Երկնային զուարթունք հրեշտակք եւ հրեշտակապետք, վերին Պետութիւնք.
Բարձր արարէ՜ք զՀայրն երկնաւոր:
Անմարմնոց բազմութիւնք. Իշխանութիւնք, Զօրութիւնք, անմահ Տէրութիւնք.
Բարձր արարէ՜ք զՔրիստոս Թագաւորն:
Վեցթեւեան Սերովբէք, քառակերպեան Քերովբէք, Աթոռք Անեղին.
Բարձր արարէ՜ք զՀոգին ճշմարիտ:
(Շարակնոց)
Հրեշտակ անունը, որը ստացել են հրեղէն երկնային զօրքերը, թարգմանաբար նշանակում է պատգամաւոր կամ դեսպան: Աստուծոյ կողմից մարդկանց մօտ առաքուելով՝ մարդիկ ծանօթ եղան նրանց, իսկ թէ որն է նրանց առաքման նպատակը, յայտնում է առաքեալը՝ գրելով. «Նրանք բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը» [1] եւ լուսաբանում է նրանց բնութիւնն ու համայն գործը:
Ուստի իմաստասիրի՛ր, որ նախ, հրեշտակները պարզ հոգիներ են, այսինքն անմարմին գոյացութիւններ՝ իմանալիներ եւ իմացականներ, գերիվերոյ, քան բանական արարածներս, որի պատճառով նրանք կոչւում են մեր անդրանիկ եղբայրներ կամ էլ անդրանիկների դասեր:
Երկրորդ, նրանք կարգուած են ոչ միայն սպասաւորելու իրենց Արարչին, որի համար սպասաւորներ եւ յօժարութեամբ Տիրոջ կամքը կատարողներ են կոչւում, այլեւ մեր հոգիների փրկութեան համար սահմանուած են որպէս միջնորդ սպասաւորներ Աստուծոյ եւ մարդկանց միջեւ: Նրանք նման են այն պալատականներին, որոնց միջոցով հնարաւոր է լինում մօտենալ արքային: Մարդիկ նրանց բերանից լսում են արքունի պատգամները, թագաւորին ուղղուած աղերսները նրանց ձեռքն են մատուցւում եւ ապա նրանց միջոցով էլ ստանում են իրենց խնդրանքների կատարումը:
Երրորդ, իւրաքանչիւր մարդու կարգուած է մէկ պահապան հրեշտակ, քանի որ Աստուած կամենում է, որ բոլոր մարդիկ ապրեն եւ գան դէպի ճշմարտութեան գիտութինը, բայց ինչպէս առաքեալն է ասում «Տէրը Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների» [2]: Այդպէս էլ հրեշտակները պահապաններ են կարգուած յատկապէս հաւատացեալների համար, ըստ այն խօսքի, թէ «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց» [3] եւ «Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին»[4]:
Եւ մեր՝ ստորիններիս ո՞ր պատուի համար է աստուածամերձ եւ աստուածանման գերահրաշ հոգեղէն էակներին՝ որպէս վերակացու եւ դաստիարակ, պահապան ու պաշտպան, միջնորդ եւ բարեխօս ունենալը: Սակայն այդ զարմանալի չէ Աստուծոյ անբաւ մարդասիրութեան համար, որովհետեւ Աստուածորդին՝ Ինքը, եկաւ, մարդացաւ, ծառայեց մեզ եւ ոչ թէ ծառայութիւն ընդունեց՝ ըստ այն խօսքի, թէ «Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»[5]: Ասաց նաեւ. «Ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»[6]: Ապա ուրեմն որքա՜ն պատշաճ է, որ Աստուծոյ սպասաւորներն Իր հրամանով եւ ակնարկով ծառայեն ու սպասաւորեն մարդկանց, որոնք պահուած են փրկութիւնը ժառանգելու համար: Մեզ մնում է միայն արժանապէս ընդունել նրանց սպասաւորութեան մեծահրաշ ծառայութիւնը մեր օգտի համար եւ չունայնացնել նրանց հոգեղէն աշխատութիւնը, որպէսզի նրանք չբողոքեն մեզնից՝ ասելով. «Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց» [7]:
Ուրեմն մենք պէտք է առաւել յարգենք նրանց վաստակը եւ շարժենք նրանց գութը մեզ վրայ, որովհետեւ կարեկցելով մեզ՝ նրանք բարեխօսում են Աստուծոյ առաջ եւ ասում. «Ողորմի՛ր, Դու ստեղծեցիր, կորստեան մի՛ մատնիր», միաժամանակ պէտք է փոխադարձենք նրանց մեծարանք եւ ակնածանք՝ որպէս շնորհներով ու փառքով զարդարուած բնութեամբ վեհագոյնների եւ գերահրաշների: Քանզի թէպէտ նրանք մեր ծառայակիցներն են Աստուծոյ մեծ վայելչութեան առաջ, սակայն մեծ տարբերութիւն կայ մեր եւ նրանց միջեւ, ինչպէս արքայազունների եւ սինլքորների, աւագանու եւ նուաստների, քաղաքացիների եւ շինականների միջեւ եւ այլն: Նրանք երկնաւորներ են բարձունքներում, մենք՝ երկրաւորներ այս ստորին վայրերում, նրանք՝ հոգեղէններ ու բոցեղէններ, մենք՝ մարմնաւորներ եւ հողեղէններ, նրանք՝ զօրութեամբ հզօրներ, մենք՝ տկարներ ու անպիտաններ:
Եւ արդ, բոլոր առումներով մենք պարտական ենք նրանց՝ անարժաններիս սիրով խնամարկելու, մեր տկարութեան հանդէպ ներողամիտ լինելու, ամէն ժամ մեզ խնամելու, պահպանելու եւ լուսաւորելու համար: Ուստի պարտաւոր ենք երկրի վրայ հանդիսապէս փառաւորել նրանց արժանաւոր տօնախմբութեամբ, որպէսզի երկնքում արժանանանք յաւիտեան տօնակից լինել նրանց:
Կան նաեւ բոլոր հրեշտակների եւ սուրբ Գաբրիէլ եւ Միքայէլ հրեշտակապետերի տօնակատարութեան երկու-երեք պատճառներ:
Առաջին. մենք տօնախմբում ենք մարդկանցից սուրբերին՝ ընդունելով, որ նրանք յաղթող եղան աներեւոյթ թշնամուն եւ պսակուեցին Բարձրեալի աջով որպէս Աստուծոյ հետ միաւորուած վկաներ, խոստովանողներ, առաքինի, սուրբ, արդար անձինք: Այս բոլոր ձիրքերը՝ բովանդակուած գերագոյն կերպով, առաւել տեսնում ենք սուրբ հրեշտակների մէջ, որովհետեւ նրանք եղան Աստուծոյ նախադաս առաջամարտիկ բանակը՝ բանսարկուին եւ բոլոր չար հրեշտակներին վանողները: Բարի հրեշտակները մնացին իրենց Արարչին հնազանդ, հաստատուեցին շնորհի մէջ, մնացին իրենց կայաններում եւ անպատում փառքով պսակուեցին անմահ Արքայի կողմից անարիւն մարտիրոսութեամբ, ճշմարիտ խոստովանութեամբ, առաքինի քաջութեամբ եւ ամենայն արդարութեամբ ու սրբութեամբ, իսկ չար հրեշտակներն ընդդիմացան Աստծուն եւ սատանայ անունը ստացան: Եւ ըստ վարդապետների՝ սա եղաւ երկնքի ու երկրի արարման ժամանակ, հէնց նոյն՝ լոյսի արարչութեան առաջին իսկ օրը, իրենց ստեղծման նոյն ժամին, գուցէ եւ վայրկեանին, քանզի իմանալիների ներգործութիւնները վայրկեանական են, աչքերը թարթելուց արագ, լոյսի շարժմանը համընթաց:
Երկրորդ. եթէ արժան է հանդիսութեամբ գերահռչակել սուրբերի բազմութիւնների խմբերին, ինչպէս օրինակ երկու հազար վկաներին, կամ հազար երեսունվեց նահատակներին, ապա որքան առաւել պարտաւոր ենք անել սուրբ հրեշտակների անթիւ բազմութիւններին, որոնք Սուրբ Գրքում նշուած են հազար հազարներով, բիւր բիւրաւորներով, եւ որոնց անհամար թիւը միայն Աստուած գիտի:
Երրորդ. սուրբերից ոմանք առաւել քաջածանօթ են մեզ, ինչպէս օրինակ առաքեալները՝ համօրէն տիեզերքին, կամ սուրբ Լուսաւորիչը՝ Հայաստան աշխարհին: Նոյն օրինակով հրեշտակների դասերի մէջ Միքայէլը եւ Գաբիէլը առաւել անուանի են Աստուծոյ առաջ՝ որպէս Աստուածութեան Աթոռին մերձ գտնուողներ եւ յանդիման կանգնողներ: Գաբրիէլը, որ թարգմանւում է «Աստուծոյ այր», կամ «Աստուած իմ հզօր», իր յաճախակի պատգամաբերութեամբ երկնքի բոլոր զուարթուններից առաւել ծանօթ եղաւ մարդկային ազգին թէ՛ Հին օրէնքում եւ թէ՛ Նորում: Իսկ Միքայէլ, որ թարգմանւում է «Ո՞վ է մեր Աստուծոյ նման», բազում կերպերով Հին եւ Նոր կտակարաններում հանդէս է գալիս որպէս երկնային զօրավար, միաժամանակ Աստուծոյ եկեղեցու վերակացու եւ պաշտպան: Նրանք եղան երկնաւոր Արքայի վերակացուները եւ դեսպանները յատկապէս մարդացեալ Աստուծոյ տնօրինութեան փրկական խորհրդի կատարման ժամանակ:
Մարդկանց հողածի՛ն, եղկելի՛ եւ տկա՛ր որդիներ, ստորին գաւառի աշխարհասէ՛ր, երկրաքա՛րշ բնակիչներ, որ տեսնում էք միայն երկրաւորը, բարձրացրէ՛ք ձեր աչքերը դեպի Բարձունքները, դէպի վերին աշխարհը՝ տեսնելու Աստուծոյ հրաշակերտ գործերը, որ կան վերին քաղաք Երուսաղէմում եւ նայելու անդրանիկների ժողովին ու հոգեւոր պար բռնած վերին արքայարանի պալատականներին: Այնժամ կը տեսնէք իմանալի երկնքի հրաշատեսիլ եւ անզուգական զարդերը, որ անհամեմատ փառաւոր են, քան տեսանելի երկնքի աստղերն ու զարդերը: Եթէ տեսանելի արեգակը, որին ճանաչում էք իբրեւ Բարձրեալի սքանչելի, լուսարձակ, ակնապարար եւ գեղեցիկ զարդ, իսկ լուսինն աստղերով հանդերձ՝ հայեացքի առջեւ բացուող գեղազուարճ անյագուրդ պատկեր, ապա ի՞նչ աներեւոյթ զօրութիւն ունեն երկնքի անիմանալի իմանալիները: Այս տօնին այս հին երկնքում նոր երկինք է ձեր առջեւ բացուած: Լոյսի աղբիւրից ճառագայթող արեգակնափայլ նոր արեգակներ կան որպէս ակունքից բխող անսպառ աղբիւրից յորդած վտակներ, եւ կան նաեւ հրեղէն զուարթունների եւ լուսեղէնների լուսաճաճանչ հոյլեր ու Է-ական Արփիի յանդիման կանգնած լուսատուներ: Երրորդ երկնքի հաստատութեան մէջ կան անմոլար աստղեր՝ դասաւորուած ինը իմանալի կամարների միջեւ: Նրանք միաբան են դէպի բարին ամէն բան առաջին Շարժողի կողմից՝ մշտաշարժ եւ անշարժ բեւեռուած Աստուծոյ սիրոյ մէջ: Աստուծոյ տաճարում անմար ու անաղօտ վառուող մշտապայծառ ջահեր են, որ պերճացած են աստուածային լոյսով:
Տեսէ՛ք, տեսէ՛ք այն, ինչը չի տեսել մարդու աչքը, տեսէ՛ք հրեշտակների համախումբ դասակարգութիւնների գեղապարն ու անպատում վայելչութիւնը: Թագազարդ պսակաւորների՝ երանելի հոգիների մի մասը երկրպագում են երկնաւոր Արքային՝ անմատոյց լոյսի մէջ Բնակուողին, մի մասը, որ ծիրանափայլ են ու լուսազգեստ, վերին Առագաստի անմատչելի Արքայարանի բարապաններն են, ուրիշները, որ Աստուծոյ քաղաքի բազմաչեայ տեսուչներն ու ոստիկաններն են, միշտ պատրաստ սպասում են Աստուծոյ կամքի ակնարկութեանը, միւսները՝ վեցթեւեան արագաթեւ սուրհանդակները, երբ լսում են Բարձրեալի պատգամի ձայնը, սլանում են ինչպէս արծիւ: Ոմանք երկնային անբաւ զօրքերի զօրավարներն ու զօրագլուխներն են, որ ճակատ են կազմել երկնքի ու երկրի միջեւ՝ ընդդէմ խաւարի անմարմին զօրքերի՝ սանդարամետական ապստամբների: Ոմանք իշխաններ եւ դատաւորներ են, արդարութեան ատենակալներ՝ բարեգործներին եւ չարագործներին արժանին հատուցելու համար: Եւ առհասարակ արթուն զուարթուններ են հզօր զօրութեամբ ու երեքսրբեան մի Տէրութեան հրամանի ժրաջան սպասաւորներ, որոնցով երկինքը եւ երկինքների երկինքը վայելչանում են երկնաւոր խաղաղութեան անայլայլ եւ անապական մաքրութեան մէջ: Հրեղէններից ոմանք հոգեղէն ըղձաձայնութեամբ եւ անլռելի ձայնով անդադար փառաբանում են Աստծուն, ուրիշները բազմաեղանակ հոգեւոր հնչման իմանալի նուագածուներ են, միւսներն էլ՝ միաբանութեան պարակիցներ, որ անլռելի օրհնաբանութեամբ պարում են հոգեւոր երգասացութեամբ, որը մարդու ականջը երբեւէ չի լսել: Ոմանք էլ Աստուծոյ խորհուրդների խորհրդածուներ եւ սքանչելի, ծածուկ խորհուրդները յայտնող խորհրդակատար պաշտօնակիցներ են, որոնք լուսաւորւում են եւ լուսաւորում: Նրանք լուսատուներ են, ի վերուստ մինչ ի վայր՝ մինչեւ վերջին հրեշտակը, մարդկանց ուսուցիչներ եւ դաստիարակներ են, ինչպէս իւղը, որն իջնում է Ահարոնի գլխից եւ մօրուքից ու լցւում նրա հանդերձների գրպանները: Էլ չասենք իւրաքանչիւր դասի անճառելի գիտութեան եւ ծածուկ խորհուրդների մասին՝ ըստ իւրաքանչիւրի աստիճանի իմանալի բարձրութեան ու աստուածամերձ կայանի եւ ըստ եռեակ Լոյսի դէմյանդիման տեսութեան, որում ծածկուած են իմաստութեան եւ գիտութեան բոլոր գանձերը, որ անբաւ են եւ անսպառ, անսահմանելի եւ անբովանդակելի, որ հաղորդւում են ըստ իւրաքանչիւրի բնութեան կարգի, շնորհի եւ փառքի՝ երանութեան անսահման ծովի խորքերից բխեցնելով ամէն քաղցրութիւն, զմայլանք եւ վայելք, որ մարդու սիրտը չի ընկել:
Եւ ըստ այս գերահրաշ դասակարգութեան՝ հրեշտակները մէկը միւսից առաւել են իրենց փառքով: Ուստի փոքր ի շատէ իմանալով երկնային քահանայապետութեան ինը դասերի անուանումները՝ պէտք է իմանալ նաեւ տեսակ-տեսակ, մէկը միւսից առաւել մեծամեծ պարգեւների մասին, որ անտեսանելի են հողեղէններիս: Նրանց անունների նշանակութիւնները, որոնք վերցրել ենք Պօղոս առաքեալից եւ նրա աշակերտ Դիոնեսիոս Արիսպագացուց, սուրբ վարդապետները պէս-պէս են այլաբանում: Ինչպէս օրինակ՝ Աթոռներն անախտ Բնութեան հանգիստն են, Սերովբէները՝ հրացայտ սէրարփիներ, քերովբէները՝ բազմաչեաներ: Եւ այլ երկնային զինուորութիւնների անուանումները, որոնց մէջ ինչպէս օրինակ Զօրութիւնները, թէ՛ ընդհանուր եւ թէ՛ մասնաւոր դասերի կոչումն են: Կամ հրեշտակապետերը, որոնք թէ՛ առանձնակի եւ թէ՛ միաժամանակ գլխաւոր հրեշտակների կոչումն են եւ կամ էլ հրեշտակը՝ թէ՛ ինչպէս վերջին դասի եւ թէ՛ համօրէն հոգեղէնների: Նրանց պատուի ու աստիճանի իսկութիւնն անըմբռնելի է մեզ, որովհետեւ մենք խորհրդածում ենք սոսկ երկրաւորը, իսկ երկնայինն իմաստասիրում ենք երկրաւոր կարգով եւ աննիւթականի շուրջ խորհում ենք մարմնաւոր մտքով, մինչ հասնելը երկնային կայանների երջանիկ հոգիների դասակցութեանը՝ երիցս եւ բիւր անգամ երանելիներին, որոնք մէկը միւսից վայելչացած են գերազարդ փառքով:
Եւ այժմ մենք ձգտում ենք ոչ այնքան հասնել նրանց բնութեան կատարելութեանը, շնորհներին ու փառքին, որքան վայելել նրանց հոգեղէն եւ հոգեգորով խնամարկութիւնը: Նրանք ջանում են մեզ երկրից դէպի երկինք ձգել, իսկ նրանց հակառակ՝ չար հրեշտակները, այսինքն դեւերը դարանակալում են՝ մեզ դէպի երկրի խորքերը տանելու համար: Եթէ չար հրեշտակների ջանքերն առաջ են գալիս սաստիկ չար նախանձութիւնից ու աստուածատեաց եւ մարդատեաց մտքից, ապա բարի հրեշտակների ջանքերը բխում են Աստուծոյ փառքի եւ մարդկանց փրկութեան համար բարի նախանձախնդրութիւնից, աստուածասէր ու մարդասէր մտքից: Բարի մարդիկ իրենց գործակից ունեն Աստծուն, իսկ չար մարդիկ միշտ յանդիմանւում են Աստծուց եւ ստէպ-ստէպ կշտամբւում հրեշտակների կողմից: Մեզ միայն մնում է ընտրել բարին եւ կամակից լինել բարուն եւ ոչ թէ չարին: Արդարեւ, ապշելի է, ինչպէ՞ս կարելի է լսել չար հրեշտակներին, որոնք հետամուտ են մեր մշտնջենական կորստին, ու չլսել բարի հրեշտակներին, որոնք կամենում են մեզ յաւիտենական փրկութեան տանել: Աւա՜ղ մեր ծայրայեղ մոլորութեանը, անասելի անմտութեանը եւ դժնդակ ապիրատութեանը:
Բայց արդ, ով Սիոնի մանուկնե՛ր, եկէ՛ք այսուհետեւ զգաստանանք օրուայ շնորհով եւ Աստուծոյ եկեղեցում տօնախմբուող սուրբ հրեշտակների բարեխօսութեամբ: Մանկամիտ մի՛ եղէք, այլ մանկան պէս անմեղ եղէ՛ք, ինչպէս որ ամէն ժամ մեզ զգուշացնում են այն հոգեսէր զուարթունները, որպէսզի հեռու մնանք չարից եւ գործենք բարին, լինենք զգօն, իմաստնանանք ըստ Աստուծոյ եւ նրանց գեղեցիկ առաջնորդութեամբ անխոտոր ու անսայթաք գնանք Աստուծոյ ճանապարհով: Ապա ուրեմն մեզնից իւրաքանչիւրն այսուհետեւ թող հոգ տանի իր անձն Աստուծոյ հրեշտակներին, առաւել եւս պահապան հրեշտակի գորովագութ խնամակալութեանն ընծայելու համար: Նրանց հանդէպ անհնազանդութիւնն աստուածընդդէմ ապստամբութիւն է ճանաչւում, որովհետեւ երբ արհամարհում են թագաւորի պատգամաւորին, արհամարհում են հէնց թագաւորին: Եւ սա թէ՛ առաջնորդների եւ թէ՛ սուրբ հրեշտակների համար ճշմարտուած է նաեւ տէրունական այս խօսքով. «Ով որ ձեզ լսում է, Ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, Ինձ է մերժում» [8]: Անմոռաց յիշէ՛ք մեր հոգիների ու մարմինների բարերար եւ բազմերախտ հոգաբարձուներին՝ փառաւոր հոգեղէն իշխաններին՝ թէ՛ նրանց համօրէն ամբողջ բանակով, թէ՛ անուանապէս, որոնց գիտենք Սուրբ Գրքից: Առաւել եւս թող իւրաքանչիւր ոք անմոռաց յիշատակութեամբ մտապահի իր պահապան հրեշտակին, որով արդարեւ պիտի հրեշտականայ:
Նայելով երկնային զօրքերի անթիւ բազմութեանը՝ բոցավառուէ՛ք հոգով, որպէսզի նախանձախնդիր լինէք յարաժամ Աստուծոյ առաջ կանգնած նրանց հրեշտակային եւ երկնային կեանքին: Նախանձախնդիր եղէք նաեւ նրանց շնորհներին եւ աստուածամերձ լինելուն, նրանց հայելանման ջինջ ու անարատ սրբութեանը, աննիրհելի աչքով եւ զուարթ մտքով անդադար փառաբանութեանը, ինչպէս նաեւ անդիմադարձ եւ յօժարափոյթ հնազանդութեանը Արարչի կամքի անձայն հրամանին:
Նայելով գաբրիէլեան հրեշտակների աւետաբեր սովորոյթին՝ միշտ մտապահէ՛ք այս տրտմութեան հովտից հեռանալու մասին եւ ամէն օր պատրաստ եղէք ընդունել սուրբ զուարթունների հրաւէրքը՝ մասնակցելու նրանց եւ մեր երկնաւոր Թագաւորի ընթրիքին: Եւ արդարեւ, եթէ ամէն օր ջանանք այդպէս պատրաստուել, ապա երկրի վրայ՝ նախքան երկինք վերանալը, հրեշտակային վարք կ՚ունենանք, որտեղ ըստ Տիրոջ խոստման՝ պիտի լինենք հրեշտակների նման:
Նայելով միքայէլեան հրեշտակների քաջ զինուորութեանն ու նրանց առաքինի շահատակութեանը [9]՝ սպառազինուած Հզօրի մշտայաղթ ու անպարտելի Աջով, զգեստաւորուէ՛ք նոր զօրութեամբ, նոր հոգով եւ աստուածային սպառազինութեամբ՝ հաւատքով, յոյսով եւ սիրով, որպէսզի կարողանանք մարել չարի մխացող բոլոր նետերը: Աստուած մեզ հետ է: Մեզ հետ է նաեւ երկնային Զօրավարը: Մեր շուրջն են երկնային զօրքերի բանակները՝ մեզ զօրացնողները բոլոր վտանգներում եւ նեղութիւններում: Աստուած, որ մարդացաւ մեզ համար, Իր չարչարանքների ժամին ասում էր. «Մի՞թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ Նա հիմա Ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր» [10]: Եւ նաեւ մարդկօրէն յանձն էր առնում, որ հրեշտակը գայ ու զօրացնի Իրեն, երբ պարտէզում Իրենից արիւն-քրտինք էր հոսում: Սա մեզ ուսուցանում է, որ երբէք չի դադարում երկնային զօրքերի զինակցութիւնը մեզ, միայն թէ մենք չդադարենք աղօթել յօժարութեամբ եւ աղաչել երկնաւոր Հօրը, որպէսզի Նրա հրեշտակները միշտ մեզ հետ լինեն:
Նայելով ռափայէլեանների հաւատարիմ ուղեկցութեանը՝ աներկիւղ եւ անկասկած ընթացէք առաքինութեան ճանապարհով, մինչեւ հասնէք մեր կոչման նպատակակէտին՝ Վերին Երուսաղէմին: Քանզի, եթէ Ռափայէլն ամբողջ ճանապարհին այնքան գորովանքով էր խնամարկում Տուբիին, որ ոչ միայն խաղաղութեամբ նրան տեղ հասցրեց, ոչ միայն վերցրեց նրա բոլոր հոգսերն ու ազատեց ծովային վիշապի յարձակումներից եւ ողջանդամ հօր տուն վերադարձրեց, այլեւ նրա կնոջը՝ Սառային ազատեց պիղծ այսից ու լուսաւորեց նրա հօր՝ Տոբիթի աչքերը: Ապա ուրեմն՝ ինչպէ՞ս չի օգնի մեզ յերկրից երկինք տանող դժուարընթաց ճանապարհին, քանզի պէս-պէս փորձութիւններից եւ փորձանքներից, դեւերից եւ հոգու կուրութիւնից մենք ամէն օր ազատուելու կարիք ունենք:
Նայելով մեր պահապան հրեշտակների հոգատարութեանը՝ ջանացէք լինել նրանց հաւատարիմ ու հնազանդ աշակերտը: Այնժամ այլեւս հոգս չենք ունենայ, որովհետեւ ունենք այնպիսի դաստիարակներ եւ վերակացուներ, որոնք ըստ Աստուծոյ բարի տեսչութեան եւ կարգաւորութեան՝ հոգում են մեր հոգիների ու մարմինների բոլոր կարիքները: Եւ ոչ միայն, նրանք կարեկից են մեր տկարութեանը եւ անգիտութեանը, որովհետեւ նրանց առջեւ մենք անփորձ ու անգէտ մանուկների պէս ենք: Նրանք դէմ յանդիման բարեխօսում են Աստուծոյ առաջ՝ տալ մեզ մեղքերի թողութիւն, շնորհների առատութիւն եւ ողորմութիւն: Բարեխօսում են եւ գովաբանում իրենց աշակերտողների հնազանդութիւնն ու առաքինութիւնը, խնդրում, որպէսզի նրանց մէջ աւելանան շնորհներն ու փառքը: Նրանք միշտ ուսուցանում են աղօթել հրեշտակօրէն, ապրել հրեշտակօրեն եւ անցնել հրեշտակների դասը:
Արդ, թող զուր չանցնի մեզ համար նրանց վաստակը: Տանք, որ նրանք մեզ համար պարզերես լինեն Տիրոջ առջեւ եւ ցնծան մեր փրկութեան համար: Եւ արդարեւ, եթէ ջանասիրաբար ճգնենք, նրանք իրենց բարեխօսութեամբ կ՚օգնեն մեզ պարզերես լինել Աստուծոյ ատեանի առաջ, որպէսզի դասակարգուելով երկնային անմարմին բազմութիւնների հետ՝ անպատմելի ուրախութեան ձայնով եւ հոգեղէն սրբասացութեամբ փառաւորենք երեքսրբեան մի Տէրութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԳՐՔԻ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «ԵՒ ԵՐԿՆՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՂԱՒ, ՄԻՔԱՅԷԼԸ ԵՒ ԻՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԿՌՒՈՒՄ ԷԻՆ ՎԻՇԱՊԻ ԴԷՄ, ՎԻՇԱՊԸ ԿՌՒՈՒՄ ԷՐ ԻՐ ԶՕՐՔԵՐՈՎ, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԴԻՄԱԴՐԵԼ, ԵՒ ԵՐԿՆՔՈՒՄ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԳՏՆՈՒԵՑ»
Երբ Յակոբը դուրս ելաւ իր հօր տնից եւ գնում էր օտարութեան, հասնելով Բեթէլ՝ գլխի տակ մի քար դրեց եւ ննջեց: Երազում տեսաւ երկնքից երկիր հաստատուած մի սանդուղք: Տէրը կանգնած էր այդ սանդուղքի գլխին, իսկ հրեշտակները ելնում, իջնում էին դրանով:
Ամէն բան, որ կայ միմեանց ներհակների միջեւ, բարեխառն է, ինչպէս որ սառնութեան եւ ջերմութեան միջեւ է: Եւ արդ, այս երկիրը երկնքի արքայութեան ու դժոխքի միջեւ է, եւ պատեհ է, որ բարեխառն լինէր: Սակայն այդպէս չէ, որովհետեւ մենք առաւել մօտ ենք դժոխքին, քան թէ երկնքին, եւ վայր ընկնելն աւելի հեշտ է, քան վեր ելնելը: Այդ պատճառով Աստուած ստեղծեց սանդուղք՝ սուրբ Կոյս Մարիամին: Սանդուղքի երկու կողմերում նրա հոգին ու մարմինն է: Այդ սանդուղքն ունի եօթ աստիճան, որոնք ողորմութեան եօթ գործերն են, որ սուրբ Կոյսն արեց իր Որդուն, քանզի Որդին քաղցում էր, եւ նա կերակրեց, ծարաւ էր, եւ խմեցրեց, մերկ էր, եւ հագցրեց եւ այլն:
Արդ, պէտք է, որ այս սանդուղքին արժանացողները հեռու լինեն աշխարհի հեշտութիւններից, ինչպէս Յակոբը: Բեթէլը, որ խորհրդանշում է սուրբ եկեղեցին, ննջում էր, այսինքն հեռու էր աշխարհի հոգսերից: Երբ քարը դրեց գլխի տակ, դրանով հաստատեց իր յոյսը, որ ունէր ի Քրիստոս: Եթէ մէկը հօր կողմից թագաւորի որդի է, իսկ մօր կողմից՝ ծառայի որդի, եւ եթէ սիրում է հարստութիւնը, ապա նա պէտք է յարի հօր ընտանիքին ու հեռանայ մօր ազգականներից: Արդ, մենք Աստուծոյ կողմից թագաւորի որդիներ ենք, եւ մեր ընտանիքը հրեշտակներն են: Հողը մեր մայրն է, եւ անասուններն ու սողունները՝ մեր ընտանիքը: Այս պատճառով պէտք է մերժել աշխարհի փառքը եւ յարել հրեշտակներին: Ովքեր անասնական կեանք են վարում, նրանք վիշապի զօրքերն են, եւ ովքեր սրբութեամբ են ապրում, հրեշտակների զօրքերն են, որոնք պատերազմելով յաղթեցին վիշապին:
Իմանանք, որ այս պատերազմը, որ եղաւ երկնքում, մեզ վախեցնում է վեց պատճառով: Նախ՝ եթէ երկնքում չկայ խաղաղութիւն, եւ բազմաթիւ հրեշտակներ ընկան երկնքից, եւ եթէ միայն մէկ վիշապ կար այնտեղ, ապա ի՞նչ է լինելու աշխարհին, որն անապատ վայր է եւ բազմաթիւ վիշապներ ունի, որի համար սաղմոսն ասում է. «Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ» [11]:
Երկրորդ՝ եթէ սադայէլը, որ ներքուստ մարմնական ցանկութիւն չունէր եւ արտաքուստ էլ փորձիչ չէր, ընկաւ մեղքի մէջ, ապա ի՞նչ է լինելու մեզ, որ երկուսն էլ ունենք:
Երրորդ, եթէ դեւերն ընկան միայն մէկ մեղքի՝ հպարտութեան պատճառով, ապա ի՞նչ կը լինենք մենք, որ գործում ենք եօթ մահացու մեղքերը: Սրա համար Պետրոս առաքեալն ընդհանրական թղթում ասում է. «Եթէ չներեց ապստամբ հրեշտակներին, չի ների եւ քեզ»: Եւ հռոմէացիներին ուղղուած թղթում էլ ասում է. «Մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր, որովհետեւ եթէ Աստուած բուն ճիւղերին չխնայեց, գուցէ երբէք քեզ էլ չխնայի» [12]:
Դեւերի մեղքերն էին հպարտութիւնը, Աստծուն նմանուելու ցանկութիւնը, Աստուծոյ իշխանութեան տակ չգտնուելը, իր զօրութեամբ բոլոր հրեշտակներին իշխելը, ինչպէս որ Եսային է ասում սադայէլի մեղքերի մասին. «Մտքիդ մէջ ասում էիր՝ երկինք կը բարձրանամ եւ իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր» [13]:
Չորրորդ, եթէ սատանան համարձակուեց վիճել հրեշտակների հետ եւ անապատում էլ պատերազմեց նաեւ Քրիստոսի հետ, ապա ի՞նչ կ՚անի մեզ հետ:
Հինգերորդ, նա չի պատերազմում մեզ հետ ոսկու եւ արծաթի համար, այլ այն փառքի համար, որ կորցրեց:
Վեցերորդ, նա մեր դէմ մարտնչում է բազմաթիւ զէնքերով, այսինքն տասը գլխով, եօթ եղջիւրներով, ինչպէս նաեւ պոչով: Մարտնչում է նաեւ բերանով, ինչպէս ասում է Յայտնութեան գիրքը. «Ապա օձն իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի: Եւ երկիրն օգնեց կնոջը, բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից» [14]: Այս կինը խորհրդանշում է Քրիստոսի օրերի եկեղեցին, որին վիշապը զանազան փորձութիւնների մատնեց, իսկ երկիրը Քրիստոսի մարմինն է, որն Իր չարչարանքներով բոլոր փորձութիւնները կլանեց Իր խոցուած վէրքերի մէջ: Արդ, ինչպէս որ տրտմեցինք, երբ դեւը պատերազմեց, այդպէս էլ պիտի ուրախանանք սուրբ Միքայէլի յաղթութեամբ:
Ոմանք ասում են, թէ հրեշտակները, որոնք ստեղծուեցին կիրակի օրը, ընկան երկուշաբթի օրը, որի պատճառով ոմանք երկուշաբթի են տօնում՝ ի պատիւ այն հրեշտակների, որոնք չընկան, այլ հաստատուեցին: Իսկ ուրիշներն էլ աւելի ստոյգ ասում են, թէ նրանք մէկ ամբողջ օր չմնացին, այլ ընկան հէնց առաջին կէտում, որում ստեղծուեցին: Ոմանք ասում են, թէ չար դեւերը ստեղծուել են Աստուծոյ կողմից, բայց սա մոլորութիւն է, որովհետեւ ամէն բան Աստուծոյ կողմից բարի է ստեղծուել: Եւ Տէրը սատանայի մասին Յովհաննէսին ասում է, թէ «Ճշմարտութեան մէջ չմնաց» [15], այսինքն նա ստեղծուել էր ճշմարտութեան մէջ, իսկ ճշմարիտն ու բարին անդրադարձւում են: Սակայն նրանք չընկան այն նոյն կէտում, որում ստեղծուեցին, որովհետեւ անկարելի է նոյն կէտում թէ՛ չարի եւ թէ՛ բարու լինելը: Սադայէլը, իրեն գեղեցիկ տեսնելով, հպարտացաւ եւ ընկաւ վերին դասից, ինչպէս որ Եզեկիէլն է ասում սադայէլի մասին. «Դու կատարեալ իմաստութեան նմուշ ես եղել, գեղեցկութեան պսակ, եղել ես Աստուծոյ դրախտի գգուանքներում, քեզ վրայ կապել բոլոր թանկարժէք քարերը, սարդիոն եւ տպազիոն, զմրուխտ եւ կարկեհան, շափիւղայ եւ յասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, արծաթ, մեղեսիկ, ոսկէքար, բիւրեղ, եղնգաքար» [16]: Եւ ապա ասում է. «Քո գեղեցկութեան մէջ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ: Քո մեղքերի շատութեան համար գետին եմ գցել քեզ» [17]:
Ինը աչքերը խորհրդանշում են հրեշտակների ինը դասակարգութիւնները, իսկ երեքը՝ երեք քահանայապետութիւնները, եւ սրանք բոլորը՝ սադայէլով հանդերձ: Սադայէլին հաւանութիւն տուողները, որ ընկան, բոլոր դասերից էին, քանզի երբ սադայէլն իր կամքը յայտնեց բոլոր հրեշտակներին, ովքեր յարեցին իրեն, ընկան: Մի սուրբ վարդապետ քարոզում էր մի եկեղեցում, որը դեւերը լցրել էին բազմաթիւ կրօնաւորներով: Երբ նա սկսեց քարոզել, առաջին դասի կրօնաւորներից ոմանք դուրս ելան, եւ այդպէս մինչեւ վերջին դասի կրօնաւորները հեռացան: Մնաց միայն ինքը, ու հասկացաւ, որ այդ դիւային էր: Ուրեմն պարզ է, որ նրանք ընկել են բոլոր դասերից:
Միքայէլը պետերի դասից է, որը Մովսէսի ժամանակներում Հին եկեղեցու, իսկ այժմ էլ Նոր եկեղեցու պահապանն է: Սադայէլն անապատում փորձեց Տիրոջը եւ ուզում էր սպանել, սակայն Տէրը շղթաներով կապեց նրան դժոխքում, ինչպէս ասում է Յայտնութեան գիրքը. «Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականներն ու մեծ շղթաներ: Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ սատանան եւ հազար տարով կապեց նրան, մինչեւ որ լրանայ հազար տարին: Եւ այնուհետեւ պէտք է, որ նա արձակուի մի փոքր ժամանակով» [18]: Հրեշտակը ցոյց է տալիս Քրիստոսին, իսկ հազար տարին նշանակում է կատարեալ թիւը, որ մինչեւ նեռի ժամանակներն է: Նեռը սադայէլի զօրութեամբ բազում չարիքներ պիտի գործի, իսկ սուրբ Միքայէլը Քրիստոսի հրամանով Ձիթենեաց լերան վրայ պիտի սպանի նեռին, որի համար Դանիէլ մարգարէն նեռի օրերի մասին ասում է. «Ես նրանց դէմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայէլ իշխանից» [19]: Եւ սաղմոսն էլ ասում է. «Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին» [20]:
*Պէտք է իմանալ, որ հրեշտակներից ոմանք ամբողջ աշխարհի պահապաններն են, ոմանք՝ մէկ թագաւորութեան, ոմանք՝ մէկ գաւառի, ոմանք՝ մէկ քաղաքի, եւ ոմանք էլ՝ մէկ անհատի: Սերովբէները, Քերովբէները եւ Աթոռները մշտապէս Աստուծոյ առջեւ են: Սերովբէ ասել է թէ կիզիչ եւ նշանակում է սէր, իսկ Քերովբէ՝ բազում գիտութիւն կամ իմաստութեան հեղում: Աթոռները նրանք են, որոնց վրայ նստում է Տէրը: Բնականաբար, նախ սէրն է եւ ապա իմաստութիւնը, նախ իմաստութիւնն է եւ ապա դատելը: Տէրութիւններն ամբողջ թագաւորութեան վրայ են՝ այլ հրեշտակներից զատ՝ խնամելով նրանց, իսկ Զօրութիւնները գործում են երկինքների շարժման վրայ. նրանք շարժում են դրանց Աստուծոյ հրամանով՝ զօրութիւններ բաշխելով նաեւ այլոց: Իշխանութիւններն արգելում են դեւերին գործել այնքան, որքան կամենում են, իսկ Պետութիւնները մեր թագաւորութեան վրայ են, ինչպէս որ Դանիէլ մարգարէն է ասում. «Պարսից թագաւորութեան մի իշխան հակառակւում էր ինձ քսանմէկ օր» [21]:
Ոմանք ասում են, թէ Իսրայէլի հրեշտակին դէմ ելնող պարսից առաջնորդը դեւ էր, որովհետեւ ինչպէս ամէն թագաւորութիւն ունի վերակացու բարի հրեշտակ, այսպէս էլ ունի չար հրեշտակ եւ ասում են, թէ բարի հրեշտակը բարի հրեշտակի դէմ չի պատերազմում: Սակայն Գրիգոր պապն աւելի ստոյգ է ասում՝ նշելով, թէ բարի հրեշտակները երկուսն էին, քանի որ չար հրեշտակը չէր կարող քսանմէկ օր հակառակուել բարի հրեշտակին: Սակայն նրանց միջեւ պատերազմն այնքան մեծ էր, որ իսրայէլացիների հրեշտակը կամենում էր, որ իսրայէլացիներն ազատուէին գերութիւնից, որի համար Դանիէլը յաճախակի աղօթում էր: Իսկ պարսից հրեշտակն ասում էր. «Իսրայէլացիներին օգտակար է գերութեան մէջ մնալը, որովհետեւ այստեղ աւելի են պահում Աստուծոյ պատւիրանները, քան ազատութեան մէջ»: Այս երկու հրեշտակները տարբեր կամք ունէին իրենց մտքում, սակայն չիմանալով Աստուծոյ կամքը՝ գործով չէին պատերազմում, իսկ իմանալուց յետոյ չհակառակուեցին, որովհետեւ թէպէտ հրեշտակներն անընդմէջ տեսնում են Աստծուն, սակայն չգիտեն Նրա բոլոր խորհուրդներն ու կամքը: Հրեշտակապետերը քաղաքների պահապաններն են, իսկ հրեշտակները՝ մէկ անհատի, եւ ինչպէս ասում է Տէրը. «Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք: Ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն Իմ Հօր, որ երկնքում է» [22]: Երբ մանուկը ստանում է բանական հոգին, ցմահ որպէս պահապան՝ հրեշտակ է կարգւում նրան: Քրիստոս չունէր հրեշտակին որպէս պահապան, այլ ունէր որպէս սպասաւոր:
Հրեշտակների պահպանութիւնը (ընդհանրաբար) չորս տեսակ օգտակարութիւն ունի: Նախ՝ նրանք մարդկանց յորդորում են դէպի բարին, բայց չեն բռնադատում: Երկրորդ՝ պահպանում են, որպէսզի մեղքի մէջ չընկնեն: Երրորդ՝ եթէ ընկնում են, ապա կանգնեցնում են: Չորրորդ՝ որպէսզի չարիք չգործեն այնքան, որքան որ սատանան է կամենում:
Բայց նաեւ շատ են մասնաւոր օգտակարութիւնները:
Առաջին՝ նախատում են մարդուն չար գործերի համար, ինչպէս յայտնի է Դատաւորաց գրքից. «Տիրոջ հրեշտակը եկաւ հրեայ ժողովրդի մօտ՝ Գաղգաղիա եւ նրանց նախատեց իրենց մեղքերի համար՝ ասելով թէ՝ չպահեցիք Տիրոջ հրամանը, իսկ նրանք զղջալով լաց եղան» [23]:
Երկրորդ, արթնացնում են նրանց, ովքեր ննջում են մեղքի մէջ, ինչպէս ասւում է Գործք Առաքելոց գրքում. «Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից» [24]:
Երրորդ, վերացնում են բարի գործերի խոչընդոտները, ինչպէս ասւում է Ելից գրքում. «Հրեշտակը կոտորեց եգիպտացիների անդրանիկ զաւակներին, եւ ոչ մի արգելք չեղաւ ժողովրդին՝ դուրս ելնելու»:
Չորրորդ, մարդկանց միջից հալածում են դեւերին, ինչպէս յայտնի է Տոբիթի գրքից, որտեղ Ռափայէլ հրեշտակը հալածեց դեւին, որը խեղդել էր Սառայի եօթ ամուսիններին:
Հինգերորդ, ուսուցանում են մարդկանց, ինչպէս յայտնի է Դանիէլի գրքից, ուր ասւում է, թէ Գաբրիէլ հրեշտակը եկաւ եւ ուսուցանում էր Դանիէլին [25]:
Վեցերորդ, մարդկանց յայտնում են Աստուծոյ խորհուրդները, ինչպէս որ Սոդոմի մասին Աստուծոյ խորհուրդը յայտնեցին Աբրահամին: Իմանանք, որ Աստուծոյ բոլոր գործերը, որ լինում էին Հին Օրէնքում, հրեշտակների միջոցով էր լինում, ինչպէս որ Ստեփաննոսն է ասում Գործք Առաքելոց գրքում, թէ՝ օրէնքը ստացան հրեշտակների հրամանների միջոցով: Աստուած ինքնին չերեւաց ըստ անձնաւորութեան, այլ հրեշտակների միջոցով, իսկ Նոր Օրէնքում երեւաց ըստ անձնաւորութեան եւ պատուեց: Հրեշտակն առնում է այն մարմինը, ինչ կերպով կամենում է, լինի ծերի, թէ մանկան: Դարձեալ՝ եթէ հրեշտակը կամենում է ցոյց տալ իր էութիւնն ու կերպարանքը, այդպէս է երեւում, եւ այնժամ ասւում է, թէ Աստուած երեւաց: Այս պատճառով Մովսէսին իր իսկութեամբ երեւացող հրեշտակին ասում էին, թէ Աստուած է:
Եօթերորդ, մխիթարում են տրտմածներին, ինչպէս ասւում է Տոբիթի գրքում, թէ եկաւ Ռափայէլ հրեշտակը եւ մխիթարեց Տոբիթին կուրութեան համար ու բժշկեց նրան:
Ութերորդ, քաջալերում եւ ջերմացնում են մարդկանց, ինչպէս որ հրեշտակը զօրացրեց Յեզաբելից փախչող Եղիային:
Իններորդ, ճանապարհորդակից են լինում մարդկանց՝ առաջնորդելով նրանց դէպի բարին, ինչպէս որ առաջնորդեցին Տոբիթի որդուն եւ վերադարձրեցին իր տուն:
Տասներորդ, պատերազմում են հաւատացեալների թշնամիների դէմ, ինչպէս Եսային է ասում, թէ՝ Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց:
Տասնմէկերորդ, թեթեւացնում են սատանային փորձութիւնները, ինչպէս հրեշտակը, որ երեք մանուկների հետ իջաւ կրակի մէջ եւ հանգցրեց հուրը:
Տասներկուերորդ, Աստուծոյ առաջ են տանում աղօթք եւ բարի գործեր անողներին, իսկ արդարների հոգիներին տանում են Արքայութիւն, ինչպէս որ Գործք Առաքելոց գրքում է ասւում. «Ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ եւ ասաց. "Կոռնելիո՛ս, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան"» [26]: Ինչպէս նաեւ Տուբիին ասաց, թէ՝ այդ ես էի, որ քո աղօթքները բարձրացնում էի Աստուծոյ առաջ:
Ապա ուրեմն հրեշտակները մեծապէս ուրախանում են մարդկանց փրկութեան համար եւ տրտմում՝ նրանց կորստեան համար: Ասում են, թէ ճգնակեցութիւնից նեղուած մի կրօնաւոր գնաց աշխարհ՝ հեշտութիւններ վայելելու: Նրա պահապան հրեշտակը երեւաց նրան ու ասաց. «Պատեհ է, որ իմ պահպանութեան տակ եղող մարդկանցից առաջին կորսուածը դու լինես»: Այնժամ վանականը զղջալով վերադարձաւ իր վանքը եւ առաքինի այր դարձաւ:
*Սերովբէներից սովորենք բարին, Քերովբէներից՝ գիտութիւն, Աթոռներից՝ որ դատուելու ենք, Տէրութիւններից՝ որ մեր մարմինները հնազանդ դարձնենք, Պետութիւններից՝ որ կառավարենք մեր խորհուրդները, հրեշտակներից՝ որ խնամատար լինենք միմեանց նկատմամբ: Եւ ինչպէս Գրիգորիոսն է ասում, մարդկանցից ոմանք ելնում են Սերովբէների դասեր, ոմանք՝ Քերովբէների, նմանապէս եւ միւսների մօտ ու իրենց վրայ վերցնելով նրանց յատկութիւնները՝ երգակից են լինում հրեշտակներին, ինչպէս որ սաղմոսն է ասում. «Հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ»[27]:
Պէտք է իմանալ, որ երաժշտութեան եղանակը հինգ կերպով է աններդաշնակ լինում, եւ երբ այդպէս են երգում, չեն խառնւում հրեշտակների դասին:
Նախ, երբ սկսում են երգել բարձր ձայնով, աւարտել չեն կարողանում: Այդպէս դեւերն սկսեցին հպարտութեամբ, որի պատճառով ընկան:
Երկրորդ, երբ խիստ ցածր ձայնով են սկսում, ձայնը չի լսւում, ինչը նշանակում է սիրել երկրաւորը:
Երրորդ, արձակում են անպատշաճ ձայներ եւ խառնում այլոց եղանակը, մինչդեռ լաւ կը լինէր, որ օգնէին՝ անխօս մնալով: Սրանք աղմկասէր մարդիկ են, որոնք խառնում են միւս եղբայրների միաբանութիւնը:
Չորրորդ, երբ ձայնը խռպոտ եւ կտրտուած է լինում, պոռնկութիւն է նշանակում:
Հինգերորդ, երբ չեն ընտրում ժամանակը, ինչպէս օրինակ սգի ժամանակ սկսում են ուրախ երգ երգել, որը նշանակում է այս աշխարհի ուրախութիւնը եւ այն խօսքը, որն ասում է սաղմոսը. «Մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում» [28]: Եւ ծոյլ առաջնորդներն Աստուծոյ ժողովրդի համար խնամք չեն տանում, ինչպէս երբ դեւը գրեց. «Դժոխքի առաջնորդիցս քրիստոնեաների առաջնորդին՝ ողջոյն: Շնորհակալ եմ ձեզ, որ ձեր ծուլութեան պատճառով պատրաստում էք դժոխքը»: Եւ գրուածը տուեց վարդապետին: Երբ վարդապետը կամեցաւ կարդալ, բռնուեց նրա ձեռքը եւ սեւացաւ, բայց երբ այն կարդաց առաջնորդների առաջ, ձեռքը դարձեալ սպիտակեց: Այս մասին այսքանը:
***
Իւրաքանչիւր մարմին ունի հետեւեալ յատկութիւնները. այն սահմանափակուած է տեղով, քանակով եւ ունի որակ: Իսկ բոլոր անմարմիններն անպարագրելի են, չունեն մարմնաւոր տեղ, քանակ եւ որակ, որի պատճառով իւրաքանչիւր անմարմին էակ չի պարունակւում: Այժմ տեսնենք նրանց զանազանութիւնները:
Մարդու հոգին անպարագրելի է եւ չունի տեղ, սակայն պարփակուած է մարմնի մէջ եւ չափաւորուած է, իսկ հրեշտակները պարփակուած չեն մարմնի մէջ եւ պարագրուած չեն տեղով, սակայն սահմանելի են, որովհետեւ եղական են: Եւ սրանց հակառակ՝
Աստուած ամբողջովին անպարագրելի է տեղով եւ չի պարունակւում, որովհետեւ Նա ամէն տեղ է եւ ոչ թէ մի տեղում: Անսահմանելի է, որովհետեւ անչափ է: Եւ չի պարփակւում, որովհետեւ անըմբռնելի է ու անհասանելի է՝ մտքին:
Աթոռների անուանումն ընդհանուր եւ յատկական նշանակութիւն ունի: Ընդհանուր նշանակութեամբ աթոռ նշանակում է հանգիստ, եւ առհասարակ երկնային բոլոր զօրութիւններն Աստուածութեան կամքի հանգիստն են, Նրա սպասաւորները եւ կամքը կատարողները, որովհետեւ անդադար փառաբանութեան պաշտամունքի մէջ են: Նրանք արագաշարժ են դէպի բարին եւ անշարժ կամ դժուարաշարժ դէպի չարը, ինչպէս Գրիգոր Աստուածաբանն է ասում: Քանզի այն պահից, երբ նրանք երանելի եղան իրենց ստեղծման կէտում, Արարչի կամքով յաւիտենապէս, անշարժ եւ հաստատուն մնացին բարի ունակութեան մէջ: Եւ յատկական նշանակութիւն ունեն, որովհետեւ Աթոռների դասը մէկն է ինը դասերի՝ երեք եռեակ դասապետութիւնների մէջ: Առաջինը Աթոռներն են, Քերովբէները եւ Սերովբէները: Եւ մի է նրանց կարգն ու քահանայապետութիւնը: Երկրորդը Տէրութիւնները, Զօրութիւնները եւ Իշխանութիւններն են: Եւ սա քահանայապետութեան միջին կարգն է: Երրորդը Պետութիւնները, հրեշտակապետերը եւ հրեշտակներն են: Եւ սա էլ վերջին քահանայապետութիւնն է:
Առաջին քահանայապետութիւնը, որ Աթոռները, Քերովբէները եւ Սերովբէներն են, համակարգ եւ համիմացական են, որովհետեւ անընդմիջաբար գիտութիւն եւ շնորհ են առնում աստուածային լուսափայլութիւնից եւ տալիս միջին դասերին՝ Տէրութիւններին, Զօրութիւններին եւ Իշխանութիւններին: Եւ սրանք էլ տալիս են վերջիններին՝ Պետութիւններին, հրեշտակապետերին ու հրեշտակներին, եւ ապա հրեշտակների միջոցով փոխանցւում են մարդկանց եւ այլ բոլոր՝ մարմնաւոր ու անմարմին, շնչաւոր եւ անշունչ, կենդանի ու անկենդան արարածներին: Աստուծոյ նախախնամութիւնն ու բարերարութիւնը բաշխւում է ըստ իւրաքանչիւրի չափի եւ որպիսութեան: Եւ ինչպէս որ այնտեղից այս կարգաւորութեամբ շնորհներ են հեղւում բոլոր արարածների վրայ, նոյնպէս էլ արարածներից փառք, պատիւ, աղօթքներ եւ մաղթանքներ են ելնում վերջիններից միջիններին, նրանցից առաջիններին եւ ապա Աստծուն:
Եւ զանազանութիւններ կան երեք եռեակ դասապետութիւնների՝ առաջինների, միջինների եւ վերջինների միջեւ: Առաջինները միշտ ուսուցանում են, վերջինները՝ միշտ ուսանում, իսկ միջիններն ուսանում են եւ ուսուցանում, այսինքն սովորում են առաջիններից եւ սովորեցնում վերջիններին: Դարձեալ՝ առաջիններն իշխում են, վերջինները՝ իշխւում, միջինները՝ իշխւում եւ իշխում: Նոյն կարգն է նաեւ մաքրելու, լուսաւորելու եւ կատարելագործելու դէպքում: Նրանց բոլոր կարգերն անփոփոխելի են:
ԱՌԱՋԻՆ ԴԱՍ
Սրանք Աթոռներն են, իսկ թէ ինչո՞ւ են Աթոռներ կոչւում, ասենք, որ նախ՝ աթոռը բարձր է, ուղիղ եւ հաստատուն: Այդպէս էլ նրանք գերամբարձ են բոլոր երկրաւոր նուաստութիւններից եւ ուղիղ ու անխոտոր իմացութեամբ ուղղուած են առ Աստուած: Աստուածակիր են եւ մերձաւոր Աթոռի վրայ Նստողին, ինչպէս որ Եսային է ասում. «Տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին» [29]: Իսկ Քերովբէ եբրայերէն լեզուից թարգմանաբար նշանակում է գիտութեան բազմութիւն եւ իմաստութեան հեղում, որն աստուածային իմաստութիւնից նախ առատապէս հեղւում է իրենց վրայ եւ ապա, ինչպէս մի յստակ հայելի, վերցնելով առաջիններից, աննախանձ ու առատ հեղմամբ հաղորդում են աստուածային լուսափայլութեան իրենց յաջորդներին: Սերովբէ նշանակում է ջեռուցիչ կամ կիզիչ: Վերընթաց, մշտաշարժ եւ ջերմ լինելով աստուածային սիրոյ մէջ՝ նրանք մաքրում են ուրիշներին, որ իրենցից ներքոյ են, եւ լուսաւորում ու կատարելագործում են՝ միաւորելով նրանց աստուածային սիրով: Այս է քահանայապետութեան առաջին դասը: Աթոռներն հաստատուած են ի դէմս Հօր՝ ըստ այն խօսքի, թէ «Իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը Նրա» [30], Քերովբէները՝ ի դէմս Որդու, քանզի ինչպէս առաքեալն է ասում՝ Նա է Հօր իմաստութիւնն ու գիտութիւնը, եւ Սերովբէն, որ է ջեռուցիչ, ի դէմս Սուրբ Հոգու է, որովհետեւ Նա է սիրոյ հուրը, որ Տէրը երկիր գցեց: Այստեղ՝ եկեղեցում, Աթոռների դէմքը եպիսկոպոսն է, Քերովբէներինը՝ քահանան, եւ Սերովբէներինը՝ սարկաւագը:
ՄԻՋԻՆ ԴԱՍ
Սրանք Տէրութիւններն են, որովհետեւ նախ, ամէն ոք, ով Աստուծոյ ծառայ է, տէր է եւ ազատ: Երկրորդ, որովհետեւ նրանք տիրում են այլ հրեշտակներին եւ ազատ են բռնութիւնից: Երրորդ, որովհետեւ տէր են եւ ազատ, եւ ոչ թէ մեղքերի ծառայ, քանզի «Ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է» [31], ինչպէս սադայէլը:
Եւ Զօրութիւններ են կոչւում, որովհետեւ նախ, արի են ներգործելիս, երկրորդ, զօրաւոր են պարգեւներ ընդունելու մէջ եւ երրորդ, զօրութիւն են ստորինների համար ու զօրեղ զօրացուցիչներ:
Իշխանութիւնները կոչւում են կարգաւորութիւններ, որովհետեւ նախ, իշխանութիւնները կարգաւորում են ամէն բան, ինչ գտնւում է իրենցից ներքոյ: Երկրորդ, որովհետեւ չեն յարում վատթարին, այլ իշխում են համայնին: Երրորդ, որովհետեւ իշխանութեամբ եւ անարգել իրենց մէջ կրում են աստուածայինը: Պէտք է իմանալ, որ Տէրութիւնն ուղղուած է առ Հայր, Զօրութիւնը՝ առ Որդին, եւ իշխանութիւնը՝ առ իշխանակից Սուրբ Հոգին: Դարձեալ՝ առաջինները կարգաւորում են հրեշտակների եւ մարդկանց տէրութիւնների գործերը, երկրորդները զօրացնում են սքանչելի գործերի եւ հոգեւոր պատերազմների մէջ, երրորդները վանում են դեւերի եւ չարերի իշխանութիւններին: Այս են միջին դասի անուանակոչութիւնները եւ գործը:
ՎԵՐՋԻՆ ԴԱՍ
Այս դասը Պետութիւններն են, որովհետեւ նախ, աստուածանման պետութիւնն իրենց մէջ ունեն, երկրորդ, այլ հրեշտակների պետեր եւ առաջնորդներ են, երրորդ, ամբողջովին դարձած են առ գերագոյն պետութիւնն՝ Աստուած:
Հրեշտակապետեր են կոչւում, որովհետեւ նախ, դասակից են Պետութիւններին եւ հրեշտակներին, քանի որ մի է նրանց քահանայապետութիւնը, երկրորդ, առաջիններն ու վերջինները, այսինքն Պետութիւններն ու հրեշտակները մի են իրենց անուամբ եւ գործով, երրորդ, Պետութիւնների հետ դարձած են առ գերագոյն Պետութիւնը եւ պետաբար առաջնորդում են ներքիններին: Եւ որպէս հրեշտակներ՝ առաջնորդւում եւ ուսանում են վերիններից:
Եւ հրեշտակներ են կոչւում, որովհետեւ նախ, ուսանում են վերիններից եւ սպասաւորում նրանց, երկրորդ, ուսուցանում են մարգարէներին եւ յայտնում նրանց, երրորդ, մարդկանց խնամարկուները, օգնականները եւ նրանց առ Աստուած դարձնողներն են: Այս դասը նմանապէս այսպէս է կարգաւորուած. Պետութիւնները պատշաճում են Հօրը, հրեշտակապետերը՝ իբրեւ երկուսից միաւորուած, պատշաճում են Որդուն, եւ հրեշտակները՝ Սուրբ Հոգուն՝ որը գալով նախ եւ առաջ տեղ է պատրաստում Հօր եւ Որդու բնակութեան համար: Դարձեալ՝ առաջիններն ազգի եւ թագաւորութեան կառավարներն են, ինչպէս Միքայէլը, երկրորդներն աւետարանում են մեծագոյն իրողութիւնները, ինչպէս Գաբրիէլը, երրորդները պահպանում են իւրաքանչիւր անձի, ինչպէս Ռափայէլը:
Արդ, մենք պէտք է նմանուենք Աթոռներին հաստատութեամբ, Քերովբէներին՝ աստուածճանաչողութեամբ, Սերովբէներին՝ սիրով, Տէրութիւններին՝ մարմինները նուաճելով, Զօրութիւններին՝ արի գործերով, Իշխանութիւններին՝ փորձութիւններին դիմակայելով, Պետութիւններին՝ մեծամեծներին պատուելով, հրեշտակապետերին՝ ուսուցանելով եւ հրեշտակներին՝ սպասաւորելով:
Այս են իմացական բարեզարդ դասերի կարգերը, անունները եւ գործերը:
***
ԴԱՍԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Աթոռներ - Քո Աթոռը, Աստուա՛ծ, յաւիտեանս յաւիտենից է:
Քերովբէներ - Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ Իր բնակատեղում:
Սերովբէներ - Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը:
Տէրութիւններ - Քո Արքայութիւնը յաւիտենական արքայութիւն է, եւ Քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ:
Զօրութիւններ - Հզօր է Տէրն Իր կարողութեամբ, Տէրը զօրեղ է պատերազմում:
Իշխանութիւններ - Հեթանոսները կը մտնեն Քո ժառանգութեան մէջ:
Պետութիւններ - Դու ես յաւիտեան քահանայապետ, եւ Տէրը Քո աջ կողմում է:
Հրեշտակապետներ - Ողորմի՛ր, Դու ստեղծեցիր, կորստեան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր:
Հրեշտակներ - Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ:
***
Հարց. - Ինչո՞ւ են հրեշտակներն ազատ բոլոր չարիքներից:
Պատ. - Տասը պատճառով:
Նախ՝ որովհետեւ Աստուած մերձ է նրանց:
Երկրորդ՝ Աստուծոյ կամքը հանգչում է նրանց վրայ եւ ուղղորդում է նրանց:
Երրորդ՝ պարփակուած են ճշմարտութեամբ:
Չորրորդ՝ նրանք սիրեցին բարին:
Հինգերորդ՝ անմոլար են առ Աստուած տեսութեամբ:
Վեցերորդ՝ անփոփոխ են իրենց էութեամբ:
Եօթերորդ՝ երանական կեանք ունեն:
Ութերորդ՝ բնակւում են լոյսի մէջ:
Իններորդ՝ թեթեւ են Բարձունքներում:
Տասներորդ՝ չարն ինքը ատեց նրանց եւ հեռացաւ, մրուրի պէս տեղակայուեց երկրի վրայ, որի պատճառով ամբողջ աշխարհն այժմ չարի մէջ է:
ՏԵԱՌՆ ՆԵՐՍԷՍԻ ԱՍԱՑԵԱԼ ՄԱՂԹԱՆՔ ԱՌ ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏՍՆ ԳԱԲՐԻԷԼ ԵՒ ՄԻՔԱՅԷԼ ԵՒ ԱՌ ԱՄԵՆԱՅՆ ԶՕՐՍՆ ԵՐԿՆԱՒՈՐԱՑ ԻՆՆ ԴԱՍՈՒՑ
Արդ պաղատիմք առ հոգեղէնսդ, մեք տկարքս եւ հողեղէնքս:
Որ մերձաւոր էք Աստուծոյ, մաքուր բնութեամբ եւ կայանիւ:
Սուրբ պաշտօնեայք եւ սպասաւորք, հզօր Բանին իւր կատարօղք:
Երիցս երրեակ իննեակ դասուք, երրեակ եւ մի աստուածութեան:
Որդւոց մարդկան նախախնամօղք. եւ ՚ի յերկինս վեր բերօղք:
Մանաւանդ՝ մեզ ծանուցեալք. եւ երկրայնոցս մերձաւորք:
Սուրբ Միքայէլ եւ Գաբրիէլ՝ հրեշտակապետք Բարձրելոյն:
Որք Աստուծոյ կայք առաջի. հայցել զմերս փրկութիւն:
Ընկալարուք վեհք ի տնանկացս. զընծայս բանին աղքատանաց:
Իբր ՚ի ծովու կաթիլ մի ջրոյ. կամ եթերին նշոյլ ինչ հրոյ:
Զոր անմահիցդ ընծայ տօնիցդ. մահկանացուքս ընծայեցաք:
Անմահական հոգեղինացդ. մեք մարմնաւորքս եւ հողեղէնքս:
Բարեբախտիցդ եւ երջանկացդ. թշուառականքս եւ թարմատարքս:
Բարձրագունիցդ եւ երկնայնոցդ, խոնարհ բնութիւնս եւ երկրաւորս:
Դուք յաննուազ ձերում բարեացդ, փոխադրեցէք մեզ զպիտոյս:
Զաստուածային եւ զհոգեւոր. զառ ի վերուստ շնորհաց զեղումն:
Մաղթել ընդ մեր Բարերարին. զոր եւ առնէքդ ՚ի սկզբանէ:
Զգործս ձեռաց Քոց ասելով, անտես ՚ի Քէն մի՛ արասցես:
Զնոյն պաղատանս ՚ի յայսմ աւուրսն, հայցեմք ՚ի ձէնջ առաւելուլ:
Յաղագս մեր եւ եկեղեցւոյս՝ եւ ընդհանուր սուրբ հաւատոյս:
Երկրպագուացս ընդ ձեզ հոգւով ամենասուրբ Երրորդութեան:
Խաղաղական շնորհել մեզ կեանս. ՚ի կրկնակի մեր ներհակացս:
Նաեւ զմերս անարժանից զպաղատանս այս աղօթից:
Ձեր բուրուառօք իմանալեօք. խնկարկեցէք Տեառն Աստուծոյ:
Ուստի լրումն մաղթանաց. յառատաձիր Պարգեւողէն:
Ձեր ընկալեալ մեծաւ սիրով. առ ի վերուստ մեզ բերելով:
Եկեղեցւոյ տալով գլխոյ. առաջնորդել մարդկան հոգւոյ:
Վերաբերել զամենեսեանն. ընդ ձեզ յերկնից յարքայութիւն:
Արժանանալ բանիւ առ Տէր. ասել ահա ես եւ մանկունքս:
Յորմէ լսել զբարի անունն. եւ զանթառամն առնուլ զպսակն:
Քահանայից կատարողաց. անմահ զենման պատարագին:
Մաքուր հոգւով յարդարեցէք. սպասաւորել Կենաց Հացին:
Ճգնաւորացն որք ՚ի մարմնի. լերուք նպաստք եւ ջանակիցք:
Առանց վիրաց պահել զնոսին. ՚ի թշնամոյն գաղտնի նետիցն:
Թագաւորաց բարեպաշտից. եւ իշխանաց քրիստոնէից:
Հայցեմք լինիլ նիզակակիցք. ի ճակատին բարբարոսաց:
Եւ ամենայն ժողովրդեանս. որ ըստ ազգի եւ հասակի:
Իւրաքանչիւրն վտանգից. փրկօղ լինիլ ՚ի փորձանաց:
Անմեղ տղայոց գոլ պահապան. եւ յարկածիցն դիւական:
Եւ մանկական տիոց նոցին. դաստիարակ իմաստութեան:
Զերիտասարդս մարզելով. յառողջ խորհուրդս եւ ՚ի մաքուրս:
Եւ զկատարեալսն հասակաւ. խրատել յիմաստս կատարեալս:
Զալեւորեալսն ՚ի գոյն սպիտակ. ծաղկիլ հոգւով որպէս հերով:
Զծերս ՚ի հրահանգս հանճարոյ. վերելս ՚ի սիրտս դնելով:
Կուսից մաքուր լինիլ սրտիւ. ՚ի բնակութիւն սուրբ Փեսային:
Կանանց պճնիլ խոնարհութեամբ. եւ բարեզարդ զգաստութեամբ:
Զամուսնացեալսն ըստ աշխարհի. աստուածային սուրբ օրինօքն:
Յորդորելով ՚ի սրբութիւն եւ ՚ի սիրոյ կապակցութիւն:
Ուղեւորաց ճանապարհի. լերուք ՚ի նոյն ընթացակիցք:
Եւ նաւելոց որք ՚ի ծովու. դուք ղեկաւարք եւ նաւաստիք:
Եւ ի բնաւից պատահարաց. յերեւելեաց եւ յանյայտից:
Զպահպանիլն ՚ի ձէնջ հայցեմք. եւ զփրկիլն պաղատիմք:
Ի դիւական բռնութենէ. եւ ՚ի պատիրն խաբմանէ:
Ի մարդկային յայտնի չարէ. եւ ՚ի ծածուկ նենգութենէ:
Որք ՚ի մեղաց անկեալ տղմի. ՚ի քուն մահու են յարթնմնի:
Ձեռս նոցին կարկառեցէք. եւ ՚ի խորոցն ՚ի վեր բերէք:
Տանջեցելոցն առ ՚ի դիւաց. կամ ՚ի յախտից մարմնականաց:
Լերուք ցաւոցն ապաքինիչք. եւ չար այսոցն հալածիչք:
Զորս ՚ի բանտի արձակեցէք. եւ զկապելոց կապանս լուծէք:
Զգերեալսն ՚ի յարկսն իւր դարձուցէք. եւ զծառայսն ազատեցէք:
Զտարակուսեալսն փրկեցէք. եւ նեղելոց անդորրեցէք:
Տուք մեծատանց զգուշութիւն. եւ աղքատաց յուսադրութիւն:
Եւ զհոգիս ամենեցուն. ՚ի սէր բարեաց յորդորեցէք:
Ասել զաշխարհս աշխարհայնովք. սիրել զԱստուած աստուածայնովք:
Յաղօթս սուրբս միշտ կանխել. ջերմ արտասուս յաչաց բղխել:
Յաղտոյ մեղաց լուանալ զհոգիս. եւ լուսաւոր առնել զմիտս:
Պահօք մարմինս մեր ճնշել. հոգեւորօքն կերակրել:
Ողորմութեամբ կարօտելոց. զարքայութիւն երկնից գնել:
Զցանկութիւն մարմնոյ սանձել. զսէր հոգւոյն ՚ի մեզ շարժել:
Զատելութիւն ՚ի մէնջ հերքել. եւ սուրբ սիրով զմեզ կապել:
Զկեղծաւոր վարս մերժել. եւ զճշմարիտն հաստատել:
Զագահութիւն հալածել. զուարթ առատ բարս տնկել:
Ի բարկութեանց ի բաց լինիլ. զհեզութիւն յանձինս ուղղել:
Ի տրտմական կրից մեկնել. յիշմամբ բարւոյն ուրախ առնել:
Զհեղգութեան արմատն այրել. զարիութիւն բորբոքել:
Զհպարտութեան խորհուրդն վանել. զխոնարհութիւն ուսուցանել:
Այլեւ տարերց բարեխառնիւք. տո՛ւք զպտղոց առատութիւն:
Ի ցասմանէ զպահպանութիւն. որք ՚ի խրատ գան ՚ի վերուստ:
Տո՛ւք խռովութեանց զխաղաղութիւն. եւ յերկիւղից անհոգութիւն:
Ի տրտմութեանց ուրախութիւն. եւ ՚ի վշտաց սփոփութիւն:
Զտարաժամ մահու բարձումն. զանպարտ արեանցն դադարումն:
Եւ յամենայն կեանս ըստ մարմնոյ. լերո՛ւք պաշտպան մեզ ըստ հոգւոյ:
Իսկ ՚ի մահուն աւուր մերոյ. կապից բնութեանս լուծանելոյ:
Մինչ բարեկամքդ գայք դուք մեզ հիւր. ՚ի հեռագնաց երկնից ուղոյն:
ԹԷ ՚ի գործոցն կերակրոց. ունայնացեալք լինիցիմք:
Զերիս միայն զնկանակսն. ընկալարուք զհաւատոյն:
Եւ զփրկումն աստուածային. եւ զպատկեր տիրականին:
Զբանականս մեր հոգիս. զհամազգիս ձեր բնութեան:
Հեշտալիս՝ աւանդեցէք. եւ քաղցրութեամբ զձեզ մեզ ցուցէք:
Եւ ՚ի յայսոցն օդականաց, անխռովաբար զմեզ անցուցէք:
Եւ ընդ հոգւոց սուրբ անդրանկաց, որք ՚ի վերինն Երուսաղէմ:
Դասաւորեալ անդ հանգուցէք. զմեզ ՚ի շարժիլ պահպանեցէք:
Յորժամ արծուիքն սլանան. ընդ գէշ մարմնոց գան միանան:
Փողով մեծաւ ձեր ժողովին. առ աթոռոյ Դատաւորին:
Այնժամ լերուք մեր օգնական. ո՛վ ճշմարիտ մեր բարեկամք:
Զի դասիցուք յաջակողմեան. լսել զձայնն երանական:
Լինիլ ժառանգ արքայութեան. եւ երկնային ուրախութեան:
Լնուլ զտեղի անկեալ դասին. ընդ խոստացեալ անսուտ բանին:
Պարակցելով իննեակ դասիդ. ՚ի հարսանիս Հօր Միածնին:
Երրորդութեան երգելով զփառս. ընդ ձեզ յաւէտ միշտ յաւիտեանս:
Ամէն:
ԳԱԲՐԻԷԼ ԵՒ ՄԻՔԱՅԷԼ ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԵՐԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՆԸ ԴԱՍԵՐԻ ԲՈԼՈՐ ԶՕՐՔԵՐԻՆ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՂՕԹՔԸ՝ ԱՍՈՒԱԾ ՏԷՐ ՆԵՐՍԷՍԻ ԿՈՂՄԻՑ
Արդ, մենք՝ տկարներս ու հողեղէններս, պաղատում ենք հոգեղէններիդ, որ ձեր մաքուր բնութեամբ եւ կայաններով մօտ էք Աստծուն: Սուրբ պաշտօնեանե՛ր, սպասաւորնե՛ր եւ Իր զօրաւոր Խօսքը կատարողնե՛ր, եռեակ եւ մի Աստուածութեան երիցս եռեակ ինը դասե՛ր, մարդկանց որդիների նախախնամողնե՛ր եւ դէպի երկինք բարձրացնողնե՛ր, առանձնապէս մեզ ծանօթնե՛ր եւ երկրաւորներիս մերձաւորնե՛ր, սո՛ւրբ Միքայէլ եւ Գաբրիէլ, Բարձրեալի՛ հրեշտակապետեր, որ կանգնած էք Աստուծոյ առջեւ ու աղօթում էք Նրան մեր փրկութեան համար:
Ընդունէ՛ք, հրեշտակնե՛ր, տնանկներիցս աղքատ խօսքի ընծաները՝ իբրեւ ջրի մի կաթիլ ծովում կամ եթերի հրէ մի նշոյլ, որ որպէս նուէր՝ անմահներիդ այս տօնին ընծայեցինք մահկանացուներս, մարմնաւորներս եւ հողեղէններս՝ անմահ հոգեղէններիդ, թշուառականներս եւ նուաստներս՝ բարեբախտներիդ ու երջանիկներիդ, խոնարհ եւ երկրաւոր այս բնութիւնը՝ բարձրագոյններիդ ու երկնայիններիդ:
Դուք ձեր անսպառ բարութեամբ փոխանցէք մեզ հարկաւորը՝ աստուածայինն ու հոգեւորը՝ ի վերուստ շնորհների զեղումը: Միջնորդէք մեր Բարերարին, որն եւ անում էք ի սկզբանէ՝ ասելով. «Մի՛ անտեսիր Քո ձեռքի գործը»:
Խնդրում ենք ձեզ, որ այս օրը շատացնէք նոյն խնդրանքները մեր եւ եկեղեցու, ընդհանուր սուրբ հաւատի եւ ամենասուրբ Երրորդութեանը հոգով երկրպագողներիս համար եւ վերստին խաղաղական կեանք շնորհել ստամբակներիս:
Ձեր իմանալի բուրուառներով անարժաններիս այս պաղատանքները խնկարկէ՛ք Տէր Աստուծոյ առջեւ, որպէսզի առատաձիր Պարգեւողից մաղթանքների ողջ լրումը, ընդունելով մեծ սիրով եւ ի վերուստ մեզ բերելով, Եկեղեցու գլխին շնորհէք, որպէսզի նա առաջնորդի մարդկանց բոլոր հոգիներին՝ բարձրացնելով արքայութիւն եւ արժանի լինի ասել Տիրոջ առջեւ՝ ահա ես եւ այս մանուկները, Որից էլ լսի բարի կոչում եւ անթառամ պսակ առնի:
Առաջնորդէ՛ք անմահ պատարագ մատուցող խորհրդակատար քահանաներին՝ մաքուր հոգով սպասաւորելու Կենաց Հացին: Աջակիցներ ու ջանակիցներ եղէք ճգնաւորներին, որ մարմնի մէջ են եւ թշնամու գաղտնի նետից անխոցելի պահէք նրանց: Զինակից եղէք բարեպաշտ թագաւորներին եւ քրիստոնեայ իշխաններին թշնամու դէմ եւ իւրաքանչիւր վտանգներից ու փորձութիւններից փրկէք ամբողջ ժողովրդին՝ ըստ ազգութեան ու հասակի: Հայցում ենք նաեւ պահապան լինել անմեղ մանուկներին դիւական դիպուածներից եւ մանկուց սկսած՝ իմաստուն դաստիարակներ լինել նրանց: Կրթել երիտասարդներին առողջ եւ սուրբ խորհուրդներով ու խրատել կատարեալ իմաստութեամբ, պայծառացնել տարեցներին անբիծ հոգով եւ իմաստուն հրահանգներով այս աշխարհից ելքը դնել նրանց սրտում:
Թող որ կոյսերը սուրբ սիրտ ունենան՝ ի բնակութիւն սուրբ Փեսայի, իսկ կանայք պճնուեն խոնարհութեամբ եւ բարեզարդ զգաստութեամբ: Ամուսնացեալներին՝ ըստ աշխարհի, պահէ՛ք աստուածային սուրբ օրէնքով՝ յորդորելով ի սրբութիւն եւ ի սիրոյ կապակցութիւն:
Եղէք ուղեկից ճամփորդներին եւ ղեկաւար նաւապետներ՝ նաւորդներին:
Հայցում ենք ձեզնից պահպանութիւն տեսանելի եւ աներեւոյթ բոլոր պատահարներից եւ պաղատում, որ փրկէք մեզ դիւական բռնութիւնից, պատրող խաբէութիւնից, մարդկանց ակներեւ չարից ու ծածուկ նենգութիւնից, որոնք մեղքի տիղմի մէջ ընկած, մահուան քնի մէջ են արթմնի: Դուք նրանց ձեռք կարկառէք եւ անդունդներից դէպի վեր բերէք:
Դեւերից կամ մարմնաւոր ախտերից տանջուողներին եղէք ցաւեր ամոքողներ եւ դեւերին հալածողներ: Ազատէ՛ք բանտուածներին եւ արձակէ՛ք կապեալներին: Վերադարձրէ՛ք գերիներին իրենց յարկերը եւ ազատէ՛ք ծառաներին: Փրկէ՛ք վարանողներին եւ տուէք նեղեալներին անդորր, հարուստներին զգուշութիւն, աղքատներին յուսադրութիւն: Դէպի բարին սէր յորդորէք հոգիներում, որ ասեն աշխարհին ու աշխարհականներին՝ սիրէք Աստծուն ու աստուածայիններին:
Միշտ յորդորէք սուրբ աղօթք անել ու ջերմ արտասուք հեղել՝ մեղքերի աղտից հոգին լուալու եւ միտքը լուսաւոր դարձնելու համար: Նաեւ ճնշել մարմինները պահքով եւ կերակրել հոգեւորով, գնել երկնքի արքայութիւնը՝ աղքատներին ողորմելով, սանձել մարմնի ցանկութիւնները եւ Հոգու սէրը շարժել մեր մէջ, ատելութիւնը մեզնից վանել եւ սուրբ սիրոյ հանգոյցներով կապուել, կեղծաւոր վարքը մերժել եւ ճշմարիտը հաստատել, ագահութիւնը հալածել եւ զուարթ առատ բարքեր տնկել, բարկութիւնից հեռու լինել եւ հեզութեամբ բարեկարգուել, տրտմական կրքերը վանել եւ բարու յիշմամբ ուրախ դառնալ, հեղգութեան արմատն այրել եւ արիութիւն բորբոքել, հպարտութեան խորհուրդը վանել եւ խոնարհութիւն ուսուցանել:
Այլեւ տարերքների բարեխառնութեամբ պտուղների առատութիւն տուէք:
Ովքեր խրատւում են ի վերուստ, տուէք նրանց պատուհասից պահպանութիւն, խռովքներին խաղաղութիւն, երկիւղից հանդարտութիւն, տրտմութիւնից՝ ուրախութիւն եւ վշտերից՝ սփոփութիւն, ոչ տարաժամ մահ եւ անպարտ արեան դադարեցում:
Այս ամբողջ մարմնաւոր կեանքում պահապան եղէ՛ք մեր հոգիներին: Մեր մահուան օրը, երբ դուք՝ բարեկամներդ, երկնային հեռագնաց ճանապարհից մեզ այցի գաք, արձակէ՛ք մեր բնութեան կապերը: Թէ ձեռնունայն լինենք բարի գործերից, ընդունէ՛ք երեք նկանակները, եւ փրկէ՛ք աստուածային ու տիրական պատկերին՝ բանական հոգիներիս եւ ձեզ բնութենակիցներիս:
Աւանդէ՛ք ցանկալին եւ քաղցրութեամբ ձեզ ցոյց տուէք: Օդում եղող չար այսերից անխռովաբար մեզ անցկացրէք: Համադասէ՛ք մեզ Վերին Երուսաղէմի սուրբ անդրանիկների հոգիների հետ եւ սասանումից մեզ պահպանէ՛ք: Երբ արծիւները սլանան եւ միանան դիակներին ու մեծ Փողի ձայնով ժողովուեն Դատաւորի Աթոռի մօտ, այնժամ եղէ՛ք մեզ օգնական, ո՛վ ճշմարիտ բարեկամներ, որպէսզի դասուենք աջակողմում, լսենք Ձայնը երանաւէտ, լինենք ժառանգ արքայութեան եւ երկնային ուրախութեան, լրացնենք տեղն ընկած դասի՝ ըստ խոստացած անսուտ խօսքի եւ մասնակցենք Հօր Միածնի հարսանիքին՝ պարակցելով իննեակ դասիդ եւ միասին օրհներգելով Երրորդութեանը յաւիտեանս. ամէն:
________________________________________
[1] Եբր. Ա 14:
[2] Ա Տիմ. Դ 10:
[3] Սաղմ. ԼԳ 8:
[4] Սաղմ. Ղ 11:
[5] Մատթ. Ի 28:
[6] Ղուկ. ԻԲ 27:
[7] Երեմ. ԾԱ 9:
[8] Ղուկ. Ժ 16:
[9] Սխրագործութիւն, խիզախութիւն:
[10] Մատթ. ԻԶ 53:
[11] Սաղմ. ԾԴ 6:
[12] Հռոմ. ԺԱ 20-21:
[13] Ես. ԺԴ 13:
[14] Յայտն. ԺԲ 16:
[15] Յովհ. Ը 44:
[16] Եզեկ. ԻԸ 13:
[17] Եզեկ. ԻԸ 17:
[18] Յայտն. Ի 1-3:
[19] Դան. Ժ 21:
[20] Սաղմ. Ղ 11:
[21] Դան. Ժ 13:
[22] Մատթ. ԺԸ 10:
[23] Հմմտ. Դատ. Բ 1:
[24] Գործք. ԺԲ 7:
[25] Հմմտ. Դան. Թ 22:
[26] Հմմտ. Գործք. Ժ 4:
[27] Սաղմ. ՃԼԷ 1:
[28] Սաղմ. ՃԼԶ 4:
[29] Ես. Զ 1:
[30] Սաղմ. ՂԶ 2:
[31] Յովհ. Ը 34:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: