Եօթն աստեղեան երկնից կամարք աստուածութեանն կամարարք.
Ճգնող մարմնով խոտաճարակք՝ մաքուր հոգւով լուսոյ տաճարք.
Եկեղեցւոյ բարձր աշտարակք՝ տանս Հայոց ամուր պատուարք.
Զձեզ աղաչեմք ճգնող սուրբ հարք լինել անձանց մեր բարերարք:
Րամեալ զօրացն պարսկական՝ մարտիւ ընդ զօրս Հայաստան.
Դուք մաղթեցէք աղերս հայցման՝ աղաչելով զԱստուածն բան.
Վասն Յովհաննու ձայնի գոչման՝ Կարապետին սրբոյ հայցման.
Պահել զերկիրս այս անսասան՝ զտեղի արեանդ ձեր հեղման:
Գոչեմք առ ձեզ սուրբ նահատակք՝ մարտիրոսք սուրբ եւ վկայք.
Որք սրոյ մահուամբ կատարեցայք. յորդոր տօնիս ձեր յիշատակ.
Արեան սրբոցդ հեղման վտակ. առ Տէր լիցի սուրբ պատարագ՝
Պահել զմեզ միշտ անվտանգ
(Շարակնոց)
Խորհրդաւոր թուով եւ լուսափայլ վարքով այս եօթ սուրբ ճգնաւորներին «Շարակնոց»-ը նմանեցնում է երկնքի մոլորակաճեմ եօթ կամարներին, որովհետեւ, արդարեւ, նրանք ընտիր այրեր էին: Վտարանդի ու պանդուխտ լինելով՝ նրանք փնտռում էին Աստուծոյ կամքը՝ իրենց հանդարտութեան վայր ցոյց տալու համար: Եւ Աստուած բերեց նրանց սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի անապատը, որի համար էլ այս եօթ սուրբ ճգնաւորները նրանց հետ յիշատակւում են նոյն օրը, թէպէտ ապրել են նրանցից շատ ժամանակ անց:
Արդ, վեցերորդ դարի վերջում՝ պարսից Որմիզդ արքայի, նրա որդու՝ Խոսրովի եւ յունաց Մորիկ կայսեր օրօք, Հայոց աշխարհի մարզպանութիւնը «Բազմայաղթ» կոչուած Սմբատ Բագրատունու ձեռքին էր, իսկ Տարոնի առանձին իշխանութիւնը կամ մարզպանութիւնը վարում էր քաջ Մուշեղ Մամիկոնեանը՝ գործակից ունենալով Գայլ Վահանին: Այդ շրջանում Տարոնի Մուշ քաղաքում յոյժ պայծառացաւ սուրբ Կարապետի վանքը, որը նաեւ Գլակայ վանք է կոչւում, որովհետեւ այդ ժամանակ վանահայր էր կարգուած Թոդիկը՝ մի սուրբ եւ ճգնաւոր այր ու մեծահարուստ ազնուականի որդի, որը ձեռնարկեց վերանորոգել եւ ընդարձակել հին վանքը, որի հոգեւոր փարախում հաւաքեց 398 ընտրեալ ճգնաւոր այրեր: Եւ այնքան տարածուեց Գլակայ սուրբ վանքի բարի անունը, որ յունաց սահմաններից եկան չորս խոտաճարակ անուանի ճգնաւորներ: Սուրբ հայր Թոդիկը, ընդունելով նրանց մեծ մարդասիրութեամբ, պատուեց նրանց՝ որպէս Աստուծոյ ընտրեալ այրեր, իսկ նրանք էլ, հաւանելով տեղանքի յարմարութիւնը, կամեցան իրենց ճգնարանները հաստատել ու բնակուել վանքի մօտակայ անտառում:
Նրանց գալուց երկու ամիս յետոյ Սագաստանի կողմերից երեք այրեր, լսելով նրանց մասին, եկան Գլակայ վանք եւ շրջելով մերձակայ վայրերում՝ պատահեցին չորս խոտաճարակներին ու միացան նրանց: Սնուելով բոյսերով՝ նրանք ճգնեցին այդ անտառում, ապրեցին՝ հեռու մարմնական փափկութիւններից եւ Քրիստոսի հետ խաչելով իրենց մարմինները: Երբեմն գալիս էին վանք՝ սուրբ հայր Թոդիկի մօտ՝ նրանից հոգեշահ խօսքեր լսելու համար, բայց իրենք էլ իրենց հերթին զօրացնում էին եղբայրներին հոգեւոր խօսքերով ու իրենց օրինակով, միաժամանակ հաղորդւում էին սուրբ Խորհրդին եւ ապա վերադառնում իրենց ճգնարանները: Եւ շուրջ քսան տարի նրանք ապրեցին այսպիսի աստուածահաճոյ վարքով:
Այնուհետեւ երբ Խոսրովը Մօրիկի արեան վրէժը լուծելու համար կամենում էր յարձակուել յունաց Փոկաս կայսեր վրայ, կանչեց Մուշեղ Մամիկոնեանին՝ իր նիզակակիցը լինելու համար, սակայն երբ վերջինս չհամաձայնուեց, թագաւորը չարացաւ: Եւ երբ նա յաղթանակով ու մեծ աւարով վերադարձաւ Յունաստանից, ուղարկեց իր քեռորդի Միհրանին՝ ասպատակելու եւ աւերելու Տարոն աշխարհն ու ձերբակալելու Մուշեղին: Թէպէտ Միհրանը չկարողացաւ վնասել Մուշեղին, սակայն Միհրանի մի զօրագունդը, իրեն առաջնորդ գտնելով, յարձակուեց Գլակայ վանքի վրայ՝ կոտորելու աբեղաներին եւ կողոպտելու եկեղեցու սպասքը: Եօթ խոտաճարակները, տեղեկանալով այս մասին, իսկոյն եկան վանք եւ բոլոր միաբաններին փախցնելով՝ տարան Ողական ամրոց: Տեղում մնացին միայն եկեղեցու սպասաւորը եւ վանահայր Թոդիկը: Իսկ իրենք, հաղորդուելով Քրիստոսի Մարմնին ու Արեանը, մնացին եկեղեցում, որպէսզի անօրէնները տեղն անբնակ չգտնէին ու չորոնէին բնակիչներին, ու նաեւ եթէ վտանգ առաջանար, սիրով դնէին իրենց անձերը եղբայրների համար եւ ամբողջ վանքի համար վկայական մահուամբ մեռնէին անհաւատների ձեռքով:
Եկեղեցում լռութեամբ աղօթելուց յետոյ նրանցից մէկը՝ Թէոն անունով, վերցրեց թղթի մի կտոր եւ գրեց աղօթքի խօսքեր, որը միաբան եւ բազկատարած աղօթեցին սուրբ Սեղանի առաջ՝ ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած եւ յաւիտեանների՛ Արարիչ, Դու մարդուն ստեղծեցիր Քո բարերար պատկերով, նրան երկրի վրայ իշխան կարգեցիր եւ տուեցիր նրան յաւիտենական ու անմահ փառք եւ պատիւ: Սակայն բանսարկուն, նախանձելով մարդուն, զրկեց նրան փառքից, որի հետեւանքով մեղքն աշխարհ մտաւ, մեղքից մոռացում եղաւ եւ մոռացումից էլ՝ յաւիտենական կորուստ: Ուստի մեղքերի պատրանքներով մենք հեռացանք Աստուծոյ որդեգրութիւնից, փակուեց փրկութեան ճանապարհը, եւ թագաւորեց մահը: Սակայն Դու՝ բարերա՛ր Տէր, գթացիր Քո ձեռքով ստեղծած արարածներին եւ նրանց փրկութեան համար ուղարկեցիր Քո Միածին Որդուն, Ով ծնուեց Կնոջից մեր նմանութեամբ: Մեղքեր չունենալով՝ Նա Իր Մարմնի մէջ դատապարտեց մեղքը եւ Խաչի վրայ վերացրեց անէծքը: Չծառայելով մեր ապականացու բնութեանը՝ վերացրեց մահուան ապականութիւնը՝ դրուելով գերեզմանում: Իշխան լինելով մահուան վրայ՝ գերեց մահուանը, աւերեց դժոխքը, ազատեց կապուածներին, ճանապարհ բացեց դէպի երկինք՝ առաջնորդելով բոլորին դէպի նախկին անմահութիւնը եւ այս ամէնից յետոյ Իր Մարմինը տուեց հաւատացեալներին որպէս կերակուր, իսկ Արիւնը՝ որպէս ըմպելիք: Նրա մահը պատմում են բոլոր հաւատացեալները եւ արհամարհելով մահը ու ակնկալելով երկնային հատուցում՝ Նրա անուան համար նրանք իրենց տանջանքների են մատնում: Ուստի նախանձախնդիր լինելով նրանց՝ այսօր մենք եւս մահուան ենք մատնւում Քո փառաւորեալ անուան համար, որովհետեւ ինչպէս Դու ես ասել՝ "Ով որ Ինձ պաշտի, միշտ հալածանքների մէջ պիտի ապրի": Այժմ աղաչում եմ Քեզ, Քո սուրբ եկեղեցին մի՛ մատնիր անօրէնների ձեռքը, որպէսզի չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը, Որի վրայ յոյս էին դրել: Յիշի՛ր, Տէ՛ր, Քո Որդու Արեան գինը եւ կեղեքիչների ձեռքից փրկի՛ր Քո անուանը հաւատացողներին: Ամո՛ւր պահիր Քո ժողովրդին, Տէ՛ր, հովուի՛ր եւ բարձրացրո՛ւ յաւիտեան: Պարսպի՛ր նրան Քո խնամատար Աջով՝ տալով օգնականութիւնդ բոլոր նեղութիւններում: Տարածի՛ր, Տէ՛ր, Քո ամրածածուկ Աջը այս իմանալի փարախի վրայ եւ թոյլ մի՛ տուր, որ անհաւատները բնակուեն Քո ժառանգութեան մէջ, այլ թող Քո ձեռքը զօրացնի Քո հաւատացեալներին, որպէսզի խոստովանութեամբ դաւանեն Քո անունը օտար ազգերի առաջ: Պարսպի՛ր, Տէ՛ր, Քեզ յուսացողներին եւ թշնամու որոգայթներից փրկի՛ր բոլոր նրանց, որոնք այս սուրբ եկեղեցու հովանու տակ ապաւինում են Քեզ: Տո՛ւր, որ արժանի լինենք ժառանգել Վերին Երուսաղէմը, որովհետեւ ամէն օր Քեզ համար ենք մեռնում եւ մեզ տանջանքների ենք մատնում Քո անչափ մարդասիրութեան համար: Քո այդ երախտիքների դիմաց հատուցելու ոչինչ չունենք՝ բացի այս աշխարհում նեղութիւն կրելուց: Լսի՛ր, Տէ՛ր, մեր աղօթքները, խոնարհեցրո՛ւ ականջդ Քո ծառաների խնդրանքներին սուրբ Կարապետի եւ Քո Մկրտչի բարեխօսութեամբ: Նրանց խնդրանքներով ամուր եւ անսասա՛ն պահիր հաւատացեալների եկեղեցին, որպէսզի մինչեւ մեծ Դատաստանի օրը հաստատուն մնայ հաւատքի հիմքը առաքելական եւ մարգարէական քարոզութեանդ հիման վրայ: Տէ՛ր, թող Քո փառքը լինի այս տաճարի մէջ, որը հիմնեց սուրբ Գրիգորը, եւ որն ընտրեցիր որպէս բնակարան սուրբ Կարապետի համար: Թող սուրբ Երրորդութեանդ փառքը միշտ այստեղ լինի: Տէ՛ր, Քո բարձունքներից առաքի՛ր Քո օգնութիւնը, որպէսզի ովքեր այստեղ են գալիս իրենց խնդրանքների համար, ողորմես ու բժշկես իրենց բոլոր ախտերից: Բայց եթէ կամենում ես, որ նրանք մնան իրենց ցաւերի մէջ, որպէսզի մարմնով չարչարուողները հոգով ապրեն հանդերձեալի մէջ, ապա թող, որ Քո կամքը լինի: Ովքեր հաւատով կը յիշեն այս սուրբ եկեղեցու անունն իրենց նեղութեան, վշտերի, անձկութիւնների, այսահարութեան, գետում խեղդուելու, գազաններին կերակուր լինելու կամ անտանելի որոգայթների վիհում, Դու, Տէ՛ր Աստուած, լսի՛ր եւ ողորմելով ազատի՛ր նրանց Քո մարդասիրութեամբ, որովհետեւ Քո ստեղծածներն են: Մի՛ դատիր նրանց ըստ իրենց մեղքերի, այլ Քո գթութեամբ խնայի՛ր եւ բժշկի՛ր՝ ողորմելով Քո գթութեամբ: Ընդունի՛ր, Տէ՛ր, մեր աղաչանքները եւ շնորհներ տուր նրա բնակիչներին, որպէսզի այս կեանքում ապրեն որպէս պանդուխտներ եւ ոչ թէ մարմնաւոր փափկութիւններով: Ների՛ր նրանց մեղքերը սուրբ Կարապետի եւ մեր հեղուող արեան բարեխօսութեամբ: Ընդունի՛ր նրանց սուրբերի որդեգրութեան՝ լոյսի մէջ: Այո՛, աղաչում ենք, որ ողորմես նաեւ մեղաւորներին, երբ նրանք կանգնեն սուրբ եկեղեցու առաջ եւ բարեխօս ունենան սուրբ Կարապետին: Հաշտուի՛ր նրանց հետ մեր նահատակութեամբ եւ մի՛ անտեսիր մեր խնդրանքները: Ների՛ր մեղաւորների մեղքերը եւ բժշկի՛ր վիրաւորների վէրքերը: Սուրբ Կարապետի բարեխօսութեամբ հատուցի՛ր նրանց, ովքեր իրենց կենդանութեան օրօք ապաւինեցին այս վայրին եւ բարիքներ արեցին այս եկեղեցուն: Տէ՛ր, թող Քո փառքն ու զօրութիւնը մնայ այս վէմի վրայ: Ինչպէս Հայոց աշխարհում բոլոր եկեղեցիներից առաջ նախ հիմարկուեց այս եկեղեցին, որի վրայ հանգչում է Քո փառքի մեծութիւնը, նոյնպէս էլ թող մնայ նրանում, մինչեւ որ գաս՝ նորոգելու երկիրը: Այնժամ պիտի գտնես նրան՝ նորոգուած եւ զարդարուած անապականութեամբ, ինչպէս Հնում խորանը՝ ներքուստ եւ արտաքուստ: Նաեւ ընդունի՛ր մեր մահը՝ հաճելի Քո տէրութեանը, որովհետեւ Դու զօրաւոր ես ամէն բանում, եւ Քեզ փա՛ռք յաւիտեանս»:
Երբ երանելիներն ասացին՝ ամէն, ձայն եկաւ երկնքից, որն ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս կամենում էք: Ովքեր կը ծառայեն Ինձ, ինչպէս որ ասացիք, այցելութեան օրը բարութեամբ պիտի հատուցեմ նրանց: Պիտի ներեմ նրանց մեղքերը, որովհետեւ մարդասէր եմ դէպի Ինձ դարձողների հանդէպ: Իսկ դուք եկէք այս լուսաւոր տեղերը, որ պատրաստեցիք ձեր ճգնութիւններով»: Այս լսելով՝ երանելիները երկրպագեցին սուրբ սեղանին: Սուրբերից մէկը՝ Պօղիկարպոս անունով, գնաց վանքից դուրս կանգնեցուած Խաչի մօտ եւ այնտեղ սկսեց աղաչել Աստծուն՝ երկրի խաղաղութեան եւ եկող թշնամուն ոչնչացնելու համար:
Նոյն պահին պարսից զօրքը յանկարծակի վրայ հասաւ: Երբ տեսան Պօղիկարպոսին, անմիջապէս գլխատեցին նրան ու գցեցին Խաչի առաջ, ապա իսկոյն եկան եկեղեցու դրան մօտ եւ տեսնելով միւսներին, որ աղօթում էին բազկատարած, բոլորին սրի քաշեցին: Խոտաճարակ սուրբ ճգնաւորների անուններն էին՝ Թէովնաս, Պօղիկարպոս, Սիմէոն, Յովհաննէս, Եպիփան, Դեմառիոս եւ Նարկեսոս: Այս եօթ սուրբերը նահատակուեցին պարսից զօրքի կողմից, որ եղաւ Տիրոջ 604 թուականի հոկտեմբերի 28-ին, հինգշաբթի օրը՝ օրուայ իններորդ ժամին: Այդ գիշեր բարբարոսների զօրքը մինչեւ լուսադէմ մնաց վանքում եւ որոշել էր կողոպտել ու աւերել եկեղեցին: Սակայն Տէրը նրանց առաջ փակեց եկեղեցու դուռը, եւ նրանք չկարողացան գտնել: Այնժամ սկսեցին մուրճերով հարուածել այս ու այն կողմ, բայց անօգուտ: Ապա բռնուելով եւ զարհուրելով արհաւիրքներից՝ այսահարների պէս տագնապած փախան այդ տեղից:
Սուրբերի նշխարները երեք օր մնացին անթաղ: Երեք օր անց եկան եկեղեցու սպասաւորը եւ հայր Թոդիկը, տեսան կատարուածն ու գտան նրանց նահատակուած: Ապա կանչեցին միւս միաբաններին, վերցրին նրանց նշխարները, թաղեցին սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի հետ եւ նրանց վրայ Խաչի նշան կանգնեցրին: Երբ քաջ Մուշեղ Մամիկոնեանը լսեց սուրբ խոտաճարակների նահատակութեան մասին, սրտի մեծ ցաւով երեք օր մահիճն ընկաւ, ապա զօրանալով նրանց բարեխօսութեամբ՝ Գայլ Վահանի հնարքներով յետ մղեց ու կոտորեց պարսիկներին: Այնուհետեւ սուրբ ճգնաւորների աղօթքներով ու նրանց հեղուած արեամբ Տարոն աշխարհը խաղաղութիւն գտաւ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ եօթ խոտաճարակների յիշատակը, որոնք նահատակուեցին Իննակնեան վանքում, տօնում է Սուրբ Խաչին յաջորդող Ե կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ Աղուանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գիւտի, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի եւ Թումասի ու Անտոնի եւ Կրօնիդէսի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: