ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՎԱՐՔԸ

Անճառելի շնորհօք լցեալք ի յիշատակի սուրբ վարդապետին.

Խնդրեմք ի Քէն, Տէր կեցո զանձինս մեր:

Եւ զճգնութիւն սրբոյ վարդապետին ընկալցուք ի սիրտս մեր հաւատով.

Բարեխօսութեամբ սորա՝ Տէ՛ր, կեցո զանձինս մեր:

Դասաւորեալ ընդ անմարմնական բազմութիւնսն.

Եւ ի Սրբոյ Հոգւոյն է պսակեալ.

Ի ձեռն սորին բարեխօսութեան՝ Տէ՛ր, կեցո զանձինս մեր:

(Շարակնոց)

 

Մարմնաւոր հրեշտակը` անունով ու գործերով երկնային զուարթուն սուրբ Գրիգոր Նարեկացին, որ բիւրաւորներից ընտրեալ հոգեկիր հռետոր էր եւ վարդապետ՝ լցուած Սուրբ Հոգով, Վասպուրականի Անձեւացեաց գաւառից էր, տեղի եպիսկոպոս երանելի Խոսրով Մեծի որդին՝ բարի արմատից ընտիր շառաւիղ: Ծնուել է Տիրոջ 951 թուականին, Բագրատունեաց Աշոտ Ողորմած արքայի, Վասպուրականի թագաւոր Աբուսահլ Արծրունի թագաւորի եւ տէր Անանիա կաթողիկոսի օրօք:

 

Երանելի Գրիգորն իր աւագ եղբօր՝ Յովհաննէսի, եւ կրտսեր եղբօր՝ Սահակի հետ նախնական կրթութիւնն աստուածպաշտութեան կարգով ստացել է տանը՝ իր բարեպաշտ ծնողների կողմից եւ ապա իր մօր հօրեղբօր՝ Անանիա Նարեկացու մօտ, որը Նարեկավանքի առաջնորդն էր, որ գտնւում էր Ռշտունեաց գաւառի մէջ՝ Վանայ ծովակի մօտ: Անանիա վարդապետը, իր մօտ վերցնելով իր եղբօր դստեր երկու որդիներին՝ Յովհաննէսին ու Գրիգորին, Նարեկավանքում կրթեց նրանց աստուածային Սուրբ Գրքով եւ առաքինութեան հրեշտակային վարքով: Եւ երկուսն էլ, մէկը միւսից առաջ անցնելով, առաջադէմ գտնուեցին սրբութեան եւ իմաստութեան մէջ, որի համար տէր Անանիայի վախճանից յետոյ Գրիգորի աւագ եղբայրը՝ Յովհաննէս վանականը, ընտրուեց որպէս վանքի առաջնորդ, իսկ Գրիգորը, քահանայ ձեռնադրուելով եւ բոլորին գերազանցելով գիտութեան շնորհներով, եղաւ մենակեացների վարժապետը եւ իր եղբօր գործակիցը:

 

Մեծագոյն շնորհը, որով զարդարուած էր երանելի Գրիգորը, խոնարհութիւնն էր, որով իր անձը համարում էր բոլորից նուաստ: Եւ քանի որ հոգով խոնարհ անձը հանգիստ վայր է Աստուծոյ համար, արդարեւ, նա եղաւ Աստուծոյ Սուրբ Հոգու ընդունարան եւ աստուածային սիրոյ վառարան, որով հետզհետէ առաւել բորբոքուելով՝ իր անձն ամբողջովին մատնեց աստուածայինների հայեցողական տեսութեանը, մշտամռունչ աղօթքներին, Աստուծոյ խօսքի անդադար վերծանութեանը, պահեցողութեանը, խիստ ճգնակեցութեանը եւ աներեւոյթ թշնամու դէմ պատերազմներում կատարելապէս մարտնչելով՝ առաքինի նահատակութեանը:

 

Հրաշալի էր նաեւ պերճ եւ առատ խօսքերով ու քաղցրաբուխ շուրթերով աստուածաբանական վարդապետութեան եւ յատկապէս ճարտար ու զօրաւոր  Սուրբ Գրքի քարոզչութեան մէջ, որով զարմացնում էր մերձաւորներին եւ հեռաւորներին, որի համար Հայոց աշխարհի բոլոր տեղերում ժամանակի թագաւորների եւ կաթողիկոսների առաջ տարածւում էր նրա սրբութեան ու իմաստութեան համբաւը:

 

Երբ երանելի Գրիգորը դեռեւս քսանվեց տարեկան նորընծայ քահանայ էր, Գուրգեն Արծրունի թագաւորը, որ Աբուսահլի որդին եւ Աշոտի ու Սենեքերիմի եղբայրն էր, նրան խնդրագիր-պատուէր ուղարկեց՝ գրել Սողոմոնի «Երգ Երգոց»-ի մեկնութիւնը: Եւ Աստուծոյ այրը, հնազանդ արքունի հրամանին, որպէս Աստծուց հրաման առած, յանձն առաւ մեծ խոնարհութեամբ եւ Սուրբ Հոգու գործակցութեամբ կատարել պատուէրը. գրեց որչափ յամառօտ, նոյնչափ էլ բազմիմաստ մեկնութեամբ ու այնպիսի պարզ եւ վայելչական շարադրանքով, որ մինչեւ այժմ չկայ այդ ծածկախորհուրդ սուրբ մատեանի նրա պէս ընտիր որեւէ մեկնիչ: Այդ գործը գրուեց Տիրոջ 977 թուականին:

 

Այդ ժամանակներում Վասպուրականում էր գտնւում վտարանդի Հայոց Վահան կաթողիկոսը, որի փոխարէն նստեց Ստեփաննոս եւ ապա Խաչիկ անունով մէկը, որովհետեւ եպիսկոպոսների եւ վարդապետների միջեւ վէճ կար ինչ-ինչ հարցերի եւ քաղկեդոնականների հետ կապուած խնդիրների շուրջ: Իմանալով, որ պառակտումներն անտեղի ու վնասակար են Եկեղեցու համար, յատկապէս որ պառակտուածները միեւնոյն ողջամիտ վարդապետութիւնն էին քարոզում, երանելի Գրիգորը հեզութեան եւ խաղաղութեան հոգով սէր ու միաբանութիւն էր յորդորում բոլորին: Խրատում եւ յանդիմանում էր յամառութեամբ բանավիճողներին ու հեռացնում անհնազանդներին: Եւ այսպէս սուրբի բոլոր ջանքերն ու եռանդն ուղղուած էին Եկեղեցու միաբանութեանը, քանզի կամենում էր հաստատել ու վերստին նորոգել ծոյլ եւ մարմնասէր առաջնորդների կողմից Եկեղեցու անխնամ թողած եւ եղծուած կարգերը, որի համար բիրտ եւ տգէտ մարդիկ նրան «ծայթ» կոչեցին, որը հռոմէացողներին եւ հաւատափոխներին տրուող անուն էր: Եւ այսպիսի կոչմամբ վատաբանւում էին միայն այնպիսի անձինք, որոնք հետամուտ էին ճշմարտութեանը եւ ազգի բարեկարգութեանը: Ժամագրքի մեկնութեան ձեռագիր օրինակներում սուրբ Գրիգորի հայրը՝ երանելի Խոսրովը, եւս իր ցաւն է արտայայտում՝ տեսնելով այս երեւոյթները երկրում:

 

Եւ երբ բազմացան սուրբ Գրիգորի չարախօսները, այնժամ եպիսկոպոսներն ու վարդապետներն իշխանների եւ տանուտէրերի հետ հաւաքուեցին՝ խորհրդակցելու նրա մասին: Կանչեցին նրան՝ ատեանի առաջ դատելու եւ յանդիմանելու եւ ապա որպէս հերձուածողի՝ պատժելու կամ աքսորելու համար: Եւ երբ հրաւիրակները եկան սուրբին տանելու, Աստուծոյ այրը զուարթ սրտով եւ անայլայլ դէմքով ընդառաջ ելաւ նրանց: Իմանալով նրանց դիտաւորութիւնը՝ սուրբը կամեցաւ իմաստութեամբ յանդիմանել նրանց անմտութիւնն ու ասաց. «Նախ եկէք հաց ուտենք եւ ապա գնանք»: Նա, որ աղաւնու հեզութիւն ունէր եւ իսպառ հրաժարուել էր խորտիկներից, պատուիրեց տապակել աղաւնիներ եւ բերել սեղանի առջեւ, որ ուտեն: Օրն ուրբաթ էր: Այդ բանից եկողներն առաւել գայթակղուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, չէ՞ որ այսօր ուրբաթ է»: Իսկ նա, անտեղեակ ձեւանալով, ասաց. «Ներէ՛ք ինձ, եղբայրնե՛ր, ես մոռացել էի, թէ այսօր ինչ օր է»: Ապա տապակած աղաւնիներին ասաց. «Գնացէ՛ք ձեր տեղը եւ մտէ՛ք ձեր երամի մէջ, որովհետեւ այսօր պահոց օր է»: Եւ այս ասելիս՝ աղաւնիներն իսկոյն կենդանացան, թեւեր առան ու թռան բոլորի աչքի առաջ:

 

Տեսնելով զարմանալի սքանչելիքը՝ հրաւիրակներն ապշեցին եւ լցուեցին մեծ սարսափով: Ընկան սուրբի ոտքերը եւ թողութիւն խնդրելով նրանից՝ փառաւորեցին Աստծուն: Այնուհետեւ չհամարձակուելով բռնել Աստուծոյ սուրբին՝ վերադարձան իրենց ուղարկողների մօտ ու բոլորին պատմեցին այն հրաշքի մասին, որ տեսան: Եւ նրանք հրաժարուեցին իրենց խորհուրդներից ու հրաշագործութեան համար սուրբ Գրիգորին անուանեցին երկրորդ սքանչելագործ, իսկ ոմանք էլ՝ որպէս երկրորդ Լուսաւորիչ: Եւ նա այսպիսի սքանչելիքներով, ճշմարտասէր մտքով, խստակրօն կենցաղավարութեամբ ու աստուածաբան քարոզչութեամբ արեգակի պէս փայլեց երկրում: Ըստ ազգային աւանդութեան, որն իր աղօթագրքում լուռ խորհրդաբանութեամբ ակնարկում է նաեւ ինքը՝ Աստուծոյ սուրբը, արժանի եղաւ տեսնելու մանուկ Աստծուն՝ բազմած ամենօրհնեալ Աստուածածնի գրկում, որ երեւաց իրեն Նարեկավանքի առաջ՝ Վանայ ծովակի Առտէր կղզում: Եւ զարմանալի չէ, որովհետեւ սուրբի սրտի ամենօրեայ խորհուրդներն իսպառ ընկղմուած էին մարմին առած Աստուծոյ  տնօրէնութեան հրաշալի խորհուրդների մէջ, լի էր Փրկչի մտերիմ սիրով՝ հանդերձ սուրբ Աստուածամօր հանդէպ սիրոյ առանձնակի եւ ջերմ մտերիմ կապով, ինչպէս որ յայտնապէս ցոյց են տալիս այս հոգեկիր հռետորի աղօթքները, ճառերը, գանձերը եւ տաղերը:

 

Երանելու գործերի գլուխը եւ պսակը բոլորի կողմից վկայուած է նրա հոգելից խօսքերով շարադրուած անկրկնելի աղօթամատեանը, որ սուրբի վանքի անունով Նարեկ է կոչւում: Այն սքանչելի ու ինքնատիպ մի գործ է հրեշտականման աղօթողի եւ աստուածիմաստ բանահիւսի համար: Գրեց Տիրոջ 1002 թուականին սուրբ մենակեացների եւ իր եղբօր՝ Յովհաննէսի խնդրանքով, որին իր մեծ խոնարհութեան պատճառով իրեն գործակից դարձրեց եւ նրա անունը՝ իբրեւ գործակցի, աւելացրեց աղօթամատեանի յիշատակարանում: Դրանից առաջ գրել է Ապարանի սուրբ Խաչի պատմութիւնը, որտեղ վսեմութեան խրթին ոճով եւ այբբենական տառերով ներբողում է սուրբ Խաչին, որը Մոկաց Ստեփաննոս եպիսկոպոսի խնդրանքով 983 թուականին Հայաստան է բերուել յոյների մօտից: Գեղապանծ խօսքերով ու հրաշալի հոգով գրել է նաեւ ներբող՝ նուիրուած սուրբ Աստուածածնին, ինչպէս նաեւ ընտիր ներբողական ճառեր սուրբ առաքեալների եւ սուրբ Մծբնայ Յակոբ հայրապետի մասին, քարոզչական գանձեր տէրունական տօների խորհրդի մասին եւ ի պատիւ սուրբ մարտիրոսների՝ մեղեդիներով ու տաղերով հանդերձ, քանզի կատարեալ քերթող էր եւ հռետորների հռետոր: Ունի նաեւ բազմաթիւ այլ գործեր, որոնք դժբախտաբար մեզ չեն հասել:

 

Աղօթագիրքն աւարտելու նոյն տարում վախճանուեց սուրբ Գրիգորի աւագ եղբայր Յովհաննէս վանականը: Նրանից յետոյ՝ շատ ժամանակ չանցած, երանելի Գրիգորը եւս երկար չմնաց մարմնի մէջ եւ փոխուեց իր ցանկալի Քրիստոսի մօտ: Երկրաւոր հրեշտակը թողեց այս աշխարհը եւ իր կեանքի յիսունմէկ կամ յիսուներկու տարեկան հասակում՝ 1003 թուականին՝ տէր Սարգսի կաթողիկոսութեան օրօք, խառնուեց երկնաւոր հրեշտակների գնդին: Նրա սրբասուն մաքուր մարմինը դրուեց Նարեկավանքում, սուրբ Սանդուխտ եկեղեցու մօտ:

 

Տասնութ տարի անց՝ 1021 թուականին, Վասպուրականի Սենեքերիմ թագաւորը Նարեկավանքի միաբաններից շատերի հետ գնաց Սեբաստիա՝ իր հետ տանելով Վարագայ սուրբ Նշանը: Ակն քաղաքի մերձակայ մի գիւղում  արքան նրանց համար դարձեալ Նարեկ անունով մի նոր վանք շինեց, որտեղ ամփոփեցին սուրբի նշխարները, որը մինչեւ այժմ ուխտատեղի է հաւատացեալների համար:

 

«Յայսմաւուրք»-ը հետեւեալ հրաշքն է պատմում սուրբ Գրիգորի մասին:

 

Այս վերջին ժամանակներում ազգութեամբ մի քուրդ մի հաւ տուեց մի աղքատ կնոջ՝ իր համար թուխս դնելու: Կինը հաւը թուխս դրեց, եւ հաւը ձագեր հանեց: Երեք օր հաւը շրջում էր իր ձագերով, եւ մի օր անձրեւից պաշտպանուելու համար հաւն իր ձագերով մտաւ երկանաքարի տակ: Չարի ազդմամբ երկանաքարն ընկաւ եւ սատկացրեց հաւին ու նրա ձագերին: Այնժամ խեղճ կինն ահաբեկուեց ու մտատանջուեց, որովհետեւ վախենում էր քրդի ցասումից: Ապա յուսալով Աստծուն եւ սուրբ Գրիգորի աղօթքներին, որը կենդանացրել էր տապակած աղաւնիներին, սատկած հաւերին ու նրա ձագերին դրեց մի կաշուէ սակառի մէջ, հաւատքով տարաւ ու դրեց սուրբ Գրիգորի գերեզմանին եւ մտքում աղաչելով Աստծուն ու սուրբ Գրիգորին՝ դարձաւ իր գործին: Մի ժամ յետոյ տեսաւ, որ ահա հաւը գալիս է իր ձագերի հետ: Ուրախութիւնից բոլորին քարոզեց սքանչելիքը, եւ ամենքը հիացած փառաւորեցին Աստծուն եւ սուրբ Գրիգորին:

 

Եւ արդ, եթէ բանականներիս հոգեւոր եւ մարմնաւոր կարիքների համար սուրբը թէ՛ իր կենդանութեան եւ թէ՛ մահից յետոյ ցոյց է տալիս իր զօրութիւնն անբան կենդանիների վրայ, ապա որքան առաւել օգնութեան կը հասնի նրանց, որոնք հոգու եւ մարմնի առողջութեան համար հաւատքով կը դիմեն իր բարեխօսութեանը:

 

Նրա սքանչելի աղօթագիրքը գրուած է մենակեացների եւ բազմաթիւ անապատականների խնդրանքով: Եթէ մի կողմից այն հաստատում է իր քերթողական հանճարի, գրական եւ բարեպաշտ զգացումների մեծութիւնը, ապա միւս կողմից ցոյց է տալիս այն սրբութիւնն ու զօրութիւնը, որ վայելում էր Նարեկավանքի համեստ վանական սուրբ Գրիգորը: Բաւական է նշել այն, որ մեր ազգը Սուրբ Գրքին գրեթէ համահաւասար պատիւ է ընծայել «Նարեկ» աղօթագրքին եւ սքանչելագործ յատուկ զօրութիւններ տեսել նրա ամէն մի գլխում: