ՀԱՅՐԵՐԻ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՆՏՕՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆԻ ՎԱՐՔԸ

   Որ գերազանցեալ գտար առաւել քան

զբնութիւն մարդկան երանելիդ ի հարս սուրբ Անտօն.

առ Քրիստոս բարեխօսեա՜ վասն անձանց մերոց:

Որ անճաշակ լինելով զբազմաժամանակեայ

 աւուրբք յօժարութեամբ բարձեր զկարիս մարմնոյ.

առ Քրիստոս բարեխօսեա՜ վասն անձանց մերոց:

Անմոռաց յիշմամբ առաջի Քրիստոսի

օգնական լեր տօնողացս զյիշատակս քո.

զի եւ զմերս ընկալցի զօրհնաբանութիւն:

(Շարակնոց)

 

   
   Անապատականների նախահայր եւ մեր սուրբ հայր Անտօնը` մենակեացների երանաշնորհ առաջնորդն ու ճգնաւորների պարագլուխը, անապատի զարդը եւ կրօնաւորութեան հայելին, ազգութեամբ ղպտի էր, երեւելի ազգից, հա­րուստ ե­ւ բարեպաշտ ծնողների զաւակ: Ծնուել է Տիրոջ 250 թուականին` Եգիպտոսի սահման­ներում գտնուող Հերակլիտէս նահանգի Հերակլիա փոքր քաղաքի մօտ գտնուող Կոմա աւանում:

   Մանկուց Անտօնն առանձ­նասէր էր եւ աղօթասէր, տնակեաց ու պաճուճանքներ չսիրող: Նա խուսանաւում էր մանկա­կան զուարճութիւններից եւ իր աստուա­ծա­սէր ծնող­ների հետ մշտապէս եկեղեցի յաճախում: Ունէր հեզ բնաւորութիւն եւ ամէն բանում հնազանդ էր իր ծնողներին: Որպէս տան ժառանգ՝ հոգս չէր պատճառում նրանց` ոչ սննդի եւ ոչ էլ լաւ հանդերձնե­րի համար: Ուսում չէր ստացել, բայց մեծ փափագով ունկնդրում էր Սուրբ Գրքի ընթերցուածքները, որոնցից ստացած օգուտներն ուշիմութեամբ եւ առաքինասէր ջանասիրու­թեամբ ամբարում էր իր հոգում:

   Երբ վախճանուեցին ծնողները, նա տասնութ տարեկան էր: Փոքր քրոջ հետ մնաց մենակ եւ դարձաւ ողջ տան ու քրոջ հոգաբարձուն: Մի ան­գամ՝ ծնողների մահից վեց ամիս անց, երբ, ըստ իր սովորութեան, եկեղեցի էր գնում, խոր­հում էր սուրբ առաքեալների մասին, թէ ինչպէս նրանք, թողնելով ամէն ինչ, գնա­ցին Քրիստոսի յետեւից: Խորհում էր նաեւ նրանց մասին, ովքեր, վա­ճա­ռե­լով իրենց ունեցուածքը, դրամը տալիս էին առա­քեալներին` աղքատներին բաշ­խե­լու համար, յու­սա­լով մեծամեծ վարձք եւ երկնաւոր գանձեր ստա­նալ: Եւ մինչ այս մտորումների մէջ էր, եկեղեցում լսեց սուրբ Աւետարանի` օրուայ ըն­թեր­ցուածքը, որն ասում էր. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա՛, վա­ճա­ռի՛ր քո ունե­ցուածքը եւ տո՛ւր աղքատներին ու երկնքում գան­ձեր կու­նե­նաս. եւ դու արի՛ Իմ յետեւից» [Մատթ. ԺԹ 21]: Անտօնը, ընդունելով, որ այս խօս­քերը հէնց իր համար էին, շտապ դուրս եկաւ տէրունական տնից ու սկսեց թօթափուել իր ողջ ունեցուածքից, որ ժառանգել էր ծնողներից: Ունէր երեք հարիւր բերրի հողատարածքներ, որոնք տուեց իր գիւղի կարիքաւոր­ներին: Վաճառեց տան կարասին, զարդեղէնը եւ հաւաքելով շատ ոսկի ու արծաթ, փոքր-ինչ քրոջը թողնելով՝ մնացածը բաշխեց կարիքաւոր­նե­րին: Իսկ երբ միւս անգամ մտաւ եկեղեցի եւ լսեց Աւետարանի այն խօսքը, թէ՝ «Մի՛ հոգացէք վաղուայ համար», առանց յապաղելու մնացածը եւս բաշխեց աղքատներին, իսկ քրոջը յանձնեց վստահելի սուրբ կոյսերին, որպէս­զի վաղ հասակից նրանցից սրբութիւն ու պարկեշ­տութիւն սովորի: Ապա իս­պառ ազատուելով աշ­խարհի հոգսերից՝ իր համար աւանից դուրս բնակութեան մի վայր ընտրեց եւ սկսեց կրօնաւորա­կան կարգով ու ժուժկալութեամբ ճնշել մարմինը եւ բարեպաշտութեամբ կրթել իր անձը:

   Անտօնն աշխարհից ելաւ Տիրոջ 269 կամ 270 թուա­կանին, երբ տասնինը կամ քսան տարեկան էր: Այդ ժամանակ Եգիպտոսի սահմաններում չկա­յին վանքեր, ու մենակեացներից ոչ ոք չգիտէր հե­ռա­ւոր անապատների մասին, իսկ ով կամենում էր կրօնաւորել, առանձնանում էր իր գիւղից ոչ հեռու մի վայրում եւ ապրում ժուժկալութեամբ: Նրանցից մէկն էր խստակրօն մի ծեր, ով ման­կու­թիւնից սկսած մենակեցութեամբ կրօնաւորում էր Կոմա աւանի մօտակայքում: Նրան տեսնելով` Անտօնը համակուեց բարի նախանձով ու ըստ նրա օրինակի՝ առանձնացաւ գիւղից փոքր-ինչ հեռու մի վայրում` յաճախակի այ­ցելելով այդ ծերին եւ այդտեղ հանդարտող 1 այլ եղբայրների:

   Երբ լսում էր, որ մէկը ջանասիրութեամբ առա­ջադիմել է առաքինութիւննե­րի մէջ, իբրեւ մի իմաստուն մեղու՝ գնում էր նրան փնտրելու ու չէր վերադառնում, մինչեւ չսովորէր նրա կենցաղավարութիւնը եւ չքաղէր նրա կատարելութեան ծաղիկ­նե­րից: Այդպէս բոլորի քրիստոնէական բարեպաշ­տու­թիւններն իր մէջ ժողովելով՝ օրըստօրէ ծաղ­կում էր բարի գործերով: Առաջադիմելով՝ խոնարհաբար իր անձը բոլորից ցածր էր դասում, ամէնքի հետ վարւում էր սիրով եւ ուրա­խութեամբ, որի համար սիրելի էր բոլորին: Ոմանք նրան սիրում էին որպէս որդու, ոմանք` որ­պէս եղբօր եւ կոչում աստուածասէր կամ Աստուծոյ սիրելի:

   Իսկ բարիատեաց բանսարկուն չհամբերեց նրա առաջադիմութեանը եւ սկիզբ դրեց նոր փոր­ձու­թիւնների. նախ յիշեցնում էր քրոջը՝ գութ գցելով նրա հանդէպ, յիշեցնում էր ազգատոհմը, ունե­ցուածքը, փառքն ու հեշտ կեանքը, որոնք թողեց աշխարհում: Միաժա­մա­նակ յիշեցնում էր իր բռնած այս փշոտ ճանապար­հը, առաքինութիւններ ձեռք բերելու դժուարութիւնը, մարմնի տկարութիւնը եւ ժամանակի եր­կարութիւնը: Սակայն այս բոլոր պատերազմներում թշնամին իրեն անզօր գտաւ Անտօ­նի առաջ ու պարտուեց նրա ամուր հաւատից եւ յա­րատեւ աղօթքներից: Բայց քանի որ նրա սովորութիւնն է յարձակուել սկսնակների վրայ, անդադար պատերազմներ էր յարուցում նրա դէմ. մտքի մէջ գցում էր աղտեղի խորհուրդներ, իսկ մարմնի մէջ` ցանկութեան մարմաջներ: Բայց Ան­տօնն աղօթքներով հանգցնում էր չարի այրող բոլոր նետերը, պահեցողութեամբ ճնշում մար­մինը եւ ամաչեցնում դեւին իր բոլոր հնարքների համար, քանզի Տէրն էր իր Օգնականն ու Առաջնորդը, Ով մարմնացաւ մեզ համար եւ մեզ զօրութիւն տուեց՝ մարմնով յաղթող լինելու անմարմին թշնամուն:

   Սրանից յետոյ բանսարկուն տեսնելով, որ չի կարողանում յաղթել նրան, երեւաց գարշելի, սեւադէմ մանկան տեսքով: Նա ընկաւ Անտօնի ոտքերը, սկսեց գանգատուել մարդկային ձայնով ու ասել. «Շատերին եմ խաբել եւ երկրի վրայ կործանել, բայց այժմ քո ճգնութիւններից սաստիկ տկարացել եմ»: Անտօնը հարցրեց. «Ո՞վ ես դու, որ այսպիսի խօսքեր ես ասում»: Եւ նա ասաց. «Ես պղծութեան բարեկամն եմ ու կոչ­ւում եմ պոռնկութեան ոգի: Շատ շատերին եմ յաղ­թել եւ տիղմի մէջ թաւալեցրել, ու ես եմ, որ շատ անգամներ տանջել եմ քեզ, բայց ամօթա­հար հալածուելով քո կողմից՝ փախստական դարձել»: Անտօնը օրհնութեամբ գոհութիւն մատուցեց Աստծուն, իսկ նրան արհամարհանքով ասաց. «Ուրեմն յոյժ անարգ ես դու եւ արհա­մար­հելի, սեւադէմ, գարշելի, տկար ու մանկան պէս ան­զօր: Այսուհետեւ դու ինձ հոգս չես պատճառի, որովհետեւ ես տեսայ քեզ: Տէ՛րն է իմ Օգնականը»: Այս լսելով՝ չարն անմիջապէս հեռացաւ սուր­բից եւ այլեւս չէր համարձակւում մօտենալ նրան: Սա Անտօնի առաջին մարտահանդէսն էր ընդդէմ բանսարկուի: Եւ քանի որ Անտօնը գրուածքներից գիտէր, որ բազում են խորամանկ թշնամու չարարուեստ հնարքները, առաւել շատ ջանում էր մտքի արթնու­թեան ու մարմինը ճնշելով հնազան­դեց­նելու համար:

   Այնուհետեւ որոշեց փորձողի դէմ մրցասպարէզ դուրս գալ առաւել ծանր խստա­կեցութեամբ: Շատերն էին սքանչանում նրա ճգնութիւններով, քանզի գիշերներն անց էր կացնում անքուն, հսկման աղօթքներով: Նա ոչ թէ մէկ, այլ շատ անգամներ սկսում էր աղօթել երեկոյեան` թիկունքում թողնելով արեգակը 2, եւ ա­ռա­ւօ­տեան նոյն դիրքում աղօթքի մէջ լինելով՝ արեգակին տեսնում էր իր առջեւ ծագելիս: Ճաշա­կում էր օրը մէկ անգամ` մայրամուտին, պա­տա­հում էր` երկու կամ երեք օրը մէկ անգամ կամ էլ շաբաթուայ մէջ մէկ անգամ: Նրա կերակուրը միայն աղ ու հաց էր, իսկ ըմպելիքը՝ ջուր: Քնում էր արմաւենու տերեւներից հիւսուած խսրի, երբեմն էլ` մազեղէն քրձի վրայ, բայց առաւելապէս պառ­կում էր չոր գետնին` միշտ մտաբերելով առա­քեալի այն խօսքը, թէ՝ «Երբ տկա­րանում եմ, այնժամ զօրանում եմ Քրիստոսի զօրութեամբ» [Բ Կորնթ. ԺԲ 10]: Եւ սքանչելին այն էր, որ նրա առաքինութիւնները սահման չունէին. նա օրէց­օր առաջ էր ընթանում: Այլեւս չէր յիշում անցած ժամանակի տառապանքները, այլ միշտ մտքում պահելով առաքեալի այն խօսքը, թէ՝ «Ան­ցեալը մոռացած` ձգտում եմ առաջ» [Փիլ. Գ 13], ամէն օր ջանալով՝ սկիզբ էր դնում նորանոր առաքինութիւնների ձեռքբերմանը եւ աճում էր՝ ա­ռա­ջա­դի­մե­լով տքնութիւնների մէջ:

   Լցուած սոյն խորհրդով ու նախանձախնդիր լինելով մեծ Եղիայի եւ Յովհաննէս Մկրտչի առանձնութեան ընթացքին՝ դուրս եկաւ իր բնակավայրից ու գիւղից հեռու գտնուող մի քարանձաւ գտաւ: Իր ծանօթներից մէկին պատուիրեց օրեր անց իրեն հաց բերել, իսկ ինքը մտաւ դատարկ քարանձաւը: Եղբօրն իր վրայ փակել տուեց քարանձաւի դուռը եւ այնտեղ մնաց տասնհինգ տարի` անտանելի ճգնութիւններով ու տեսակ-տեսակ փորձութիւնների ենթարկուելով:

   Բանսարկուն չարացած էր նրա վրայ` աշխարհից հեռանալու համար, որովհետեւ մտածում էր, որ նա օրինակ կը դառնայ շատերին` անապատում առանձնանալու համար: Այդ պատճառով մի գիշեր, դիւական զօրքերով հանդերձ, յարձակուեց նրա վրայ եւ սաստիկ ծեծի ենթարկելով՝ այնքան տանջեց սուրբին, որ նա մեռելի պէս լուռ ու անկենդան գետնին ընկաւ: Իսկ յետոյ, երբ պատմում էր այդ մասին, ասում էր, թէ նրանց հարուածների համեմատ ոչինչ են մարդկանցից եկած բոլոր հարուածները:

   Յաջորդ օրը, երբ եղբայրը եկաւ հաց բերելու ու բացեց քարանձաւի դուռը, նրան տեսաւ մեռելի պէս գետնին ընկած: Բարձրացրեց նրան եւ տարաւ գիւղի եկեղեցու գաւիթը: Այնժամ եկան նրա ազգականներն ու գիւղացիները եւ նստեցին նրա շուրջը` որպէս մեռելի: Կէսգիշերին Անտօնը, ուշքի գալով, տեսաւ բոլորին քնած, բացի իր ծանօթ եղբօրից, ում խնդրեց իրեն ծածկաբար իր տեղը տանել: Եղբայրը կատարեց Անտօնի կամքը, ու ինքը նախկինի պէս մնաց քարանձաւում` փա­կուած դռան յետեւում:

   Նա դեւերից այնքան հարուած­­ներ էր ստանում, որ չէր կարողանում ոտքի կանգ­նել, այլ աղօթում էր գետնին ընկած: Երբ վերջացնում էր աղօթքը, բարձրաձայն ասում էր. «Ով չա՛ր դեւեր, այստեղ եմ ես` Անտօ՛նս: Ես չեմ փախ­չի ձեր հարուածներից, եւ իմացէ՛ք, որ­քան էլ տանջեք, ինձ ոչինչ չի բաժանի Քրիստոսի սիրուց»: Ապա սաղմոսում էր ու ասում. «Թէ պատերազմ բարձ­րա­նայ իմ դէմ, իմ սիրտը չի երկնչի. թէ ճակատամարտ բարձ­րանայ իմ վրայ, սակայն այսուհանդերձ Տիրոջն եմ ապաւինել» [Սաղմ. ԻԶ 3]: Իսկ չարասէր բանսարկուն, յոյժ նեղուելով Անտօնից, կան­չեց իր համախոհներին եւ ասաց. «Մենք պոռնկութեան ոգով ու ծանր հարուածներով հան­գիստ չտուեցինք սրան, բայց նա դարձեալ ըմբոս­տանում է մեր դէմ: Եկէք սրան այլ կերպ մօ­տե­նանք»: Եւ այդ գիշեր նրանք թնդիւնի այնքան սաս­տիկ ձայն արձակե­ցին, որ այդ տարածքը դղրդաց հիմքից, եւ ճեղքուեցին քարանձաւի չորս անկիւնները, որոնցով սկսե­ցին ներխուժել չար դեւերը` առիւծ­նե­րի, եզների, ին­ձերի, գայլերի, օձերի, կարիճների ու այլ թու­նաւոր սո­ղուն­նե­րի կերպարանքներով: Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իր կենդանական բարքի, սոսկալի շաչիւններով եւ ոխերիմ ցասմամբ յարձակւում էր նրա վրայ ու կամենում ողջ-ողջ կուլ տալ: Իսկ Անտօնը, թէպէտ անտանելի տանջանքներ էր կրում, սակայն չէր վախենում եւ չէր վհատւում, թէեւ գետնին ընկած՝ հեծում էր մարմնի ցաւերից, սակայն կենդանի էր հոգով ու սթափ խորհուրդներով: Դեռ աւելին, ծաղրելով իր թշնամիներին՝ ասում էր. «Եթէ զօրութիւն լինէր ձեր մէջ, ապա ձեզանից մէկն էլ բաւական կը լինէր ինձ: Բայց քանի որ դուք ջլատուած էք Քրիստոսի զօրութեամբ, այդ պատճառով երե­ւում էք այլեւայլ կերպարանքներով եւ բազում հնարք­նե­րով՝ կամենալով ինձ սարսափի մատնել: Զազրելի գազանների կերպարանքներն ընդունե­լը դար­ձեալ ձեր տկարութեան նշանն է, քանզի եթէ իշխանութիւն ունէք Տիրոջից եւ եթէ կարող էք, եկէք ձեր կերպարանքով, ապա եթէ ոչ, ինչո՞ւ էք զուր խռովւում: Մեր պահապանը սուրբ Խաչն է, իսկ ամուր պարիսպը` մեր Տէրը` Յիսուս Քրիստոս»: Իսկ դեւերը, զայրանալով նրա վրայ, կրճտացնում էին իրենց ատամները եւ այլեւս չհա­մարձակուելով մօտենալ նրան՝ վեր ու վար էին լինում խռովայոյզ շփոթմամբ: Ապա Անտօնը վեր նայեց եւ տեսաւ, որ յանկարծ առաստաղը բացուեց, ու նրա միջով իր վրայ լոյսի ճառագայթ ծագեց, որից դեւերն աներեւոյթ եղան: Նոյն պա­հին դադարեցին մարմնի բոլոր ցաւերը, եւ փակուեցին քարանձաւի ճեղքերը:

   Երբ Անտօնը հասկացաւ, որ սա Տիրոջ այցելութիւնն էր, լցուեց Հոգով, իսպառ թեթեւացաւ իր բոլոր ցաւերից եւ աղաղակեց. «Տէ՛ր Աստուած, ո՞ւր էիր, եւ ո՞ւր էր Քո այս յայտնութեան զօրութիւնը, որով բու­ժե­ցիր իմ ցաւերը, ո՞ւր էր Քո սրբութիւնից ծա­գած այս լոյսը, որ հալածեց խաւար դեւե­րին»: Ու երկնքից ձայն եկաւ՝ ասելով. «Ես այստեղ էի, Անտօնի՛, Ես միշտ մերձ եմ Ինձ յուսացողներին, սակայն Ես կամենում էի քո մարտահանդէսը տեսնել: Եւ արդ, քանի որ համբե­րե­ցիր, յաղթեցիր ու չյաղթուեցիր պատրանք­նե­րից, միշտ օգնական կը լինեմ քեզ եւ ողջ երկրով մէկ քեզ անուանի կը դարձնեմ»: Երբ Անտօնը լսեց այս խօսքերը, ոտքի կանգնեց, սկսեց աղօթել ու այն­քան լցուեց երկնային շնորհներով, որ նախկինից առաւել զօրութիւն ընդունեց իր մէջ: Այդ ժա­մանակ նա երեսունհինգ տարեկան էր:

   Սրանից յետոյ Անտօնն առաւել լցուեց անա­պա­տի առանձնութեան մէջ Տիրոջն անզբաղ ծառա­յելու բաղձանքով, որի համար գնաց այն ծերի մօտ եւ նրան աղաչեց, որ միասին գնան դէ­պի անշէն վայրեր: Երբ վերջինս հրաժարուեց՝ պատ­ճառ բերելով իր ծերութիւնը, մենակ ուղեւորուեց դէպի անապատ եւ աներկիւղ անցնելով անկոխ ճանապար­հով՝ հասաւ մի բարձր լեռան: Իսկ դեւը, կար­ծե­լով, թէ կը կարողանայ խափանել նրա առջեւ դրուած իր խորհուրդը, ճանապարհին մի արծաթէ անօթ գցեց: Այս տեսնելով՝ Անտօնն իր մտքում ասաց. «Որտեղի՞ց այս անօթը այս անկոխ վայ­րերում: Այդ քո հնարքներն են, չա՛ր դեւ, ինձ խոչըն­դոտ մի՛ եղիր եւ չքուի՛ր արծաթիդ հետ միա­սին»: Եւ նոյն պահին ցնդեց անօթը, ինչպէս ծուխը հրի երեսից: Երբ մի փոքր էլ առաջ գնաց, տե­սաւ զտուած ոսկուց մի ձուլակտոր ու խիստ զարմացաւ, որովհետեւ այն թուացեալ չէր, ինչ­պէս առաջին անօթը: Շտապ անցաւ նաեւ դրա կող­քով ու փախաւ ինչպէս հրդեհից: Հասաւ լեռան ստո­րոտը, անցաւ գետը եւ էլի վեր բարձրանալով՝ գտաւ մի աւերակ յարկ` ամա­յա­ցած բերդի մի քարայր, որը լի էր վայրի գա­զան­ներով ու զեռուններով: Սրանք, տեսնելով Ան­տօ­նին, իրենց տեղը զիջեցին նրան ու փախան:

   Այնժամ երանելին քարերով փակեց մուտքը եւ իր հետ չափաւոր հաց ու ջուր վերց­նելով, որն իրեն կը բա­ւարարէր մօտ վեց ամիս, փակուեց ներսում: Սա Տիրոջ 285 թուականին էր` Դիոկղետիանոսի ու Հե­րակլ Մաքսիմիանոսի կայսրու­թեան առաջին տա­րում: Սա էր Անտօնի առաջին անապատը, ուր առանձ­նացած ապրեց քսան տարի, որի ընթաց­քում ո՛չ ինքը քարայրից դուրս եկաւ եւ ո՛չ էլ որեւէ մէկին ներս ընդունեց, այլ միայն տարուայ մէջ երկու անգամ լռու­թեամբ ընդունում էր եր­դի­կից իրեն տրուող հացը:

   Մի անգամ նրա մօտ մարդիկ եկան ու մինչեւ լու­սաբաց սպասեցին դռան առաջ, որ թերեւս տես­նէին նրան: Լսեցին ներսից եկող կռուի ձայ­ներ, որոնք Անտօնին ասում էին. «Ինչո՞ւ ես բռնու­թեամբ տիրացել մեր բնակավայրին: Ի՞նչ կայ քո եւ անապատի միջեւ, հեռացի՛ր մեր սահման­նե­րից, որովհետեւ քեզ համար անհնար է բնակուել այս­տեղ ու համբերել մեր հնարքներին», սակայն նա ընդ­դի­­մա­նում էր նրանց ու հակառակւում: Դրսում եղողները կարծեցին, թէ ինչ-որ մարդիկ սանդուղքով իջել են նրա մօտ եւ վիճաբանութեան մէջ մտել, բայց պատի ճեղքից ներս նայելով՝ տե­սան, որ նրա մօտ ոչ ոք չկայ: Այնժամ հասկացան, որ դեւերն էին վիճում սուրբի հետ: Սրանից ոմանք ահաբեկուած ետ դարձան, ոմանք էլ վա­խից Անտօնին օգնութեան կանչեցին: Իսկ նա, մօ­տե­նալով դռանը, յորդորեց նրանց չերկնչել դեւերի արհաւիրքներից, այլ կնքել իրենց անձերը սուրբ Խաչի նշանով ու վերադառնալ: Ոմանք էլ, երբ գալիս էին նրա դռան մօտ, լսում էին յաղթութեան օրհներգեր եւ սաղմոսներ՝ ընդդէմ չարի բա­նակների. «Թող ելնի Աստուած, Նրա բոլոր թշնամիները թող ցրուեն, ու Նրան ատողները փախ­չեն Իր առջեւից: Բոլոր ազգերը շրջապա­տե­ցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց» [Սաղմ. ԿԷ 2, ՃԺԷ 10]:

   Քսան տարի փակուած մնալուց յետոյ՝ Տիրոջ 306 թուականին, երբ սկսեց թագաւորել Մեծն Կոս­տանդիանոսը, բարեպաշտներից շատերը, լցուե­լով Անտօնի կրօնաւորական ընթացքի հան­դէպ բարի նախանձով, դիմեցին նրան` մենակե­ցութեան կարգին աշակերտելու համար: Նրա մօտ եկան շատ ախտաժէտ­ներ, որպէսզի նրա աղօթք­նե­րով բժշկութիւն գտնեն, սակայն նա դուրս չէր գա­լիս: Եւ երբ շատ ստիպեցին ու չկարողացան համոզել, քանդեցին մուտքը, բռնութեամբ դուրս բե­րեցին նրան եւ տեսան երանելուն՝ հոգով ու մարմ­նով ամբողջովին զուարթ ու կայտառ: Այն­ժամ շատերին ազատեց չար այսերից եւ շատերին բժշկեց պէս-պէս ախտերից: Ապա բոլոր հաւաքուածներին սկսեց ու­սու­ցա­նել աստուածիմաստ խօս­քերով, մխիթարել, սփոփել եւ աս­տուա­ծպաշ­­տու­թեան մէջ ջանասիրութիւն բորբոքել: Յորդորուելով նրա խօսքերից՝ ա­ռա­քի­նա­սէր ան­ձինք մտադրւում էին իրենց յանձնել նրա առաջ­նորդութեանը ու կենաց ճանապարհին նրան ընտ­րել որպէս իրենց առաջնորդ, հայր եւ ուսուցիչ: Որոշ ժա­մանակ անց նրանք մեծ թիւ կազմեցին, թողե­ցին աշխարհն ու սկսեցին Անտօնի առաջնորդու­թեամբ կրօնաւորել: Այդ լեռան վրայ իրենց համար շինեցին ծածկեր, ուր ճգնելով սաղ­մոս­ներով, աղօթքներով եւ Սուրբ Գրքի ընթերցանութեամբ՝ ստանում էին Աստուծոյ օրհնու­թիւն­ներն ու միա­սին աճում ճգնութիւնների եւ սրբու­թեան մէջ: Այդպէս անշէն անապատի անմարդաբնակ լեռը Քրիստոսի հրեշտակակրօն զինուոր­նե­րի բանակատեղի դարձաւ:

   Արսէնոյիտա նահանգի Արսէնոյա քաղաքից ոմանք նրանց օրինակով նոյնպէս կա­մեցան աշխարհից հրաժարական կեանք վարել: Նրանք եկան Անտօնի մօտ ու աղաչեցին այցելել իրենց եւ իրենց եւս հաստատել նոյն բարեկրօն կար­գի մէջ: Սուրբը յօժարակամ գնաց նրանց մօտ՝ աներկիւղ անցնե­լով գետի միջով, որը լի էր խեցէմորթ գազաններով ու կոկորդիլոսներով, եւ նրանց կանոններ տալուց ու աստուածիմաստ խրատներով հաստատելուց յետոյ վերադարձաւ իր տեղը: Իր կրօնաւորութեան ողջ ընթացքում խօս­քով եւ իր վարքով անձանձրոյթ ուսուցանում էր բոլորին` հայր լինելով թէ՛ մեծերին եւ թէ՛ փոքրերին:

   Ելնելով իր փորձառութիւնից՝ նրանց առջեւ մեր­կացնում էր փորձողի տեսակ-տեսակ խարդա­ւանք­ները եւ միաժամանակ ցոյց տալիս բոլոր բուժամիջոցնե­րը: Պատմում էր նաեւ իր երկար տա­րի­ների առանձնութեան ընթացքում դե­ւերի զա­նա­զան երեւումների մասին ու սովորեցնում էր  զգուշանալ նրանցից: Խրատում էր լինել ջանա­սէր, անախտաբար ծառայել միայն Աստծուն, չխնդրել անձի համար ինչք, չակնկալել տեսնել ո՛չ տեսիլքներ, ո՛չ էլ հրաշագոր­ծու­թիւն­ներ անել, այլ ուղիղ սրտով եւ զգուշութեամբ միշտ զգաստ ու արթուն լինել եւ առաւելապէս զուարթ լինել առա­քի­նու­թեան բոլոր գործերում, հե­ռացնել խորհուրդների բոլոր ունայն յու­զում­նե­րը, մտքում անդադար ունենալ Աստուծոյ յիշո­ղու­թիւնը, Նրա առջեւ միշտ ա­­ռա­­քի­նու­թիւն­ներ գոր­ծել եւ ապաւինել Նրա ամենախնամ հովանա­ւո­­րու­թեանը:

   Այդ ժամանակներում` մօտ 310 թուականին, Եգիպ­տոսում Մաքսիմիանոս կայսեր կողմից սաստ­կացան հալածանքները. շատերը նահատա­կուե­ցին Ալեքսանդրիայում, իսկ շատերն էլ բանտ նետուեցին, որոնց թւում էր նաեւ Ալեքսանդ­րիա­յի սուրբ Պետրոս հայրապետը: Այնժամ երանելի Անտօնն իր աւագ աշակերտներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք՝ տեսնելու մեր եղբայրների ցանկալի մար­տա­հանդէսը, որպէսզի լինենք ոչ միայն նրանց ճգնու­թիւնների վկաները, այ­լեւ նրանց գոր­ծակիցներն ու նահատակակիցները»: Եւ ծարաւի լի­նելով վկա­յական մահուան՝ եկան Ալեքսանդրիա: Բայց քանի որ մատնուելու իրաւունք չկար, սպասում էին իրենց փափագը կատարուելու յար­մար պահի, որի հա­մար, երբ կապուածներին ատեան էին տանում, Անտօնը մօտենում էր նրանց, գօտեպնդում ու ասում. «Մի՛ երկնչէք անօրէն­նե­րի ահից, այլ անվեհեր խոստովանէք Քրիստոսին եւ ուրախութեամբ եղէք Նրա վկաները, որովհետեւ այս առօրեայ տանջանքներին պիտի յա­ջորդի անանց Արքայութիւնը»: Այցելում էր բանտեր` տեսնելու եւ սպասաւորելու երանելիներին, իւրաքանչիւրին քաջալերում էր զօրաւոր խօսքերով ու ամրացնում, որովհետեւ շնորհներ էին բխում սուր­բի բերանից եւ գօ­տե­պնդում քաջ նահատակ­ներին: Երբ նրանց տանում էին նահատակութեան վայ­­րը, Անտօնը գնում էր նրանց յետեւից եւ ակա­նա­տես լինելով նրանց նա­հա­տա­կու­թեա­նը՝ լցւում էր մեծ ցնծութեամբ. ասես ինքն էր առնում վկա­յու­­թեան յաղթանակը:

   Իսկ կռապաշտները, զայրանալով Անտօնի ու նրա հետ եղողների այսպիսի համարձակութեան վրայ, բողոքեցին դատաւորին, ով մեծ սպառ­նա­լի­քով հրաման տուեց, որ ոչ մի կրօնաւոր չե­րեւայ քաղաքում եւ չհամարձակուի մօտենալ ատեա­նին: Այնժամ մենակեացները թաքնուեցին, իսկ Անտօնը բնաւ չվա­խեցաւ, այլ վերցնելով իր պա­րեգօտը՝ լուաց, որպէսզի առաւել աչքի ընկնի եւ հետեւեալ օրը եկաւ կանգնեց ճանապարհի վրայ, որով պիտի անցնէր դատա­ւորը: Բայց երբ անց­նելիս նրա վրայ ուշադրութիւն չդարձրին, երանելին տրտմեց, որովհետեւ չկատարուեց նահա­տա­կուե­լու իր փափագը: Եւ սա եղաւ Տի­րո­ջ տնօրինութեամբ, որով­հե­տեւ Աստուած չէր կամենում Անտօնի մարտիրոսութիւ­նը, որովհետեւ նա պէտք է մնար ողջ աշխարհի կրօնաւորական կարգի ա­ռաջ­նոր­դու­թեան համար:

   Արդ, սուրբ Պետրոս հայրապետի նահատակու­թիւ­նից յետոյ, ում հետ երանե­­լին մտերմաբար եր­կար խօսեց նրա վերջին օրը, երբ տեսաւ, որ իրեն չի յա­ջող­ւում հեղել իր արիւնը Քրիստոսի անուան համար, ու նաեւ քանի որ հալա­ծան­քների հե­ղեղը սկսել էր նուազել, դարձաւ իր մենարանը եւ ինքնակամ իր անձը մարտիրոսութեան մատ­նելով՝ պահեցողութեամբ ու անդադար տքնու­թիւն­ներով խստացրեց իր ճգնութիւնները: Ներ­քուստ խարազանազգեստ էր, իսկ արտաքուստ` մաշ­կեղէն հանդերձներով: Եւ որչափ փախչում էր մարդ­կան­ցից, այնքան առաւել հոծ բազ­մու­թիւն էր գնում նրա մօտ՝ բժշկուելու, իսկ նա աղօթելով Քրիստոսի անուամբ՝ բժշկում էր բոլորին:

   Սակայն ձանձրանալով բազմութիւնից՝ որոշեց գնալ աւելի հեռաւոր մի տեղ` այլազգիների մօտ, ուր ոչ ոք չէր ճանաչի իրեն: Վերցնելով չափաւոր հաց՝ եկաւ նստեց գետափին, որպէսզի մի նաւ գտնի ու գետի միւս ափն անցնի: Այնժամ երկնքից մի ձայն լսեց, որն ասում էր. «Անտօնիէ՛, ո՞ւր ես գնում եւ ինչի՞ համար»: Իսկ նա ասաց. «Այս­տեղ ինձ չեն թողնում հանդարտել, որի համար կամենում եմ վերին Թեբայիդ գնալ»: Ձայնն ասաց. «Եթէ Թե­բայիդ գնաս, առաւել կը վհա­տուես, իսկ եթէ հանդարտութիւն ես փնտրում, գնա՛ Տաճկաստան եւ մտի՛ր խորը անապատ»:

   Մինչ Անտօնը մտածում էր, թէ ո՞վ իրեն ցոյց կը տայ այդ ճանապարհը, տե­սաւ իսմայէլացի վա­ճա­ռա­կանների, ովքեր Եգիպտոսից դէպի անապատ էին շարժւում: Մօտեցաւ նրանց ու խնդրեց, որ իրեն եւս տանեն անապա­­տի խորքերը, եւ նրանք մարդասիրաբար վերցրին նրան: Երեք օր ու երեք գի­շեր գնալուց յետոյ հասան մի յոյժ բարձր լեռան, որի մերձակայքում մի փոքր դաշտ կար: Այն­տեղ կային մի քանի արմաւենիներ, իսկ լեռան ստորոտով քաղց­րահամ ջուր էր հոսում: Անտօնը կանգ առաւ այդտեղ՝ իր համար ընտրելով այդ վայ­րը ու ընդունեց այն որպէս Աստծուց իրեն տրուած: Իսկ իսմայէլացիները, տեսնելով, որ նա կամենում է բնակուել լեռան ծերպերում, ամէն անգամ նրա մօտով անցնելիս բաւարարում էին նրա անհրաժեշտ կարիքները:

   Սա Անտօնի երկրորդ անապատն էր, որը կո­չուեց «Սուրբ Անտօնի լեռ»: Այն­տեղ կային նաեւ եր­կու այլ լեռներ՝ մէկն աւելի խորքերում ու աւելի բարձր, ուր գտնւում էր սուրբի ճգնա­րանը, իսկ միւսը` երեւացող ու աւե­լի ցածր, որը կոչուեց Անտօնի կամ Անտօնի աշակերտների վանք ու կոչուեց նաեւ «Պիսպիռի անապատ», որտեղ հինգ, տասը կամ քսան օրը մէկ անգամ Ան­տօնն այցելում էր իր աշակերտներին եւ այնտեղ հիւ­րեր ընդունում: Երբ մարդիկ իմացան նրա առանձնութեան տեղը, չդադարեցին գալ նրա մօտ ու նրան բերել անհրաժեշտ կարիքները, իսկ ծերը, որպէսզի նրանց նեղութիւն չպատճառի, խնդրեց եղբայրներին բրիչ եւ ցորեն բերել: Սկսեց հող մշակել, սերմանել եւ իր վաստակով ձեռք բերել իր սակաւ կերակուրը: Տնկեց նաեւ բանջարանոց` իր մօտ եկողներին մատուցե­լու համար: Երբ վայրի կենդանիներն արածում էին նրա բանջարները, սաստում էր նրանց Տիրոջ անունով, ու նրանք հեռանում էին: Իսկ դեւը, սրտմտելով սուրբի վրայ, անապատի բոլոր գազաններին եւ անասուններին հաւաքեց նրա մենա­րանում: Անտօնը, ճանաչելով չարի հնարքները, ասաց նրանց. «Եթէ Տէրն է հրամայել ձեզ, ապա յօ­շոտէ՛ք ինձ, իսկ եթէ դեւն է ձեզ ուղարկել, չքուէ՛ք, որովհետև ես Քրիստոսի ծառան եմ»: Ու նրանք, ցնցուելով սուրբի ահեղ հրամանից, խօսքը լսելուն պէս անմիջապէս աներեւոյթ եղան:

   Սակայն դեւը նաեւ այլ շատ փորձութիւններ էր բերում եւ աչքին երեւացող զանազան տեսիլքներ ցոյց տալիս, բայց առաւել շատ յարձակւում էր գնդերով ու սոսկալի դղրդիւն­նե­րով: Իսկ երանելին` որպէս քաջ նա­հա­տակ, Քրիստոսի անուամբ եւ ամենայաղթ Խաչի նշանով մենամարտում էր նրանց դէմ ու վանելով ցրում նրանց:

   Առաջին անապատից Եգիպտոսի իր ծանօթների հետ ծերի մօտ եկան իր աշակերտները եւ բռնա­դա­տելով տարան նրան, որպէսզի մխիթարուեն՝ նրան տեսնելով ու նրա խօսքը լսելով: Ճանապար­հին, երբ անցնում էին անջրդի վայրերով, ծարա­ւե­ցին: Սուրբն աղօթքներով ջուր բխեցրեց եւ հաս­նելով եղբայրներին՝ արբեցրեց նրանց: Գովեց առա­քինի վարքի մէջ նրանց ջանասիրու­թիւնը ու յորդորեց առաւել առաջադիմել: Գնաց նաեւ տես­նելու իր քրոջը, ով կոյսերի վանքում վանա­մայր էր դարձել, եւ մի քանի օր մնաց այնտեղ: Ուրա­խացաւ հայր Անտօնն իր քրոջ ու նրա մօտ եղողների բարեկրօն վարքի եւ առաքինու­թիւնների համար ու մխիթարական խօսքերով զօրացնելով նրանց՝ շտապեց վերադառնալ իր անապատը:

   Այն­տեղ բժշկութեան համար նրա մօտ բերեցին մի պա­լատական դիւահարի, սակայն ծերը յանձն չառաւ բժշկել եւ ասաց նրան. «Դու չես կարող այստեղ բժշկուել, այլ գնա՛ Եգիպտոս, ու այնտեղ Քրիստոսի ողորմութիւնը շտապ քեզ կը հասնի»: Այս բանը Տիրոջից յայտնուեց սուրբին, եւ այդպէս էլ եղաւ: Նաեւ այլ բազում յայտնութիւններ էին լինում հայր Անտօնին, քանզի նա կատարեալ հոգետես էր դար­ձել: Նա տեսաւ սուրբ հայր Ամոնի հոգին, որը բնակ­ւում էր Նիտրա լեռան վրայ: Իր անապատից այն հեռու էր գտնւում տասներեք օրուայ անց­նե­լիք ճանապարհով: Տեսաւ հրեշտակների դասերով նրա երկինք ելնելը ու պատմեց իր աշակերտ­նե­րին, իսկ յետոյ իմացան, որ Ամոնը երկինք էր փոխուել այդ նոյն օրը:

   Մի օր, երբ մատուցում էր իններորդ ժամի աղօթ­քը, միտքը յափշտակուեց, եւ ասես լուսա­զգեստ մէկը նրան վեր բարձրացրեց: Նա տեսաւ խա­ւա­ր, սեւադէմ մարդկանց, որոնք, ընդա­ռաջ գալով, թոյլ չէին տալիս իրեն եր­կինք ելնել: Լուսազգեստ այրն ընդդիմանում էր նրանց, մարտնչում օդային դեւերի հետ ու ասում. «Ի՞նչ մեղք ունի այս արդար մարդը, որ կամենում էք արգելել նրան»: Իսկ նրանք պատրաստւում էին թուել ման­կու­թեան օրերին նրա գործած մեղ­քերը: Եւ լուսազգեստ այրն ասաց նրանց. «Աշ­խար­հից ելնելուց յետոյ Աստուած ներել է մանկութեան ժա­մանակ Անտօնի անգիտությամբ գործած մեղ­քերը, իսկ մենակեցութեան մէջ նա մեղք չի գործել»: Նրանք Անտօնի վրայ կրճտացրին իրենց ատամ­ները, իսկ հրեշտակը Տիրոջ Խօսքով սաստեց նրանց: Այնժամ խաւարայիններն ամօթահար ցած ընկան, իսկ Անտօնն անարգել երկինք բարձրացաւ: Երբ սթափուեց, ողբաց՝ շատ օրեր ոչինչ չու­տե­լով եւ ասաց. «Աղօթէ՛ք, եղբայրնե՛ր, աղօթէ՛ք, որպէսզի կարո­ղա­նանք անարգել անցնել օդա­յին այսերի իշխանութեան միջով»:

   Մէկ ուրիշ անգամ, երբ եղբայրները հարցնում էին հոգիների վիճակի մասին, նրան լսելի եղաւ մի ձայն, որն ասաց. «Անտօնիէ՛, դո՛ւրս արի ու տե՛ս»: Նոյն պահին ելաւ սենեակից եւ տեսաւ մի սեւա­դէմ, բարձրահասակ ու չար տես­քով այր, որի գլուխն օդում` երկնքի տակ էր: Տեսնում էր, որ բա­­զում թեւաւոր մարդիկ թռչելով երկինք էին վե­րանում, բայց ահաւոր հսկան, տարածելով ձեռքերը, շատերին խփում, երկիր էր գցում եւ ուրա­խանում նրանց անկման համար, իսկ ովքեր վերասլաց թռչում ու անարգել երկինք էին մտնում, նրանց վրայ իր ատամներն էր կրճտացնում: Եւ այնտեղից ձայն եկաւ՝ ասելով. «Իմացի՛ր, ինչ որ տեսնում ես, Անտօնիէ՛»: Ու նրան բացուեցին խորհուրդները եւ նա հասկացաւ, որ թեւա­ւոր մարդիկ մարդկանց հոգիներն էին, բարձ­րահասակ, սեւադէմ մարդը` սատանան, որը մե­ղա­ւորների հոգիներն ընկղմում էր անդունդ­նե­րում, իսկ վեր բարձրացողներն արդարներն էին, ովքեր անարգել երկինք էին մտնում:

   Այսպիսի եւ այլ տեսիլքներ ու յայտնութիւն­ներ էր պատմում պատեհ ժամին, երբ բռնադատ­ւում էր եղբայրների կողմից: Քաջալերում էր նրանց հոգեխրատ խօսքերով եւ յորդորում հոգ տա­նել առաքինութիւնների համար: Նրան տես­նե­լու ու նրա խօսքը լսելու էին գալիս նաեւ եպիս­կո­պոսներ, քահանաներ եւ սարկաւագներ, իսկ նա խո­նարհութեամբ հայցում էր նրանց օրհնութիւններն ու աղօթքները, ապա զօրացնելով նրանց՝ ճանապարհում: Պատահեց, որ նրա մօտ եկան նաեւ արիոսականներ` նենգօրէն նրա հետ խօսելու համար: Ծերը, անմիջապէս վրայ հաս­նելով, իր լեռան վրայից հալածեց ան­օրէն քրիստոսամարտների աղանդի մոլորութիւնը, սակայն նրանք, հաս­նելով Ալեքսանդրիա, տարածեցին, թէ Ան­տօնը համախոհ է մեզ:

   Այս լսելով՝ Մեծն Աթանաս հայրապետը, ով մեծ բարեկամական զգացումներ ունէր սուրբի հանդէպ, լուր ուղարկեց նրան՝ գալ ու ամաչեցնել չար լեզուներին: Նոյնն էին խնդրում նաեւ այլ ուղղափառ եպիսկոպոսներ` գալ եւ օգնել իրենց: Այնժամ ծերը մօտ 330 թուականին փութապէս եկաւ Ալեքսանդրիա ու հրապարակաւ խօսելով բազմութեան առջեւ՝ սքանչելապէս քա­րոզեց Աստուծոյ Որդուն՝ որպէս ճշմարիտ Աստուած ճշմարիտ Աստծուց, որպէս Հօր հարա­զատ Ծնունդ, Նրան համաբնակից եւ մշտնջենաւորակից: Իսկ Որդուն արարած ասող­նե­րին նզովեց եւ ապականիչ գայլեր անուանեց, քան­զի ասաց. «Նրանք, ովքեր ծառայում են արա­րածներին եւ ոչ թէ Արարչին՝ յաւիտեանս օրհնեալ Աստծուն, ոչնչով չեն տարբերւում հեթանոսներից»:

   Երանելու կողմից չար աղանդի յայտնապէս հեր­քումը ողջ ուղղափառ ժողովրդի համար մեծ ուրախութիւն եւ ճշմարտութեան ճանապարհի վրայ հաստատութիւն եղաւ, քանզի բոլորը երա­նելուն ընդունում էին որպէս Եկեղեցու սիւն: Եւ ոչ միայն հաւատացեալներն էին գնում ծերի մօտ` ստանալու նրա օրհնութիւնը, այլեւ քաղաքի հեթանոսները, ովքեր նրան Աստուծոյ այր էին համարում ու ջանում էին գոնէ նրա հանդերձներին դիպչել: Նրա մօտ էին բերում բա­զում հիւանդներ, ախտաժէտներ եւ դիւահարներ, ովքեր, մերձենալով նրա հանդերձներին, առող­ջանում էին: Ու սա տեսնելով՝ կռապաշտ­նե­րից շատերն ընդունում էին սուրբ հաւատը: Մի օր, երբ բազմութունը նեղում էր ծերին, իսկ աշա­կերտ­ները կամենում էին հեռացնել ամբոխին, ծե­րը ժպտալով ասաց. «Մի՞թէ այս բարեսէր մարդիկ աւելի շատ են, քան լեռան վրայ մեզ պա­շարող դեւերի բանակը»:

   Անապատ վերադառնալուց յետոյ մի անգամ նրա մօտ եկան հելլէնացի երկու հեթանոս աշխարհիկ իմաստուներ, ովքեր կարծում էին, թէ կարող են իրենց ճարտար խօսքերով յաղթել անուսում մար­դուն: Բայց Աստուծոյ այրն իր աստուածուսոյց գի­տութեամբ պապանձեցրեց նրանց այնպէս, որ նրանք ապշեցին սուրբի հանճարեղ մտքի վրայ: Միա­ժամանակ տեսնելով նշանները, որոնք սուրբը գոր­ծեց, ահով լցուած վերադարձան ու խոստո­վա­նե­ցին. «Տեսանք աւելին, քան որ լսել էինք»:

   Մեծ Անտօնի սրբութեան համբաւը հասաւ հեռաւոր երկրներ ու նաեւ կայսեր դռանը: Ինքը` բարեպաշտ ինքնակալ Կոստան­դիա­նոսը, եւ նրա որդիներ Կոստասն ու Կոստանդը յաճախ նամակ էին գրում նրան եւ խնդրում, որ մխիթարի իրենց պատասխան թղթով ու հնարաւորութեան դէպքում անձամբ գայ իրենց մօտ, բայց նա ամէն կերպ խոյս էր տալիս աշխարհի իշխան­ների հետ բարեկամութիւնից: Աշակերտները հա­մո­զում էին պատասխանել թագաւորական նամակ­ներին, եւ սուրբը, խոնարհուելով նրանց խնդրանքներին, գրում էր հոգեշահ խրատների ու յորդորանքի խօսքեր, որոնք ստանալով՝ Կոստան­դիա­նոսը եւ իր որդիներն ուրախանում էին ու իրենց պատիւ համարում կոչուել Անտօնի որդիներ:

   Ցնծում էր երանելին, երբ բարեպաշտ Կոստանդիանոսի օրօք տեսնում էր աստուածպաշտութեան ծաղկումը: Սակայն Տէրը սուրբին տե­սիլ­քով ցոյց տուեց, որ նրա որդիների օրօք պիտի զօրանան արիոսականները, ցոյց տուեց նաեւ այն չարիքները, որոնք պիտի լինէին Յուլիա­նոս Ուրացողի եւ Վաղէսի ժամանակներում: Նա տեսաւ, որ ջորիներ են մտնում եկեղեցու խորան, աքացի տալով վայր գցում սուրբ Սեղանը ու ցրում ամէն ինչ: Եւ ի վերուստ ձայն լսեց, որն ասաց. «Իմ Սեղանը պղծուելու է»: Ծերն այս տեսիլքը մեծ ողբով պատմեց իր աշակերտներին, բայց եւ միաժամանակ քաջալերեց նրանց՝ ասե­լով, թէ այդ օրերը երկար չեն տեւի, ու Եկեղեցին շու­տով կը վերագտնի իր նախկին պայծա­ռու­թիւ­նը:

   Ոմն զօրավար, դատաւորների եւ այլ իշ­խան­նե­րի հետ գալով Անտօնի արտաքին վանքը, լուր տուեց ծերին ու խնդրեց, որ իջնի լեռան վրայից եւ գայ իրենց մօտ: Նա եկաւ, որոշ խրատներ տուեց ու շտապեց վերադառնալ իր առանձնավայրը: Երբ նրանք ստիպեցին սուր­բին քիչ եւս մնալ իրենց մօտ, Անտօնն ասաց. «Չեմ կարող աւելին մնալ, որովհետեւ ինչպէս որ ձկները, ցամաքում փոքր-ինչ մնա­լով, սատ­կում են, նոյնպէս եթէ մենակեացները երկար դե­­գե­րեն աշխարհիկների հետ, կը ձուլուեն նրանց եւ կը տկարանան հոգով: Այդ պատճառով ինչպէս որ ձուկն է շտապում ցամաքից ծով նետուել, այնպէս էլ մենք պէտք է շտապենք դէպի մեր լեռը, որ­պէսզի յապաղելով չմոռանանք, թէ ներսում ինչ ունենք»: Զարմացաւ զօրավարն այս խօսքերի վրայ ու ասաց. «Արդարեւ, դու Աստուծոյ ճշմարիտ ծա­ռան ես, քանզի ինչպէ՞ս կարող է մարդ այս­չափ իմաստութիւն ունենալ, եթէ Աստծուց սիրուած չլինի»:

   Իսկ արիոսականների կուսակից մէկ այլ զօ­րա­վար, որի անունն էր Բաղակիոս, զգուշացուել էր սուրբ հայր Անտօնի կողմից, որ դադարի հալածել ուղ­ղափառներին: Սակայն նա չսաստուելով, ըստ ծե­րի կանխասացութեան, չարաչար կերպով մահուան մատնուեց, որի համար շատերը զարմացան, իսկ բոլոր լսողներն ահաբեկուեցին: Մարդիկ պատկառում էին Աստուծոյ մարդու խօսքերից, սուրբի շահեկան խրատները նրանց իր մօտ էին բերում: Զինուորականներից եւ հարուստներից շատերը, թողնելով այս կեանքի ծանրութիւնը, նրա առաջնորդութեամբ մենակեացներ էին դառնում: Անտօնը հոգիների ու մարմինների Աստծուց տրուած ճարտար բժիշկ էր ոչ միայն եգիպտացիների, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ նրա վաստակի պտուղները սփռուել էին ողջ աշխարհով մէկ, եւ ամէնքը հաղորդ էին նրա բարի գոր­ծե­րին:

   Եւ երբ Անտօնը դարձաւ 90 տարեկան եւ հասաւ խոր ծերութեան, Պիսպիռեան վանքի աշա­կերտ­ներն խնդրեցին նրան այլեւս չմնալ ներքին լեռան վրայ գտնուող իր ճգնարանում, այլ գալ իրենց մօտ, որպէսզի խնամք գտնի իր ծերութեան մէջ, մխիթարուի ու առա­ւելապէս մխիթա­րի իր զաւակներին: Բայց նա չկամեցաւ, այլ միայն ընտրեց երկու եղբայրնե­րի, որ մնան իր մօտ` լեռան վրայ, որոնց անուն­ներն էին Ամաթաս եւ Մա­կա­րիոս: Եւ սրանք 15 տա­րի` սկսած 340 թուականից, նրա ծերութեան օրերին սպասաւորեցին սուրբին:

   Այդ տարիների ընթացքում երանելի Անտօնը Տիրոջ յայտնութեամբ այցելեց թեբայեցի սուրբ Պօղոս Անապատականին, ում պատուական մարմինն ամփոփելուց յետոյ վերադարձաւ ու պատմեց իր երկու աշակերտներին: Նա իր հետ բերել էր Պօղոսի՝ արմաւենուց հիւսուած պարեգօտը, որը կրում էր միայն տօն օրերին:

   Սրանից յետոյ մի քանի տարի անց Անտօնը, ըստ իր սովորութեան, եկաւ Պիսպիռի լեռը` այցելելու մենակեացներին: Նա նրանց յայտնեց վերին յայտնութեամբ իր երկինք փոխադրուելու մասին եւ ասաց. «Որդեակնե՛ր, սա իմ վերջին այցելութիւնն է ձեզ, որովհետեւ եկել է ժամանակը հրաժարուելու իմ մարմնից, որն ապրեց 105 տարի»: Այս լսելով՝ բոլորը լաց եղան ու գրկելով համ­բու­րե­­­ցին ծերին, իսկ նա զուարթ էր եւ լի խնդու­թեամբ, որովհետև պատրաստւում էր օտար աշխար­հից իր հայրենի Երկիրը գնալ: Տուեց իր վերջին յոր­դորները, պատուիրեց չձանձրանալ ճգնու­թիւն­ներից, աշխարհի հանդէպ միշտ մե­ռած լի­նել, յիշել իր խրատները, ամբողջովին հեռու մնալ մելիտիանոսների ու արիոսականների չար հեր­ձուածից, զգոյշ լինել վարդապետական հար­ցե­րում եւ Սուրբ Գրքի աստուածային պատուիրաններում, աչքի առաջ ունենալ սուր­բերի վարքն ու նրանց գործերը եւ զօրանալ պատուիրանա­պա­հու­թեան մէջ:

   Երբ եղբայրները նրան ստիպեցին մնալ իրենց մօտ, յանձն չառաւ բազում պատճառներով, բայց առաւել շատ, որպէսզի չպատուեն իր մարմինը եգիպտացի­նե­րի օրէնքով` չթաղելով հողում, որովհետեւ միշտ յանդիմանում էր այդ սովորու­թիւ­նը: Եւ այսպէս երանելին հրաժեշտ տուեց եղբայրներին ու շտապ վերադարձաւ լեռան իր մենարանը: Սա­կայն քիչ օրեր անց նա հիւանդացաւ եւ կան­չելով իրեն սպասաւորող երկու աշակերտներին՝ ասաց. «Ես փափագում եմ իմ հայրերի ճա­նապարհով շտապել դէպի երկնայինները: Իմ Տէրը կան­չում է ինձ, իսկ դուք, ո՛վ իմ սիրելի զաւակ­ներ, միշտ զգաստ եղէք եւ ձեր երկար տարիների վարձ­քը մի՛ կորցրէք, այլ ինչպէս որ սկիզբ էք դրել, ջանացէք պահել ձեր ընթացքը: Ամէն օր ապրէք ինչպէս աշխարհի հանդէպ մեռեալ՝ ձեզ միա­բա­նելով նախ Տիրոջ, ապա Նրա սուրբերի հետ, որպէսզի ձեր մահից յետոյ յաւիտենական յար­կերում ձեզ ընդունեն որպէս սիրելիներ ու ծա­նօթներ: Արդ, դուք սա խորհէք եւ սրա հա­մար հոգացէք ու եթէ կամենում էք, յիշէ՛ք ինձ՝ որ­պէս ձեր հօր: Թոյլ չտաք իմ մարմինը Եգիպտոս տանել, այլ դուք կը թաղէք ծերիս եւ կամփոփեք հողի տակ: Նաեւ պատուիրում եմ ձեզ, որ ձեզանից բացի թող ոչ ոք չիմանայ իմ տեղը, որպէսզի ես մեռելների յարութեան ժամանակ Փրկչից անա­պականութիւն ստանամ: Բաժանէ՛ք իմ հանդերձ­ները. մազեղէն իմ պարեգօտն ու լերկ կաշին կը տաք Աթանաս եպիսկոպո­սին, մազեղէն քուրձը` Սրապիոն եպիսկո­պո­սին, իսկ դուք կը վերցնէք իմ այծեայ հագուստնե­րը եւ Պօղոսի` արմաւենուց պատրաստած պարե­գօտը: Եւ արդ, ո՛ղջ եղէք, որդեակնե՛ր, քան­զի Անտօնը երկինք է փոխւում ու այլեւս ձեզ հետ չի լի­նի»:

   Այս ասելով՝ ողջունեց նրանց համբոյրներով ու զուարթ երեսով եւ ուրախանալով իր մօտ եկած սուրբ հրեշտակ­ների տեսութեամբ՝ իր սուրբ հոգին աւանդեց Աստծուն Տիրոջ 356 կամ 357 թուա­կանի յունուարի 17-ին` 105 տարեկան հա­սա­կում` առանց ծերութեան նշանների, որովհետեւ ո՛չ տեսողութիւնն էր վատացել եւ ո՛չ էլ ատամներից մէկն էր թափուել: Լաւ տեսք ունէր, ապրելով այդ խստա­կրօն վարքով՝ մարմնի բոլոր ան­դամները պահուել էին առաւել առողջ, քան ունեն աշխարհի մէջ փափկակենցաղ մարդիկ: Նա, ով ճգնում էր ծածուկ, իբրեւ տիեզերքի լուսատու ճրագ՝ քարոզեց ամենուր: Կենդանութեան օրօք Արեւելքից մինչեւ Արեւմուտք հնչեց նրա անու­նը, եւ նրա սուրբ վարքի օրինակը կանոն եղաւ բո­լոր մենակեացների համար:

   Եւ ինչպէս պատուիրել էր սուրբը, երկու աշակերտները լեռան վրայ ամփոփեցին երանելու մարմինը, որը մօտ 170 տարի մարդկանցից ծածուկ մնաց: Ապա Յուս­տիանոս Մեծի թագաւորութեան առաջին տա­րիներին, ով աթոռին նստեց 527 թուականին, աս­տուածային յայտնութեամբ գտնուեցին նրա նշխար­ները, բերուեցին Եգիպտոսի Ալեքսանդրիա քա­ղաք ու զետեղուեցին Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում:

   Անտօն Անապատականի (251-356թթ.) վարքը հեղինակել է Ալեքսանդրիայի սուրբ Աթանաս Ալեքսանդրացի հայրապետը, որը հայերէն թարգմանուել է հինգերորդ դարում:

   

   ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ԱՆՏՕՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ

   
   1․ Հայր Անտօնը եղբայրներին ընդունելու­թեան համար ասաց. «Պէտք է եկող եղբօրն ընդու­նել եւ խոնարհուել նրա առջեւ, քանզի գրուած է. «Տե­սար քո եղբօրը, տեսար քո Տէր Աստծուն»: Վկայ ունենք Աբրահամին, ով ընդունեց ու երկրպագեց իր հիւրերին: Նոյնն արեց եւ վկայեց Ղովտը, երբ ըն­դու­նեց հրեշտակին»:
   2․ Մի եղբայր հարցրեց հայր Անտօնին. «Ինչ­պէ՞ս հաճելի լինեմ Աստծուն»: Ծերը պա­տասխանեց նրան ու ասաց. «Պահի՛ր այն, ինչ կը պատուիրեմ քեզ. ուր էլ գնաս, աչքերիդ առ­ջեւ միայն Աստծուն ունեցիր: Ինչ էլ որ անես, թող վկայութիւն ունենաս Սուրբ Գրքից: Եւ որ­տեղ էլ որ նստես, արագ մի՛ շարժուիր կամ բնաւ մի շարժուիր: Այս երեքը պահիր ու կապրես»:
   3․ Հայր Պամբօն հարցրեց հայր Անտօնին. «Ի՞նչ անեմ, որ առաւել շահ ունենամ»: Ծերն ասաց. «Յոյսդ մի՛ դիր քո արդարութեան վրայ, մի՛ վերադար­ձիր անցած գործերիդ եւ զգուշապէս պահիր լեզուդ, որովայնդ ու կո­կորդդ»:
   4․ Հայր Անտօնն ասաց. «Մեր նախկին հայրե­րը, ովքեր ելան անապատից, նախ բժշկեցին իրենց, եղան հոգեւոր հմուտ բժիշկներ, ապա բժշկեցին նաեւ այլոց: Իսկ մենք, աշխարհից ելնելով, նախքան մեզ բժշկե­­լը ձեռ­նար­կում ենք բժշկել ուրիշներին: Այդ ախտը հաս­տատւում է մեր մէջ, եւ վերջն աւելի չար է լինում, քան առաջ էր: Ու մեզ վրայ կատարւում է Տիրոջ այն խօսքը, թէ` «Բժի՛շկ, բժշկիր նախ քո անձը»:
   5․ Հայր Անտօնն ասաց. «Միշտ աչքերիդ առջեւ պա­հի՛ր երկիւղը եւ միշտ յիշի՛ր քո մահուան օրն ու կապրես: Ատե՛նք այս աշխարհը եւ այն ամէնը, ինչ կայ նրանում: Հրաժարուե՛նք մարմնի հանգստից ու նրա բոլոր ցանկութիւննե­­րից, որպէս­զի կեանք գտնենք Աստուծոյ մօտ: Միշտ յի­շենք, թէ ի՞նչ ուխ­տե­ցինք Աստծուն, որը պիտի պահանջուի մեզանից դատաստանի օրը: Քաղցե՛նք, ո՛վ եղբայրներ, եւ ծարաւե՛նք: Մերկանա՛նք, մրսե՛նք, տքնե՛նք, ողբա՛նք ու հառաչե՛նք սրտի խոր­քերից: Փորձե՛նք մեզ, թէ հաճո՞յ ենք Աստծուն: Արհամարհե՛նք մեր անձերը, որպէսզի շա­հենք մեր հոգիները»:
   6․ Մի անգամ եղբայրները հայր Անտօնի մօտ Սկի­տէ գնալու համար նստեցին մի նաւ եւ պատա­հե­ցին մի այլ ծերի, ում չէին ճանաչում: Նաւում սկսե­ցին խօսել սուրբ հայրերի խօսքերից, գրուածքներից ու նրանց գործերից, իսկ այդ ծե­րը լուռ էր մնում: Երբ ցամաք հասան, եղբայր­նե­րը տեսան, որ նա եւս Անտօնի մօտ է գալիս: Երբ տեղ հասան, հայր Անտօնը եղբայրներին ասաց. «Եղբայրնե՛ր, ձեզ բարի ճանապարհորդակից գտաք այդ ծերին»: Իսկ ծերին ասաց. «Ո՛վ ծեր, դու էլ քեզ բարի ճանապարհորդակիցներ գտար այս եղ­­բայր­նե­րին»: Ծերը պատասխանեց Անտօնին ու ասաց. «Բարի են, սակայն ի­րենց բերաններին դուռ չունեն, եւ ով կամենայ, կարող է հեշտութեամբ մտնել դրանց ախոռը ու արձակելով տանել նրանց աւանակները»: Ծերն այս­պէս ա­սաց, որովհետեւ ինչ խօսք որ գալիս էր նրանց բե­րան­ները, ասում էին ան­զգուշաբար:
   7․ Մի անգամ մի քանի եղբայրներ գնացին հայր Անտօնի մօտ եւ ասացին. «Հա՛յր, մի խօսք ասա մեզ, որով ապրենք»: Ծերն ասաց. «Դուք ունէք Աւետարանը, այնտեղ ամէն ինչ բարւոք գրուած է, կատարէ՛ք նրա Խօսքերը ու կապ­րէք»: Եղբայրներն ասացին. «Հա՛յր, նաեւ քեզանից ենք կամենում խօսք լսել»: Այնժամ ծերն ասաց նրանց. «Աւետարանում գրուած է, թէ ով հարուածի քո մի երեսին, մօտեցրու նրան նաեւ միւսը: Արէ՛ք այդպէս եւ կապրէք»: Եղբայր­ներն ասա­ցին. «Դա չենք կարող անել»: Ծերն ասաց. «Եթէ չէք կարող մօ­տեց­նել միւսը, ապա համ­բերէք մի կողմի հարուածին»: Ասացին. «Դա էլ չենք կարող անել»: Ծերն ասաց. «Եթէ դա էլ չէք կա­րող, ապա մի՛ եղէք հարուա­ծող­ներից»: Ասա­ցին. «Դա էլ չենք կարող»: Այնժամ ծերն ասաց իր աշակերտներին. «Կերակուր պատրաստէք հի­ւանդ եղբայրների համար, քանզի եթէ սրանք չէք կա­րողանում անել, ես ի՞նչ ասեմ ձեզ»:
   8․ Հայր Անտօնի առջեւ գովեցին մի եղբօր, իսկ նա փորձեց նրան, որպէսզի տես­նի, թէ կարո՞ղ է համ­բերել արհամարհանքներին: Եւ տեսնելով, որ չո­ւնի համբերութիւն, ասաց նրան. «Դու նման ես մի գիւղի, որի արտաքին կողմը զարդարուած է, իսկ ներսից յափշտակուած ու գերուած է աւա­զակ­ների կողմից»:
   9․ Հայր Եղիայի վանքում մի եղբայր ընկաւ փոր­ձութեան մէջ եւ մեղքի պատճառով արտաք­սուեց այնտեղից: Սա գնաց լեռը` հայր Անտօնի մօտ, ու ամէն ինչ պատմեց նրան: Մէկ տարի այդ­տեղ մնալուց յետոյ հայր Անտօնը նրան դարձեալ ուղար­կեց այն վանքը, որտեղից եկել էր, սակայն նրան չընդունեցին: Դարձեալ վերադարձաւ հայր Ան­տօնի մօտ եւ ասաց, որ չկամեցան իրեն ընդունել: Հայր Անտօնը դարձեալ ուղարկեց նրան այն­տեղ ու պատուիրեց նրանց ասել. «Ծովում ընկղմուած նաւը եւ կորցրած բեռները մեծ չարչարանքներով մի կերպ կարողացայ ափ դուրս բերել, իսկ դուք կամենում էք ցամաքում նորից կործանել սրան»: Երբ նրանք լսեցին հօր այս խօս­քերը, սիրով ընդունեցին նրան:
   10․ Հայր Անտօնը մարգարէացաւ հայր Ամոնի հա­մար ու ասաց. «Դու պէտք է յոյժ առաջադիմես Աստուծոյ երկիւղի մէջ»: Ապա նրան սենեակից դուրս բերելով՝ ցոյց տուեց մի մեծ քար եւ ասաց. «Անար­գի՛ր այս վէմին, ապտակի՛ր ու խփի՛ր»: Եւ նա այդպէս արեց: Հայր Անտօնն ասաց նրան. «Ի՞նչ ասաց քեզ վէմը»: Նա պատասխանեց. «Ոչինչ»: Հայր Ան­տօնն ասաց. «Այդպէս էլ դու պէտք է պատրաստուես հասնել այդ չափին», որը եւ եղաւ, քանզի հայր Ամոնն այնպէս առաջադիմեց, որ իր մեծ ան­մե­ղութեան մէջ բոլորովին մոռացաւ չարութիւնը:
   11․ Մի անգամ մի քանի եղբայրներ գնացին հայր Անտօնի մօտ` տեսիլքների եւ ցնորքների մա­սին հարցնելու համար, որպէսզի իմանան, թէ դրանք հաւաստի՞ են, թէ՞ դեւերի կողմից են: Երբ եկան նրա մօտ, ծերը, կանխելով նրանց, ասաց. «Ինչ­պէ՞ս ճանապարհին սատկեց Իլ ծերի աւանակը»: Իսկ նրանք ասացին. «Որտեղի՞ց իմացար, հա՛յր»: Հայր Անտօնն ասաց. «Դեւերն ինձ ցոյց տուեցին»: Եղ­բայր­ներն ասացին. «Մենք էլ եկանք քեզ մօտ այդ մասին հարցնելու, քանզի շատ անգամներ անուրջ­ներ ենք տեսնում, որոնք երբեմն ճշմարիտ են լի­նում, երբեմն էլ՝ ոչ, ու վախենում ենք մոլորու­թեան մէջ ընկնել»: Իսկ ծերն ա­ւա­նակի օրի­նակով հա­ւատացրեց նրանց, որ գիշերային բոլոր ցնորք­ները դեւերից են:
   12․ Մի անգամ մի որսորդ, անապատում տեսնե­լով հայր Անտօնին եղբայրների հետ կատակելիս, գայ­թակղուեց: Իսկ ծերը, իմանալով այդ մասին, կամե­ցաւ հաստատել նրան եւ ասաց. «Դի՛ր քո նե­տը աղեղիդ վրայ ու ձգի՛ր»: Որսորդն այդպէս արեց: Ծերն ասաց. «Դարձեալ ձգիր»: Դա էլ արեց: Ծերը եր­րորդ անգամ ասաց. «Ձգի՛ր չափից աւելի»: Որսորդն ասաց. «Եթէ չափից աւե­լի ձգեմ, աղեղը կը կոտրուի»: Ծերն ասաց նրան. «Եղբա՛յր, այս­պէս է նաեւ Աստուծոյ գործը. եթէ չափից աւե­լի նեղենք եղբայրներին, կը սպառուեն նրանց ջան­քերը: Ուրեմն պէտք է երբեմն զիջել նրանց»: Այս լսելով՝ որսորդը յոյժ շահեց եւ գնաց իր տուն:
   13․ Մի անգամ հայր Անտօնը, խորհելով Աստուծոյ դատաստանների մասին, ասաց. «Ինչո՞ւ ոմանք ապրում են քիչ օրեր եւ մեռնում, ոմանք ապ­րում են շատ օրեր ու ծերանում, կամ ին­չո՞ւ որոշ անիրաւներ մեծահարուստ են, իսկ որոշ ար­դարներ` աղքատ»: Եւ ահա երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Անտօ՛ն, զգո՛յշ եղիր անձիդ համար, որովհետեւ այդ դատաստաններն Աստծունն են եւ ոչ քոնը, ու պէտք չէ քննել դրանք»:
   14․ Հայր Անտօնն ասաց հայր Պիմէնին. «Մեծ առաքինութիւն է, երբ մարդը միշտ թւում է իր յանցանքները, դրանք դնում Աստուծոյ առաջ եւ մինչեւ իր վերջին շունչը փորձութիւններ կրում, որովհետեւ չփորձուածներից ոչ ոք չի կարող մտնել Աստուծոյ Արքայութիւնը: Քանզի ես տե­սայ երկրի վրայ սփռուած թշնամու բոլոր ցան­ցերն ու որոգայթները եւ հառաչելով ասացի. «Ո՞վ կարող է փրկուել սրանցից»: Ու երկնքից մի ձայն լսեցի, որն ասաց. “Միայն խոնարհութիւնը կարող է անցկացնել դրանց միջով եւ փրկել»:
   15․ Հայր Պիմէնն ասաց. «Այսպէս էր ասում հայր Անտօնը. «Մարդու մեծութիւնն այն է, որ նա իր յանցանքները միշտ դնի Աստուծոյ առջեւ եւ մին­չեւ իր վերջին շունչը սպասի փորձութիւններին, քանզի ինչպէս որ ամէնքը հառաչանքով են մտնում այս աշխարհ, նոյնպէս հառաչանքով էլ պիտի ելնեն այս­տե­ղից: Անօգուտ են բոլոր առաքինու­թիւն­ներն առանց սեփական անձին միշտ մեղադրելու առաքինութեան, որից ծնւում է կեցուցիչ խոնարհութիւնը»:

   

   ԱՆՏՕՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ
   
   1․ Արդար եղիր ոչ միայն մարդկանց առջեւ, այլ ինքդ հոգով եղիր իմաստուն, խոնարհ, բարեհոգի, համբերատար, ջերմեռանդ, մարդասէր:
   2․ Մի՛ թող Աստուծոյ կամքը՝ մարդկանց կամքը կատարելու համար:
   3․ Մի՛ խախտիր Աստուծոյ պատուիրանները յանուն ընկերասիրութեան:
   4․ Վանի՛ր քեզանից հպարտութիւնը, իսկ ընկերներիդ ու բոլոր մարդկանց համարիր քեզանից լաւը:
   5․ Մի՛ եղիր երեսպաշտ կամ կեղծաւոր, առաւել եւս՝ ստախօս:
   6․ Մի՛ հպարտացիր քո գործերով, ինչպիսին էլ որ դրանք լինեն:
   7․ Բարի գործերի մասին, որ կամենում ես անել, ոչ մէկին մի՛ պատմիր, այլ լռելայն արա՛:
   8․ Սիրի՛ր խոնարհութիւնը, եւ այն կը քաւի քո բոլոր մեղքերը:
   9․ Ընտելացրո՛ւ լեզուիդ ասելու՝ ների՛ր ինձ, եւ խոնարհութիւն կը գտնես:
   10․ Եթէ մէկն յանիրաւի կշտամբի քեզ, մի՛ բորբոքուիր:
   11․ Երբէք մի՛ վրդովուիր որեւէ մէկի վրայ, ների՛ր բոլորին:
   12․ Շուտ մի՛ բարկացիր եւ չարութիւն մի՛ պահիր քեզ զայրացնողի դէմ:
   13․ Իմաստուն եղի՛ր եւ քեզ վատաբանողների շուրթերը փակի՛ր քո լռութեամբ:
   14․ Եթէ ցանկանում ես հաճելի լինել Աստծուն, քո անձը յանձնի՛ր Տէր Յիսուս Քրիստոսին: Նա քեզ ազատութիւն կը տայ ու հովանի կը լինի քեզ:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 12:
2. Գիրք որ կոչի «Հարանց վարք» ի հայրապետութեան լուսաւորչագահ աթոռոյն Էջմիածնի՝ տեառն Աստուածատրոյ սրբազան հովուապետի, տպեալ յամի ՌՃԿԹ, հատուածաբար: