ԹԷՈՊՈՄՊՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ԹԷՈՎՆԱՍ ԿԱԽԱՐԴԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

«Որք զտանջանս յանօրինաց վասն Քո յանձն առին այսօր սուրբ վկայքն.

Զճգնութիւնս սոցա բարեխօս Քեզ ունիմք կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց:

Որք եւ զմահս դժնդակս բերելով արիաբար հանդիսացեալք ի մարտի.

Զճգնութիւնս սոցա բարեխօս Քեզ ունիմք կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց:

Ի տաճարի ճգնաւորաց հանգստեան քաղցրաձայն հնչմամբ երգելով.

Զճգնութիւնս սոցա բարեխօս Քեզ ունիմք կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց»:

(Շարակնոց)

 

 

Աստուածառաք անուամբ Թէոպոմպոս եպիսկոպոսն ըստ ոմանց Կիլիկիայից, ըստ ոմանց էլ Նիկոմիդիայից էր եւ ծնուել է սուրբ Անթիմոսից եւ նրա նախորդ Կիւրղոսից առաջ: Նա բանաւոր հօտի քաջ հովիւ էր՝ լի հաւատով եւ Սուրբ Հոգով:

 

Եղաւ, որ Դիոկղետիանոսն իր թագաւորութեան առաջին տարում (կամ հալածանքների առաջին տարում) Հռոմից եկաւ Նիկոմիդիա եւ քարերից, փայտից, պղնձից, արծաթից ու ոսկուց ստեղծեց եօթանասուն աստուածներ արուի եւ էգի նմանութեամբ: Մեծ աստուածներ կոչեց երկու ոսկեղէն արձաններին. արուներից մեծ աստուած կոչեց Ապոլոնին, իսկ էգերից՝ Աստղիկին, այսինքն Աֆրոդիէին: Քրմերից պահապաններ եւ վերակացուներ նշանակեց նրանց համար, որպէսզի միշտ սպասաւորեն եւ պաշտեն նրանց ու յորդորեն բոլոր մարդկանց՝ ընդունելու մոլար պաշտամունքը, իսկ ովքեր չպաշտեն, արժանացնեն չարաչար տանջանքների ու մահուան:

 

Տեսնելով, որ Դիոկղետիանոսը գալիս է Նիկոմիդիա քաղաքից դուրս գտնուող կալուածքից, որ հրապարակաւ քարոզի անօրէն պաշտամունքը, սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսը չհամբերեց, այլ ընդառաջ գնաց ինքնակալին եւ համարձակ յանդիմանեց հեթանոսական սնոտի պաշտամունքն՝ ասելով. «Ո՛վ թագաւոր, ինչո՞ւ էք պաշտում եւ հրամայում պաշտել ձեռակերտ աստուածներին՝ թողնելով ճշմարիտ Աստծուն, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը»: Եւ սուրբը, պահելով դաւանութիւնը, նման շատ այլ խօսքեր ասաց: Թագաւորն ասաց. «Ինչպէ՞ս համարձակուեցիր իմ առաջ ասել այդ խօսքերը»: Սուրբն ասաց. «Որովհետեւ գրուած է. "Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի"[1]»: Բարկացած Դիոկղետիանոսը հրամայեց սուրբին գցել բորբոքուած հնոցի մէջ, իսկ սուրբը հրի մէջ երեք մանուկների օրհներգն էր բարձրաձայն մատուցում Աստծուն: Ապշած թագաւորը հրամայեց նրան դուրս բերել հնոցից եւ անսուաղ պահել բանտում որպէս կախարդի, որովհետեւ տեսաւ նշաններ, որ վեր էին մարդկային գործերից: Իր անմտութեամբ կամեցաւ փորձել, թէ արդեօք նա կախարդե՞ց հնոցի կրակին, որի համար հրամայեց մի շուն բռնել եւ գցել հնոցի մէջ, սակայն կենդանին, անմիջապէս այրուելով, սատկեց:

 

Բանտարկութիւնից քսաներկու օր յետոյ Թէոպոմպոսին տարան թագաւորի առջեւ, որը, զարմանալով սուրբի զուարթ տեսքի եւ համարձակութեան վրայ, ասաց. «Խելքի եկա՞ր քո անմիտ յոյսից, որ ունես Խաչեալի հանդէպ»: Սուրբ եպիսկոպոսը պատասխանեց. «Իմ յոյսն ամուր է ճշմարիտ Խաչեալ Աստուծոյ հանդէպ, իսկ քեզ սպասւում են յաւիտենական տանջանքները անշէջ հրի մէջ եւ գեհենի բանտում»: Բարկացած բռնաւորը հրամայեց հանել նրա զոյգ աչքերը եւ դարձեալ բանտարկել, սակայն Քրիստոս լուսաւորեց նրա աչքերը:

 

Իմանալով այս մասին՝ Դիոկղետիանոսը կանչել տուեց մի յայտնի կախարդի, որի անունը Թէովնաս էր: Խոստացաւ, որ եթէ նա յաղթի Թէոպոմպոսին, նրան հարիւր լիտր ոսկի կը տայ: Կախարդն ասաց. «Եթէ նա յաղթի ինձ, ապա ես կը հաւատամ նրա Աստծուն, բայց ես ցոյց կը տամ նշան, որով էլ կը յաղթեմ նրան»: Այդպէս Թէովնասը, պարծենալով իր կախարդութեամբ, բերել տուեց մի կենդանու: Եւ երբ խօսեց կենդանու ականջին, կենդանին իսկոյն մէջտեղից կիսուեց, իսկ երբ կշռեց երկու հատուածները, դրանք հաւասարակշիռ եղան: Թագաւորը հիացաւ եւ համոզուեց, որ կախարդն, անշուշտ, կը յաղթի Թէոպոմպոսին:  Այնժամ հրամայեց կանչել երանելուն, իսկ Թէովնասին պատուիրեց անել այնպէս, ինչպէս գիտի:

 

Այնժամ Թէովնասը սուրբ Թէոպոմպոսին ասաց. «Ես կախարդութեան երկու հնարքներ կը փորձեմ քեզ վրայ, եւ եթէ ոչ մէկը չազդի, ես կը հաւատամ քո Աստծուն»: Թէոպոմպոսն ասաց. «Յոյս ունեմ իմ Քրիստոս Աստուծով, որ ոչ մի օտար զօրութիւն չի մօտենայ ինձ: Դու մեծ զօրութեամբ կը տեսնես Քրիստոսի շնորհները, որոնցով պարծենում եմ ու համարձակութիւն ունեմ թագաւորի առաջ»:

 

Այնժամ Թէովնասը, օգնութեան կանչելով չար դեւերին, կախարդական բժժանքով մահացու դեղ պատրաստեց եւ տուեց երանելուն, որ ուտի այդ մահաբեր դեղը: Իսկ Աստուծոյ երանելի այրը խաչակնքեց դրա վրայ, բոլորի առջեւ կերաւ եւ ամենեւին չվնասուեց, որից զարմացած Թէովնասն ասաց. «Մեծ է քրիստոնեաների զօրութիւնը»: Ապա մահացու դեղին դիւթիչ ըմպելիք խառնեց, օգնութեան կանչեց աւելի չար դեւերին ու տուեց սուրբին: Եւ նա, խաչակնքելով դրա վրայ տէրունական նշանով, աներկիւղ խմեց, ու դարձեալ ոչ մի չար բան չեղաւ: Թէովնասն ակնկալում էր, որ նա կ՚ուռչի եւ իսկոյն կը մեռնի, սակայն երբ տեսաւ, որ Աստուծոյ մարդը չվնասուեց, ասաց. «Անյաղթ է Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը»: Նա թագաւորի եւ նրա մեծամեծների առաջ ընկաւ երանելու ոտքերը, հաւատաց Աստծուն եւ ասաց. «Քրիստոնեաների Աստծուց բացի չկայ այլ աստուած: Ես խոստովանում եմ Նրան որպէս բոլոր երեւացող եւ աներեւոյթ արարածների Արարիչ, միայն թէ Նա ընդունի ինձ ապաշխարութեամբ եւ թողութիւն շնորհի իմ անթիւ մեղքերին, որոնք գործել եմ մանկութիւնից սկսած»: Իսկ երանելի եպիսկոպոսն աղօթեց՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր, որ դարձի ես բերում մոլորուածներին, գտնում կորուսեալներին եւ Քո մարդասիրութեամբ բժշկում վիրաւորներին: Փա՛ռք Քեզ, փա՛ռք, փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանդ, որ այցելեցիր արդարութիւնից հեռացածներին՝ ուղղելով նրանց: Զօրացրո՛ւ սրան՝ վկայելու Քո անունը թագաւորների եւ զօրավարների առաջ, որպէսզի երկրում նա հաւատարիմ վկայ լինի Քո ատելիների միջից, եւ Դու փառաւորուես նրանով այժմ եւ յաւիտեան»: Թէովնասն ասաց՝ ամէն, եւ մեծ քաջութեամբ ու հաստատուն հաւատով քաջալերուելով Աստուծով՝ ամբողջ սրտով յարեց Տիրոջը: Ինչպէս ոմանք գրում են, առանձին վայր գտնելով՝ սուրբ եպիսկոպոսը մկրտեց նրան եւ կոչեց Սիւնեսիոս: Նա Թէոպոմպոսի հետ ատեանի առաջ մօտեցաւ թագաւորին եւ համարձակ ասաց. «Հաւատում եմ ամենակալ Հայր Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն: Արհամարհում եմ բոլոր կուռքերին եւ նրանց դիւթանքները, որովհետեւ դրանք ստուերներ են ու ոչ ճշմարիտ: Ամէն բան ճշմարիտ Աստծուց է եւ կատարւում է Նրա փառքի համար այժմ եւ յաւիտեան: Նա Իր մեծ ողորմութեամբ ընդունեց նաեւ ինձ, եւ ես պատրաստ եմ մեռնել Նրա անուան համար, որպէսզի Նա փրկի ինձ յաւիտենական մահից»:

 

Այս լսելով՝ թագաւորը եւ նրա մեծամեծները խռովուեցին: Թագաւորն ասաց. «Քրիստոնեայի մոգութիւնը յաղթեց, եւ նա Թէովնասին իր աշակերտը դարձրեց: Այժմ ի՞նչ պէտք է անել, եթէ ոչ մահուամբ զրկել նրանց կեանքից, որպէսզի ուրիշները եւս չմոլորուեն այս խաբէութեամբ»: Եւ սուրբ եպիսկոպոսին ասաց. «Մի՛ պարծեցիր քո Քրիստոսով եւ յոյս մի՛ ունեցիր, թէ կը փրկուես իմ ձեռքից»: Երանելի եպիսկոպոսն ասաց. «Ես յոյսս դնում եմ իմ Տիրոջ՝ Քրիստոսի վրայ, Ով սքանչելիքներ է գործում, եւ գիտեմ, որ Նա պիտի զօրացնի ինձ բոլոր չարչարանքների ու մահուան ժամանակ, որոնց պիտի մատնես ինձ նորընծայ քրիստոնեաների հետ: Մենք պիտի յաղթենք քեզ եւ սատանային, որը մարտնչում է քեզնով, ու պիտի առնենք անեղծ պսակը: Նա է միայն յաւիտենական Աստուած եւ Թագաւոր, ու չկայ ուրիշը»:

 

Բարկացած թագաւորը հրամայեց չորս ցցեր խփել գետնին, երկուսը ոտքերի, երկուսը՝ ձեռքերի համար, կապել դրանք ցցերին եւ մի մեծ սալաքար դնել նրա վրայ, որոնք տասը մարդ բերեցին գլորելով: Եւ մինչ երանելին ամբողջովին ճզմւում էր, սպասաւորներն ասացին նրան. «Ո՞ւր է քո կախարդութեան զօրութիւնը»: Իսկ Աստուծոյ սուրբը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր եւ զօրացրո՛ւ ինձ: Ամաչեցրո՛ւ Քո սուրբ անունը հայհոյողներին»: Այս ասելով՝ նա շարժուեց քարի տակ, կապանքներն արձակուեցին, քարը գլորուեց իրենից տասնհինգ կանգուն հեռու, եւ Թէոպոմպոսն ուղիղ կանգնեց իր ոտքերի վրայ:

 

Զարմացած թագաւորն ասաց. «Սա անյաղթ կախարդ է, բայց նա ինձ չի կարող յաղթել»: Ապա հրամայեց կախել նրան ու պարանոցից քար կապել: Երեք ժամ մնաց գլխիվայր՝ գոհանալով Աստծուց իր հետ բոլոր կատարուածների համար, որոնք Տիրոջ անուան համար էին: Այնուհետեւ բռնաւորը հրամայեց կտրել սուրբի ոտքերի կապերը, որպէսզի նա ընկնի ու կտոր-կտոր լինի, բայց երանելին ամենեւին չվնասուեց, այլ կանգնեց իր ոտքերի վրայ ու փառաւորեց Աստծուն: Այնժամ բարկացած թագաւորի հրամանով դահիճը կտրեց նրա գլուխը, եւ այդպէս սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսը նահատակուեց ճշմարիտ խոստովանութեամբ ի փառս ամենասուրբ Երրորդութեան:

 

Ապա թագաւորը Թէովնասին ասաց. «Տե՛ս եպիսկոպոսի մահը, որը չկարողացաւ փրկուել իր հնարքներով: Այժմ զղջա՛ եւ պաշտի՛ր աստուածներին, որ փրկուես մահից»: Եւ Թէովնասը, որ Սիւնեսիոս կոչուեց, ասաց. «Ես չեմ թողնի եպիսկոպոսի եւ իմ սուրբ վարդապետի խրատը, ով լուսաւորեց ինձ աստուածգիտութեամբ ու մկրտութեամբ: Ես չեմ պաշտի կոփածոյ ձեռակերտ կուռքերին, այլ՝ կենդանի Աստծուն, Ով ինձ խաւաից դէպի լոյսը բերեց: Ես Նրան եմ պաշտում, օրհնում եւ փառաւորում յաւիտեան. ամէն»:

 

Երբ թագաւորը տեսաւ, որ նա չխախտեց իր խօսքը, հրամայեց նետել նրան խոր գբի մէջ ու ողջ-ողջ թաղել: Այդպէս սուրբ Թէովնաս վկան, ով առաջ հայհոյիչ էր, կախարդ եւ սատանայի արբանեակ, նահատակուեց ի Քրիստոս ճշմարիտ խոստովանութեամբ, որ եղաւ Դիոկղետիանոս կայսեր թագաւորութեան առաջին տարում՝ Տիրոջ 289 կամ 290 թուականին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի եւ Թէովնաս վկայի յիշատակը տօնում է Յիսնակի պահոց Դ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ Բասոս, Եւսեբ, Եւտիք եւ Բասիլիդէս զինուորների հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

 

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

[1] Սաղմ. ՃԺԸ 46: