ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Տէ՛ր, որ զգթութիւնդ Քո զառատ հեղեր յերկնից ի մէջ սրբոց առաքելոց Քոց.

Աղաչանօք սոցա ողորմեա:

Որ ի ձեռն սոցա սփռեցան շնորհք Հոգւոյդ Սրբոյ ընդ ամենայն երկիր.

Աղաչանօք սոցա ողորմեա:

Որ սոքօք լուսաւորեցեր մկրտութեամբ աւազանին զեկեղեցի Քո սուրբ.

Աղաչանօք սոցա ողորմեա:

(Շարակնոց)

 

Սիոնի բարձրաձայն աւետարանիչ սուրբ Մարկոս առաքեալը, որ հզօր էր առիւծի պէս, ըստ տարածուած կարծիքի՝ Քրիստոսի եօթանասուներկու աշակերտներից էր եւ միաժամանակ հաւատքի Վէմի՝ սուրբ Պետրոս առաքեալի մտերիմն ու նրա սիրելի ձեռնասուն հոգեւոր որդին, ինչպէս որ առաքեալն ինքն է անուանում նրան իր ընդհանրական թղթում: Ըստ շատերի՝ նա նոյն Յովհաննէս Մարկոս կոչուածն է՝ Բառնաբասի եղբօր որդին կամ քեռորդին եւ Պօղոսի գործակիցը, որը հաստատում է նաեւ Պետրոսի մտերմութեան հանգամանքը Յովհաննէս Մարկոսի մօր՝ Մարիամի ընտանիքի հանդէպ, որտեղ նա եկաւ բանտից ազատուելուց յետոյ: Բայց քանի որ ոմանք Մարկոս աւետարանչին զանազանում են Յովհաննէս Մարկոսից, ուստի առանձին գրեցինք նաեւ Յովհաննէս Մարկոսի վարքը մինչեւ Բառնաբասի նահատակութիւնից յետոյ Կիպրոսից Պօղոսի մօտ վերադառնալը, այլապէս այստեղ պէտք էր մի տեղից մէկ այլ տեղ փոխադրել Մարկոսի հետ կապուած բոլոր իրադարձութիւնները:

 

Ըստ նախնիների ընդհանուր եւ միաբան աւանդութեան՝ յայտնի է, որ փառաւորեալ աւետարանիչ Մարկոսը սուրբ Պետրոս առաքեալի ոչ միայն որդիացած աշակերտն էր, այլեւ նրա թարգմանիչը երկու պատճառով: Կա՛մ առաքեալները միշտ չէ, որ կիրառում էին լեզուախօսութեան շնորհները, որի համար Մարկոսը, քաջ խորագէտ լինելով յուներէն եւ լատիներէն լեզուների մէջ, հելլենացիների եւ հռոմէացիների համար թարգմանում էր Պետրոս առաքեալի եբրայերէն լեզուով ասած խօսքերը, կամ էլ լինելով սուրբ Պետրոսի դպրապետը, որը կամենում էր թղթեր գրել, Մարկոսը թարգմանաբար յունարէն լեզուով գրի էր առնում նրա կենդանի խօսքը: Մինչեւ իսկ Տերտուղիանոսը աւետարանագրութեան համար ասել է, թէ ինչ որ գրել է Մարկոսը, վերագրւում է Պետրոսին, որի թարգմանիչը Մարկոսն էր: Քանզի սուրբ հայրերը միաձայն ասում են, թէ Մարկոսը, աւետարանը գրել է հաւատացեալների խնդրանքով, Պետրոսի հրամանով եւ Սուրբ Հոգու թելադրանքով, ու Պետրոսը պատուիրեց այն հաստատապէս ընթերցել բոլոր եկեղեցիներում: Եւ սա եղաւ Տիրոջ Համբարձումից մօտ տասներկու կամ տասնհինգ տարի անց: Ոմանք ասում են, թէ գրել է Ալեքսանդրիայում, եգիպտերէն լեզուով, իսկ ըստ այլոց՝ Հռոմում, երբ նա Պետրոսի հետ էր, գրել է կամ յունարէն լեզուով, որը հռոմէացիների մօտ գրագէտների լեզուն էր, կամ էլ լատիներէն, որը հռոմէացիների բուն լեզուն էր: Սակայն որ լեզուով էլ որ գրած լինէր, թարգմանուել է թէ՛ յունարէն եւ թէ՛ լատիներէն նոյն աւետարանչի կողմից կամ նրա ժամանակներում, եւ այդ նախնական օրինակներն ունէին սկզբնագրի վաւերական հեղինակութիւն:

 

Ըստ հին վկայաբանների միաբան աւանդութեան՝ սուրբ Մարկոս աւետարանիչը երկար ժամանակ Պետրոս եւ Պօղոս գլխաւոր առաքեալների հետ ընկերակցելուց յետոյ գնաց՝ քարոզելու Եգիպտոսի գաւառներում, Լիբիայում, Մարմարիկայում, Ամոնիկայում եւ Պենտապօլսում: Նա աւետարանում էր Քրիստոսին նշաններով եւ Տիրոջ զօրութեամբ: Միառժամանակ մնալով Պենտապօլսում՝ շատ սքանչելիքներ գործեց հիւանդների ու այսահարների վրայ, բազմաթիւ անհաւատների աստուածգիտութեան դարձրեց եւ կուռքերի տաճարներ աւիրեց:

 

Ապա տեսիլքի մէջ հրաման առաւ գնալ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, այնտեղ սերմանել կենաց խօսքը եւ առնել պսակը: Այնժամ երանելի աւետարանիչը, սպառազինուելով իբրեւ առաջիկայ մրցահանդէս մտնող քաջ նահատակ, եղբայրներին ասաց. «Տէրը խօսեց ինձ հետ՝ Ալեքսանդրիա գնալու համար»: Եւ նրանք մինչեւ նաւը ճանապարհեցին աւետարանչին, ճաշակեցին միասին, ապա բաժանուեցին նրանից՝ ասելով. «Թող Տէր Յիսուս Քրիստոս յաջողութիւն տայ քո ճանապարհին»:

 

Յաջորդ օրն առաքեալն Ալեքսանդրիա հասաւ: Նաւից ելնելով՝ եկաւ մի վայր, որ Բեննիդիոն էր կոչւում, որտեղից էլ քաղաք էր գալու: Եւ երբ նա քաղաք մտաւ, կօշիկները պատռուեցին: Մտածեց՝ արդարեւ, ճշմարիտ է այս ճանապարհը եւ կօշիկները տուեց կօշկակարին, որի անունն Անիանոս էր: Կարելիս Անիանոսը հերիւնով խոցեց իր ձեռքը եւ ցաւից ճչաց՝ ասելով՝ ո՛վ մի Աստուած: Առաքեալն ուրախացաւ նրա խօսքից եւ իմացաւ, որ Տէրը յաջողութիւն է տալիս իր ճանապարհին, քանզի այս դէպքով նա պիտի յայտնի դարձնէր իր անձը: Նա թքեց գետնին, կաւը դրեց կօշկակարի խոցի վրայ՝ ասելով. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ Որդու անունով թող առողջանայ այդ ձեռքդ»: Եւ իսկոյն նրա ձեռքն առողջացաւ: Այնժամ կօշկակարը, հիացած առաքեալի խօսքի զօրութեան վրայ, նայեց նրա ճգնազգեաց կերպարանքին եւ մեծ սիրով իր տուն հրաւիրեց՝ ասելով. «Ո՛վ Աստուծոյ մարդ, խնդրում եմ, որ գաս եւ իջեւանես քո ծառայի տանը, ու միասին մի կտոր հաց ուտենք, որովհետեւ դու այսօր ինձ ողորմութիւն արեցիր»: Եւ երանելի Մարկոսն ուրախութեամբ ասաց նրան. «Թող Տէրը երկնքից կենաց հաց տայ քեզ»: Եւ այդ մարդը, ստիպելով նրան, ուրախութեամբ իր տուն տարաւ: Երբ սուրբ Մարկոսը ներս մտաւ, ասաց. «Թող Տիրոջ օրհնութիւնը բնակուի այս տեղում», ապա աղօթեց ու նստեց: Անիանոսն ասաց նրան. «Հա՛յր, խնդրում եմ ասա՛ ինձ, դու որտեղի՞ց ես, եւ ինչպէ՞ս է, որ քո այդ խօսքերն այդչափ հզօր են ու կենսառիթ»: Մարկոսը պատասխանեց. «Ես իմ Տէր Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ Որդու ծառան եմ»: Մարդն ասաց. «Կը ցանկանայի տեսնել Նրան»: Եւ Մարկոսն ասաց. «Ես Նրան քեզ ցոյց կը տամ»: Ապա սկսեց պատմել նրան Քրիստոսի աւետարանը՝ նշաններ եւ սքանչելիքներ գործելով: Անիանոսը հաւատաց Քրիստոսին ու մկրտուեց իր ամբողջ ընտանիքով: Եւ երբ օրէցօր բազմացան աշակերտները, սուրբ Մարկոսն այդ քաղաքում եկեղեցի հիմնեց:

 

Լուր հասցրին Ալեքսանդրիայի գլխաւորներին, թէ մի գալիլեացի է եկել, որն արգելում է աստուածներին մատուցուող զոհաբերութիւնները եւ պաշտամունքներն ու խնդրում էին վերացնել նրան: Երանելի Մարկոսը, իմանալով նրանց խորհուրդների մասին, Ալեքսանդրիայում իր փոխարէն Անիանոսին եպիսկոպոս ձեռնադրեց, իսկ այլ երեք հոգու՝ քահանաներ, որոնց անուններն էին Մեղիոս, Սաբինոս եւ Կերդոն: Ձեռնադրեց նաեւ եօթ սարկաւագներ ու այլ տասնմէկ անձանց կարգեց եկեղեցու սպասաւորութեան գործում:

 

Եւ ինքը գնաց Պենտապօլսի Բարկա քաղաքն ու երկու տարի գործեց այնտեղ: Դարձի բերեց բազմաթիւ անձանց, ձեռնադրեց եպիսկոպոսներ, քահանաներ եւ սպասաւորներ, շինեց եկեղեցիներ: Ապա վերադարձաւ Ալեքսանդրիայի իր Աթոռը ու տեսաւ, որ Տիրոջ հաւատով եւ շնորհներով մեծապէս աւելացել է եղբայրների թիւը ու բարեզարդուել է այդ տեղում, որ Բուկուղի էր կոչւում, իր ձեռքով հիմնուած եկեղեցին: Նա անչափ ուրախ եղաւ, որովհետեւ տեսաւ, որ համարձակութեամբ պաշտում եւ քարոզում էին Քրիստոսին, ու ինքն էլ, գործադրելով իր աւետարանական եւ առաքելական պաշտօնը, զօրացնում եւ ուրախացնում էր բոլորին: Եւ քանի որ Ալեքսանդրիայի բոլոր հրապարակներում ու ժողովարաններում շշնջում էին նրա մասին, թէ մեծ է այդ մարդու զօրութիւնը, այդ բանից կռապաշտները լցուեցին նախանձութեամբ եւ սուրբի վրայ կրճտացրին իրենց ատամները:

 

Մի օր՝ սուրբ Զատկի պատարագի ժամին, երբ կռապաշտները կատարում էին իրենց սերապիական տօնը, յարձակուեցին առաքեալի վրայ, նրա պարանոցից չուաններ կապեցին, գցեցին գետնին եւ քարշ տուեցին քաղաքի միջով: Ծաղրելով աղաղակում էին. «Քարշ տուէք նախրի մէջ այդ անբան անասունին»: Եւ առաքեալն աղօթում էր ու ասում. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Յիսո՛ւս Քրիստոս, որ արժանի եղայ կրել այս ամէնը Քո սուրբ անուան համար»: Եւ այնքան անխնայ քաշքշեցին նրան, մինչեւ որ կտրատուեց ամբողջ մարմինը, եւ քարերն ու հողը շաղախուեցին նրա արեամբ: Երեկոյեան բանտարկեցին նրան:

 

Եւ գիշերուայ մէջ, մինչ փակ էր բանտի դուռը, իսկ պահապանները նստած էին դրսում, մեծ շարժում եղաւ: Տիրոջ հրեշտակն իջնելով մօտեցաւ նրան եւ ասաց. «Աստուծոյ ծառայ Մարկո՛ս, ահա քո անունը գրուած է Կեանքի գրքում: Դու կը դասուես առաքեալների եւ աւետարանիչների շարքում: Քո անունը չի ջնջուի յաւիտեան, եւ քո նշխարները չեն կորչի երկրի երեսին»: Այս լսելով՝ սուրբ Մարկոսն ուրախացաւ եւ գոհացաւ Աստծուց: Ձեռքերը տարածեց դէպի երկինք ու ասաց. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, Աստուծոյ Որդի՛ եւ Հօր Բա՛ն, մի՛ թող ինձ, այլ ընդունի՛ր իմ հոգին: Ճանապարհ հարթի՛ր Քեզ մօտ գալու համար եւ խառնի՛ր ինձ Քո սուրբերի հետ»: Եւ Տէրը երեւաց նրան այն նոյն կերպարանքով ու ձեւով, որով կար աշակերտների հետ ու ասաց. «Խաղաղութի՛ւն քեզ, Իմ Մարկոս աւետարանիչ»: Իսկ նա ասաց. «Փա՛ռք Քեզ, իմ Տէր Յիսուս Քրիստոս»:

 

Առաւօտեան նրան դուրս բերեցին բանտից եւ առաջուայ պէս դարձեալ քարշ տուեցին: Սուրբն իր նեղութեան մէջ ասաց. «Տէ՛ր, Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին»: Եւ այդպէս աւանդեց իր հոգին, որ եղաւ Ներոնի կայսրութեան տասնչորսերորդ տարում, Պետրոս եւ Պօղոս առաքեալների նահատակութիւնից մէկ տարի անց: Անօրէնները սուրբի մարմինը հրի մատնեցին, սակայն ամբողջ օրը սաստիկ որոտ, փայլատակումներ եւ անձրեւ եղան, եւ հուրը մարուեց: Եղբայրները գնացին, վերցրին սուրբի ամբողջ պատուական մարմինը ու դրեցին տաճարի արեւելեան կողմում փորուած վէմի մէջ, ուր նա միշտ մշտամռունչ աղօթքներ էր մատուցում: Ալեքսանդրիայի նրա Աթոռին յաջորդեց Անիանոս եպիսկոպոսը, որը նրա առաքինութիւնների հետեւորդն էր ու ձեռնադրուել էր նրա կողմից:

 

Ալեքսանդրիայում սուրբ Մարկոսի գերեզմանի վայրը նշանաւոր ուխտատեղի եղաւ, որտեղ նրա անունով եկեղեցի շինուեց: Այնտեղ են թաղուել նաեւ նրա յաջորդները:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մարկոս աւետարանչին յիշատակում է միւս երեք աւետարանիչների հետ՝ ս. Խաչի Զ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ: