Որ սիրողդ էք Արարչին արարածոց,
Քրիստոսի սուրբ առաքեալք, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
Որ քարոզդ էք ընդհանուր տիեզերաց.
Քրիստոսի սուրբ առաքեալք, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
Որ պսակդ էք ամենայն եկեղեցեաց.
Քրիստոսի սուրբ առաքեալք, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
(Շարակնոց)
Ըստ անուան՝ աստուածապատիւ կոչմամբ, Աստուծոյ կողմից ընտրուած եւ պատուի արժանացած ու հեթանոսների պանծալի վարդապետների կողմից որդիաբար սիրուած երանելի Տիմոթէոս առաքեալը լիկայոնեցիների Լիւստրա քաղաքից էր: Ազգութեամբ յոյն հայրը հեթանոս էր, որի անունը չի յիշատակւում, որովհետեւ կարծիք կայ, որ մեռել է հեթանոս եղած ժամանակ, իսկ այրիացած մայրը՝ Եւնիկէն (թարգմանաբար նշանակում է «բարեյաղթ»), ազգութեամբ հրեա էր, որն իր մօր՝ Լաւոդիայի հետ Պօղոս առաքեալի միջոցով ջերմեռանդ հաւատով աշակերտում էր Քրիստոսին: Նրանց օրինակով Տիմոթէոսը եւս յարեց Պօղոս առաքեալին, երբ վերջինս առաջին անգամ Բառնաբասի հետ եկաւ Լիւստրա, մկրտուեց նրա կողմից եւ աշակերտեց աւետարանին:
Այդ ժամանակ Տիմոթէոսը պատանի էր, բայց իմաստուն էր եւ հեզ վարքով: Մայրը եւ տատը մանկուց մեծացրել էին նրան բարի վարքով եւ կրթել Սուրբ Գրքով: Նրա առաքինութեան համբաւը տարածուած էր լիւստրացիների եւ իկոնացիների մէջ, սակայն հրեաները անթլփատութեան համար խորշում էին նրանից՝ իբրեւ հեթանոսի որդու: Այդ պատճառով Պօղոս առաքեալն իր յաջորդ Լիւստրա գալստեան ժամանակ թլփատեց Տիմոթէոսին, որպէսզի նա համարձակ ելումուտ ունենայ նաեւ հրեա ժողովրդի մէջ: Ապա աւետարանը քարոզելու համար Շիղայի հետ միասին տարաւ նաեւ նրան, որովհետեւ տեսնում էր, որ արժանի է առաքելական շնորհին, ջերմեռանդ էր Տիրոջ գործի եւ ջանասէր քրիստոնէական բարեպաշտութեան մէջ: Արտասւում էր Պօղոս առաքեալից լսած խօսքերից ու Աստծուն ուղղուած նրա աղօթքներից եւ ուրախացնում իր վարդապետին, որը միշտ յիշելով նրան՝ լցւում էր սիրով ու խանդաղատանքով, ինչպէս սիրելի զաւակի հանդէպ, որ երեւում է նրան ուղղուած իր թղթից. «Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից[1]... Յիշելով քո արտասուքները՝ բուռն ցանկութիւն ունեմ քեզ տեսնելու, որպէսզի լցուեմ ուրախութեամբ: Մտաբերում եմ այն անկեղծ հաւատը, որ քո մէջ է, որը նախապէս կար քո տատի՝ Լաւոդիայի եւ քո մօր՝ Եւնիկէի մէջ. վստահ եմ, որ քո մէջ էլ կայ[2]»:
Արդ, երանելի Տիմոթէոսը, որ վառւում էր այսպիսի ջերմ հաւատով, Քրիստոսի համար թողեց իր տունն ու ազգատոհմը եւ գնաց սուրբ Պօղոս առաքեալի յետեւից: Նախ հետեւեց նրան որպէս սպասաւոր կամ սիրելի որդի, ապա որպէս գործակից եւ հաւատարիմ եղբայր, որովհետեւ ուր էլ որ շրջում էր հեթանոսների վարդապետը, յատկապէս Ասիայում, Յելլադայում եւ Իտալիայում, Տիմոթէոսը նրա հետ էր՝ կցորդ լինելով թէ՛ նրա քարոզչութեանը, թէ՛ հալածանքներին: Որպէս նրա պաշտօնեայ՝ տանում էր թէ՛ նրա եւ թէ՛ աստուածաշունչ ուղերձների կենդանի պատգամները, ինչպէս նաեւ իբրեւ Պօղոս առաքեալի մտերիմ խորհրդակից ու առաքելակից՝ երբեմն նրա առաքելական թղթերի գրագիրն էր լինում:
Այդ պատճառով, ինչպէս գրում են «Ճառընտիր»-ները, Պօղոս առաքեալը սիրեց նրան, ինչպէս կը սիրէր իրեն, որովհետեւ զգաստ էր եւ քրիստոսասէր: Նրան Եփեսոս քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց ու տեղի բարեխառն եղանակի պատճառով նշանակեց այնտեղ, որովհետեւ հոգով քաջառողջ եւ յոյժ առաքինի այրը վատառողջ էր մարմնով: Պօղոս առաքեալը հոգում էր նրա մասին: Նա հայրական գթով խրատական նամակ գրեց նրան, ուր շատ պատուիրաններ տալուց յետոյ պատուիրում էր զգոյշ լինել ու ստամոքսի համար մի քիչ գինի խառնել, որովհետեւ նա հիւծուել էր յաճախակի պահեցողութիւնից եւ Քրիստոսի հետ խաչակից լինելուց:
Երրորդ դարի վերջում Եփեսոսի Պողիկրատէս եպիսկոպոսը գրում է, թէ սուրբ Տիմոթէոսը Ներոնի կայսրութեան եւ Մաքսիմոսի վերակացութեան օրօք եղաւ Եփեսոսի առաջին եպիսկոպոսը, ուր բժշկութիւններ եւ մեծամեծ գործեր արեց, որ վեր էին մարդկային մտքից ու խորհուրդներից: Առաքելական քարոզչութեամբ նոյնն արեց նաեւ շատ այլ տեղերում եւ, ինչպէս «Ճառընտիր»-ներն են ասում, բազմաթիւ գաւառներում գործեց շատ սքանչելիքներ, կենաց խօսքով լուսաւորեց շատերին՝ շինելով եկեղեցիներ, ձեռնադրելով քահանաներ եւ մշտապէս անթիւ բազմութեամբ աւելացնելով Տիրոջը պաշտամունք մատուցողների թիւը: Պօղոս առաքեալից յետոյ նա հանդէս եկաւ որպէս աշխարհի երկրորդ լուսաւորիչ:
Եւ յիրաւի, ինչպէս գրում է Պողիկրատէսը, երանելի Տիմոթէոսը կցորդ եղաւ ոչ միայն Պօղոս առաքեալին, այլեւ աստուածաբան Յովհաննէս աւետարանչին, երբ նա Տիրամօր Վերափոխումից յետոյ եկաւ Եփեսոս, որից յետոյ Տիմոթէոսի Աթոռը կոչուեց Յովհաննէս աւետարանչի փառաւոր անուամբ: Երբ Ներոնի օրօք նահատակուեցին Պետրոս եւ Պօղոս առաքեալները, Դոմետիանոսի հրամանով Յովհաննէս աւետարանիչն աքսորուեց Պատմոս կղզի, նախքան աքսորից նրա վերադարձը՝ Ներուա կայսեր օրօք, նահատակուեց նաեւ երանելի Տիմոթէոսը, որն այսպէս են պատմում:
Եփեսոս քաղաքում կար հեթանոսական գարշելի մի սովորութիւն, որ ի պատիւ պիղծ Արտեմիս (Անահիտ) չաստուածուհու, որին եփեսացիները համարում էին իրենց փառքն ու պարծանքը, ամէն տարի մի քանի օր պէտք է նշէին նրա տօնը, որ Գադաղօղիոն (թարգմանաբար նշանակում է «պանդոկական») էին կոչում: Այդ ժամանակ հրապարակային զոհաբերութիւններից յետոյ հրապարակը դարձնում էին խառը հաւաքուած տղամարդկանց ու կանանց պանդոկ, ուտում էին, խմում եւ խառնակւում: Քօղերով ու դիմակներով ծածկում էին իրենց երեսները, որպէսզի չճանաչէին միմեանց եւ պղծւում, էլ չենք ասում պիղծ պաշտամունքի այրուող զոհերի ճենճի ու արեան ճապաղման մասին: Սուրբ Տիմոթէոս առաքեալը բազմիցս կշտամբում էր հեթանոսական այսպիսի մոլորութիւնները, սակայն նրանք յետ չէին կանգնում իրենց չարիքներից: Մի անգամ, երբ սուրբը վերադարձել էր այլ քաղաքներում քարոզելուց, մտաւ Եփեսոս եւ տեսաւ, որ ամբողջ քաղաքում դիւային տօնակատարութիւն էր: Ուստի չհանդուրժեց, այլ իրեն մահուան մատնելով՝ դիմեց հրապարակ, ուր աւանդական, ազգային տօնի անուան տակ պղծութիւններ էին գործում: Նայում էր նրանց, արտասուելով խնդրում ու յորդորում հեռու մնալ այդ մոլորեցուցիչ խաբէութիւնից: Իսկ նրանք, չարացած Տիմոթէոսի խօսքերից, խուռն ամբոխով եւ բրերով ու քարերով զինուած, յարձակուեցին սուրբ առաքեալի վրայ: Եւ այնպէս անխնայ հարուածեցին նրան, մինչեւ որ իր աշակերտներից մէկը վերցրեց նրան ու բերեց մօտակայ լեռը, որտեղ էլ աւանդեց իր հոգին: Հաւաքուեցին բազմաթիւ քրիստոնեաներ, մաքուր կտաւներով պատեցին սուրբի մարմինը եւ վառուող ջահերով ու խունկերի բուրմամբ դրեցին տապանի մէջ եւ տարան տարան թաղեցին Պիոն (թարգմանաբար նշանակում է «պարարտ») կոչուող մի տեղում, որը գտնւում էր Որիա նաւահանգստի միւս կողմում:
Սուրբ Տիմոթէոս առաքեալի նահատակութիւնը եղաւ Տիրոջ 96 թուականին՝ Դոմետիանոս կայսեր ինքնակալութեան վերջին եւ Ներուա կայսեր առաջին տարում:
Ժամանակ անց, երբ դադարել էին հալածանքները, եւ հաստատուել էր քրիստոնէութիւնը, Կոստանդիանոսի որդու՝ Կոստանդ կայսեր օրօք (Տիրոջ 356 կամ 358 թուական) Արտեմիս անունով փառաւոր պատրիկն արքունի հրամանով սուրբի պատուական նշխարները Եփեսոսից մեծ պատուով բերեց թագաւորանիստ Կոստանդնուպօլիս քաղաք, ուր ամփոփեցին սուրբ Ղուկասի եւ սուրբ Անդրէասի նշխարների հետ, սուրբ առաքեալների վկայարանում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Տիմոթէոս յիշատակը տօնում է Խաչվերացի Ե կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը՝ սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու եւ Տիտոս առաքեալի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
[1] Ա Տիմ. 1:
[2] Ա Տիմ. 4-5:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: