Անոխակալ եւ բարեգութ մի ցրեր զուխտս Քո. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ քումմէ.
Տէր Աստուած հարցն մերոց:
Նախաստեղծին այցող Փրկիչ.
Փրկեա զմեզ յարժանահաս նեղչաց մերոց՝ վասն ընտրելոց Քոց սրբոց.
Տէր Աստուած հարցն մերոց:
Առաւել փառաւորեալ ի տաճարի սրբոց Քոց վկայից.
Մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ.
Տէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Առաքելանման սուրբ Երանոս (Երենիոս կամ Իրինէոս) հայրապետը, որն արեւելեան եւ արեւմտեան եկեղեցիների փառքն ու պարծանքն է, ծնուել է Տիրոջ 120 թուականին՝ Փոքր Ասիայի Զմիւռնիա քաղաքում: Մանկուց աշակերտել է Զմիւռնիայի սուրբ Պօղիկարպոս հայրապետին, որը սուրբ Յովհաննէս աւետարանչի աշակերտն էր: Եւ քանի որ ուշիմ ու հոգեկիր մանուկ էր, իր մտքի տարողութեան մէջ եւ սրտի ծոցում շտեմարանում էր այն ամէնը, ինչ Պօղիկարպոսից լսում էր Փրկչի Գալստեան, Նրա փրկչական տնօրէնութեան եւ առաքեալների ու աշակերտների քարոզչութեան մասին: Միանգամայն գիտակ լինելով Հին եւ Նոր կտակարաններին՝ եղաւ աստուածային խօսքի եւ առաքելական ավանդութեան գանձարան, առաքեալների իրական հետեւորդ եւ նրանց աշակերտների ճշմարիտ յետնորդ, այնքան որ մէկ ամբողջ տարուց աւել հերետիկոսների հետ վիճելիս առաջ էր բերում իր մէջ անմոռաց պահուած Պօղիկարպոսի խօսքերը: Սուրբ Պօղիկարպոսի վարքի ծանօթագրութիւնից առաջ բերենք սոյն Երանոսի խօսքերն՝ ընդդեմ մոլորեալ Փլորինոսի. «Այդ ուսմունքը, Փլորիանէ՛, առողջ չէ եւ միաբան չէ եկեղեցուն: Այդ ուսմունքը չէ, որ մեզնից առաջ առաքեալների աշակերտները թողեցին քեզ: Մինչ փոքր էի ու սովորում էի Պօղիկարպոսի մօտ, տեսնում էի քեզ Ասիայի փողոցներում: Դու քայլում էիր սքանչելապէս եւ զօրանում էիր՝ քեզ փորձութեան մատնելու ու մրցապայքարի մտնելու համար: Ես առաւել դա եմ յիշում, որ այն ժամանակ էր, քան այս, որ այժմ է արւում, քանզի մանկութեան շրջանում ստացած ուսումն աճում է շնչի հետ եւ խառնւում դրան: ... Յիշում եմ Պօղիկարպոսի ելումուտը, նրա վարքի, ուսուցման եւ ընթացքի նմանութիւնը Յովհաննէս աւետարանչին եւ ուրիշներին, որոնք տեսան մեր Տիրոջը: Նա պատմում էր մեզ, թէ ինչպէս է յիշում նրանց խօսքերը ..., եւ ես լսում էի դրանք, պահում իմ մտքում եւ Աստուծոյ շնորհով միշտ սիրով յիշում նրանց: Աստուծոյ առաջ կարող եմ վկայել, որ երբ երանելին լսում էր մի բան, որը դուրս էր առաքեալների վարդապետութիւնից, խցում էր իր ականջները եւ ասում. "Ո՛վ բարերար Աստուած, ի՞նչ ժամանակների հասցրիր մեզ, որպէսզի համբերենք եւ սրա՞ն": Նա փախչում էր նման տեղերից ...»:
Երանոսը քաջատեղեակ էր նաեւ աշխարհիկ իմաստութեանը եւ իր զօրաւոր խօսքով ու գրչով անվեհեր յաղթում էր հելլեններին: Նա ընդդէմ ժամանակի հեթանոսների ու աղանդաւորների գրեց բազմաթիւ գրութիւններ եւ ուղերձներ, որոնք լի էին իմաստութեամբ ու առաքելական հոգով: Գրեց յունարէն եւ հռոմէացիների լեզուով, որոնց մի մասը՝ երիտասարդ հասակում, մի մասն էլ՝ ծերութեան:
Երիտասարդ հասակում սուրբ Պօղիկարպոսը ձեռնադրեց նրան՝ սարկաւագութեան եւ ապա քահանայութեան համար: Տեսնելով նրա հոգու եռանդը եւ յաջողութիւնը առաքելական պաշտօնում՝ Տիրոջ մօտ 157 թուականին ուղարկեց նրան արեւմուտք՝ գաղղիացիների երկիրը՝ օգնական լինելու Ղուգդոնի առաջին եպիսկոպոս սուրբ Պոթինոսին, որովհետեւ վերջինս խիստ ծերացել էր եւ հալածանքների մէջ իր եկեղեցին հովուելու համար ծառայակցի կարիք ունէր: Ապա Տիրոջ 178 թուականին ուղարկուեց Հռոմ՝ Ելեւթերիոս սուրբ հայրապետի մօտ՝ եկեղեցու ինչ-ինչ կարիքների համար, որտեղ գործը գլուխ բերելուց յետոյ խօսքով ու Սուրբ Գրքով ամաչեցրեց Վաղենտիանոս հերեսիովտապետի ու նրա երկու աշակերտների՝ Փլորիանոսի եւ Բլաստոսի հետ: Եւ երբ վերադարձաւ գաղղիացիների Ղուգդոն քաղաքը, հէնց նոյն տարուայ մէջ Վերոս կայսեր կողմից Գաղղիայում մեծ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ: Սուրբ Պոթինոսի հետ, որն աւելի քան իննսուն տարեկան էր, նահատակուեցին շատերը: Հաւատացեալներին քաջալերելու համար նրանց մասին Ղուգդոնի եկեղեցու երէցները պանծալի վկայութիւններ գրեցին: Բուն շարագրողը, որին ամբողջովին մէջ է բերում Եւսեբիոսը, համարւում է, որ նա ինքը սուրբ Երանոս երէցն է, որը բոլորի միաձայն հաւանութեամբ զբաղեցրեց Ղուգդոնի եպիսկոպոսութեան Աթոռը: Պոթինոսից յետոյ նա եղաւ Ղուգդոնի երկրորդ եպիսկոպոսը եւ, իրաւամբ, ճանաչուեց որպէս գաղղիացիների եկեղեցու արժանաւոր առաջնորդ: Որպէս բանաւոր հօտի քաջ հովիւ՝ լի էր բարեպաշտութեամբ եւ աստուածային նախանձախնդրութեամբ, պատկառելի էր բոլորի՝ մերձաւորների եւ հեռաւորների աչքին: Աստուծոյ խօսքի գեղեցիկ քարոզչութեամբ, հրաշագործութեամբ եւ սքանչելիքներով բազմաթիւ անհաւատների քրիստոնէութեան դարձրեց ու պահեց հաւատացեալներին չարի բոլոր փորձութիւններից: Ըստ իր կոչման, երբ Զատկի տօնի օրը արեւմտականների եւ ասիացիների միջեւ պառակտիչ յոյզեր էին ծագել, խաղաղութիւն բերեց եկեղեցուն: Ինչպէս Եւսեբիոսն է գրում, որը կայ մեր ճառընտիրներում, Փոքր Ասիայի, ինչպէս նաեւ այլ շատ եկեղեցիներ, նախկին աւանդութեան հիման վրայ պահում էին լուսնի տասնչորս օրերը եւ ապա նշում Զատկական տօնի օրը: Պատահում էր, որ այդ օրը ընկնում էր շաբաթուայ մէջ եւ ոչ թէ Կիրակի օր: Եւ սա հաճոյ չէր միւս հովիւներին, մանաւանդ Հռոմի եպիսկոպոս Բեկտորին, որն Աստուծոյ թելադրանքով եպիսկոպոսների ժողով գումարեց: Նոյնպէս եւ Երանոսը ժողով արեց Գաղղիայում, իսկ միւսներն էլ՝ տեղ-տեղ գտնուող իրենց Աթոռներում: Բոլորը նոյն խորհրդով ու նոյն մտքով միաբանուեցին Բեկտորին եւ ուղերձ գրեցին ամբողջ երկրի բոլոր եկեղեցիներին, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան խորհուրդը պէտք է պաշտուի միայն Կիրակի օրը:
Բայց քանի որ ասիացիները դեռեւս չէին համոզւում, այդ պատճառով Հռոմի Բեկտոր եպիսկոպոսը, որը զբաղեցնում էր առաքեալի Աթոռը, կամեցաւ այս կանոնը չընդունող ասիական բոլոր եկեղեցիներին՝ բոլոր եկեղեցականներով հանդերձ, հեռացնել ընդհանրական եկեղեցիների հաստատութիւնից եւ հռչակեց ու գրաւոր հրամանով բանադրեց բոլոր եղբայրներին: Այնժամ Զուգդոնում Երանոսն իր եկեղեցու միաբանութեամբ դարձեալ ժողով գումարեց եւ գրեց Բեկտորին, թէ արժան չէ խստութեամբ անջատել եկեղեցիները, այլ պէտք է եղբայրաբար խրատել նրանց Սուրբ Գրքի վարդապետութեամբ, որովհետեւ նրանք իրենց անձերից չյօրինեցին, այլ այդպէս սովորութիւն դարձրին իրենց նախկին հովիւներից: Մեզնից առաջ եղած եպիսկոպոսների ժամանակներում սուրբ Յարութիւնից առաջ ոմանք սովորեցին քիչ օրեր պահք պահել, ոմանք էլ բազմաթիւ օրեր, եւ թէպէտ կային պահեցողութեան զանազանութիւններ, սակայն հաւատքի միաբանութիւնը հաստատուն էր:
Այսքանը եւ աւելին գրեց Երանոսը, որի խաղաղարար լինելը կատարելապէս համահունչ է իր անուան նշանակութեանը: Նա նոյն խաղաղութիւնն էր աղաչում ու խնդրում Բեկտորին, ինչպէս նաեւ խաղաղութեան միջնորդ եղող այլ Աթոռներին: Նա սիրով լսեց Երանոսին ու չստիպեց ասիացիներին: Ժամանակ անց նրանք միաբանուեցին եկեղեցու ընդհանուր սովորոյթներին, որը երանելին ջանասիրութեամբ յորդորում էր իր կեանքի բոլոր օրերին: Այսպէս կարգ ու կանոնով եւ հաւատքով հետեւելով առաքեալների քարոզչութեանը եւ վարդապետութեամբ լուսաւորելով Աստուծոյ եկեղեցին՝ վախճանի օրն արժանացաւ վկայական պսակի, որ եղաւ Տիրոջ 202 կամ203 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Երանոս հայրապետի յիշատակը տօնում է Ս. Խաչին յաջորդող չորրորդ կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ սուրբ Փոկաս հայրապետի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: