Հայրապետ սուրբ եւ անբիծ եւ ընտրեալ յորովայնէ.
Սքանչելագործ վկայ եւ պարծանք ազգի մարդկան.
Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր տօնողացս:
Հովիւ հոգեւոր բանաւոր հօտի.
Լուսաւորիչ տիեզերաց սիւն լուսոյ կանգնեալ ի մէջ եկեղեցւոյ.
Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր տօնողացս:
Հաստատութիւն հաւատոյ պսակ ի գլուխ եկեղեցւոյ.
Պայծառ քարոզ տիեզերաց եւ պարծանք ազգի մարդկան.
Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր տօնողացս:
(Շարակնոց)
Սուրբ Ներսէսը Շնորհալի է կոչուել Աստուծոյ Սուրբ Հոգու շնորհներով զարդարուած լինելու համար եւ Հռոմկլայի հայրապետական Աթոռի կողմից կոչուել նաեւ Կլայեցի: Նա եղաւ Հայաստանեայց համօրէն հայրերի ու վարդապետների պարծանքների պսակը, Եկեղեցու լուսաւոր առաջնորդը, ինչպէս Լուսաւորիչը, բարեզարդ կարգաւորիչը, ինչպէս Ներսէս Մեծը, գրաւոր գործերով պայծառացուցիչը, ինչպէս թարգմանիչները եւ մերձաւորներին ու հեռաւորներին հրեշտակային վարքով օրինակ հանդիսացողը, ինչպէս սուրբ Նարեկացին:
Նա մեր սուրբ Գրիգոր Լուսաւորչի պարթեւական զարմից էր՝ սերուած սուրբ Սահակ Պարթեւի դստրից, եւ մինչեւ այդ ժամանակները Հայոց ազգի մէջ շարունակւում է մնալ քաջ նահատակ սուրբ Վարդանի տոհմի Մամիկանեան շառաւիղը: Հօր կողմից Մամիկոնեան էր, իսկ մօր կողմից Պահլաւունի Արշակունեան, որ սուրբ Գրիգորի պարթեւեան սերունդներից էր, ուստի հետնորդ սերունդները նախընտրեցին կոչուել մօրական ազգութեամբ եւ ոչ հօրական:
Մօրական կողմից նոյն տնից էր նաեւ բարեպաշտ եւ անուանի հայոց իշխան Գրիգոր Մագիստրոսը՝ սուրբ Գրիգոր Վկայասէրի հայրը եւ սուրբ Ներսէս Կլայեցու նախահայրը, քանզի Մագիստրոսի դստրից ծնուեցին չորս որդիներ՝ Ապիրատ, Վահրամ, Վասակ փառաւոր իշխանները եւ Եգիպտոսի կողմերի Գրիգորիոս եպիսկոպոսը: Ապիրատ իշխանը եւս, որը Խարբերդի տարածքում գտնուող Ծոփք դղեակի տէրն էր, ունեցաւ չորս որդիներ՝ Վասիլ իշխանը, Շահան զօրավարը, Գրիգորիս Պահլաւունի եպիսկոպոսը, որը ոմանց կողմից Վկայասէր Կրտսեր է կոչւում եւ Ներսէս կաթողիկոսը, որը Կլայեցի եւ Շնորհալի կոչուեց:
Արդ, երանելի Ներսէսը ծնուել է Տիրոջ 1100 թուականին եւ իր բարեպաշտ ծնողների տանը Գրիգոր Վկայասէրի հովանու ներքոյ, որն իրենց հօր քեռին էր՝ Ապիրատի մօրեղբայրը, հարազատ եղբօր՝ Գրիգորիոսի հետ մեծացաւ աստուածպաշտութեան կարգով: Աստուածային Սուրբ Գրքով եւ օտար գիտութիւններով կրթուեց Ստեփաննոսի՝ Սեւ լերան Կարմիր վանքի բանիբուն առաջնորդի մօտ, որին աշակերտել էին նաեւ Ղուկասի աւետարանի մեկնիչ Իգնատիոսը եւ ընդհանրական թղթերի մեկնիչ Սարգիս Շնորհալին:
Օրեցօր Ներսէսը գիտութեամբ առաջ էր անցնում թէ՛ իր հասակակիցներից եւ թէ՛ աւագներից: Զարգանալով Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհներով՝ սքանչելի եւ կատարեալ գտնուեց իմաստութեան եւ առաքինութիւնների մէջ: Եւ երբ նրա աւագ եղբայր երանելի Գրիգորը կաթողիկոս ընտրուեց, կրտսեր եղբօրը քահանայ ձեռնադրեց եւ անուանակոչեց տէր Ներսէս (նախկին անունն այլ էր), որովհետեւ նրա մէջ տեսնում էր իրենց նախնու՝ Մեծ Ներսէս Պարթեւի շնորհները, իսկ երբ Աթոռը տեղափոխեց Հռոմկլայ, նրան եպիսկոպոս օծեց:
Շնորհազարդ սուրբ Ներսէս եպիսկոպոսը դարձաւ իր եղբօր՝ սուրբ Գրիգորիս հայրապետի գործակիցը հովուապետական ծառայութեան մէջ: Արթնութեամբ տքնում էր իր հօտի համար, որպէսզի իր խօսքով եւ գրչով, բայց առաւել շատ իր օրինակով, բոլորին առաջնորդէր կեանքի եւ փրկութեան ճանապարհով, քարոզում եւ վարդապետում էր ճշմարտութիւնը, քանզի յորդաբուխ էր իր խօսքով եւ յոյժ յաջողակ շարագրութեան մէջ, ի բնէ կատարեալ քերթող էր եւ ճարտար բանահիւս, իսկ լեզուն՝ ինչպէս Սուրբ Հոգու արագագիր դպիր, որով նրա շրթունքներից շնորհներ էին սփռւում՝ ի շինութիւն ամէնքի: Հեզ եւ խոնարհ էր վարքով, քաղցր՝ խօսքով եւ փարելի՝ կենցաղավարութեան մէջ: Առաջնորդ էր մերձաւորների եւ հեռաւորների համար, խնամարկում էր բոլորին եւ խրատում: Որպէս Աստուծոյ հրեշտակ՝ սիրելի էր բոլորին, իբրեւ առաքելաշնորհ Աստուծոյ այր՝ պատկառելի էր մեծերի ու փոքրերի համար եւ ի վերջոյ՝ ազնուագութ եւ բարեգորով հայր էր առհասարակ բոլորի համար: Եթէ մէկն աղքատ կամ կարիքաւոր էր, գնում էր նրա մօտ եւ լիանում, իսկ եթէ նեղուած կամ հարստահարուած՝ նրա մօտ սփոփւում եւ հանգստանում էր, տգէտը նրա մօտ իմաստուն էր դառնում, իսկ մեղաւորը՝ նրանով զղջում եւ դարձի գալիս: Առաջնորդ էր մոլորեալների համար, բժիշկ՝ հոգով հիւանդների համար եւ բարերար՝ ամէնքի հանդէպ: Մինչեւ իսկ սիրով եւ հեզութեամբ նուաճում էր թշնամիներին ու բոլորի սրտերը դէպի իրեն ձգում: Բայց այդ բոլորից առաւել երանելին խնամք էր տանում եկեղեցական բարեկարգութեան համար: Մեր հին առաջնորդների բարի կարգադրութիւնները, որոնք վերջին ժամանակներում բաւական աղաւաղուել էին, վերահաստատեց եւ պայծառացրեց նախկինից եօթնապատիկ աւելի, որով անմահ յիշատակ թողեց Հայաստանեայց Եկեղեցում որպէս բարեկարգիչ՝ տիրապէս լինելով վերջին կարգադիրը եւ բոլոր գլխաւոր ծէսերը, պաշտամունքները, եկեղեցական ընթերցուածքները, շարականներն եւ բարեզարդութեան բոլոր կարգերն ամբողջացնողը:
Յոյները նրան կոչեցին Արամեան տոհմի Ոսկեբերան եւ Թորգոմեան տան աստուածաբան: Եւ եթէ այլ լեզուներով թարգմանուած լինէին սուրբի լուսաւոր եւ զօրաւոր մատեանները, Հայաստանեայց առաքելաշնորհ այս հայրապետը տիեզերալոյս վարդապետ կը ճանաչուէր: Այնուամենայնիւ, իր իսկ կենդանութեան ժամանակ իր գործերի պտուղներով նրա անունը պայծառացաւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ինչպէս Լամբրոնացին է վկայում՝ նրա համբաւը հասաւ մինչեւ Հռոմ, եւ նրա շնորհիւ հայոց հայրապետական Աթոռը պատուի արժանացաւ Հռոմի գահի կողմից, որտեղից գաւազան, քօղ եւ այլ պէս-պէս ընծաներ ուղարկեցին նրա եղբայր Գրիգորիս կաթողիկոսին: Նրա անունը պանծալի գովութեամբ քարոզուեց նաեւ յունաց կայսեր եւ պատրիարքի կողմից ու հռչակելի եղաւ ամբողջ Ասորիքում ու այլ եկեղեցիներում:
Սակայն սքանչելին այն է, որ որքան անուանի էր դառնում սուրբ Ներսէսի անունը եւ քարոզւում նրա իմաստութիւնը, սրբութիւնն ու առաքինութիւնը, նոյնքան երանելին զարդարւում էր մեծ խոնարհութեամբ: Ճգնասէր էր եւ աղօթասէր, իսկ սրտում բնակակից էր Աստծուն: Եկեղեցու մեծ հոգսերի հետ միշտ խաղաղ էր հոգով: Փափագում էր ամբողջովին առանձնանալ անապատում, սակայն մարդիկ թոյլ չէին տալիս, որովհետեւ Աստուած կամենում էր, որ նա լինէր ազգի եօթնաջահ լուսատու ճրագը: Ուստի երբ յիսուներեք տարի հայրապետական Աթոռին նստելուց յետոյ մօտեցան երանելի Գրիգորիս կաթողիկոսի վախճանի օրերը, նա Հռոմկլայի հայրապետական Աթոռում եպիսկոպոսների եւ վարդապետների ժողով հրաւիրեց, յայտնեց նրանց իր ծերութեան եւ տկարութեան, միաժամանակ աշխարհից իր մօտալուտ փոխման եւ որպէս հովիւ իր հարազատ սուրբ Ներսէսին կաթողիկոսական Աթոռին կարգելու մասին: Եւ թէպէտ վերջինս հրաժարւում էր իր մեծ խոնարհութեան եւ առանձնասիրութեան պատճառով, ինչպէս նաեւ իր ծերութիւնը պատճառ բռնելով, սակայն բոլորի պահանջով ստիպուած եղաւ հնազանդուել:
Այնժամ երանելի Գրիգորիսն օծեց նրան, տալով նրան իր հայրապետական զարդերը՝ գլխին գցեց կաթողիկոսական քօղը, ձեռքը տուեց իր գաւազանը եւ նստեցրեց իր Աթոռին: Ապա բոլոր ժողովականների հետ խոնարհուելով՝ ողջոյն տուեց նրան որպէս ամենայն հայոց կաթողիկոսի, իսկ սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետը վեր կացաւ եւ բազմութեան առաջ սկսեց խօսել սքանչելի ատենախօսութեամբ՝ ցոյց տալով իր խոնարհամտութիւնը եւ հովուապետական մեծ պարտաւորութեան զգացումը: Խօսեց նաեւ, թէ ինչպիսի արժանաւոր հովիւ պէտք է ընտրել Քրիստոսի բանաւոր հօտի համար՝ շեշտելով, որ հովւութեան կոչուողը պէտք է անթերի լինի սրբութեամբ եւ կատարեալ իմաստութեամբ, որից երանելին իրեն զուրկ էր խոստովանում, սակայն նրա գործերի պտուղներն աղաղակում էին, թէ չկայ իրենից արժանաւոր կամ իր նման մէկը: Սա եղաւ Տիրոջ 1165 թուականի տարուայ վերջին, իսկ յաջորդ տարուայ սկզբին երանելի Գրիգորիսը հրաժեշտ տուեց կեանքին եւ թաղուեց Հռոմկլայի իր շիրիմում:
Այնժամ սուրբ Ներսէս հայրապետը գրեց «Ընդհանրական թուղթ»՝ ուղղուած համայն հայ ազգին, որտեղ յիշատակում էր եղբօր փոխուելն աշխարհից եւ ակամայ իր ընտրուելն ամենայն հայոց կաթողիկոսական Աթոռին, ինչպէս նաեւ թւարկում էր հովուապետական իր պարտաւորութիւններն իր հօտի առջեւ: «Եւ քանի որ, - ասում էր, - չենք կարող դէմ դիմաց խօսել բոլորիդ առջեւ եւ խրատներով առաջնորդել ձեզ, ինչպէս որ արժան է, ապա ինչ որ պարտաւոր ենք ասել, գրաւոր կերպով տեղեկացնում ենք հեռւում գտնուողներիդ, ինչպէս մօտ եղողների, որը պէտք է լսէք ու կատարէք»: Եւ սկսելով վանականներից, եպիսկոպոսներից ու քահանաներից մինչեւ աշխարհականները՝ ըստ իւրաքանչիւրի վիճակի եւ կարգի, աստուածագութ սիրով, հայրախնամ ջանքով, հոգեբուխ խօսքով եւ աստուածաշնորհ վարդապետութեամբ գլուխ առ գլուխ գրեց մարգարտաշար սքանչելի խրատներ: Ընտրեց շատ հոգեկիր անձանց եւ ուղարկեց զանազան տեղեր՝ քարոզելու եւ հոգիների մշակութեան համար: Լի հոգով եւ շնորհներով՝ գրեց նաեւ բազմաթիւ թղթեր՝ ուղղուած տարբեր գաւառներին, քաղաքներին եւ առանձին անձանց: Սակայն առաւել յիշատակութեան արժանի են Շնորհալու կաթողիկոսութիւնից առաջ եւ յետոյ՝ մինչեւ իր կեանքի վերջն եղած նրա թղթակցութիւնները յունաց Կիռմանուէլ կայսրի եւ նրանց Միքայէլ պատրիարքի հետ: Այդ գրութիւնները վերծանողներն իմաստութեամբ յանգել են այն համոզմունքի, թէ ինչպէս անհնար թուացողը հնարաւոր դարձաւ մեր սուրբ հօր հրեշտակային առաքինութեան եւ շնորհալից վարդապետութեան շնորհիւ, քանզի ատելութեամբ պառակտուած երկու ազգերին նա միաբանեց սիրով, մէջտեղից վերացրեց բաժանարար հերձուածը եւ բոլորին միաւորեց քրիստոնէական մի ուղղափառ դաւանութեան մէջ: Այս միութիւնը յետագայում՝ Շնորհալու մահից յետոյ, իրագործուեց երկու կողմերի ազգային ժողովներով, սակայն յետոյ եկած յոյն թագաւորներն ու առաջնորդները հեռու մնացին նոյն Հոգու սուրբ միաբանական սիրուց:
Յիշենք նաեւ Շնորհալու այլեւայլ ժամանակներում գրուած այլ երկասիրութիւնները: Ծաղկուն հասակում՝ իր նորընծայ քահանայական շրջանում՝ հայոց 1121 թուականին, գրեց մեր նախնիների չափածոյ վիպասանութիւնը: Ապա երբ Զանգի ամիրան 1144 թուականին գրաւեց Եդեսիա քաղաքը, գրեց «Եդեսիայի ողբը» իր եղբօրորդի Ապիրատի խնդրանքով, որը ժամանակ անց եղաւ կաթողիկոս՝ Գրիգոր Ապիրատ անունով: Նոյն Ապիրատի խնդրանքով գրեց «Խոստովանիմ»-ը, որը եօթ հարիւր տուն չափածոյ է՝ ասես թէ քաղուած աւետարանից: «Յիսուս Որդի» կոչուած ամբողջ գիրքը երկու հազար տուն չափածոյ գրուածք է, որը շարագրել է 1151-1152 թուականներին: Այն աղօթական ձեւով եւ Աստուծոյ Հոգով գրուած Հին եւ Նոր կտակարանների գեղեցիկ բովանդակութիւն է, զանազան հատուածներում կիրառել է այբբենական տաղաչափութիւն, չափածոյ գովեստ հրեշտակների մասին՝ արձակ ներբողով հանդերձ: Յայտնի են նրա գեղեցիկ եւ սքանչելի խորհրդածութիւններով գրուած բազմաթիւ շարականները, տաղերը եւ գանձերը՝ նուիրուած տէրունական տօներին եւ ի պատիւ սուրբերի, որոնցից մի մասի ամէն մի տան առաջին տառերը գրուած են՝ ըստ այբբենական շարքի, եւ կան, որ յարմարեցուած են «Ներսէս» կամ «Ներսէսի երգ» անուններով: Էլ աւելի բազմաթիւ են շարականները՝ գրուած շնորհալի վարդապետի սքանչելի հոգու մարգարտաշար խօսքերով եւ լի աստուածիմաստ խորհրդով, շարադրուած հրաշալի աստուածաբանութեամբ, Սուրբ Գրքի խորհրդական մեկնութիւններով եւ վսեմ ու դիւրիմաց ոճով: Գրեց նաեւ չափածոյ ներբող՝ նուիրուած աստուածընկալ սուրբ Խաչին՝ Դաւիթ Անյաղթի ճառի արձակ վերլուծութեամբ հանդերձ, որն էլ առիթ հանդիսացաւ գրելու Խաչի ճառը եւ «Բարձրացուցէք»-ի մեկնութիւնը Հաղբատի վանքի Վարդան վարդապետի խնդրանքով: Հաղբատի առաջնորդ Գէորգի խնդրանքով 1156 թուականին գրեց սուրբ Սարգիս զօրավարի պատմութիւնը, իսկ մէկ այլ վարդապետի խնդրանքով գրեց «Չարը տանջանքի ենթակայ է» ճառի մեկնութիւնը, որը կարելի է գտնել Դաւիթ Անյաղթի սահմանումների գրքի վերջում: Գրեց նաեւ շատ այլ հոգեւոր ու իմաստասիրական գրուածքներ թէ՛ չափածոյ եւ թէ՛ արձակ խօսքերով: Մինչեւ իսկ աշխարհիկ լեզուով յօրինեց դիւրալուր առակներ, որոնց հանելուկներ են ասում, որպէսզի հասարակ ժողովրդի բերանին դատարկաբանութեան եւ բամբասանքների փոխարէն մտաւոր ու իմաստալից խօսքեր լինեն: Բոլորի՝ թէ՛ քահանաների եւ թէ՛ ժողովրդի բերանին է սուրբի «Հաւատով խոստովանում եմ» սքանչելի աղօթքը, որը պարզ եւ յստակ խօսքով գրեց գրաբար լեզուով: Գրեց բոլորի՝ մեծերի եւ փոքրերի, տղամարդկանց եւ կանանց համար, ըստ օրուայ ժամերի՝ բաժանուած քսանչորս գլուխների, որպէսզի ոչ ոք պատճառ չբռնի, թէ ձեռքի տակ չունի կարեւոր աղօթքների եւ ամենօրեայ խնդրանքների պատրաստ բովանդակութիւնը: Յետագայում այս աղօթքը թարգմանուեց բոլոր ազգութիւնների լեզուով, որովհետեւ համօրէն եկեղեցիների վարդապետների աղօթքների մէջ չկան նման աղօթական խօսքեր:
Իր բոլոր գործերից յետոյ երանելին ձեռնարկեց գրել նաեւ Մատթէոսի աւետարանի մեկնութիւնը՝ լի հմտութեամբ եւ համեղ խօսքերով ու Յովհան Ոսկեբերանի ոճով: Սակայն ցաւալի է, որ չկարողացաւ այն աւարտին հասցնել իր եկեղեցական բազմաթիւ հոգսերի եւ կանխահաս մահուան պատճառով, կամ էլ մինչեւ այժմ չի գտնուել ամբողջական գործը, այլ միայն այդքանը: Գործի մնացած մասն ամբողջացրել է Յովհան Ծործորեցին, որ է Երզնկացին:
Արդ, սուրբ հայրապետն իր կեանքի օրերը լցրեց այսպիսի բարեվաստակ եւ յաւերժայիշատակ գործերով: Եւ հասնելով չափաւոր ծերութեան՝ մինչ պատրաստւում էր գումարել վերջին ժողովը Եկեղեցու միաբանութեան համար, մարմնի տկարութեան պատճառով վտանգուեց նրա առողջութիւնը, որովհետեւ նիհարել էր խստակրօն ճգնութիւնից, ցամաքել ամենօրեայ արտասուքներից եւ յոգնել Եկեղեցու բազմադիմի հոգսերից: Եւ այդպէս իբրեւ հասունացած ցորենահատիկ՝ 1173 թուականին, եօթանասունհինգ տարեկան հասակում՝ կաթողիկոսութեան եօթերորդ տարում, Եկեղեցու մեծամեծ հայրապետների ու վարդապետների հետ ամբարուեց երկնքի արքայութեան շտեմարանում եւ մեծաշուք արարողութեամբ թաղուեց եղբօր մօտ՝ Հռոմկլայի իր դամբարանում:
ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍԻ ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Մեր երկրորդ լուսաւորիչը եւ արեգակնանման շնորհազարդ Ներսէսը, որ այսուհետեւ առաջացած տարիքում է, մայր մտնելու վրայ է: Փութանք զուարճանալ նրա խաղաղական լոյսով եւ թէ հնարաւոր է, քննել ու յայտնել՝ որն է նրա այնքան պայծառութեան կնքուած աղբիւրը: Ողջ կեանքը յօգուտ Եկեղեցու եւ ժողովրդի պէս-պէս տառապանքներով եւ խօսքով ու գրչով չարչարուողը, ազգի եւ Եկեղեցու միութեան համար այդքան ջանացողը քաջ գիտէր, որ իր բոլոր ջանքերի ու ճշմարտութեան առարկան իր իսկ անձն է, որովհետեւ ամէն բանից վեր Արարիչը իւրաքանչիւր մարդուց պահանջում է իր անձի կատարելութիւնը՝ ըստ հոգու եւ ըստ մարմնի: Եւ այս հիմնական սկզբունքը սուրբ Ներսէսը կերաւ իր կաթի հետ եւ սնուեց դրանով մինչեւ իր կեանքի վերջը:
Տօրոսի լեռնաշղթային սեպացած Սեւ լերան գագաթները՝ իբրեւ մի հսկայ եւ բարձրաբերձ օրորոց, մանկուց ընդունեցին Ներսէսին եւ ասես օդում եւ ոչ թէ երկրի վրայ օրորելով՝ պահեցին նրան սրբազան եւ անզբաղ միայնութեան մէջ. ճերմակած եւ ծերութեամբ զարդարուած Մեծ Վկայասէրի ծոցը եւ նորաբոյս Վկայասէր Կրտսերի հարազատ ձեռնտւութիւնը ձեւաւորեցին նրան, իսկ ճգնասուն հայրերի եւ վարդապետների խրատներն ու օրինակները հասունացրին: Եւ դրանք ոչ միայն անջնջելի մնացին ու աւելացան նրա հասակին, այլ երբ ինքը եղաւ իր տէրը, օտար վարդապետներից ու դաստիարակներից առաւել անդուլ ու անքուն կերպով կրթեց ինքն իրեն եւ դարձաւ իր անձի անաչառ կրթողն ու քննիչը: Եւ որքան առաջ էր գնում իր կոչման մէջ՝ մինչեւ Հայաստանեայց ծայրագոյն քահանայապետութիւնը, այնքան ինքն իր վրայ աւելացնում էր հսկողութիւնը: Քահանայութեան շրջանում էլ աւելի ճնշեց ինքն իրեն, որպէսզի սուրբ աստիճանին լինէր ամենասուրբ Սեղանին վայել սուրբ սպասաւորը: Կաթողիկոսութեան տարիներին ոչ միայն չթուլացրեց իր առանձնական ճգնութիւնները, այլ առաւել ճգնեց եւ միշտ սրբութեան ձգտեց: Այնպէս էր թւում, թէ այն մեծ հայրապետը հայ եկեղեցու մանուկների շարքում էր եւ պէտք է կրթէր մանուկ Ներսէսին ու կրթէր ցմահ: Յիրաւի, իր մաքրութեամբ նա մանկափայլ մնաց մինչեւ իր վախճանը, եօթանասունամեայ տարիքում գրում էր տաղեր, երգում ընտրանի շարականներ եւ շարագրում անզուգական ուղերձներ: Եւ նոյն սթափ մտքով ու կորովի սրտով նա չէր դադարում զարդարել իր ներքին մարդուն:
Այսպիսի անձը, որ ծնուեց, սնուեց եւ մեծացաւ սրբութեամբ, բնակուեց աստուածային իմաստութեան մէջ ու այն լցրեց իր բազմապատիկ շնորհներով: Ներսէսի սուրբ վարքը եղաւ նրա շնորհալի տաճարի յատակը, սուրբ եւ ճկուն միտքը՝ բարձրագմբէթ ձեղունը, առաքինի խոնարհութիւնը՝ յատակի եւ գմբէթի կցորդիչ պարիսպները, հանճարեղ վարքի քաղցրութիւնն ու մտքի արգասիքը՝ ներքին եւ արտաքին զարդաքանդակները: Առաքինութիւնն ու գիտութիւնը՝ իբրեւ շուշանավարդ պսակներ իր ոսկէծիրան բազմախաչ նափորտի վրայ, պայծառափայլ զարդարում էին նրան: Սուրբի մանկական մաքրութիւնը տեսնող երանելի անձինք սքանչանալով կարող էին ասել. «Ի՞նչ պէտք է լինի այս մանուկը»: Երկու Վկայասէրները, Բարսեղ եւ Ստեփանոս վարժապետներն ու խնամակալներն ուշադիր լսում եւ իրենց սրտերում պահում էին այդ մանկան ասած խօսքերը, որի մանկութիւնը յայտնում էր միայն իր տարիքը եւ ոչ թէ միտքը, որովհետեւ այնտեղ, ուր միաւորւում են սրբութիւնն ու իմաստութիւնը, այնտեղ չի երեւում տարիքը: Սուրբ սիրտը միայն իմաստութիւն է սիրում, եւ իմաստութիւնը, որը հեռու է չարագործ մարդուց, հանգստանում է բարեգործ սրտում, այն բարձրացնում է նրան ու հասցնում աստուածային տեսութեան, քանզի Տէրը երանի տուեց ճշմարիտ եւ իրական իմաստութեանն ու սրբութեանը՝ ասելով. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»[1]: Եւ ինքը՝ Ներսէսը, խորհրդածելով այս երանութեան շուրջ, հիացմամբ ասում էր. «Ով իր սիրտը մաքրում է բոլոր ախտերից, իր հոգու մէջ տեսնում է Աստուծոյ պատկերի գեղեցկութիւնը եւ որքան աւելի է մաքրում, այնքան աւելի ու աւելի է տեսնում աստուածային գեղեցկութիւնները»: Հաւատում ենք, որ Ներսէսն այդպէս էր անում ու տեսնում եւ գերազանցելով իր նախորդներին՝ հասնում Լուսաւորչի որդիներին ու թոռներին: ... Քանի քանիսներն են ընկել Ներսէսի ոտքերը, եւ նա կանգնեցրել է նրանց ու իր տաքուկ ծոցն ընդունել, ինչպէս սիրալիր հայրն անառակ որդուն: Աւա՜ղ նրանց, որ կա՛մ կամաւոր, կա՛մ ժամանակ չունենալով չդիմեցին ողորմութեան, սիրոյ եւ իմաստութեան աղբիւր հայրապետին: Այսպէս եղան եւ երեք քահանաներ՝ մէկն աշխարհի մէջ՝ Կարապետ անունով, երկուսն էլ վանականներ՝ Յուսիկ եւ Գէորգ անուններով, որոնք իրենց թերութիւնների եւ չարախօսութեան համար խրատուեցին եւ յանդիմանուեցին սուրբ հայրապետի կողմից: Սակայն նրանք չզղջացին, այլ թողեցին իրենց տեղը, ինքնահալած գնացին Ուռհայ եւ սկսեցին այլոց հետ բամբասել Շնորհալուց՝ նրան սիմոնական եւ կաշառակեր կոչելով: Գուցէ նրանք էլ աւելի բարձր աստիճանների հասնելու փափագ ունէին եւ մերժուելով իրենց անարժանութեան համար՝ զրպարտեցին նրան: Եւ որպէսզի հաճոյ երեւան Ուռհայի օտարազգի քրիստոնեաներին, յայտնապէս թողեցին հայոց ծէսը եւ ընդունեցին յունականը կամ լատինականը՝ զատուելով Ներսէսի միաբանութիւնից ու չորս հարիւր տուն իրենց միաբանելով: Շնորհալին, որ տեղեակ էր նրանց անարժան վարքին ու խաբէութեանը, ճշմարտութիւնը նամակով տեղեկացրեց Ուռհայի քաղաքապետին: Վերջինս էլ քաղաքից հալածեց նրանց իբրեւ խաբեբաների, սակայն նրանք, Նուրէդդինի պաշտպանութեանը դիմելով, կարողացան դարձեալ վերադառնալ Ուռհայ՝ յաղթանակելու իրենց կամապաշտութեամբ: Ասորիների Միխայիլ կաթողիկոսն էլ ինչ-որ դիտաւորութեամբ կամեցաւ հաշտեցնել նրանց իրենց հայրապետի հետ, որի համար պատուիրակ ուղարկեց նրա մօտ, սակայն այդ ընթացքում սուրբ Ներսէսը վախճանուել էր, եւ նրանք չկարողացան արժանանալ նրա օրհնութեանը: ... Որքան որ զզուելի եւ գարշելի էր այսպիսի անձանց չարախօսութիւնն ու ատելութիւնը յատկապէս այդքան հեզահոգի եւ սրբամաքուր անձի դէմ, այնքան նա պանծալի էր, որովհետեւ նմանւում էր ամենաճշմարիտ Վարդապետին եւ մեր առաջնորդ Տէր Յիսուս Քրիստոսին: Սուրբ Ներսէսն իր Նախօրինակի եւ Փրկչի բոլոր երանութիւնները սիրող եւ գործով կատարողն եղաւ, հալածուեց արդարութեան համար, նախատուեց եւ բամբասուեց, որոնց սպասում էր փափագով ու գրում. «Արքայութեան պտղի ծաղիկը նեղութիւնն է: Եթէ կամենում էք պտուղը քաղել, հաւաքէք նախ ծաղիկները: Պէտք է հալածուենք այստեղ, որպէսզի հասնենք վերին կոչմանը»:
Նրա գրուածքներն ախորժելի, անոյշ, պաշտելի եւ կիրառելի էին իր սիրելիների, բարեկամների եւ բոլորի համար: Որտեղ էլ կարդում էին նրա թղթերը, պատկառանքով ու սիրով ընդունում էին դրանք որպէս աստուածային պատգամներ:
Սուրբ Ներսէս Շնորհալու կեանքը կարելի է միօրինակ համարել պատուական գործերի շարք: Նա՝ որպէս Եկեղեցու եւ դպրութեան անխոնջ մշակ, Աստուծոյ սպասաւոր, հայոց ազգի դաստիարակ, մարդկութեան օգնական եւ բարերար, շատ գործեր ու սուրբ վարք ընծայեց՝ լի զեղուն բարիքներով, հաճոյ երկնքին ու երկրին, որոնց երկուսի համար էլ նա հասուն էր դեռեւս մանկուց: Նա արդէն զգում էր, որ ժամանակն է կատարեալ շնորհների ծովում ընկղմուելու եւ իր ծածուկ փափագը՝ առաքեալի հետ մարմնից ելնելու եւ առ Աստուած մտնելու համար: Սիրտն էլ, չսպասելով օրհասին, արդէն իբրեւ մարմնի եւ աշխարհի բեռը թօթափած, ցնծում եւ ուրախանում էր, որովհետեւ ահա պիտի հասնէր այն կետին, որի համար իր նման քիչ մարդիկ են վաղ ժամանակից հոգում եւ բաղձում: Այս ամէնով հանդերձ՝ գրեթէ մինչեւ վերջին օրերը նա չդադարեցրեց իր ամէնօրեայ ճգնութիւնները, անքնութիւնը, եւ աշխատանքները՝ թողելով, որ բնութիւնն ինքը պահանջի իր հարկը:
Շնորհալին արդէն յայտնել էր իր վերջին աւանդներն ու փափագները: Բոլորին իր հրաժեշտն ու օրհնութիւնը տալուց յետոյ յիշեց նաեւ հեռւում գտնուողներին եւ օրհնեց ամբողջ երկիրն ու ազգին: Խաղաղ դէմքով ու խղճով խոստովանեց, որ միշտ ջանացել է կատարել Աստուծոյ կամքը եւ ամէն բան, ինչ հաճելի է Նրան, որով էլ յոյս ունէր ընդունել խոստացած բարիքները՝ արժանի իր կեանքին եւ կոչմանը: Եւ ապա իր Արարչին աւանդեց բազմապատիկ քանքարներով ազնուացած իր հոգին, որ եղաւ 1173 թուականին՝ Տիրամօր Վերափոխման ութօրեակի սկզբում՝ օգոստոսի ութին՝ հինգշաբթի օրը: Հայոց հայրապետական Աթոռը նա վարեց եօթ տարի եւ երեք ու կէս ամիս:
Հաւատքը հիմքն է, իմաստութիւնը՝ ճարտարապետը, իսկ սէրը շէնքը եւ շինիչը, միաւորողը եւ հաստատիչը: Շնորհալին իր իմաստութեամբ եւ սիրով կարողացաւ վերացնել երկար ժամանակներ սովորութիւն եւ բնութիւն դարձած ատելութիւնը: Հաւատում եմ, ո՛վ սուրբ Շնորհալի, որ քո բարեխօսութեամբ կարող ենք ստանալ հնարաւորն ու անհնարը, ու կը բացուի երկնային շնորհների աղբիւրը, որոնցով դու այնքան լի էիր ու թաթախուած:
Ուստի յիշատակենք եւ տօնենք այն աննման անձի յիշատակը, որովհետեւ եթէ հնարաւոր լինէր, ամէն մի նախանձախնդիր ազգ կը փափագէր սեփականացնել նրան: Նրան, ով մանկուց խոհական եւ չափահաս այր երեւաց, բայց ծերութեան մէջ՝ որպէս հեզ եւ անմեղ մանուկ: Նրան, ով երբէք հեշտութեամբ չծիծաղեց եւ ոչ էլ զուր խօսք ասաց, բայց միշտ զուարթադէմ էր եւ քաղցրազրոյց: Նրան, ով ըստ քիմքի եւ կամքի ոչինչ չգրեց, բայց միշտ յօժար էր գրելու՝ ըստ այլոց կամքի եւ անհրաժեշտութեան: Նրան, ով միշտ բնակւում էր անապատներում եւ քարանձաւներում, բայց իբրեւ ապարանքներում բնակուող՝ մարդասէր էր եւ առաջնորդող, ով ընտրում էր առանձնութիւն Աստուծոյ հետ, բայց յօգուտ ընկերութեան՝ ժողովում էր բոլորին: Յիսուն տարի եղաւ Հայաստանեայց Եկեղեցու պատգամ, վարիչ, լուսատու եւ վարդապետ: Յիսուն տարի եղաւ ինչպէս իր Եկեղեցու, այնպէս էլ հայոց ազգի դպրութեան դասագլուխ եւ հայկաբանութեան յաւերժ օրինակ: Նա եղաւ մեր գեղեցիկ ժամերգութիւնների եւ պաշտամունքի գրեթէ ամբողջ երրորդ մասի հեղինակն ու աւանդողը: Վեր եղաւ բոլոր քերթողներից եւ «Երգեցող» կոչուեց: Անշուշտ, առաւել այդպէս պիտի ճանաչուի նաեւ երկնաւորների կողմից, քանզի նրա սուրբ սիրտը վսեմ եւ զմայլեցուցիչ մի քնար ունէր, որով մինչեւ այժմ մեղմ վանկերով ու քաղցր եղանակներով արթնացնում է հոգեսէր անձանց: Ընծայենք մեր սուրբ հայրապետին արժանաւոր՝ աւելի քան ոսկեղէն եւ ականակուռ մի պսակ: Ընծայենք նրան շնորհակալ եւ շնորհափայլ սրտեր: Ծնողների հանդէպ որդիների ճշմարիտ սէրն ու յարգանքը նրանց նմանուելն է, բայց ինչպէ՞ս կարող ենք նմանուել աննման Ներսէսին: Եթէ իւրաքանչիւրս, ջանալով մեր չափին եւ վիճակին վայել շնորհներ ստանալ, ապա կը կարողանանք ազգովին խմբուել եւ դառնալ զանազան ծաղիկներից հիւսուած շնորհազարդ պսակ եւ նուիրուել քեզ, ո՛վ հրաշազարդ մեր Շնորհալի՛ հայր:
[1] Մատթ. Ե 8:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: