Ժողովեալքս ի յիշատակ սրբոց մարտիրոսացն.
Միաբանութեամբ երգելով՝
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:
Քանզի հեղմամբ արեան սոցա պարտեցաւ թշնամին.
Եւ մեծապայծառ պարծի Սիոն երգելով.
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:
Դասակցելոցն ընդ զօրս վերին զուարթնոցն՝
Յիշատակաւ բերկրեալ ի սրբութիւն սոցա՝ երգեսցուք.
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:
(Շարակնոց)
Սքանչելագործ վկաներից սքանչելին եւ նէապօլցիների պարծանք սուրբ Գենարիոսը (լատիներէն՝ Յանուարիոսը) Իտալիայի Բենեւենտ քաղաքի եպիսկոպոսն էր եւ ապրել է Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայսրերի օրօք: Եւ եղաւ, որ մեծ հալածանքներ սկսուեցին Իտալիայի Կամպանիա գաւառում: Միսենատէսի եկեղեցու Սոսիոս անունով սուրբ սարկաւագը, որը լի էր Աստուծոյ հոգով, ամէն կերպով օժանդակում էր հաւատացեալներին՝ նրանց հաստատուն պահելու եւ միաժամանակ անհաւատներին դարձի բերելու գործում: Սուրբ Գենարիոս եպիսկոպոսը, լսելով նրա բարի համբաւի մասին, յաճախ նրան իր մօտ էր կանչում, կամ էլ անձամբ ինքն էր այցելում նրան եւ երկուսով, նահատակուելով միեւնոյն հոգով, ճգնում էին միասին սուրբ հաւատքի համար:
Մի անգամ, երբ Գենարիոսն այցելութեան գնաց Սոսիոսին, նրան գտաւ հաւատացեալների ժողովի մէջ: Նա ընթերցում եւ մեկնում էր սուրբ աւետարանն ու քարոզում եռանդուն հոգով: Նայելով նրան՝ Գենարիոսը տեսաւ, որ սարկաւագի գագաթին սքանչելի հուր էր վառւում, իսկ գլխին բոցավառ տերեւներով պսակ կար դրուած: Տեսաւ, որ իրենից բացի՝ ժողովրդից ոչ ոք չի տեսնում այդ տեսիլքը: Երբ Սոսիոսը մօտեցաւ՝ համբուրելու եպիսկոպոսի աջը, սուրբ Գենարիոսն իր գիրկն առաւ նրան, համբուրեց նրա փայլակնաբորբ գլուխն ու մարգարէացաւ՝ ասելով. «Երանելի գլխիդ այս պսակը շուտով պիտի զարդարուի վկայական պսակով»: Եւ Սոսիոսն էլ ասաց, որ Աստուած իրեն եւս յայտնել է երանելի Գենարիոսի նահատակութեան մասին: Օրեր անց հալածողները բռնեցին սուրբ սարկաւագին եւ տարան Պատիողոս քաղաք՝ Կամպանիա քաղաքի Դրակոնտիոս դատաւորի առջեւ, եւ սուրբը, քաջութեամբ վկայելով ճշմարիտ հաւատքը, ենթարկուեց սաստիկ գանահարութեան ու բանտարկութեան: Սուրբին քաջալերելու համար այցելութեան եկան նոյն քաղաքի Պրոկլիոս սարկաւագը եւ երկու աշխարհիկ այրեր՝ Եւտիքէսն ու Ակուտիոսը, որի պատճառով բռնեցին նաեւ նրանց եւ դաժան հարուածներ հասցնելուց յետոյ կապանքներով պահեցին նոյն բանտում:
Այդ օրերին Դիոկղետիանոսի կողմից Կամպանիայի նոր դատաւոր նշանակուեց Տիմոթէոս անունով մի գազանաբարոյ այր, որ ծարաւի էր քրիստոնեաների արեան: Հասնելով Նողէս քաղաքը՝ սկսեց հետաքրքրուել, թէ ինչու գաւառի նախկին դատաւորները չեն կարողացել քրիստոնեաներին դարձնել ինքնակալների կուռքերի պաշտամունքին: Նա տեղեկացաւ բանտարկուած հաւատացեալների մասին, լսեց նաեւ, որ նրանց գլուխն ու առաջնորդը Գենարիոս եպիսկոպոսն է, որը նստում է Բենեւենտ քաղաքում, եւ թէ որքան նա կենդանի է, աւելանում է քրիստոնեաների թիւը, եւ ոչ թէ նուազում: Ուստի բռնել տուեց սուրբ քահանայապետին եւ հրամայեց նրան ատեանի առաջ բերել:
Եւ երբ եկաւ նրա առաջ, դատաւորը նայեց նրան ու հրապուրելով ասաց. «Նայում եմ քո վայելուչ տարիքին եւ կարծում եմ, որ դու իշխանական տոհմից ես: Ուստի խորհուրդ եմ տալիս եւ յորդորում եմ, որ փրկես քո անձը եւ ազատուես բազում չարչարանքներից, որովհետեւ եթէ ինքդ չփրկես քեզ, Աստուած քեզ փրկել չի կարող»: Իսկ աստուածիմաց Գենարիոսը պատասխանեց նրան. «Լռի՛ր, բռնաւո՛ր, եւ լեզուդ չարաչար մի՛ շարժիր ընդդէմ Արարչի՝ թշնամանաելով ամենազօր Աստծուն, Ով Իր զօրութեամբ ամէն տեղ հրաշքներ է գործում: Կարծում եմ, որ դու Նրա ներողամտութիւնը տկարութիւն ես համարում եւ որքան վայելում ես Նրա համբերութիւնը, այնքան աւելացնում ես քո ամբարտաւանութիւնը»: Բռնաւորն ասաց. «Մի՞թէ քո զօրութիւնն աւելի է, քան մեր տանջարանները, որ պատրաստել ենք քո անմտութեան պատճառով: Հաւանաբար վստահում ես քո կախարդութեանը»: Երանելի եպիսկոպոսը պատասխանեց. «Իմ զօրութիւնն Աստուած է, Նա, որ երկնքում է, որ վհուկներին, աղանդաւորներին, կախարդներին, կռապաշտներին եւ քեզ նմաններին ուղարկում է դէպի գեհենի անշէջ հուրը»:
Այնժամ բռնաւորը հրամայեց բորբոքել հնոցը եւ երանելուն այնտեղ նետել: Ասաց նրան. «Ես այժմ կ՚այրեմ քեզ, եւ կը տեսնեմ՝ քո Աստուածը կը փրկի՞ քեզ»: Իսկ սուրբը մեծ ուրախութեամբ կնքեց իր բոլոր անդամները, փառաւորելով Աստծուն՝ մտաւ բորբոքուած հնոցի կրակի մէջ եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Ո՛վ Տէր իմ եւ Աստուա՛ծ, Դու ճշմարտապէս քննում ես բոլոր մարդկանց գաղտնիքները եւ գիտես իմ բուռն փափագը, որ իմ հոգին սիրով կամենում է Քեզ մօտ գալ: Բայց աղաչում եմ, ցո՛յց տուր Քո ամենազօր ուժը՝ կիզիչ բոցի բնութիւնը փոխարկելով Քո գթութեան ցօղի, ինչպէս մի ժամանակ հրաշագործեցիր երեք մանուկների համար, որպէսզի ամէն ժամ ճանաչեն միայն Քեզ որպէս ճշմարիտ Աստուծոյ»: Եւ երբ աւարտեց առ Աստուած ուղղուած այս խօսքերը, նա լսեց իրեն աղօթակից եղող հրեշտակների ձայները: Շուրջ եղողները զարհուրեցին ազդու ձայներից եւ շտապ գնալով՝ ամէն բան պատմեցին բռնաւորին: Այնժամ նա հրամայեց բացել հնոցը եւ ստուգել, թէ արդեօք դրսում լսուած ձայնը կայ նաեւ ներսում: Երբ բացեցին, տեսան, որ սուրբն ամենեւին չի վնասուել հրից, իսկ բոցը յանկարծ այս ու այն կողմ ծաւալուեց եւ հրդեհելով կիզեց մօտ կանգնած շատ կռապաշտների: Եւ սուրբը զուարթ երեսով, իբրեւ յաղթող նահատակ, ելաւ մրցարանից եւ կանգնեց բռնաւորի առջեւ:
Այնժամ անօրէնը, ասես թէ բնաւ չէր տեսել սքանչելիքը, յետ կանգնեց իր փրկութիւնից, փակեց մտքի աչքերը միջօրէի աստուածային ճառագայթների դիմաց եւ երանելուն պսակներ տալու փոխարէն հրամայեց բանտարկել նրան: Յաջորդ օրը հրամայեց բերել իր առջեւ, եւ երբ եկաւ, ասաց. «Որքա՞ն պիտի չհնազանդուես եւ զոհ չմատուցես աստուածներին: Եթէ կախարդութեան միջոցով ազատուեցիր հրից եւ այլ տանջանքներից, մի՞թէ կարող ես փրկուել նաեւ սրից»: Երանելին պատասխանեց. «Տէրը ոչ թէ ինձ համար է հրաշքներ ցոյց տալիս, որը դու, խելագարուած դիւային խաբէութեամբ, կախարդութիւն ես համարում, այլ որ կռապաշտութեան խորին խաւարի մէջ ընկղմուած հոգիդ հրաշքների միջոցով թերեւս լուսաւորուի աստուածային ճառագայթներով»:
Այնժամ չարամիտ բռնաւորը հրամայեց, որ երանելու ամբողջ մարմնի ջլերը ձգելով դուրս քաշեն: Իսկ երանելին թէպէտ տանջանքներ էր կրում, սակայն յօժարութեամբ ընդունեց մարմնի յօդերի անջատուելը եւ Աստուծոյ սիրով ու աղօթքներով մեղմացնում էր տանջանքների ցաւերը: Բռնաւորը հրամայեց սուրբին դարձեալ բանտ տանել: Եւ մինչ գտնւում էր բանտում, Նողէս քաղաքից սուրբ եկեղեցու երկու սպասաւորներ եկան նրան այցի: Երբ նրանք կամեցան բանտ մտնել, պահապաններն արգելեցին ու գնալով յայտնեցին դատաւորին, եւ սա էլ հրամայեց նրանց բոլորին քահանայապետի հետ իր առջեւ բերել:
Երբ բերեցին, դատաւորը եպիսկոպոսին հարցրեց. «Ովքե՞ր են սրանք, ի՞նչ են սրանց անունները, եւ ինչ զբաղմունք ունեն»: Երբ սուրբը տուեց նրանց անունները եւ յայտնեց, որ նրանք եկեղեցու սպասաւորներ են, դարձեալ հարցրեց. «Նրանք ե՞ւս քրիստոնեաներ են, ինչպէս որ դու»: Եւ երանելին խաղաղութեամբ պատասխանեց. «Դու ինքդ հարցրու նրանց եւ կ՚իմանաս իսկութիւնը, կ՚իմանաս, որ նրանք ճշմարիտ քրիստոնեաներ են ոչ միայն խօսքով, այլեւ գործով»: Դատաւորը սուրբերին, որոնցից մէկը Փեստոս սարկաւագն էր, իսկ երկրորդը՝ Դեսիդերիոս ընթերցողը, ասաց. «Դուք քրիստոնեանե՞ր էք»: Եւ նրանք բոլորի առաջ զուարթ դէմքով բարձրաձայն ասացին. «Այո՛, մենք քրիստոնեաներ ենք եւ պատրաստ ենք մեռնել Քրիստոսի համար, ինչպէս մեր այս սուրբ հովուապետը»: Այնժամ դատաւորը հրամայեց նրանց հետ կապել երանելի եպիսկոպոսին, տանել Պուտէողոն քաղաքը եւ միացնել աւելի առաջ կապուած միւս վկաներին, որոնք էին սուրբ Գենարիոսի Սոսիոս եւ Պրոկլիոս բարեշնորհ սարկաւագները, աշխարհականներ Եւտիքէսը եւ Ակուտիոսը, որոնք այս աշխարհում ապրեցին ուղղափառ խոստովանութեամբ եւ մինչեւ վերջ չբաժանուեցին միմեանցից, այլ միասին արժանացան փառաւորուելու խոստովանական վկայութեամբ:
Արդ, երբ նրանք եկան, երանելին սկսեց փառաւորել Աստծուն՝ ասելով. «Օրհնեա՜լ է Աստուած, որ միայն սքանչելիքներ է գործում: Մենք թշնամիների տանջանքների մէջ վայելեցինք միմեանց սէրը, որովհետեւ Նա հօտապէտին առանց հօտի չթողեց»: Եւ մեծ ուրախութեան մէջ էին:
Յաջորդ օրն անօրէն իշխանը եկաւ հրապարակ, ուր պիտի գազաններ արձակէին եւ հրամայեց այնտեղ բերել երանելիներին: Երբ բերեցին քաջ հովուին ու նուիրեալ ոչխարներին, դահիճներն սկսեցին հարուածել գազաններին, որպէսզի նրանք գազազէին ու կատաղած յարձակուէին սուրբերի վրայ: Բայց գազաններն, ասես Աստծուց հրաման առած, չվնասեցին նրանց, այլ մոռանալով իրենց բարքը՝ թաւալուեցին սուրբերի ոտքերի առաջ եւ փարուեցին նրանց: Իսկ կոյր հոգով անօրէն դատաւորը չհասկացաւ նաեւ այս սքանչելիքը եւ ասաց. «Մի՞թէ ձեր Աստուածը կարող է ձեզ փրկել նաեւ սրից: Արդ, գլխատէ՛ք այդ կախարդներին»: Երբ երանելիները ստացան այդ մահավճիռը, ուրախութեամբ փառաւորեցին Աստծուն: Սուրբ եպիսկոպոսն իսկոյն ելաւ, տարածեց իր ձեռքերը եւ աղօթեց՝ ասելով. «Դու, սրտագէ՛տ Արարիչ, մեր գաղտնարան սրտերի Տէ՛ր, որ քննում ես մարդկանց որդիների ծածուկ խորհուրդները, գիտես, որ ես վրէժխնդիր չեմ իմ չարչարանքների համար եւ որ կամաւոր մատնում եմ ինձ Քո անուան համար, որովհետեւ Դու մեռար ինձ համար ու յարութիւն առար: Աստուա՛ծ իմ, աղաչում եմ Քեզ, յայտնի՛ր Քո աստուածային զօրութիւնն այս գոռոզամիտ իշխանին, որը մարդկային սահմաններից վեր ամբարտաւան դարձած, հայհոյում է Քո ամենակարող զօրութիւնը: Չեմ խնդրում, որ զրկես նրան կեանքից, որովհետեւ Դու եկար փրկելու եւ ոչ կործանելու համար, այլ խնդրում եմ, որ ցոյց տաս Քո ամենազօր բազուկը, որպէսզի իմանան, որ միայն Դու ես Աստուած»:
Երբ աւարտեց աղօթքը, յանկարծ կուրացան դատաւորի աչքերը, եւ նա տառապեց աներեւոյթ տանջանքներով: Թշուառականն սկսեց ողբալ եւ վա՜յ տալ իր անձին: Իսկոյն ընկաւ սուրբի ոտքերը, թողութիւն խնդրեց իր մեղքերի համար, որոնք գործեց նրա հանդէպ՝ չարչարանքների մատնելով եւ խոստացաւ հաւատալ ճշմարիտ Աստծուն: Իսկ երանելին, թէպէտ հոգով տեսնում էր նրա հոգու անճաճանչ խաւարը, սակայն նմանուեց իր Տիրոջը, որ յետ էր մղում Իր դէմ մոլեգնած ամբոխին եւ ապա վեր կացնում: Այդպէս սուրբ Գենարիոսն աղօթելով լուսաւորեց բռնաւորի աչքերը:
Այդ օրը Պուտէողոն քաղաքի բազմութիւնը տեսաւ այդ բոլոր սքանչելիքները, եւ շուրջ հինգ հազար հոգի հաւատաց Աստծուն: Ողջ բազմութիւնն սկսեց փառաւորել Աստծուն՝ աղաղակելով գոչել ու ասել Տիմոթէոսին. «Ո՛վ դատաւոր, այսուհետեւ անմտօրէն մի՛ մոլեգնիր, որովհետեւ այդ սքանչելիքները ոչ թէ մարդկանց, այլ Աստուծոյ կողմից են»: Իսկ մոլեկան եւ դիւային մոլորութեամբ արբածը սուտ խօսքերով հաւատացրեց նրանց կատարել իր կամքը: Ապա առանձին կանչեց դահիճներին եւ նրանց հրամայեց նահատակներին տանել անմարդաբնակ մի վայր ու այնտեղ առանց որեւէ մէկի գիտութեան սպանել նրանց:
Երբ երանելիները լսեցին այս հրամանը, ուրախութեամբ եւ սաղմոսելով ճանապարհ ընկան: Նրանց հանդիպեց մի մերկ ծերունի: Նա, ընկնելով քահանայապետի առաջ, խնդրում էր նրա զգեստներից մէկը: Սուրբ Գենարիոսը ծերունուն ասաց. «Երբ փոխուեմ իմ Տիրոջ մօտ, քեզ կը տամ իմ այս փիլոնը»: Երբ սուրբերը հասան նահատակութեան վայրը, խոնարհեցրին իրենց պարանոցները, եւ այդպէս հատուեցին եօթ վկաների գլուխները: Նրանք բարի խոստովանութեամբ աւարտեցին իրենց ընթացքը եւ պսակուեցին ի Քրիստոս: Այնժամ սուրբ Գենարիոսը երեւաց ծերունուն ու տուեց նրան իր խոստացած փիլոնը: Ծերը վերցրեց այն եւ պահեց ոչ միայն իր աղքատութիւնը ծածկելու, այլեւ որպէս մեծ գանձ՝ ներկուած վկայական արեամբ:
Նոյն օրը դատաւորը մեռաւ դաժան մահով: Այնժամ տարբեր տեղերից հաւաքուեցին քրիստոնեաները, երեք տարբեր տապաններ պատրաստեցին սուրբ վկաների համար եւ նրանց բաժանեցին իրենց միջեւ: Աստուածային յայտնութեամբ երանելի Գենարիոսին վերցրին նէապոլցիները եւ փառքով տարան իրենց Նէապոլ քաղաքը: Պուտէողացիները վերցրին Պրոկլիոսին, Եւտիքէսին եւ Ակուտիոսին, բենեւենտացիները՝ Փեստոսին եւ Դեսիդերիոսին, իսկ Սոսիոսին իսկոյն վերցրին նրա համաքաղաքացիները՝ միսենացիները, բայց ժամանակ անց տուեցին նէապոլցիներին՝ իրենց քաղաքին, որպէսզի սուրբերը չբաժանուեն իրենց սիրելի սուրբ Գենարիոսից, որը փառաւորեալ վկաների պարագլուխն էր:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Գենարիոս եպիսկոպոսին յիշատակում է Յիսնակի երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մերկեռիոս զօրավարի, սուրբ Յակովիկ բազմահատ վկայի եւ սուրբ Իրաւափառի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: