Որ զաստուածային զօրութիւնդ Քո ծանուցեր Հոգիդ ճշմարիտ.
Բաշխելով իշխանաբար զպարգեւս Քո.
տեսանողաց մարգարէիցն ի սկզբանէ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ մաքրեցեր բնակարան Աստուածութեանդ Քո սուրբ զմարգարէսն.
Եւ աղբերաբար հեղեր յանձինս նոցա զանապական
Եւ զերկնային շնորհաց Քոց բղխումն.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ յայտնեցեր զծածկեալ խորհուրդ Քոյոց սիրողաց.
Եւ անճառելեաց ապագայից պատմողս արարեր.
Տնօրէնութեան Քում Էակցի Բանիդ Աստուծոյ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Կանանցից ծնուածներից մէծի արժանաւոր ծնողը, մարգարէածին եւ մարգարէաշնորհ սուրբ Զաքարիա քահանան Ահարոնի որդիների ղեւտական ցեղից էր, Աբիայի քահանայական ընտանիքից, որը Դաւիթ արքայի օրօք ութերորդն էր տաճարի քսանչորս սպասաւոր երէցների՝ Տիրոջ տան սրբագործող իշխանների ու առաջնորդների կարգում: Ուստի առաւել ստոյգ է Զաքարիային համարել ոչ թէ քահանայապետ, այլ գլխաւոր քահանաներից մէկը, որոնք խնկարկում էին Սեղանի առաջ՝ Սրբութիւնների Սրբութեան վարագոյրի յետեւում եւ այլ պաշտամունքներ մատուցում:
Զաքարիայի սրբասէր կինը՝ սքանչելի Եղիսաբէթը եւս Ահարոնի վայելչազարդ դուստրերից էր, արդար, արդարին վիճակուած: Քանզի երկուսն էլ ստուգապէս աստուածավախ էին եւ իրապէս արդարներ Աստուծոյ եւ ոչ թէ մարդկանց առաջ, որոնց առջեւ ձեւանալն առաւել դիւրին է: Ըստ աւետարանագրի՝ նրանք անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով ու բնակւում էին Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկում՝ ոչ շատ հեռու Երուսաղէմից:
Եւ ինչպէս որ մանրամասն գրում է Ղուկաս աւետարանիչը, Տէրը փակեց Եղիսաբէթի արգանդը, որպէսզի նա առաջացած տարիքում հրաշքով լոյս ընծայէր իր սքանչելի մանկանը, որ պիտի ծնուէր ծեր, ամուլ մօրից ու ալեւոր հօրից եւ կարապետ լինէր Աստուծոյ Բանի համար, որն եղաւ Գաբրիէլի՝ Զաքարիային տրուած աւետիսով: Վարդապետները իմաստասիրում են սուրբ Ղուկասի խօսքերը, թէ ինչպէս որ տաճարում ծննդեան աւետիս տրուեց Զաքարիային, նոյնպէս էլ տան մէջ յայտնութիւն եղաւ նաեւ Եղիսաբէթին, ու տրուեց մանկան անունը, որովհետեւ մինչ Զաքարիան պապանձուած լեզուով սպասում էր մանկան ծննդեանն ու թլփատութեանը, մայրը՝ Եղիսաբէթը, պնդում էր, որ իր զաւակի անունը Յովհաննէս պիտի լինի:
Եւ ինչն էր սքանչելին. ինչ անուն որ ասաց մայրը, նոյնը հաստատեց հայրը՝ գրելով տախտակի վրայ. «Դրա անունը Յովհաննէս է»: Հօր լեզուն արձակուեց այն նոյն պահին, երբ սահմանեց որդու անունը, որը լինելու էր անապատում Կանչողի ձայնը: Եւ Զաքարիան լցուեց Սուրբ Հոգով ու սկսեց մարգարէանալ՝ օրհնելով եւ փառաւորելով Աստծուն՝ կատարուած եւ մօտակայում կատարուելիք դէպքերի համար: Նա քարոզում էր եղած նշանների խորհուրդը, թէ ինչո՞ւ համար եղաւ այնպիսի նորանշան զաւակի ծնունդը, Ո՞ւմ համար կարապետ եւ մարգարէ կարգուեց իր մանուկը եւ յայտնում էր, որ նա պէտք է լինի աշխարհի Փրկչի՝ Քրիստոս Աստուածորդու նախընթացը, Ով պիտի գայ փրկելու մարդկանց որդիներին աներեւոյթ թշնամու ձեռքից եւ լուսաւորելու նրանց, ովքեր նստած էին խաւարի ու մահուան ստուերների մէջ:
Մեծ էին Տիրոջ այցելութիւններն ամբողջ աշխարհին, առաւել եւս, Զաքարիայի եւ Եղիսաբէթի տանը, ուր եկաւ Աստուծոյ Որդին, որ գտնւում էր կուսական արգանդում եւ տունն ու նրա բնակիչներին լցրեց երկնաւոր օրհնութեան առաջին պտուղներով: Եւ Մարիամը՝ Աստուծամայրը եւ Բանն Աստուծոյ տաճարը, իր օրհնաբանական երգով այդ տունը տաճար դարձրեց: Յովհաննէսը որովայնից որովայն երկրպագեց Քրիստոսին, Եղիսաբէթը ձայնակցեց Կոյսի օրհներգութեանը, եւ Զաքարիա քահանան էլ նոյն ձայնակցութեանն աւելացրեց օրհնութիւններ Բարձունքներում: Եւ սա քիչ պատիւ չէր Զաքարիային, որովհետեւ նրա օրհնութեան խօսքերը Կոյսի «Մեծացուսցէ»-ի օրհներգութեան հետ ամէն օր մեծարուելով հնչում է Աստուծոյ Եկեղեցում:
Եւ արդ, եթէ Զաքարիան խօսքերով մարգարէացաւ իր որդու՝ Յովհաննէսի, եւ Կոյսի Աստուածորդու մասին, ապա ինչ էր խորհում արդեօք իր լռութեան օրերին, որ տեւեցին իննամսեայ օրերից առաւել: Պարզ է, թէ որքան լեզուն անխօս մնաց, այնքան նրա սիրտն առաւել խելամուտ եղաւ առաջիկայ խորհուրդների խորութեանը եւ Աստուծոյ մեծամեծ գործերին, որոնք յետոյ փոքրիշատէ յայտնեց բերանով: Սակայն ինչպէս որ իր լեզուի կապանքները կրեց հրաշալի համբերութեամբ՝ կատարելապէս միաբանուած Աստուծոյ կամքի հետ, այդպէս էլ երբ բացուեց իր բերանը, երբէք չդադարեց ցնծութեան երգով օրհնել Աստծուն իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ Տէրը մեծ ողորմութիւն արեց իրեն, ինչպէս նաեւ ամբողջ աշխարհին՝ տալով այնպիսի շնորհանուն զաւակ, որը քարոզիչ եղաւ աշխարհի փրկութեան համար:
Սակայն այսպիսի ուրախութիւնից յետոյ ծերունի Զաքարիան ոչ քիչ նեղութիւններ կրեց իր պանծալի զաւակի պատճառով, յատկապէս նոր ծնուած երկնաւոր Թագաւորի փառքի պատուի համար: Քանզի ինչպէս գրուած է, երբ անօրէն Հերովդէս թագաւորը փնտռում էր աշխարհի կենսատու մանուկ Յիսուսին, կոտորել տուեց Բեթլեհէմի մանուկներին եւ միաժամանակ մարդիկ ուղարկեց լեռնակողմը՝ որոնելու Յովհաննէսին, որովհետեւ նրա անունը տարածուած էր ամբողջ Հրէաստանում, եւ նրա մասին ասում էին, թէ ինչ պիտի լինի այդ մանուկը: Այնժամ Զաքարիան եւ Եղիսաբէթը տագնաապեցին, վարանումների մէջ ընկան ու շտապեցին թաքցնել մանկանը: Եւ Աստուծոյ նախախնամութեամբ մանուկը փրկուեց իր մօր հետ՝ թաքնուելով լեռնակողմի քարանձաւներում: Կամ ինչպէս ուրիշներն են ասում, երբ նրանք փախչում էին անապատի կողմը, մի ժայռ բացուեց եւ իր մէջ առաւ Եղիսաբէթին ու Յովհաննէսին: Նրան որոնողները վերադարձան դատարկաձեռն, իսկ Յովհաննէսը մեծացաւ անապատում՝ հովիւների մօտ: Եղիսաբէթն էլ եկաւ իր տուն եւ խաղաղութեամբ աւարտեց իր կեանքի օրերը:
Իսկ Զաքարիայի մասին աւանդութիւնն ասում է, թէ նա մատնուեց Հերովդէս արքայի ձեռքը եւ սպանուեց տաճարում: Ինչպէս ասում են, նրա խողխողուած մարմինը Հերովդէսը գցել տուեց մի խորխորատ, որտեղից աստուածավախ մարդիկ վերցրեցին եւ թաղեցին նրա հայրերի գերեզմանոցում, եւ ոմանք էլ նրա արիւնը հաւաքեցին փոքր սրուակներում եւ կտաւների վրայ:
Մեր ազգի մէջ տարածուած արժանահաւատ վկայութեան համաձայն՝ սուրբ Գրիգոր Լուսաւորչի օրօք Հայաստան է բերուել սուրբ Զաքարիայի արիւնից եւ պահուել մի փոքր սրուակում: Դրա հետ բերուել են նաեւ մասունքներ սուրբ Պանդալեոն բժշկից, որը նահատակուել է Մաքսիմիանոսի օրօք: Եւ երբ սուրբ Գրիգորի թոռը՝ սուրբ Գրիգորիոսը գնաց Աղուանք, իր հետ տարաւ այդ պատուական մասունքները: Իսկ երբ նա մարտիրոսացաւ այնտեղ, հաւատացեալները դրանք զետեղեցին նրա գերեզմանում, որպէսզի չընկնեն բարբարոսների ձեռքը: Այնուհետեւ Աղուանքի Վաչագան բարեպաշտ արքայի օրօք, երբ յայտնուեցին Աղուանքի Գրիգորիոս կաթողիկոսի նշխարները, նրա հետ ի յայտ եկան նաեւ Զաքարիայի արիւնը եւ Պանդալիոնի մասունքները:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Զաքարիային յիշատակում է Եզեկիէլի եւ Եզրի հետ, Վերափոխման տօնին յաջորդող երրորդ շաբաթուայ երեքշաբթի օրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: