«Որ ի Հօրէ առաքեցար ի փրկութիւն ազգի մարդկան. Միածին Որդի եւ Բանդ Աստուած.
ԶՔեզ բարեբանեմք հարցն մերոց:
Որ զընտրեալսն ի Քէն յառաջ քան զլինելն աշխարհի.
Առաքեցեր ընդ տիեզերս աւետաւոր արքայութեանդ.
ԶՔեզ բարեբանեմք հարցն մերոց:
Որ ըստ մարմնոյ չարչարանացն Քոց եղեն կամաւ չարչարակից.
Որոց ի փառսն հայրենի լինել նման Քեզ խոստացար.
ԶՔեզ բարեբանեմք հարցն մերոց»:
(Շարակնոց)
Պօղիկարպոսը՝ Աստուծոյ առաքելաշնորհ այրը, սուրբ առաքեալների, առաւելապէս սուրբ Յովհաննէս աստուածաբան աւետարանչի աշակերտը, նրանց նմանութիւնն իր անձի մէջ ընդունողը, իր խօսքով ու գործով արդարեւ եղաւ Տիրոջ այգու առաքինի մշակը, առաւել եւս՝ բազմապտուղ ծառը, ինչպէս որ իր անուան թարգմանութիւնն է, որ նշանակում է «քաղցրահամ պտուղներով հարուստ»: Եւ ինչպէս այդ օրերին Անտիոքի Աթոռին ծաղկում էր նրա երանելի գործակից եւ աւագ աշակերտակից աստուածազգեաց Իգնատիոսը, այդպէս էլ այս երանելին էր ծաղկում Զմիւռնիայի, այսինքն Իզմիրի Աթոռին, որը Փոքր Ասիայի Յոնիա գաւառի ծովափնեայ քաղաք է: Եւ նրա առաջընթացն այսպէս եղաւ:
Երբ սուրբ Պօղոս առաքեալը վերադարձաւ Գաղատիայից եւ ճանապարհւում էր դէպի Երուսաղէմ, Ասիայով անցնելիս, բաղարջակերաց օրերին մտաւ Զմիւռնիա՝ այցելելու աշակերտներին եւ իջեւանեց Ստրատէասի տանը, որը Պամփիլիայում աշակերտել էր իրեն եւ Լաւոդիայի դստեր՝ Եւնիկէի որդին էր՝ երանելի Տիմոթէոսի եղբայրը: Պօղոս առաքեալի մեկնելուց յետոյ, ինչպէս որ նա ինքն է հաստատում, Ստրատէասը, փայլելով աստուածային վարդապետութեամբ, եղաւ ուսուցիչ ժողովրդի համար: Նրա յետեւից նոյն օրինակով առաւել եւս փայլեց նոյն քաղաքում առաքեալների կողմից եպիսկոպոս կարգուած երանելի Բուկողոսը, քանի որ առաքեալները քարոզութեամբ շրջելիս յաճախ հանդիպում էին այնտեղ, առաւելապէս Յովհաննէս աւետարանիչը, որ գտնւում էր Եփեսոսում՝ ոչ հեռու Զմիւռնիայից:
Այդ ժամանակներում Զմիւռնիա քաղաքում բնակւում էր բարձատոհմիկ, բարեպաշտ եւ աստուածավախ մի կին, որը անունը Կալլիստրէ էր: Աստուծոյ հրեշտակը գիշերային տեսիլքի մէջ երեւաց նրան ու ասաց. «Արի՛ եւ գնա՛ Եփեսոս կոչուած քաղաքի պարիսպների մօտ, որտեղ քեզ ընդառաջ կը գան երկու մարդիկ, որոնց հետ կը լինի արեւելքից բերուած Պօղիկարպոս անունով մի երեխայ՝ նրան վաճառելու համար: Տուր գինը եւ նրան քո տուն տար»: Եւ Կալլիստրէն կատարեց հրամանը. նա մանկանն իր տուն բերեց եւ մեծացրեց աստուածպաշտութեան կարգով: Տեսնելով երեխայի պարկեշտ վարքն ու ընտիր քաղաքավարութիւնը՝ նա խիստ զարմանում էր եւ սիրում նրան սեփական որդու պէս: Երբ նա մեծացաւ, պատանու ձեռքը յանձնեց իր շտեմարանների ու ամբողջ ունեցուածքի փականքները, իսկ երբ պատահում էր, որ Կալլիստրէն մի հեռաւոր տեղ էր գնում, մինչեւ իր վերադարձը Պօղիկարպոսին իր ամբողջ տան վրայ վերակացու էր կարգում:
Լինում էր, որ երբ Պօղիկարպոսը Կալլիստրէի ընտանիքի կարիքները հոգալու համար դուրս էր գալիս տնից, նրա յետեւից քրիստոնեայ աղքատների մեծ բազմութիւն էր գնում, եւ նա բոլորի ձեռքը լցնում էր առատօրէն: Նրա մօտ՝ տուն էին գալիս որբերն ու այրիները՝ ողորմութիւն խնդրելու, եւ նա տան եղածից բոլորին բաշխում էր ցորեն եւ գինի, իւղ եւ ամէն բան, ինչ որ կար տանը, մինչեւ որ կարճ ժամանակ անց ամբողջովին դատարկուեցին շտեմարանները: Եւ երբ Կալլիստրէն վերադարձաւ իր տուն, ընտանիքից մէկը պատմեց նրան, թէ արեւելքից եկած այն տղան վատնել է ամբողջ ունեցուածքը եւ դատարկել շտեմարանները: Խռովուելով այդ բանից, որից անտեղեակ էր, կանչեց Պօղիկարպոսին եւ զայրագին ասաց. «Այստե՛ղ բեր սենեակների եւ շտեմարանների բանալիները ու բացի՛ր դռները, որ տեսնեմ, թէ ինչ ես արել»: Եւ նա իսկոյն գնաց, որպէսզի բերի, բայց նախ մի առանձին սենեակ մտաւ, աղօթեց հոգոց հանելով եւ ասաց. «Տէ՛ր Աստուած, Քո սիրելի Որդո՛ւ Հայր, Դու Քո ծառայ Եղիայի միջոցով լցրիր սարեփթացու դատարկ անօթները: Աղաչո՛ւմ եմ, լսի՛ր ինձ եւ այնպէս արա, որ Յիսուս Քրիստոսի անունով ամբողջովին լցուեն այս դատարկ տեղերը»: Հաւատով աղօթելով՝ բերեց փականքները եւ բացեց շտեմարանների դռները: Եւ երբ Կալլիստրէն ներս մտաւ, տեսաւ, որ ամէն բան լիուլի առատութեամբ իր տեղում է, համակուեց ամօթով եւ զարմացած սարսափեց: Մինչ կամենում էր պատուհասել մատնիչին՝ որպէս անմեղ մարդուց չարախօսողի եւ իրեն ծաղրի եղթարկողի, Պօղիկարպոսը խնդրեց տիկնոջը՝ ասելով. «Իմ պատճառով մի՛ զայրացիր նրա վրայ, այլ թող քո ցասումն ինձ վրայ իջնի: Նա արեց, ինչ պարտաւոր էր անել, որովհետեւ տեղեկացրեց քեզ արժանին տան պակասութեան մասին: Ես եմ ցրել ամէն բան, բայց ոչ զուր տեղը, որովհետեւ բաշխել եմ կարօտեալներին: Եւ այժմ Աստուած լիացրեց մեզ, որպէսզի դու եւս կարողանաս առատաձեռն բաշխել՝ ըստ քո աղքատասիրութեան»: Այնժամ սքանչանալով՝ Կալլիստրէն գոհացաւ Աստծուց եւ առաւել տրուեց ողորմութեան բարի գործերին: Պօղիկարպոսին իր որդեգիրը դարձրեց եւ երբ հասաւ իր վախճանի օրը, իր ամբողջ ունեցուածքի վրայ նրան վերակացու կարգեց:
Իսկ Պօղիկարպոսը ոչ թէ ունեցուածքով էր հարստանում, այլ հաւատով եւ բարի գործերով՝ օրէցօր առաջադիմելով աստուածային շնորհներ ձեռք բերելու մէջ: Քանզի բազմիցս Եփեսոսում հանդիպելով Յովհաննէս մեծ աւետարանչին (կամ էլ երբ երբեմն վերջինս էր գալիս Զմիւռնիա) եւ աշակերտելով նրան՝ խելամուտ եղաւ առաքելական ողջ քարոզչութեանը, լցուեց հոգեւոր իմաստութեամբ եւ իմաստնացաւ աստուածային խորհուրդների մէջ: Ամէն օր մշտապէս ընթերցելով Սուրբ Գիրքը՝ գիշեր թէ ցերեկ խոկում էր նոյնի շուրջ: Անընդհատ յարատեւելով մշտամռունչ աղօթքների մէջ՝ իրեն մատուցում էր Աստծուն որպէս ընդունելի ողջակէզ: Իր ունեցուածքի մեծ մասը բաշխում էր աղքատներին եւ ապրում աղքատ ու համեստ կեանքով: Բարի օրինակ էր թէ՛ մեծերի եւ թէ՛ փոքրերի համար: Մեծամասամբ խոյս էր տալիս աղմուկներից եւ մարդկանց գովեստներից ու առանձնանում տանը կամ էլ քաղաքից դուրս գտնուող շէներում եւ իր ժամանակը լցնում Աստուծով եւ սուրբ Գրքի ընթերցուածքներով: Եթէ մէկը գալիս էր նրա մօտ շիտակ հոգով, ընդունում էր նրան սիրով եւ հոգեւոր օգտի համար երկար զրուցում, սակայն անխրատ եւ ունայնասէր անձանց արագ հեռացնում էր իրենից՝ պատճառ բռնելով կարեւոր գործերը: Իսկ եթէ պատահում էր, որ քաղաք իջնէր եւ ճանապարհին տեսնէր ոմանց, մանաւանդ մեծահասակներին, որոնք փայտ բարձած տանում էին վաճառելու, մօտենում եւ կարեկցում էր նրանց տառապագին չարչարանքներին, ուղեկցում էր նրանց եւ հարցնում, թէ շտապո՞ւմ են վաճառել իրենց բեռները: Եւ իմանալով նրանց կամքի յօժարութիւնը՝ աւելիով տալիս էր նրանց գինը եւ պատուիրում տանել քաղաքի մօտ բնակուող տնանկների ու այրիների տուն:
Երբ Պօղիկարպոսն արբունքի հասաւ, ծանօթներից ոմանք համարձակուեցին յորդորել նրան մտնել աշխարհի կարգի մէջ եւ ենթադրում էին, թէ սնոտի խօսքերով համոզել են նրան գնալ մարմնաւոր գեղեցկութեան յետեւից: Սակայն չգիտէին, որ նրա մէջ կայ սթափ հոգի եւ Սուրբ Հոգու ջերմեռանդութիւն, որով վառուելով՝ երանելին, ի նշան իր ընտրած այն հրաշափառ գեղեցկութեան, սովորել էր յաճախ ասել այս խօսքերը. «Որքա՜ն գեղեցիկ են իմ Տիրոջ՝ Քրիստոսի, մարգարէների եւ Նրա առաքեալների աստուածային խօսքերը: Գեղեցի՛կ ես տեսքով, Տէ՛ր իմ, քան մարդկանց բոլոր որդիները, եւ շնորհներ են սփռուած Քո շուրթերին: Գեղեցիկ են նաեւ Քո աւետարանիչների ոտքերը, որոնք բարութիւն եւ խաղաղութիւն են քարոզում աշխարհին»: Երանելին ահա այս եւ նման խորհուրդների մէջ էր: Նա Զմիւռնիայի եկեղեցու հաւատացեալներին երեւում էր որպէս մարմնաւոր հրեշտակ, որի համար սուրբ Բուկողոս եպիսկոպոսը սերտ եւ մտերիմ կապով բոլորից շատ նրան էր սիրում: Աստուածային յայտնութեամբ իմանալով, որ իր Աթոռին իրեն յաջորդելու է Պօղիկարպոսը, Բուկողոս եպիսկոպոսն ընդունեց նրան իր մօտ՝ եկեղեցու սպասաւորների կարգում, եւ ժողովրդի պահանջով նրան սարկաւագ ձեռնադրեց:
Այնուհետեւ երանելի Պօղիկարպոսը, որ լի էր Սուրբ Հոգով, սկսեց Ստեփաննոս նախասարկաւագի օրինակով հրապարակաւ քարոզել կենաց խօսքը, որով հրեաներին ու հեթանոսներին համոզում էր գերել իրենց մտքերն՝ ի հնազանդութիւն Քրիստոսի: Որպէս առաքելագործ այր՝ ինչ որ ասում էր, բազմիցս հաստատում էր գործերով եւ նշանների զօրութեամբ՝ Տիրոջ անունով բժշկելով ախտաւորներին ու դիւահարներին: Իր ունկնդիրներին տանում էր դէպի անարատ կենցաղավարութիւն, որպէսզի զարդարէր նրանց առաքինի գործերով եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ճշմարիտ հաւատով: Իսկ երբ հեթանոսներն ասում էին նրան, թէ դժուարին է քրիստոնեաների գործը, խիստ ծանր է մարմնի դէմ մաքառելը եւ հեշտութիւններն արհամարհելը, ծիծաղում էր նրանց վրայ եւ ասում. «Մոլորուածնե՛ր, դուք չէ՛ք ճանաչում Աստուծոյ զօրութիւնը, Ով Իր ծառաներին տալիս է ոչ միայն հեշտութեամբ կրել այդպիսի նեղութիւններ, այլեւ մարմնի եւ աշխարհի բռնութիւններից ազատուածներին ու սրբութեամբ իրենց Արարչին միաւորուածներին մեծ ուրախութեամբ եւ գոհութեամբ մնալ դրանց մէջ»:
Այնուհետեւ երանելի Բուկողոս եպիսկոպոսը Պօղիկարպոսին ստիպելով քահանայ ձեռնադրեց, որին հրաւիրուել էր բազմիցս, բայց նա հրաժարուել էր, եւ ահա նա յանձն առաւ իր կատարեալ հասակում: Զմիւռնիայի բոլոր հաւատացեալների համար նա համարուեց ընդհանուրի հայր, աստուածային խօսքի ուսուցիչ եւ մեկնիչ: Երբ մօտեցան ծերացած Բուկողոս եպիսկոպոսի վախճանի օրերը, նա կանչեց Պօղիկարպոս քահանային, ողջոյն տուեց նրան սուրբ համբոյրով, բռնեց նրա աջը, մօտեցրեց իր լանջին ու երեսին եւ ասաց. «Որքա՜ն շնորհներ պիտի բաշխուեն քո սուրբ ձեռքերից Սուրբ Հոգու պարգեւները մատակարարելիս: Գոհանում եմ Տիրոջից, որ իմ տեղում հաճեցաւ ընտրել քեզ՝ այս քաղաքի Իր ժողովրդին հովուելու համար: Եւ արդ, զօրացի՛ր Տիրոջով եւ մնա՛ խաղաղութեամբ»: Այս ասելով՝ սուրբ եպիսկոպոսը փոխուեց այս կեանքից:
Իսկ երանելի Պօղիկարպոսը չէր մտածում այդ բաների մասին, այլ միայն ուշադրութիւն էր դարձնում Աստուծոյ ծառայութեան մէջ առաջադիմելուն: Եւ երբ ամփոփեցին Բուկողոս եպիսկոպոսի մարմինը, ամբողջ ժողովուրդը եւ քահանաները, հազիւ համոզելով, հրաւիրեցին Պօղիկարպոսին՝ մատուցելու սուրբ Պատարագ: Ապա երբ բոլորը որոշեցին նրան իրենց հովիւ կարգել, աղաչաւորներ[1] ուղարկեցին Եփեսոս՝ Քրիստոսի սիրելի աշակերտ Յովհաննէսի մօտ, որպէսզի նա գայ ու ձեռնադրի Պօղիկարպոսին ու կարգի նրան՝ որպէս իրենց տեսուչ եւ առաջնորդ: Լուր տուեցին նաեւ մօտակայ շրջանների եպիսկոպոսներին ու երէցներին: Եւ նրանք եկան Զմիւռնիա, եկաւ նաեւ մեծ բազմութիւն այլ քաղաքներից, որտեղ հասել էր երանելու սրբութեան համբաւը: Եւ երբ բոլորը հաւաքուել էին Աստուծոյ եկեղեցում, երկնքից մեծ լոյս ծագեց եւ շրջապատեց բոլորին, որից ամէնքը զարմացան ու հիացան: Եւ ահա սուրբ եղբայրներից ոմանք այլեւայլ սքանչելի տեսիլքներ էին տեսնում. մէկը նշմարում էր հրաշակերպ փայլող Պօղիկարպոսի կերպարանքը, մէկ ուրիշը տեսնում էր նրա գլխին իջած աղաւնակերպ սպիտակափայլ Սուրբ Հոգուն, միւսն էլ տեսնում էր նրան՝ լուսեղէն պատմուճան հագած, այլ մէկն էլ՝ ծիրանիով զարդարուած: Զարմանքով լցուած՝ շշնջում եւ պատմում էին միմեանց, ինչ տեսնում էին: Այնտեղ բոլորի միաբան հաւանութեամբ երանելի Պօղիկարպոսը եպիսկոպոս ձեռնադրուեց սուրբ առաքեալի կողմից: Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ առաքեալի ակնարկութեամբ նա բեմ բարձրացաւ ու սկսեց ժողովրդի առաջ Սուրբ Հոգով խօսել աստուածային խօսքեր, որով բոլոր ունկնդիրներին զուարթացնում էր հոգեւոր ուրախութեամբ եւ շնորհներով հաստատում նրանց սրտերը Տիրոջ ճանապարհների վրայ:
Այնուհետեւ եղաւ, որ Պօղիկարպոս եպիսկոպոսը պէտք է քարոզչութեամբ շրջէր Յոնիայի Թէոսոս եւ Լեբեդէոս քաղաքներում: Նա իջեւանեց Դափնոս անունով մի եպիսկոպոսի տանը: Իմանալով նրա ծայր աստիճան չքաւորութեան մասին՝ Պօղիկարպոսը մեկնեց իր ձեռքը ընդեղէնից դատարի կարասի մէջ եւ ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով թող բազմանան սրանք»: Եւ այնուհետեւ այնքան առատացաւ բարիքը, որը ոչ միայն բաւական եղաւ Դափնոսի, այլեւ ուրիշներին բաշխելու համար: Մէկ ուրիշ անգամ, երբ սուրբը դարձեալ հանդիպեց Դափնոսին, վերջինս եղբայրների բազմութեամբ իր տանը սեղան բացեց նրա առջեւ: Սեղանին կար միայն մի անօթ գինի, այն էլ քիչ: Եւ երբ Դափնոսն ընտանիքին հրամայեց նորից գինի բերել, սուրբ Պօղիկարպոսն ասաց. «Այդքանը բաւական է բոլորիս, հոգ մի՛ տար, որովհետեւ գինին անօթից չի պակասի»: Եւ սպասաւորներից մէկը տեսաւ, որ սեղանին բազմածները որքան էլ ըմպում էին այդ անօթից, այն չէր պակասում: Նա բարձրաձայն ծիծաղեց եւ հեգնելով ասաց. «Ո՛վ սքանչելի՛ անօթ, որ միշտ անսպառ ես մնում»: Եւ երբ այս ասաց, անօթը դատարկուեց: Այնժամ Պօղիկարպոսն ասաց. «Զարմանալի չէ, որ Տիրոջ հրեշտակը, որը գործեց այս սքանչելիքը, իսկ եւ իսկ յետ դարձրեց իր ձեռքը դրա լրբենի խօսքից: Ուստի յիշէ՛ք մեզ ասուած այն խօսքը, թէ "Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք Նրա առջեւ դողալով"[2] »:
Մի անգամ երանելին իր սարկաւագ Կամերիոսի հետ գնաց մի աւան՝ հաստատելու աշակերտողներին եւ դարձի բերելու մնացած անհաւատներին: Ամբողջ օրը քարոզելուց յետոյ նա յոգնեց ու մտաւ մի տուն՝ փոքր-ինչ ննջելու եւ հանգստանալու: Եւ ահա Տիրոջ հրեշտակի կողմից ձայն լսուեց նրան, որն ասաց. «Արի՛, Պօղիկարպո՛ս, ե՛լ այդ տանից, որովհետեւ հիմա պիտի փլուեն դրա պատերը»: Այնժամ երանելին ձայն տուեց սարկաւագին՝ վեր կենալու եւ այդտեղից դուրս գալու, իսկ Կամերիոսը, որը խիստ յոգնած էր, դանդաղում էր: «Հաւատում եմ Աստծուն, - ասաց, - որ որքան դու այստեղ ես, մինչեւ առաւօտ տունն անվտանգ կը մնայ, քանի որ ամուր են պատերը»: Պօղիկարպոսը նրան ասաց. «Ես առաւել հաւատում եմ Աստծուն, քան իմ անձին կամ պատերին»: Եւ երբ դուրս եկան, տունն իսկոյն փլուեց:
Երբ քաղաք վերադարձան, սուրբին մօտեցրին դիւահար մէկի, որը քաղաքի իշխանի ծառան էր, եւ նա նոյն պահին բժշկեց Քրիստոսի անուամբ: Եղաւ, որ երբ մի գիշեր քաղաքի ճանաչուած հացթուխը վառեց փուռը, կրակի բոցն ընկաւ դիզուած փայտերի վրայ, ուժգին քամուց բոց բորբոքուեց, եւ մերձակայ բնակավայրերում հրդեհ սկսուեց՝ տարածուելով ամբողջ քաղաքով: Այնժամ բոլորը՝ մեծից մինչեւ փոքր, վեր կացան, չարչարուեցին, բայց չկարողացան մարել հրդեհը: Առաջ եկան հրեաները եւ խոստացան ձեռք մեկնել ու հեշտութեամբ մեղմել հրդեհը՝ ակնկալելով կողոպտել տները, սակայն քաղաքապետը, որ գիտէր նրանց դաւաճանութեան մասին, իւրայիններին ասաց. «Ինչո՞ւ էք սպասում եւ չէք կանչում Պօղիկարպոս անունով քրիստոնեաների վարդապետին, նրան, ով քիչ առաջ բժշկեց իմ ծառային: Հրեաների ճարտար հնարագէտներն այլեւայլ ընթերցուածքների միջոցով չկարողացան նրան ազատուելու հնար գտնել, աւելին՝ նոյն այսի կողմից չարաչար ծեծուելով՝ տանջուեցին, սակայն Պօղիկարպոսի մէկ խօսքով իմ ծառան առողջութիւն ստացաւ: Դէ՛, ուրեմն գնացէ՛ք եւ կանչէ՛ք այդ մարդուն, որովհետեւ միայն նա կարող է ազատել այս քաղաքը հրկիզուելու վտանգից»: Այնժամ իշխանի ծառաները գնացին Պօղիկարպոսի մօտ եւ նրան շտապ բերեցին հրդեհի վայրը: Եւ երբ երանելի եպիսկոպոսը խաչակնքեց կրակի վրայ եւ կանչեց Յիսուս Քրիստոսի անունը, այն իսկոյն մարեց: Բոլորի հետ սքանչելիք եղաւ, եւ նրանք փառաւորեցին քրիստոնեաների Աստծուն:
Այնուհետեւ Զմիւռնիայի սահմաններում երաշտ եղաւ, բոլոր տնկիներն ու բոյսերը չորացան, եւ քաղաքում ու նրա շրջակայ գաւառներում քիչ-քիչ սով տիրեց: Առաջնորդ մարդիկ հաւաքուեցին քաղաքապետի մօտ՝ որոշելու, թէ ինչ պէտք է անեն: Քաղաքապետն ասաց. «Քաղաքի շտեմարանները դատարկ են, եւ ոչ էլ բաւական դրամ կայ՝ հեռու երկրներից ցորեն բերելու համար»: Եւ երբ վարանումների մէջ ընկած մէկը մի բան էր ասում, միւսն՝ այլ բան, նրանցից ամենատարիքովը ոտքի կանգնեց ու ասաց. «Ո՛վ այրեր, չէ՞ք յիշում, թէ ինչ եղաւ այն մեծ հրդեհի ժամանակ, եւ թէ ինչպէս բոլոր կողմերից անելանելի դրութեան մէջ ընկած ու որեւէ տեղից օգնութիւն չգտած՝ փրկութեան յոյս չունէինք: Բայց երբ առաջ եկաւ քրիստոնեայ քահանաների առաջնորդը եւ մեր բոլորի առաջ աչքերը երկինք բարձրացնելով՝ մի քանի խօսք ասաց, չգիտեմ, թէ ինչպէս կատաղի հուրը, լսելով այդ խօսքերը, ամփոփուեց իր մէջ եւ տեղի տալով մարեց: Մինչեւ անգամ ինձ թւում է, թէ այդ մարդը մի աստուած է: Նաեւ մեր քերթողներն են ասում, թէ աստուածները մարդկային կերպարանքով երբեմն իջնում են մարդկանց մօտ, որպէսզի պաշտպանեն զրկուածների իրաւունքները եւ օգնական լինեն նեղեալներին: Ուրեմն ինչո՞ւ այժմ չկանչենք այն աստուածանման մարդուն, որպէսզի նա մեր նեղութեանը մի հնար գտնի»:
Հաւանելով այս խորհուրդը՝ ամբողջ ատեանը միաձայն որոշեց գնալ մեծ հրապարակ, քաղաքի բազմութեան առաջ կանչել Պօղիկարպոսին եւ նրանից օգնութիւն խնդրել: Երբ այս հասաւ մարդկանց ականջին, բոլորը խուռն բազմութեամբ գնացին հրապարակ՝ ակնկալելով սովից ազատուելու հնար ունենալ: Քաղաքապետի կողմից ուղարկուած պատուիրակները գնացին եւ բերեցին Աստուծոյ մարդուն: Իշխանները խօսեցին նրա հետ եւ ասացին. «Պօղիկարպո՛ս, դու տեսնում ես այս քաղաքի տառապանքները, որտեղ նաեւ դու ես բնակւում որպէս պանդուխտ եւ հաղորդակից ես այն նեղութիւններին, որ եղաւ երաշտի պատճառով: Արդ, Զմիւռնիայի բոլոր բնակիչներն աղաչում են քեզ, որ քո Աստծուց անձրեւ խնդրես, որպէսզի երկիրը զովանայ եւ պտղաբերի»: Այնժամ երանելին պատասխանեց նրանց՝ ասելով. «Լսէ՛ք ինձ, պատուակա՛ն իշխաններ եւ քաղաքի բոլո՛ր բնակիչներ: Ես ձեր մէջ մի պանդուխտ մարդ եմ եւ եկուոր օտարական: Ամբողջ աշխարհը բոլորի բնակութեան աստուածակերտ խոշոր բնակավայր է, սակայն ինձ համար պանդխտավայր է: Իմ հայրենի քաղաքը վերեւում՝ երկնքում է, որը Բարձրեալի աթոռն է: Դուք կարծում էք, թէ ես ձեռք եմ բերել իշխանութիւն՝ հեռացնելու Աստուծոյ ցասումը, որ հասել է մեղքերի պատճառով, բայց կան շատ այլ ծառայակիցներ, պաշտօնակիցներ եւ աստուածահաճոյ երէցներ, որոնց որպէս միջնորդներ եմ ուղարկում առ Աստուած, երբ ի վերուստ՝ երկինքից ինչ-որ բան եմ խնդրում: Եթէ կամենում էք, նրանց մէջտեղ կը բերեմ, որպէսզի աղաչեն՝ ձեր խնդրանքը կատարելու համար: Սակայն յորդորում եմ ձեզ անվրդով մնալ եւ ակնկալել Տիրոջ այցելութեանը, միայն թէ դուք խրատէք ամբողջ ժողովրդին հեռանալ իրենց չար գործերից եւ ապաշխարութեան արժանի գործեր անել, որպէսզի Աստուած ներողամիտ լինի: Նա կամենում է բոլորի դարձն ու ապրելը»:
Այս լսելով՝ քաղաքապետը ողջ բազմութեան առաջ ասաց. «Դուք բոլորդ գիտէք, որ մենք հրապարակաւ զոհեր ենք մատուցում աստուածներին, բայց Պօղիկարպոսը եւ նրա պաշտօնակիցներն աղօթում են իրենց Աստծուն եւ Նրանից ընդունում ամէն բան, ինչ հայցում են: Եւ այժմ թոյլ տանք նրան՝ իւրայիններով հանդերձ, կատարել ամէն բան՝ ըստ իր հաւատքի, որպէսզի նրանց աղօթքից մեզ այցելութիւն լինի»: Այս ասելով՝ արձակեց ժողովը: Իսկ երբ հաւատացեալներն իմացան, թէ Պօղիկարպոսին հրապարակ են տարել, վախեցած աղօթում էին նրա համար: Եւ ահա, աղօթքի տուն գալով, սուրբն իր սարկաւագներին պատուիրեց լուր տալ բոլոր հաւատացեալներին հաւաքուել եկեղեցում: Օրն ուրբաթ էր: Եւ երբ հաւաքուեցին, սուրբ հայրապետը ժողովրդին ասաց. «Յիշէ՛ք, եղբայրնե՛ր, Տիրոջ այն խոստումը, թէ խնդրէ՛ք, եւ կը տամ ձեզ, կամ՝ եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ բոլոր բաների համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար Իմ Հօր կողմից, որ երկնքում է: Եւ այժմ խնդրէ՛ք հաւատով եւ ոչ թէ ալեկոծ մտքով, որովհետեւ աղօթողի աղօթքը երկթաթ կշեռքի վրայ է դրւում եւ համեմատւում է, թէ որ կողմն է նրա միտքը ծանրանում: Պետրոս Վէմը ջերմ հաւատքով ուղիղ քայլում էր ալիքների վրայով, բայց երբ թերահաւատ եղաւ, երերաց: Նոյնպէս երբ Մովսէսը կամենում էր յորդորել սասանուող ժողովրդին՝ հաւատքի մէջ ամուր մնալու համար, ասում էր՝ սպասէ՛ք եւ կը տեսնէ՛ք Աստուծոյ մեծամեծ գործերը: Մենք պէտք է անսասան մնանք՝ հաստատուած վէմի վրայ՝ ի Յիսուս Քրիստոս հաւատով: Նաեւ երբ երեք տարի եւ վեց ամիս երկինքը փակուեց, երանելի Եղիա մարգարէն խնդրեց աներկմիտ հաւատով, ու անձրեւ տեղաց: Եւ այժմ այսօր մեզ նոյնպիսի հաւատք է պէտք»:
Այս ասելով՝ սուրբ եպիսկոպոսը ծնրադրեց բոլորի հետ եւ աղօթեց՝ ասելով. «Ո՛վ Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի՛ Հայր, յաւիտեան օրհնեալ եւ ամենակա՛լ Աստուած, սպասաւորեա՛լդ երկնքի հրեշտակների կողմից, երկնքի եւ երկրի Տէ՛ր եւ Արարի՛չ, Դու, որ ուղարկեցիր Քո Որդուն՝ մարդկային ազգի փրկութեան համար, լսի՛ր, Տէ՛ր, նայի՛ր Քո բարձունքներից, մօտեցրո՛ւ ականջդ եւ ընդունի՛ր Քո սուրբ եկեղեցու աղաչանքները: Անձրե՛ւ տուր երկրի երեսին, նաեւ սերմնացանի սերմ եւ հաց, որպէսզի այս տառապանքների օրերին հեթանոսները ճանաչեն, որ մենք Քո ծառաներն ենք»: Եւ մինչ խօսքերը բերանում էին, Տէրը երկնքից որոտաց, եւ երեք օր այնքան յորդառատ անձրեւ տեղաց, որ ինչպէս վկայաբաններից ոմանք են ասում, թէ այդ անձրեւը դարձեալ աղօթքով դադարեց: Այս տեսնելով՝ քաղաքի բնակիչները հասկացան, որ Աստուծոյ սքանչելիքները եղան եկեղեցու աղօթքներով, եւ սկսեցին բարձրաձայն փառաւորել Աստծուն, որ սքանչելիքներ է գործում Իր ծառաներով: Եւ մեծ ուրախութիւն եղաւ լիկիացիների երկրում, յատկապէս Զմիւռնիա քաղաքում, որտեղ շատերը Տիրոջը դարձան:
Այնուհետեւ սուրբ Պօղիկարպոսը, երկար տարիներ մնալով Զմիւռնիայի աթոռին եւ ապրելով աշխարհում մինչեւ խոր ծերութիւն, միշտ փայլեց սքանչելի վարքով եւ իր վարդապետութեան խօսքով պայծառացրեց եկեղեցին: Դարձի բերեց շատ անհաւատների եւ հաւատքի մէջ հաստատեց ոչ միայն իր աշակերտներին, այլեւ հեռաւորներին՝ ուղարկելով հոգելից թղթեր ու նամակներ: Այդ շարքում յիշատակւում են աթենացիներին, սուրբ Դիոնեսիոս Արիսպագացուն եւ զանազան եկեղեցիներին ուղղուած թղթերը, ինչպէս եւ Սուրբ Գրքի մեկնութիւնների ասացուածքներ, որոնք այսօր չէն գտնուել, բացի փիլիպեցիներին ուղղուած մի թղթից, որը կայ մինչ օրս:
Այդ օրերին եկեղեցու մէջ խնդիր ծագեց Զատկի տօնի վերաբերեալ, որն ասիացիները կատարում էին հին Պասեքի օրը, այսինքն ըստ հրեաների՝ մարտ ամսուայ լուսնի տասնչորսերորդ օրը, իսկ հռոմէացիները, ըստ Պօղոս եւ Պետրոս առաքեալների, կատարում էին կիրակի օրը՝ տասնչորս օրական լուսնից յետոյ: Եւ երբ հակառակութիւն առաջացաւ այս եւ այլ խնդիրների շուրջ, երանելի Պօղիկարպոսը յանձն առաւ իր այդ տարիքում անձամբ ճանապարհուել ու գնալ Հռոմ, խորհրդակցել Հռոմի հայրապետի հետ, որն այդ ժամանակ Անիկտոսն էր, որն աթոռին էր նստել Տիրոջ 151 կամ 154 թուականին: Այնտեղ հասնելով՝ երանելին մեծապէս պատուի արժանացաւ Անիկտոսի կողմից: Նա հաւատացեալների բազմութեան առաջ հայրապետական շուքով մատուցեց սուրբ Խորհուրդը, Քրիստոսի խօսքով քարոզեց քաղաքում եղող աղանդաւորներին եւ վաղենտինեան ու մարկիոնեան հերետիկոսներից շատերին ուղղափառութեան դարձրեց: Մի անգամ Մարկիոն աղանդապետն անձամբ եկաւ Պօղիկարպոսի մօտ՝ նրա սիրտը շահելու եւ խնդրելու համար, որ չմերժի իրեն եկեղեցուց ու հարցրեց նրան. «Ճանաչեցի՞ր մեզ», իսկ սուրբն ասաց նրան. «Ճանաչում եմ քեզ, որովհետեւ դու սատանայի անդրանիկն ես»: Եւ այնուհետեւ չարը չհամարձակուեց երեւալ սուրբի առաջ, որը սուր սուսեր էր սուտանուն քրիստոնեաների դէմ, որոնք կորստեան հերձուած էին յարուցում եկեղեցու մէջ: Եւ լիրբ աղանդաւորներից հեռանալիս երանելին ասում էր. «Յովհաննէս աւետարանչից սովորել եմ, որը երբ Եփեսոսում բաղնիք էր մտել եւ ներսում Կերինթոսին էր տեսել, առանց լողանալու վազելով դուրս էր եկել բաղնիքից եւ ասել. "Փախէ՛ք այստեղից, որ բաղնիքը չփլուի մեզ վրայ, որովհետեւ այստեղ է Կերինթոսը՝ ճշմարտութեան թշնամին": Նաեւ Պօղոս առաքեալն է ասում այդպիսինների մասին. "Հեռացի՛ր հերձուածող մարդուց մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ: Իմացի՛ր, որ շեղուած է այդպիսինը եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն"[3]»:
Զատկի խնդրի վերաբերեալ, որի համար սուրբը Հռոմ էր եկել, մինչ այդ պահը չկար կանոնական որոշում, որպէսզի եկեղեցու մէջ պառակտում չընկնէր եւ առիթ չլինէր վերոնշեալ աղանդաւորների զօրանալու համար: Ինչպէս Անիկտոսն էր հռոմէական աւանդութիւնն առաջ բերում որպէս առաքելական, այնպէս էլ Պօղիկարպոսն էր ասիացիների սովորութիւններն առաջ բերում իբրեւ նոյնութեամբ պահուած առաքեալների ժամանակներից: Այդ պատճառով Անիկտոսը միառժամանակ զիջեց, եւ Պօղիկարպոսը խաղաղութեամբ Հռոմից իր աթոռ վերադարձաւ:
Ըստ գաղղիացիների վկայաբանութիւնների աւանդութեան՝ սուրբ Պօղիկարպոսը Հռոմ գնալիս անցաւ Մասսիլիայով եւ Պոթինոս անունով իր աշակերտին ուղարկեց Լուգդոն՝ այնտեղ կենաց խօսքը սերմանելու համար, որը եւ նա արեց, եւ համարւում է, որ նա էլ եղել է Լուգդոնի առաջին եպիսկոպոսը: Բայց երբ նա նահատակուեց վկայութեամբ, սուրբ Պօղիկարպոսը նրա փոխարէն Զմիւռնիայից ուղարկեց իր աշակերտ Իրենէոսին, որն առաքեալների հետեւորդն էր եւ եղաւ Լուգդոնի երկրորդ եպիսկոպոսն ու քաջ նահատակը: Իր աշակերտներին եւս ուղարկեց Գաղղիայի[4] այլեւայլ կողմեր եւ յորդորեց բոլորին լինել Գաղղիայի առաքեալները: Այս թողնում ենք ազգային աւանդութեանը եւ սակայն ընթերցելով այդ ժամանակներում Գաղղիայում նահատակուած սուրբ եպիսկոպոսների, քահանաների ու սարկաւագների զանազան վարքագրութիւնները՝ կարող ենք ասել, որ նրանք այդտեղ էին եկել արեւելքից եւ ուղարկուել սուրբ Պօղիկարպոսի կողմից եւ մինչեւ իսկ՝ նա է հանդիսանում այդ երկրի լուսաւորութեան սկզբնառիթը:
Տարիներ անց՝ Պօղիկարպոսի Հռոմից վերադառնալուց յետոյ, մեռաւ հռոմէացիների խաղաղասէր Մարկոս Անտոնիոս Պիոս կայսրը, եւ թագաւորեց նրա որդին՝ Մարկոս Աւրելիոս Վերոսը (Տիրոջ 162 թ.) իր եղբօր՝ Ղուկիոս Վերոս Կոմոդոսի հետ: Նրա օրօք հալածանքներ յարուցուեցին քրիստոնեաների դէմ յատկապէս ասիական կողմերում՝ Փոքր Ասիայում, որը մասնաւոր անուամբ Անադոլի է կոչւում, եւ Գաղղիայի արեւմտեան սահմաններում: Քրիստոսի անուան համար շատերը փայլեցին նահատակութեան մրցապայքարում, սակայն ժամանակի վկաների պարծանքի պսակը եղաւ Զմիւռնիայի սուրբ Պօղիկարպոս հայրապետը, որի երանելի նահատակութեան մասին գրել ենք՝ օգտուելով ականատես վկաներից՝ Զմիւռնիայի եկեղեղեցու երէցներից, մանաւանդ Եւսեբիոսի նամակից եւ քաղել ենք ամբողջը, որտեղ յիշատակուած է նաեւ ասիացի այլ նախընթաց վկաների մասին, որոնք տօնւում են Պօղիկարպոսի հետ «Արեւելեան վկաներ» անուամբ:
Արդ, երբ Տիրոջ 167 կամ 168 թուականին հալածանքների հրդեհը տարածուեց Ասիայի կողմերում, Զմիւռնիայի եւ ամբողջ Ասիայի անթիհիւպատոս Ստրատիոս Կուադրատոսի ու արեւելքի այլ դատաւորների հրամանով բռնեցին բազմաթիւ քրիստոնեաների եւ Քրիստոսի անուան համար մատնեցին տեսակ-տեսակ տանջանքների. քերում էին ոմանց ներքին ջլերը, մինչեւ երեւային որովայնի աղիքները, ոմանց հրի էին մատնում, ոմանց՝ խեղդում ջրի մէջ, էլ չենք ասում շատերի մասին, որոնք վախճանւում էին սրով, ինչպէս ծովային երկպատեան սուր խեցեմորթներով, այսինքն նրանց մէջ ծովային խեցեմորթներ էին լցնում, քաշքշելով խոցոտում դրանցով, բզկտում սուրբերի մարմինները եւ ապա նման այլ խոշտանգումների մատնելուց յետոյ գազանների կերակուր էին դարձնում: Սակայն այս ամէնում այնքան սքանչելի էին երանելի վկաների համբերութիւնը, զուարթութիւնը եւ դառը չարչարանքների մէջ անգամ չհեծեծալը, որ ամբողջովին զարմացնում էին բոլոր տեսնողներին ու նրանց ողբալ տալիս: Այդ հանդէսում առաւել փայլեց քաջ Գերմանիկոսը՝ դեռատի պատանին, որն իր օրինակով զօրացրեց քաջ նահատակներին, քանզի զօրացած էր Աստուծոյ շնորհներով եւ անվեհեր հոգով յաղթել էր մահուան երկիւղին: Անթիհիւպատոսը կամենում էր հրապուրել նրան, առաջ էր բերում նրա պատանի հասակը եւ ասում. «Պատանի ես եւ դեռեւս փոքր, խնայի՛ր քեզ», ցոյց էր տալիս հրապարակի գազաններին եւ կամենում ահաբեկել նրան: Բայց նա ուշադրութիւն չէր դարձնում, այլ ուրախութեամբ բռնում էր գազաններին, դէպի իրեն դարձնում՝ ոչ միայն գրգռելով նրանց, այլեւ բռնութեամբ, որպէսզի ցոյց տար, որ ո՛չ կեանքը եւ ո՛չ մահը չեն կարող բաժանել իրեն Քրիստոսից, եւ որ ցանկանում էր արագ հեռանալ այս անօրէն ու անիրաւ աշխարհից: Երբ նա սքանչելապէս նահատակուեց այսպիսի մահուամբ, ողջ ժողովուրդը, որ զարմացել էր սուրբ վկայի զօրութեան եւ ի Քրիստոս նահատակուած այլ վկաների անպարտելի քաջութեան վրայ, չարացան ու սկսեցին աղաղակել՝ ասելով. «Թող վերանան անաստուածները, թող վերանան այդ քրիստոնեաները: Փնտռէք եւ մէջտեղ բերէք նրանց առաջնորդ Պօղիկարպոսին»:
Խռովութեան այդ պահին համարձակ առաջ եկաւ ազգութեամբ փռիւգիացի եւ այնտեղից նոր եկած Կուինտոս անունով մի մարդ, որն ուրիշներին յորդորում էր կամաւոր նահատակութեան գնալ: Նա թէպէտ ինքնավստահ, առանց որեւէ մէկի կանչելու առաջ մղուեց, սակայն տեսնելով կատաղի գազաններին՝ վախեցաւ եւ տկարացաւ իր մտքում: Իսկ անթիհիւպատոսը, տեսնելով նրան, կանչեց իր մօտ եւ պարգեւների խոստմամբ համոզեց նրան երդուել աստուածներով ու զոհ մատուցել: Եւ թէպէտ նա կորստեան մատնուեց, բայց յայտնի օրինակ եղաւ բոլորի համար, որ արժան չէ, որ որեւէ մէկը յանդուգն համարձակութեամբ եւ առանց Տիրոջ երկիւղի իսկոյն գցի իրեն այս վիճակի մէջ, քանզի ոչ բոլորի մէջ է կատարեալ սէրը, որը հեռացնում է մարդկային երկիւղը:
Այնուհետեւ իշխանի որոնողներն սկսեցին փնտռել Պօղիկարպոսին: Իսկ սքանչելի հայրապետը, աւելի վաղ լսած լինելով հալածանքների բոլոր իրադարձութիւնների մասին, որոշել էր մնալ քաղաքում, որ թերեւս հասնէր իր սրտի փափագին, այն էր՝ նահատակուէր ի Քրիստոս վկայութեամբ: Բայց երբ մերձաւորներն աղաչեցին նրան դուրս գալ քաղաքից եւ գնալ քաղաքից քիչ հեռու գտնուող մի աւան, յանձն առաւ նրանց խնդրանքը եւ մի քանի սպասաւորներով գնաց այնտեղ: Նրանց հետ անդադար աղօթում էր Տիրոջը եւ խաղաղութիւն հայցում բոլոր եկեղեցիների համար: Եւ Աստուած լսեց նրա խնդրանքները՝ կատարելով նահատակուելու իր փափագը, քանզի յայտնեց նրան, թէ իր վկայութեան շնորհիւ պիտի կնքի ժամանակի վկաների մրցապայքարը, եւ հալածանքները պիտի դադարեն: Իր նահատակութիւնից երեք օր առաջ սուրբը տեսիլքի մէջ տեսաւ, որ իր գլխատակի բարձը յանկարծ վառուեց: Եւ երբ արթնացաւ տեսիլքից, պարզ ու որոշակի խօսեց դէպքերի աւարտի մասին՝ նախապատրաստելով իւրայիններին՝ յայտնելով, թէ Քրիստոսի համար պիտի վախճանուի հրով:
Եւ երբ նրա մերձաւորներն իմացան, որ ատեանի պաշտօնեաները մեծ ջանքերով որոնում են երանելուն, խնդրեցին նրան դարձալ խուսանաւել ու հեռանալ մէկ ուրիշ տեղ, եւ նա եղբայրների սիրոյ համար փոխադրուեց մէկ ուրիշ աւան: Քիչ ժամանակ անց եկան նրան որոնողները, բռնեցին երկու պատանու եւ տանջեցին նրանցից մէկին, որպէսզի ցոյց տար եպիսկոպոսի տեղը: Եւ նա տանելով ցոյց տուեց նրանց Պօղիկարպոսի կեցավայրը: Ուրբաթ օրուայ երեկոյեան ժամն էր: Սուրբը նստում էր մի վերնայարկում, որտեղից նա մթան մէջ կարող էր անցնել մէկ այլ սենեակ, որը ստիպում էին անել եղբայրները, բայց նա չկամեցաւ ու ասաց. «Թո՛յլ տուէք, որ Տիրոջ կամքը լինի»: Ուստի երբ երանելին իմացաւ, որ եկել տուն են հասել, իսկոյն իջաւ նրանց մօտ եւ զուարթերես ու քաղցրութեամբ խօսեց նրանց հետ: Տեսնելով նրա պատկառելի դէմքը՝ նրան չճանաչողներին թուաց, թէ մի սքանչելի բան են տեսնում, որովհետեւ նայում էին նրա խոր ծերութեանը, խոնարհութեանը եւ անայլայլ երեսին, կարեկցում էին՝ ասելով. «Ինչո՞ւ իշխաններն ուղարկեցին մեզ անխնայ չարչարուելով բռնել այս ծերին»: Իսկ նա պատուիրեց իսկոյն սեղան բացել նրանց առջեւ եւ իբրեւ իր բարեկամների ու բարերարների՝ ազնիւ խորտիկներով հիւրասիրեց նրանց: Մէկ ժամ ժամանակ խնդրեց՝ աղօթելու համար, եւ երբ թոյլ տուեցին, նա վեր կացաւ ու աղօթեց՝ լցուած մեր Տիրոջ շնորհներով: Լսելով նրա աղօթքները՝ տեսնողները մինչեւ իսկ հիանում էին ու սրտացաւութեամբ ասում. «Ինչպիսի՜ ծեր, խոնարհ եւ Աստծուն արժանի մարդ պիտի մեռնի»: Իսկ սուրբն իր աղօթքներում յիշատակեց բոլոր եկեղեցիներին, որ կային ամենուր եւ ամբողջ աշխարհում՝ հայցելով Տիրոջից հաստատուն պահել հաւատացեալներին եւ խաղաղութիւն տալ աշխարհին:
Մօտ երկու ժամ անց, երբ աւարտել էր իր աղօթքները, շաբաթ օրուայ լուսադէմին նրան նստեցրին գրաստի վրայ եւ քաղաք տարան: Նրան ընդառաջ եկաւ Հերովդէս դատաւորի սպասաւորների գլխաւորը, որին Իրենարքոս էին կոչում՝ նստած Հերովդէսի հօր՝ Նիկետասի կառքին: Կամենալով պատուել Պօղիկարպոսի տարիքը՝ նրան նստեցրին իրենց կառքը եւ ճանապարհին համոզում էին ուրանալ՝ ասելով. «Ի՞նչ վատ բան կայ մահուան վտանգի մէջ եղող մարդու համար, որ ընդունի կայսրին, ապա զոհ մատուցի եւ ապրի»: Նա սկզբում չպատասխանեց, բայց երբ ստիպեցին նրան, ասաց. «Ես չեմ անի այն, ինչ յորդորում էք»: Եւ երբ նրանք տեսան, որ յանձն չի առնում, սկսեցին չարաչար խօսքերով անարգել նրան, հարուածել ու աքացի տալ սուրբ ծերունուն եւ, իբրեւ թէ ակամայ, դուրս գցեցին կառքից: Նրա սրունքները ջարդուեցին, սակայն առանց վշտանալու, ասես թէ ոչինչ չէր եղել, նա վեր կացաւ եւ ուրախութեամբ քաղաք մտաւ:
Ապա զինուորները վերցրին նրան ու տարան հրապարակ, ուր գազաններ էին արձակում: Քաղաքի բազմութիւնը հաւաքուեց այնտեղ եւ մեծ իրարանցում եղաւ, որովհետեւ լսեցին, որ բռնել են Պօղիկարպոսին: Եւ մինչ սուրբ հայրապետի հրապարակ մտնելը ձայն լսուեց երկնքից, որն ասաց նրան. «Քաջալերուի՛ր եւ զօրացի՛ր, Պօղիկարպո՛ս»: Ոչ ոք չտեսաւ Նրան, Ով ասաց այս, բայց ներկայ հաւատացեալներից շատերը լսեցին ձայնը: Երբ սուրբը մօտեցաւ ատեանին, անթիհիւպատոսն սկսեց հարցաքննել. «Դո՞ւ ես Պօղիկարպոսը»: Եւ երբ պատասխանեց՝ այո, սկսեց համոզել նրան ուրանալ՝ ասելով. «Պատկառի՛ր քո ծերութիւնից եւ լսի՛ր իմ յորդորը: Երդուի՛ր կայսեր փառքով եւ իմաստնացի՛ր, ասա՛, որ թող վերանան այդ անաստուած, աղանդաւոր քրիստոնեաները»: Իսկ երանելի Պօղիկարպոսը լուրջ դէմքով նայեց հրապարակում խմբուած ամբողջ ժողովրդին, ձեռքերը տարածեց հեթանոսների վրայ, յոգոց հանեց դէպի վեր՝ երկինք, եւ ասաց. «Տէ՛ր, վերացրո՛ւ անաստուածներին»: Չհասկանալով, թէ ինչ ասաց սուրբը, դատաւորը շարունակեց ստիպել նրան ու ասել. «Երդուի՛ր, եւ ես կ՚արձակեմ քեզ, հայհոյի՛ր Քրիստոսին»: Պօղիկարպոսը նրան ասաց. «Ութսունվեց տարի է, որ ծառայում եմ Նրան, եւ Նա ոչնչով չի վնասել մեզ, ինչպէ՞ս կարող եմ հայհոյել իմ Թագաւորին, Նրան, Ով փրկեց ինձ»: Բայց դատաւորը դարձեալ ստիպում էր ու ասում. «Երդուի՛ր կայսեր փառքով, այսինքն նրա կեանքով»: Երանելին պատասխանեց. «Դու կատակելով կատակում ես, որովհետեւ ինձ ասում ես՝ երդուի՛ր կայսեր կեանքով, որը յատուկ է հեթանոսներին: Այժմ լսի՛ր ինձ, ես քրիստոնեա՛յ եմ: Եթէ կամենում ես սովորել քրիստոնէութեան մասին, ապա ժամանակ տուր եւ լսի՛ր»: Այնժամ անթիհիւպատոսը հեգնելով ասաց. «Ահա՛, համոզի՛ր այս ներկայ ժողովրդին»: Պօղիկարպոսն ասաց նրան. «Ես քեզ պատասխանի արժանացրի այն պատճառով, որովհետեւ մենք Աստուծոյ հրամանով կարգուած առաջնորդներին եւ իշխաններին, որոնք վնաս չէն տալիս մեր հոգիներին, սովորել ենք արժանի պատիւ մատուցել, բայց այս ատեանի խաժամուժների առջեւ արժան չենք համարում արդարանալ եւ հաւատքի մարգարիտը գցել անսուրբ մարդկանց առաջ»: Անթիհիւպատոսը բարկացաւ ու ասաց. «Ես ունեմ գազաններ, եւ եթէ չզղջաս, քեզ նրանց առաջ կը գցեմ»: Երանելին ասաց. «Կանչի՛ր քո գազաններին, թող գան, որովհետեւ մենք չենք ապաշխարում բարուց դէպի չարը, այլ բարի է մարդու համար, երբ նա դառնում եւ ապաշխարում է չարից դէպի բարին»: Իշխանը դարձեալ ասաց. «Եթէ արհամարհում ես գազաններին, ապա հրով տանջամահ կ՚անեմ, եթէ չփոխուես»: Պօղիկարպոսն ասաց նրան. «Դու սպառնում ես հրով, որն այրում է միառժամանակ ու քիչ անց մարում, բայց չգիտես Դատաստանի հրի եւ յաւիտենական տանջանքների մասին, որ լինելու է եւ պահուած է անօրէնների համար: Այլեւս մի՛ ուշացրու, արա՛, ինչ կամենում ես»: Երանելին համարձակ այս եւ նման խօսքեր ասաց, որովհետեւ նրա սիրտը լի էր քաջութեամբ եւ ուրախութեամբ, իսկ երեսը՝ խնդութեամբ ու շնորհներով, որից անթիհիւպատոսը խիստ զարմացաւ ու հրամայեց հրապարակում երեք անգամ յայտարարել, թէ Պօղիկարպոսն իրեն քրիստոնեայ է խոստովանել:
Եւ երբ այս յայտարարուեց, Զմիւռնիայում բնակուող հրեայ եւ հեթանոս ժողովուրդը զայրոյթով եւ բարկութեամբ աղաղակեց. «Դա է ասիացիների վարդապետն ու ուսուցիչը, քրիստոնեաների հայրը եւ հելլենացիների աստուածներին վերացնողը: Նա է, որ շատերին սովորեցրել է զոհեր չմատուցել ու չերկրպագել աստուածներին: Վերացրէ՛ք դրան մէջտեղից»: Ապա աղաղակելով աղաչեցին Ասիայի Փիլիպպոս իշխանին, որի ձեռքին էին գազանամարտի մրցահանդէսը, որպէսզի Պօղիկարպոսի վրայ առիւծ արձակի, իսկ նա ասաց նրանց. «Չունեմ իշխանութիւն, որովհետեւ աւարտուել են խաղերի օրերը»: Այնուհետեւ բազմութեանը հաճոյ թուաց ողջ-ողջ այրել Պօղիկարպոսին, որի համար միասին աղաղակեցին, սակայն պէտք է կատարուէր նաեւ սուրբի տեսիլքը եւ մարգարէութիւնը, թէ պիտի հրով այրուի: Եւ ահա անթիհիւպատոսի ակնարկութեամբ արագ-արագ, ամբոխի խօսքին զուգըթաց կատարուեց գործը. ժողովուրդը, մանաւանդ հրեաները, քրիստնեաների հանդէպ ատելութիւնից խանութներից ու բաղնիքներից փայտ եւ խոտ հաւաքեցին ու բերեցին: Եւ երբ հաւաքուեց խարոյկի նիւթը, կենդանի նահատակն ինքը հանեց իր գօտին ու հանդերձները: Այնուհետեւ բերեցին գործիքները, որ պատրաստել էին այրուող նիւթից, այսինքն բացի փայտից ու խռիւից, որ պէտք էին կրակի համար, բերեցին եւ գործիքներ՝ ցիցը, որի վրայ կապում էին այրուող անձին, պարանները, որոնցով ամրացնում էին նրան, բեւեռները, որոնցով գամում էին, ինչպէս նաեւ կուպրի մէջ թաթախուած շապիկը, որ հագցնում էին այրուողին:
Դահիճները պատրաստւում էին բեւեռներով գամել Պօղիկարպոսին, ինչպէս ըստ սովորութեան անում էին ուրիշներին, որպէսզի չփախչէին կրակից, իսկ սուրբ հայրապետն ասաց նրանց. «Ինձ թոյլ տուէք այսպէս, որովհետեւ Նա, Ով ինձ զօրութիւն է տալիս համբերելու կրակին, նոյն Ինքն էլ կ՚օգնի ինձ մնալ հրի մէջ առանց չարչարանքների եւ առանց գամուելու»: Եւ նրանք թույլ տուեցին ու չգամեցին նրան, այլ միայն կամեցան կապել, որի համար ինքը շտապ ձեռքերը պահեց մէջքին եւ կապուեց որպէս մի գառ, որը ելնում է մեծ հօտի միջից՝ կենդանի Աստծուն ողջակիզուելու եւ պատարագուելու համար: Երանելին բարձրացրեց իր աչքերը, աղօթեց եւ ասաց. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, Քո սիրելի եւ օրհնեալ Որդու՝ Յիսուս Քրիստոսի՛ Հայր, Որի միջոցով ընդունեցինք Քո ճշմարտութիւնը, հրեշտակների՛, զօրութիւնների՛, բոլոր արարածների եւ արդարների՛ Աստուած, որ կենդանի են Քեզ մօտ, ճշմարիտ եւ անսո՛ւտ Աստուած, օրհնում եմ Քեզ, որ այսօր արժանացրիր ինձ Քրիստոսի բաժակով ու Սուրբ Հոգով մարմնի յարութեամբ անապական յաւիտենական կեանքում մաս ունենալ վկաների հետ, որոնց հետ այսօր մօտեցել եմ Քեզ՝ որպէս պարարտ եւ ընդունելի պատարագ: Ուստի այս ամէնի համար փառաւորում եւ օրհնում եմ Քեզ յաւիտենական Քահանայապետի եւ Քո սիրելի Որդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով, Որին Քեզ եւ Նրա հետ Սուրբ Հոգուդ փա՛ռք եւ օրհնութիւն յաւիտեանս»:
Եւ երբ ասաց՝ ամէն, սպասաւորները շուրջանակի հուր բորբոքեցին: Կապուած սուրբը մէջտեղում էր, եւ երբ բոցը բորբոքուեց ու թեժացաւ, ներկաները մի սքանչելիք տեսան. բոցատարած հուրը խորանի նման կամարաձեւ տեսք ընդունեց, եղաւ իբրեւ նաւի առագաստի հողմալից կտաւ եւ այդպէս ուռուցիկ տեսքով շրջապատեց վկայի մարմինը: Իսկ սուրբը, որ ներսում էր, ասես պատսպարուել էր վրանի մէջ, որովհետեւ նա հրի մէջ էր ոչ թէ իբրեւ այրուող մարմին, այլ իբրեւ եփուող սուրբ հաց՝ որպէս Աստուծոյ ընծայ եւ որպէս ոսկի եւ արծաթ, որ փորձւում է բովի մէջ: Նրանից կնդրուկի հոտի նման անուշ հոտ էր տարածւում:
Երբ անօրէնները տեսան, որ հուրը չի կարողանում մօտենալ սուրբին եւ այրել նրա մարմինը, հրամայեցին դահիճներից մէկին մօտենալ նրան ու սրով խոցել: Երբ այդ արեցին, առատ արիւն հոսեց սուրբից, որը հանգցրեց հուրը: Մօտ կանգնածները տեսան երանելու հոգուն, որն աղաւնու պէս թռչելով՝ երկինք էր վերանում: Ամբողջ ժողովուրդը զարմացաւ՝ տեսնելով, թէ ինչ տարբերութիւն կայ անհաւատների ու Աստուծոյ ընտրեալների միջեւ, որոնցից մէկն էր նաեւ այս երանելի ու սքանչելի այրը՝ Քրիստոսի յաղթող վկայ Պօղիկարպոսը, ճշմարտութեան վարդապետը, առաքեալներին եւ մարգարէներին նմանուողը, որն անարատ գտնուեց վարքի մաքրութեամբ, աւարտին հասցրեց մեծ վկայութեան կատարեալ յաղթանակը, առանց երկմտութեան Տիրոջից ընդունեց փառքի յաղթանակը եւ պսակուեց անեղծ պսակով:
Այս բանից չարացած բանսարկուն խորամանկ հնարք էր որոնում, որ նրա մարմինը չշնորհուի հաւատացեալներին, որը նրանք ցանկանում էին ամբողջ սրտով: Այդ պատճառով գրգռեց Հերովդէսի հօրը՝ Նիկետասին, նրա եղբօրը եւ հրեաներից շատերին յայտնել դատաւորին, որ Պօղիկարպոսի մարմինը չտայ քրիստոնեաներին, «որովհետեւ, - ասացին, - նրանք այնքան մոլորուած են այդ մարդու յետեւից, որ գուցէ թողնելով Խաչեալին՝ նրան երկրպագեն»:
Այդ պատճառով հարիւրապետով հանդերձ պահապան զօրք կանգնեցրին, որպէսզի քրիստոնեաները չկարողանան մօտենալ, քանի որ նրանք պատրաստ էին կրակի միջից վերցնել սուրբի մարմինը: Հրեաները նրանց դէմ կանգնած հակառակւում էին, եւ երբ հարիւրապետը տեսաւ հրեաների պայքարը, այրել տուեց երանելու մարմինը: Հաւատացեալները հաւաքեցին սուրբի ոսկորները՝ իբրեւ ցանկալի հոգեւոր գանձեր՝ առաւել պատուական համարելով դրանք, քան թանկարժէք պատուական քարերը եւ հրի մէջ փորձուած ընտիր ոսկին, ու պահեցին մի արժանաւոր տեղում: Ուրախութեամբ եւ ցնծութեամբ նրանք հաւաքւում էին այնտեղ եւ նշում նրա վկայութեան յիշատակի օրը, յիշատակելով նաեւ մինչ այդ նահատակուածներին՝ Ասիայի արեւելեան վկաներին, որոնցից տասներկուսին վկայակոչւում են Փիլադելփիայում, բայց նրանց մէջ առաւել լուսափայլ է Պօղիկարպոսի յիշատակը որպէս նրանց առաջնորդ տասներեքերորդ վկայի: Հեթանոսների մէջ մինչեւ անգամ պատմւում է, թէ ինչպէս որ առաքեալների անունն էր ճանաչուած ամբողջ աշխարհում, այդպէս էլ առաքեալների աշակերտի՝ սքանչելի Պօղիկարպոսի անունը: Զմիւռնիայի եկեղեցու եղբայրներն ու երէցները գրեցին նրա եւ նրա այդօրինակ նահատակութեան, ինչպէս եւ նրանից առաջ իր նահատակակիցերի մասին եւ ուղարկեցին բոլոր եկեղեցիներին, որպէսզի ովքեր հաւատով կատարեն սուրբերի յիշատակը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհներով բաժնեկից լինեն նրանց պսակներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Զմիւռնիայի Պօղիկարպոս հայրապետին յիշատակում է Յիսնակի պահոց երրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Կոռնելիոս հարիւրապետի եւ Քրիստոսի ազգական Շմաւոնի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա:
[1] Խնդրողներ, աղօթողներ:
[2] Սաղմ. Բ 11:
[3] Տիտ. Գ 10-11:
[4] Ներկայիս Ֆրանսիան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: