Դանիէլ անունով տարբեր սուրբ ճգնաւորներ են եղել: Առաջինը քաջ ծանօթ է, որը հայր Արսէնի աշակերտն է, նրա վարքի մասին պատմողը եւ ներքին առաքինութեամբ վարդապետին համանման ճգնաւորը: Ինչպէս երբ Արսէնն էր ինչ-ինչ բաներ պատմում այլոց մասին, որն ինքն էր արել, նոյնպէս էլ հայր Դանիէլն էր ծածկում իր առաքինութիւնները որպես կատարեալ սկիտացի:
Երկրորդը Պափնուտիոսի աշակերտն է: Այս Դանիէլը նրա սարկաւագն էր, որը վարդապետի ստիպմամբ քահանայ ձեռնադրուեց, սակայն խոնարհութեան պատճառով դեռեւս սարկաւագութիւն էր անում իր հայր Պափնուտիոսին եւ այնուհետեւ, ինչպէս փափագում էր, փոխուեց այս կեանքից եւ քահանայութեան մէջ չհասցրեց յաջորդել իր վարդապետին:
Երրորդը, որն առաւել նշանաւոր էր, քան նախորդները, Մեծ Դանիէլ աբբան էր, սկիտացի հայր Դանիէլը, Սկիտէի քահանան, որն ապրել է վեցերորդ դարում՝ Յուստիանոս կայսեր օրօք: Նա Աստուծոյ մարդն էր, վերջին ժամանակների մենակեացների հոգին: Ինչպէս յայտնի է հայրերի վարքից, բազմաթիւ են նրա մեծամեծ գործերը, քանզի Աստուած նրա միջոցով յայտնի դարձրեց Իր ծածուկ ծառաներից շատերին, որոնց հոգեւոր հայրն էր: Նրանցից մէկը եգիպտացի հայր Դանիէլն էր, որի աղօթքներով Աստուած զաւակ պարգեւեց բարեպաշտներից մէկին: Եւ երբ անդուռ բերանները բամբասեցին Աստուծոյ մարդուց, թէ նա է մանկան ծնողը, սուրբ ծերը բերել տուեց քսանհինգօրեայ մանկանը եւ բազմութեան առաջ հարցրեց՝ ո՞վ է քո հայրը: Եւ մանուկը մատով ցոյց տուեց կնոջ ամուսնուն՝ ասելով՝ սա է: Եւ ովքեր լսեցին, փառաւորեցին Աստծուն:
***
Մի անգամ հայր Պօղոսի յիշատակի օրը հայր Դանիէլն իր աշակերտների հետ գնաց Վերին Թեբայիդա: Հաւաքուեցին բոլոր հայրերը, որ շուրջ հինգ հազար էին եւ եօթ ասպարէզ անցնելով՝ ընդառաջ ելան նրան: Տեսնելով նրանց հրեշտակների նմանութեամբ՝ բոլորն ահ ու դողով ընկան իրենց երեսների վրայ եւ ընդունեցին նրանց՝ իբրեւ Տէր Քրիստոսի: Քանզի ոմանք իրենց հանդերձներն էին փռում ճանապարհի վրայ, ոմանք իրենց կնգուղներն էին մօտեցնում նրա հանդերձներին, միւսներն արմաւենու ոստեր էին բերում, ուրիշներն էլ արտասուքներ էին թափում հեղեղատներից հոսող գետերի նման: Եկաւ նրանց վանահայրը եւ մինչեւ մօտենալը եօթ անգամ խոնարհուեց ծերի առաջ: Երբ միմեանց ողջոյն տալուց յետոյ նստեցին, վանահայրը խնդրեց հայր Դանիէլին, որ իր բերանից կեանքի խօսք լսեն, որովհետեւ ծերը որեւէ մէկի հետ արագ խօսքի չէր բռնւում: Բոլորը նստել էին վանքից դուրս՝ գետնի վրայ, որովհետեւ վանքը չէր կարող տեղաւորել նրանց: Այնժամ հայր Դանիէլն իր աշակերտին ասաց. «Գրի՛ առ եւ ասա՛ այս հայրերին, որ եթէ կամենում էք ապրել, ձեռք բերէք անընչութիւն եւ լռութիւն, որովհետեւ կրօնաւորի ամբողջ կեանքն այս երկու առաքինութիւններից է կախուած»: Աշակերտը գրեց այս խօսքերը յունարէն լեզուով եւ գրածը տուեց մի եղբօր՝ այն եգիպտերէն թարգմանելու համար: Եւ երբ ընթերցեցին գրածը, հայրերը լսելով յոյժ տրտմեցին: Ապա ճանապարհեցին ծերին՝ մեծապէս ցաւելով նրանից բաժանուելու համար, եւ ոչ ոք չհամարձակուեց ասել նրան՝ ե՛կ, հա՛յր, ճաշակի՛ր մեզ հետ:
Այնուհետեւ Դանիէլ ծերը մտաւ Երիմուպօլիս քաղաքը եւ իր աշակերտին ասաց. «Գնա՛ կուսանաց վանք եւ սարկաւագուհուն ասա, որ ես այստեղ եմ», քանզի այնտեղ մի վանք կար, որ Միավանք էր կոչում, ուր բնակւում էին շուրջ երեք հարիւր քոյրեր: Ծերի աշակերտը գնաց, բախեց վանքի դուռը, իսկ դռնապանը ներսից կամացուկ ասաց. «Բարո՛վ եկար, ի՞նչ կը հրամայես»: Եղբայրն ասաց նրան. «Կանչի՛ր վանամօրը, որովհետեւ ասելու խօսք ունեմ նրան»: Դռնապանն ասաց. «Նա երբէք ոչ ոքի հետ չի խօսում: Ասա՛ ինձ քո խօսքը, եւ ես կը յայտնեմ նրան»: Եղբայրն ասաց. «Ասա՛ նրան, թէ մի կրօնաւոր կամենում է խօսել քեզ հետ»: Դռնապանը գնաց, տեղեկացրեց վանամօրը, եւ նա ուղարկեց օգնական քրոջը: Եւ նա գալով ասաց. «Սարկաւագուհին ուղարկեց ինձ եւ հարցնում է, թէ ով է եւ ինչ է կամենում»: Եղբայրը պատասխանեց. «Շնորհ արէք եւ այստեղ մեզ օթեւան տուէք, քանի որ երեկոն իջնում է»: Սարկաւագուհին ասաց. «Այստեղ երբէք տղամարդ չի մտել: Աւելի լաւ է, որ ձեզ ուտեն դրսի գազանները եւ ոչ թէ ներքին»: Այնժամ եղբայրն ասաց. «Նա սկիտացի հայր Դանիէլն է»: Այս լսելով՝ բացեց վանքի երկու դռները եւ իսկոյն քոյրերի բազմութիւնը նրան ընդառաջ ելաւ: Վանքի մուտքից մինչեւ եկեղեցին ընկած ճանապարհին նրանք սփռում էին իրենց վերնազգեստները, համբուրում ծերի ոտքերը եւ մաքրում նրա ոտնամանների փոշին: Եւ երբ վանք մտան, վանամայրը ջրով լի մի տաշտ եւ սափոր առաւ, երկու կողմերում քոյրեր կանգնեցրեց ու լուաց ծերի եւ նրա աշակերտի ոտքերը: Ապա լուացաջրից լցրեց իւրաքանչիւր քրոջ վրայ եւ բոլորից վերջում լցրեց իր գլխին: Նրանք անշարժ քարերի, անխօս ու լուռ հրեշտակների նման էին, եւ թէ ինչ պէտք է անէին, հաղորդւում էին միմեանց միայն նշաններով: Ծերը սարկաւագուհուն ասաց. «Այս քոյրերը մեզնի՞ց են ամաչում, թէ՞ միշտ այդպէս լուռումունջ են»: Վանամայրն ասաց. «Միշտ այսպէս են, հա՛յր, աղօթի՛ր նրանց համար»: Ծերն ասաց. «Թող Աստուած Իր առատ ողորմութեամբ պահպանի նրանց»: Նրանցից մէկը՝ պատառոտուած քուրձը հագին, ընկած էր մէջտեղում եւ ննջում էր: Ծերը հարցրեց. «Ո՞վ է սա, որ անտերունչ եւ ծանր վիճակում ընկած նիրհում է»: Քոյրերից մէկն ասաց. «Դա յիմար է, հա՛յր, եւ միշտ այդպէս թմրած է: Չգիտենք, թէ ինչ անենք դրան, քանզի այստեղից դուրս հանելը մեղք ենք համարում եւ խնայում ենք դրան: Բայց եթէ թողնում ենք այստեղ, օտարների աչքին ամաչեցնում է քոյրերին»: Ծերն իր աշակերտին ասաց. «Վերցրո՛ւ տաշտով ջուրը եւ լցրո՛ւ նրա վրայ»: Եւ երբ ջուր լցրին, նա հարբածի պէս վեր կացաւ: Վանամայրն ասաց ծերին. «Նա այսպէս միշտ յիմարի պէս է, տէ՛ր»: Ապա վանամայրը ծերին սեղանատուն տարաւ, եւ երբ բոլոր քոյրերը եւս հաւաքուեցին, ասաց ծերին. «Տէ՛ր, օրհնի՛ր Քրիստոսի այս աղախիններին, որպէսզի ճաշակեն քո առաջ»: Եւ ծերն օրհնեց նրանց: Ծերի հետ նստեցին միայն վանամայրը եւ իր օգնական քոյրը, իսկ միւսները նստեցին առանձին: Ծերի առաջ դրեցին թրջած ոսպ, թարմ կանաչեղէն, արմաւ եւ թասով ջուր, ծերի աշակերտի առաջ դրեցին խաշած ոսպ, հաց եւ տաք ջրով խառնած գինի, իսկ քոյրերի առաջ դրեցին բազմազան կերակուրներ, ձուկ եւ գինի: Նստեցին, ճաշակեցին ամենը, եւ բնաւ չխօսեցին: Երբ վեր կացան սեղանից, ծերը սարկաւագուհուն ասաց. «Ինչո՞ւ այդպէս արեցիր: Պատշաճ էր, որ լաւ կերակուրը հիւրերիս տայիք, իսկ ձեզ՝ աւելի վատը, բայց լաւը դուք կերաք»: Վանամայրը նրան ասաց. «Դուք կրօնաւոր էք, եւ ձեր առջեւ ճգնաւորի կերակուր դրեցի, իսկ քո աշակերտը ծերի աշակերտ է, եւ նրա առաջ դրեցինք իրեն համապատասխանը: Իսկ մենք, նորեկներ եւ տկարներ լինելով, ուրախացանք ու մխիթարուեցանք ձեր գալստեամբ»: Ծերն ասաց. «Կը յիշենք ձեր սիրոյ ճաշը, որովհետեւ մեզ համար մեծ շահ եղաւ»: Եւ երբ գնացին ննջելու եւ հանգստանալու, հայր Դանիէլն իր աշակերտին ասաց. «Գնա՛ եւ տե՛ս, թէ որտեղ է նիրհում այն "յիմար" թմրեալը, որն ընկած էր սրահում»: Եղբայրը գնաց, տեսաւ նրան, ապա վերադառնալով ծերին ասաց. «Նա ընկած է արտաքնոցի մուտքի մօտ»: Ծերն աշակերտին ասաց. «Այս գիշեր հսկի՛ր ինձ հետ եւ արթուն մնայ»: Երբ բոլորը քնեցին, ծերը վերցրեց աշակերտին, գնաց եւ ծածուկ կանգնեց վանդակապատի յետեւում եւ տեսան, որ այն "թմրած" քոյրը վեր կացաւ եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք: Հեղեղի պէս արտասուքներ էին հոսում նրա աչքերից, շրջունքները շարժում եւ աղօթք էին ասում, սակայն ձայն չէր լսւում նրա բերանից: Նա տխուր հառաչում էր եւ ընկնում երեսնիվայր, բայց երբ տեսնում էր, որ գալիս էր մէկը անհրաժեշտ կարիքի համար, իսկույն ընկնում էր գետնին եւ խռմփացնում: Այսպէս էր անում ամբողջ գիշեր եւ այսպէս անցկացրեց իր կեանքի բոլոր օրերը, ու ոչ ոք չգիտէր: Ծերն աշակերտին ասաց. «Ծածուկ գնա՛ եւ այստեղ կանչիր սարկաւագուհուն եւ նրա օգնական քրոջը»: Նա գնաց կանչեց: Նրանք եկան այդտեղ եւ ամբողջ գիշեր տեսան, թէ նա ինչ էր անում: Վանամայրն սկսեց ողբալ ու ասել. «Վա՛յ ինձ, որքան չարիքներ պատճառեցինք նրան»: Եւ երբ եկաւ աղօթքի ժամը, հաւաքուած բոլոր քոյրերն իմացան այդ մասին, ու նրանց մէջ ահ ընկաւ: Իսկ սուրբն այդ իմացաւ նախքան լուսանալը: Նա գաղտնի մտաւ այնտեղ, ուր ծերի մահիճն էր, գողացաւ ծերի թիկնոցն ու գաւազանը, լուռ բացեց վանքի դուռը, դուրս եկաւ եւ վանքի դռների մօտ թղթի վրայ թողեց հետեւեալ գրութիւնը. «Աղօթէ՛ք ինձ համար եւ ներէ՛ք ինձ, ինչով մեղանչեցի ձեր առաջ»: Ապա հեռացաւ ու անհետացաւ: Առաւօտեան փնտռեցին նրան, բայց ոչ մի տեղ չգտան: Ապա քոյրերը բերեցին այն թուղթը, որ գտան վանքի դռների մօտ եւ ընթերցելով մեծապէս ողբացին վանքում: Ծերը նրանց ասաց. «Ես նրա համար եկայ այստեղ, քանզի Աստուած այսպիսի "յիմարներին" է ընտրում եւ այդպիսիններին է սիրում»: Այնժամ իւրաքանչիւր ոք պատմեց ծերին, թէ որքան չարիքներ են գործել նրա հանդէպ: Եւ նրանց վրայ աղօթելով՝ ծերը ելաւ ու գնաց:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- «Գիրք որ կոչի Հարանց վարք» ի հայրապետութեան լուսաւորչագահ աթոռոյն Էջմիածնի՝ տեառն Աստուածատրոյ սրբազան հովուապետի, տպեալ յամի ՌՃԿԹ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: