«Ելցէն ի վերնական զօրութենէ քումմէ՝ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.
Եւ դասակցեալք վերին զօրացն՝ օրհնեն զՔեզ, գովեն եւ փառաւորեն:
Եւ քաջութեամբ արիաբար ճգնեալ. արհամարհելով զչար տանջանս եւ զմահ.
Եւ ձայնակցեալ երից մանկանցն՝ օրհնեն զՔեզ, գովեն եւ փառաւորեն:
Ուստի եւ մեք հաւատացեալքս ի Քեզ կատարեսցուք զյիշատակ սրբոց վկայիցն.
Եւ ընդ նոսին համաձայնեալք՝ օրհնեմք զՔեզ, գովեմք եւ փառաւորեմք»:
(Շարակնոց)
Երանելի Ալեքսիանոսը Հռոմ քաղաքի մեծ իշխան եւ փառաւոր պատրիկ Եֆիմիանոսի որդին էր, որն ապրում էր Թէոդոս Մեծի որդիների՝ բարեպաշտ թագաւորներ Արկադիոսի եւ Ոնորիոսի օրօք: Եֆիմիանոսը մեծահարուստ էր, ունէր բազմաթիւ գաւառներ, երեք հազար ծառաներ՝ ոսկէկազմ երիվարներով, դիպակազգեստ հանդերձներով: Նա խիստ աստուածավախ էր, ունէր շինած եկեղեցի եւ վերնատուն: Նստում էր այնտեղ, եւ գալիս էին աղքատները, որովհետեւ նրանք սովոր էին ու գիտէին, որ երբ նա անզբաղ էր լինում սուրբերի եւ տէրունական տօների օրերին, եկեղեցու վերնատանն ընթրելուց յետոյ նստում էր պատուհանի մօտ եւ հետեւում իրենց, որ չլինի թէ մէկը գնայ առանց օգտուելու իր ողորմութիւնից: Աղքատները մտնում էին նրա մօտ, եւ նա իր ձեռքով իր ունեցուածքից բաշխում էր բոլորին: Եֆիմիանոսը կացարան էր շինել աղքատների եւ հիւանդների համար ու իր աշխատավարձից հոգում էր նրանց կարիքները՝ առատապէս բաշխելով իր հոգաբարձուների ձեռքով: Նրանց վերակացուն էր եւ խանդաղատանքով էր լցուած տկարների հանդէպ: Իր պալատի տարածքում ունէր սուրբ Աստուածածնի անունով շինուած եկեղեցի, իսկ եկեղեցու բակում իր համար գերեզմանատուն էր շինել: Նա այսպիսի սովորութիւն ունէր. ամէն օր մտնելով այնտեղ՝ նայում իր գերեզմանատեղին եւ ինքն իրեն ասում. «Ո՛վ անձ իմ, այս է քո օթեւանը եւ բնակավայրը: Մի՛ խաբուիր եւ մի՛ ունայնացիր այս սնոտի փառքով», եւ նոր սկսում էր իր օրը: Իսկ նրա կինը, որի անունը յունարէն Աղլայիս էր, հռոմէացիների լեզուով՝ Աքիղա, իսկ մեր լեզուով՝ Աննա, խիստ բարեպաշտ, աստուածասէր, ողորմած եւ գորովագութ կին էր: Նա ամուլ էր եւ զաւակ չունէր, որի համար միշտ տրտում էր ու անդադար ողբում Աստուծոյ առաջ: Սիրում էր ուրիշների զաւակներին եւ երանի տալիս նրանց ծնողներին: Իսկ Եֆիմիանոսը վշտանում էր իր սիրելի կնոջ տրտմութեան համար եւ չէր կարողանում դադարեցնել նրա սուգը, որի համար յանդիմանեց նրան Ոնորիոս թագաւորի եւ մեծ քահանաների առաջ: Իսկ երբ առանձին մնացին, բարեպաշտ Աղլայիսը Եֆիմիանոսին ասաց. «Տէ՛ր իմ, ինչո՞ւ ես նախատում ինձ ու արգելում սգալ: Ինչպէ՞ս չսգամ իմ անզաւակութեան համար, քանի որ տեսնում եմ, որ գազանները, անասունները եւ թռչուններն ունեն իրենց ձագերը եւ ցնծալով մխիթարւում են Աստուծոյ տուածով: Եւ նոյն Աստուծոյ օրհնութիւնն է՝ տրուած նախահայրերին ու Աստուածամօր ծնողներին: Բայց տեսնում եմ, որ ես զրկուած եմ դրանից, որի համար սգում, լաց եմ լինում եւ ողբում Աստուծոյ առաջ, որ գուցէ ողորմի անարժանիս ու ինձ զաւակ պարգեւի, որը բարի եւ աստուածասէր լինի, այլապէս թող չտայ: Իսկ դու, տէ՛ր իմ, յանդիմանում ես ինձ որպէս անհարկի բան խնդրողի եւ թոյլ չես տալիս հանգիստ ողբալ իմ թշուառութիւնը առատաբաշխ եւ ողորմած իմ Տիրոջ ու Արարչի առաջ»: Երանելի Աղլայիսն առանձին այսպիսի եւ նման խօսքեր ասաց իր ամուսնուն, որովհետեւ նա զարդարուած էր մեծ ամօթխածութեամբ:
Եւ երբ աստուածասէր Եֆիմիանոսն իր սիրելի կնոջից լսեց այս ամէնը, արդարացրեց նրա ասածները, ինքը եւս լցուեց տրտմութեամբ եւ սկսեց արտասուքներով պաղատել Տիրոջը: Այդ օրուանից դիմեց վանքերին եւ սուրբերին՝ խնդրելով աղօթել Տիրոջը՝ բարի զաւակ ունենալու համար: Առատապէս ընծայաբերութիւններ էին անում վանքերին, հանում էին իրենց գանձերը եւ անխնայ բաշխում բոլորին, ում պէտք էր լինում: Եւ Աստուած լսեց երանելիների ու սուրբերի աղաչանքները, որոնք խնդրում էին նրանց համար, ու նրանց արու զաւակ տուեց:
Երբ մանուկը ծնուեց, անպատմելի ուրախութիւն եղաւ, եւ գրեթէ ամբողջ քաղաքն ուրախացաւ նրանց հետ: Ոնորիոս թագաւորը եւ եպիսկոպոապետը եւս, գալով Եֆիմիանոսի պալատ, ուրախացան նրանց հետ: Մանկան մկրտութեան օրը թագաւորի եւ հայրապետի հետ դարձեալ հանդիսաւոր ուրախ տօնակատարութիւն արեցին ու մանկան անունն Ալեքսիանոս դրեցին: Նրա երանելի մայրը գիշեր թէ ցերեկ չէր դադարում արտասուքներով աղօթել Աստծուն՝ մանկան աստուածսիրութեան եւ բարեպաշտութեան համար: Նա ասում էր. «Իմ այս ուրախութիւնը կատարեալ չի լինի, եթէ չտեսնեմ իմ որդի Ալեքսիանոսին՝ վառուած Աստուծոյ սիրով»:
Երբ մանուկը մեծացաւ, նրան տուեցին կրթուելու փիլիսոփայական գիտութիւնների ուսմունքով, եւ նա սովորեց հռետորական ողջ իմաստութիւնը: Խիստ ուսումնասէր եւ անչափ աստուածասէր լինելով՝ սովորում էր նաեւ Հին եւ Նոր կտակարանների ամբողջ վարդապետութիւնն ու օրըստօրէ վառւում աստուածային սիրով: Տեսնելով տղայի բարեպաշտութիւնը՝ երանելի ծնողները գոհանում էին Աստծուց՝ Իր ողորմութեան համար եւ ասում. «Ահա լրացաւ մեր կիսատ ուրախութիւնը, որովհետեւ տեսնում ենք մեր որդեակին այսպիսի լաւ առաջադիմութեամբ»:
Ալեքսիանոսը զարդարուած էր բոլոր առաքինութիւններով: Նրա համար ոչինչ էին ծնողների հարստութիւնն ու երեւելի փառքը: Հեզ էր եւ խոնարհ, մեղմ եւ յոյժ իմաստուն, խոհեմ եւ լի Սուրբ Հոգով, հլու հնազանդ՝ իր ծնողներին: Ունէր վայելչատես, գեղեցիկ, արեգակնակերպ պատկեր, քնարի պէս զօրաւոր եւ քաղցր ձայն ու խիստ սիրելի էր թագաւորի, հայրապետի ու բոլոր իշխանների աչքին: Ալեքսիանոսի ծնողները զարդարում էին նրան իշխանական ճոխութեամբ: Նրանց սիրտը բերկրում էր իրենց պայծառ զաւակի համար: Ընտելացնում էին թագաւորի պալատին՝ շարունակ տանելով նրան թագաւորի մօտ, որովհետեւ բարեպաշտ Ոնորիոս թագաւորն ինքն էր պատուիրում Եֆիմիանոս մեծ պատրիկին՝ արքունիք բերել պատանի Ալեքսիանոսին՝ թագաւորի եւ սինկղիտոսների պաշտօնական յանձնարարութիւնները կատարելու համար: Եւ տեսնելով պատանու հմուտ ծառայութիւնը եւ հանճարեղ միտքը՝ գովելով գովում էին նրան եւ կանխատեսում, թէ այսպիսի խոհեմութեամբ նա մեծ փառքի պիտի հասնի թագաւորի կողմից ու լինի նրա թագաւորութեան երկրորդ մարդը, եւ երանի էին տալիս նրա հօրն այդպիսի զաւակի համար: Թագաւորից ու նրա մեծամեծներից այս եւ նման խօսքեր լսելով՝ հօր սիրտը լցւում էր ուրախութեամբ: Այս ամէնը գնալով պատմում էր իր կողակցին՝ Ալեքսիանոսի մօրը, եւ նրանք ցնծում էին իրենց սրտերում, պարծենում նրանով եւ իրենց հարստութիւնն ու փառքն առաւել շատ նրան էին համարում: Իսկ երանելի Ալեքսիանոսը երբ տեսնում էր, որ շրջապատուած է այդպիսի մեծ սիրով ու գովասանական պատիւներով, չէր ախտանում դրանցով, սակայն վախենում էր, որ գուցէ երբեւէ յափշտակուի իր շուրջը եղած փառքով ու հարստութեամբ: Ուստի աղօթում էր Աստծուն ու խնդրում փրկել իրեն մոլորեցնող փառքից եւ այդ հարստութիւնից ու շնորհել, որ Աստուծոյ հետ ապրի անզբաղ կեանքով եւ ծառայի Տիրոջը, սակայն չգիտէր ինչպէս, որովհետեւ դեռեւս պատանի էր:
Երբ երանելի Ալեքսիանոսը դարձաւ տասնութ տարեկան, թագաւորն ու սինկղիտոսներն այլեւս թոյլ չտուին Եֆիմիանոս պատրիկին շարունակ սպասել պատանու կամքին: Նրանք ցանկանում էին շուտ ամուսնացնել նրան, որովհետեւ իշխանները, որոնք դուստրեր ունէին, ջանում էին խլել պատանուն եւ փեսայացնել: Իսկ Ալեքսիանոսի երանելի ծնողները, բարեպաշտ եւ աստուածասէր լինելով, տեսնում էին պատանու առաքինութիւնը եւ չէին կամենում ամուսնացնելով տրտմեցնել նրան: Եւ երբ թագաւորն ու մեծամեծները որոշեցին, որ պատանին պէտք է ամուսնանայ աշխարհի կարգով, Եֆիմիանոսը նրանց կամակից եղաւ:
Այնժամ նրան նշանեցին թագաւորազուն մեծ իշխանի դստեր հետ, որը յոյժ գեղեցիկ էր եւ զարդարուած ամօթխածութեամբ: Եւ տուն գալով՝ Եֆիմիանոսը պատրաստուեց մեծ ուրախութեան, ինչպէս աշխարհի կարգն էր, իսկ երանելի Ալեքսիանոսը գնաց եկեղեցի, արտասուքներով ընկաւ Տիրոջ առաջ եւ ասաց. «Տէ՛ր ողորմութեան եւ Աստուա՛ծ գթութեան, կատարի՛ր իմ փափագը, որ ունեմ առ Քեզ անբասիր սրբութեամբ: Մի՛ թող, որ շաղախուեմ այս աշխարհի ապականութեամբ ու մերժուեմ Քո սիրուց»: Եւ այսպէս արտասուքներով երկար աղօթեց: Ալեքսիանոսի ընկերներն, իմանալով նրա տրտմութեան պատճառը, յայտնեցին նրա հօրը՝ Եֆիմիանոսին: Այնժամ նա իր մօտ կանչեց իր սիրելի մինուճար որդուն եւ առանձին ասաց. «Այս ի՞նչ բան է, որդեա՛կ, քո անտանելի տրտմութեա՞մբ ես հատուցում քո ծնողներին: Մեր ուրախութեան փոխարէն դու՝ որպէս ծնողներին անհնազանդ եւ ապստամբող զաւակ, քո ցուցաբերած տրտմութեամբ եւ տխրութեամբ մեզ նախատինք ես դարձնում թագաւորի ու մեծամեծների առաջ: Որդեա՛կ, ինչո՞ւ ես ուզում քեզ համար խստակրօն վարք ընտրել: Նայի՛ր եւ տե՛ս, որ թէ՛ Հնում եւ թէ՛ Նորում սուրբերն ու Նրա սիրելիներն, ամուսնացած լինելով, ընտրուեցին միայն աստուածային սէր ունենալու համար: Բոցավառուի՛ր այդ սիրով եւ մի՛ վախեցիր աշխարհի ունայնութիւնից»: Երանելի մայրը եւս աղերսում էր նրան եւ ասում. «Սիրելի՛ զաւակ, քո տրտմութեամբ մի՛ տխրեցրու քո ծնողներին, այլ խոնարհուի՛ր մեր կամքին՝ օրհնութիւն առնելով ըստ քո արժանաւոր հնազանդութեան եւ իմաստութեան»:
Իրենց խոհեմ որդուն այս եւ նման հաճոյական խօսքեր ասելուց յետոյ երանելի Ալեքսիանոսը ցածր ձայնով եւ ամօթխածութեամբ պատասխանեց. «Թող Տիրոջ կամքը լինի», ու այլ ոչինչ չլսեցին նրանից: Ծնողներն ապաւինեցին այդ խօսքին, որովհետեւ համարեցին, թէ նա իր հնազանդութեամբ ընդունեց իրենց պատուէրը, որի համար ասաց՝ թող Տիրոջ կամքը լինի: Սակայն խոհեմ պատանին չկամեցաւ խառնել իր հօր տունը եւ թագաւորական մեծամեծներին ու իր վրայ պատերազմ բերել: Այդ պատճառով չյայտնեց նրանց իրենց անցանկալի խօսքը, իսկ իր փափագելի խորհրդի կատարումը յանձնեց Աստծուն: Նա չէր դադարում խնդրել՝ աշխարհից իրեն ազատելու համար, բայց տարակուսած չէր կարողանում մի ելք գտնել, թէ ինչպէս ազատուի աշխարհից եւ սպասում էր Աստուծոյ տնօրինութեանը: Եւ մինչ երանելին այս մտորումների մէջ էր, մեծամեծ իշխանները թագաւորի հետ արագացրին Ալեքսիանոսի հարսանիքը, որովհետեւ կասկածում էին, որ գուցէ նա դարձեալ երկմտի:
Եւ Ալեքսիանոսին թագաւորական հարսանիք արին, որովհետեւ հարսը թագաւորական տոհմից էր, իսկ փեսան սիրելի էր թագաւորին եւ մեծամեծներին: Թագաւորի հրամանով հաւաքուեցին Հռոմի տան կառավարիչները, կուսակալներն ու մեծամեծները եւ ցնծութեամբ ու անպատմելի շքեղութեամբ հարսանիք արին, ինչպէս որ վայել է թագաւորին շատ սիրելի, մեծ եւ բարեպաշտ պատրիկին: Հարսանիքից յետոյ պսակադրուեցին սուրբ Օնիֆատոս մեծ եկեղեցում, տղային ու կնոջը բերեցին տուն եւ անպատմելի ուրախութեամբ շարունակեցին հարսանիքն ու մեծաշուք պատիւ տուեցին բոլոր մեծամեծներին: Ալեքսիանոսին ուրախացնելու համար բոլորը զարդարուեցին շքեղազարդ պայծառութեամբ: Քաղաքի բազմութիւնը՝ մեծից փոքր, եկան նրանց տուն՝ ուտելու եւ խմելու: Այնժամ երանելի Ալեքսիանոսը, հեռանալով տան զարդարուած սենեակից, ուր հարսն էր, մտաւ այլ առանձին սենեակ: Իշխանազուն հասակակիցները հաւաքուեցին նրա մօտ, ապա գնացին եւ յայտնեցին հօրը: Հայրը եկաւ որդու մօտ եւ ասաց. «Որդեա՛կ, ինչո՞ւ ես այստեղ եկել, մի՞թէ քեզ համար չեն հաւաքուել քաղաքի բազմութիւնը՝ թագաւորով հանդերձ: Արի՛, որդեա՛կ, գնա՛ կնոջդ մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ուրախացի՛ր»: Եւ բռնելով նրա ձեռքից՝ տարաւ առագաստի սենեակ՝ իր կնոջ մօտ: Երբ Ալեքսիանոսը տեսաւ կնոջը, ասաց նրան. «Խաղաղութի՛ւն քեզ, Քրիստոսի՝ երկնաւոր Փեսայի՛ հարս»: Եւ քանի որ հարսը կամենում էր խօսել ցանկալի փեսայի հետ, ցածր ձայնով եւ պատկառանքով պատասխանեց. «Թող Աստուծոյ ողորմութիւնը թիկունքից հասնի քեզ, ընտրեա՛լդ Աստուծոյ՝ երկնաւոր Թագաւորի»: Զարմացաւ երանելի եւ իմաստուն պատանին իր կնոջից լսած այս խօսքերից որպէս Աստուծոյ թելադրանքով ասուած պատշաճ խօսք, որի համար երանելու սիրտը լցուեց ուրախութեամբ: Տեսնելով փեսայի ու հարսի ուրախութիւնը՝ ծնողներն անասելի ուրախացան իրենց սրտերում: Եւ երբ հասաւ ժամը, ըստ աշխարհի կարգի, նրանց առագաստ մտցրին: Այնժամ Ալեքսիանոսը կանգնեց՝ աղօթելու առ Աստուած եւ ասաց. «Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Տէ՛ր Աստուած, ո՞ւր են Քո նախկին ողորմութիւնները, երբ փրկեցիր Դանիէլին առիւծների բերանից: Տէ՛ր, փրկի՛ր եւ ինձ մարմնի գազանից: Ինչպէս փրկեցիր երեք մանուկներին հնոցի հրից, փրկի՛ր եւ տառապեալիս այս հրից, որպէսզի ապրեմ Քո առջեւ անզբաղ մտքով: Եթէ այս հաճոյ է Քեզ, Տէ՛ր իմ, թող Քո կամքը լինի, իսկ եթէ ոչ՝ ցո՛յց տուր կարօտեալիս Քո զօրութիւնը Քո այցելութեամբ: Ողորմի՛ր ինձ եւ ցո՛յց տուր ճանապարհ, որպէսզի հաստատուեմ մի ճանապարհի վրայ: Մի՛ թող ինձ, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ, այլ Քո ողորմութեամբ յիշի՛ր իմ սրտի բաղձանքը, որ ունեմ առ Քեզ»: Այսպէս աղօթում էր իր սրտում: Նրա շրթունքները չէին շարժւում, եւ Տիրոջ առջեւ աղբիւրի պէս արտասուքներ էին հոսում աչքերից:
Այնժամ Աստուած Իր ողորմութեամբ գթաց Իր սիրելի ծառային, ծագեցրեց նրա սրտում Իր ողորմութեան լոյսը, եւ նրա հոգին լցուեց անճառելի ցնծութեամբ: Երկնքից իմանալի ձայն լսեց հոգում, որն ասաց. «Հեռացի՛ր քո տնից, արի՛ Իմ յետեւից աղքատութեան ճանապարհով, եւ Ես քեզ հանգիստ կը տամ: Այլեւս մի՛ վախեցիր, որովհետեւ Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: Եւ երբ Տիրոջից լսեց այս իմանալի ձայնը, երանելի Ալեքսիանոսը լցուեց անճառելի ուրախութեամբ եւ օրհնեց բարերար Աստծուն: Իր ունեցածից վերցրեց այնքան, որքան կամեցաւ, բալասանը ծրարելով տուեց աղջկան ու ասաց. «Լծակի՛ց իմ եւ քո՛յր իմ, վերցրո՛ւ սա որպէս աւանդ»: Ապա իր ձեռքից հանեց մատանին, տուեց նաեւ այդ ու ասաց. «Պահի՛ր այս յիշատակը եւ սպասի՛ր ինձ, մինչեւ գնամ եկեղեցի, աղօթեմ ու վերադառնամ: Կ՚անենք այնպէս, ինչպէս հաճելի է Աստծուն: Իսկ եթէ ուշանամ, չվշտանաս, որովհետեւ պէտք է, որ Աստուծոյ ծառաներն ամէն բան աղօթքով ստանան»: Աղջիկը պատկառանքով ասաց նրան. «Տէ՛ր իմ, ինչո՞ւ ես եկեղեցի գնում, աղօթիր այստեղ՝ քո սենեակում, որ ես եւս աղօթեմ»: Նրան մխիթարելու համար երանելի Ալեքսիանոսը քաղցրութեամբ ասաց. «Սիրելի՛ լծակից եւ քո՛յր իմ, ես պէտք է գնամ Նրա մօտ, Ով այցելեց ինձ Իր շնորհներով եւ լուսաւորեց, որպէսզի աղաչեմ Նրան՝ ինձ փորձութիւնից փրկելու համար»: Այս ասելով՝ դուրս եկաւ առագաստի սենեակից, ու ոչ ոք չտեսաւ նրան: Գնաց սուրբ Աստուածածնի եկեղեցի, ծնրադրեց եւ ցաւագնած սրտով աղբիւրաբար արտասուքներ հեղեց՝ խնդրելով, որ թշնամուց անփորձ՝ գլուխ բերի իր ընթացքը: Եւ իսկոյն եկեղեցում սուրբ Աստուածածնից ձայն լսուեց՝ ազդելով նրա հոգուն. «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: Գոհանալով Տիրոջից՝ գնաց ծովափ եւ Աստուծոյ առաջնորդութեամբ մի նաւավար գտաւ: Առջեւում եղած նաւի մակոյկով նաւավարը կամենում էր գնալ դէպի իր նաւը: Երանելին հարցրեց. «Ե՞րբ էք կամենում նաւել»: Նաւավարն ասաց. «Այժմ ամէն բան պատրաստ է, եւ քամին նպաստաւոր է, ահա կամենում եմ բարձրացնել առագաստը»: Ալեքսիանոսն ասաց. «Ե՛կ գնանք դէպի քո նաւը, եւ ես կ՚ասեմ, թէ ինչ է քեզ հրամայուած»: Եւ նստելով մակոյկը՝ գնացին: Նաւավարը, որը ճանաչեց թագաւորակերպ պատանուն՝ հռչակաւոր Ալեքսիանոսին, քանի որ ինքը եւս մասնակցում էր նրա հարսանեաց ուրախութեանը, ասաց. «Այժմ հրամայի՛ր, տէ՛ր իմ, որ կատարեմ ինձ հրամայուածը»: Երանելին ասաց. «Թագաւորը շտապ մի գաղտնի գործ է յանձնարարել եւ բացի ինձնից՝ նա ոչ ոքի չի վստահել: Եւ այնքան հրատապ է, որ նախքան լուսաբացը շտապում եմ գնալ յաջողակ հողմով: Արդ, մի՛ յապաղիր, այլ շուտափոյթ գնա՛»:
Երբ նաւավարը լսեց թագաւորական հրամանը, մեծ երկիւղով արագ-արագ բարձրացրեց նաւի առագաստը, եւ շարժուեցին բարենպաստ եղանակով: Նաւավարն ասաց. «Արքայավայե՛լ իմ տէր, ո՞ւր է հրամայուած գնալ»: Երանելին պատասխանեց. «Լիբանանի մայրաքաղաքը»: Երբ տեղ հասան, Ալեքսիանոսը պատուիրեց եւ սպառնալով ասաց. «Թող ոչ ոք չիմանայ իմ այստեղ գալու մասին, թէ ով եմ ես, որպէսզի որեւէ մէկը թշնամութիւն չանի թագաւորական գաղտնի գործին եւ չպատժուի ըստ արժանւոյն»:
Եւ հանելով իր թագաւորական հանդերձները՝ հագաւ հասարակ հանդերձներ ու ելաւ նաւից: Նաւում եղողները հաւատացին նրան, իսկ քաղաքում ոչ ոք չիմացաւ, թէ նա ով էր: Երանելի Ալեքսիանոսը փափագում էր մարմնաւոր աչքերով տեսնել Քրիստոսի տնօրինական վայրերը եւ սուրբ Դաստառակը ու մտածում էր գնալ Երուսաղէմ, սակայն վախեցաւ, որ գուցէ այնտեղ ճանաչեն իրեն: Եւ վաճառականների հետ ճանապարհուեց Եդեսիայի Ուռհա քաղաքը, այնտեղ բաժանեց ամէն բան, ինչ ունէր իր մօտ, ինչպէս նաեւ իր ծիրանու գինը, որը վաճառել էր ճանապարհին, քիչ-քիչ ծածուկ տուեց աղքատներին այնպէս, որ մէկը միւսինը չիմացաւ: Իսկ ինքն աղքատի մազեղէն հագուստ հագաւ եւ գնալով սուրբ Աստուածածնի տաճար՝ աղօթեց, իրեն յանձնեց սուրբ Տիրամօրը եւ բնակուեց այնտեղ: Ուխտեց եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ ես եկեղեցի չեմ մտնի, մինչեւ չիմանամ, որ Տէր Աստուած ներել է իմ մեղքերը»: Եւ ժամանակ առ ժամանակ խառնուելով եկեղեցու գաւթի աղքատներին՝ նրանց հետ ողորմութիւն էր խնդրում եկեղեցի մտնողներից:
Եւ ձեռք բերեց խիստ ճգնողական վարք. ծածկած էր պահում իր երեսը, եւ անդադար արտասուքներ էին հեղւում նրա աչքերից: Սուրբ Աստուածածնի եկեղեցու գաւթի առանձին, աննկատ տեղում նա ունէր իր հանգստարանը: Ճաշակում էր շաբաթական մէկ անգամ, ուտում էր երկու ունկի[1] հաց եւ խմում նոյն չափով ջուր: Բոլորը սիրում էին նրան իբրեւ Աստուծոյ ծառայի եւ ընտրեալ մէկի, քանզի թէպէտ երանելին ճգնում էր ծածուկ, սակայն նրա վարքի անուշահոտութիւնը յայտնի էր լինում բոլորի սրտերին:
Իսկ երանելու կողակիցը երկար ժամեր համբերութեամբ սպասեց նրան: Ալեքսիանոսն այնքան ուշացաւ ու չեկաւ, որ աղջիկն սկսեց լաց լինել: Երբ դրսից լսեցին նրա լացի ձայնը, եւ եկան ու հարցրին պատճառը, նա ասաց. «Փնտռէ՛ք Ալեքսիանոսին, գուցէ այլեւս չգտնէք նրան»: Պատմեց նրա պատուէրների ու ողջ վարմունքի մասին եւ ցոյց տուեց մատանին, որը թողեց իրեն որպէս յիշատակ: Երբ այս ամէնը լսեցին, իսկոյն ամէն բան տեղեկացրին ծնողներին: Իսկ նրանք, ստուգելով լսած խօսքերը, խառնուեցին իրար, եւ նրանց ուրախութիւնը վերածուեց սուգի ու ողբի:
Առաւօտեան, երբ ծագեց լոյսը, այդ մասին իմացան նաեւ թագաւորն ու մեծամեծները, եւ բոլորը սարսափեցին: Երեք օր փնտռեցին այնտեղ, ուր կարող էին, բայց չգտան: Հարցուփորձ արեցին բոլոր ճանապարհներին, սակայն ոչ ոք որեւէ բան չյայտնեց: Եւ երբ իմացան, որ գիշերուայ մէջ մի նաւ է գնացել յաջողակ հողմով, այնժամ ստոյգ իմացան Ալեքսիանոսի փախուստի մասին: Արդ, դու ե՛կ այստեղ ու տե՛ս նրա ծնողների, ազգատոհմի եւ ողջ քաղաքի աղէտալի վիշտը, որոնք պատուելով սիրում էին նրան իբրեւ Աստուծոյ հրեշտակի: Երանելու մայրը՝ տիկին Աղլայիսը, իմանալով Ալեքսիանոսի փախուստի մասին, մեռելի պէս նուաղելով ընկաւ գետնին, եւ մի կերպ նրան ուշքի բերեցին: Երբ նստեց, աղիողորմ լաց եղաւ ու ասաց. «Ինձ մօտ բերէք լացող կանանց, որ ողբան ինձ՝ թշուառ մօրս համար: Մենք եղանք մեր ցանկալի եւ առաքինի սուրբ զաւակի փախուստի պատճառը: Արդ, եկէ՛ք, ո՛վ պատուական մեծամեծ կանայք, լացէ՛ք եւ ողբացէ՛ք մոլորեալիս համար, որովհետեւ այլեւս չեմ տեսնելու իմ սիրեցեալ զաւակին: Եւ արդ, ո՛վ Ալեքսիանոս, ի՞նչ արիր քո խեղճ ծնողներին: Ինչպէ՞ս դիմանամ՝ չտեսնելով իմ սիրելի որդուն, իմ աչքերի լոյսին, իմ հարստութեանը եւ իմ պարծանքին, որին Աստծուց ստացայ շատ խնդրանքներով, բայց շուտով կորցրի: Ես եղայ այս նեղութեան, վշտի եւ բազում փորձանքների պատճառը, որովհետեւ չթողեցի նրան իր կամքով սրբութեամբ ապրել մեզ հետ: Եւ այժմ որդեա՛կ, դու, որ մեծացել էիր թագաւորական գահին, որտե՞ղ ես օթեւանում, փողոցո՞ւմ, թէ՞ բաց երկնքի տակ»: Եւ նրա ամբողջ տունն սկսեց կսկիծով ողբալ: Գրեթէ ամբողջ քաղաքը ցնցուելով խառնուեց իրար եւ ողբաց նրա յանկարծակի փախուստի համար: Աղիողորմ լալիս էին նաեւ թագաւորն ինքն ու իր մեծամեծները: Հռոմի երանելի Ինոկենտիոս հայրապետը եկաւ Եֆիմիանոսի ապարանք եւ մխիթարեց նրան՝ ասելով. «Թէպէտ նա փախել է աշխարհի հարստութիւնից, մարմնապէս նեղութեան, վշտի եւ տանջանքների մէջ է, որի համար աղիողորմ լաց էք լինում, սակայն նա այդ հասկանալով է արել որպէս իր փրկութեան եւ պսակների առիթ: Ես ասացի ձեզ՝ մի՛ կապէք նրան աշխարհի, այլ երկնաւորի հետ, որովհետեւ տեսնում էի նրա հոգու լուսաւորութիւնը: Եւ այժմ այդ դուք արեցիք, որ մերժուեցիք նրա ամենամաքուր վարքի տեսութիւնից»: Ալեքսիանոսի բարեպաշտ մայրն ասաց. «Այո՛, սո՛ւրբ հայրապետ, մենք նրան վտարանդի դարձրինք եւ զրկուեցինք նրա անուշահոտ վարքից ու նրան տեսնելուց: Եւ այժմ ինչպէ՞ս մխիթարուի որդեկեր գազան մայրս»: Այնպէս էր եղունգներով ճանկռում ինքն իրեն, որ երանելի սուրբ հայրապետը, խղճալով մօրը, եւս լաց եղաւ, եւ ամբողջ բազմութիւնն արիւն-արտասուք թափեց: Հռոմի սուրբ Ինոկենտիոս հայրապետը, դարձեալ խօսելով, մխիթարեց Աղլայիսին եւ ասաց. «Լսի՛ր ինձ, տիկի՛ն, եւ հաւատա՛ խօսքիս, որ ժամանակ անց տեսնելու ես Ալեքսիանոսին եւ պիտի մխիթարուես քո կեանքի վերջին օրերում»:
Հայրապետը գնաց: Նրա այս մարգարէութիւնը ոչ քիչ մխիթարութիւն եղաւ Ալեքսիանոսի մօր համար: Բայց նա սովորոյթ դարձրեց օրը մէկ անգամ լաց լինել՝ նայելով ծովին եւ դրանով փոքր-ինչ մխիթարուել: Երդուեց, որ դուրս չի գայ իր տանից, մինչեւ չտեսնի իր պանդուխտ որդուն: Երդուեց նաեւ իր կողակիցը, որ չի նստի պատուաւոր տեղում, այլ միայն իր տան աննկատ մի անկիւնում: Նա ուղարկեց իր ծառաներին՝ ամբողջ ծովեզերքով ու ամբողջ կղզում հարցուփորձ անելու եւ որոնելու, բայց ոչինչ չկարողացան իմանալ նրա մասին: Ման գալով փնտռեցին, բայց ոչ ոք չկարողացաւ ոչինչ յայտնել նրա մասին: Եւ այդպէս տխրութեամբ եւ արտասուքներով վերադարձան իրենց տիրոջ մօտ:
Իսկ մէկ տարի անց, այն նաւավարը, որը երանելուն անց էր կացրել ծովի միւս կողմը, եկաւ Հռոմ եւ պատմեց ամէն բան, որ եղաւ նաւում, եւ թէ ինչպէս նա այլափոխուելով հրամայեց իրեն ոչ ոքի ոչինչ չյայտնել: Այնժամ իսկույն մարդիկ ուղարկեց Լիբանանի մայրաքաղաքը՝ հարցուփորձ անելու, որտեղ իմացան, որ այդպիսի մէկը գնացել է եդեսիացիների հետ: Եկան Եդեսիա (Ուռհա) եւ այնտեղ շատերին հարցնելուց յետոյ չկարողացան ոչինչ իմանալ ու կամեցան վերադառնալ: Ապա եկան՝ աղօթելու սուրբ Աստուածածնի եկեղեցում եւ կարօտեալներին ինչ-որ բան բաշխելու: Այնտեղ էր նաեւ երանելին՝ նստած աղքատների հետ, որը եւս նրանցից ողորմութիւն ստացաւ: Եւ Աստուծոյ սուրբ Ալեքսիանոսը գոհացաւ, որ այնքան աղքատացաւ Տիրոջ համար, որ իր ծառաների ձեռքից ողորմութիւն առաւ: Եֆիմիանոսի ծառաները մտան տաճար՝ աղօթելու, իսկ երանելի Ալեքսիանոսը, մի տեղում մեկուսի կանգնած, ծածկած երեսով լսում էր նրանց աղօթքը: Նրանք դառն արտասուքներով ողբում էին սուրբ Աստուածածնի առաջ եւ ասում. «Ո՛վ Տիրուհի, երկնքի՛ Թագուհի, ինչո՞ւ չողորմեցիր մեր տէր Ալեքսիանոսի խեղճ ծնողներին, որոնք, այնքան ողորմած եւ բարեպաշտ լինելով, ոչ մի մխիթարութիւն չգտան քեզնից՝ իրենց սիրելի զաւակի եւ մեր տիրոջ համար: Եւ այժմ ինչպէ՞ս գնանք նրանց մօտ եւ ի՞նչ լուր տանենք նրանց, քանզի մեզնից մխիթարութիւն են սպասում»: Իր ծառաներից լսելով այս ամէնը եւ խղճալով իր ծնողներին՝ ճմլուեց նրա սիրտը, ծածուկ դառն արտասուքներ հեղեց եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր, մի՛ յանդիմանիր տառապեալիս՝ ինձ յայտնելով նրանց, այլ ողորմի՛ր իմ ողորմելի ծնողներին եւ մխիթարի՛ր նրանց, որ վշտանում են անարժանիս համար»: Եւ անմխիթար սգալով՝ Ալեքսիանոսի ծառաները գնացին: Ապա երանելին, դառնալով ինքն իրեն, ասաց. «Ո՛վ անարժան Ալեքսիանոս, տե՛ս, թէ ինչ անտանելի սգով ես վշտացրել քո բարեպաշտ խեղճ ծնողներին: Ուրեմն պէտք է, որ դու եւս վիշտ կրես մեծ նեղութեամբ ու չգտնես ոչ մի հանգիստ եւ մխիթարութիւն»: Այնուհետեւ իրեն մատնեց ճգնութեան ու անտանելի նեղութիւնների: Ծածկելով իր երեսը՝ չէր կամենում տեսնել աշխարհի գեղեցկութիւնն ու վայելչութիւնը եւ մխիթարուել ընկերների հետ զրուցելով: Եկեղեցու գաւթում առանձնացաւ մարդկանցից՝ որպէս աղքատ մէկը, եւ ոչ ոք չկարողացաւ ճանաչել նրա արարքի մեծութիւնը: Եւ եթէ մէկը հարցնում էր նրան, թէ՝ ինչո՞ւ ես ծածկած պահում քո աչքերը, պատասխանում էր՝ ցաւում են, երբ նայում եմ լոյսին:
Այսպէս երանելի Ալեքսիանոսը տասնեօթ տարի ապրեց Եդեսիա քաղաքում, երկու անգամ տեսաւ Քրիստոսի անձեռագործ պատկերի սուրբ Դաստառակը եւ մխիթարուեց Քրիստոսի հանդէպ ունեցած անսահման սիրով, այնքան որ Տէրը գթաց Իր ծառային եւ նրա մօտ ուղարկեց Իր հրեշտակների զօրքերին, որպէսզի նրա հետ լինելով՝ մխիթարեն նրան: Եւ հրեշտակները գալով յայտնապէս երեւացին նրան եւ խօսակցելով մխիթարեցին: Ամէն օր յայտնապէս երեւալով՝ սպասաւորում եւ սփոփում էին երանելուն ու այլեւս չհեռացան նրանից, այլ մնացին նրա հետ՝ երեւալով ու խօսակցելով եւ մեծապէս մխիթարելով մինչեւ երանելու վախճանը:
Մի օր, երբ սուրբ Աստուածածնի եկեղեցում ջերմեռանդ հաւատով ընդհանրական պաշտամունք էր մատուցւում, Աստուածամօր կենդանակերպ պատկերից բոլորին լսելի ձայն եկաւ, որն ասաց. «Ինձ մօտ բերէք Աստուծոյ մարդուն»: Բոլորը զարմացան, ահաբեկուեցին ու չգիտէին, թէ ով է Աստուծոյ այդ մարդը: Յաջորդ օրն այն նոյն ահաւոր ձայնն ասաց նոյն բանը, բայց դարձեալ չիմացան, թէ ով է նա, եւ բոլորը զարմացած էին: Սակայն երրորդ օրն այն սոսկալի ձայնը յայտնեց այն տեղը, ուր երանելին էր եւ ասաց. «Նա է, որ բնակւում է եկեղեցու գաւթի այսինչ տեղում: Ինձ մօտ բերէք Աստուծոյ մարդուն»: Եւ ուղարկեցին եկեղեցու սպասաւոր քահանային, որ նա գտնի Աստուծոյ երանելի մարդուն ու բերի եկեղեցի, որովհետեւ իմացան, որ սուրբ Կոյս Մարիամը տեսիլքով երեւացել էր այդ քահանային, ցոյց էր տուել տեղը, թէ ինչպէս է սուրբը բնակւում եկեղեցու փոքր գաւթում ու ասել. «Տա՛ր նրան եկեղեցի, որովհետեւ նրա աղօթքները լսելի եղան Տիրոջ առաջ, եւ շատ նեղութիւններ ու չարչարանքներ է կրել Նրա անուան համար»: Եւ մօտենալով՝ քահանան ծնրադրեց Աստուծոյ երանելի մարդու առաջ եւ ասաց. «Սուրբ Աստուածածինը հրամայում եւ քեզ եկեղեցի է կանչում»: Իսկ Աստուծոյ մարդը մեծ խոնարհութեամբ եւ հեզաբար ասաց. «Տէրն ինձ մօտ չի առաքել քեզ, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ: Չգիտե՞ս, որ ես այստեղի աղքատներից մէկն եմ»: Եւ քահանան ասաց. «Հաստատ գիտեմ, որ դու ես, եւ Տէրը քեզ մօտ է ինձ ուղարկել: Ե՛կ գնանք, սո՛ւրբդ Աստուծոյ»: Եւ ձեռքից բռնած՝ նրան եկեղեցի տարաւ: Հաւաքուած մարդիկ մեծ հիացմունքով եւ ուրախութեամբ սպասում էին սուրբի գալստեանը՝ տեսնելու գովեստի արժանի մարդուն: Կուտակուած նրա վրայ՝ ողջագուրում էին Աստուծոյ մարդուն եւ նրա բարեխօսութեան միջոցով օրհնութիւն խնդրում: Ցածրաձայն ասում էին միմեանց. «Ուրեմն Աստուած բարութեամբ այցելեց այս քաղաքին՝ ցոյց տալով մեզ այս սուրբին»: Աղօթքից յետոյ քահանան ասաց նրան. «Քեզնից մի խնդրանք ունեմ, որ պիտի կատարես»: Սուրբը հարցրեց՝ ի՞նչ: Քահանան ասաց. «Լսի՛ր ինձ, ես իմ տանից կերակուր կը բերեմ, որ ուտես ու զօրանաս»: Աստուծոյ սուրբն ասաց. «Ինչպէս կը պատուիրես»: Քահանան գնաց տուն՝ մի բան բերելու, իսկ Աստուծոյ մարդը, երբ տեսաւ, որ Եդեսիայում յայտնի եղաւ իր առաքինութիւնը, մտքում ասաց. «Պէտք չէ մնալ այստեղ եւ փառաւորուել, որին արժանի չեմ»: Եւ նախքան սուրբին կերակուր բերող քահանայի, դռնապանի ու եկեղեցու սպասաւորի գալը Աստուծոյ երանելի այր Ալեքսիանոսը ծածկաբար հեռացաւ քաղաքից եւ ճանապարհուեց Լաւոդիկէ քաղաք, սակայն այնտեղ Եդեսիայից եկողները եւս ճանաչեցին նրան: Այս տեսնելով՝ մտածեց այնտեղից էլ գնալ Կիլիկիայի Տարսոն քաղաքն ու ասաց. «Այնտեղ ոչ ոք չի կարող ճանաչել ինձ»: Աստուծոյ մարդը գտաւ Տարսոն գնացող մի նաւ եւ նաւավարներին հարցրեց. «Ո՞ւր էք կամենում նաւել, Քրիստոսի՛ ծառաներ»: Եւ նրանք պատասխանեցին՝ Տարսոն: Աստուծոյ մարդն ասաց. «Ինձ էլ վերցրէք ձեզ հետ»: Նաւապետն ասաց նրան. «Մտի՛ր մեզ մօտ, Աստուծո՛յ ծառայ, մեր ունեցած կերակուրը քո առջեւ է», քանզի սուրբի ժուժկալ արտաքինից նաւապետը տեսաւ նրա առաքինութիւնը: Աստուծոյ մարդը նստեց նաւը, եւ երբ խորացան ծովի մէջ, նա տեսիլքով տեսաւ, որ հաւաքուած դեւերն ասում էին միմեանց. «Ո՞վ կարող է յաղթել սրան, քանզի սրա զօրութիւնն ու համբերութիւնը լեռների պէս է»: Այդ դեւերից մի քանիսն ասացին. «Ոչինչ չի կարող յաղթել սրա զօրութեանը: Եթէ կամենում ենք յաղթել, ապա գցենք նրան իր քաղաքը, որովհետեւ երբ ծնողները ճանաչեն նրան, նա կը կորցնի իր բոլոր բարի գործերը, որ արեց»:
Երբ երանելին սթափուեց եւ վեր կացաւ՝ աղօթելու, ահա ուժգին քամուց մրրիկ սկսուեց, մէգն ու մառախուղը պատեցին ու բռնութեամբ վարեցին նաւին: Տարակուսած նաւավարն իրադրութիւնից դուրս գալու ելք չգաւ եւ որոշեց նաւը թողնել հողմի տակ ու այն չվնասել, որովհետեւ նաւավարները շատ ջանացին նաւը կղզի հասցնել, բայց չկարողացան: Ապա նաւը մօտեցաւ Հռոմին, եւ ձմեռելու համար ստիպուած մնացին այնտեղ:
Իր քաղաք մտնելով՝ Ալեքսիանոսի սիրտը ճմլուեց եւ սկսեց աղօթքով սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ խնդրել բարերար Տիրոջն ու ասել. «Տէ՛ր, թող ինձ վրայ չկատարուեն թշնամու խորհուրդները, այլ նրանց շրթունքների վաստակը թող ծածկի իրենց[2]: Եւ թող չասեն՝ վա՜շ-վա՜շ մեզ, որ կործանեցինք նրան, այլ թող զօրանայ Քո Աջը, բարերա՛ր իմ Տէր, եւ բարձր լինի Քո ձեռքը, ու մի՛ թող ինձ Քո ձեռքից»: Ապա մտածեց. «Ես ոչ ոքի վրայ չեմ ծանրանայ, այլ կը գնամ իմ հօր տուն, ուր Տիրոջ զօրութեամբ եւ խնամածութեամբ ոչ ոք երբէք չի կարող ճանաչել ինձ: Երկար աղօթեց արտասուքներով եւ ապա դիմեց իր հօր ապարանքը: Ճանապարհին տեսաւ իր հօրը՝ Եֆիմիանոսին, որը պատուով ու փառքով գալիս էր Ոնորիոս թագաւորի սեղանից: Ի պատիւ իր սիրելի իշխանի՝ նրա հետ էին թէ՛ իր մեծաթիւ եւ եւ թէ՛ թագաւորի զինուորները: Նրա առջեւից տանում էին թագաւորական կերակուրներով սեղան, որովհետեւ ի նշան առաւել սիրոյ եւ պատուի՝ թագաւորներն այդպիսի սովորոյթ ունէին. երբ մէկը լինում էր թագաւորի սեղանին, նա հրամայում էր իր կողմից նրա հետ սեղան տանել պատրաստի կերակուրներից: Եւ այդպէս նրա առջեւից թագաւորական երաժիշտներով եւ տաւիղներով բարձր պահած սեղան էին տանում, որը պատիւ էր: Իսկ երանելի Ալեքսիանոսը բացերես ընդառաջ գնաց իր հօրը, նուաղած ձայնով կանչեց նրան ու ասաց. «Ո՛վ աստուածասէր իշխան, լսի՛ր ինձ յանուն Աստուծոյ»: Երբ աստուածասէր իշխանը լսեց աղքատի ձայնը, անմիջապէս դարձաւ, որովհետեւ յոյժ աղքատասէր էր: Աստուծոյ երանելի այրն ասաց իր հօրը. «Օտար երկրից եմ եկել եւ այստեղ անծանօթ եմ, ընդունի՛ր ինձ յանուն քո պանդուխտ զաւակի, եւ թող Աստուած արժանացնի քեզ, որ տեսնես նրան»: Երբ աղքատից լսեց իր պանդուխտ զաւակի մասին, Եֆիմիանոսի աչքերը լցուեցին արտասուքներով, որոնք չկարողացաւ զսպել: Իր զինուորներին հրամայեց այդ աղքատին իր պալատ բերել, իսկ ինքը գնաց: Եւ երբ մտաւ իր ապարանքը, ասաց. «Ինձ մօտ բերէք այն աղքատին», եւ իր կողակցին պատմեց նրա մասին, ասելով. «Նա սաստիկ ճմլեց իմ սիրտը՝ յիշեցնելով իմ պանդուխտ Ալեքսիանոսին»: Եւ երկուսով սկսեցին լաց լինել ու ասել. «Սիրելի՛ որդեակ, արդեօք որտե՞ղ ես, քանզի անունդ կայ, բայց դու չես երեւում»:
Զինուորները գնացին՝ բերելու նրան եւ ասացին Աստուծոյ երանելի մարդուն. «Ո՛վ աղքատ, այդ ի՞նչ արեցիր մեր տիրոջ խեղճ ծնողներին: Դու նրանց յիշեցրիր իրենց պանդուխտին, եւ ահա ո՞վ կարող է մխիթարել նրանց: Այլեւս մի՛ յիշեցրու՝ ասելով նման խօսքեր, իսկ այժմ ե՛կ գնանք, որովհետեւ նրանք կանչում են քեզ»:
Տեսնելով իր հօրը եւ իր տունը՝ երանելու աչքերն ուռել էին արտասուելուց: Նրա տեսքն այլափոխուած էր խիստ պահեցողութիւնից, նեղութիւններից եւ ճգնութիւններից, ու ոչ ոքի ճանաչելի չէր: Աստուած եւս ծածկում էր նրան, որ չճանաչեն, քանզի Նա միակամ էր Իր սիրելի ծառային, որ Իր սուրբ զինուորն իր հօր տան դռանը ոտնակոխ անի չար վիշապի գլուխը: Նրան տարան իր հօր մօտ, այնտեղ էր նաեւ տիկինը՝ իր մայրը, որոնք լաց էին լինում՝ յիշելով իրենց որդուն: Եֆիմիանոսն ասաց. «Որտեղի՞ց ես դու, որդեա՛կ, եւ ինչո՞ւ ես այդպէս հիւծուած»: Աստուծոյ այրն ասաց. «Օտար երկրից եմ, իսկ մարմնով հիւծուած եմ, որովհետեւ ստամոքսի հիւանդութիւն ունեմ»: Եֆիմիանոսն իր առջեւ կանգնած զինուորներին ասաց. «Ով կամենայ յանձն առնել ինձ համար սպասաւորել այս աղքատին, ես նրան մեծարելով՝ իշխանութեան կը հասցնեմ, եւ իմ գութն ամէն ժամ նրա վրայ կը լինի»: Ուլումպիոսը, որը մանկուց մեծացրել էր երանելի Ալեքսիանոսին, ասաց. «Տէ՛ր իմ, ես կ՚անեմ ձեր կողմից նրա համար բոլոր հրամայուածները»: Եւ աղքատին յանձնելով նրան՝ ծնողները դուրս եկան պալատից: Տիկին Աղլայիսն ասաց. «Լաւագոյն պատիւ տուէք եւ բժշկէք այդ աղքատին, ու թող նա մեզ հետ կերակուի մեր սեղանից, քանզի նրա աչքերը նման են իմ Ալեքսիանոսի աչքերին: Արդ, որդեա՛կ, արդեօք ո՞ւր ես, կամ կը լինի՞ մէկը, որ հոգ տանի քեզ համար»: Եւ սկսեց ողբալով ողբալ, ասես թէ հէնց նոր բաժանուեց իր սիրելի որդուց, ու ոչ ոք չէր կարողանում մխիթարել նրան: Եֆիմիանոսը եւս, յիշելով Ալեքսիանոսին, այդ օրը հանգիստ չունեցաւ, իսկ արտասուքները չցամաքեցին: Ասում էր. «Իմ գութն այնպէս շարժուեց այդ աղքատի հանդէպ, որ ասես թէ նա իմ որդին է: Այդ պատճառով ասում եմ ձեզ՝ սիրէ՛ք նրան իմ պանդուխտ Ալեքսիանոսի սիրոյ համար, որովհետեւ փոքր-ինչ նման է նրան»:
Եւ հրամայեց իր տան մուտքի մօտ՝ ապահով մի տեղում նրա համար լաւագոյն եւ շքեղ հանգստարան շինել ու ասաց. «Կամենում եմ, որ ամէն օր՝ իմ ելումուտի ժամանակ, տեսնել այն պատուելի աղքատին, խօսել նրա հետ եւ չմոռանալ իմ կորուսեալ մարգարիտին»: Նրան սպասաւորում էր նրա մանկութեան դայեակը՝ Ուլումպիոսը, որը Եֆիմիանոսի զօրքի հրամանատարն էր: Պատրիկ հօր հրամանով նրան յաճախ հրաւիրում էին իր հօր սեղանին, բայց նա չէր գնում՝ պատճառ բռնելով, թէ ստամոքսը կերակուր չի ընդունում, որովհետեւ անառողջ է մարմնով: Եւ հաւատալով նրան՝ թոյլ էին տալիս մնալ իր կամքով:
Եֆիմիանոսը մօտենում, տեսնում էր նրան եւ խանդաղատում՝ իբրեւ իր սիրելի մէկի: Մայրը եւս, երբ գնում էր ծովի դիմաց՝ լալու իր որդու համար, նախ գալիս էր՝ տեսնելու նրան եւ խօսելու նրա հետ, որ սաստկանայ սուգն ու կսկիծը, եւ ապա գնում ու լաց էր լինում: Քանզի այն օրից, երբ Ալեքսիանոսն իր հօր տուն եկաւ, աւելացաւ ծնողների սուգը: Նրան տեսնելիս նրանց սրտերն ասես ճիչ էին արձակում, գալարւում էին աղիքները, ու չէին կարողանում ճանաչել նրան, որովհետեւ Աստուած Ալեքսիանոսին, ըստ իր ցանկութեան, ծածկել էր նրանցից: Իսկ սատանան, այս բանն իր համար որպէս նիւթ գտնելով, սուրբի դէմ պատերազմ յարուցեց: Նա Ալեքսիանոսի ընտանիքի մէջ ատելութիւն տնկեց ընդդէմ նրա, քանզի ծառաները, խղճալով իրենց տիրոջը, ասում էին. «Որտեղի՞ց եկաւ այս անիծեալ աղքատը եւ այս տանը չարիք բերողը: Այս չար աղքատը կրկին նորոգեց մեր տիրոջ՝ Ալեքսիանոսի մոռացուած սուգը»: Ուլումպիոսից ծածուկ յարձակւում էին սուրբի վրայ, փետում նրա մօրուքը եւ քարշ տալիս մազերից, սակայն Աստուծոյ երանելի այրն Ուլումպիոսին չէր յայտնում այդ նեղութիւնների մասին, որ կրում էր իր տան ծառաների կողմից: Եւ թէպէտ այսպիսի նեղութիւններ էին հասցնում սուրբին, սակայն Աստուած մխիթարում էր Իր ծառային, քանզի սկսած այդ օրից՝ Տէրն առաքեց Իր հրեշտակների բազմութեանը՝ սպասաւորելու նրան, որոնք չհեռացան նրանից, այլ ամէն օր մշտապէս երեւալով՝ խօսում էին նրա հետ: Եւ նա, մխիթարուելով նրանցից, փառաբանակից էր լինում նրանց հետ, օրհնաբանում Աստծուն եւ արհամարհում այն վշտերը, որոնք հասնում էին իրեն: Եւ երբ տիկինը կամենում էր ծովին նայելով ողբալ, ծառաները նախապէս գալիս եւ տանջանքներով ու անարգելով քարշ էին տալիս նրան եւ ասում. « Ե՛լ, գնա՛, անիծեա՛լ եւ չա՛ր աղքատ, որ մեր տիկինը չտեսնի քեզ», եւ տեղից հեռացնում էին նրան: Իսկ երանելին գալիս եւ նստում էր այն տեղի դիմաց, ուր տիկինը լալիս եւ ողբում էր, որպէսզի ինքը եւս, դառն արտասուելով, մխիթարուի իր պանդխտութեան նեղութիւնից: Տիկինն իր ամբողջ ընտանիքով գալիս էր պալատի վերնատան այն տեղը, որ նայում էր ծովին եւ հեկեալով ու դառն արտասուքներով ասում. «Ո՛վ ծով, որ ծփում ես, մի՞թէ դու կերար իմ գեղազարդ Ալեքսիանոսին՝ իմ սիրելի որդուն, իմ վառուած սրտի մխիթարութեանը, քանզի նա էր իմ վերջինն ու առաջինը, աղօթքներով խնդրածը, փափագով գտածը եւ շուտ կորցրածը»: Եւ քամու գիմաց բացելով իր կուրծքը՝ ասում էր. «Ո՛վ աւետաբեր քամի, արդեօք աւետելու լուր ունես իմ Ալեքսիանոսից: Մի խօսք ասայ խորովուած խեղճ մօրս: Վա՜յ ինձ՝ անմխիթարիս, քանզի գալարւում են աղիքներս, ճմլւում է սիրտս, նուաղում է հոգիս, բայց ես չեմ մեռնում: Քար վերցրէք ու քարկոծէք որդեկեր չար գազանիս»: Բախում էր կուրծքը, ատամներով կծոտում բազուկը եւ ասում. «Իմ խոհե՛մ եւ արքայավայե՛լ որդի, իմ բարեպա՛շտ եւ աստուծասէ՛ր զաւակ, իմ պարծա՛նք եւ իմաստասէ՛ր որդի»: Այս եւ նման խօսքեր ասելով՝ չէր կամենում հանգստանալ, մինչեւ որ աղաչելով առնում-տանում էին նրան իրենց ապարանքի ներսը, ապա իջնելով քարշ էին տալիս, ծեծում եւ փետում մօր դիմաց մի ծածուկ տեղում նստած աղքատին: Ասում էին. «Զուր յայտնուեց այս անվեհեր եւ անամօթ աղքատը՝ մեր տիկնոջ դահիճը»: Բայց երբ պատահում էր, որ տիկինն իմանում էր աղքատին ծեծելու մասին, նա բարկանում էր եւ գանահարել տալիս այդպիսիններին: Այդ պատճառով չէին համարձակւում բացայայտ նեղութիւն պատճառել նրան, այլ ծածուկ եւ վախվխելով էին նեղում Աստուծոյ սուրբին, հայհոյում էին նրան եւ սատանայից խաբուած՝ պատերազմում սուրբի դէմ: Իսկ սուրբը, հասկանալով սատանայի փորձութիւնները, գոհանում էր իրեն համբերութիւն Տուողից եւ չէր յայտնում իրեն, որովհետեւ ուրախ էր իրեն պատահած նեղութիւնների համար:
Այսպէս Աստուծոյ երանելի այր Ալեքսիանոսը տասնհինգ տարի ապրեց իր հօր տան դռանը: Սուրբի պանդխտութիւնից տասնհինգ տարի անց Տէրը նայեց Իր ծառայի տառապանքներին եւ Գաբրիէլ Հրեշտակապետին ուղարկեց նրա մօտ, որը գալով ողջոյն տուեց նրան եւ ասաց. «Այսուհետեւ ե՛կ եւ հանգստացի՛ր երկնքի բարձունքներում՝ քո Տէր Աստուծոյ մօտ, Ում ցանկացար քո մանկութիւնից: Նա կանչում է քեզ»: Եւ անմիջապէս հրեշտակները, որոնք նրա հետ էին իր պանդխտութեան բոլոր օրերին, երեւացին նրան եւ ասացին. «Ուրա՛խ եղիր, Աստուծո՛յ այր, որովհետեւ ահա մօտեցել է քո պանդխտութեան վերջը եւ հանգիստը քո բոլոր նեղութիւններից»: Երանելի Ալեքսիանոսն ասաց. «Օրհնեա՛լ է իմ Տէր Աստուած, որ այցելեց անարժան ծառայիս եւ փրկեց ինձ: Աղաչո՛ւմ եմ քեզ, սո՛ւրբ Հրեշտակապետ, տո՛ւր ինձ մի փոքր ժամանակ, որ մէկ առ մէկ գրեմ իմ մասին, որը հրամայուեց ինձ Տիրոջ կողմից»:
Եւ երբ Ուլումպիոսը եկաւ սուրբի մօտ, երանելին ասաց նրան. «Ո՛վ Ուլումպիոս, թող իմ Տէր Աստուած, Ում փափագել եմ մանկութիւնից, օրհնելով օրհնի ու վարձատրի քեզ՝ ըստ քո վաստակի, որովհետեւ դու բարութեամբ ընդունեցիր վշտագնեալիս: Նոյնպէս եւ թող Աստուած մեծ իշխան Եֆիմիանոսին ու բարեպաշտ տիկին Աղլայիսին տայ փոխարէնը՝ իրենց բարի գործերի դիմաց եւ մխիթարի իրենց պանդուխտ որդու՝ Ալեքսիանոսի համար: Իսկ այժմ բե՛ր ինձ թուղթ եւ թանաք, որովհետեւ դրանք պէտք են ինձ»: Եւ բարեսէր Ուլումպիոսը կատարեց սուրբի բոլոր պատուէրները:
Եւ կիրակի օրը, երբ պատրիարքարանի մեծ եկեղեցում մեծ բազմութիւն էր հաւաքուել, երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Երեք օր յետոյ Ինձ մօտ պիտի ընդունեմ Աստուծոյ սուրբին»: Երբ քաղաքի հայրապետը լսեց այս, պատուիրեց քաղաքում երեք օր պահք պահել եւ «չլինի մէկը, - ասաց, - որ երեք օր պահք չպահելով՝ զրկուի Աստուծոյ սուրբ մարդու օրհնութիւնից: Աղօթքով խնդրէք Աստծուն, որ Նա յայտնի մեզ Աստուծոյ սուրբին»: Այսպէս հրամայուեց Հռոմ քաղաքի ժողովրդին, եւ բոլորը պահեցողութեամբ խնդրեցին Աստծուն ցոյց տալ սուրբ մարդուն:
Եւ երբ Աստուծոյ սուրբ այր Ալեքսիանոսը գրեց իր ամբողջ վարքը, երեկոյեան դէմ Ուլումպիոսին ասաց. «Ո՛վ Ուլումպիոս, իմացի՛ր այս եւ մտքումդ պահի՛ր իմ խօսքերը: Վաղն իմ տառապանքների վերջին օրն է: Այս թուղթը, որի մէջ գրեցի իմ վարքը, թող բոլորն ընթերցեն ու իմանան»: Իսկ Ուլումպիոսը չհասկացաւ ու չիմացաւ, թէ նա ինչ էր մարգարէանում: Չէր կարողանում հաւատալ նրա վախճանի մասին, քանի որ ճանաչում էր նրան որպէս զուարթ, հսկող, պահեցող եւ ընտրեալ մէկի: Երանելին շարունակեց. «Մեր ընտանիքը եւ ծառաները խիստ նեղացնելով տանջում էին ինձ, որը քեզ չէի յայտնում, սակայն թող Տէր Աստուած ների նրանց այն ամէնի համար, ինչ անցաւ իմ վրայով: Տիկին Աղլայիսն իմանալով սպառնում եւ պատժում էր նրանց, սակայն նա չգիտէր, թէ ինչեր էին կատարւում ինձ հետ»:
Յաջորդ օրը Ուլումպիոսը գնաց եւ Աղլայիս տիկնոջը պատմեց ամէն բան, ինչ տեսաւ ու լսեց Աստուծոյ սուրբից, իսկ նա ասաց. «Որդեա՛կ, արդարեւ ասում եմ քեզ, եթէ նա, ըստ իր խօսքի, այսօր վախճանուի, ապա նա մեծ սուրբերից մէկն է: Նրա սրբութեան մասին նաեւ իմ սիրտն է գուշակում»: Եւ մինչ տիկինն իր պալատի սուրբ Աստուածածնի եկեղեցու գաւթում էր եւ Ուլումպիոսի հետ խօսում էր Աստուծոյ սուրբ մարդու եւ այլ բաների մասին, հինգշաբթի օրը քաղաքը դղրդաց, եւ բոլորը շարժուեցին դէպի Եֆիմիանոսի տուն՝ փնտռելու Աստուծոյ մարդուն: Իսկ Ուլումպիոսը, գնալով սուրբի մօտ, տեսաւ, որ երանելին աւանդել էր իր հոգին առ Աստուած, եւ նրա երեսից լոյս էր ճառագում: Իսկոյն գնաց ու ողբալով պատմեց Ալեքսիանոսի մօրը, եւ նրանք լաց եղան:
Երկնաւոր ձայնի ազդմամբ Հռոմի հայրապետի մօտ մարդկանց բազութիւն էր հաւաքուել, որպէսզի խնդրէին նրան աղօթքով ցոյց տալ եւ յայտնել իրենց Աստուծոյ մարդուն: Ոնորիոս թագաւորը ողջ ծերակոյտի հետ եկել էր արքեպիսկոպոս Մարկիանոսի մօտ, որը պատարագ էր մատուցում: Եւ ահա պատարագի ժամին յանկարծ լսելի եղաւ ահաւոր մի ձայն, որն ասաց. «Ինձ մօտ եկէք բոլոր յոգնածնե՛ր, եւ Ես կը հանգստացնեմ ձեզ»: Բոլորին սարսափեցին, որովհետեւ ամենքն էլ լսեցին ձայը: Եւ դարձեալ նոյն ահաւոր ձայնն ասաց. «Աստուծոյ մարդուն, որը եկել եւ հանգստանում է Ինձ մօտ, փնտռէք Եֆիմիանոսի տանը»: Ահաբեկուելով բոլորը զարհուրեցին երկնաւոր ձայնից: Ոնորիոս թագաւորը Եֆիմիանոսին ասաց. «Ինչո՞ւ մեզ չես յայտնել քո տանը եղող Աստուծոյ սուրբ ծառայի մասին, որպէսզի մենք եւս արժանանայինք նրա օրհնութեանը»: Եֆիմիանոսն ասաց. «Աստուած գիտի, որ ես չեմ իմացել, որ իմ տանն այդպիսի սուրբ ունեմ»:
Պատարագի աւարտից յետոյ թագաւորը, Հռոմի հայրապետը, երանելի Մարկիանոս արքեպիսկոպոսը, ծերակոյտը, բոլոր իշխանները եւ քաղաքի ամբողջ ժողովուրդը գնացին Եֆիմիանոսի տուն: Երբ տուն մտան, լոյսի ճառագայթ տեսան, եւ առաջնորդուելով այդ լոյսով՝ տեսան հրի պէս բորբոքուած նրա սուրբ մարմինը: Նրանից լոյսի ճառագայթ էր բխում, որը լուսաւորում էր իր շուրջը: Եւ երբ խոնարհուեցին նրա առաջ, տեսան թուղթը, որ կար սուրբի ձեռքին: Իսկ Եֆիմիանոսը զարհուրած ասաց. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ, դու աղքատի կերպարանք առած բնակուեցիր մեզ մօտ, բայց մենք չճանաչեցինք քեզ, որպէսզի պատուէինք»: Ովքեր կամեցան վերցնել թուղթը, չկարողացան: Այնժամ հայրապետն առաջ գալով սուրբից՝ իբրեւ կենդանի մէկից, խնդրեց թուղթը, իսկ նա՝ իբրեւ կենդանի մարդ, բացեց իր սուրբ ձեռքը: Սուրբ հայրապետը համբուրեց նրա ձեռքը, վերցրեց թուղթը եւ տուեց իր հմուտ դպիր Այեդիոսին: Ապա բազմութեանը հրամայեց խաղաղուել, որպէսզի բոլորը լսեն սուրբի կողմից գրուած իր վարքը: Այեդիոսը մի բարձր տեղում կանգնած սկսեց ընթերցել, իսկ բազմութիւնն ամբողջ սրտով ունկնդրում էր նրան: Գրութիւնն այսպէս էր սկսւում. «Օրհնեա՛լ է իմ Տէր Քրիստոս Աստուած, Ով կատարեց իմ ցանկութիւնը, որն ունէի մանկուց, Իր զօրութեամբ փրկեց ինձ թշնամու հակառակութիւնից եւ հրամայեց իմ հօր տանը՝ իմ ծնողների ու իմ ընտանիքի մէջ, ոտնակոխ անել վիշապի գլուխը»: Լսելով այս խօսքերը՝ Եֆիմիանոսը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Այս ի՞նչ խօսքեր են, ինչպէ՞ս է այն գրուել»: Այնտեղ էր նաեւ սուրբի երանելի մայրը, մեծ թագուհին եւ բոլոր իշխանների կանայք, որոնք թագաւորի հետ դուրս էին եկել եկեղեցուց եւ միասին եկել՝ տեսնելու Աստուծոյ մարդուն: Թագաւորի հրամանով ժողովրդին պահեցին պալատի մուտքից դուրս, իսկ տանը մնացին միայն թագաւորը, թագուհին՝ իր իւրայիններով, Եֆիմիանոսի ամբողջ ընտանիքը եւ բոլոր իշխանները: Լսելով Եֆիմիանոսի աղաղակը՝ սուրբի մայր Աղլայիս տիկինն ասաց. «Ի՞նչ են նախանշում այդ խօսքերը: Բոլորը միշտ կարծում էին, եւ իրենց հոգիներն էլ վկայում էին, թէ նա ամէն բանում նման է մեր որդուն: Միգուցէ նա՞ է մեր որդին», եւ չէին կարողանում հաստատուել այդ խօսքի վրայ, որովհետեւ Աստուած էր, Ով սուրբի ցանկութեամբ իրեն ծածկել էր նրանցից: Բայց այժմ բացուեցին նրանց աչքերը՝ ճանաչելու իրենց որդուն, որի համար տիկինը հասկացաւ այն խօսքը, թէ «ծնողներիս տան մօտ պիտի ոտնակոխ անեմ վիշապի գլուխը», եւ ալեկոծուեց: Թագուհին եւ իշխանների կանայք ասացին. «Ի՞նչ եղաւ քեզ, ինչո՞ւ ես պատռում սիրտդ, թող լսենք գրած խօսքերը»: Իմաստութեան եւ ճարտարութեան գիտակ բոլոր մեծամեծները, տեսնելով սուրբին ու լսելով նրա առաքինութեան եւ սուրբ վարքի մասին, ասում էին. «Նա ինքը՝ Ալեքսիանոսն է»: Եւ մօտենալով զննում էին նրա արտաքին կազմուածքը, թէպէտ չէին տեսնում նրա ամբողջ պատկերը, քանի որ կապուած էին նրանց աչքերը: Եւ որեւէ մէկից չտարածուեց այս կարծիքը, այլ ըստ սուրբի ցանկութեան եւ պաղատանքների՝ բոլորի մէջ մնաց այն միտքը, որ Տիրոջից էր, որ ոչ ոք չճանաչէր երանելի Աստուծոյ մարդուն, մինչեւ իր վախճանը: Այդ պատճառով իւրաքանչիւր ոք այդ խօսքից վարանումների մէջ ընկաւ, իսկ պատրիարքի Այեդիոս դպիրը նրանց խառնաշփոթից դադարեցրեց ընթերցելը:
Ոնորիոս թագաւորն ասաց. «Մի՛ յուզուէք, այլ թո՛յլ տուէք, որ լսենք միւս խօսքերը»: Եւ դարձեալ խաղաղուեցին: Այեդիոսը շարունակեց ընթերցել. «Ողջո՛յն սուրբ հայրապետին, ողջո՛յն մեծ թագաւորին եւ համընդհանուր բոլորին: Խաղաղութեան ողջո՛յն իմ բարեպաշտ ծնողներին: Արդ, մի՛ յուզուէք, աղաչում եմ եւ մի՛ խռովուէք, որովհետեւ պէտք է, որ ուրախանաք առ Աստուած, որ ես ձեզ համար ճանապարհ հարթեցի դէպի յաւիտենական կեանք, ու խնդրում եմ, որ առաւել չողբաք»: Սուրբի մայրն ասաց. «Ո՛վ սուրբ հայրապետ, ի՞նչ է ասում այս սուրբը, գուցէ նա իմ որդի՞ն է»: Թագաւորն ասաց. «Համբերի՛ր, տիկի՛ն»: Եւ երբ դպիրը կարդաց այն խօսքերը, թէ «Ես Ալեքսիանոսն եմ՝ մեծ իշխան Եֆիմիանոսի եւ Աղլայիս տիկնոջ որդին, իսկ իմ հարսն իմ քոյրն է», հայրը մռնչաց առիւծի պէս, նետուեց դէպի սուրբը, փնտռեց Ալեքսիանոսի պարանոցի նշանը եւ գտաւ: Այնժամ աղաղակեց. «Արդարեւ, նա իմ Ալեքսիանոսն է»: Իսկ Աղլայիս տիկինը, երբ կարդացողից լսեց Ալեքսիանոսի անունը, ուշաթափուեց եւ մեռելի պէս ընկաւ, որովհետեւ սպասում էր անունը լսել թղթից եւ ստուգել իր կարծիքի ճշմարտութիւնը: Այդ պատճառով երբ լսեց որդու անունը, անկասկած իմացաւ, որ նա իր որդին է, ու այլեւս չկարողացաւ զսպել իրեն: Թագուհին եւ մեծամեծների տիկնայք, ջուր ցանելով եւ ձայն տալով, հազիւ ուշքի բերեցին Աղլայիս տիկնոջը: Տան մէջ եղող բազմութեան մէջ անպատմելի ողբ ու կոծ ընկաւ: Թագուհին, Ալեքսիանոսի մօր ձեռքից բռնած, նրան իր սուրբ որդու մօտ բերեց: Իսկ սուրբի հայրը, գրկած Աստուծոյ այր Ալեքսիանոսին, գոչում էր եւ երեսով ընկած նրա վրայ՝ համբուրում նրան: Աղլայիս տիկինը, մօտենալով որդուն, ասաց. «Իմ սիրելի՛ որդեա՛կ, իմ ակնկալութի՛ւն, իմ յո՛յս եւ ապաւէ՛ն, եթէ կենդանի ես, խօսի՛ր քո տառապած մօր հետ», եւ դարձեալ ուշափաթուեց ու ընկաւ: Բազմութիւնը սուրբին թողած առաւել մօր վիշտն էր սգում: Երբ սուրբի մօրը դարձեալ ուշքի բերեցին, հայրապետն ու թագաւորն ասացին. «Տիկի՛ն, այդպէս մի՛ խոցիր սիրտդ, այլ մխիթարուի՛ր քո զաւակի սրբութեամբ»: Եֆիմիանոսը եւս հանդարտուեց ու մխիթարեց նրան՝ ասելով. «Ուշքի՛ եկ եւ մխիթարուի՛ր, որ թէպէտ կարօտ մնացինք ողջ տեսնելու նրան, սակայն տեսանք եւ առանք մեր զաւակի սրբութեան անուշահոտութիւնը, ու երանելի եղանք, որովհետեւ սուրբի եւ Աստուծոյ մարդու ծնողներ եղանք»: Ապա սուրբի մայրն ասաց. «Ահա երեսուներեք տարի է, ինչ իմ երանելի եւ սուրբ զաւակն աղքատութիւն է հագել, բայց այժմ պիտի իշխանական պատուի հասցնեմ՝ ըստ իմ սուրբի արժանաւորութեան»: Եւ իսկոյն թագաւորական պատուանդան բերին, դրա վրայ դրեցին սուրբին ու նրան ոսկեզարդ եւ մարգարտաշար հագուստներ հագցրին: Եկաւ նաեւ սուրբի հարսը, մատանին վայր դրեց սուրբ Ալեքսիանոսի մօտ եւ ասաց. «Ահա վերցրո՛ւ քո յիշատակը, որով յոյս էիր տուել ինձ՝ ասելով՝ սպասի՛ր ինձ, մինչեւ գամ: Արդ, ա՞յս էր քո սուրբ գալուստը: Ահա հիմա ճշմարիտ անտերունչ եւ անգլուխ այրի եղայ»:
Այդպէս, շրջապատած սուրբի մարմնին, ողբում էին նրա պանդխտութեան, աղքատութեան նեղութիւնների, իրենց կարօտի համար ու նաեւ, որ նա իրենց մօտ էր, բայց չիմացան: Գովաբանում էին նրա աստուածահաճոյ սրբութիւնը, որից անգամ քարասիրտ մարդիկ էին ողբ ու կոծ անում: Իսկ երբ քաղաքի ժողովուրդը լսեց, թէ այն նորայայտ սուրբն Ալեքսիանոսն է՝ մեծ պատրիկի որդին, եկաւ ու շրջապատեց Եֆիմիանոսի պալատը: Բոլոր փողոցները լի էին մարդկանցով: Լսելով ներսից եկող ողբաձայները՝ ամբողջ քաղաքը սգաց, եւ բոլորը երանի տուեցին Աստուծոյ սուրբ այր Ալեքսիանոսին: Այդ գիշեր մինչեւ լուսաբաց անցկացրին՝ հսկելով աղօթքներով եւ օրհնութեամբ, վառուող մոմերով եւ խնկարկութեամբ: Սուրբի մարմինը երբեմն հանդարտւում, երբեմն բորբոքւում եւ հրակերպ էր դառնում: Նրանից անուշահոտութիւն էր տարածւում ու զմայլեցնում բոլորին: Ողջ գիշեր քաղաքի ժողովուրդը չհեռացաւ այդտեղից:
Առաւօտեան կամեցան դուրս բերել սուրբին, բայց չկարողացան ամբոխի պատճառով: Եւ Եֆիմիանոսի հրամանով գանձեր սփռեցին, որպէսզի ժողովուրդը, գանձերի յետեւից գնալով, ճանապարհ բացէր, սակայն ոչ ոք չգնաց թափուած դրամների յետեւից: Այնժամ տարակուսեցին, սակայն թագաւորի հրամանով զինուորներն առաջ եկան եւ առանց խնայելու որեւէ մէկին՝ մահակներով հարուածեցին ժողովրդին ու ճանապարհ բացեցին: Բոլոր եկեղեցիներին հրաման տրուեց, ըստ որի քահանաներն ու միաբանութիւնը հաւաքուեցին: Բերուեցին եկեղեցական բոլոր զարդարանքները, եւ սպասաւորները փառքով ու պատուով, խունկերի բուրմամբ եւ վառուող մոմերով, սաղմոսներով ու օրհնութեամբ դուրս բերեցին սուրբին՝ տանելու Պետրոս եւ Պօղոս առաքեալների տաճար, մինչեւ ըստ արժանւոյն սուրբի՝ կը շինեն պայծառ եկեղեցի եւ նրան կ՚ամփոփեն այնտեղ: Ճանապարհին առաջ էին գալիս ախտաւորները, որոնք երբ մօտենում էին սուրբին, բժշկւում էին եւ փառաւորում Աստծուն: Մօտենում էին նաեւ դիւահարները եւ գոչում. «Հալածուեցինք եւ կորստեան մատնուեցինք Աստուծոյ այս սուրբ նահատակի կողմից»: Բոլորը տեսնելով օրհնում եւ փառաւորում էին Աստծուն, իսկ սուրբի ծնողները լցւում էին արտասուալից ուրախութեամբ եւ այդպիսով առաւել մխիթարւում իրենց սգից եւ տրտմութիւնից: Այդ բարեպաշտները, մոռանալով իրենց կարօտն ու սուգը, ցնծում էին իրենց սրտերում: Եւ այդպէս ուրախութեամբ, օրհնութեամբ եւ փառքով Աստուծոյ սուրբ մարդու՝ Ալեքսիանոսի նշխարներն արծաթապատ տապանով տարան դրեցին Քրիստոսի սուրբ առաքեալների տաճարում: Քաղաքի մեծամեծները երեք օր չհեռացան տաճարից, սուրբի շնորհներով մնացին բարեպաշտ ծնողների մօտ ու մխիթարեցին նրանց: Քաղաքի ամբոխը եւս երեք օր շարունակ գալիս եւ համբուրում էին սուրբ նշխարները: Ընթերցում էին սուրբի գրած վարքը, որը շարադրուած էր՝ սկսած իր ծնունդից, հարսանիքից, գաղտնի հեռանալուց, եւ թէ որքան մնաց Ուռհա քաղաքում եւ թէ ինչ կեանքով, ինչպէս իր ծառաներից ողորմութիւն վերցրեց, բայց ծառաները չճանաչեցին իրեն, թէ ինչպէս չար բանսարկուի ձեռքով ուժգին քամուց նաւը հասաւ Հռոմ, եւ թէ ինչպէս չարը պատերազմ յարուցեց ծառաների դէմ՝ իրեն նախատելու եւ ծեծելու համար: Գրել էր նաեւ Քրիստոսի անուան համար համբերութեան եւ իր ծնողների տան առաջ սատանայի գլուխը ոտնակոխ անելու մասին, եւ թէ ինչպէս էր իրեն դիմողներին եւ իր սրբութեանն ու ճգնութիւններին հաւատացողներին խրատում մնալ բոլորի հանդէպ սիրոյ, խոնարհութեան, քաղցրութեան, համբերութեան, օտարասիրութեան եւ ժուժկալութեան մէջ: Արդ, երբ լսեցին այս ամէնը, ողջ բազմութիւնը զարմանքով հիացաւ նրա համբերութեան վրայ, մանաւանդ այն նախատինքների համար, որ կրել էր իր հօր ծառաներից: Եւ ողջ քաղաքը՝ մեծամեծներով հանդերձ, ողբում էր: Սուրբի ծնողները դառը հեկեկանքներով լաց էին լինում այն երանելու կրած նեղութիւնների համար, բայց մխիթարուելով սփոփում եւ ուրախութեամբ էին լցւում նրա աստուածահաճոյ վարքի ու այն սքանչելիքների համար, որոնք ախտաւորների, այսահարների եւ բոլոր նեղեալների վրայ կատարւում էին նրա ձեռքով:
Եւ Աստուծոյ սուրբի համար կառուցեցին եկեղեցի՝ մի վայելուչ հանգստարան, եւ նրան ամփոփեցին այնտեղ: Երանելու ծնողները եղան նրա սուրբ գերեզմանի սպասաւորները՝ թողնելով իրենց իշխանական պատիւը եւ անբաւ հարստութեան փառքը: Իրենց ունեցուածքը բաժանեցին երեք մասի. մի մասը տուեցին աղքատներին եւ վանքերին, միւս մասը՝ ընտանիքի անդամներին ու ծառաներին՝ ազատելով նրանց ծառայութեան լծից, եւ միւսն էլ՝ յատկացրին սուրբի նշխարների վրայ կառուցուած նորաշէն եկեղեցու բարեկարգման համար: Իրենք էլ ճգնութեամբ ապրեցին այնտեղ մինչեւ իրենց կեանքի վախճանը եւ միացան Աստուծոյ սուրբերին եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, Ում փափագում էին: Նրան փա՛ռք, պատիւ եւ գոհութիւն յաւիտեանս. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ալեքսիանոս կամաւոր աղքատի յիշատակը տօնում է Յիսնակի պահոց երրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մինաս, Երմոգինէս, Գրափոս վկաների եւ սուրբ Յովհաննէս կամաւոր աղքատի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Գիրք որ կոչի «Հարանց վարք» ի հայրապետութեան լուսաւորչագահ աթոռոյն Էջմիածնի՝ տեառն Աստուածատրոյ սրբազան հովուապետի, տպեալ յամի ՌՃԿԹ:
[1] Կշռաչափ, որ հաւասար է 27.3 գ:
[2] Հմմտ. Սաղմ. ՃԼԹ 10:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: