ԱՆՏԻՈՔԻ ՍՈՒՐԲ ԹԷՈԴՈՐԻՏՈՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ի յիշատակս վկայից Քոց, Քրիստոս,

պարգեւեա՛ մեզ օրհնել զՔեզ արժանապէս:

Կամաւ մատուցին զանձինս իւրեանց

Քեզ պատարագ արեամբն իւրեանց.

Եւ ակն ունէին պսակիլ ի Քէն, Տէ՛ր:

Սոցա աղօթիւք, Փրկի՛չ, խնայեա՛ ի սուրբ եկեղեցի Քո.

Զոր ստացար պատուական արեամբդ Քո սրբոյ:

(Շարակնոց)

 

 

Սուրբ Թէոդորիտոս քահանան, որի անունը յունարէնից թարգմանաբար նշանակում է «աստուածապարգեւ», ասորական Անտիոքի եկեղեցու աւագ երէցներից մէկն էր: Մի այր էր՝ լի հաւատով եւ հոգով, որը փայլեց Կոստանդիանոս Մեծի օրերից մինչեւ նրա եղբօրորդու՝ Յուլիանոս Ուրացողի առաջին տարին, որը փրկուել էր Կոստանդիանոսի որդիների երեսից յարուցուած իր հօր տան կոտորածից: Յուլիանոսը եկեղեցում ընթերցող էր, որից յետոյ թողեց քրիստոնէութիւնը եւ յարեց հեթանոսութեանը, ապա նստելով կայսերական աթոռին՝ եղաւ անողորմ բռնակալ եւ քրիստոնեաների ոխերիմ թշնամի: Սկզբում նա ջանում էր դաւաճանութեամբ եւ դիւական հնարքներով քրիստոնեաներին որսալ անօրէն օրէնքներում, իսկ յետոյ յայտնապէս դաժան հալածիչ եղաւ: Ունէր համանուն՝ Յուլիանոս անունով մի քեռի, որին ուրացող կայսրը տարաւ իր՝ կուռքերի մոլորութեան յետեւից՝ նրան եւս ապստամբեցնելով ընդդէմ հաւատքի եւ յոյսի: Եւ սա, լինելով չարի կամակատարը, եղաւ նրա գործակիցն ու յորդորիչը քրիստոնեաների դէմ բոլոր վնասակար գործերում:

 

Մի անգամ, կայսեր հետ Անտիոք քաղաք գալով, քեռի Յուլիանոսը յայտնեց նրան, թէ Անտիոքի եկեղեցին ոսկէ եւ արծաթէ բազմաթիւ ընծաներ եւ սպասք ունի: Եւ այս քեռին Յուլիանոսի կողմից այդ ամէնի վրայ ոստիկան եւ գործակալ կարգուեց, ու նա ոչ միայն եկեղեցու սպասքը կողոպտեց, այլեւ բոլոր քահանաներին փախստական դարձրեց: Փակուեցին անգամ եկեղեցու դռները, եւ քահանաները ապրելու եւ Աստծուն ծառայելու համար ցրուեցին ով որտեղ կարող էր:

 

Իսկ սուրբ Թէոդորիտոսը՝ Անտիոքի ընդհանրական եկեղեցու երէցը, ո՛չ քաղաքից հեռացաւ եւ ո՛չ էլ երբեւէ խափանեց պաշտամունքները: Նա եղբայրների հետ մտնում էր եկեղեցի, հաւաքում ժողովրդին եւ մատուցում արժանի ու պատշաճ աղօթքներ: Պաշտամունքի պահին ոստիկան Յուլիանոսը վրայ հասաւ եւ սուրբի վրայ թագաւորից իշխանութիւն առնելով՝ հրամայեց բռնել նրան որպէս կայսեր հրամաններին հպարտութեամբ հակառակուողի: Նախ եւ առաջ շղթայակապ արեց եւ ահաբեկեց՝ աղտեղի տեղերում արգելափակելով, իսկ յետոյ հրամայեց դուրս բերել եւ բանտում անպատուել ու նախատել իր նման անօրէն եւ անաստուած ծառաների ձեռքով: Սակայն բանտի սպասաւորներից ոմանք, տեսնելով նման աստուածասէր անձին, ակնածում էին նրա մեծաշուք տեսքից: Հասու լինելով նրա գիտութեանն ու քաղաքավարութեանը՝ զարմանում էին նաեւ այդ ընտրեալ մարդու կարգ ու կանոնի եւ պարկեշտ վարքի վրայ, քանզի բանտարկութեան ամբողջ ընթացքում նա միշտ եւ անդադար աղօթքի մէջ էր, որի համար շատերը խղճում էին, չէին անպատւում այդպիսի աստուածասէր մարդուն ու չէին համարձակւում որեւէ կերպ անարգել նրան:

 

Շատ ժամանակ անց Յուլիանոս ոստիկանը, տեղեկանալով վկայի անպարտելիութեան եւ անսասանութեան մասին, եւ որ օրէցօր զօրանում եւ վառւում է հաւատով, որոշեց առանց ատեանի առաջ տանելու գիշերուայ մէջ սպանել նրան: Սակայն յետոյ միւսներին ահաբեկելու նպատակով աւելի լաւ համարեց յայտնապէս հարուածել եւ տանջել այդ երեւելի մարդուն: Եւ այդ եւս Աստուծոյ շնորհով էր, որովհետեւ պէտք չէր, որ այդպիսի մեծահաւատ մարդն աւարտէր իր կեանքն առանց փորձութեան եւ աննշան մահով, ոչ թէ այն պատճառով, որ մարդկանց յայտնի չլինելով՝ Աստուծոյ առաջ կը կորցնէր իր վարձքը, այլ որպէսզի մէջտեղ բերէր իր անձի յայտնի օրինակը՝ բոլոր քրիստոնեաներին հաստատուն պահելու համար:

 

Երբ երանելուն, ձեռքերը յետեւում կապած եւ մի ձող թիկունքին անցկացրած, կանգնեցրին ատեանի առաջ, անօրէն դատաւորը հարցրեց. «Դո՞ւ ես Թէոդորիտոսը, որ մի ժամանակ՝ Կոստանդիանոս կայսեր օրօք, կործանում եւ աւերում էիր աստուածների արձաններն ու մեհեանները, շինում եկեղեցիներ եւ մեռելների գերեզմաններ, որոնց մատուռներ էիք անուանում»: Թէոդորիտոսը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ եւ աղօթում եմ, որ նոյնն անեմ մինչեւ կեանքիս վերջը եւ լինեմ Քրիստոսի հաւատարիմ վկան: Իսկ եկեղեցի եւ մատուռներ ես երբէք չեմ շինել, որովհետեւ նախնիների կողմից դրանք հաստատուած եւ շինուած են»: Յուլիանոս դատաւորն ասաց. «Դու կործանել ես աստուածների արձանները, իսկ այժմ չքմեղանում եւ պատասխան չես տալիս»: Թէոդորիտոսն ասաց. «Ես աստուածներին երբէք չեմ կործանել, որովհետեւ ինչպէ՞ս կարելի է կործանել գոյութիւն չունեցողներին: Իսկ Աստուած անկործանելի է: Ես կործանել եմ անշունչ արձաններն եւ նրանց տները, որպէսզի մոլորուած մարդկանց հոգիներին փրկեմ կռապաշտութիւնից, որովհետեւ դա է պատուիրում սուրբ Գիրքը»: Յուլիանոսն ասաց. «Քանի որ դու ինքդ խոստովանեցիր, ապա կրի՛ր պատուհասի պատիժները, որ համարձակուեցիր այդպիսի գործ անել»: Թէոդորիտոսն ասաց. «Ես դա արել եմ աստուածապաշտ եւ աստուածասէր Կոստանդիանոս թագաւորի կամ Կոստանդինի օրօք, սակայն նրանք, որ իշխանութիւն ունէին, չբարկացան եւ բնաւ չզայրացան: Բայց ես զարմացած եմ քեզ վրայ. ինչպէ՞ս է, որ դու, որ նոյն օրէնքներով ես ապրել, այժմ կուռքերի համար վրէժխնդիր ես դարձել»: Յուլիանոսն ասաց. «Հարուածէ՛ք դրա կողերին, որովհետեւ համարձակուեց աստուածներին կուռքեր կոչել»: Գանահարուելուց յետոյ Թէոդորիտոսն ասաց. «Յանցանք ես գործում, Յուլիանո՛ս, որ միակ ճշմարիտ եւ ամենակալ Աստուծոյ անունով ես կոչում կուռքերին ու աստուածներ ես անուանում ներկայիս կռածոյ եւ ստեղծուած արձաններին»: Յուլիանոսն ասաց. «Խփէ՛ք, հարուածէ՛ք մահուան ենթակայ այդ յանդուգն մարդու երեսին, որ համարձակուեց հայհոյել»: Թէոդորիտոսն ասաց. «Այնուամենայնիւ, դարձեալ ուսուցանում եմ քեզ, Յուլիանո՛ս, որ արձանները, որոնց դու աստուածներ ես կոչում, աւելի յետին են, քան արձանագործները եւ նրանց հետ ու նրանց նման  պիտի ապականուեն: Նրանք ո՛չ բարիք, ո՛չ էլ չարիք չեն կարող պատճառել իրենց ստեղծողներին, իսկ դու հրամայում ես գանահարել ինձ, որովհետեւ քեզ ցոյց եմ տալիս ճշմարտութիւնը»: Յուլիանոսն ասաց. «Այժմ գանահարուեցիր, սակայն ըմբոստացար: Քիչ յետոյ եթէ չկատարես օրէնքը եւ չմատուցես, ինչ որ արժանի է աստուածներին, այնպիսի տանջանքներ պիտի կրես, որոնց չես դիմանայ, որովհետեւ քաջ Յուլիանոս արքան այդպէս է հրամայել»: Թէոդորիտոսն ասաց. «Ես սկզբից եւեթ ասացի քեզ եւ դարձեալ ասում եմ՝ մի՛ մեղանչիր եւ մարդկանց ձեռքի գործերին աստուածներ մի՛ կոչիր: Թօթափուի՛ր առժամանակեայ քո ամբարտաւանութիւնից, որով յանդգնեցիր աստուածամարտ լինել եւ ճանաչի՛ր միայն մէկ Աստուծոյ, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը»: Յուլիանոսն ասաց. «Ինչո՞ւ ես դու խաչեալ Քրիստոսին Աստուած համարում եւ քեզ քրիստոնեայ կոչում»: Թէոդորիտոսն ասաց. «Քրիստոս մարդկանց Փրկիչն է, որ թւում է գիտես, սակայն չգիտես: Նա Աստուծոյ միածին Որդին է, Հօր Բանը, զօրութիւնը եւ իմաստութիւնը, Ով Հօր կողմից ուղարկուեց մարդկանց փրկութեան համար, մարդկային մարմին հագաւ, որպէսզի նմանին դարմանի նման լինելով, մերձաւորութեամբ մարդկանց մօտեցնի Աստծուն, ազատի նրանց մոլորութիւնից եւ կռապաշտութիւնից ու սովորեցնի ճանաչել ճշմարիտ Աստծուն: Յուլիանոսն ասաց. «Խօսքի ճարտարութեամբ, ճոռոմաբանելով եւ առասպելներ յօրինելով՝ դու գնում ես մանկութեան յետեւից ու մոլորեցնում մարդկանց»: Թէոդորիտոսն ասաց. «Մի ժամանակ դու եւս ճանաչում էիր Աստծուն եւ խոստովանում ճշմարտութիւնը, սակայն այժմ դարձել ես դէպի խաբէութիւնը, որովհետեւ հպարտացել ես ամբարտաւանութեամբ: Դու յանձն առար կուռքերին աստուածներ եւ ճշմարտութիւնը խաբէութիւն համարել»: Յուլիանոսն ասաց. «Չարագո՛րծ եւ խաբեբա՛, այժմ ինձ թւում է, թէ դու Աթէնք քաղաքից ես եկել»: Թէոդորիտոսն ասաց. «Ես Աթէնքից չեմ եկել եւ ոչ էլ աշխարհական կրթութիւն եմ ստացել, այլ աստուածային սուրբ գրքերով եմ սնուել: Ես քեզ պատասխանում եմ՝ ըստ քո հարցումների եւ աղօթում եմ, որ դարձեալ դէպի ճշմարտութիւնը գաս»:

 

Յուլիանոսը բարկացաւ եւ հրամայեց կապել նրան մի ձողի վրայ ու պրկել: Դահիճներն իսկոյն պարաններով կապեցին նրան եւ անիւներով պրկեցին երանելի վկայի բոլոր անդամները: Նրա ջլերն այնքան երկարեցին, որ նա երեւաց ութ կանգուն երկարութեամբ հսկայի չափով: Ապա Յուլիանոսն ասաց. «Թէոդորիտո՛ս, գոնէ այժմ սթափուեցի՞ր տանջանքներից: Համաձա՞յն ես զոհ մատուցել աստուածներին, թէ՞ դեռեւս նոյն յամառութեանդ մէջ ես մնում՝ երկրպագելով մի մեռած ու անարգուած կախարդի»: Իսկ սուրբ վկան լուրջ եւ զուարթ երեսով բարձրաձայն ասաց. «Յուլիանո՛ս, մոռացա՞ր այն բարի խրատը, որ տուեցի քեզ, թէ աստուածներ մի՛ համարիր փայտեղէն, քարեղէն եւ մեռելոտի ոսկորներից պատրաստուած արձաններին, այլ ճանաչի՛ր Աստծուն, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ամէն բան, որ կայ նրանցում: Ճանաչի՛ր եւ Նրա միածին Որդուն՝ Յիսուս Քրիստոսին՝ մարդկանց Փրկչին եւ աշխարհաստեղծ Արարչին»: Յուլիանոսն ասաց. «Դու, որ քո յանդգնութեամբ կեանքդ վտանգի ես ենթարկել, աշխարհի Արարիչ ես կոչում մի մարդո՞ւ, ով խաչուեց մեռաւ եւ թաղուեց»: Թէոդորիտոսը պատասխանեց. «Ես քեզ սովորեցնում եմ պաշտել Հօր անծին Որդուն՝ Աստուծոյ Բանին, Ով խաչուեց, մեռաւ, թաղուեց եւ մարմնով երկինք վերացաւ: Մարդեղութեամբ Նա Հօր կամքով եղաւ աստուածային խորհուրդների քարոզիչը եւ մարգարէն ու պատուիրեց արհամարհել անմռունչ կուռքերին: Հեշտ է քեզ ցոյց տալ նրանց անպէտք լինելը, որովհետեւ եթէ նրանց կտոր-կտոր անեմ քո աչքի առջեւ, ո՛չ նրանք կարող են ինձ վնաս պատճառել, քանի որ անշունչ նիւթերից են, եւ ո՛չ էլ չար դեւերը, որոնք նրանց միջոցով են պաշտւում մարդկանց կողմից, իսկ իմ օգնականը ճշմարիտ Աստուածն է»: Յուլիանոսն ասաց. «Եթէ երկնչում ես Աստծուց, ապա հնազանդուի՛ր թագաւորների հրամաններին, քանի որ գրուած է. "Թագաւորների սիրտն Աստուծոյ ձեռքին է"[1]»: Թէոդորիտոսն ասաց. «Եթէ կարդացել ես այն, ինչ որ ասացիր, ապա պէտք է հասկանաս, թէ ինչ ես ընթերցել: Իսկ եթէ լսել ես եւ լաւ չես հասկացել, ապա սովորի՛ր ինձնից: Արդարեւ, ճշմարիտ է, որ թագաւորի սիրտն Աստուծոյ ձեռքին է, որպէսզի նրա միջոցով առաջնորդի մեզ ուղիղ ճանապարհով, սակայն այդպէս է ասուած ոչ թէ կռապաշտ եւ Աստուծոյ ճշմարտութիւնից խոտորուած, այլ Աստծուն ճանաչող թագաւորի համար: Իսկ մարդկանց հանդէպ անողորմ ու Աստուծոյ հանդէպ հաւատ չունեցողին պէտք է ոչ թէ թագաւոր կոչել, այլ բռնաւոր: Արդ, սուրբ Գիրքն ասում է, թէ թագաւորի սիրտն է Աստուծոյ ձեռքին եւ ոչ թէ բռնաւորի»: Յուլիանոսն ասաց. «Անպատկա՛ռ, համարձակւում ես արքային բռնաւո՞ր կոչել»: Թէոդորիտոսն ասաց. «Ով այսպիսի անարժան գործեր անելու հրաման է տալիս եւ այնպիսինն է, ինչպէս դու ես ասում ի դէմս քո թագաւորի, ոչ միայն բռնաւոր է, այլեւ անօրէն է բոլոր մարդկանցից առաւել»:

 

Յուլիանոսը լցուեց ցասումով եւ մոլեգնած հրաման տուեց այծեամի կճղակներով քերել երանելու մարմինը: Եւ այնքան քերեցին, մինչեւ որ երկու կողերից արեան վտակներ հոսեցին գետնին, սակայն նրա երեսի ուրախութիւնը տրտմութեան չփոխուեց: Քերեցին երեք ժամ, սակայն նրա բերանից ոչինչ դուրս չեկաւ, եւ ոչ էլ երեսի գոյնը փոխուեց: Այնժամ Յուլիանոսն ասաց. «Թէոդորիտո՛ս, գոնէ այժմ, երբ այդպիսի տանջանքների մատնուեցիր, ընդունո՞ւմ ես աստուածներին»: Թէոդորիտոսն ասաց. «Մարդկանց ձեռքի գործերին, որոնց դու աստուածներ ես համարում, երբէք չեմ ընդունել որպէս աստուածներ, չեմ ընդունում եւ չեմ ընդունի: Դու քո բաժինը նրանց հետ կը ստանաս, իսկ ես, աւարտելով իմ ընթացքը եւ հաւատարիմ լինելով Նրան, Ով երեւաց մարմնով, կը ժառանգեմ խոստացած բարիքները»: Յուլիանոսն ասաց. «Թւում է, թէ բնաւ չես զգացել տանջանքները»: Թէոդորիտոսը պատասխանեց. «Մի՞թէ խաղ էիր համարում Քրիստոսի ծառային փորձելը, իբրեւ մանուկ նրան պատրելը եւ տանջանքներով վախեցնելը»: Յուլիանոսը դարձեալ բարկացաւ եւ հրամայեց նոյն կճղակներով երկու ժամ եւս քերել նրա մարմինը: Սուրբի բերանից ոչինչ չէր ելնում՝ բացի բարձրաձայն ստէպ աղօթելուց՝ «Տէ՛ր Յիսուս, օգնի՛ր ինձ»: Յուլիանոսը, զարմացած սուրբ վկայի մեծ համբերութեան վրայ, դահիճներին հրամայեց հանգստանալ, իսկ սուրբին ասաց. «Ինձ թւում է, թէ դու ինչ-որ պարտք ունես արքունիքին կամ այլ մէկին եւ չես կարողանում հատուցել: Այժմ լսի՛ր ինձ, եթէ պարտք ես արքունիքին, ինքնակալը քեզ կը շնորհի, իսկ եթէ այլ մէկին, ապա կը հրամայեմ տալ մուրհակը՝ առանց վնասի ու տուգանքի»: Իսկ Թէոդորիտոսը, որն ասես ամենեւին տանջանք չէր կրել, ասաց. «Թող ձեր արծաթը կորչի ձեզ հետ: Ես ոչ ոքի պարտք չեմ, այլ միայն Աստծուն պարտք ունեմ, որի համար աղօթում եմ՝ իմ դաւանանքը զգուշութեամբ պահելու եւ խոստացած բարիքներին հասնելու համար»: Յուլիանոսն ասաց. «Թշուառակա՛ն, թո՛ղ բարկութիւնդ եւ շահի՛ր անձդ, որպէսզի ազատուես այլ նոր տանջանքներից»: Թէոդորիտոսը փոխադարձեց նրան՝ ասելով. «Թշուառակա՛ն, ապաշխարի՛ր, որ շահես հոգիդ ու մարմինդ»:

 

Յուլիանոսը դարձեալ բարկացաւ եւ հրամայեց քերել նրա մարմինը, որից յետոյ ասաց. «Ինչո՞ւ այդքան դիմագրաւելով չես կամենում հնազանդուել ինքնակալին եւ մի խաչեալ մարդու աստուած ես համարում»: Թէոդորիտոսն ասաց. «Խաչեալը, Որին դու մարդ ես համարում, իսկ մենք՝ Աստուած, Դատաստանի օրը պիտի հրամայի, որ քեզ՝ անօրէն եւ գիշատիչ բռնաւորիդ, գցեն գեհենի հուրը»: Յուլիանոսն ասաց. «Դու այժմ այստեղից սկսած կ՚առնես հրի փորձութիւնը»: Ապա հրամայեց երկու կանթեղ վառել ու մօտեցնել սուրբի այս ու այն կողերին: Եւ երբ դահիճները վառեցին կանթեղները, երանելի վկան աչքերը դէպի երկինք ուղղեց եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, Դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ամէն բան, որ կայ նրանցում: Կենարարի եւ ամբողջ աշխարհի՛ Հայր, Դու պատիւ խոստացար Քո հաւատացեալներին: Ողորմի՛ր ինձ եւ անօրէններին ցո՛յց տուր Քո իմաստութիւնն ու զօրութիւնը, որպէսզի բոլորն իմանան, թէ ինչ անջրպետ կայ Քեզ յուսացողների եւ անօրէն անհաւատների միջեւ»: Եւ երբ աւարտեց աղօթքը՝ ասելով՝ ամէն, կանթեղաւորները յանկարծ զարկուեցին գետնին, որովհետեւ երանելու շուրջը տեսան նրա հետ խօսող չորս հրեշտակների: Յուլիանոսը յոյժ տրտմեց: Նրա հրամանով միւս զինուորները բարձրացրին դահիճներին եւ պատուիրեցին դարձեալ կանթեղներ մօտեցնել: Կանթեղաւորներն ասացին. «Թող ձերդ մեծութիւնը հրամայի ուրիշներին անել, որովհետեւ մենք տեսնում ենք չորս հրեշտակների, որոնք կան պատժուողի շուրջը եւ խօսում են նրա հետ: Մենք չենք համարձակւում մօտենալ նրան, որովհետեւ հաստատապէս իմացանք, որ քրիստոնեաների Աստուածը մեծ է եւ հզօր»: Այս խօսքերից սաստիկ բարկացած Յուլիանոսը հրամայեց իսկոյն տանել դահիճներին ու ծովը նետել:

 

Եւ մինչ նրանց տանում էին, սուրբ վկան ձայն տուեց նրանց՝ ասելով. «Շտապէ՛ք եղբայրնե՛ր, ահա ես եւս պիտի հասնեմ ձեզ: Շուտով հակառակորդի դէմ կանգնեցնելով յաղթութեան նշանը եւ ստանալով վարձքը՝ կը հասնեմ ձեզ՝ խրախուսելով Աստուծոյ բոլոր ծառաներին»: Այնժամ Յուլիանոսը հարցրեց նրան. «Ո՞վ է քո հակառակորդը»: Սուրբն ասաց. «Հակառակորդը սատանան է, որը քո միջոցով այժմ չար գործեր է անում, իսկ Յիսուս Քրիստոս՝ մարդկանց Փրկիչը, ամբողջ աշխարհի Արարիչը եւ միածին Որդին յաղթանակ եւ վարձք է տալիս: Նրան փա՛ռք յաւիտեանս. ամէն»:

 

Եւ երբ անտիոքացի ժողովրդից ու ամբոխից շատերը ձայնակցեցին սուրբին՝ ասելով՝ ամէն, Յուլիանոսն անդադար նայում էր շուրջը, որ թերեւս ճանաչէր «ամէն» ասողներին, սակայն ոչ ոքի չկարողացաւ նշմարել: Այնժամ ցնորուածի պէս եւ խաւարած աչքերով զայրագին ասաց սուրբին. «Թշուա՛ռ Թէոդորիտոս, բոլորը գիտեն, որ նա ծնուել է կնոջից երեք հարիւր տարի առաջ կամ դրանից փոքր-ինչ շուտ կամ ուշ, ինչպէ՞ս ես ասում, թէ նա է ստեղծել աշխարհը»: Թէոդորիտոսն ասաց. «Պի՛ղծ եւ անսո՛ւրբ, դու արժանի չես հասկանալու այդ խորհուրդը, բայց որպէսզի Աստուծոյ այս ծառաները, որ բոլորուած են այստեղ, չկարծեն, թէ չեմ կարող պատասխանել քեզ, ուշադիր լսի՛ր, ինչ այժմ կ՚ասեմ: Ինչպէս նախապէս ասացի, Աստուած, որ ամէն բան ստեղծեց Իր Խօսքով, ողորմեց մարդկային ազգին, որոնք երկրպագում էին անսուրբ եւ պիղծ դեւերին, եւ ուղարկեց Իր միածին Որդուն, որպէսզի մարդկային մարմին հագնելով եւ չարչարուելով՝ մարդկանց մօտեցնի Աստծուն: Մարդկանցից ոչ ոք յայտնապէս չէր կարող տեսնել Նրա աստուածային զօրութիւնը, ինչպէս որ գրուած է. "Ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը եւ ապրել"[2]: Եւ արդ, նոյն Ինքը՝ անմարմին Բանը, երբ մարմին հագաւ անարատ Կոյսից  եւ երեւաց մարդկանց: Երեւաց մարմնով եւ աստուածային զօրութեամբ մեծամեծ գործեր արեց, որոնց ականատեսը լինելու արժանի եղան Նրա աշակերտները: Նրանք զօրացան, հաւատացին եւ աւանդեցին մեզ Նրա անպատում զօրութեան հաւատը: Թէպէտ ուշացած ճանաչի՛ր Նրան, որ կարողանաս փրկուել»: Յուլիանոսն ասաց. «Լաւ երկար ճոռոմաբանում ես, բայց ես յամառօտ կ՚ասեմ. եթէ յանձն չառնես թագաւորի կամքով պաշտամունք մատուցել աստուածներին, ապա կը հրամայեմ քեզ սրի քաշեն, որովհետեւ տեսնում եմ, որ յանդուգն ես ամէն բանում եւ արհամարհում ես այդ տանջանքները»: Թէոդորիտոսն ասաց. «Լինելով մարդասպան՝ դու ջանում ես նմանուել քո հայր սատանային, բայց ես կ՚աղօթեմ, որ անարգել եւ անխափան աւարտեմ իմ ընթացքը: Սակայն յիշի՛ր այն, ինչ կամենում եմ ասել նախքան լինելը. այդ բոլոր չար գործերի համար Աստուծոյ բարկութիւնը կ՚իջնի քեզ վրայ: Այն ամէնը, ինչ արել եւ անելու ես բռնաւոր քո քեռորդուն հաճոյանալու համար, նա քեզ շնորհակալ չի լինի»: Յուլիանոսն ասաց. «Ինչ ուզում ես ասել, ասա՛ յայտնապէս: Տեսնենք կը լինե՞ն քո ասածները»: Այնժամ Թէոդորիտոսն ասաց. «Դու չարաչար ախտերով մահիճն ես ընկնելու, ինքդ քեզ պիտի կերակուր դառնաս եւ որդնալից եղած հեռանաս աշխարհից: Քո բռնաւորը, որը յոյս ունի ճակատում արիութիւն ցուցաբերել, աւարտին չի հասցնի, այլ կը մեռնի այլազգիների մէջ, բնաւ չի իմանայ, թէ ում ձեռքով կը խոցուի ու այստեղից չի վերադառնայ հռոմէական երկիր»: Այսքանն ունկնդրելով՝ Յուլիանոսն այլեւս չկարողացաւ հանդուրժել, այլ վախենալով, որ գուցէ այլ մեծամեծ ու անտանելի խօսքեր լսի, հրամայեց իսկոյն տանել նրան ու սրի քաշել:

 

Սուրբը ցնծալով գնում էր նահատակութեան վայրը: Նրա յետեւից գնում էր մեծաթիւ ժողովուրդ: Նա բոլոր հաւատացեալներին՝ մեծամեծներին եւ փոքրերին, պատուականներին ու անարգներին, աղօթելով յանձնեց Աստուծոյ ձեռքը, եւ ապա գլխատեցին երանելուն: Նրա նահատակութիւնը եղաւ Տիրոջ 362 թուականին, հոկտեմբերի 23-ին:

 

Իսկ դատաւոր Յուլիանոսը, քանի որ ուշ հեռացաւ ատեանից, թագաւորական ապարանքում օրուայ մնացած մասը եւ ամբողջ գիշերն անցկացրեց տրտմութեամբ: Առաւօտեան շտապ ելաւ ու մտաւ իր համանուն՝ Յուլիանոս կայսեր պալատը եւ երկրպագեց նրան: Թագաւորը նրան հրամայեց նստել: Նա ցոյց տուեց սուրբ սպասքի ցանկը, որ վերցրել էր Աստուծոյ սուրբ եկեղեցուց եւ ասաց. «Թէպէտ ուշ բերեցի սպասքի ցանկը, սակայն ճշտութեամբ գրել վերջացրել եմ, որպէսզի ձերդ աստուածանման մեծութիւնն իմանայ, թէ այնտեղից որքան գանձեր են բերուել: Նաեւ իմացի՛ր, որ Թէոդորիտոսին, որը խոչընդոտում էր եւ որին փնտռում էիր եկեղեցու ունեցուածքի համար, հազիւ բռնեցի, սաստիկ չարչարանքներով տանջեցի եւ սրով սպանեցի»:

 

Այս լսելով՝ կայսրը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Արել ես այն, որն իմ կամքով չէ: Ես ջանացել եմ շատ առիթներով վերացնել քրիստոնեաների կրօնը եւ միանգամից ոչ ոքի սրով չսպանել: Դու չարիք ես գործել, որովհետեւ առիթ ես տուել ժանտ գալիլեացիներին՝ իմ մասին չար բաներ գրելու համար, ինչպէս որ արել են նախկին թագաւորիներին: Տեսակ-տեսակ պատճառներ մոգոնեցին չարագործների համար, որոնք կոտորուեցին եւ որոնց վկանել կոչեցին, ուստի դու պարտաւոր ես խնայել, գալիլեացիների առաջ ոչ ոքի չսպանել ու բոլորին էլ նոյնը պատուիրել»: Եւ երբ ուրացող կայսրն այս ասաց, նայեց իր քեռուն եւ տեսաւ, որ նա ամաչեց, փոխեց երեսի գոյնը, եւ ամբողջ մարմինը մեռելի պէս եղաւ, սակայն կամեցաւ խաղաղութեամբ արձակել նրան եւ ասաց. «Գնանք աստուածներին զոհեր ու պաշտամունք մատուցենք, որպէսզի ցօղուես եւ ազատուես ժանտ ապականութիւնից»: Իսկ ոստիկան Յուլիանոսը թէպէտ մեծ տրտմութեան մէջ էր, սակայն ակամայ գնաց: Երբ կատարեցին անարժան գործը եւ զոհեր մատուցեցին դեւերին, հանեցին քրմերի կողմից հնդկական սագ կոչուող թռչնի լեարդը, խորովեցին ու մատուցեցին իրեն, իսկ նա ամօթից եւ ակամայ ճաշակեց այն ու հեռացաւ կայսեր մօտից: Եւ երբ գնաց հազարապետութեան իր կայանը, զղջալով իր չարիքների համար՝ չկամեցաւ ո՛չ ուտել եւ ո՛չ ըմպել: Գիշերուայ մէջ որովայնում ցաւեր ունեցաւ եւ չարաչար տանջուեց, որովհետեւ ճաշակելով լեարդը, որը կուռքերին մատուցուած զոհաբերութիւնից էր, իջաւ նստեց իր լեարդի վրայ, մաս-մաս կտրատեց այն եւ մահուան առաջ կանգնեցրեց: Առաւօտեան կողմ բերանի միջով իր լեարդից կտորներ վերեւ-ներքեւ էին իջնում. ծամում էր, կէսը՝ թքում, կէսն էլ նորից կուլ տալիս: Եւ բազում օրեր ու բազում անգամներ այսպէս էր լինում: Այնուհետեւ, երբ այլեւս չկարողացաւ դիմանալ տանջանքներին, խղճմտանքից այրուելով, հաղորդեց կայսրին, որ խնդրում է բացել տալ քրիստոնեաների եկեղեցին: Եւ թագաւորը պատասխան ուղարկեց. «Ինչպէս որ ինքդ փակեցիր, այնպէս էլ գնա՛ եւ բացի՛ր»: Նա կայսրին տեղեկացրեց նաեւ իր թշուառ վիճակի մասին՝ ասելով. «Արքա՛, քո պատճառով եմ չարաչար տանջւում եւ կորստեան մատնւում»: Իսկ ուրացող կայսրը պատասխանեց. «Քանի որ դու թերահաւատ եղար աստուածների հանդէպ, այդ պատճառով ես չարչարւում այդպիսի տանջանքներով»:

 

Եւ թշուառ Յուլիանոս ոստիկանն այնպէս տառապեց մինչեւ իր վախճանի օրը, որ չկարողացաւ այլ կերակուր ճաշակել: Ըստ երանելի վկայի մարգարէութեան՝ միայն իր լեարդն էր իր կերակուրը: Միաժամանակ լցուեց որդերով, որոնք ուտում էին նրա մարմինը, մինչեւ որ տուեց դառնացած հոգին: Երբ անօրէն թագաւորը լսեց, ասաց. «Ինչպէս ասացի, նա կասկածեց աստուածներին ու չհաւատաց, եւ այդ պատճառով կրեց այդ ամէնը»: Եւ երբ թաղեցին, հողը չընդունեց նրան. բազում անգամ ծածկում էին եւ երբ գալիս էին, դարձեալ գետնի երեսին էին գտնում, մինչեւ որ կեր դարձաւ թռչուններին ու գազաններին:

 

Կարճ ժամանակ անց բռնաւոր Յուլիանոս Ուրացողը գնաց պատերազմելու պարսիկների դէմ: Երբ կռիւ տուեց ու յաղթեց, համարեց, թէ ինչ-որ խիզախութիւն է արել, սակայն հրեշտակների գնդերը յանկարծակի երեւացին նրան: Այնժամ հրամայեց իր զօրքին պատրաստուել եւ իբրեւ թէ մարդկանց դէմ ճակատ կազմեց: Թշուառականը չգիտէր, որ երկնքից բարկութիւն է իջել իր վրայ: Յանկարծ օդից մի նետ իջաւ ու հարուածեց կրծքի տակ, եւ նրանից յորդ արիւն հոսեց: Ցաւերից տագնապի մէջ էր եւ իրեն այնպէս էր թւում, թէ Քրիստոս կանգնած է իր հանդէպ ու պատուհասելու է իրեն: Թշուառականը կարծում էր, թէ մօտ էր Նրան եւ չգիտէր այն, թէ կարող է Նա լինել երկնքում եւ միաժամանակ երկրի վրայ մօտ երեւալ: Նա վերցրեց արիւնից, ցօղեց օդն ի վեր, աղաղակեց եւ ասաց. «Այժմ բաւակա՛ն է, Քրիստո՛ս, բաւակա՛ն է, Դու յաղթեցիր» ու փչեց դառնացած հոգին: Այդպէս կատարուեցին սուրբ Թէոդորիտոս վկայի բոլոր մարգարէութիւնները:

 

Այս բոլորը գրի առան ժամանակակիցները եւ պալատի ականատեսները՝ աւարտելով այս վկայաբանութիւնը հետեւեալ խօսքերով. «Մենք, որ գտնւում էինք պալատում, իրազեկ էինք եղելութիւններին եւ ուշադիր հետեւում էինք Աստուծոյ ծառայի բոլոր գործերին: Գրեցինք՝ ստոյգն իմանալով եւ ուղարկեցինք բոլոր եղբայրներին, ովքեր ճշմարտապէս հետեւում են մեր Կենարարին»:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թէոդորիտոս քահանայի յիշատակը տօնում է ս.Խաչին յաջորդող Զ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Եւդոքսիոս կոմսի, Զենոն զինաւորի, Մակարիոսի եւ Ռոմելոսի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

[1] Առակ. ԺԱ 1:

[2] Ելից. ԼԳ 20: