Երանելի սուրբ հայրապետք.
Որք կամաւ չարչարեցայք յանձն առիք զհամբերութիւն.
Յարժանաւոր աղօթս ձեր յիշեսջիք զանձինս մեր:
Փոխանակ արեանն Տեառն՝ ձեր արիւնդ հեղաւ յերկրի.
Եւ հոտ անոյշ բուրեաց յաշխարհ.
Յարժանաւոր աղօթս ձեր յիշեսջիք զանձինս մեր:
Փոխանակ անցաւորիս՝ ձեզ անանցն է պատրաստեալ պսակ փառաց ի Քրիստոսէ.
Յարժանաւոր աղօթս ձեր յիշեսջիք զանձինս մեր:
(Շարակնոց)
Առաքելագործ եւ առաքելանման սուրբ Կղեմէս հայրապետն իր զօրաւոր խօսքով եւ գրչով հանդիսանում է հայրերի ու վարդապետների առաքելական գլուխը եւ անուանի է դարձել վկայական նահատակութեամբ: Նա հաւատքի վէմ Պետրոսի աշակերտն էր ու հեթանոսների վարդապետ Պօղոս առաքեալի գործակիցը, որը պանծալի գովութեամբ յիշատակում է նրան փիլիպեցիներին ուղղուած թղթում՝ ասելով. « ... որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են»[1]:
Արդ, այս երանելի Կղեմէսը, որի անունը հռոմէական լեզուով հնչում է «Գլէմէնս» եւ թարգմանաբար նշանակում է «գթառատ», ազգութեամբ հռոմէացի էր, ծնուած հեթանոս ծնողներից եւ ըստ ոմանց՝ թագաւորական տոհմից սերուած Փաւստոսի եւ Մատթիդիայի որդին էր: Նա ազնուական եւ ազնուաբարոյ մարդ էր, ուսումնասէր, քաջատեղեակ արտաքին գիտութիւններին ու հռոմէական եւ հելլենական ամբողջ մատենագրութեանը: Ըստ աւանդութեան՝ նրա դարձի սկիզբը եղել է Հռոմում, երբ առաջին անգամ Բառնաբաս առաքեալից կամ առաքեալի այլ աշակերտից լսել է սուրբ Աւետարանի քարոզչութիւնը: Ինչպէս ասում են, ժամանակ անց անձամբ գնացել է Արեւելք՝ առաքեալների մօտ, գտել Պետրոսին, աշակերտել նրան եւ ապա նրա հետ միասին եկել իր հայրենիքը՝ Հռոմ: Երբ հաւատքի վէմ Պետրոսը եկել է Հռոմ ու այնտեղ հաստատելով իր գլխաւոր Աթոռը՝ սկսել է քարոզել աստուածպաշտութեան խորհուրդը, օրէցօր աւելացել է հաւատացեալների թիւը: Եւ Կղեմէսը եւս, նաւաբեկութիւնից փրկուելուց յետոյ հանդիպելով սուրբ Պետրոս առաքեալին, նրանից ընդունել է ճշմարիտ աստուածգիտութեան քարոզչութիւնը, աշակերտել նրան ու դարձել Քրիստոսի Աւետարանի զօրաւոր քարոզիչը: Եւ քանի որ նա յաջողուած ու ճարտար էր իր խօսքով եւ գրչով, եղել է սուրբ առաքեալների կարգադրութիւնների եւ կանոնների գրագիրը, առաւելապէս սուրբ Պետրոս եւ Պօղոս գլխաւոր առաքեալների աջն ու բազուկը: Եւ այնուհետեւ հէնց սուրբ Պետրոսի կողմից ձեռնադրուել է քահանայ եւ եպիսկոպոս:
Կղեմէսի ձեռնադրութիւնը ոմանք համարում են, թէ եղել է Ներոնի կայսրութեան վերջին տարում, սուրբ Պետրոս առաքեալի նահատակութեանից առաջ, որպէսզի լինէր նրա անմիջական յաջորդը: Եւ այս մասին մեր «Յայսմաւուրք»-ը գրում է. «... եւ նա ձեռնադրուեց հաւատքի վէմ Պետրոսի կողմից՝ որպէս առաքեալի փոխանորդը եւ Հռոմի Աթոռին նրա յաջորդը»: Իսկ ըստ այլոց՝ թէպէտ նա ձեռնադրուել է Պետրոս առաքեալի կողմից եւ յաջորդել է նրան, բայց ոչ անմիջապէս, այլ Լինոսից յետոյ, որին Պօղոս առաքեալը յիշատակում է իր թղթերում, եւ ոմանք էլ ասում են, թէ յաջորդել է Լինոսին յաջորդող Կլետոսին: Առ այս Ռուփինոսը գրում է. «Լինոսն ու Կլետոսը եպիսկոպոսներ էին Հռոմում՝ թէեւ Կղեմէսից առաջ, սակայն Պետրոսի կենդանութեան օրօք: Նրանք եպիսկոպոսութեան գործերն էին վարում, իսկ Պետրոսը՝ առաքելութեան ... Այսպիսով, երկուսն էլ կարող են արդարացի լինել՝ ե՛ւ այն, որ Լինոսն ու Կլետոսը եպիսկոպոս են համարւում նախքան Կղեմէսը, ե՛ւ այն, որ Կղեմէսը եպիսկոպոսութիւնը ստացել է Պետրոսի վախճանուելուց յետոյ»: Իսկ ըստ Եպիփան Կիպրացու՝ Պետրոս առաքեալի կողմից ձեռնադրուած Կղեմէսը խաղաղութան համար իր Աթոռը զիջել է Լինոսին, որին յաջորդել է Կլետոսը, եւ միայն նրանց մահից յետոյ է նա նստել Աթոռին: Եւ արդարեւ, հալածանքների օրերին սուրբ Պետրոս առաքեալի աթոռակալներն այս երկու աշակերտներն էին՝ Լինոսը եւ Կլետոսը. երբեմն մէկը, երբեմն՝ միւսը:
Ըստ Եւսեբիոսի՝ սուրբ Կղեմէսը Հռոմի եկեղեցու գլուխ անցաւ Տիտոսից յետոյ թագաւորած Դոմետիանոսի կայսրութեան (81-96) տասնմէկերորդ տարում: Նա Հռոմում եւ ամբողջ Արեւմուտքում հիմնեց նորածին եկեղեցու բազմաթիւ տաճարներ, կարգեց եկեղեցու սպասաւորներ, քրիստոնէութեան դարձրեց հռոմէացիներից եւ հրեաներից շատերին, խնամարկեց Տիրոջ ժողովրդին եւ մեծ նեղութիւններ ու հալածանքներ կրելով՝ արժանացաւ վկայական մահուան: Քանզի երբ բռնեցին սուրբ հայրապետին եւ կանգնեցրին կայսեր ատեանի առջեւ, նա համարձակ խոստովանեց Քրիստոս Աստծուն եւ անաստուած մոլորութեան համար յանդիմանեց կռապաշտներին: Այս բանից բարկացած թագաւորը հրամայեց գանահարութեամբ սաստիկ տանջել նրան, սակայն առաքինի նահատակն ասպարէզում հաստատուն մնաց ճշմարտութեան մէջ: Այնուհետեւ կախեցին նրան եւ գրեթէ մինչեւ ոսկորները քերեցին ամբողջ մարմինը, սակայն չկարողանալով նրան հեռացնել Քրիստոսից՝ արքունի հրամանով նաւով արտաքսեցին նրան մինչեւ Խերսոն կղզին, ուր սուրբի պարանոցից մի մեծ ու ծանր քար կապեցին եւ գցեցին ծովը:
Եւ Աստուծոյ կամքով Կղեմէսի մարմինն ընկաւ մի մեծ գմբեթաձեւ ժայռի տակ, ուր պահուեց միառժամանակ՝ մինչեւ քրիստոնէութեան տարածում գտնելը: Եւ ապա Քրիստոսի սուրբ վկայ Կղեմէս հայրապետը տեսիլքով երեւաց այդ գաւառի եպիսկոպոսին եւ ասաց նրան. «Ե՛կ եւ իմ մարմնի վրայ տապան շինիր»: Եպիսկոպոսն ասաց. «Տէ՛ր իմ, այնտեղ, ուր հրամայում ես տապան շինել, ծով է»: Նահատակն ասաց. «Դու քեզ հետ վերցրու եկեղեցու միաբանութեանը, եկեք այնտեղ եւ դուք կը տեսնէք Աստուծոյ փառքը»: Եւ երբ եպիսկոպոսը ծովափ գնաց, ծովի ջուրը յետ դարձաւ, եւ մինչեւ ժայռը ցամաք եղաւ: Եպիսկոպոսը ժայռի տակ տեսաւ սուրբ հայրապետի անարատ մարմինը եւ սուրբի հրամանով այդ տեղում ամփոփեց նրան առանձին տապանի մէջ: Եւ երբ եպիսկոպոսը եւ նրա հետ եղողները հեռացան, ջուրը դարձեալ վերադարձաւ իր տեղը ու ծածկեց ժայռը: Բոլորը ցաւեցին կատարուածի համար, թէ ինչո՞ւ իրենց հետ չվերցրին սուրբ նշխարները ծովից, սակայն այդ գիշեր սուրբ Կղեմէսը երեւաց նրանցից արժանաւորներին եւ ասաց. «Մի՛ յուսացէք վերցնել իմ նշխարները: Ես կը շնորհեմ ձեզ, որ ամէն տարի՝ իմ յիշատակի օրը, ծովը եօթ օր յետ դառնայ: Ձեզ համար ցամաք տեղ կը պատրաստեմ, որպէսզի կարողանաք մօտենալ իմ տապանին»: Եւ ինչպէս ասում է Խերսոնի եպիսկոպոսը, նրա խօսքերը գործ դարձան, քանզի այդ ժամանակներից մինչ օրս ամէն տարի կատարւում է այդ սքանչելիքը աստուածագործ մեծագործութեամբ, որն աւելի մեծ էր, քան այն, որ Աստուած Մովսէսի ձեռքով արեց ծովի վրայ: Սուրբ Կղեմէսի յիշատակից եօթ օր առաջ ծովը տեղատւութեամբ յետ էր դառնում, եւ բացւում էր տապանը: Բազում ժողովուրդ ցամաքով մօտենում էր տապանին, եւ տօնից եօթ օր յետոյ մինչեւ բարեպաշտ ժողովուրդը չհեռանար, ծովն իր տեղը չէր վերադառնում:
Մի բարեպաշտ մարդ իր բարեպաշտ կնոջ եւ որդու հետ ճանապարհ ընկաւ դէպի սուրբ վկայի տաճար: Տեղ հասնելով եւ տեսնելով սքանչելիքը, որ կատարւում էր այդտեղ, ծնողները բռնեցին մանկան ձեռքը եւ մտան աստուածաշէն տաճարը: Մօտենալով տապանին՝ նրանք խնդրանքներով պաղատում էին սուրբին՝ նրա բարեխօսութեամբ հայցելով մեղքերի թողութիւն եւ խնդրելով տալ մանկանը երկար կեանք ու բարօրութիւն, որը յատուկ է անել ծնողներին իրենց մինուճար զաւակի համար: Արդ, աւարտելով իրենց աղօթքները եւ ողջոյն տալով սուրբի նշխարներին՝ գնացին, իսկ նրանց հեռանալուց յետոյ ծովը դարձեալ վերադարձաւ իր տեղը: Նրանք յետ նայելով ու տեսնելով, որ ծովի ջրերը ծածկել էին այն ճանապարհը, որով եկել էին, սկսեցին փնտռել իրենց զաւակին, որին թողել էին սուրբի տապանի մօտ: Եւ սա եղաւ ոչ թէ ծնողների մոռացութեամբ, այլ Աստուծոյ բարեհաճութեամբ, որպէսզի Նա այստեղ եւս սքանչելագործի Իր վկայի միջոցով:
Արդ, ծնողները չգտան իրենց զաւակին եւ կարծեցին, թէ մանուկը մնաց ծովի խորքերում: Եւ մենք ինչ արժանի խօսքեր ասենք հօր ողբի ու մօր լաց ու կոծի մասին: Այդ պայծառ տօնը նրանց համար սուգի վերածուեց, եւ մէկ ամբողջ տարի նրանք ողբացին իրենց զաւակի համար: Անցաւ մէկ տարի, մօտեցան սուրբի տօնի օրերը: Այնժամ ծնողներն ասացին միմեանց. «Ե՛կ գնանք սուրբի տապանի մօտ, միգուցէ այնտեղ մնացած լինեն մեր զաւակի նշխարները, եւ վերցնենք»: Եւ երբ ծովը յետ քաշուեց, նախ իրենք մօտեցան իրենց զաւակին բերելու տենչանքով, եւ ապա ժողովուրդը: Եւ ո՛վ սքանչելիք. երբ մօտեցան սուրբի տապանին, տեսան իրենց զաւակին՝ ողջ, ուրախ եւ կայտառ ու նստած սուրբ Կղեմէսի տապանի մօտ: Ապա հարցրեցին տղային. «Ինչպէ՞ս փրկուեցիր, որդեա՛կ, ո՞վ քեզ կեանք տուեց, ո՞վ քեզ պահեց ու կերակրեց»: Իսկ մանուկը, մի ձեռքը տապանին դրած, իսկ միւս ձեռքով մատնացոյց անելով ներսում դրուած սուրբին, պատասխանեց. «Աստծուց յետոյ նա է իմ կեանքը եւ կերակուրը: Ընդդէմ ծովի գազանների՝ նա ինձ համար պարիսպ եղաւ եւ ամէն օր ինձ համար վայելչապէս հոգ տարաւ»: Իսկ թէ ինչպէս, բովանդակալից յայտնում են մեր «Ճառընտիր»-ը եւ «Յայսմաւուրք»-ը: Մէկ ամբողջ տարի, որքան ժամանակ մանուկը գտնւում էր այնտեղ, ծնողները, մեռած համարելով նրան, ամէն շաբաթ նրա հոգու համար եկեղեցուն բերում էին նշխար, գինով լի գաւաթ եւ ձէթ, իսկ քահանան պատարագ մատուցելիս յիշատակում էր նրան այլ ննջեցեալների հետ: Եւ երբ գտնուեց մանուկը ու նրան հարցրին, թէ ինչպէս փրկուեց ծովից, նա պատասխանեց. «Այս ժայռի կամարի մէջ, որում տապանն է, ջուր չմտաւ, այլ այնտեղ պայծառ լոյս էր: Ամէն շաբաթ օր մի մարդ ինձ նշխար, ձէթ եւ գինի էր տալիս: Ես ուտում էի դրանք, յագենում եւ մինչեւ միւս շաբաթ օրը ես չէի քաղցում ու չէի ծարաւում»: Ովքեր տեսան եւ լսեցին այս ամէնը, մեծապէս փառաւորեցին Աստծուն, որ սքանչելիքներ է գործում Իր սուրբերի միջոցով: Պապանձուեցին հերձուածողների բերանները, որոնք ասում էին, թէ մահից յետոյ պատարագը եւ ողորմութիւնը օգուտ չեն տալիս մեռելին:
Այդ օրուանից յետոյ սուրբի տօնի օրը եպիսկոպոսը կանթեղներ էր վառում սուրբի տապանի վրայ, եւ ապա գնում էին: Իսկ երբ գալիս էին միւս տօնին, տեսնում էին, որ կանթեղները վառ են եւ գոհութեամբ փառաւորում էին Աստծուն:
Սուրբ Կղեմէս հայրապետը, ինը տարի զբաղեցնելով Հռոմի Աթոռը, նահատակուել է Տրայանոսի իշխանութեան (98-117) երրորդ տարում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հռոմի սուրբ Կղեմէս հայրապետի յիշատակը կատարում է սուրբ Բագարատ եպիսկոպոսի հետ՝ Յիսնակի Ա կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը:
[1] Փիլ. Դ 3:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: