Որք ի մարմնի զանմարմնականացն բերելով արութիւն հաւատոյ.
Պատերազմեցան ընդդէմ թշնամւոյն Քո ճշմարիտ վկայքն.
Բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, ողորմեա՛ մեզ:
Որք զսպառնալիս բռնաւորաց մահուամբ սրոյ եւ հրոյ
Համբերութեամբ յանձն առին. յաղթեցին առաքինաբար Քո ճշմարիտ վկայքն.
Բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, ողորմեա՛ մեզ:
Որք ի զօրաց երկրաւորաց. զինաւորեալ Քեզ երկնաւոր Թագաւորիդ.
Դասակարգեցան ընդ հրեշտակս ի յերկինս Քո ճշմարիտ վկայքն.
Բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, ողորմեա՛ մեզ:
(Շարակնոց)
Արիութեամբ ու հոգու եւ մարմնի առաքինութեամբ կատարելութեան հասած քաջ Արտեմիսը, որի անունը թարգմանաբար նշանակում է ամբողջ կամ ողջանդամ, իր երիտասարդ ու կայտառ հասակում զինուորագրուել էր Կոստանդիանոս Մեծի զօրքում: Նա ներկայ է եղել Մաքսենտիոսի դէմ մղուող պատերազմին եւ ականատես եղել երկնքում լուսանիշ Խաչի երեւմանը:
Այնուհետեւ առաջադէմ լինելով քրիստոնէական բարեպաշտութեան եւ Կոստանդիանոսի պալատի արքունի ծառայութեան մէջ՝ նրանից ստացաւ պատրիկութեան պատուաւոր կոչումը: Իր անարատ վարքի եւ մեծամեծ քաջագործութիւնների շնորհիւ նա սիրելի էր կայսերը ու ամբողջ աւագանուն: Բոցավառւում էր հոգով՝ հեթանոսական պաշտամունքները վերացնելու եւ աստուածապաշտութիւնը հաստատելու փափագով:
Կոստանդիանոսի որդու՝ Կոստանդի օրօք, Արտեմիսը Բասոս եպարքոսից յետոյ նշանակուեց թագաւորական քաղաքի եպարքոս, այսինքն Հռոմ քաղաքի կամ Կոստանդնուպօլսի քաղաքապետ: Այնուհետեւ առաջացած տարիքում նշանակուեց Ալեքսանդրիայի օգոստական դուքս, այսինքն ամբողջ Եգիպտոսի արքունի զօրքի հրամանատար, եւ այնտեղ եւս քաջ Արտեմիսը գովելի կարգով շարունակեց իր ծառայութիւնը մինչեւ Կոստանդիանոսի եղբօրորդու՝ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան սկիզբը:
Երբ Յուլիանոսը պատերազմ սկսեց պարսիկների դէմ եւ հասաւ Անտիոք, Արտեմիս դուքսին պատուէր յղեց գալ Անտիոք եւ հասնել իրեն: Եւ քանի որ Արտեմիսն ինքն էր մտածում գնալ նրա մօտ, որպէսզի խրատէր նրան՝ քրիստոնեաներին չհալածելու համար, իսկոյն ճանապարհ ընկաւ: Եւ եղաւ, որ նա ժամանեց այն օրերին, երբ ուրացող կայսրը քրիստոնեայ լինելու համար անմարդկային տանջանքներով չարչարում էր Եւգինէոս եւ Մակարիոս պատուական քահանաներին: Երանելի եւ բարեպաշտ դուքսը չկարողացաւ հանդուրժել, համարձակ առաջ եկաւ ու բռնաւորին ասաց. «Ո՛վ թագաւոր, ճանաչի՛ր Նրան, Ով քեզ պարգեւել է այդ թագաւորութիւնը, եւ մի՛ հակառակուիր Աստծուն՝ չարչարելով Նրա հաւատարիմ ծառաներին: Ես այսպէս եմ համարում, ինչպէս որ սատանան Աստծուց թոյլտւութիւն խնդրեց Յոբին փորձելու համար, եւ Տէրը յանձնեց նրան սատանայի ձեռքը, որպէսզի ցոյց տար առաքինու համբերութիւնը, այդպէս էլ սատանան խնդրեց քեզ համար, որպէսզի ի հակառակ մեզ՝ քեզ նմանուողներին իր անմիտ մշակները դարձնի»:
Մեծ դուքսից լսելով այս խօսքերը՝ Յուլիանոսը լցուեց անասելի բարկութեամբ: Բայց որպէսզի չերեւար, թէ իր չարութիւնից է պատժում իրեն յանդիմանող այդպիսի երեւելի մարդուն, ալեքսանդրացի հեթանոսներից չարախօսներ ուղարկեց նրա դէմ, որ իբրեւ թէ նա յանցաւոր է եւ վնասներ է պատճառել արքունի գործերին: Եւ այդ պատրուակով Յուլիանոսն սկսեց իր ցասումը թափել Արտեմիսի վրայ, որպէսզի նա կա՛մ ուրանայ Քրիստոսին, կա՛մ չարաչար կորստեան մատնուի: Սակայն տեսնելով նրա անսասան միտքը եւ իր յանդիմանութիւններին նրա աներկիւղ պատասխանները՝ հրամայեց զրկել նրան իշխանական պատուից ու հարուածել դալար արջառաջլերով, որի ընթացքում ութ հոգի հերթափոխեցին միմեանց: Եւ երբ դադարեցին, բռնաւորն ասաց. «Ո՛վ Արտեմիս, քո յանդգնութեան պատճառով ստիպեցիր ինձ անարգել քեզ եւ քո ազգին: Այժմ հնազանդուի՛ր ինձ, զո՛հ մատուցիր Ապոլոնին, եւ ես քեզ արքունի ապարանքի եպարքոս կը դարձնեմ: Իսկ եթէ չհնազանդուես, իսկոյն կը գլխատեմ եւ կը տեսնեմ, թէ ինչպէս կ՚օգնի քեզ Խաչեալը, Ում դու Աստուած ես համարում»:
Արտեմիսը ծիծաղեց Ուրացողի խօսքերի վրայ եւ ասաց. «Պի՛ղծ, չա՛ր եւ տմարդի, յիշի՛ր, թէ այն օրերին ով պահպանեց քեզ Անտիոք քաղաքում, երբ դու եւ քո իւրայինները կռւում էիք Կոստանդիանոսի դէմ, եւ երբ կոտորուեցին քո եղբայրներն ու ազգականները: Չէ՞ որ Քրիստոս Աստուածն էր՝ Փրկիչը նրանց, ովքեր յոյս են դնում Նրա վրայ, ինչպէս մի ժամանակ դու էիր ապաւինում եկեղեցուն Աստուծոյ քահանաների հովանու ներքոյ: Եւ Նա, որ այնժամ քո հանդէպ համբերատար եղաւ, այժմ եւս համբերելով քո գործած չարիքներին՝ քո դարձին է սպասում: Ճանաչի՛ր քո Բարերարին, նայի՛ր Նրա սքանչելիքներին, որ կան վերեւում՝ երկնքում եւ ներքեւում՝ երկրի վրայ: Նայի՛ր եւ տե՛ս երկնքի բարձրութիւնը, որը հրաշագործուեց ո՛չ ժամանակի մէջ եւ ո՛չ էլ տարիներով, այլ միայն Արարչի հրամանով ակնթարթօրէն ձգուեցին որպէս խորան: Տարտարոսի բնակիչները սարսափում են անգամ Նրա հայեացքից: Մեծ ահով դողում է նաեւ ծովը, երբ իր վրայ մրրիկներ է բարձրացնում, որ շարժում են անդունդների խորքերը, սակայն սուրբ Գրքի հրամանի համաձայն՝ չեն համարձակւում ծածկել ցամաքը: Եւ դու, որ յիմարութեամբ քեզ իմաստուն ես կարծում, անարգում ես Աստծուն՝ ամենքի Արարչին, եւ տանջում Նրա սուրբերին: Ո՛հ, յիմա՛ր եւ կո՛յր, ճանաչի՛ր ամէն բան Հրաշագործողին ու միայն Նրան երկրպագի՛ր ու պաշտի՛ր՝ համաձայն սուրբ Գրքի»:
Երբ Յուլիանոսը լսեց այս ամէնը, հրամայեց շիկացած երկաթէ ճանկերով խոցոտել նրա թիկունքը՝ մինչեւ երիկամները, սուր բեւեռներ գամել նրա գարշապարներին եւ երկաթէ ճանկերով քերել նրա կողերը: Այնժամ անտիոքացիների բազմութիւնն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ թագաւոր, դու ո՛չ բարբարոսների բազմութիւնը սանձեցիր, ինչպէս մտադիր էիր, եւ ո՛չ էլ մի բարի բան արեցիր այս քաղաքի համար, ինչպէս խոստանում էիր, այժմ էլ անօրէնութեամբ տանջում ես այդ ազնուական եւ սուրբ մարդուն»:
Այս լսելով՝ տմարդին հրամայեց դադարեցնել տանջանքները, ապա սուրբին իր մօտ կանչեց եւ ասաց. «Ահաւասիկ այս քաղաքի բնակիչները սրտացաւութեամբ վշտանում են քեզ համար, եւ ես եւս այսուհետեւ կը գթամ քեզ: Այժմ զոհ մատուցիր Դիային եւ Ասկլեպիոսին, ու նրանք կը բժշկեն քեզ»: Սուրբ Արտեմիսն ասաց. «Ո՛վ ուրացող եւ տաճար կողոպտող, թող քեզ հետ գեհենի հուրը գնայ նա, ով լսելով քեզ՝ կը թողնի երկնքի եւ երկրի Արարչին ու կը երկրպագի քո ամենագարշելի աստուածներին: Իմացի՛ր, ո՛վ անօրէն, որ ես չեմ հնազանդուի քո բռնութիւններին եւ չեմ երկրպագի քո խուլ ու համր կուռքերին: Ես պաշտում եմ երկնքի Աստծուն, միայն Նրան եմ հաւատում, եւ Նա է իմ կեանքը ու փրկութիւնը»:
Բռնաւորը հրամայեց տասնհինգ օր առանց հաց ու ջրի պահել նրան մութ բանտում, սակայն Տէրն Իր հրեշտակի միջոցով նրան կերակուր էր տալիս: Հրեշտակն առողջացրեց նրա վէրքերը եւ բանտարկութեան վերջին օրը Փրկչի նմանութեամբ երեւաց նրան ու ասաց. «Քաջալերուի՛ր եւ զօրացի՛ր ընդդէմ սատանայի, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Եւ քանի որ թագաւորի եւ իշխանների առաջ դու խոստովանեցիր Ինձ, Ես էլ կը պսակեմ քեզ հրեշտակների ու հրեշտակապետերի առաջ: Քաջալերուի՛ր, որովհետեւ այսօր Ինձ հետ դրախտում կը լինես»:
Տասնհինգ օր յետոյ թագաւորը նստեց ատեանի առաջ եւ հրամայեց իր առջեւ բերել սուրբ վկային: Ապա սկսեց ողոքիչ խօսքերով խրատել նրան եւ ասել. «Մինչեւ ե՞րբ պիտի ստուերես քո իմաստութիւնը, մեծութեանդ փառքով անարգանք հեղես եւ աստուածներին զոհ չմատուցես»: Իսկ սուրբ Արտեմիսը կշտամբեց Ուրացողի լիրբ քաղցրութիւնը, որ լի էր դառնութեամբ եւ ասաց նրան. «Ինչո՞ւ ես գազազել, գարշելի՛ եւ անսո՛ւրբ, որ թողնելով հեթանոսների դէմ մարտնչելը եւ առաջիկայ մարմնաւոր պատերազմը՝ զուր ժամանակ ես վատնում Աստուծոյ ծառաների վրայ՝ մարտնչելով նրանց հոգիների դէմ: Արձակի՛ր իմ վճիռը, ինչպէս որ կամենում ես: Ես երկրպագում եմ Նրան, որ երկնքում է, Նրա օծեալ Յիսուս Քրիստոսին եւ Նրա համագոյակից Սուրբ Հոգուն»:
Այս լսելով՝ Յուլիանոսը հրամայեց կանչել քարհատների եւ ասաց նրանց. «Մի վէմ պատրաստէք իմ ուզած ձեւով, այն բաժանէք երկու մասի եւ Արտեմիսին սեղմէք դրանց մէջ»: Եւ նրանք իսկոյն կատարեցին իրենց հրամայուածը: Վէմերը ծածկեցին երանելուն այնպէս, որ քարի կտրուածքից դուրս նա չէր երեւում: Բոլորը կարծեցին, թէ նրա բոլոր անդամները ջախջախուեցին, եւ փորոտիքը դուրս թափուեց, իսկ նա աղօթում էր եւ ասում. «Ժայռից բարձր պահեցիր ինձ, եւ ահա բարձրացաւ իմ գլուխը թշնամիներիս վրայ: Ոտքերս ժայռի վրայ հաստատեցիր եւ ուղղեցիր իմ շաւիղները: Իմ բերանին նոր օրհնութիւն դրեցիր, եւ այժմ, Աստուծոյ Միածի՛ն Որդի, ընդունի՛ր իմ հոգին»:
Բռնաւորը՝ համարելով, թէ հէնց սկզբից նա մեռած կը լինի, քարհատներին հրամայեց բացել վէմը: Եւ երբ սուրբին դուրս բերեցին, նա ոտքի կանգնեց եւ սաղմոսեց՝ ասելով. «Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենում, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»: Բայց քանի որ վէմի ծանրութիւնից սուրբի աչքերը դուրս էին եկել, Յուլիանոսն ասաց նրան. «Ի՞նչ շահեցիր, թշուառակա՛ն, ահաւասիկ զրկուեցիր քո աչքերից եւ ամբողջապէս անպիտան դարձար: Այժմ հնազանդուի՛ր ինձ, զո՛հ մատուցիր աստուածներին եւ կը լինես նրանց բարեկամն ու կ՚ազատուես քո տանջանքներից»: Սուրբ Արտեմիսը պատասխանեց նրան. «Անամօ՛թ եւ վայրենի՛, մատնի՛ր ինձ ինչ տանջարանի, որ կամենում ես եւ տանջի՛ր ինձ, որպէսզի պսակուեմ, իսկ դու գեհենի հրի մէջ ընկնես»: Այնժամ բռնաւորը հրամայեց տանել ու գլխատել նրան:
Սուրբը գնում էր դէպի իր նահատակութեան վայրը: Ճանապարհին նա աղօթում էր եւ ասում. «Աստուած Աստծուց, Լո՛յս Լոյսից, Միակը՝ Միակից, թագաւորների՛ Թագաւոր, որ երկնքում ես՝ Քո Ծնողի՝ Աստուծոյ եւ Հօր աջ կողմում, Դու բնակուեցիր երկրի վրայ բոլորի փրկութեան համար: Դու պսակ ես նրանց համար, ովքեր բարեպաշտութեամբ նահատակւում են Քո անուան համար: Լսի՛ր ինձ՝ տնանկիս, խաղաղութեամբ ընդունի՛ր իմ հոգին եւ հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ, որոնք ամբողջովին հաճելի եղան Քո փառքի առջեւ»: Եւ ձայն լսուեց նրան, որն ասաց. «Քո աղօթքները լսելի եղան, եւ քեզ բժշկութեան շնորհներ տրուեցին: Այսուհետեւ շտապի՛ր դէպի քո մարտադաշտը եւ ընդունի՛ր փառքի պսակը, որ պատրաստուած է նրանց համար, ովքեր սիրեցին Փրկչի յայտնութիւնը»: Ապա գլխատեցին երանելուն, որ եղաւ Անտիոք քաղաքի Դափնի կոչուած վայրում, Տիրոջ 362 թուականի հոկտեմբերի քսանին, ուրբաթ օրը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ սուրբ Արտեմիսին յիշատակում է ս.Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը՝ Խարիթեանների, Քրիստափոր վկայի եւ սուրբ Ակիւլինէի ու Կալինիկէի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 735:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: