Աջ Տեառն ի վերայ սրբոց Իւրոց եւ փառք Իւր հանգուցեալ է յոսկերս սոցա.
Եւ հոգիք սոցա դասաւորեալք ընդ հրեշտակս ի յերկինս:
Բանակք հրեշտակաց Տեառն շուրջ են զնոքօք:
Եւ երգակիցք են միմեանց յօրհնութիւնս Աստուծոյ.
Եւ հայցեն միաբան զխաղաղութիւն ամենայն աշխարհի:
(Շարակնոց)
- Տասներկուերորդ դարի տօնելի վկաներ
- Նահատակութիւնը եղել է 1156 կամ 1155 թուականին Սեբաստիայում
Քրիստոսի պատուական հայազգի վկաները՝ Գոհարինոսը եւ նրա եղբայրները՝ Ծամիդէսը, Տուքիկոսը եւ Ռատիկոսը, Սեբաստիա քաղաքից էին: Նրանց հայրը՝ Դաւիթը, գերեվարուել էր տաճիկների կողմից եւ հակառակ իր կամքի՝ իր անդրանիկ որդու հետ կրօնափոխ եղել, իսկ Դաւթի կինը հաստատուն էր մնացել Քրիստոսի հաւատքի մէջ եւ իր զաւակներին մեծացրել բարեպաշտութեամբ: Երբ նրանք չափահաս դարձան, իրենց քաջութեան համար զինուորագրեցին տաճիկների Ալիբասան բռնաւորի զօրքին: Սա ծագումով Դանշմանից[1] էր եւ իշխում էր Սեբաստիա քաղաքի ու Պոնտոսի բոլոր սահմանների վրայ: Մի գազանաբարոյ եւ արիւնարբու մարդ էր եւ խիստ կատաղի՝ քրիստոնեաների հանդէպ: Նրա մօտ չարախօսեցին սուրբ Գոհարինեանների մասին եւ ասացին. «Նրանք ծագումով տաճիկներ են, սակայն թողել են ձեր օրէնքը եւ յարել քրիստոնէութեանը: Նրանք գարշում են մեր կերակուրներից եւ չեն գալիս մզկիթ՝ մեզ հետ աղօթելու»: Եւ նա հրամայեց նրանց իր առջեւ բերել: Զինուորները գնացին եւ ստիպեցին նրանց գալ ամիրայի մօտ, իսկ նրանք, իմանալով նրա չար մտադրութեան մասին, հրաժեշտ տուեցին իրենց ընտանիքին ու գնացին: Երբ կանգնեցին ամիրայի առաջ, սա հարցաքննեց նրանց քրիստոնէութեանը յարելու մասին, բայց նրանց աւագ եղբայրը, որը հաւատափոխ էր եղել իր հօր հետ, թոյլ չտուեց սուրբերին պատասխանել, այլ ինքն առաջ գալով ամիրային ասաց. «Մենք ունենք այն նոյն հաւատքը, որը դու ես պաշտում»: Ամիրան արձակեց նրանց: Նրանք տուն գնացին տրտմութեամբ ու ողբում էին լացուկոծով, որովհետեւ չխոստովանեցին Քրիստոսին, եւ մեղադրում էին իրենց եղբօրը, որ թոյլ չտուեց յայտնել իրենց դաւանանքի մասին: Ռատիկոսը մտաւ սուրբ Նշան վանքը ու կրօնաւոր դարձաւ:
Անցան օրեր, եւ ամիրայի առջեւ դարձեալ չարախօսեցին նրանցից ու ասացին. «Որքան զիջում ես, նրանք այնքան աւելի են անարգում մեր հաւատքն ու օրէնքը»: Եւ Ալիբասան ամիրան գնաց Եկեղեաց գաւառ՝ Երզնկայի Կամախ քաղաքը, այնտեղից մեծ աւար ու գերիներ վերցրեց, ապա եկաւ Սեբաստիա ու բանակ դրեց Ալիս գետի ափին: Եւ սուրբերից չարախօսողներից մէկին ու մի քանի զինուորների ուղարկեց՝ նրանց իր մօտ բերելու: Սրանք եկան, բռնեցին երանելիներին ու շղթայակապ բերեցին բռնաւորի առաջ, որն սկսեց հարցաքննել նրանց: Եւ սուրբ Ռատիկոսը համարձակ ասաց. «Մենք քրիստոնեայ ենք եւ հաւատում ենք Քրիստոս Աստծուն»: Ամիրան հրամայեց հարուածել նրա բերանին ու կտրել լեզուն: Հարուածելու ժամանակ Ռատիկոսը գոհանում էր Աստծուց: Երբ հարցաքննեցին սուրբերից իւրաքանչիւրին, նրանք յայտնապէս խոստովանեցին Քրիստոսին՝ որպէս Աստուած եւ Աստուածորդի: Ապա ամիրան հրամայեց փորել հողը, Գոհարինոսին մինչեւ գօտկատեղը թաղել հողի մէջ ու նետահարել: Եւ մինչ պատրաստւում էին անել հրամայուածը, զինուորները բերեցին նրանց կանանց ու մանուկներին՝ իրենց ինչքով եւ ունեցուածքով հանդերձ: Նրանք լալիս էին՝ կարեկցելով միմեանց, իսկ իշխանները խնդրում էին բռնաւորին ներել նրանց, որ թերեւս դարձի գան՝ գթալով իրենց կանանց ու զաւակներին կամ էլ ունեցուածքի հանդէպ սիրոյ համար: Եւ երբ զիջեցին, նրանք սկսեցին ողջագուրուել ու քաջալերել միմեանց՝ հաստատուն մնալ ի Քրիստոս հաւատքի մէջ: Այս բանից ամիրան սաստիկ բարկացաւ եւ հրամայեց Գոհարինոսին ջրահեղձ անել հեղեղատի ջրերի մէջ, իսկ Տուքիկոսին եւ Ծամիդէսին իր առջեւ բերել: Ռատիկոսին էլ կապեցին կաշուէ պարաններով ու սկսեցին անխնայ հարուածել: Ամիրան Տուքիկոսին եւ Ծամիդէսին ասաց. «Եթէ լսէք ինձ, ապա այդ ամբողջ ունեցուածքը, որ տեսնում էք, բազմապատիկ կ՚աւելացուի եւ ձերը կը լինի: Ձեր եղբօրը՝ Գոհարինոսին կը փառաւորեմ իշխանութեամբ, իսկ Ռատիկոսին թոյլ կը տամ ապրել իր կամքով»: Եւ նրանք ասացին. «Այդ ամբողջը թող քեզ լինի: Եթէ մեզ թոյլ տաս ապրել՝ պաշտելով մեր Քրիստոս Աստծուն, ապա հաւատարմութեամբ կը ծառայենք քեզ, իսկ եթէ ոչ, այլ հարցեր մի՛ տուր, մենք քրիստոնեայ ենք, եւ արա՛ մեզ, ինչ կամենում ես»:
Այնժամ հրամայեց տանջել նրանց՝ երկար հարուածելով արջառաջլերով: Ապա հրամայեց իր մօտ բերել Գոհարինոսին եւ Ռատիկոսին: Ռատիկոսի երեսն ու ամբողջ մարմինը խոշտանգուելուց ներկուել էր արեամբ, իսկ Գոհարինոսն ամբողջովին նուաղել էր ջրահեղձ լինելուց: Բռնաւորն ասաց. «Տեսնո՞ւմ էք, թէ ինչ տանջանքների մատնուեցիք ինձ չլսելու պատճառով, եւ ձեր Քրիստոսը չկարողացաւ ձեզ փրկել»: Եւ նրանց առջեւ բերել տուեց իրենց ունեցուածքը, կանանց եւ որդիներին, որոնց յանձնեց իր իշխանների եւ զինուորների ձեռքը: Նրանք արտասւում էին միմեանց համար՝ իրենց անձերը Աստծուն յանձնելով: Այս տեսնելով՝ ամիրան բարկացաւ, հանեց իր սուրը, տուեց դահճին ու ասաց. «Անխնայ կտրի՛ր դրանց գլուխները, բայց նախ՝ Ռատիկոսի գլուխը, որովհետեւ նա եղաւ այդ թշուառների կորստեան պատճառը»:
Նրանց տարան նահատակութեան վայրը եւ կտրեցին չորս եղբայրների գլուխները, որոնք գոհանալով Աստծուց՝ ի Քրիստոս ճշմարիտ հաւատքով նահատակուեցին ի Հայր եւ Որդի եւ Ամենասուրբ Հոգի: Այնտեղ գտնուող հաւատացեալները վերցրին նրանց մարմիններն ու սուրբ գլուխները, պատեցին մաքուր կտաւներով եւ թաղեցին իրենց նահատակութեան վայրում՝ Մարդճակի գետեզրի Քառակուսի կոչուող ճանապարհի մօտ: Այդ օրը նշեցին մեծ տօնակատարութեամբ, որը Հրոտից[2] ամսուայ քսաներկուսն էր: Այդպէս չորս վկաները Սեբաստիա քաղաքում նահատակուեցին ի Քրիստոս եւ բարեխօսներ են իրենց յիշատակը տօնողների համար:
Կարճ ժամանակ անց ամբաստանում են Գոհարինոսի որդուն՝ Թէոդորոս քահանային եւ դրդում նրան հաւատուրացութեան: Մերժելով նրանց՝ Թէոդորոսը բանտարկւում է: Զուր են անցում նաեւ նրան բռնութեամբ մզկիթ մտցնելու ջանքերը, որովհետեւ Թէոդորոսը մինչեւ իր վերջին շունչը մնում է անյողդողդ քրիստոնեայ: Նրան սպանում են հօր նահատակութիւնից հինգ ամիս յետոյ՝ կտոր-կտոր անելով նրա մարմինը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց տօնը յիշատակում է սուրբ Ստեփանոս Ուլնեցու հետ՝ սուրբ Աստուածածնի Վերափոխման երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը:
[1] Դանշման - գիւղ Արեւմտեան Հայաստանում, Էրզրումի վիլայէթի Բասենի գաւառակում:
[2] Հրոտից – հայկական տոմարի տասներկուերորդ ամիսն է, ունեցել է երեսուն օր, սկսուել է յուլիսի եօթին եւ վերջացել օգոստոսի հինգին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: