ԴԱՒԻԹ ՄԱՐԳԱՐԷ ԵՒ ՅԱԿՈԲՈՍ ՏԵԱՌՆԵՂԲԱՅՐ

Յաղթող գտաւ յօրհնաբանսն երանելին Դաւիթ.

Որ զօրացաւ ի վերայ այլազգւոյն

Եւ հաւատով պարտեաց զանօրէնն զԳողիաթ.

Զնա արասցուք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:

Որ երջանիկ լուսովն զուարճանայր մարգարէն Դաւիթ.

Եւ հոգւովն վերանայր ի կամարս լուսեղէնս.

Զնա արասցուք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:

Ամոլք հաւատոյ այսօր փայլին Հայր սուրբ ի Քո եկեղեցւոջ.

Մարդասէր Փրկիչ. տօնողացս ողորմեա՜:

(Շարակնոց)

 

Յակոբոս առաքեալը՝ ըստ մարմնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի եւ Փրկչի եղբայրը, Քրիստոսի բոլոր տնօրինական գործերի ականատեսն էր: Նա է նշանակել ընթերցուածքները, սահմանել տէրունական տօները եւ հաստատել, որ յունուարի վեցին է Քրիստոսի Ծնունդը իսկ երեսուն տարի անց՝ յունուար ամսուայ նոյն օրը, Նրա Մկրտութիւնը, ինչպէս վկայում է Ղուկասի աւետարանն ու Երուսաղէմի Կիւրեղ եպիսկոպոսը, որը Յակոբոսի ընթերցուածքներին աւելացրել է երախայից կարգը եւ այլ տօներ: Նա եւս գրել ու հաստատել է, որ յունուարի վեցին է մեր Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսի Ծնունդը եւ Մկրտութիւնը: Սակայն բազում պառակտիչ եւ յօշոտող գայլեր ոչխարների մորթով յարձակուեցին Եկեղեցու վրայ, որոնցից մէկը պիղծ եւ անիծեալ Արտեմոնն էր: Նա յանդգնեց ապականել սուրբ Գիրքը, փոխեց սուրբ առաքեալների կողմից սահմանուած տօները եւ հայհոյախօսեց, թէ առաքեալները նախանձի պատճառով են թաքցրել Քրիստոսի Ծննդեան օրը: Նա ընթերցուածքներ կարգեց հակառակ սուրբ Յակոբոսի սահմանած կարգին եւ Քրիստոսի Ծնունդը սահմանեց դեկտեմբերի քսանհինգին, իսկ Մկրտութիւնը՝ յունուարի վեցին: Շատերը մոլորուելով շեղուեցին այդ աղանդի մէջ, իսկ սուրբ Եկեղեցու վարդապետները զինուեցին սատանայի չար ախոյեանի դէմ՝ վերացնելու նրա աղանդը երկրի վրայից, ինչպէս Դաւիթը Գողիաթին, նա պարսաքարով, իսկ վարդապետներն՝ Աստուծոյ խօսքով, որը հատու է առաւել, քան երկսայրի բոլոր սրերը: Այդ պատճառով նախքան Տէր Աստուծոյ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնը, որպէս սուրբ Եկեղեցու հաւատքի շինուածքի անկիւնաքար, խորհրդաբար չորս օրերի մէջ սահմանեցին եօթ գլխաւոր այրերի տօները. նախ աստուածահայր Դաւթի եւ տեառնեղբայր Յակոբոսի, ապա սուրբ Ստեփաննոսի, այնուհետեւ Պետրոս եւ Պօղոս գլխաւոր առաքեալների եւ վերջում՝ Որոտման որդիների՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի տօները[1]: Այս եօթ գլխաւոր այրերի՝ եօթ սիւների եւ չորս օրերի վրայ է հիմնարկուել քառանկիւն եւ եօթ սիւներ ունեցող իմաստութեան Եկեղեցին, որ զարդարուած է եօթնարփեան շնորհներով եւ այս կեանքի եօթ հազարամեակում առաջ է քայլում եօթնօրեակներով: Եւ այսպէս Քրիստոսի առաջնորդութեամբ եօթ հովիւները քառանկիւն, քառանիւթ ու քառաձեւ աւետարանով դուրս եկան չար գայլերի դէմ, չորս եդեմաբուխ գետերի վտակներով արբեցրին ու ոռոգեցին ուղղափառ եկեղեցիները եւ ազատեցին չարափառ գայլերի հերձուածողական աղանդներից:

 

Իսկ մենք այս տօնահանդէսին մեր տկարիմաց մտքի տեսութեամբ ներբողով դրուատենք սուրբ Յակոբոս տեառնեղբօրը եւ Եկեղեցու շուրթերով ասենք քրիստոսադաւան ժողովրդին. «Ո՛վ քրիստոսակիր սրբազան հոգի, սո՛ւրբ առաքեալ եւ արդա՛ր Յակոբոս: Ո՛վ Աստուծոյ Բանի քերովբէական աթոռ, Ով մարդացաւ սուրբ Կոյս Մարիամից, որից Ծնուածին հաւատում եւ խոստովանում ենք որպէս Աստուած, իսկ Նրա ծնողին՝ Աստուածածին: Ո՛վ անարատ Աստուծոյ մայր, քեզնով եւ քո միջոցով մենք լցուեցինք ու արբելով զմայլուեցինք աստուածային Հոգու գինով: Դու գերազանց պատուով առաւել մեծարուեցիր քո հարազատ Միածնից՝ Յիսուս Քրիստոսից, քան երկնաւորների անմարմին դասերը: Ո՛վ արդար Յակոբոս, ըստ մարմնի Քրիստոսի հօր՝ Յովսէփ Արդարի՛ որդի, դու արժանի եղար հարազատ եղբայր լինել Նրան, Ով ցանկալի է հրեշտակներին եւ փափագելի հրեղէններին, Ով բաղձալի է երկնայիններին եւ սարսափելի անմարմիններին, հիանալի՝ սերովբէներին եւ զարմանալի քերովբէներին, որոնք չեն կարող ըստ արժանւոյն ճառել քո սրբութեան մեծութեան մասին, էլ չեմ ասում երկրաւորներս եւ հողեղէններս: Թէպէտ նրանք կրում են Անեղի Աթոռը, սակայն Աստուածութեան փառքի ահից թեւասքօղելով՝ ծածկում են իրենց երեսները: Իսկ դու արժանացար ոչ միայն տեսնել, ինչ ծածկուած էր նրանցից, այլեւ գրկել ձեռքով, գգուել բազուկներով, շօշափել մատներով, պահել գրկում եւ համբուրել սրտի տենչմամբ ու ըղձալի սիրով: Ամենօրհնեալ Կոյս Մարիամ Աստուածածնի հետ բոլոր շրջագայութիւններում դու քո գրկում էիր կրում մարդացեալ Աստծուն: Ինչպէս երբ մարդիկ ուրախանում եւ բերկրում են նորահաս մանուկների խօսքը լսելիս, այդպէս էլ դու էիր ուրախանում՝ լսելով Նրա աստուածաշարժ շրթունքների խօսքերը: Եւ այդպէս մինչեւ մկրտութեան օրերը արդար Աստուծոյ եւ Յիսուսի հետ էիր ու Նրա հետ էիր կենցաղավարում մարմնաւոր կեանքում, Նրա, Ով Իր ամենասուրբ արդարութեամբ ձրի արդարացրեց մեզ: Դու սնուեցիր արդարութեամբ եւ տիրասպանների կողմից վերակոչուեցիր անբաղդատելի «արդար» անունով: Մկրտութեան օրերին սուրբ Կարապետի հետ տեսար բացուած երկինքը, լսեցիր Հօր ձայնը եւ արժանացար տեսնելու աղաւնակերպ Սուրբ Հոգուն: Ի սկզբանէ ընտրեալներից առաջ դու ընտրուեցիր Բանի կողմից եւ ալեկոծութիւններից կանչուածներից առաջ Նրա սիրելին ու սպասաւորը եղար: Դու, սովորելով Յիսուսից, սրբազան առաքեալներին խրատող եղար եւ հաստատուն մնացիր Նրա խաչելութեան չարչարանքների ժամին, մինչդեռ նրանք խռովուեցին եւ շփոթութեան մատնուեցին: Նրանց ցրուելու, սայթաքելու եւ գլորուելու ժամանակ դու ձեռք մեկնեցիր նրանց ու խրատատու խօսքերով ոտքի կանգնեցրիր: Դու տեսար նաեւ մեզ համար խաչուած եւ յարութիւն առած Քրիստոսին եւ անմահ Թագաւորին, Ով առանձին երեւաց քեզ՝ իբրեւ սիրելի ու հարազատ եղբօր, եւ դու քաջալերուելով հաստատուեցիր: Ո՛վ սուրբ Յակոբոս, դու բոլորից խոնարհ, սրբասիրտ եւ հեզահոգի լինելով, քո մաքուր հոգով, անարատ մարմնով, անախտ մտքով ու արդար գործերով նմանուեցիր քո Եղբօրը եւ մեր Աստծուն, առաւելապէս որի համար արժանի եղար սուրբ Վերնատանը սուրբ առաքեալների հետ ընդունել Սուրբ Հոգու յորդումը: Եւ զմայլուելով անմահացար անմահական բաժակով, որի համար համընդհանուր տիեզերքին արբեցնելով զովացրիր քո աստուածաբան թղթերի կենդանարար վարդապետութեամբ: Ո՛վ սուրբ Յակոբոս, դու գերագոյնների կողմից գերազանց պատուով մեծարուեցիր  հողեղէնների, յատկապէս հրեղէնների՝ հարկաւոր եւ սպասարկող հոգիների[2] հրեղէն լեզուներով,  դու գրկովդ գրկեցիր եւ խնամեցիր մանուկ Աստծուն ու համասուն ազգակից լինելով Յիսուսին՝ ժառանգակից եղար Նրան Վերին Երուսաղէմում: Աստուծոյ առաքեալները բոցակերպ լեզուներ եւ տիեզերքի քարոզիչներ էին, իսկ դու ըստ մարմնի մեր Տիրոջ եղբայրը եւ Իսրայէլի նոր ժողովրդի Տիրոջ բաժնեժառանգորդը: Դու Նրա փոխարէն երկրի վրայ պահեցիր Երուսաղէմի Նրա ժառանգութեան վիճակի քահանայապետական Աթոռը եւ Նրանից յետոյ միայն դու իշխանութիւն ունեցար քրիստոսաբար եւ արժանաւորապէս քահանայագործել, մտնել սրբութիւնների Սրբութիւն ու համարձակ պատարագ մատուցել ոչ թէ անբան ողջակէզ, այլեւ նոյն Նրան՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին՝ Աստուծոյ անարատ Գառին, աշխարհի մեղքը կրողին, Որը սուրբ Վերնատանը խորհրդաբար բաշխեց Իրեն հացի եւ գինու օրինակով: Եւ Նրանից յետոյ նոյն տեղում եղբայրական համարձակութեամբ առաջինը նախ դու բաշխեցիր՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների, ապա բարի օրինակ տալով քո արդարութեամբ ու սրբութեամբ՝ մարդկային ազգին համարձակութիւն տուիր մօտենալ նոյն Խորհրդին: Քո Տիրոջ սպանման տեղում դու կանգնեցիր տիրասպանների ատեանի առաջ՝ վկայելու միշտ կենդանի Քրիստոսին, Ով նստած է Հօր աջ կողմում եւ գալու է երկնքի ամպերով՝ դատելու երկիրը: Դու, կանգնած տաճարի աշտարակին, համարձակապէս բարձրաձայն խոստովանեցիր, որի համար բարձունքից ցած ընկնելով՝ կառափնատուեցիր[3] եւ երանելի վախճան ընդունեցիր՝ հոգապէս թողութիւն հայցելով քեզ սպանողների համար: Ո՛վ սուրբդ Յակոբոս, երբ Յիսուս բացեց դուռը, արագապէս շտապեցիր դրանով մտնել Նրա Հօր եւ Հոգու մօտ, որ Վարագոյրի ներքին կողմում է, որտեղ տեսնելով աստուածային փառքը՝ բերկրելով հրճուեցիր եւ բոլոր սուրբերի հետ զուարճացար անճառելի ուրախութեամբ, արդարդ՝ արդարների հետ, մարգարէդ՝ մարգարէների հետ, առաքեալդ՝ առաքեալների հետ, վարդապետդ՝ վարդապետների հետ, քահանադ՝ քահանաների հետ, եպիսկոպոսդ՝ եպիսկոպոսների հետ, հայրապետդ՝ հայրապետների հետ, վկադ՝ վկաների հետ, մարտիրոսդ՝ մարտիրոսների հետ, նահատակդ՝ նահատակների հետ, ճգնաւորդ՝ ճգնաւորների հետ, կոյսդ՝ կոյսերի հետ, համբերողդ՝ համբերողների հետ, ժուժկալդ՝ ժուժկալների հետ, ամէն բանով սուրբդ՝ բոլոր սուրբերի հետ, ամենասուրբդ՝ բովանդակ սուրբերի հետ: Դու բոլոր սուրբերի պսակը եւ արդարների տէրն ես, ո՛վ սուրբ Յակոբ, բոլոր ընտրեալների համա՛յն պարծանք, Տէր Աստուծոյ հայրախնամ աջով մշակուած արմատացա՛ծ եւ պտղաբերա՛ծ որթատունկ: Ընկած երեսնիվայր՝ աղաչում ենք քեզ, ձեզ տօնողներիս մաղթանքներում քեզ լծորդակից ունենալով Հոգու քնար աստուածահայր Դաւթին, որից վերընձիւղուելով դու բողբոջեցիր: Դու վերընձիւղուեցիր այն Դաւթին, ով իր ապաշխարութեամբ բոլորի առաջ բացեց ապաշխարութեան դուռը, այն Դաւթին, ով իր մարգարէութեամբ զարդարում է տօները եւ պայծառացնում եկեղեցիները, այն Դաւթին, որի ձայնը լցրեց ամբողջ երկիրը եւ նրա խօսքերը աշխարհի ծայրերում են, այն Դաւթին, որը բոլորին փոխ է տալիս լեզու եւ աստուածաբաններ պատրաստում, այն Դաւթին, որը ծերերին եւ մանուկներին մարգարէներ է դարձնում եւ բոլորին աղօթել յորդորում, այն Դաւթին, որը հզօր եւ կենդանի Աստուծոյ ծարաւն ունէր, այն Դաւթին, որը փափագում էր Աստծուն այնպէս, ինչպէս եղջերուն աղբիւրի ջրերին, այն Դաւթին, որը յուսալով Աստծուն՝ մխիթարում էր իրեն, այն Դաւթին, որը տրտմում էր իր մեղքերի համար եւ մխիթարութիւն գտնում, այն Դաւթին, որն ատում եւ անարգում էր մեղքն ու սիրում Աստուծոյ օրէնքը, այն Դաւթին, որը երանի էր տալիս նրանց, ում մեղքերին թողութիւն եղաւ, եւ նրանց յանցանքների բոլոր անօրէնութիւնները ծածկուեցին, այն Դաւթին, որը բացում էր իր բերանը եւ առնում Աստուծոյ Հոգին:

 

Ո՛վ բոլոր սուրբերից գերագոյնդ՝ տէր սո՛ւրբ Յակոբ, երկրաւո՛ր մարդ եւ երկնայի՛ն հրեշտակ, Դաւթի արմատի՛ շառաւիղ եւ Յիսուսի՛ եղբայր: Նրա հետ միջնորդի՛ր եւ բարեխօսի՛ր քո ազգակից Յիսուս Քրիստոսին՝ Դաւթի Որդուն, որպէսզի տայ մեզ խաղաղութիւն, անդորրութիւն, կեանք, առողջութիւն, բարիքների լիութիւն եւ առատութիւն, մեղքերի թողութիւն, մեր յանցանքների քաւութիւն, մեր ննջեցեալներին ու բոլոր հաւատացեալներին հանգիստ, ողորմութիւն եւ երկնային Արքայութիւն, մանաւանդ այս գիրը թողնողին. ամէն»:

 

Ս. Գ. Տաթեւացի

ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԴԱՒԹԻՆ ԵՒ ՅԱԿՕԲՈՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՏԷՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՄԲ ԵՐԴՈՒԵՑ ԴԱՒԹԻՆ ՈՒ ՉՍՏԵՑ ՆՐԱՆ, ԹԷ՝ ՔՈ ՈՐՈՎԱՅՆԻ ՊՏՂԻՑ ՊԻՏԻ ՆՍՏԵՑՆԵՄ ՔՈ ԳԱՀԻՆ» (Սաղմ. ՃԼԱ 11) /Գլուխ ՃՀԵ/

 

Մարգարէն ասում է. «Քո աթոռը հաստատուած է ողորմութեան եւ իրաւունքի վրայ»[4]: Սա նշանակում է Բանի մարմնապէս Գալուստը, Ով աշխարհ եկաւ դատաստանի համար, դատապարտեց թշնամուն եւ փրկեց մարդկանց՝ ըստ այն խօսքի, թէ «Այս աշխարհի իշխանը դատապարտուած է»[5] եւ թէ «Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ Ես կþելնեմ ու կը բերեմ Իմ փրկութիւնը»[6]: Այս էր Աստուծոյ ողորմութեան եւ իրաւունքի աթոռը: Ինչպէս որ աթոռը չորս ոտքերով է հաստատւում՝ ըստ չորեքկերպեան կենդանիների, որ տեսաւ Եզեկիէլը, այդպէս էլ երկիր Գալստեան ժամանակ աթոռ պիտի լինեն այս չորս տօները՝ որպէս հաստատուն աթոռ ու անփոփոխելի վկաներ, որ երկու կերպով աւելի բարձր են, քան վերին քերովբէական աթոռները: Նախ՝ որովհետեւ այն աթոռին Բազմածին միայն երկնայիներն էին փառաւորում, իսկ այժմ, երբ մարգարէների եւ առաքեալների մէջ է բազմում, «ամբողջ երկրով մէկ ելնում է ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասնում նրանց խօսքերը»[7], քանզի վերնայինները, ստորինները եւ ամբողջ աշխարհը նրանց գիտութեամբ է լցուած: Եւ դարձեալ՝ «Նրանց միջոցով յայտնի եղաւ Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը»[8], որը ծածկուած էր սերունդներից եւ դարերից: Այդ պատճառով է գրում այլ մարգարէի միջոցով. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը»[9]: Ոտք է կոչում Բանի մարդեղութիւնը չորս պատճառով: Նախ՝ ինչպէս սուրբ Գրիգոր Աստուածաբանն է ասում. «Մարմնի ոտքերը տնօրէնութեան խորհուրդն ունեն, որովհետեւ գալով մարմնով՝ Նա մեզ փրկութիւն բերեց եւ մարմնով էլ համբարձուեց առ Հայր»: Երկրորդ՝ որովհետեւ ոտքերը մարմնի վերջին մասում են, որը խորհրդանշում է, թէ Նա երեւաց մարմնով վերջին ժամանակներում: Երրորդ՝ երկու ոտքերը խորհրդանշում են հոգին եւ մարմինը, որը Նա վերցրեց մեր բնութիւնից: Չորրորդ՝ ոտքերն ամբողջ մարմնի ներքեւում են: Այդպէս էլ «Եկեղեցու հիմքը Քրիստոս է», ինչպէս առաքեալն է ասում:

 

Կայ եւ միւս օրինակը: Ոտքեր են կոչւում հաւատացեալները եւ Նրա առաքեալները, իսկ գլուխը Քրիստոս է, քանզի, ինչպէս առաքեալն է ասում. «Նրա մարմինը եւ անդամներն ենք»[10], որը եւ այժմ երդմամբ խօսում է Դաւթի միջոցով եւ ասում. «Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. "Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին"»[11]:

 

* Եւ պէտք է քննարկել երեք բանի մասին: Նախ՝ օրուայ հետ կապուած, երկրորդ՝ մարգարէի խօսքի, երրորդ՝ Դաւթի եւ Յակոբի մասին:

 

* Քննենք առաջին գլուխը, որն այս օրուայ մասին է, որում մեր հայոց ազգը նշում է Դաւթի եւ Յակոբի տօնը, իսկ այլ ազգերը՝ Քրիստոսի Ծնունդը: Եւ այս պէտք չէ անուշադրութեան մատնել, այլ պէտք է մեծ աշխատասիրութեամբ ստոյգ իմանալ նախ՝ տօնի որպիսութեան մասին պատմութիւնը եւ երկրորդ՝ ցոյց տալ նրանց տօների սխալ լինելը: Նախ պէտք է իմանալ, որ բոլոր տօների եւ հոգեւոր ուրախութիւնների սկիզբն ու արմատը Քրիստոսի Ծննդեան տօնն է: Սակայն պիղծ Արտեմոնը խռովուեց եկեղեցուն. նա գրաւոր վաւերացրեց իր աղանդը, փոխեց Քրիստոսի Ծննդեան տօնի օրը, որ յունուարի վեցին է, այս օրը՝ դեկտեմբերի քսանհինգին, հաստատեց Ծննդեան տօնը, իսկ տասներկու օր անց՝ յունուարի վեցին, Քրիստոսի մկրտութիւնը: Սուրբ հայրերը եւ եկեղեցու վարդապետները, Սուրբ Հոգով իմանալով այս մասին, նախքան Քրիստոսի Ծնունդը Մեծ Դաւթի եւ Յակոբոս առաքեալի յիշատակութեան օրը կարգեցին այս օրը: Այն հաստատեցին ամուր զէնքով եւ պինդ պարսպով, որը մարգարէներն ու առաքեալները յայտնեցին ու հաստատեցին. մարգարէները՝ հոգով տեսնելով, եւ առաքեալներն էլ՝ ականատես լինելով: Եւ նրանք երկուսն էլ վկայում են նախ՝ Նրա աստուածութեան եւ ապա մարմնաւոր Ծննդեան մասին: Քանզի Դաւիթն ասում է. «Քեզ ծնեցի արուսեակից առաջ»[12] եւ «Արեւից հին է անունը Նրա»[13]: Այս վկայում է Որդու աստուածութեան մասին: Նաեւ ասում է. «Տէրն ասաց ինձ. “Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»[14], եւ այս էլ մարմնաւոր Ծննդեան մասին է ասում: Իսկ այս օրուայ մասին, որ գուշակեց մարգարէն, մենք անտեղեակ էինք: Այդ պատճառով Յակոբոս տեառնեղբայրը Ծննդեան խորհրդաւոր օրը սահմանեց տասներկու ընթերցուածքները, նոյնն էլ՝ Զատկի տօնի օրը եւ աղուհացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի մեծ կարգը: Նա, ով ի սկզբանէ Նրա մարմնաւոր Ծննդեան ականատեսն էր, մինչեւ խաչելութիւնը շրջում էր Նրա հետ եւ յետոյ Տիրոջ կողմից կարգուեց Երուսաղէմի առաջին եպիսկոպոս, գրեց ու հաստատեց, որ յունուարի վեցին է Քրիստոսի Ծննդեան օրը, եւ նոյն օրն էլ՝ Նրա մկրտութիւնը: Այդ պատճառով երկու վկաների՝ Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս առաքեալի տօնը կատարում ենք միասին: Յետագայում Մեծն Կիւրեղ Երուսաղէմացի հայրապետը, որը գրեց «Կոչումն ընծայութեան» գիրքը, նրա հիման վրայ սահմանեց կարճ ընթերցուածք եւ սահմանեց նաեւ միւս տօները: Եւ այս օրուայ մասին նա գրում է. «Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս առաքեալի յիշատակը դեկտեմբերի քսանհինգին է, իսկ եթէ այլ քաղաքներում այդ օրը Ծննդեան տօնն են նշում, պարզ է, որ Արտեմոնի աղանդով են առաջնորդւում»: Մոլորուածներն էլ ասում են, թէ նա Յովհաննէսի աշակերտն է, բայց յոյժ ստում են, որովհետւ Քրիստոսի Ծնունդից հարիւր իննսուն տարի անց՝ Կոմոդոս կայսեր տասներորդ տարում, Հռոմի աթոռը զբաղեցրեց սուրբ Բեկտորը, որը Պետրոսից յետոյ տասներեքերորդ եպիսկոպոսն էր: Նա մերժեց Թէոդորոսին, որն Արտեմոնի նախկին աղանդի մէջ էր: Արդ, Արտեմոնի աղանդը, որ եղել է առաքեալներից երկու հարիւր տարի կամ փոքր-ինչ յետոյ, մարեց եւ վերացաւ քաջ հովիւների՝ Հռոմի հայրապետ Բեկտորի եւ Զիփիանոս Կոստանդնուպօլսեցու շնորհիւ: Սակայն նրանցից յետոյ՝ ուղղափառութեան հաստատուելուց հարիւր ութսուն տարի անց, Պօղոս Սամոստացու կողմից դարձեալ նորոգուեց չար առաջնորդ Արտեմոնի գրուածքը, եւ սկսեցին Քրիստոսի Ծնունդը նշել դեկտեմբերի քսանհինգին: Քանզի ասում էին, թէ ըստ եբրայեցիների՝ Թշրին[15] ամսուայ տասին եւ ըստ հռոմէացիների՝ սեպտեմբերի քսանեօթին եղել է Զաքարիայի պապանձուելը եւ նոյն օրն էլ՝ Եղիսաբէթի յղութիւնը: Այդ օրուանից մինչեւ մարտի քսանհինգը հաշւում են վեց ամիս եւ այդ օրն ընդունում որպէս Գաբրիէլի սուրբ Կոյսին աւետման օր, որից էլ ինն ամիս եւ հինգ օր յետոյ, այսինքն դեկտեմբերի քսանհինգին նշում են Ծնունդը: Բայց մենք ստորեւ կամենում ենք բազմաթիւ վկայութիւններով ուսուցանել այս մասին:

 

Աստուած օրէնքի մէջ պատուիրեց պատուել եօթերորդ ամիսը, որ Թշրինն է՝ աշնանային առաջին ամիսը, եւ ի յիշատակ քառասուն տարի անապատում բնակուելու՝ տօնել տասներկու օր՝ հինգ օր՝ որպէս Քաւութեան օրեր՝ ողջակէզներ մատուցելով[16] եւ եօթ օր էլ՝ որպէս տաղաւարահարաց տօն[17]: Թշրին ամսուայ առաջին օրն ամբողջ Իսրայէլում սուրբ հաւաքի օր էր՝ ոչ մի աշխատանք չկատարելու օր, եւ այդ օրը, որ համապատասխանում է սեպտեմբերի տասնեօթին, ամբողջ Իսրայէլը հաւաքւում էր հեռու երկրներից եւ գալիս Երուսաղէմի տաճար՝ տօնակատարութեան: Եւ մինչեւ տօնակատարութեան աւարտը չէր կարելի, որ որեւէ մէկը տուն գնար: Այդ Թշրին ամսուայ իննի երեկոյեան սրբում էին իրենց, որովհետեւ նոյն ամսուայ տասներորդ օրը Քաւութեան օրերի սկիզբն էր: Այդ օրը, որ կիրակի էր եւ համապատասխանում է սեպտեմբերի քսանեօթին, Զաքարիան մտաւ սրբութիւնների Սրբութիւն եւ պապանձուեց, իսկ Թշրին ամսուայ տասնհինգերորդ օրը, որ ուրբաթ էր եւ համապատասխանում է հոկտեմբերի երկուսին, Տաղաւարահարաց տօնն էր: Այդ օրից տօնում էին եօթ օր արմաւենու ոստերով, ձիթենու եւ ուռենու տերեւներով, ծաղիկներով ու պտուղներով: Իսկ Թշրինի քսանմէկը՝ հոկտեմբերի ութը, որ հինգշաբթի էր, տօնի վերջին օրն էր: Այս օրը Զաքարիան չկարողացաւ իր տուն գնալ, որովհետեւ օրուայ վերջն էր, շատ էին ժողովրդի զոհաբերութիւններն ու ընծայաբերութիւնները, եւ նա չէր կարող հասցնել մինչեւ երեկոյ: Եւ Թշրինի քսաներկուսին՝ հոկտեմբերի իննին, որ ուրբաթ օր էր, Զաքարիան գնաց իր տուն: Եղիսաբէթի յղութիւնը եղաւ Թշրինի քսաներեքին՝ հոկտեմբերի տասին՝ շաբաթ օրը, եւ այստեղից սկսած մինչեւ Նիսանի[18] տասնեօթը, այսինքն ապրիլի եօթը, լինում է վեց ամիս: Այդ օրը, որ չորեքշաբթի էր, Գաբրիէլն ուղարկուեց Կոյս Մարիամի մօտ եւ նրան աւետիս տուեց: Եւ սկսած այդ օրից մինչեւ Թեբեթի[19] քսանմէկը՝ յունուարի վեցը, լինում է ինն ամիս եւ հինգ օր: Եւ Բանն Աստուած ծնուեց այդ օրը: Այն հինգշաբթի օր էր, իսկ Աւետիսը, որ տրուեց, չորեքշաբթի օր էր: Իսկ յոյները որքան էլ ջանան, չեն կարող Աւետիսը տեղաշարժել չորեքշաբթի օրը, իսկ Ծնունդը՝ նոյն տարուայ հինգշաբթի օրը: Եւ այսպէս ճշմարիտ է մեր Հայաստանեաց տօնը: Այսքանը տօնի որպիսութեան մասին:

 

…...

 

* Այժմ Դաւթի եւ Յակոբոսի մասին:

 

Նախամեծար եւ աստուածահաճոյ Դաւիթ արքան պայծառացած էր եռապատիւ պարգեւներով, որովհետեւ նախ՝ մարգարէ էր, երկրորդ՝ թագաւոր էր եւ երրորդ՝ աստուածահայր կոչուեց: Նմանապէս Աստուծոյ երիցս երանելի Յակոբոս առաքեալը երեք շնորհներով էր զարդարուած, քանզի նախ՝ աստուածեղբայր կոչուեց, երկրորդ՝ եղաւ Նրա առաքեալը, երրորդ՝ եղաւ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը:

 

Եւ նախ կարճ կը խօսեմ Մեծն Դաւթի Տիրոջ՝ նրա Որդու հետ համեմատութեան մասին:

 

Առաջին՝ մանուկ Դաւիթը խարտեաշ էր եւ գեղեցիկ աչքերով՝ յօրինակ Տիրոջ եւ Դաւթի Որդու՝ ըստ Սողոմօնի. «Իմ եղբօր որդին կարմիր է եւ սպիտակ»[20]: Կարմիր է՝ ըստ Արեան եւ Մարմնի ու սպիտակ է՝ ըստ անմեղութեան եւ աստուածութեան: Դարձեալ՝ երբ վկայում է. «Աստուածութեան գեղեցիկ տեսքով վեր ես մարդկանց բոլոր որդիներից»[21], Նրա մասին է, Ով նստում է երկնքում, նայում անդունդներին եւ տեսնելով հիւանդներին՝ բժշկում նաեւ մեղաւորներին:

 

Երկրորդ՝ Դաւիթը Սամուէլի ձեռքով օծուեց իւղով, եւ Դաւթի Որդու Մարմինն էլ Հօր ձեռքով օծուեց աստուածութեամբ: Հոգին եռաց Դաւթի վրայ, եւ աղաւնակերպ Հոգին էլ՝ Քրիստոսի վրայ: Դաւիթն օծուեց երեք անգամ, այդպէս էլ Մեր Տէրը՝ արգանդում, Յորդանանում եւ Արեամբ, երբ խաչի վրայ էր:

 

Երրորդ՝ Դաւիթը ոչխարների հովիւ էր, իսկ մեր Տէրն էլ Իրեն երկնաւորների ու երկրաւորների քաջ հովիւ կոչեց: Ինչպէս որ Դաւիթը գազանների բերանից կորզում էր հօտին, այդպէս էլ մեր Տէրը, փշրելով մեղաւորի ժանիքները, կորզում էր Իր հաւատացեալներին: Ինչպէս որ Դաւիթը ոչխարներին թողեց խաշնարածների մօտ եւ պատերազմ գնաց, այդպէս էլ մեր Տէրը իննսունինը ոչխարներին թողեց անապատում եւ եկաւ աշխարհ՝ պատերազմելու:

 

Չորրորդ՝ ինչպէս որ Դաւիթը յաղթեց Գողիաթին եւ նրա սրով սպանեց նրան, այդպէս էլ մեր Տէրը յաղթեց դժոխքին ու սատանային, Իր սրով, այսինքն մահուամբ, վերացրեց մահը եւ սպանեց մահուան իշխանին. ցուպի փոխարէն Քրիստոսի Խաչն էր, պարսատիկի փոխարէն՝ Իր հոգին եւ մարմինը, իսկ մախաղի հինգ ողորկ քարերը Նրա անբիծ ու անարատ Մարմնի հինգ զգայութիւններն են: Եւ ինչպէս որ Իսրայէլի նախատիչը քառասուն օր արձանացած[22] կանգնած մնաց, այդպէս էլ մարդկային ազգի նախատիչը քառասուն օր փորձեց Տիրոջը: Այն ժամանակ Դաւիթը մէկ քարով հարուածեց Գողիաթին, իսկ այստեղ Տէրն Իր բերանի մէկ Խօսքով հարուածեց լեզուի պարսատիկով:

 

Հինգերորդ՝ ինչպէս որ Դաւիթը հալածուեց Սաւուղի կողմից, որովհետեւ նախանձեց նրան, այդպէս էլ մեր Տէրը հալածուեց Սաւուղի որդիների կողմից, որոնք նախանձեցին Նրան սքանչելիքների համար: Գովաբանում էին նրան՝ Դաւիթ թագաւոր ասելով, իսկ մեր Տիրոջը՝ Դաւթի Որդուն, աղաղակում էին «Ովսաննա՜»:

 

Վեցերորդ՝ չար այսը խեղդում էր Սաւուղին, եւ Տիրոջ օրօք նոյն չարն էլ լլկում էր Սաւուղի որդիներին: Եւ ինչպէս որ Դաւիթը հանգստացնում էր Սաւուղին, այնպէս էլ Դաւթի Որդին Սաւուղի որդիներից հալածում էր չար դեւերին: Ինչպէս որ Սաւուղը Դաւթին պատուելու փոխարէն խորհում էր չարիք պատճառել նրան, նոյնն էին անում նաեւ Սաւուղի որդիները՝ Դաւթի Որդուն երկրպագելու փոխարէն եւ ասում էին. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»[23]:

 

Եօթերորդ՝ ինչպէս որ երբ Սաւուղը գեղարդը նետեց Դաւթի վրայ, սակայն հարուածեց պատին, եւ Դաւիթը փրկուեց[24], այդպէս էլ Սաւուղի որդիները հարուածեցին Տիրոջ կողին, բայց ոչնչով չվնասեցին Նրա Աստուածութեանը: Պատին հարուածը վկայում է, թէ Դաւթին սպանողը Սաւուղն է, իսկ Տիրոջ խոցուած կողը եւ մեռած Մարմինը վկայում են, որ հրեաներն աստուածասպան են:

 

Ութերորդ՝ ինչպէս որ Դաւիթը ապաստանեց քարայրի մէջ[25], այդպէս էլ մեր Տէրը՝ դժոխքում՝ աւերելով այն: Եւ ինչպէս Դաւիթը, մի բարձրադիր տեղ ելնելով, աղաղակեց եւ Սաւուղին ասաց՝ «Ո՞ւր է քո սուրը», այդպէս էլ մեր Տէրը ելաւ երկինք եւ աղաղակեց՝ «Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը»:

 

Իններորդ՝ Աքիտոփելը չարը խորհեց Դաւթի մասին եւ կախուելով խեղդուեց[26], իսկ Յուդան էլ մատնեց Տիրոջը եւ կախուելով խեղդուեց: Ինչպէս որ Սեմէն անարգեց Դաւթին, եւ նա անյիշաչար եղաւ[27], այդպէս էլ Տէրն աղօթելով ներեց Իրեն խաչողներին, որոնք ասում էին. «Վա՛հ, Դու, որ քանդում էիր տաճարը ...»[28]:

 

Տասներորդ՝ Դաւիթը թագաւորեց, երբ երեսնամեայ էր, եւ մեր Տէրն էլ երեսնամեայ էր, երբ մկրտուեց ու յարութիւն առաւ գերեզմանից, երբ երեսուներեք տարեկան էր: Ինչպէս որ Դաւիթը, այնպէս էլ Տէրը մարմնով թագաւորեց երկրի վրայ: Դաւիթը նախ եօթ տարի թագաւորեց Յուդայի վրայ եւ ապա ամբողջ Իսրայէլի վրայ, եւ մեր Տէրն էլ եօթ հազարամեակների մէջ թագաւորեց հաւատացեալների վրայ, իսկ վախճանին՝ պիտի թագաւորի համայնի վրայ, քանզի «Ամէն լեզու պիտի խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստուծոյ»[29]: Եւ այսպէս բազմաթիւ համեմատութիւններ կան Տիրոջ եւ Դաւթի միջեւ:

 

Արդ, Դաւիթն իր թագաւորութեան ամբողջ ընթացքում, որ քառասուն տարի էր, մեղանչեց, ապա զղջաց եւ ապաշխարութեամբ ամբողջ պահեց թագաւորութեան ու մարգարէութեան շնորհները: Եւ այս օրինակ է բոլոր մեղանչողների համար, որոնք զղջում են, յոյսով ապաւինում Աստծուն եւ թողութիւն գտնում: Նրա կեանքի տեւողութիւնը եօթանասուն տարի էր: Ծերութեան հասնելով՝ նա փոխուեց աշխարհից՝ ակնկալելով իր Որդու Գալստեանը՝ ի փրկութիւն աշխարհի:

 

* Իսկ այժմ Յակոբոս տեառնեղբօր մասին, որը Դաւթի նոյն թագաւորական ցեղից էր: Աւետարանը Յովսէփին Դաւթի որդի է կոչում[30], իսկ Յակոբոսը Յովսէփի որդին էր իր եռապատիւ շնորհներով եւ ապա տասնապատիկ անգամ՝ Հոգու եօթնարփեան շնորհներով:

 

Նախ՝ թագաւորական ազգից միայն նա էր, որ Զաքարիայից յետոյ Աբիայից ընդունեց քահանայութեան շնորհը, որը մինչեւ Քրիստոսի նոր քահանայութիւնը վարում էին Հին օրէնքով:

 

Երկրորդ՝ միայն նա էր համարձակւում Նոր օրէնքով մտնել սրբութիւնների Սրբութիւն, որը հին քահանաներից ուրիշները տարին մէկ անգամ էին մտնում: Իսկ նա, ամէն օր մտնելով, քաւում էր ժողովրդին, որոնք խաչեցին Քրիստոսին:

 

Երրորդ՝ միայն նա էր, որ Հին օրէնքի քահանայապետ էր, իսկ Նորում՝ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը: Բոլոր առաքեալները նրա հրամանով էին գնում՝ քարոզելու ամբողջ աշխարհում եւ գալիս՝ նրան տեսնելու, ինչպէս որ Պօղոս առաքեալն է ասում. «Ելայ Երուսաղէմ եւ առաքեալներից ոչ ոքի չտեսայ, բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբօրից»[31]:

 

Չորրորդ՝ նա առաջինը պատարագ մատուցեց Երուսաղէմում, որ Վարդավառի տօնին էր, որի ժամանակ առաքեալները յայտնապէս տեսան Սուրբ Հոգուն, որ իջաւ նրա վրայ:

 

Հինգերորդ՝ միայն նա տեառնեղբայր կոչուեց Յովսէփի որդիների եւ այլ աշակերտների մէջ: Նա Տիրոջ կողմից կարգուեց Երուսաղէմի եպիսկոպոս եւ առաքեալների հրամանատու: Քրիստոսից յետոյ առաջինը նա պատարագ մատուցեց Երուսաղէմում, որ Վարդավառի տօնին էր, եւ Սուրբ Հոգին իջաւ նրա վրայ, ինչպէս Քրիստոսի վրայ: Նա Քրիստոսի աւագ եղբայրն էր ու Յովսէփի անդրանիկ որդին, իսկ Նրա Ծննդեան ժամանակ Յովսէփի հետ սպասաւորեց Աստուածածնին: Յովսէփի մահից յետոյ  նա շարունակեց սպասաւորել սուրբ Կոյսին, քանզի Յովսէփ աստուածահայրը քառասուն տարեկան էր, երբ անարատ Կոյսը յանձնուեց նրան, իսկ երբ աշխարհից փոխուեց, Տէրը երեսունմէկ տարեկան էր: Նա տեսաւ Տիրոջ մկրտութիւնը, լսեց Հօր վկայութիւնը, մկրտութիւնից յետոյ տեսաւ բոլոր նշանները եւ լսեց ամբողջ վարդապետութիւնը: Տէրն իր առաջին նշանը ցոյց տուեց հարսանիքին, ուր հրաւիրուած էր Մարիամի հետ եւ այնտեղ ի պատիւ նրա՝ Քրիստոս սկսեց Իր հրաշագործութիւնները: Յովսէփը փոխուեց, երբ եօթանասունմէկ տարեկան էր, որից յետոյ սուրբ Կոյսին մինչեւ խաչելութիւնը սպասաւորեց Յակոբոս Արդարը, իսկ յետոյ էլ Տէրը նրան Յովհաննէսին յանձնեց: Ահա այսքան պատճառների համար Յակոբոսը տեառնեղբայր կոչուեց:

 

Վեցերորդ՝ միայն նա սուրբ եւ արդար կոչուեց բոլոր հրեաների եւ հաւատացեալների կողմից, որոնք Քրիստոսի մասին վկայութիւնը կամենում էին արդարի բերանից ստանալ:

 

Եօթերորդ՝ նա այնքան մաքուր եւ առաքինի էր վարքով, որ չկերաւ ոչինչ շնչաւորներից (կենդանիներից), չմտաւ բաղնիք եւ հագաւ մազեղէն: Ինչպէս Յովհաննէս Մկրտիչն էր բնակւում անապատում, նոյն կերպով նա էր քաղաքում կենցաղավարում՝ նմանուելով նրան կերակրով ու հանդերձով:

 

Ութերորդ՝ նրա ծնկները շատ ծնրադրութիւններից կոշտացել էին, ինչպէս ուղտինը, ձեռքերն ու ճակատը՝ կարծրացել, իսկ աչքերը՝ խաւարել շատ արտասուելուց ու լալուց:

 

Իններորդ՝ նա Քրիստոսի աշակերտն ու առաքեալն էր, որի համար հոգաբարձու եղաւ ոչ միայն Երուսաղէմի հազարաւոր անթիւ հաւատացեալների համար, այլեւ ընդհանրական խրատական թուղթ գրեց՝ ուղղուած բոլոր հաւատացեալներին: Սահմանեց նաեւ ընթերցուածքներ Քրիստոսի Ծննդեան եւ Յարութեան տօներին:

 

Տասներորդ՝ իր բոլոր շնորհների եւ ջանքերի վրայ ընդունեց ի Քրիստոս վկայական մահը, քանզի Տիրոջ չարչարանքներից երեսուն տարի (ըստ ոմանց՝ երեսունութ տարի) յետոյ՝ Զատկի տօնի օրը, երբ հաւաքուել էին բոլոր հրեաները, հրեայ երէցները Յակոբոսին ասացին. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ եւ արդա՛րդ, կանգնի՛ր տաճարի աշտարակին եւ խօսիր ի լուր ամբողջ Իսրայէլի, թէ ո՞վ է Յիսուս, քանզի շատերն են մոլորուել Նրա յետեւից»: Եւ նա ելնելով ասաց. «Ինչո՞ւ էք ինձ հարցնում Յիսուս մասին: Նա է, Ով Աստուծոյ աջ կողմում է եւ պիտի գայ երկնքի ամպերով»: Եւ ասացին. «Ո՛հ, ո՛հ, արդարը մոլորուեց: Մենք չարիք գործեցինք, որ բարձրացրինք նրան տաճարի աշտարակին»: Եւ նրան ցած նետեցին: Նա ընկաւ եւ ծնկաչոք ասաց. «Տէ՛ր, սա նրանց մեղք մի՛ համարիր»: Նրա գլխին հարուածեցին թափիչով, եւ այդպէս նա իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը, Որին փառք, զօրութիւն եւ գովութիւն՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

 

Սուրբ Գ. Տաթեւացի.

ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԴԱՒԻԹ ՄԱՐԳԱՐԷԻՆ ԵՒ ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՓՈՔՐՆ ԷԻ ԵՍ ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄԷՋ ԵՒ ԿՐՏՍԵՐՆ՝ ԻՄ ՀՕՐ ՏԱՆԸ»[32] /Գլուխ ՃՀԴ/

 

Մարգարէների տեսութիւնը[33] երեք տարբեր ժամանակների մէջ է խօսում. ներկայի մէջ նրանք խրատում են, անցեալը պատմում, իսկ հանդերձեալը՝ տեսնում: Այդ պատճառով Դաւիթ մարգարէն առաջ բերուած խօսքում երեք դէմքով է խօսում մեզ հետ. նախ՝ իր, երկրորդ՝ մարդկային բնութեան եւ երրորդ՝ մարդացեալ Բանի մասին: Ուստի մենք երեք գլխով կը բացայայտենք այն խօսքը, որն ասում է. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ կրտսերն՝ իմ հօր տանը»:

 

Բայց մինչ այդ փոքր-ինչ քննենք խորագիրը, որն ասում է. «Դաւթի այս ինքնագիր սաղմոսը հաշուից դուրս է»: Բոլոր սաղմոսները Դաւիթ մարգարէն դասակարգել է Սուրբ Հոգով, իսկ սրան ինքնագիր է կոչում երեք պատճառով, որովհետեւ նախ՝ միւս սաղմոսները երկնքի եւ երկրի արարածների ու այլոց մասին են, իսկ այս սաղմոսը Ինքը՝ Բանն Աստուած, Իր մասին է գրել մարգարէի միջոցով, ուր խօսում է խոնարհութեան, մահուան, չարչարանքների, բռնաւորի դէմ տարած յաղթանակի  եւ այլնի մասին: Երկրորդ՝ Դաւիթ մարգարէն միւս բոլոր սաղմոսներն այլոց մասին է գրել, իսկ սա միայն ինքնագիր է, որն իր՝ մարգարէի պատմութեան մասին է՝ իր խոնարհութեան, փառքի, գործերի, պարտուած հսկայի եւ այլնի մասին: Երրորդ՝ այլ երգիչներ այլ սաղմոսներ էին գրում ու երգում, իսկ այս սաղմոսը նա իր ձեռքով է գրել ի դէմս իրեն եւ ինչպէս հայելու մէջ տեսել է Բանի տնօրէնութիւնը, մարդկութեան փրկութիւնը, ամէն բանի սկիզբն ու վախճանը: Այդ ամէնը կարելի է տեսնել այս փոքր գրուածքում: Այդ պատճառով ինքնագիր է ասւում եւ հաշուից դուրս է, որովհետեւ նախ՝ ինքնագիրը դուրս էր հարիւր յիսուն սաղմոսներից՝ իբրեւ դրանց վրայ դրուած ամուր կնիք: Հաշուից դուրս էր նաեւ՝ Բանի մարդանալը. բնութեան կարգից ու հաշուից դուրս էր, որ Աստուած մարդանար, որ մարդն Աստուած ծնէր, եւ ապա մարդկանց ազատութիւն լինէր:

 

Երբ Դաւիթը յաղթեց հսկայ Գողիաթին, ցոյց տուեց իր խոնարհութիւնը՝ ասելով. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ»: Եւ քանի որ այս մարգարէութիւնը երեք դէմքով է ասւում, ինչպէս որ ասացինք, ապա մենք եւս այն կը մեկնենք երեք գլխով:

 

* Ի դէմս Դաւիթ մարգարէի՝ քննենք առաջին գլուխը, որը չորս հարցում ունի: Նախ՝ թէ ինչպէս է նա փոքր եւ եղբայր կոչւում, երկրորդ՝ ինչու է յայտնում իր փոքր լինելը, երրորդ՝ ինչու էին անդրանիկներն անարգւում եւ չորրորդ՝ ինչու էին սաղմոսը ձայնով ու քնարով երգում:

 

Պէտք է իմանալ, որ չորս կերպով է փոքր ասում: Նախ՝ ժամանակով, ինչպէս որ կրտսերը փոքր է աւագից: Երկրորդ՝ պատուով, ինչպէս որ իշխանը պատուով փոքր է թագաւորից, կամ ռամիկը՝ իշխանից: Երրորդ՝ չափով, ինչպէս որ բլուրը փոքր է լեռից: Չորրորդ՝ փոքր է ասւում նա, ով կամաւոր փոքրանում եւ ծառայի հագուստներ է հագնում որեւէ գործի համար, ինչպէս շատ թագաւորներ են անում: Արդ, փոքր էր ըստ չափի, քանզի Դաւիթ մարգարէն իրեն փոքր է անուանում մարմնով, որովհետեւ միջահասակ էր, եւ փոքր էր ըստ ժամանակի, քանզի կրտսեր էր իր բոլոր եղբայրներից: Նմանապէս եղբայրութիւնը չորս կերպ է լինում, նախ՝ ի վերուստ արարչութեամբ, երկրորդ՝ ի ներքուստ՝ տարրերի նիւթով, երրորդ՝ մարմնաւոր ծննդեամբ, չորրորդ՝ հոգեւոր աւազանով, ինչպէս եղաւ Քրիստոսով: Այս երեք ծնունդների մէջ չկայ կրտսեր ու անդրանիկ, քանզի դրանք հաւասար են թագաւորների ու աղքատների համար, որոնք նոյն Արարչից են՝ միապէս ստեղծուած հողից, եւ բոլորն էլ աւազանով անդրանիկներ եղան, ինչպէս որ առաքեալն է ասում. «Խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետև դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս»[34]: Ապա ուրեմն կրտսեր ու անդրանիկ են կոչւում մարմնաւոր ծնունդները, ինչպէս որ Դաւիթն էր կրտսեր իր եօթ եղբայրների մէջ: Նա նախ իր էութեան մասին է ասում, եւ այժմ էլ՝ «Արածեցնում էի իմ հօր ոչխարներին», որով իր խոնարհ գործի մասին է յայտնում:

 

* Երկրորդ հարցում՝ ինչու է իր փոքրութեան մասին յայտնում: Վարդապետներն ասում են՝ չորս պատճառով: Նախ՝ որովհետեւ սուրբերը սիրում են խոնարհութիւն, քանզի ով խոնարհեցնում է իրեն, պիտի բարձրանայ: Երկրորդ՝ աղքատներին ու տկարներին յուսադրելու համար, որպէսզի նրանք չտրտմեն, քանզի Աստուած ո՛չ հարստութիւնն է սիրում եւ ո՛չ էլ աղքատին է ատում, բայց սուրբ սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում: Երրորդ՝ խոնարհութեան մասին ասում է հարուստներին խրատելու համար, քանի որ բոլորն էլ հաւասարապէս աղքատներ են բնութեամբ: Ոչինչ չենք բերել աշխարհ եւ ոչինչ չենք կարող տանել, ուստի պէտք է սիրել աղքատներին եւ ունեցուածքը բաշխել նրանց: Չորրորդ՝ Աստուծոյ ամենազօր կարողութեան մասին է յայտնում, որ փոքր բաներից մեծամեծ գործեր է անում. հովիւներից մարգարէներ ու թագաւորներ է դարձնում, իսկ ձկնորսներից եւ մաքսաւորներից առաքեալներ ու աւետարանիչներ պատրաստում: Այդ պատճառով պէտք չէ յուսահատուել՝ սեփական տկարութեանը նայելով, այլ պէտք է յոյսը դնել Աստուծոյ զօրութեան վրայ, որը զօրացնում է տկարին եւ անդրանիկ դարձնում կրտսերին:

 

* Երրորդ հարցում, թէ ինչու էին անդրանիկներն անարգւում եւ կրտսերները՝ պատուի արժանանում, ինչպէս որ անարգուեց Կայէնը, իսկ Աբելը պատուի արժանացաւ, կամ Եսաւն անարգուեց, իսկ Յակոբը սիրուեց, եւ Դաւիթը, որ կրտսերն էր իր եղբայրների մէջ, պատուի արժանացաւ: Ասենք, որ Աստուած վայելչապէս պատուեց անդրանիկներին, որովհետեւ նախ՝ աշխարհի լինելուց առաջ Նա Իր հայեցողութեամբ ընտրեց նոյն անդրանիկներին եւ յետոյ պատուեց: Երկրորդ՝ անդրանիկը ծնողների առաջին զօրութիւնն է: Չորրորդ՝ նա է բացում ծնողի արգանդը եւ աշխարհ գալիս, որով եօթ օր աւելի կեանք է ունենում: Չորրորդ՝ անդրանիկը մէկը եւ միակն է բազում եղբայրների մէջ, ինչպէս որ մէկն է գլուխը, եւ բազմաթիւ են անդամները: Իսկ այն, որ երբեմն անդրանիկը մերժւում էր, շատ խորհուրդներ եւ նշանակութիւններ ունի: Նախ՝ այն խորհուրդն ունի, որ նախապէս ընտրուածները յետոյ ժամանակի մէջ եղան: Եւ սրանք, որ մեզ կրտսերներ եւ վերջիններ են երեւում, ըստ Աստուծոյ նախընտրութեան՝ փոխւում եւ նախկիններ ու առաջիններ են լինում: Երկրորդ՝ հրեշտակները մարդու համեմատ անդրանիկներ են, բայց երբ նրանք մեղանչեցին, եղան դեւեր, մերժուեցին եւ դարձան կրտսեր, իսկ մարդը ելաւ նրանց տեղը եւ անդրանիկ եղաւ: Երրորդ՝  Ադամը դրախտում մերժեց անդրանիկ կեանքը եւ ընտրեց երկրորդը: Մերժուեց նրա անդրանիկ որդին, եւ ընտրուեց կրտսերը: Չորրորդ՝ խորհրդանշում է հրեաներին, որ անդրանիկ ժողովուրդ էր, բայց մերժուեց, եւ ընտրուեցին կրտսեր հեթանոսներն ու եղան Աստուծոյ անդրանիկ ժողովուրդներ: Հինգերորդ՝ խորհրդանշում է մարդու երկու ծնունդները, առաջինը մարմնաւոր է եւ խոտելի, վերջինը՝ հոգեւոր եւ ընտրելի: Վեցերորդ՝ ըստ կարգի՝ մարմինն աւագ է, քան հոգին, եւ քանի դեռ ողջ ենք, մեծ պատիւ ենք տալիս մարմնին: Բայց մահից յետոյ կարգը փոխւում է. անմահ կեանքով հոգին է լինում աւագ եւ անդրանիկ՝ ըստ այն խոսքի, թէ «Կատարելութեան հասած անդրանիկների հոգիները երկնքում են»[35]: Այս է նշանակում անդրանիկին մերժելն ու կրտսերին պատուելը: Եօթերորդ՝ անդրանկութիւնը անփոփոխ չէ եւ ոչ էլ բնական, այլ այն վաստակում են եւ փոփոխական է, որովհետեւ ովքեր կամենում են, իրենց գործերով փոխւում եւ անդրանիկ են դառնում, իսկ ովքեր չեն կամենում, փոխւում եւ անարգ ու հետին են դառնում, ինչպէս որ Եսաւը վաճառեց իր անդրանկութիւնը, իսկ Յակոբն այն գնեց: Ութերորդ՝ նախ այս ժամանակն է, իսկ յետոյ՝ հանդերձեալը: Այս ժամանակուայ կեանքը խոտելի է ու անարգ, իսկ հանդերձեալը պատուական է եւ ընտիր: Ովքեր այստեղ պատուաւոր են, փոխւում են եւ այնտեղ անարգ են լինում, իսկ ոչ պատուաւորները՝ պատուաւոր են լինում, ինչպէս փոխուեցին Եփրեմն ու Մանասէն: Առ այս Տէրն ասում է. «Շատերը կը գան արեւելքից ու արեւմուտքից եւ կը մտնեն արքայութեան մէջ, իսկ արքայութեան որդիները կը ելնեն դէպի խաւարը»[36]: Իններորդ՝ ունի աւելի մեծ խորհուրդ. Բանն Աստուած, որ Հօր անդրանիկն էր, ժամանակի մէջ եղաւ կրտսեր եւ փոքր, այսինքն մարդ եղաւ: Ըստ որում Իրեն փոքրիկ կոչեց, որպէսզի մարդու բնութիւնն Իրեն խառնելով՝ այն մեծ եւ անդրանիկ դարձնի՝ ըստ այն խօսքի, թէ «Ով հարուստ էր, մեզ համար աղքատացաւ, որպէսզի մենք Նրա աղքատութեամբ հարստանանք»[37]: Տասներորդ՝ ցոյց է տալիս, որ անդրանիկը նա չէ, ով առաջինն է ծնուել եւ գեղեցիկ է մարմնով, քանզի Տէրը չի հաճենում զօրեղի իրանը, այլ անդրանիկը նա է, ով կատարում է Աստուծոյ կամքը՝ ըստ այն խօսքի, թէ  «Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են Իր ողորմութեան վրայ»[38], ինչպէս Դաւիթը, որ կրտսեր էր, եւ Տէրը հաւանեց նրան, իսկ նրա աւագ եղբայրները մերժուեցին:

 

Այսքանն այն խորհրդի մասին, որ անդրանիկները մերժւում էին, իսկ կրտսերները պատուի արժանանում:

 

* Չորրորդ հարցում: Ասում է. «Իմ ձեռքերը ստեղծեցին նուագարան, եւ իմ մատները օրհներգութեան գործիք պատրաստեցին»: Թէ ինչո՞ւ էին մարգարէները քնարով երգում Աստուծոյ օրհնութիւնը, ինչպէս Դաւիթը եւ այլք, վարդապետներն ասում են՝ հինգ պատճառով: Նախ՝ քանի որ մարդը հոգի է եւ մարմին, ձայնով եւ ձեռքերով էին երգում, որպէսզի երկու մասերը միմեանց լծակցելով՝ օրհներգէին Աստծուն: Երկրորդ՝ քնարերգութիւնն առ Աստուած ջերմ սիրոյ նշան է, որովհետեւ երգում էին ոչ միայն ձայնով ու ձեռքերով, այլեւ գործածում էին եօթլարեան եւ տասնլարեան քնարներ եւ դրանցով օրհներգում Աստծուն: Երրորդ՝ որովհետեւ քաղցր ձայնով հեշտացած մարդիկ ծածկապէս ուսանում էին Հոգու խօսքերը: Չորրորդ՝ քնարն ու տաւիղը, որ ջրհեղեղի օրերին երեւացին մարմնի ցանկութեան պատճառով, սատանայի յօրինածն էին: Ուստի նրա հետ մէկտեղեցին Սուրբ Հոգու խօսքերը, որպէսզի իր իսկ սրով խոցեն սատանային եւ հալածեն, ինչպէս որ հալածեցին Սաւուղի միջից: Հինգերորդ՝ որովհետեւ բոլոր արարուածները ձայն ունեն, բայց չունեն խօսք՝ Աստծուն ընծայելու համար: Մարդը արարածների գլուխն է, որի համար նրանց ձայնը խառնում է իր խօսքերին եւ հոգեւորի փոխարկելով՝ մատուցում Աստծուն: Նրանցը երկու լար էր, իսկ մերը՝ ձայն եւ խօսք, հոգի եւ մարմին: Նրանց չորս լարը մեր մարմնի չորս նիւթից կազմուած բնութիւնն է եւ հոգու երեք առաքինութիւնները: Դաւթի եօթլարանին մեր եօթ զգայարաններն են եւ հոգու եօթ զգայութիւնները, իսկ տասնլարեանին՝ մեր տասը զգայութիւնները, հինգը՝ հոգու եւ հինգը՝ մարմնի: Նաեւ՝ տասը թիւը կատարեալ թիւ է, եւ խորհրդանշում է Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհները մեր հոգու, մտքի եւ մարմինների մէջ, որոնց մասին Դաւիթը երգում էր տասնլարեան նուագարանով:

 

Իսկ որ ասում է՝ «Գեղեցիկ եւ մեծ էին իմ եղբայրները, բայց Տէրը չհաւանեց նրանց», վեց պատճառով է ասում: Նախ՝ որպէսզի միշտ յիշի Աստուծոյ երախտիքները, որ առանց իր արժանիքների՝ իրեն ամէն տեսակ բարիքներ տուեց: Երկրորդ՝ խօսքը խոնարհութեան մասին է, քանի որ շնորհներն ընտրողին է տալիս, ում հաւանեց: Երրորդ՝ խորհրդանշում է առ Աստուած նրա անսխալ տեսութիւնը, քանզի մարդն այնպէս չի տեսնում, ինչպէս Աստուած. մարդը երեսին է նայում, Աստուած՝ սրտին: Չորրորդ՝ Աստուած Իր զօրութիւնը միշտ ցոյց է տալիս տկարների միջոցով, ինչպէս որ Իրեն առաքեալներ դարձրեց աշխարհի ոչ տոհմիկներից ու անգէտներից, իսկ Պօղոսին ասաց. «Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»[39]: Հինգերորդ՝ ցոյց է տալիս այն, որ աշխարհի մեծարգոները եւ պատուաւորներն անարգ ու անպատիւ են Աստուծոյ առջեւ՝ ըստ այն խօսքի, թէ «Ով բարձր է մարդկանց առջեւ, պիղծ է Աստուծոյ առջեւ»: Վեցերորդ՝ նրա եղբայրները նախանձում էին նրան, որը երեւում է «Քո սրտի չարութիւնը քեզ բերեց այստեղ՝ դիտելու պատերազմը»[40] խօսքերից: Այդպէս էլ Յովսէփի եղբայրներն էին նախանձում նրան: Այսքանն առաջին գլխի մասին, որ ասում է. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ կրտսերն իմ հօր տանը»:

 

* Քննենք երկրորդ գլուխը, որն ասում է «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ հօրս ոչխարներն էի արածեցնում»: Այս ասելով՝ խորհրդանշում է մարդկային բնութիւնը, ինչպէս որ մէկ այլ տեղում ասում է. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան»[41]: Մարդկային բնութիւնը ցածր է հրեշտակների բնութիւնից, որոնց եղբայր է անուանում: Եւ նախ պէտք է քննել մարդու եղբայրութիւնը հրեշտակների հետ, ապա նրանցից փոքր լինելը: Հրեշտակներն ու մարդիկ եղբայրներ են կոչւում վեց եղանակով: Նախ՝ ըստ արարչութեան. նրանք արարուել են նոյն Արարչի կողմից, երկրորդ՝ ըստ հոգու անմարմին բնութեան, երրորդ՝ անմահ էութեամբ, չորրորդ՝ բանականութեամբ, հինգերորդ՝ անձնիշխան կամքով, վեցերորդ՝ հրեշտակները եւ մարդիկ Աստուծոյ պատկերով են ստեղծուել: Այսպէս եղբայրներ են կոչում: Իսկ մարդիկ փոքր եւ կրտսեր են չորս պատճառով: Նախ՝ որովհետեւ հրեշտակները գոյացան առաջին օրը՝ երկնքի հետ, իսկ մարդը՝ վերջին՝ վեցերորդ օրը: Երկրորդ՝ հրեշտակներն անմարմին են, իսկ մարդիկ կապուած են նիւթեղէն մարմնին: Երրորդ՝ նրանք բարձագոյն տեղում են՝ երկնքում, իսկ մարդը՝ ցածրում՝ երկրի վրայ: Չորրորդ՝ նրանք, որ հազար-հազարաւորներ ու բիւր-բիւրաւորներ են եւ գոյացան միաժամանակ, իսկ մարդիկ մարմնաւոր ծննդեամբ ապրում են երկար ժամանակ ու մեռնում: Այդ պատճառով է ասում. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ կրտսերն իմ հօր տանը»:

 

Իսկ այն, որ ասում է. «Իմ եղբայրները գեղեցիկ եւ մեծ էին, բայց Տէրը չհաւանեց նրանց», պէտք է այսպէս հասկանալ: Թէպէտ հրեշտակները չորս բանով աւելի պատիւ ունէին, քան մարդիկ, սակայն Քրիստոսի Գալստեամբ մարդիկ հրեշտակներից աւելի բարձր պատիւ ունեցան, ինչպէս սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում: Եւ այս ցոյց կը տամ տասը կերպով: Նախ՝ Աստուած շրջեց մարդկանց մէջ, մարմին առաւ մեզնից եւ ոչ թէ հրեշտակներից, ինչպէս որ առաքեալն է ասում. «Նա օգնելու համար երբէք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին»[42]: Երկրորդ՝ աստուածացրեց մեր բնութիւնը, եւ բոլոր հրեշտակները մեր բնութեանն են երկրպագում, ինչպէս առաքեալն է ասում. «Որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ, լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների»[43]: Երրորդ՝ ինչպէս անմարմին Բանն Աստուած անտեսանելի էր նրանց, այսպէս եւ մարմնով վեր է նրանցից՝ ծածկուած անմատչելի լոյսով վարագոյրի ներքին կողմում, իսկ մեր մէջ երեւաց, մենք տեսանք եւ շօշափեցինք: Չորրորդ՝ ուտելով Աստուծոյ Մարմինը եւ ըմպելով Արիւնը՝ մենք աստուածանում ենք, իսկ նրանք չունեն այս: Հինգերորդ՝ ծնուելով Սուրբ Հոգուց՝ Աստուծոյ որդիներ ենք լինում, իսկ նրանք Նրա ծառաներն են: Վեցերորդ՝ որովհետեւ հրեշտակները ծառայող հոգիներ են, որոնք ուղարկուած են մեզ սպասաւորելու համար, իսկ մենք նրանց չենք սպասաւորում: Եօթերորդ՝ որովհետեւ Եկեղեցին Քրիստոսի հարսը եւ անդամն է, իսկ նրանք ծառաներ են ու հեռու Նրանից: Ութերորդ՝ որովհետեւ մենք կարող ենք հաղորդ լինել Քրիստոսի չարչարանքներին եւ փառքին, իսկ նրանք չեն կարող, որովհետեւ մարմին չունեն: Իններորդ՝ որովհետեւ մարդիկ օրըստօրէ աւելացնում են իրենց գոյացական վարձքը եւ փառքը, իսկ նրանք չեն կարող: Տասներորդ՝ որովհետեւ մենք ապաշխարութեամբ մեղքերի թողութիւն ենք գտնում, իսկ նրանք չեն կարող, որը յայտնի է ընկած դեւերից, որոնք ո՛չ զղջում չունեն, ո՛չ էլ ապաշխարութիւն: Այդ պատճառով է ասում. «Իմ եղբայրները գեղեցիկ էին եւ մեծ, բայց Տէրը չհաւանեց նրանց»:

 

Այս աշխարհը հայրենի տուն է կոչում, որովհետեւ երկնաւոր Հայրն այն ստեղծեց իբրեւ տուն: Երկինքը՝ որպէս ձեղուն, երկիրը՝ որպէս յատակ, լուսատուներին վառեց որպէս ճրագ, տնկիները, բոյսերն ու զանազան ծաղիկները՝ իբրեւ վայելչութիւն, կենդանի անասուններին ստեղծեց ծառայելու համար. մէկին՝ լուծ քաշելու, միւսին՝ որպէս բեռնակիր, ուրիշին՝ տեղափոխուելու համար եւ այլն: Իսկ մարդուն տէր եւ թագաւոր դարձրեց բոլոր արարածների վրայ՝ ըստ այն խօսքի, թէ «Ամէն բան նրա ոտքի տակ հնազանդեցրիր՝ ոչխար եւ արջառ եւ ամէն բան»[44]: Եւ այսպէս մարդը վայելչանում էր Դրախտի փափկութեան մէջ: Իսկ երբ չար ու նախանձ բանսարկուն ներս մտաւ եւ չարը գործեց, մարդուն ու նրա ծնունդներին զրկեց լոյսից, փափուկ Դրախտից, պատուից ու նախատելի գործի մէջ գցեց: Այդ պատճառով է ասում. «Արածեցնում էի իմ հօր ոչխարներին», այսինքն վերակացու եղայ անմիտ ախտի վրայ, որովհետեւ մէկ այլ տեղում ասում է. «Մարդը պատուի մէջ էր եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց»[45]: Այդ մասին նաեւ անառակ որդու մասին առակն է ասում. «Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն բան, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցածը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Ապա դիմեց մի մարդու, եւ նա ուղարկեց նրան՝ խոզեր արածեցնելու»[46], այսինքն մատնուեց ցանկասիրութեան ախտին: Իսկ այստեղ ասում է. «Արածեցնում էի իմ հօր ոչխարներին», «Իմ ձեռքերը ստեղծեցին նուագարան, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին»: «Ձեռք» ասելով՝ նկատի չունի մարմնի անդամը կամ նիւթեղէնը, այլ գործնական եւ անմարմին իմացական միտքը, այն ձեռքը, որի մասին Յովհաննէսն ասում է. «Մեր ձեռքերը շօշափեցին Կենաց Խօսքին»[47]: Մտքի այս իմացական սահմաններով կամեցան փնտռել Աստծուն եւ որոշել. «Վեր կենամ գնամ իմ հօր մօտ»[48], ինչպէս որ աւետարանն է ասում: Իսկ ինչպէ՞ս կարող էին գնալ հեթանոսները, որոնք ո՛չ օրէնք ունէին, ո՛չ մարգարէ, ո՛չ էլ առաքեալ: Այս մասին նախ՝ առաքեալն է ուսուցանում՝ ասելով. «Հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէն են օրէնքի գործերը կատարում»[49], որովհետեւ նրանց մէջ կար բնական օրէնքը: Մարդն իր բնութեամբ աստուածասէր է, նա տաճար եւ բագին էր շինում անծանօթ աստուծոյ համար, ինչպէս Պօղոս առաքեալը, երբ Աթէնքում էր, ասաց աթենացիներին. «Ում դուք առանց ճանաչելու պաշտում էք, ես այդ Աստծուն եմ քարոզում ձեզ»[50], եւ այդպէս հաւատացին Քրիստոսին: Այդ մասին է ասում. «Իմ ձեռքերը ստեղծեցին նուագարան, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին» խօսքերը: Առ Աստուած գնալու երկրորդ եղանակն այս էր. քննեցին բարի բնութիւնը եւ գտան չարին՝ հակառակ այդ բնութեանը: Օրէնք սահմանեցին, տանջեցին գողերին ու շնացողներին, սիրեցին խաղաղութիւն ու ողջախոհութիւն եւ այսպէս հասան Երկնաւորի դռներին: Ում տեսնում էին պայծառ հանդերձներով, կարծում էին, թէ թագաւորն է: Այդ պատճառով մարդասէր ու գթառատ երկնաւոր Հայրը, տեսնելով, որ Իր որդին այդպիսի տարակուսանքների մէջ է, եւ չի կարողանում գտնել ճշմարտութիւնը, ընդառաջ ելաւ ու համբուրեց նրան: Իսկ ի՞նչ է համբուրելը, այն է, որ աստուածային բնութիւնը խառնեց մարդկային բնութեանը եւ Իրեն յայտնեց Իրեն փնտռողներին, հագցրեց նախկին պատմուճանը, մատանին նրա ձեռքը դրեց եւ տուեց պարարտ եզը՝ մշտապէս մորթելու ուրախութեան համար: Այս է երկրորդ գլուխը, որ մարդկային բնութեան մասին էր՝ ըստ այն խօսքի, թէ «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ եւ կրտսերն իմ հօր տանը»:

 

* Անցնենք երրորդ գլխին՝ Դաւիթ մարգարէի այն խօսքին, որ ասում է ի դէմս մարդացեալ Բանն Աստուծոյ. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ»: Նա մեզ է եղբայր կոչում՝ ըստ այն խօսքի, թէ «Քո անուան մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին»[51]: Եղբայր է կոչում չորս եղանակով: Նախ՝ որովհետեւ Տէրն առաւ մեր մարմինը, որ բաղկացած է չորս տարրերից, առաւ մեր միտքը, հոգին եւ այն ամէնը, ինչ որ կայ մարդու մէջ՝ բացի մեղքից: Երկրորդ՝ որովհետեւ ինչպէս որ Նա ծնուեց Կոյսից, նոյնպէս էլ մենք ենք ծնւում կոյս աւազանից: Երրորդ՝ որովհետեւ մենք աւազանից ծնուելիս այն նոյն Հոգին ենք առնում, ինչ որ Նա Յորդանանում առաւ: Եւ ինչպէս որ բանական հոգին մարմնի անդամների մասերն անքակտելի է պահում, այնպէս էլ Սուրբ Հոգին միաւորում է մեզ Քրիստոսի Գլխին: Չորրորդ՝ եղբայր ենք կոչւում, որովհետեւ մկրտւում ենք Կենարարի կողից ելած ջրով, ըմպում ենք Նրա Արիւնը, ճաշակում Նրա Մարմինը եւ լինում Քրիստոսի անդամներ ու եղբայրներ: Իսկ եթէ Քրիստոսի եղբայրներն ենք, ուրեմն Նրա ժառանգակիցներն ենք եւ երկնաւոր Հօր որդիները: Տեսէ՛ք, թէ ինչպիսի պատուի է արժանացնում մեզ Քրիստոսին եղբայր լինելը:

 

Իսկ որ ասում է՝ «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ», փոքրութիւնը պէտք է հասկանալ չորս եղանակով Նախ՝ յանձն առաւ կամաւոր կերպով աղքատանալ Նա, Ով հարուստ էր եւ մարմնով հաւասարուեց մեզ, որպէսզի մենք Նրա աղքատութեամբ հարստանանք: Կա՞յ աւելի փոքրութիւն, քան այն, որ Արարիչն Աստուած մարդ լինի, Տէրը ծառայի կերպարանք առնի, Դատաւորը դատուող լինի, Անմահը մեռնի եւ այլն: Այս փոքրութեան առաջին եղանակն է: Երկրորդ՝ փոքր է կոչւում իր եղբայրների, այսինքն Յովսէփի որդիների մէջ, քանզի ինչպէս Յովսէփը Քրիստոսի հայր կոչուեց, այնպէս էլ նրա որդիները Նրա եղբայրներն էին կոչւում, դուստրերը՝ Նրա քոյրեր, իսկ Նա նրանց մէջ ամենափոքրն էր տարիքով: Այդ պատճառով է ասում՝ «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ»: Երրորդ՝ փոքր եւ կրտսեր էր համարւում հրեաների աչքում: Սա երեւում է այնժամ, որ երբ Նա բժշկութիւն էր անում, հրեաներն ասում էին. «Մի՞թէ սա Յովսէփի Որդին չէ, Յակոբի եւ Յովսէսի եղբայրը: Որտեղի՞ց Նրան այդ իշխանութիւնը»[52]: Չորրորդ՝ որպէսզի մեզ խոնարհութիւն սովորեցնի, Նա Իրեն փոքր ու անարգ անուանեց՝ ըստ այն խօսքի, թէ «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէսից մեծը չկայ, բայց Արքայութեան մէջ ամենափոքրը մեծ է նրանից»[53]: Իսկ Եսային ասում է. «Ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ վեհութիւն: Նրա տեսքն աւելի անարգ ու նսեմ էր, քան բոլոր մարդկանց որդիներինը»[54]: Եւ Դաւիթն ասում է. «Ես որդ եմ եւ ոչ թէ մարդ: Մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին»[55]: Այսպէս խոնարհութեամբ ասում է. «Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ»: Իսկ որ ասում է. «Իմ եղբայրները գեղեցիկ էին եւ մեծ, բայց Տէրը չհաւանեց նրանց», այստեղ եղբայր է կոչում Ադամի որդիներին եւ Յովսէփի որդիներին, որովհետեւ նրանք մարմնապէս իր եղբայրներն են: Եւ ոչ ոքի համար չեղաւ այնպիսի վկայութիւն, ինչպէս որ Հայրը վկայեց Յորդանանում եւ Թաբօր լերան վրայ՝ ասելով. «Դա է Իմ սիրելի Որդին, Ում հաւանեցի, Դրան լսէք»[56]: «Փոքր էի այնքան, որ անգամ արածեցնում էի Իմ հօր ոչխարները», որի համար Տէրն աւետարանում Իրեն հովիւ անուանեց. «Ես եմ լաւ հովիւը: Լաւ հովիւն իր կեանքն է տալիս ոչխարների համար»[57], իսկ ոչխար նախ՝ անուանում է մարդկային բնութեանը: Երբ հարիւր ոչխարներից մէկը մոլորուեց, Նա Իր անձը դրեց նրա համար, գտաւ կորածին եւ Իր ուսերի վրայ առաւ: Երկրորդ՝ ոչխար կոչում է հրեայ ժողովրդին՝ ըստ այն խօսքի, թէ «Այլ տեղ չեմ ուղարկուած, քան Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ»[58]: Եւ նրանց էլ անուանում է Իր Հօր խաշներ, որոնց հաւաքեց անապատում՝ ըստ այն խօսքի, թէ «Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս, եւ ինչպէս հօտ՝ նրանց հանեց անապատ»[59]: Երրորդ՝ Քրիստոս ոչխար է կոչում Իր հաւատացեալ ժողովրդին՝ ասելով. «Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը, եւ Ես նրանց յաւիտենական կեանք եմ տալիս»[60]: Չորրորդ՝ ոչխարները Քրիստոսի առաքեալներն են՝ ըստ այն խօսքի, թէ «Ահա Ես ձեզ ուղարկում եմ իբրեւ ոչխարներ՝ գայլերի մէջ»[61]: Հինգերորդ՝  ոչխար է կոչում  հրեշտակների անմարմին դասերին, որոնք իբրեւ յաւիտենական ոչխարներ են եւ անմարմնապէս սնւում ու կերակրւում են Աստուծոյ խօսքից: Այսինքն, Ես, որ այժմ փոքր եմ երեւում մարմնով, Նոյնն եմ, որ արածեցնում եմ ոչխարներն Իմ Հօր, որ երկնքում է:

 

* «Իմ ձեռքերը ստեղծեցին սաղմոսարան, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին», որ կարելի է քննել բազմազան օրինակերով: Նախ՝ ասում է երկնքի, երկրի եւ այլ արարածների լինելիութեան մասին, որովհետեւ տեսնում ենք երկնքի ու լուսատուների պայծառութիւնը՝ ինչպէս գրքում ենք կարդում Արարչի զօրութեան ու փառքի մասին՝ ըստ այն խօսքի, թէ «Երկինքը պատմում է Աստուծոյ փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է Նրա ձեռքի գործերը»[62]: Նոյնպէս եւ բոլոր արարածները ստեղծուեցին իբրեւ օրհներգութեան գործիք. ծովը եւ ցամաքը, լեռներն ու բլուրները, կենդանիները եւ բոյսերը եւ այլն, որպէսզի երբ տեսնենք նրանց, օրհնենք Արարչին: Ինչ այժմ տեսնում ենք մասնակիօրէն, հանդերձեալում պիտի տեսնենք ամբողջապէս՝ ըստ այն խօսքի, թէ «Կը տեսնեմ երկինքը, Քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր»[63], որն այժմ չենք կարող հաւաստի տեսնել, այլ պիտի տեսնենք այն ժամանակ, երբ խոստացուել է: Երկրորդ՝ «Իմ ձեռքերը ստեղծեցին նուագարան, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին» ասելով՝ նկատի ունի մարդուն, որովհետեւ բոլոր կենդանիների մէջ միայն մարդն է բանական եւ խօսուն, եւ միայն նա է Աստուծոյ ձեռքերով ստեղծուել՝ ըստ այն խօսքի, թէ «Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ»[64]: Եւ միայն նա է, որ ճանաչում է իրեն ստեղծող Աստծուն ու օրհնում Նրան: Երրորդ՝ նուագարան եւ օրհներգութեան գործիք էին մարգարէներն ու առաքեալները, իսկ այժմ՝ վարդապետները, որովհետեւ նրանք քարոզեցին եւ ճանաչել տուին Աստծուն, մարգարէները՝ Հնում, առաքեալները՝ Նորում, եւ այժմ էլ վարդապետները, որոնք նրանցից յետոյ քարոզում են Աստուծոյ կամքի, օրէնքների, պատուիրանների, Նրա կեանքի, մահուան, յարութեան, դատաստանի, արքայութեան, դժոխքի եւ այլ ամէնի մասին: Չորրորդ՝ նուագարան եւ օրհութեան գործիք են կոչւում Քրիստոսի աւետարանն ու աստուածընկալ սուրբ Խաչը, նաեւ Եկեղեցու եօթ խորհուրդները, ինչպէս մկրտութիւնն ու օրհնութեան պատարագը, խոստովանութիւնն ու ապաշխարութիւնը եւ բոլոր միւսները, որոնք տրուեցին մեզ Քրիստոսի մարդեղութեամբ: Եւ այնժամ, երբ Նա Իր ձեռքերը տարածեց Խաչի վրայ, զօրացրեց եկեղեցու բոլոր խորհուրդները, որոնցով հաստատեց Իր հաւատացեալ հօտին, որի համար Բանն Աստուած կոչուեց փոքր եւ եղաւ մարդ՝ մարդկութեան փրկութեան համար: Եւ ինչպէս որ անմարմին զուարթունների վերին դասերն են օրհնում Աստծուն, այժմ էլ Փրկչի գալստեամբ մարդկային ազգը եւ սուրբ եկեղեցին եղան սուրբ Երրորդութեան օրհներգուներն ու փառաբանիչները: Նա աշխարհի վախճանին բոլոր սուրբերին եւ Իր անունը սիրողներին խոստացել է նոր երկինք ու նոր երկիր, խոստացել է նաեւ խառնել նրանց երկնաւորների դասերի հետ ու նոր օրհնութիւն եւ փառաբանութիւն մատուցել ամենասուրբ Երրորդութեանը: Որով եւ մեզ Նորոգողը՝ Քրիստոս Աստուած, թող Իր անպատմելի խոնարհութեամբ ու մարդեղութեամբ եւ այսօրուայ շնորհներով ու սուրբ միջնորդների՝ աստուածահայր մարգարէ Դաւիթ թագաւորի եւ աստուածեղբայր նահատակ՝ Յակոբոս առաքեալի բարեխօսութեամբ, որոնց տօնն այսօր է կատարւում, արժանացնի մեզ այժմ տօնել օրինակով եւ նմանութեամբ, իսկ այնժամ՝ ճշմարիտ տօնին, արժանացնի դէմ յանդիման տեսնել ու փառաբանել տօնախմբող ամբողջ ժողովրդին՝ ի պատիւ, ի փառս եւ ի գովեստ Իր անուան մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ Իր Հօր եւ ամենասուրբ Հոգու հետ օրհնեալ է յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս տեառնեղբօր յիշատակը կատարում է Աւագ Տօների ժամանակ

 

Օգտագործուած սկզբնաղբիւրներ

  1. Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
  2. Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ: էջ 266:
  3. Ս. Գ. Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Կ.Պօլիս, գլուխ ՃՀԵ - էջ 664, գլուխ ՃՀԴ- էջ 658:

 

[1] Սուրբ Ծննդեան տօնից առաջ սուրբ Յովհաննէս Օձնեցի հայրապետի կարգադրութեամբ տօնում ենք այս չոր տօները, որոնք կոչւում են Աւագ Տօներ, որոնք կատարւում են նախատօնակներով եւ առանձնակի հանդիսութեամբ:

[2] Տե՛ս Եբր. Ա 14:

[3] Գլխատուել, գլուխը կտրուել:

[4] Հմմտ. Սաղմ. ՁԸ 15:

[5] Յովհ. ԺԶ 11:

[6] Սաղմ. ԺԱ 6:

[7] Սաղմ. ԺԸ 5:

[8] Եփ. Գ 10:

[9] Ես. ԿԶ 1:

[10] Հմմտ. Հռոմ. ԺԲ 5:

[11] Սաղմ. ՃԼԱ 11:

[12] Սաղմ. ՃԹ 3:

[13] Սաղմ. ՀԱ 17:

[14] Սաղմ. Բ 7:

[15] Եբրայական եօթերորդ ամիսը, որ համընկնում է աշնանային առաջին ամսուան:

[16] Տե՛ս Թուեր ԻԹ 7:

[17] Տե՛ս Թուեր ԻԹ 12:

[18] Նիսանը հրեաների առաջին ամիսն է, որ սկսւում է գարնանային արեւադարձից՝ մարտի քսաներեքից:

[19] Թեբեթը համապատասխանում է դեկտեմբեր-յունուար ամիսներին:

[20] Երգ Ե 10:

[21] Հմմտ. ԽԴ 3:

[22] Տե՛ս Ա Թագ. ԺԷ 16:

[23] Երեմ. ԺԱ 19:

[24] Տե՛ս Ա Թագ. ԺԹ 9-10:

[25] Տե՛ս Ա Թագ. ԻԲ 22:

[26] Տե՛ս Ա Թագ. Ժէ 1-2, 23:

[27] Տե՛ս Ա Թագ. ԺԶ 6-8, 12:

[28] Մատթ. ԻԷ 40:

[29] Փիլ. Բ 11:

[30] Մատթ. Ա 20:

[31] Գաղ. Ա 19:

[32] Այս հատուածը հաշուից դուրս եղող Դաւթի ինքնագիր սաղմոսից է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիաթի դէմ, Սաւուղի առջեւ:

[33] Տեսնելու կարողութիւն:

[34] Գաղ. Գ 28:

[35] Հմմտ. Եբր. ԺԲ 23:

[36] Հմմտ. Մատթ. Ը 11-12:

[37] Հմմտ. Բ Կորնթ. Ը 9:

[38] Սաղմ. ՃԽԶ 11:

[39] Բ Կորնթ. ԺԲ 9:

[40]  Ա Թագ. 17 28 /Դաւթի աւագ եղբօր՝ Եղիաբի խօսքը/:

[41] Սաղմ. Ը 6:

[42] Եբր. Բ 16:

[43] Փիլիպ. Բ 10:

[44] Հմմտ. Սաղմ. Ը 8:

[45] Սաղմ. ԽԸ 13:

[46] Հմմտ. Ղուկ. ԺԵ 13, 15:

[47] Ա. Յովհ. Ա 1:

[48] Ղուկ. ԺԵ 18:

[49] Հռոմ. Բ 14:

[50] Գործք. ԺԷ 23:

[51] Եբր. Բ 12:

[52] Հմմտ. Մատթ. ԺԳ 55:

[53] Ղուկ. Է 28:

[54] Ես. ԺԳ 2, 3:

[55] Սաղմ. ԻԱ 7:

[56] Ղուկ. Թ 35:

[57] Յովհ. Ժ 11:

[58] Մատթ. ԺԵ 24:

[59] Սաղմ. ՀԷ 52:

[60] Յովհ. Ժ 27, 28:

[61] Մատթ. Ժ 16:

[62] Սաղմ. ԺԸ 2:

[63] Սաղմ. Ը 4:

[64] Սաղմ. ՃԺԸ 73: