ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ԹԱԹՈՒԼԻ, ՎԱՐՈՍԻ ԵՒ ԹՈՒՄԱՍԻ ՎԱՐՔԸ

Սուրբ Աստուած Հայր անսկիզբն. որ փառաւորեալդ ես ի մէջ սրբոց Քոց.

Օրհնեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:

Սուրբ Աստուած Որդիդ Միածին. որ պահեցեր  յաղթող զճգնութիւն սրբոց Քոց.

Գովեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:

Սուրբ Աստուած Հոգիդ Ճշմարիտ.

Որ նորոգեցեր զտիեզերս ճշմարիտ երկրպագութեամբ Սուրբ Երրորդութեանդ.

Բարեբանեմք զՔեզ անլռելի ձայնիւ:

(Շարակնոց)

 

Անարատ կենցաղավարութեամբ եւ հրաշալի ճգնութեամբ այս մարմնաւոր անմարմին անձինք ու հոգով ու մարմնով միմեանց հարազատները՝ մեր սուրբ հայր Թաթուլը եւ նրա աւագ եղբայր Վարոսը, մեր սուրբ թարգմանիչ հայրապետների՝ սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի աշակերտներն էին, որոնց շնորհիւ ձեռք բերեցին կատարեալ գիտութիւն եւ առաքինութիւն ու ամէն բանում եղան նրանց վարքի հետեւորդները: Իրենց սուրբ վարդապետների վախճանից յետոյ, տեսնելով Հայոց աշխարհի նեղութիւնների հրդեհը կրակապաշտ պարսից ազգի կողմից, ջանում էին մարել անօրէնութեան բոցը՝ ձեռք մեկնելով ուխտապահներին, խնամարկու լինելով նեղեալներին եւ խրատիչ՝ ստահակներին: Սուրբ Վարդանանց նահատակութիւնից յետոյ, որոնք հեղեցին իրենց արիւնը եկեղեցու նորոգութեան համար,  պարսից երկրում բանտարկուեցին սուրբ Յովսէփն ու սուրբ Ղեւոնդը, որոնք աշակերտներից առաջիններն էին, իսկ պատուական նախարարներն էլ աքսորուեցին օտարութեան: Քրիստոնեաներից շատերը փախչում եւ թաքնւում էին ապահով վայրերում, որպէսզի հաղորդ չլինէին անհաւատներին ու չյարէին ուրացողներին, իսկ շատերն էլ աւարտեցին իրենց կեանքն անծանօթ վայրերում ու խստակրօն ճգնութեամբ:

 

Նրանց մէջ՝ իբրեւ լուսատու աստղեր, փայլեցին այս երկու եղբայրները՝ Թաթուլը եւ Վարոսը: Նրանք առանձնացան Կաղզուան քաղաքի մօտ գտնուող Գաբեղէնի սահմաններում, այնտեղ, որ Վիշապաձոր է կոչւում ու բնակուեցին ահարկու եւ դժնի քարանձաւներում, ուր բուն էին դրել տեսակ-տեսակ գազաններ ու վիշապներ, որոնք այնուհետեւ սուրբերի աղօթքներով հալածուեցին այդտեղից: Երանելիներն այդ տեղը համարեցին իբրեւ Աստուծոյ կողմից իրենց համար պատրաստուած բնակատեղի: Մերձակայ հովիտներից իրենց համար գտնում էին վայրի բանջարներ ու մրգեր եւ բաւականանում դրանցով, բայց առաւելապէս լիանում էին հոգեւոր կերակուրներով: Հոգեղէն հրեշտակների նման իրենց սրբանուէր աղօթքները՝ որպէս իմանալի պատարագ, անմարմին զոհ, անկիզելի ողջակէզ, անվախճան զոհաբերութիւն եւ բոլորանուէր ընծայ, որ անուշահոտ եւ հաճելի են Աստծուն առաւել, քան ստուերային օրէնքի բոլոր խունկերն ու զոհաբերութիւնները, ամէն օր երկինք էին առաքում եւ անթերի կատարում մարգարէի ասած խօսքերը, թէ. «Մենք ամէն օր զոհաբերւում ենք Քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք»[1]:

 

Ժամանակ անց գեղեցիկ միաբանութեան այս երկու եղբայրներն առաւել կատարելութեան հասնելու համար կամաւոր որոշեցին բաժանուել միմեանցից: Եւ այդպէս սուրբ Վարոսը բաժանուեց Թաթուլից եւ առանձնացաւ աւելի հեռաւոր մի քարանձաւում, որպէսզի դեւերի գնդերի դէմ մղուող մենամարտում անպարտելի լինէր էլ աւելի մեծ պատերազմով ու առաւել մեծ վարձքի արժանանար Քրիստոս Աստուծոյ կողմից, եւ նաեւ միայն Աստուած լինէր իրենց մխիթարութիւնը՝ զրկուելով այն սփոփանքից, որ ունէին եղբայրները միմեանց տեսնելուց:

 

Այնուհետեւ արդարութեան հակառակորդն աւելի սաստիկ պատերազմներ էր յարուցում ընդդէմ այդ մենակեացների, իսկ նրանք յաղթում էին՝ առաւել արիաբար մենամարտելով ու զօրութիւն առնում երկնային պարգեւներից եւ արժանանում անճառելիների տեսութեանը: Երանելի Անտոն Մեծի առաքինութիւնների օրինակն իրենց մէջ բերելով՝ շարունակ մարտնչում էին ընդդէմ դեւերի, յաղթում նրանց եւ բարի հատուցում ստանում Քրիստոսից:

 

Եւ ահա երկար օրեր մարդկանցից ծածուկ ճգնում էին այսպէս, մինչեւ որ որսորդների կողմից գտնուեց նախ Թաթուլը: Գաւառով մէկ հռչակուեց նրա սքանչելի առաքինութեան համբաւը, եւ մարդիկ շուտափոյթ գալիս էին այդտեղ՝ տեսնելու սուրբ Թաթուլ ճգնաւորին, որով շատերը լցւում էին բարի նախանձախնդրութեամբ ու սիրով աշակերտում նրան: Եւ շուտով մօտակայ մի պատշաճ վայրում հիմք դնելով՝ շինեցին եկեղեցի ու խցեր ճգնաւորների համար: Հիմնեցին նաեւ վանական միաբանութիւն եւ վանահայր ու առաջնորդ կարգեցին Աստուծոյ մարդուն՝ Թաթուլին, ու նրա անունով այդ վայրը կոչուեց «Թաթուլի վանք»: Եւ այստեղ սուրբ հօր հոգեբուխ խրատներով ու նրա աստուածահաճոյ կարգաւորութեամբ կրթուեցին առաքինի անձանց դասեր: Հմտացան կրոնավորութեան եւ ցանկալի բարեպաշտութեան մէջ:

 

Նրանց մէջ աչքի էր ընկնում մէկը՝ Թումաս կամ Թովմաս անունով, որն իր վարդապետի անբաժան սպասաւորն էր: Յոյժ բարեսէր էր, աստուածապաշտ եւ աստուածավախ, հեզ եւ խոնարհ, հանդարտ եւ հնազանդ, բոլորին լսող եւ ամէն բանում սիրով ծառայող: Միաժամանակ խաչակրօն խստամբերութեամբ ամբողջովին հետեւում էր Մեծն Թաթուլի կատարեալ ճգնութեան կարգ ու կանոնին: Տեսնելով Թումասի այս առաջադիմութիւնը՝ երանելի Թաթուլը մեծապէս ուրախ եղաւ եւ մտածեց իր փոխարէն նրան վանքի առաջնորդ կարգել, որովհետեւ ցանկանում էր իր կեանքն աւարտել առանձնութեան մէջ: Ուստի հաւաքեց եղբայրներին ու յայտարարեց. «Այսուհետեւ մեր սիրելի եղբայր Թումասին պէտք է ճանաչէք որպէս ձեր բոլորի հայր: Ամէն բանում անխոնջ ջանասիրութեամբ հնազանդուէ՛ք նրան՝ ծառայելով Տիրոջն ու սիրելով միմեանց, եւ Տէրն Ինքն օգնական կը լինի նրան ու ձեզ բոլորիդ»: Ապա առաջ կանչելով Թումասին՝ սուրբ Թաթուլն Աստուծոյ Հոգու թելադրանքով սկսեց աւանդել նրան անվրէպ կանոններ եւ ազդու խրատներ, որ պէտք է իմանար առաջնորդն ու ասաց. «Իմ որդեա՛կ Թումաս, այսօր Սուրբ Հոգին կոչեց քեզ ի առաջնորդութիւն քո եղբայրների: Արդ, եղի՛ր երկայնամիտ եւ ողորմած, ինչպէս քո երկնաւոր Հայրը, որպէսզի կարողանաս շահել քո եղբայրներին, եւ դու էլ պսակուես Քրիստոսի կողմից: Քո այդ գործում եղի՛ր այնպիսին, ինչպիսին կոչուած անունդ է: Երբ խրատես քո աշակերտներին, լսի՛ր սուրբ Պօղոս առաքեալին, որը վշտանում էր բոլորի հիւանդութիւններից եւ հրի պէս այրւում դառնակսկիծ կարեկցանքով: Երկնաւոր Հօր աշակերտն ես, ուստի նմանուի՛ր Նրան: Ընդհանուրի հայրն ես, ուստի գործելուց մի՛ դադարիր: Բարեկարգութիւնը եղբայրներին ցո՛յց տուր քո օրինակով: Խրատի՛ր վարդապետութեամբ, մխիթարի՛ր սիրով, դարմանի՛ր յոյսով: Վարդապետի վկան իր գործերն են, իսկ առաջնորդինը՝ հաստատութիւնը: Եղի՛ր ամուր եւ համբերատար եղբայրների բոլոր սխալ խօսքերի ու գործերի դէպքում, սակայն կամապաշտներին ամենեւին մի՛ հանդուրժիր, որովհետեւ այդպիսինն ամբողջովին հեռու է Քրիստոսի Մարմնից եւ Աստուծոյ գործով չի եկել: Որդեա՛կ, ինչ որ պահանջես քո եղբայրներից, այդ ցո՛յց տուր քո անձով: Խօսի՛ր քիչ, գործի՛ր շատ ու քարոզդ ցո՛յց տուր գործով: Առաջնորդը ծնող է եւ բժիշկ, իսկ հիւանդը կարօտ է սիրոյ եւ առողջութեան: Որդեա՛կ, ով սխալւում է, եւ դա իր սովորոյթը չէ, մի՛ պատժիր նրան, այլ բժշկի՛ր հոգեւոր ցաւակցութեամբ: Երիտասարդներին կրթի՛ր հնազանդութեան եւ աշխատասիրութեան, իսկ տարեցներին՝ սաղմոսերգութեան, ձեռագործի եւ իրենցից երիտասարդներին խրատական խօսքեր ուսուցանելու մէջ: Հոգեւոր առաջնորդն աստուածային հուր է, լուսաւորիչ, մաքրիչ եւ ջեռուցիչ, որ այրում է ապականիչ ախտը, ցամաքեցնում գիջութիւնը, քննում է հրապարակաւ եւ եղբայրներին ընծայում Աստծուն՝ որպէս ոսկի անաղտ սրբութեան բովում: Նա թագաւորում է տասը քաղաքների վրայ: Միսը եւ գինին ուտելի չեն կրօնաւորներին, այլ ճաշակելի է այն, ինչ անհրաժեշտ է: Եթէ մէկն ընկնում է հիւանդութեան ախտի մէջ, մեղմացրո՛ւ սահմանուած կարգը եւ աւելացրո՛ւ դարմանը՝ ըստ անհրաժեշտութեան: Աւելորդը, որ մերը չէ, մի՛ հանդուրժիր: Որքան հնարաւոր է, պէտք է ժուժկալել, յոյսով աղօթել, հաւատով աշխատել եւ գոհութեամբ ճաշակել:

 

Որդեա՛կ, թող քո բերանից չելնեն նզովքի խօսքեր: Թէպէտ եղբայրներ կամ որդիներ լինեն, թող նրանք չննջեն միեւնոյն մահճում: Ով ոխ, քէն կամ ատելութիւն ունի իր մտքում, պէտք չէ, որ նա աղօթի, ճաշակի եւ ոչ էլ ննջի: Ով երդւում է, որ վայել չէ մեզ, թող սրբութիւններից չափաւոր հեռու լինի: Խրատի հետ բարկութիւն մի՛ խառնիր, որպէսզի եղբայրը չընկնի խրատի բարկութիւնից: Աստուածասէրը զգուշանում է իր մտքից, խորհուրդներից եւ կամքից, ինչպէս թշնամուց:

 

Որդեա՛կ, երբ քնելու համար մտնես քո մահիճը, համարիր, թէ գերեզման ես իջնում: Հալածի՛ր քո այն խորհուրդները եւ խօսքերը, որոնք տանում են դէպի ունայնութիւն: Բեւեռի՛ր քո մէջ Աստուծոյ երկիւղը եւ մտաբերի՛ր դատաստանի երկիւղը: Ննջի՛ր երկիւղով, արթնանալով օրհնիր Աստծուն եւ գոհացի՛ր Աստծուց, որ պահեց քեզ գիշերային խաւարասէր չարից: Շտապի՛ր աղօթատեղին, ծնրադրի՛ր երեք եւ աւելի անգամ, ապա ծնկներիդ վրայ ընկած ու երեսդ գետնին հպած՝ Տէր Աստծուց քեզ օգնութիւն հայցիր եւ այնուհետեւ սկսիր ասել սահմանուած սաղմոսները: Խնդրի՛ր Աստծուն, որպէսզի բացի քո բերանը, եւ դու ասես այն, ինչ Աստուած է սիրում: Մի՛ պղտորիր քո սրտի խորհուրդը, մի՛ ընդարձակիր  քո խօսքը եւ մի՛ դարձիր դէպի արեւմուտք, որոնք սահմանուած չեն քեզ: Բոլոր զգայարաններդ, քաջութեամբ ամրացնելով, այրի՛ր եւ ամբողջ եղբայրութեանդ քաջալերութեամբ զինի՛ր: Սաստիկ է պատերազմը, սակայն ովքեր յաղթեն, նրանք կը պսակուեն: Տկարներն ու երկչոտները ո՛չ յաղթում են, ո՛չ պսակւում եւ ո՛չ էլ պատերազմում: Որդեա՛կ, իշխանութիւն մի՛ բանեցրու եղբայրների մօտ: Ինչ ինքդ չես կարող անել, մի՛ պահանջիր եղբայրներից: Վանքից որեւէ գործով մի՛ ուղարկիր մէկին, այլ երկուսին: Վա՛յ մենակ մարդուն, որ ճանապարհին է, որովհետեւ եթէ նա գլորուի, ո՞վ կը կանգնեցնի նրան: Եթէ մի եղբայր ախտանայ հոգով ու թէպէտ շատ բժշկութեան կարիք ունենայ, արգելի՛ր միայն սրբութեանը մօտենալուց, իսկ մնացած բոլոր կարգերը թող նա պահի եղբայրների հետ: Աստուծոյ երկիւղն ունեցողն աւառել պատկառում է սիրուց, քան թէ պատժից: Ինչ որ պահանջես եղբայրներից, նոյնը հատուցի՛ր ծերերին, որպէսզի կամապաշտութեամբ չզրկուես երկնային շնորհներից: Պատարագի եւ երեկոյեան ժամի աղօթքներն անելիս հանգստացրու ձեռքերդ յոգնութիւնից: Ով գոհութեամբ է աշխատում, արժանի է սուրբ Խորհիդին, իսկ տրտնջողը՝ բնաւ ոչ:

 

Որդեա՛կ, երբ մի եղբայր ըմբոստանայ, անտարբեր մի՛ եղիր նրա կորստեամբ, այլ համբերի՛ր նրա չար վարքին եւ ատելի գործերին այնպէս, ինչպէս որ մաքուր հոգիդ ախտակից մարմնիդ հանդէպ է լինում: Բաւական մի՛ համարիր միայն համբերելը, այլ ձեռք մեկնիր եւ ջանա՛ ոտքի հանել նրան ու աղօթելիս արտասուի՛ր նրա համար: Յանդիմանի՛ր առանձին, աղաչի՛ր ծերերի առաջ եւ խրատի՛ր եղբայրների մէջ: Յիշեցրո՛ւ նրան արդարների փառքը եւ մեղաւորների տանջանքները: Նրա աչքի առաջ պահի՛ր ահեղ Դատաստանը եւ զարհուրեցրո՛ւ նրան գեհենի տանջանքներով, որ թերեւս թողնի իր ըմբոստ վարքը: Այսպէս արեց Քրիստոս եւ ուսուցանեց մեզ: Ամէն մի առաջնորդ, որը երկայնամիտ է, նման է Քրիստոսին, իսկ եթէ անփոյթ է, ապա նա չի ազատուի պատժից: Մեծարի՛ր Աստուծոյ երկիւղն ունեցողին, որովհետեւ նա արժանի է: Ստահակին խրատի՛ր սիրով, որովհետեւ նա հիւանդ է: Խոստովանութիւն պահանջի՛ր առաւօտեան եւ երեկոյեան: Արգելի՛ր կատակը եւ ցոփաբանութիւնը եւ ատի՛ր սեփական կամքը, թէպէտեւ բարի թուայ:

 

Ով ուրացել է իր անձը եւ մտել պատուիրանների լծի տակ, պէտք է վերցնի Քրիստոսի Խաչը: Պէտք չէ ընտրողութիւն անել առաջնորդի հրամանների մէջ, այլ պէտք է լսել նրան երկիւղով: Ինչ որ լսեցիր ինձնից եւ տեսար իմ մէջ, ինչ որ սովորել ես Սուրբ Գրքից ու վարք ձեռք բերել, նոյնն ամո՛ւր պահիր՝ ամենայն բարեկարգութեամբ պահելով չափը եւ նպատակը: Ով պահում է պատուիրանները, համարձակ կանգնում է Աստուծոյ առաջ եւ ասում. "Տէ՛ր, ում տուեցիր ինձ, ոչ ոքի չկորցրի" եւ ապա թագաւորում է անսահման տէրութեան վրայ: Արդ, զօրացի՛ր եւ քաջալերուի՛ր, որդեա՛կ, եւ Սուրբ Հոգին քեզնով հովանի կը լինի քո եղբայրներին»:

 

Երբ երանելի Թումասը սուրբ հայր Թաթուլից լսեց այս ամէնը, ասաց. «Ների՛ր ինձ, հա՛յր սուրբ եւ իմ հոգեւո՛ր տէր, որ փոքր-ինչ խօսեմ քո առաջ: Սոսկալի է առաջնորդի դատաստանը, եւ ես չեմ կարող ընդդիմանալ քո հրամաններին: Իմ փրկութեան համար բաւական է ինձ սպասաւորել քո սրբութեանը, որովհետեւ ես տգէտ ու տխմար այր եմ եւ չեմ կարող շահել որեւէ մէկին»: Թաթուլն ասաց. «Ինչ որ ունես, թող Քրիստոս հաստատուն պահի քո մէջ, եւ թող աշխարհի զօրութիւնը եւ գիտութիւնը հեռու լինեն քեզնից: Ով երկնչում է Աստծուց եւ ցանկանում է հասնել երկնաւոր փառքին, նա առաջնորդում է բիւրաւորներին: Մարմնաւոր գիտութիւնը եւ զօրութիւնը հակառակ են Աստուծոյ կամքին: Աստուծոյ պատուիրանը կատարում են կամքն ու յօժարութիւնը, ոչ թէ գիտութիւնը եւ զօրութիւնը: Առաջնորդութիւնն Աստուծոյ ընտրութեամբ է:

 

Որդեա՛կ, դու մի՛ զարհուրիր իմ խրատից, եւ դու էլ խրատի՛ր նրան, ով դրա կարիքն ունի: Ով խրատի կարիք չունի, նրա համար աւելի լաւ է գաւազանը, քան թէ խրատը: Մեղրը քաղցր է, բայց վնասակար է հիւանդի համար: Խիստ օգտակար է խրատը, բայց ով իր դէմքով դէպի արեւմուտք է դարձած, նրան օգուտ չէ: Վստահ եմ Սուրբ Հոգով, որ ինչպէս Նա Իր շնորհներն առատօրէն բաշխեց առաքեալներին, նոյնպէս էլ կը հեղի քո մէջ, որպէսզի դու եւս Տիրոջ գործն անես: Հեռու չենք իրարից, այլ միշտ կը տեսնենք միմեանց, եւ Աստուած էլ կը տեսնի մեզ ու բոլոր եղբայրներին: Ինչ պակասութիւն որ տեսնում ես քո մէջ, լրացրո՛ւ հնազանդութեամբ, որովհետեւ այն ճանապարհները, որ աջ կողմում են, Տէրը գիտէ եւ ճանաչում է: Գնա՛, եւ թող Տէրը քեզ հետ լինի: Եւ վերջում, որդեա՛կ, ասածներս ամփոփեմ կարճ խօսքով. սէրն ու երկայնամտութիւնը բնութիւն դարձրու քո մէջ, իսկ դրանց գործակիցը թող լինի Աստուծոյ երկիւղը, եւ այնժամ դու հեշտութեամբ կը կատարես բոլոր առաքինութիւնները»:

 

Աւանդելով այս ամէնը՝ սուրբ հայր Թաթուլն իր փոխարէն վանահայր կարգեց Թումասին եւ ապա առանձնացաւ նոր մենարանում՝ Մայրաձոր կոչուած վայրում, որտեղ անմարմին հրեշտակի պէս առանձնական կեանք վարեց եւ խոր ծերութեան հասնելով՝ փոխուեց այս աշխարհից այդ նոյն Մայրաձորի մենարանում: Երանելու սուրբ մարմինը վերցրին այդտեղից եւ ըստ արժանեաց՝ տարան ու մեծ պատուով ամփոփեցին իր վանքի մէջ:

 

Իսկ երանելի Թումասը վանքի առաջնորդութեան գործում եղաւ իր վարդապետի արժանաւոր յաջորդը, բոլոր առաքինութիւններում կենցաղավարեց Աստուծոյ պատուիրաններով եւ ամէն բանում հետեւեց սուրբ հայր Թաթուլի խրատներին ու վարքին: Բարեզարդեց ու բարեկարգեց վանքի միաբանութիւնը՝ բնակեցնելով բազմաթիւ միաբան եղբայրների: Երկար տարիներ ապրելով հրեշտակային վարքով՝ հասաւ խոր ծերութեան, խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս եւ թաղուեց հայր Թաթուլի մօտ:

 

Իսկ սուրբ Վարոսը սուրբ Թաթուլից բաժանուելուց յետոյ բնակուեց Դիցամայրի կոչուող մի լերան քարանձաւում, որտեղ երկար ժամանակ սնուելով խոտաբոյսերով եւ բաւականանալով վայրի մրգերով՝ ապրեց մարդկանցից անտես, սակայն ծանօթ՝ Աստծուն, մինչեւ որ Աստուծոյ նախախնամութեամբ գտան նաեւ նրան: Աստուծոյ մարդուն տեսնելու համար այնքան ուրախացան, որ նրան «Գիւտ» կոչեցին: Նրա ճգնարանի տեղում վանք շինեցին մենակեացների համար եւ կոչեցին «Գիւտի վանք»: Այնտեղ եւս սուրբ Վարոսի առաջնորդութեամբ շատացան կրօնաւորները եւ Աստուծոյ փառաբանիչները: Այսպէս աստուածահաճոյ վարքով եւ արդիւնաւէտ գործերով նա աւարտեց իր կեանքը, հասաւ խոր ծերութեան ու փոխուեց այս աշխարհից դէպի յաւիտենական կեանք:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի եւ Թումասի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող Ե կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ Աղուանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գիւտի, սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի ու եօթ սուրբ խոտաճարակների հետ, որոնք նահատակուեցին Իննակնեան վանքում:

 

[1] Սաղմ. ԽԳ 22: