Արսէն կամ Արսէնիոս թարգմանաբար նշանակում է արու եւ արի: Նա հռովմայեցի էր, Հռոմի նախարարական նշանաւոր եւ պատուական տոհմից: Հռոմում աչքի էր ընկնում ինչպէս իշխանութեամբ, երկիւղած եւ առաքինի վարքով, այնպէս էլ հռոմէական եւ հելլենական ուսմունքի ողջ գիտութեամբ: Ուստի, ինչպէս որ աւանդում են շատերը, նա ընտրուեց Հռոմի սուրբ Դամասոս հայրապետի կողմից եւ ձեռնադրուեց եկեղեցու սարկաւագ:
Այդ օրերին Թէոդոս Մեծ կայսրը Կոստանդնուպօլսում իր կայսրութեանը գահակից դարձրեց իր վեցամեայ որդուն՝ Արկադէոսին: Եւ քանի որ տարածուել էր Արսէնիոսի իմաստութեան համբաւը, նրան Հռոմից բերել տուեց Կոստանդնուպօլիս եւ Արկադէոսին դաստիարակ կարգեց: Այդ նոյն օրերին ծնուեց Արկադէոսի կրտսեր եղբայր Ոնորիոսը, որը ութ տարին լրանալուց յետոյ դաստիարակութեան համար կայսերական պատուով դարձեալ յանձնուեց Արսէնիոսին:
Արդ, Արսէնիոսն արքունի պալատ մտաւ Տիրոջ 392 թուականին, քսանինը տարեկան հասակում: Պալատում մնաց տասնմէկ տարի՝ մինչեւ իր քառասուն տարեկանը եւ պալատից հեռացաւ ըստ ոմանց՝ Թէոդոս Մեծի վերջին տարում, իսկ ըստ այլոց՝ նրա մահից յետոյ՝ Արկադէոսի եւ Ոնորիոսի թագաւորութեան օրօք:
Արսէնիոսը, տեսնելով, որ պալատում փառքի, բարեկեցիկ կեանքի եւ աշխարհիկ հոգսերի մէջ է, որոնք իր հոգուն դէպի կորուստ են տանում, յաճախ արտասուքներով աղօթում էր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ ճանապարհ, որին յետեւեմ ու փրկութեան հասնեմ»: Եւ մի օր ձայն լսեց, որն իրեն ասաց. «Արսէնիո՛ս, եթէ կամենում ես փրկուել, փախի՛ր մարդկանցից եւ կ՚ապրես»: Այնժամ Տիրոջով զօրացած՝ արհամարհեց աշխարհի բոլոր վայելչութիւններն ու առանց որեւէ մէկին յայտնելու մտադրութիւնը՝ գաղտնի հեռացաւ արքունիքից: Նաւ նստելով՝ հասաւ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, ապա եկաւ Սկիտէ, մօտեցաւ եկեղեցու քահանային ու ասաց. «Յանուն Տիրոջ ինձ մենակեաց դարձրէք եւ ցոյց տուէք ճանապարհ, որով ապրեմ»: Եւ նրանք Արսէնիոսին տարան Յովհաննէս Կարճահասակի մօտ, որը նայելով նրան՝ կամեցաւ փորձել նրա խոնարհութիւնը եւ կրօնաւորելու ճշմարիտ կամքը: Հիւընկալելով իր մօտ եկածներին՝ նա սկսեց սէր ճաշակել նրանց հետ՝ անտեսելով Արսէնիոսին: Ապա վերցրեց մի պաքսիմատ, նետեց գետնին՝ նրանից քիչ հեռու մի տեղ եւ ասաց նրան. «Եթէ կամենում ես, կե՛ր»: Եւ Արսէնը խոնարհուելով թաւալգլոր գնաց, վերցրեց պաքսիմատն ու կերաւ: Այնժամ հայր Յովհաննէսը եղբայրներին ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ եւ աղօթէ՛ք մեզ համար: Իմացէ՛ք, որ այս եղբայրն անցաւ փորձութիւնը եւ կարող է մենակեաց լինել»: Նրանք Արսէնին հարցրին. «Ի՞նչ էիր խորհում պաքսիմատ ուտելիս»: Նա պատասխանեց. «Մտածում էի՝ որպէս շուն՝ ճոխութիւն է ինձ համար սուրբերի սեղանի փշրանքներն ուտելը»: Եւ նրանք զարմացան՝ առանց իմանալու, թէ ով է նա:
Կարճ ժամանակ մնալով երանելի Յովհաննէսի մօտ՝ Արսէնը նրանից սովորեց մենակեցութեան ամբողջ կարգը: Այնուհետեւ որպէս սկիտացի հայրերից մէկը՝ խոնարհութեամբ եւ լռութեամբ առանձնացաւ մի սենեակում, մինչեւ որ տարածուեց նրա սրբութեան եւ իմաստութեան համբաւը: Քանզի նրան որոնողները ինքնակալների կարօտով լի նամակով եկան նրա մօտ, որ եթէ չվերադառնայ, գոնէ աղօթի իրենց համար: Ուղարկել էին նաեւ ինչք՝ մենակեացներին բաշխելու համար: Սակայն նա յանձն չառաւ գնալ, եւ այնուհետեւ Սկիտէի ծերերն առաւել ակնածեցին նրանից: Նա փախչում էր փառքից եւ տգէտ ձեւանալով՝ խրատներ էր առնում ծերերից: Ոմանք ասում էին. «Դու քաջատեղեակ ես բոլոր ուսմունքներին, ինչո՞ւ ես հարցնում անկիրթ եգիպտացիներից»: Արսէնը պատասխանում էր. «Ես ուսումնասիրել եմ հռոմէական եւ յունական ամբողջ իմաստութիւնը, սակայն չգիտեմ այս անուսում անձանց աստուածիմաստ գիտութիւնն ու այբուբենը»: Եւ նա, որ քաջատեղեակ էր Հին եւ Նոր կտակարաններին, միջամուխ չէր լինում մեկնելու Սուրբ Գրքի խօսքերը:
Հայր Արսէնը ճգնում էր հանդարտելով եւ դարձեալ աղօթում առ Աստուած՝ ասելով. «Տէ՛ր, ցոյց տուր ինձ ճանապարհ, որով ապրեմ»: Եւ ձայն լսեց, որն ասաց. «Արսէնիո՛ս, փախի՛ր մարդկանցից, լռի՛ր եւ հանդարտի՛ր, որովհետեւ սրանք են կեանքի արմատները ՝առանց մեղքերի»: Ուստի աւելի ու աւելի տրուեց առանձնութեան: Եթէ հազուադէպ տեսնում էր մարդու, իսկոյն փոխում էր բնակութեան տեղը Սկիտէի այլեւայլ խցերում եւ փախչում մարդկանցից: Ուր էլ որ նստում էր, ձեռքին կամ ծնկներին կապած որպէս թաշկինակ սպունգ էր պահում՝ արտասուքները սրբելու համար, որովհետեւ բոլոր հայրերից առաւել նրան էին տրուել աղօթքի եւ արտասուքների շնորհներ: Անտոն Մեծի օրինակով շաբաթ երեկոյեան արեգակը թողնում էր թիկունքին եւ կիրակի առաւօտեան տեսնում էր նրան իր դէմքին ծագելիս: Երբեմն նրան տեսնում էին որպէս վառուող հուր. նա պարզապէս միայն մարմնով էր երկրի վրայ, իսկ հոգով՝ առ Աստուած: Առաւել շատ ընկղմուած մահուան եւ Աստուծոյ ահեղ դատաստանի շուրջ խոկումների մէջ, որն էլ ներգործելով առաջ էր բերում զղջում եւ շնորհներ: Երբ եկեղեցի էր գալիս, կանգնում էր սեան յետեւում, որպէսզի ոչ ոք չտեսնէր իր երեսը, եւ ոչ էլ ինքը տեսնէր որեւէ մէկի:
Երանելի Մարկոսը հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես փախչում մեզնից, հա՛յր»: Ծերը պատասխանեց. «Աստուած գիտէ, որ սիրում եմ ձեզ, սակայն չեմ կարող լինել թէ՛ Աստուծոյ եւ թէ՛ մարդկանց հետ: Քանզի այնտեղ՝ երկնքում, հազարաւոր եւ բիւրաւոր հրեշտակներ մի կամք ունեն, իսկ մարդիկ բազմադիմի կամքեր ստացան: Եւ ես չեմ կարող թողնել Աստծուն ու մարդկանց հետ զուր ժամանակ վատնել»:
Մի անգամ մէկը բախեց հայր Արսէնի դուռը, եւ կարծելով, թէ իր աշակերտն է, բացեց դուռը: Երբ տեսաւ, որ ուրիշ մէկն է, ընկաւ երեսի վրայ: Եկողն աղաչում էր, որ նա վեր կենայ եւ իրեն հոգէշահ խօսք ասի, սակայն նա չելաւ տեղից, մինչեւ որ նա չհեռացաւ:
Մի անգամ Ալեքսանդրիայի Թէոփիլոս արքեպիսկոպոսը մի իշխանի հետ գնաց հայր Արսէնի մօտ ու խնդրեց նրան կենաց խօսք ասել: Իսկ ծերը փոքր-ինչ լռեց եւ ապա ասաց. «Ինչ որ ասեմ, կը պահէ՞ք»: Եւ նրանք խոստացան պահել: Ծերն ասաց. «Եթէ իմանաք Արսէնիոսի տեղը, բնաւ այնտեղ չմօտենաք»: Մէկ ուրիշ անգամ Թէոփիլոսը մէկին ուղարկեց հայր Արսէնի մօտ, որպէսզի նրան հարցնի. «Եթէ գամ, կը բացե՞ս դուռն իմ առջեւ»: Եւ նա ասաց. «Եթէ բացեմ քո առջեւ, ապա կը բացեմ բոլոր եկողների առջեւ, բայց այնուհետեւ այստեղ չեմ մնայ»: Այս լսելով՝ եպիսկոպոսն ասաց. «Եթէ պիտի գնամ՝ սուրբին իր տեղից հալածելու համար, ապա այլեւս չեմ գնայ»:
Հռոմից մի իշխանի կոյս դուստր, որն Արսէնիոսի ազգականուհին էր, միջնորդ բռնեց Թէոփիլոս եպիսկոպոսին, որպէսզի նա համոզի ծերին՝ իրեն տեսակցելու համար, սակայն ծերը չհամաձայնեց ընդունել նրան: Այս լսելով՝ կոյսն անձամբ եկաւ անապատ՝ ասելով. «Հաւատում եմ Աստծուն, որ կը տեսնեմ նրան, որովհետեւ ցանկանում եմ տեսնել ոչ թէ մարդու, այլ հրեշտակի»: Նա ծերին գտաւ խցից դուրս: Տեսնելով նրան՝ կոյսն ուրախութեամբ ընկաւ ծերի ոտքերը, իսկ ծերը բարկութեամբ վեր կացրեց նրան ու ասաց. «Եթէ կամենում ես իմ երեսը տեսնել, ահա ես, տե՛ս»: Բայց կոյսն ամօթից չկարողացաւ նայել նրան: Ծերն ասաց. «Մի՞թէ չես լսել իմ գործերի մասին: Բաւական էր տեսնել նոյն այդ գործերը՝ քո տեղում մնալով: Ինչպէ՞ս համարձակուեցիր անցնել այս մեծ ծովը: Չգիտե՞ս, որ կին ես եւ քեզ վայել չէ այս ու այնտեղ գնալ: Կամ ինչպէ՞ս պէտք է գնաս Հռոմ ու պատմես այլ կանանց, թէ տեսել ես Արսէնիոսին եւ բոլոր կանանց ցոյց տաս ծովի ճանապարհը՝ ինձ մօտ գալու համար»: Կոյսն ասաց. «Եթէ Տէրը կամենայ, ես կը գնամ ու կը խրատեմ բոլորին, որ ոչ ոք չգայ այստեղ, միայն թէ դու աղօթի՛ր ինձ համար եւ յիշի՛ր ինձ քո աղօթքներում»: Ծերն ասաց նրան. «Ես աղօթքով կը խնդրեմ Տիրոջը, որ ջնջի քո յիշատակն իմ սրտից»: Կոյսն անչափ տրտմած վերադարձաւ եպիսկոպոսի մօտ, իսկ եպիսկոպոսը բժշկեց նրա միտքը՝ ասելով. «Նա միշտ կ՚աղօթի քո հոգու համար»:
Եղբայրներից մէկը, համարձակութիւն չունենալով գնալ հայր Արսէնի մօտ, գնաց հայր Մովսէսի մօտ, որը եղել էր աւազակներից մէկը եւ նրա կողմից մեծ ընդունելութիւն եւ սէր գտաւ: Եղբօրն առաջնորդողն ասաց նրան. «Ես քեզ տարայ օտար հռոմէացու մօտ եւ այժմ բերեցի այս եգիպտացու մօտ: Արդ, սրանցից ո՞րը քեզ բարի թուաց»: Եղբայրն ասաց. «Այս պահին եգիպտացին ինձ հաճոյ թուաց»: Այս լսելով՝ հայրերից մէկն աղօթեց առ Աստուած եւ ասաց. «Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ, ինչպէ՞ս է, որ այն մէկը Քո անուան համար փախչում է մարդկանցից, իսկ միւսը՝ սիրում մարդկանց»: Եւ ահա գետի մէջ նրան ցոյց տրուեց երկու մեծ նաւ: Եւ տեսաւ, որ մէկի մէջ Աստուծոյ Հոգին էր եւ հայր Արսէնիոսը, որոնք լռութեամբ եւ հանդարտութեամբ անցան դէպի այն կողմը: Իսկ միւսի մէջ Աստուծոյ հրեշտակներն էին ու հայր Մովսէսը: Նրանք Մովսէսին ուտելու սուրբ մեղր էին տալիս եւ այդպէս անցնում էին դէպի այն կողմը:
Հայրերի վարքից յայտնի են շատ այլ պատմութիւններ սուրբ հայր Արսէնի սքանչելի կենցաղավարութեան եւ նրա հոգելից խրատների մասին: Բաւական է միայն յիշել նրա ասացուածքներն ի շահ մեր հոգիների, որոնցից էին.
- Եթէ փնտռենք Աստծուն, Նա կը յայտնուի մեզ, եւ եթէ պահենք Նրան, Նա կը բնակուի մեզ մօտ:
- Հնազանդութիւնն ու խոնարհութիւնը կցորդուելով կը հնազանդեցնեն դեւերին:
- Այստեղ գալուց ի վեր շատ անգամ եմ զղջացել խօսելուս համար, սակայն լռութեանս համար՝ երբէք:
- Սէր ունեցիր ամենքի հանդէպ, բայց հեռանալով հեռացիր բոլորից:
- Այն մենակեացը, որը ձեռք է բերում հռչակ, հազիւ թէ կարողանայ հաճելի լինել Աստծուն:
Հայր Արսէնը փոխուեց իր անձկալի Քրիստոսի մօտ Տիրոջ 449 կամ 450 թուականին: Ինչպէս որ պատուիրել էր, նրա թաղումն եղաւ անշուք՝ Ստրոմէս կոչուած տեղում:
***
Մի անգամ հայր Աբրահամը եկաւ հայր Արսէնի մօտ: Մինչ նստած էին, մէկ այլ եղբայր եկաւ հայր Արսէնի մօտ եւ հարցրեց նրան. «Ինչպէ՞ս ապրեմ, որ փրկուեմ»: Ծերն ասաց նրան. «Գնա՛ եւ այս տարի երեկոյեան աղ եւ հաց ճաշակիր: Ապա դարձեալ կը գաս, եւ ես կը խօսեմ քեզ հետ»: Նա գնաց ու այդպէս արեց: Երբ հայր Աբրահամը լսեց, զարմացաւ: Տարուայ վերջին եղբայրը եկաւ ծերի մօտ եւ դարձեալ հայր Աբրահամին պատահեց այնտեղ: Ծերը եղբօրն ասաց. «Այժմ գնա՛ եւ այս տարի երկու օրը մէկ պահիր»: Եւ երբ եղբայրը գնաց, հայր Աբրահամը հայր Արսէնին ասաց. «Ինչո՞ւ բոլոր եղբայրների վրայ թեթեւ լուծ ես դնում, իսկ այս եղբօր վրայ՝ ծանր բեռներ»: Ծերն ասաց նրան. «Եղբայրներն ինչպէս խնդրում են, այդպէս էլ գնում են, բայց սա Աստուծոյ համար է գալիս եւ խօսք լսում, որովհետեւ փութաջան է, եւ ինչ որ ասում եմ, կատարում է»:
***
Մի անգամ սատանան կամեցաւ փորձել Արսէնին եւ մարդու կերպարանք առնելով՝ ասաց նրան. «Ես եմ՝ Քրիստոսը, եկայ տեսնելու մեծ վաստակ ունեցողիդ»: Եւ Արսէնը փակեց աչքերն ու ասաց. «Ես Քրիստոսին այս աշխարհում չեմ կամենում տեսնել»: Եւ դեւը զարմացած փախաւ՝ ասելով. «Մարիամի Որդին որքա՜ն խորագիտութիւն է տուել մարդկանց որդիներին»:
***
Մի անգամ հայր Դանիէլն ասաց. «Հայր Արսէնը պատմեց մեզ, թէ ծերերից մէկը, որը նստում էր իր խցում, ձայն լսեց, որն ասաց. "Դո՛ւրս եկ, եւ ես քեզ ցոյց կը տամ մարդկանց գործերը": Երբ նա դուրս եկաւ, նրան տարաւ մի տեղ եւ ցոյց տուեց մի մարդու, որը ջուր էր հանում ջրհորից ու լցնում ծակ անօթի մէջ, եւ ջուրը դարձեալ լցւում էր ջրհորը: Ապա փոքր-ինչ առաջ տանելով՝ ցոյց տուեց նրան մի եթովպացու, որը փայտ էր կտրում եւ մեծ բեռ կապում: Նա փորձում էր բարձրացնել բեռը, բայց չէր կարողանում տեղից շարժել: Սակայն նա դարձեալ փայտ էր կտրում եւ աւելացնում բեռի վրայ ու շատ անգամ այդպէս անելով՝ մեծացնում իր բեռը: Այնուհետեւ փոքր-ինչ առաջանալով՝ հասան մի քաղաքի պարսպին: Եւ ահա տեսան, որ գալիս էին երկու հեծեալներ: Նրանք ունէին փայտ եւ կամենում էին քաղաք մտնել, բայց չէին կարողանում, որովհետեւ, փայտը խոտորնակ էին պահել եւ չէին թեքում: Եւ տեսան, որ երկուսն էլ դուրս մնացին քաղաքից: Ասաց նրան. «Սրանք, որ տեսնում ես, կրում են ամբարտաւանութեան լուծը եւ չխոնարհուեցին, որպէսզի ուղղէին իրենց եւ ընթանան Քրիստոսի խոնարհութեան ճանապարհով, որի համար դուրս մնացին եւ արգելուեցին մտնել Աստուծոյ արքայութիւն: Իսկ այն մարդը, որ փայտ էր կոտրում, ընկած էր բազմաթիւ մեղքերի մէջ: Ապաշխարելու փոխարէն նա շարունակում էր մեղքեր գործել ու մեղքերի վրայ մեղքեր աւելացնել: Եւ այն մարդն էլ, որ ջուր էր հանում, բարի գործ՝ ողորմութիւն էր անում, բայց այլ բաներում անիրաւութիւն էր գործում ու չար գործերի պատճառով կորցնում այն սակաւ բարին: Արդ, պէտք է մարդը միշտ արթուն լինի իր գործերում, որպէսզի իր վաստակը զուր չանցնի»:
***
Հայր Դանիէլը հայր Արսէնի մասին ասում էր, թէ նա երբէք չէր քննում Սուրբ Գրքի խօսքերը, թէպէտ կարող էր, որովհետեւ կրթուած էր եւ յոյժ գիտակ: Անչափ խոնարհութեան պատճառով նա չէր կամենում քննել եւ որեւէ ուղերձ չէր գրում որեւէ մէկին: Եկեղեցում կանգնում էր սեան յետեւում, որպէսզի չտեսնեն իր երեսը, եւ ինքն էլ չտեսնէր որեւէ մէկի: Արտաքին կերպարանքով նման էր Աստուծոյ հրեշտակի: Ճերմակ էր նախահայր Յակոբի պէս եւ բարեկազմ, առողջ, բայց չորացած: Թաւ եւ երկար մօրուքը հասնում էր մինչեւ ծնկները, հոնքերն ու թարթիչները թափուել էին արտասուքներից: Բարձրահասակ էր, սակայն կորացած ծերութիւնից: Նա ապրեց իննսունհինգ տարի, որից քառասուն տարին՝ պալատում, եւ քառասուն տարի էլ՝ Սկիտէում: Վերջում տասը տարի ապրեց Բաբելոնի Տրովադայում եւ երեք տարի էլ՝ Ալեքսանդրիայի Կոնոպոնում: Ապա երկու տարի դարձեալ ապրեց Տրովադայում եւ այնտեղ էլ ննջեց՝ աւարտելով իր ընթացքը բարութեամբ, խաղաղութեամբ եւ Աստուծոյ երկիւղով: Նա մի բարերար այր էր՝ լի հաւատքով եւ Սուրբ Հոգով: Նա ինձ՝ իր աշակերտին, թողեց իր մորթէ վերարկուն, մազեղէն հանդերձը եւ փայտէ ոտնամանները: «Եւ ես՝ անարժանս, - ասում էր, - կրում էի դրանք, որպէսզի օրհնութիւն առնէի նրանից»:
***
Հայր Դանիէլն ասում էր. «Մինչ հայր Արսէնը պատրաստւում էր փոխուել այստեղից, նա պատուիրեց մեզ. "Հոգս մի՛ արէք ինձ բարի բան անելու համար, որովհետեւ եթէ ես ինչ-որ բարի գործ եմ արել երկրի վրայ, այն էլ պիտի գտնեմ": Իսկ երբ մօտեցաւ սուրբի մահը, նա սկսեց լալ ու ողբալ: Եղբայրներն ասացին. "Դու ե՞ւս վախենում ես մահից, հա՛յր": Եւ նա ասաց. "Ճշմարիտ եմ ասում, եղբայրնե՛ր, Տէրը գիտէ, որ այս երկիւղը, որն այժմ իմ սրտում է, միշտ ինձ հետ է եղել այն ժամանակից ի վեր, երբ եկայ կրօնաւորութեան": Այս ասելով՝ երանելի Արսէնիոսը ննջեց արդարների քնով: Իսկ երբ հայր Պիմէնը լսեց հայր Արսէնիոսի ննջման մասին, ողբաց եւ ասաց. "Երանի՛ քեզ, հա՛յր Արսէնիոս, որովհետեւ դու այս աշխարհում ողբացիր քո անձի համար: Քանզի ով այստեղ չի ողբում իր մեղքերի համար, պիտի ողբայ հանդերձեալում: Կամ այստեղ պէտք է ողբանք, կամ էլ այնտեղ՝ տանջանքների պատճառով"»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: