տեսարանը: Ծանոթ ձայն լսելով` նրանք շրջվեցին դեպի ձախ: Ահա՛, շեյխ Մահմուդը և Ջեմալը իրենց էին բարևում: Հայր և որդի բարձրացան նրանց մոտ և ջերմորեն ողջագուրվեցին: Վանահայրը նույնպես եկել էր` տեսնելու և տեղեկանալու, թե ինչ է պատահել: Երբ տեսավ շեյխին, մոտեցավ և ողջունեց` ասելով.

–Այս ի՞նչ վիճակ է, շեյխ Մահմուդ, հովիվները ճանապարհը շփոթե՞լ են, և այս հոտը ի՞նչ գործ ունի վանքիս մեջ:

– Մատաղ անելու եմ եկել:

– Ի՞նչ, այսինքն` այս բոլո՞րը:

– Այո՛, լուր չունե՞ս պատահածից: Այս վարդապետները չպատմեցի՞ն քեզ: Իմ միակ որդին` Ջեմալը, մահացու հիվանդությամբ էր տառպապում: Այս վարդապետները, – իր ձեռքերը երկուսի ուսերին դնելով` ասաց նա – այս երկուսը աղոթեցին, և որդիս հրաշքով փրկվեց մահվան ճիրաններից: Ուխտ էի արել դեռ նրանցից առաջ, որ եթե որդիս փրկվի, նրա տարիքի ամեն մի տարվա համար տասը ոչխար մատաղ անեմ: Ջեմալս տասնչորս տարեկան է: Ահա՛ հարյուր քառասուն ոչխարներ ձեզ: Այս երկու եզն էլ վարդապետներիս համար է: Նրանք ոչ մի բան չընդունեցին ինձանից` որպես նվեր: Նրանց անունով մորթեք և աղքատներին բաժանեք:

Ծեր վանականը զարմանքով և խորը հայացքով դիտեց այս երկու օտար վարդապետներին, մոտեցավ նրանց և ողջունեց: Երկուսն էլ խորին հարգանքով համբուրեցին նրա աջը:

– Աստված օգնական, Սրբազան Հայր, մենք Ամրդոլի միաբաններից ենք: Ես Գրիգոր վարդապետ Շիրվանցին եմ, իսկ իմ այս եղբայրը` Հովհաննես Կոլոտ վարդապետ Բաղիշեցին է, երանյալ Վարդան վարդապետի աշակերտներն ենք: Ուխտի եկանք:

– Ձեզ հետ ծանոթացել էինք արդեն, – ասաց վանահայրը` զարմանքի մատնելով նրանց, – երեկ գիշեր չե՞ք հիշում:

– Ուրեմն դո՞ւք էիք մեզ հետ խոսողը: Մենք պահապան միաբանն էինք կարծում:

– Այնքա՜ն աղմուկ հանեցիք, որ ողջ վանքը ոտքի կանգնեց, և ինձ էլ լուր տվեցին, բնականաբար:

Վանահայրը միաբաններից մեկին հրամայեց տեղավորել նվերները: Իսկ շեյխին և վարդապետներին հրավիրեց իր սենյակը` հյուրասիրության: Շեյխ Մահմուդը օտար դեմք չԷր վանքի համար: Նրանցից էին գնում տեսակ–տեսակ ուտեստեղեն և, եթե հարկավոր լիներ, գործավորներ էր հայթայթում վանքի շինարարական աշխատանքների համար:

Երբ շեյխ Մահմուդը մեկնեց, ավելի հանգիստ և մտերմիկ խոսակցություն ծավալվեց նրանց մեջ:

– Ամրդոլից ի՞նչ նորություններ ունեք, – հարցրեց Կարապետ վանահայրը, – մենք լսեցինք, որ Եղիա Բաղիշեցի վարդապետը ընտրվել է Վարդանի տեղը և Սուրբ Էջմիածին է մեկնել` ձեռնադրվելու եպիսկոպոս:

– Կնշանակի, որ, ի վերջո, կյանքի երազանքին տիրացավ, – դեմքը թթվացնելով` արտահայտվեց Կոլոտը, – մենք, ավելի քան մեկ տարի, որևէ կապ չունենք Ամրդոլի վանքի հետ: Մեծ գժտություններ և զրպարտություններ եղան հատկապես մեր հասցեին ուղղված, որ լավագույն և հաջողագույն աշակերտներս ենք համարվում հանգուցյալ Վարդան վարդապետի, և Գրիգոր վարդապետը առաջին թեկնածուն էր ընտրության: Եղիա վարդապետի քստմնելի մեքենայությունները զզվանքի հասցրին մեզ, և մենք կամավոր դուրս եկանք ընտրապայքարից և հեռացանք համալսարանից: Մի քանի վանքեր այցելեցինք մեր ճանապարհին` Ապահունիք, Վաղարշակերտ, Վիշապաձոր և Հոռոմոսի վանքերը, մի քանի ամիսներ անցկացրինք և դասավանդեցինք որոշ նյութեր: Այժմ մնայուն տեղ և որևէ միաբանություն չունենք: Ամրդոլ այլևս չենք կարող վերադառնալ, որովհետև Հայր Եղիան մեր ոխերիմ հակառակորդն է, որն ամեն ինչ արեց, որպեսզի հեռացնի մեզ Ամրդոլից: Եթե արտոնեք, մի քանի ամիս ձեր վանքի մթնոլորտը ևս շնչել ենք ցանկանում:

Միաբանական ներքին պառակտումները և գժտությունները օտար չէին այս փորձառու վանահայր սրբազանին: Լավ էր հասկանում այս երկու ուշիմ վարդապետներին, որոնցից շատ լավ տպավորություն էր ստացել և ջերմ համակրանքի զգացում էր տածում իր սրտում նրանց նկատմամբ: Ապագա էին խոստանում, և իր հարկի ներքո միշտ տեղ կար այսպիսիների համար:

– Ձեր տունն է Սուրբ Կարապետը, ձեր ժամանակը օգտագործեցեք և ճանաչեք մեր վանքը և միաբանությունը: Թող նրանք էլ ձեզ ճանաչեն: Մի որոշ ժամանակ հետո ձեզ կներկայացնեմ միաբանական ժողովի նկատառմանը, և ձեր կարգավիճակը հայտնի կդառնա, կհստականա:

 

Հաջորդ գլուխը՝

ՀՐԱՇՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ