Ուրախացան զօրք երկնից ընդ քո մեծի ճգնութեան.
Որ ի մարմնի կառուցար նման վերին զուարթնոցն.
Զքեզ ունիմք բարեխօս առ Հայր յերկինս վասն մեր:
Բղխմամբ քո սուրբ արտասուաց կենագործէիր զմեռեալս՝
Նման Փրկչին Յիսուսի՝ կենագործողին Ղազարու.
Զքեզ ունիմք բարեխօս առ Հայր յերկինս վասն մեր:
Այլ մեք ձայնիւ ցնծութեամբ տօնեմք զքո սուրբ յիշատակս.
Պատուեալ վկայ Քրիստոսի սուրբ հայրապետդ Յակոբ.
Զքեզ ունիմք բարեխօս առ Հայր յերկինս վասն մեր:
(Շարակնոց)
Եկեղեցու լուսաւորներից մեծը՝ մեր սուրբ Լուսաւորչին համանմանը եւ նրա ազգակիցը՝ երանելի սուրբ Յակոբ հայրապետը, որը վերանուանուեց Զգօն, պարթեւեան ազգից էր, մեծն Գրիգորի հօրաքրոջ՝ Անակի քոյր Խոսրովուհու որդին:
Արդ, երբ Տրդատի հօր՝ հայոց արքայ Խոսրովին դաւելու համար Անակ Պարթեւը բնաջնջուեց իր ամբողջ ընտանիքով, այդ ժամանակ ինչպէս որ մանուկ Գրիգորին դայեակների ձեռքով փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, այնպէս էլ նրա ազգակից Յակոբին տարան այնտեղ, որտեղ դայեակի ձեռքի տակ մեծացաւ հաւատքով եւ բարեպաշտ վարքով: Իսկ Սուրէն անունով միւս մանուկը՝ Լուսաւորչի եղբայրը, մանկաբարձների ձեռքով բերուեց Պարսկաստան եւ մեծացաւ Յակոբի մօր՝ Խոսրովուհու խնամքի տակ, որի պատճառով նախնիների մէջ կարծիք է եղել, թէ Սուրէնն է եղել Յակոբի եղբայրը, կամ էլ Յակոբը Լուսաւորչի եղբայրն է եղել: Ինչպէս ասում են, Յակոբի հօր՝ հեփթաղացիների թագաւորի անունը Տիրան էր, որը Ջուանշիրի որդին էր, ով պատերազմում սպանուեց Լփինքի[1] թագաւորի կողմից: Յակոբն ունէր իրենից աւագ մի քոյր՝ Սակդէն անունով, որը նրա հետ ապրում էր Կեսարիայում: Երբ փոքր-ինչ մեծացաւ, քոյրը, նրան ստիպելով, տարաւ Պարսկաստան, որտեղ Սակդէնն ամուսնացաւ ու ծնեց Հրաչեային (Հռչէ): Ինչպէս ասում են, Սուրէնը թագաւորել է Ճենաց[2] երկրում եւ Դարբանդում, իսկ Հրաչեան՝ սկիւթացիների եւ գոթերի վրայ: Յակոբն էլ, արբունքի հասնելով, չկամեցաւ մնալ պարսից արքունիքում: Ջանալով պահել մանկուց սովորած աստուածային պատուիրանները՝ թողեց իր ազգականներին ու աշխարհական բոլոր զբաղմունքները եւ որպէս անհայր, անմայր եւ երկրի վրայ օտարական մէկը՝ ընտրեց մենակեցութիւնը: Այդ նպատակով ուղղուեց դէպի Ասորեստանի եւ ասորական Միջագետքի կողմերն ու մարդկանցից անտես՝ առանձնացաւ Մծբին քաղաքից ոչ հեռու գտնուող լեռներում եւ անապատներում:
Նա բնակւում էր անապատի բարձրաբերձ լեռների կատարներին: Գարնանը, ամռանը եւ աշնանն ապրում էր առանց ծածկի՝ հովանի ունենալով միայն անտառները կամ երկնքի ծածկոյթը, իսկ ձմեռուայ եղանակներին բնակւում էր մի քարայրի՝ իբրեւ փոքրիկ խուղի մէջ: Նրա կերակուրը քրտինքով սերմանած եւ տնկած բոյսերի պտուղներից չէր, այլ ինքնաբոյս տնկիներից: Նա հաւաքում էր վայրի ծառերի ու բոյսերի պտուղները եւ դրանցով բաւարարւում՝ հրաժարուելով հրի վրայով անցած կերակրից: Հագնում էր այծի մազից պատրաստուած կոպիտ հանդերձ եւ թիկնոց՝ աւելորդ համարելով բրդեղէնը: Եւ այդպէս խիստ ճգնակեցութեամբ ճնշելով մարմինը՝ պարարտանում էր հոգով: Սրբելով մտքի տեսութիւնը՝ լինում էր Աստուծոյ Սուրբ Հոգու համար մաքուր հայելի եւ ինչպէս առաքեալն է ասում. «Մենք բոլորս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով ենք նորոգւում փառքից փառք, որպէս թէ Տիրոջ Հոգով»[3]: Այդպէս ամենօրեայ անդադար աղօթքներով աստուածամերձ հաղորդակցութիւն ստանալով՝ ինչ որ խնդրում էր Աստծուց, անյապաղ ստանում էր, ուստի եւ մարգարէաբար նախապէս տեսնում էր լինելիքը եւ Սուրբ Հոգուց սքանչելագործութեան շնորհների զօրութիւն ստանում:
Ո՞վ կարող էր պատմել Աստուծոյ մարդու խստակեցութեան մասին, քանզի երբ նա կատարելութեան հասաւ, մարմնաւոր լինելով՝ անմարմին համարուեց: Հրեշտակային տեսք ունէր՝ պայծառ եւ շնորհալի: Յունաց երկրից գալուց յետոյ, որտեղ մեծացել էր աստուածային իմաստութեամբ, դայեակների՝ որպէս իր ծնողների շնորհիւ ուխտ էր դրել անսայթաք պահել ուխտաւորների կարգը: Չէր ճաշակում հրի վրայով անցած որեւէ բան, այլ բաւականանում էր ընդեղէնով ու պտուղներով: Չէր նստում գրաստի վրայ, այլ բոկոտն էր անցնում ճանապարհները: Փախչում էր մարդկային փառքից եւ ընտրելով հանդարտութիւնը՝ ցանկանում էր լինել միայն Աստուծոյ հետ, որի համար մատնեց իրեն մարմնաւոր չարչարանքների եւ հոգեւոր կրթութեան: Ինչպէս «Ճառընտիր»-ն է նկարագրում, չէր հոգում կերակրի մասին, այլ կերակրւում էր բոյսերով եւ բաւարարւում պտուղներով, այն էլ՝ ոչ լիապէս: Անյագ կերպով սաղմոսում էր գիշեր թէ ցերեկ, մտքով հանապազ թափառում էր սերովբէների բանակների հետ, իսկ մտքի աչքն անթարթ ուղղուած էր Քրիստոսի երեսին: Եւ այնքան անսպառ էին նրա աստուածային խորհուրդները, որ դեւերի բանակը, պաշարելով նրան, պարապ չէր գտնում նրան մօտենալիս:
Եւ նրան մարգարէութեան հոգի տրուեց: Նրա վարքը վկայական հանդէս էր լեռների կատարներին եւ ժայռերի նեղ ծերպերում: Տեսնելով նրա մեծ ճգնութիւնները, իր սուրբ մարմինն անխնայ չարչարելը, հանապազ մահուչափ ճգնութիւնները, Աստուած ամպհովանի էր լինում նրան անծածկ վայրերում, տապի ու ցրտի պայմաններում եւ ներքին մխիթարութեամբ սփոփում նրա սիրտը: Նա իր աղօթքներում այսպէս էր ասում. «Մի է Աստուած՝ ամենալոյս, ամենակալ մի իշխանութիւն, ամէն բանում առանց բոլոր կարիքների, զարմանալիների զարմանք, քանզի ոչնչից ստեղծեց բոլոր գոյութիւն ունեցողներին: Մի՞թէ Քեզնից բացի կայ ուրիշ աստուած, ո՛վ հզօր, Փրկի՛չ, ազատարա՛ր, քաւի՛չ, բժշկապե՛տ, անոխակա՛լ, բարի՛ եւ խնամածու ոչ միայն արդարների, այլեւ մեղաւորների ու բոլոր գոյութիւն ունեցողների, եւ աւելին՝ ցաւակի՛ց, քանի որ մեռար մեղաւորների համար: Դու, անկարօ՛տ[4] Աստուած, խաչի վրայ կարիք ունեցար մէկ բաժակ ջրի, բայց ոչ ոք չտուեց: Եւ ոչ միայն, Դու, որ ստեղծեցիր ջրային հաստատութիւնները, Քեզ լեղի եւ քացախ տուեցին: Ո՛վ անհասանելի մեծութիւն, յետին ծառան ապտակեց Քեզ, ո՛վ անմուտ Արեգակ, ձորձ գցեցին անարատ գլխիդ: Դու, որ նախքան աշխարհի լինելը մէկ առ մէկ գիտէիր ամէն բան, սակայն Քեզ խաչողներն ասում էին. "Մարգարէացի՛ր, Յիսո՛ւս, ո՞վ էր, որ հարուածեց Քեզ": Դու անէծքով կապուածների արձակողն ես, բայց արձակ ոտքերդ, որոնց ծովը չկարողացաւ թրջել կամ սուզել, ահա բեւեռուեցին հրեաների կողմից: Վերցնելով Ադամի կողը՝ Դու ստեղծեցիր կնոջը, բայց ահա Քո կողը խոցուեց, սակայն խոցողին թողութեան արժանացրիր, որովհետեւ նա փորուածքի միջից տեսաւ աստուածային լոյսը, որը ծածկուած էր Մարմնիդ վարագոյրով: Ապա պատանքուեցիր եւ որպէս Պիղատոսի կողմից մահապարտ պարգեւուեցիր Քո ստեղծած հողին: Դու, լինելով մշտնջենաւոր Աստուած, այնքան համբերեցիր մեզ փրկելու համար, որ մինչեւ իսկ մահուան անպարտականդ, խաչելութեամբ Քեզ մահուան մատնեցիր: Եւ ինձ՝ մեղապարտիս, թոյլ չես տալիս սառչելով մեռնել լերան կատարին, այլ ողորմում ես հոգեսպանիս եւ հովանի լինում ջերմախառն ամպով: Մի՛ խնայիր ինձ, Տէ՛ր, որովհետեւ մարմինս հակառակ է հոգուս, ինձ հեռացնում է Քեզնից եւ ընդդէմ է Քո բարերարութեանը»:
Մինչ սուրբ Յակոբը լերան կատարին աղօթում էր այսպէս, Տէրն Իր հրեշտակներով երեւաց նրան: Հրեշտակները ողջագուրելով փարւում էին նրա սուրբ պարանոցին եւ ասում. «Ո՛վ երանելի, խնայի՛ր քեզ, որովհետեւ մարմինդ ոչնչով չի մեղանչել: Մենք աղաչում ենք Տիրոջն Աստուծոյ սուրբիդ համար»: Եւ Տէրը նրանց ասաց. «Ո՛վ անմարմին հրեշտակներ, ահա տեսնո՞ւմ էք այս մարմնաւոր մարդուն, որը շարժեց Իմ գութը իւրաքանչիւր մարդու հանդէպ»: Եւ Յակոբին ասաց. «Իմ սիրելի՛ որդեակ, ահա կը կատարուեն քո բոլոր խնդրանքները»: Իսկ սուրբ Յակոբն ասաց. «Մինչեւ աշխարհից ելնելս ես չեմ խնայի իմ հոգեսպան մարմնիս եւ իմ բոլոր օրերին չեմ յագենայ հացով ու ջրով: Զարմանալի չէ, որ Դու մեծամեծ հրաշքներ ես գործում, քանի որ Աստուած ես, այլ սքանչելի է այն, որ ողորմում ես մեղաւորիս»: Ապա Տէրն Իր հրեշտակների գնդով երկինք վերացաւ եւ Իր երկու հրեշտակներին, որոնց յետագայում տեսաւ Կոստանդիանոս բարեպաշտ թագաւորը, հրամայեց պահապան լինել սուրբ Յակոբին:
Երբ Տէրը հեռացաւ, սուրբ Յակոբն արտասուեց եւ լերան կատարին ցնծութեան ու կարօտալից ձայնով գոչեց: Նրա ողբաձայն աղաղակից գազանները եւ թռչունները հաւաքուեցին սուրբի մօտ: Նրանք ակնապիշ նայում էին սուրբին, իսկ նա ձեռքով հրամայեց իւրաքանչիւրին իր տեղը գնալ, ապա ինքն իրեն ասաց. «Վա՛յ քեզ, քանզի անասունները պահում են բնութեան կարգը, իսկ դու ամբարտաւանութեամբ այլափոխում ես: Արդ, ո՞ր խաւարն ես գնալու»: Այդպէս շատ նախատինքներ էր ուղղում իր սրբամաքուր անձին եւ աղերսում Տիրոջն՝ այսպէս աղօթելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր որբացածիս, քանզի Դու համբարձուեցիր Հօր մօտ, եւ ո՞վ պիտի օգնի ինձ: Եւայի օձը լսեց ինձ ուղղուած Քո մխիթարական խօսքերը եւ այժմ սպասում է ինձ, ինչպէս նախաստեղծներին: Ես մարմին ունեմ, եւ նա բազմաթիւ կորստաբեր զէնքեր կը գտնի սրանում: Սուրբերից շատերին նա անմասն թողեց իրենց վաստակից եւ դեռեւս էլ պատերազմում է: Եւ այժմ, Տէ՛ր իմ, զարհուրելով սարսափում եմ նրա նետերից, քանզի երբ սկսում եմ պահել ինձ՝ Աստուծոյ տաճարիդ, նա կամենում է աւազակաբար կողոպտել, ինչպէս Ադամին: Օգնի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ուղարկի՛ր Քո Սուրբ Հոգուն, Որն առաքեալների մօտ իջնելով Աստուածութեանդ հրով՝ արբեցրեց նրանց ախտասպան հրով: Նրանք ըստ Քո խօսքի՝ այս աշխարհից չէին, որովհետեւ մեռաւ ախտը, որ կար նրանց մէջ: Եւ արդ, բարերա՛ր Տէր, թող Քո Սուրբ Հոգին չհեռանայ ինձնից, մինչեւ Քեզ մօտ գալս, որպէսզի անաղտ մնայ առագաստի նոր պատմուճանը, եւ թող թեւաւոր օձի աչքը չտեսնի ինձ: Շնորհի՛ր, որ մինչեւ վերջ կատարեմ Քո պատուիրանները եւ տո՛ւր ինձ զօրութիւն Քո սուրբ անուան համար: Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, ի՞նչ տամ Քեզ փոխարէնը, բացի այն բանից, որ ըմպեմ ճգնութեան բաժակը եւ փառաւորեմ Քո անունը այժմ եւ յաւիտեանս յաւիտենից»:
Ապա խոնարհեցրեց երանելի մարմինը, ծնրադրեց եւ գոհացաւ Տիրոջից, Ում տեսաւ բաց աչքերով: Եւ հրեշտակը, որը նրան պահապան տրուեց, մօտեցաւ եւ քաղցր ձայնով ասաց նրան. «Երանելի՛ Յակոբ, այսպէս է ասում Տէրը. "Կը կատարուեն քո խնդրանքները: Այսուհետեւ դու հրաշագործ կը լինես, եւ քեզ առաքելական շնորհ կը տրուի: Քո կեանքը հրեշտակների հետ կը լինի, իսկ դեւերի պատրանքները կը հեռանան քեզնից"»: Հրեշտակից այս լսելով՝ սուրբ Յակոբը գոհութիւն մատուցեց ամենասուրբ Երրորդութեանը: Ողջ ձմեռը, մինչեւ գարնան վերջն անցկացրեց յարատեւ աղօթքներով ու առանց կերակրի՝ նմանուելով Մովսէս մեծ մարգարէին, որը Տիրոջ պատգամները ստացաւ ճգնելով: Տէրը նաեւ Յակոբին յետագայում պիտի կարգէր որպէս ազգերի պատգամատու՝ ի պարծանս Իր փառաւորեալ անուան:
Այնուհետեւ որպէս Աստուծոյ հրեշտակ իջաւ լերան վրայից, ուղղուեց դէպի Մծբին քաղաքի սահմանները եւ գնաց սուրբ Մարուգէի վանքը, որտեղ նա մենակեցութեամբ ճգնում էր քարայրում: Այնտեղ ասորիները, միմեանց ձայն տալով, հաւաքուեցին սուրբ Յակոբի՝ որպէս լեռնակեաց ճգնաւորի մօտ, իսկ նա լուռ անցաւ-գնաց դէպի Սաթիթմա կոչուած գետի ակունքը: Ապա ձայն տուեց գետի միւս կողմում աշխատող այգեգործներին եւ հարցրեց. «Ո՛վ այգեգործներ, որտեղո՞վ է անցնում այս գետի հունը»: Եւ այգեգործները, տեսնելով նրա անշուք կերպարանքը, հեգնելով ասացին. «Եթէ ճգնաւոր մէկն ես, ուրեմն գնա՛ ջրերի վրայով»: Այնժամ սուրբը, հանելով իր թիկնոցը, այն նաւակ դարձրեց եւ անցաւ գետի վրայով: Սա նրա առաջին հրաշագործութիւնն էր: Ապա թիկնոցը գցեց ցամաքի վրայ, եւ ջրերի ցայտումից տասներկու արմաւենի բուսնեց: Տեսնողները, որ յիմարացել էին, չզարմացան ու չճանաչեցին Աստուծոյ մարդուն, իսկ նա գնաց նրանց աշխատատեղը, ողջոյն տուեց եւ հարցրեց. «Այդ ի՞նչ էք մշակում»: Նրանք հեգնելով պատասխանեցին. «Փուշ է, ինչպէս Իսրայէլի այգին»: Եւ նա ասաց. «Թող փուշը մնայ, մինչեւ որ գայ այգու Տէրը»: Եւ ըստ սուրբ Յակոբի խօսքի՝ որթը փշալից դարձաւ եւ այդ այգին մնաց փշոտ, առանց պտուղների, թէպէտ որթը՝ որպէս նշան, իր նոյն բնութեամբ սաղարթներ էր տալիս:
Իսկ երանելին, ճանապարհ ընկնելով, հանդիպեց մի մենակեացի, որի անունը եւս Յակոբ էր, եւ քանի որ նա յոյժ ճգնող այր էր, նրա մօտ քառասուն օր դադար առաւ: Այնուհետեւ եկաւ՝ ողջոյն տալու սուրբ Մարուգէին եւ նրա մօտ եւս մնաց որոշ օրեր: Խօսակցութեան մէջ սուրբ Մարուգէն պատմեց, որ թէպէտ այդ կողմերի բնակիչների մեծամասնութիւնը հաւատք ունի, բայց նրանց մէջ կան անհաւատութեան նշաններ, մինչեւ իսկ ծաղրում են սուրբ Գիրքը, յատկապէս ջրհեղեղի եւ սուրբ Խաչի խորհրդանիշ Նոյեան տապանի մասին պատմութիւնը: Նրանք ասում են, թէ անյայտ է այն տեղը, ուր գտնւում է տապանը. ոմանք ասում են, թէ այն Կորդուաց լեռներում է, ուրիշներն էլ՝ թէ Մասիս լերան վրայ, որ գտնւում է Արարատի շրջանում:
Այնժամ հրաժեշտ տալով սուրբ Մարուգէին՝ սուրբ Յակոբը մեծ ջանքերով ճանապարհ ընկաւ՝ գտնելու սուրբ Խաչի խորհրդանիշ տապանը եւ իր լծակցին մասունք բերելու Նոյեան տապանից: Եւ քանի որ նա աստուածային գործը չէր անում առանց հրեշտակների սպասաւորութեան, նրանց առաջնորդութեամբ եկաւ-հասաւ մինչեւ Այրարատ գաւառ, սակայն նա չելաւ Մասիս լեռը, որովհետեւ երբ յոգնած նիրհեց Մասիս լերան փեշերին, Տէրը խնայեց Իր սիրելի սուրբ Յակոբին եւ արգելեց ելնել լերան կատարը, ուր գտնւում էր սառցապատ տապանը: Հրեշտակը, տապանից մաս վերցնելով, դրեց սուրբ Յակոբի սնարին, եւ երբ նա արթնացաւ, հասկացաւ խորհուրդը եւ գոհացաւ Աստծուց: Ապա վեր կացաւ եւ ուրախութեամբ վերադարձաւ՝ իր հետ տանելով օրհնութեան փայտը, որ խաչի կերպարանք ունէր: Այս մասին առաւել ճոխ պատմում է պատմիչ Բուզանդը[5]: Նա գրում է. «Մեծն Մովսէսն այնպէս զուարթ չէր ցնծում Սինէական լերան վրայից իջնելիս, թէպէտ չեմ ուզում ասել, թէ նրա բերածը պակաս բան էր, իսկ սրանը՝ աւելին: Այն աստուածատես մարդն Աստծուց էր ստացել աստուածագիր հրամանները եւ ձեռքերին բռնած իջնում էր լերան վրայից, որովհետեւ այն չար ժողովուրդը, Տիրոջից երես դարձնելով ու իրենց ձուլածոյին երկրպագելով, տիրադրուժ գտնուեց, որով հրամանը բերողի սիրտը կոտրեց եւ վհատեցրեց: Տախտակները խորտակելուց յետոյ յայտնի երեւաց բերողի թախիծը, իսկ այս երանելուն, որի մասին այստեղ ճառում ենք, այնպէս չպատահեց, ինչպէս այնտեղ եղաւ: Նա եւ իր իւրայինները լցուած էին հոգեւոր ուրախութեամբ՝ իմանալով, որ ընդունողները յօժարութեամբ սպասում են հեռաւոր աւետաբեր ճանապարհից իր վերադարձին, քանի որ միայն ու միայն Ամենակարողից էր շնորհներ մատակարարւում բոլոր երկրածիններին: Եւ երբ Աստուծոյ մարդը գալիս-բերում է Նոյեան փրկարար տապանի փայտը՝ բոլոր բանականներին եւ շնչաւորներին հասած պատուհասի յաւիտենական նշանը, ամբողջ քաղաքը եւ նրա շուրջն եղած գաւառներն աննման ցնծութեամբ եւ ուրախութեամբ ընդառաջ էին գալիս նրան: Նրան համարում էին իբրեւ Քրիստոսի առաքեալ, իբրեւ երկնային հրեշտակ: Նրան շրջապատում եւ փաթաթւում էին, համբուրում էին նրա յոգնած ու արդիւնաբեր գարշապարների հետքերը, իսկ նրա բերած շնորհուած պարգեւն ընդունում էին յօժարութեամբ: Մինչու այսօր էլ պահւում է այդ սքանչելի նշանը՝ հայրապետական Նոյեան տապանի փայտը»[6]:
Երբ նա մօտեցաւ Արտամետ գիւղին, որ գտնւում էր Մասիսի ստորոտում (ըստ «Յայսմաւուրք»ի՝ Տոսպ գաւառում), ճանապարհին մի աղբիւր տեսաւ, որտեղ լուացուող աղջիկների եւ կանանց խմբեր կային, որոնք չպատկառեցին սուրբից ու չծածկեցին իրենց սրունքները, այլ անփութութեամբ եւ անամօթաբար արհամարհեցին նրան, ոմանք էլ անգամ ծաղրեցին Աստուծոյ մարդուն: Սուրբն անիծեց աղբիւրը, որն անմիջապէս ցամաքեց, իսկ աղջիկների մազերը պառաւների պէս սպիտակեցին: Երբ հաւաքուածները տեսան սքանչելիքը, որ նա գործեց, ընկան նրա ոտքերը, իսկ երբ նա հանեց Խաչը, աղբիւրը դարձեալ բխեց, սակայն աղջիկների մազերը նա չբժշկեց՝ ի յիշատակ իրենց մեղքերի:
Այնուհետեւ սուրբ Յակոբը եկաւ-հասաւ ասորական Մծբին քաղաքը, սուրբ Մարուգէին տուեց նրա խնդրած խաչանման տապանի մասը, իսկ Մարուգէն, տեսնելով այն, մեծապէս ուրախ եղաւ, դրեց իր աչքերին, համբուրեց այն, խնդրեց փրկել կրակի հեղեղից, որ լինելու էր Տիրոջ Գալստեան ժամանակ եւ տապանախաչին ասաց. «Դու այդ Գալստեան կարապետն ես ու ծովացած հրեղէն գետերի վրայով արդարներին Աստուծոյ մօտ անցկացնող նաւակը»: Ապա օրհնեց սուրբ Յակոբին՝ ասելով. «Թող Տէրն ընդունի քո չարչարանքները, դու օրհնուած ես մեր Տէր Աստծուց»: Այն պատուով պահեցին սուրբ տեղում եւ միաբան սաղմոսերգութեամբ ու երկարաձիգ աղօթքներով փառաւորեցին Աստծուն: Քաղաքում սուրբ Յակոբի շնորհիւ եւ տապանից շնորհուած մասով նաեւ այլ հրաշափառ հրաշք կատարուեց: Մի մարդ, չարացած Մծբին քաղաքից, գնաց պարսից արքայի մօտ եւ ասաց. «Ասորիների երկիրը լցուել է քրիստոնեաներով: Չկայ ո՛չ իշխան, ո՛չ զօրք եւ ո՛չ էլ զօրավար: Նրանք արհամարհում են քո անյաղթ թագաւորութեանը եւ ձեռք մեկնում հռոմէացիներին»: Այս լսելով՝ Շապուհ արքան հաւաքեց պարսից զօրքը, մեծ բազմութեամբ եկաւ-հասաւ ասորիների երկիրը եւ պաշարեց Մծբին քաղաքը: Սուրբ Յակոբը, որն իր մօտ ունէր տապանի նշանը, գտնւում էր քաղաքում: Քաղաքը վտանգի մատնուեց, քանզի պարսիկները Միւգտոն կոչուած գետի հունը փոխեցին քաղաքի շուրջը եւ թուլացրին պարսպի մի կողմը: Եւ ահա մօտ էր քաղաքի կործանումը: Քաղաքի զօրքը գնաց-ընկաւ սուրբ Յակոբի ոտքը եւ ասաց. «Ո՛վ տէր, սո՛ւրբդ Աստուծոյ, օգնի՛ր մեզ, քանզի եկել է բոլորիս վերջը պարսից անօրէն զօրքի կողմից»: Իսկ նա, տեսնելով մեծ աղէտը, նրանց ջերմ արտասուքները, աղօթքներն ու հաւատքը, վեր կացաւ, վերցրեց տապանի սուրբ նշանը, եւ ընդդէմ զօրքի՝ բարձրանալով կանգնեց պարսպի վրայ: Ողջ քաղաքն ակնապիշ նրան էր նայում: Նա նշանը պահեց իր լուսանշոյլ երեսի առաջ եւ լուռ, անշարժ շուրթերով ու արտասուքներով հայցեց Աստծուց փրկել քաղաքն անօրէնների ձեռքից, որովհետեւ նրա սիրտը մորմոքւում էր բազմամբոխ ժողովրդի՝ երեխաների եւ երիտասարդների աղաղակներից:
Եւ ահա մեծ նշան երեւաց պարսից արքային. նա տեսաւ սուրբ Յակոբին՝ որպէս մի փառաւոր թագաւորի, իսկ նրա շուրջը մեծաթիւ հեծելագունդ, որովհետեւ երկնային զօրքերը նրան օգնութեան էին եկել: Ապա արքան կանչեց այն մարդուն, որը յորդորել էր իրեն յարձակուել այդ քաղաքի վրայ, ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ՝ ասելով, թէ այնտեղ չկայ ո՛չ իշխանութիւն եւ ո՛չ էլ զօրք: Ահա ես այստեղ տեսնում եմ թագաւորի եւ նրա շուրջը տասներկու հազարանոց հեծելազօր: Քանի որ դու կամենում էիր վերացնել ինձ երկրից, ուրեմն ես քեզ կը վերացնեմ»: Եւ հրամայեց զօրքի առաջ նրան սրի քաշել:
Այնժամ պարսիկները, պաշարուած իրենց խորհուրդներում, իրավիճակից ելք չէին գտնում, որի համար շփոթութիւն ընկաւ նրանց բանակում: Իսկ սուրբը, իմանալով Աստուծոյ հրաշքի մասին եւ խնայելով մարդկանց, որպէսզի թշնամուն վանելիս չընկնեն երկու կողմերից, Աստծուց խնդրեց պիծակներ ուղարկել պարսից զօրքի ձիերի երամակների վրայ: Եւ իսկոյն հողմի պէս բանակի վրայ հասան պիծակների, բոռերի, կրէտների եւ մեղուների խառնիխուռն պարսեր, որոնք արձակեցին ձիերի սանձերը եւ հեծեալներին հետիոտն սուրհանդակներ դարձրին: Եւ այդպէս հազիւ ճողոպրելով՝ թագաւորն ու իր զօրքն իրենց երկիրը փախան: Քաղաքացիները, տեսնելով այս անպատում սքանչելիքները, փառաւորեցին Աստծուն, այնուհետեւ մեծարեցին եւ սուրբ Յակոբին՝ ընդունելով նրան որպէս փրկչի եւ հաստատուն սեան:
Այդ շրջանում մահացաւ Մծբինի եպիսկոպոսը, եւ քահանաները պէտք է ընտրութիւն անէին, թէ ով պէտք է արժանանայ հայրապետական Աթոռին: Կային հինգ այրեր, որոնց մասին խօսք էր գնում, եւ թէ նրանցից ով պիտի նստէր այն Աթոռին, քաղաքում մեծ հակառակութիւն ծագեց, որովհետեւ մէկը մի անուն էր տալիս, միւսն՝ այլ անուն, որի համար անհանգիստ էին եւ համաձայնութեան չէին գալիս: Այնժամ քաղաքի առաջնորդները որոշեցին գնալ սուրբ Մարուգէի մօտ, որն ապրում էր անապատում՝ տեսնելու, թէ նա ինչ կ՚ասի այդ խնդրի շուրջ: Նրանք հասան սուրբ Մարուգէի խցի մուտքին, իսկ նա, ըստ իր սովորութեան, աղօթում էր: Նրա աշակերտը դուրս եկաւ եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք եկեղեցու գաւիթը, մինչեւ որ նա աւարտի իր աղօթքը եւ գայ ձեզ մօտ»: Սուրբ Յակոբը նրանցից երեք օր առաջ էր եկել սուրբ Մարուգէի մօտ, եւ վերջինս մարգարէացել էր ու ասել նրան. «Այսօր ես քեզ համբոյր եմ տալիս որպէս կրօնաւորի եւ եղբօր, բայց քիչ օրեր անց պիտի համբոյր տամ որպէս հովուի եւ Քրիստոսի հօտի առաջնորդի», իսկ սուրբ Յակոբն ասել էր. «Ների՛ր, եղբա՛յր, սակայն ես արժանի չեմ այն բանին, ինչ որ ասացիր»:
Մինչ գաւթում հաւաքուածները նստած էին խումբ-խումբ, սուրբ Մարուգէն գալով նրանց խոժոռուած տեսաւ, իսկ նրանք, երբ տեսան երանելուն, ուրախութեամբ սուրբին ընդառաջ եկան, որովհետեւ նրա տեսքը հրեշտակային էր: Սուրբն ակնարկեց, որ բոլորը նստեն, մինչեւ որ աղօթէր եկեղեցում: Աղօթքից յետոյ բոլորը հաւաքուեցին երանելու մօտ, իսկ նա նրանց մէջ էր՝ յենուած գաւազանին: Համբուրում էին նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ նա հրամայեց նրանց նստել եւ ունկնդրել իրեն: Նախ հանգստացրեց նրանց՝ ասելով. «Գիտեմ, որ տրտմած էք ձեր առաջնորդի ընտրութեան պատճառով ծագած յուզումներից ու խռովութիւններից: Ասեմ ձեզ, որ ձեր ընտրածներից ոչ ոք արժանի չէ եպիսկոպոսութեան: Ելէ՛ք, գնացէ՛ք Ամիդ[7] (կամ Համս) քաղաքը, որովհետեւ այնտեղ են եպիսկոպոսների միաբանութիւնը եւ կաթողիկոսը՝ Անտիոքի պատրիարքը, եւ այնտեղ Սուրբ Հոգին նրանց միջոցով ցոյց կը տայ այն մարդուն, ով պիտի նստի Մծբին քաղաքի հայրապետական Աթոռին»:
Ընդունելով նրա խօսքը՝ իբրեւ Աստուծոյ հրեշտակից, գնացին այդ քաղաքը, իսկ օրեր անց այցելեցին միաբանութիւն ու ողջոյն տուեցին պատրիարքին եւ եպիսկոպոսներին: Պատրիարքը հարցրեց. «Ո՞ւմ ընտրեցիք ձեզ առաջնորդ»: Եւ նրանք յայտնեցին սուրբ Մարուգէի խօսքերը, թէ Սուրբ Հոգին իրենց առաջնորդ կը տայ միաբանութեան միջոցով: Այնժամ բոլոր միաբանները, ապաւինելով աղօթքին, գիշերը հսկեցին[8] սաղմոսներով եւ օրհնութեամբ՝ արտասուքներով հայցելով խնդրանքը: Կէսգիշերին կաթողիկոսն առանձնացաւ եւ այդ խնդրի համար սկսեց արտասուքներով աղաչել Աստծուն: Եւ Նա, Ով կատարում է Իրենից երկիւղածների կամքն ու լսում նրանց աղօթքները, թմրութիւն բերեց կաթողիկոսի վրայ, եւ նա, ասես թէ քնի մէջ, տեսաւ լուսաւոր երիտասարդի, որն ասաց իրեն. «Սուրբ Յակոբն է այն մարդը, որի համար խնդրում էք Տիրոջը»: Եւ յայտնեց նրա տեղն ու այն քարայրը, որտեղ բնակւում էր Աստուծոյ մարդը՝ մենակեացն ու սքանչելագործը:
Երբ հրեշտակը համբարձուեց, կաթողիկոսն արթնացաւ: Նա գոհացաւ Աստծուց, իսկոյն եկեղեցի գնաց, հաւաքեց եպիսկոպոսներին եւ Մծբին քաղաքից եկածներին ու պատմեց հրեշտակի տեսիլքի մասին, որը յայտնել էր սուրբի անունը եւ նրա տեղը: Եւ վեր կենալով միասին գնացին Մծբին, որտեղ գումարեցին եպիսկոպոսների ժողով ու սուրբի մօտ ուղարկեցին հաւատարիմ մարդկանց, որոնք յայտնեցին նրան խնդրի մասին եւ հրաւիրեցին ժողովի: Սուրբ Յակոբը նախապէս գիտէր հայրապետների Մծբին գալու մասին, որովհետեւ Սուրբ Հոգին յայտնել էր իրեն: Եւ նա պատկառեց ընդդիմանալ Աստուծոյ հրամանին, որի մասին սուրբ Մարուգէն մարգարէացել էր նաեւ իրեն:
Այդպէս, Սուրբ Հոգու թելադրանքով իջաւ Մծբին, ուր միաբանութիւնը եւ քաղաքի ամբողջ բազմութիւնը սպասում էին սուրբին: Երբ մօտեցաւ հայրապետներին, ողջոյն տուին միմեանց, ու հայրապետները պատուիրեցին նրան նստել Աթոռին: Սուրբ Յակոբն ասաց նրանց. «Ինչո՞ւ էք կանչել ինձ»: Եւ նրանք պատասխանեցին. «Տէրը յայտնեց մեզ, որ դու ես արժանի՝ այս քաղաքի եպիսկոպոսական Աթոռին նստելու համար»: Նա ասաց. «Ես արժան չեմ այդ բանին», սակայն ժողովուրդը շտապեցնում էր հայրապետին եւ թոյլ չէր տալիս շարունակել իր խօսքը: Ապա հայրապետն ու եպիսկոպոսներն իսկոյն վերցրին Յակոբին, եկեղեցի մտան եւ նրա վրայ կատարեցին եպիսկոպոսութեան կարգը: Եւ սուրբ Յակոբի ձեռնադրութեան համար քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ, որովհետեւ բոլորը ճանաչում էին նրան որպէս Աստուծոյ մարդու:
Օրեր անց՝ կիրակի օրը, սուրբ Մարուգէն իր բազմաթիւ ընկերներով գնաց՝ ողջոյն տալու նորընծայ եպիսկոպոսին եւ օրհնութիւն ստանալու նրանից: Եւ երբ եկեղեցում ողջունեցին միմեանց, սուրբ Մարուգէն սկսեց օրհնել Աստծուն, որ Նա Իր եկեղեցում արթուն հովիւ կարգեց: Երբ սուրբ լծակիցները՝ տէր Յակոբը եւ Մարուգէն, դուրս եկան ժողովից, եկեղեցու գաւթում տեսան տասնհինգ տարուայ մի անդամալոյծի, որի բոլոր անդամները հիւծուել ու թուլացել էին այդքան տարիների ընթացքում: Այնժամ Մարուգէն սուրբ Յակոբին ասաց. «Եկ աղօթենք այս ընկած անդամալոյծի համար»: Ապա պատուիրեց սարկաւագներին նրա երեսը դէպի արեւելք դարձնել, որպէսզի նա եւս աղօթի: Եւ խոնարհուելով միասին ծնրադրեցին ու աղօթեցին՝ ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, Դու այս քաղաքի հրեաներին ու կռապաշտներին արժանացրիր լսելու Քո քարոզչութիւնը, որն արեցիր Քո առաքեալների միջոցով: Այժմ ցո՛յց տուր Քո զօրութիւնը Քո նուաստ ծառաների միջոցով, որպէսզի տեսնեն, որ միայն Դու ես զօրութիւնների ճշմարիտն Աստուած եւ հաւատան Քո սիրելի Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը: Թող առաւել եւս քարոզուի Քո սուրբ անունն ու փառաւորուի Քո սուրբ Խաչը: Արդ, բարերա՛ր Տէր, բժշկի՛ր այս անդամալոյծին եւ խցի՛ր բոլոր նրանց բերանները, որոնք անարգում են Քո սուրբ Խաչը՝ սուրբ Եկեղեցու պարծանքը»:
Եւ երբ աւարտեցին աղօթքը, սուրբ Յակոբը սուրբ Մարուգէին ասաց. «Մօտեցի՛ր եւ խաչակնքի՛ր նրա անդամների վրայ»: Մարուգէն Յակոբին ասաց. «Արժան է եւ պատշաճ է, որ դու ձեռք դնելով աղօթես, որովհետեւ դու ունես եպիսկոպոսական պատիւը»: Այնժամ սուրբ Յակոբն ասաց. «Այդ դէպքում ես մօտենամ աջից, դու՝ ձախից»: Եւ բռնելով կանգնեցրին անդամալոյծին ու ասացին. «Ո՛վ մարդ, ոտքի՛ ել մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով»: Եւ իսկոյն ամրացան նրա անդամները: Ձեռքերը դէպի երկինք տարածած՝ նա փառաւորեց Քրիստոսին, իսկ ժողովուրդն, այս տեսնելով զարմացաւ: Բոլորն ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին եւ բարձր ձայնով օրհնեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնեա՛լ ես Դու, Քրիստո՛ս, որ ամէն ժամ լսում ես Քո սիրելիներին: Դու Քո ծառաների ձեռքով սքանչելիքներ ես գործում: Եւ այժմ թող բարձրանայ եւ փառաւորուի Քո սուրբ անունը, որովհետեւ միայն Դու ես Աստուած, եւ չկայ այլ ուրիշը»:
Այնժամ սուրբ Մարուգէն անդամալոյծին ասաց. «Ե՛կ, հագի՛ր քո պատմուճանը, ամրացրո՛ւ գօտիդ եւ քարոզի՛ր Քրիստոսի զօրութիւնը, որ ցոյց տրուեց քեզ վրայ»: Երբ հրեաներն իմացան այս մասին, մի մասը չհաւատաց՝ ասելով, թէ նա անդամալոյծ չէր, մի մասն էլ, քանի որ չէին կարող ուրանալ, զարմացան սքանչելիքի վրայ, որն Աստուծոյ զօրութեամբ եղաւ սուրբ Յակոբի ձեռքով, որի համար խիստ ակնածեցին սուրբ եպիսկոպոսից:
Այդ օրերին դարձեալ մի հրաշք կատարուեց: Պատահեց, որ սուրբ Յակոբն անցաւ մի գիւղի կամ քաղաքի միջով, որտեղ աղքատներից ոմանք կամեցան խաբէութեամբ ողորմութիւն ստանալ նրանից: Այդ պատճառով իրենցից մէկին մեռած ձեւացրին եւ գալով խնդրեցին սուրբ եպիսկոպոսին՝ նրա թաղման համար իրենց ողորմութիւն տալ: Իսկ սուրբ Յակոբը, հոգալով ողորմութիւն անել առաւել նրա հոգուն, ձեռքը դնելով՝ նրա մեղքերի համար թողութիւն խնդրեց: Եւ երբ փոքր-ինչ հեռացաւ, նրանք ձայն տուեցին իրենց ընկերոջը, որպէսզի ելնի, բայց տեսան, որ մարդն իսկապէս մեռել էր: Ահաբեկուած գնացին սուրբի յետեւից եւ խնդրեցին նրան, որ վերադարձնի նրա հոգին՝ ասելով. «Աղքատութեան պատճառով այդպէս արեցինք, ների՛ր մեզ»: Եւ սուրբն, ընդառաջ գնալով նրանց խնդրանքներին, դարձեալ յարութիւն տուեց մեռածին:
Այդ ժամանակներում Արիոսը[9], որը եղաւ Միածնին եւ Սուրբ Հոգուն հայհոյողների հայրը, սրեց իր լեզուն ընդդէմ Բանի Աստուածութեան եւ իր դառն ու չար վարդապետութեամբ պղտորեց ամբողջ Եգիպտոսը: Իսկ Կոստանդիանոս Մեծ թագաւորը՝ մեր հօտի Զօրաբաբելը, այդ ժամանակներում գերութիւնից ազատեց հաւատացեալներին, որ օտարութեան մէջ էին, եւ շինեց տաճարը, որը քանդել էին այլազգիները: Նա եկեղեցու բոլոր առաջնորդներին ու հայրապետներին, որոնց թւում էր նաեւ Մեծն Յակոբը՝ ճշմարտութեան քաջ ախոյեանը, հրամայեց հաւաքուել Նիկիա քաղաքում: Ուղղափառ խոստովանութիւնը հաստատելուց յետոյ, երբ Արիոսը նզուվուելով արտաքսուեց, նրա համակիրները մեծ ջանքերով վերադարձրին նրան՝ իբրեւ զղջացողի: Եւ այս եղաւ ժողովից մօտ տասը տարի անց: Այդ ամբողջ ընթացքում, ինչ կամենում էին ժանտ Արիոսին Աստուծոյ եկեղեցի մտցնել, որ կար Կոստանդնուպօլսում, ուղղափառները մեծ տրտմութեան մէջ էին: Ինչպէս ցոյց է տալիս պատմութեան կարգը, սուրբ Յակոբը, որ գտնւում էր այնտեղ, թագաւորական քաղաքի սուրբ Ալեքսանդրոս եպիսկոպոսի հետ եօթ օր պահեցողութեամբ աղօթեցին՝ Աստծուց Արիոսի համար որեւէ նշան խնդրելով: Եւ քաղաքի առաջնորդը՝ իւրայիններով հանդերձ, վարվուեց սուրբ Յակոբի խորհրդով, որովհետեւ ճանաչում էին նրան որպէս առաքելական շնորհների հասած մարդու: Կիրակի օրը՝ սուրբ Պատարագից յետոյ, մեծ նշան երեւաց Աստծուց: Արիոսը չհասցրեց եկեղեցի մտնել, քանզի իր համախոհների հետ գալիս նա ճանապարհին մի տեղ փնտռեց՝ կարիքները հոգալու համար, որտեղ դուրս թափեցին նրա աղիքները: Գարշելի այրը մեռաւ գարշելի տեղում, որովհետեւ երանելի Յակոբ հայրապետի, Ալեքսանդրոսի եւ միւսների խնդրանքները մէջտեղից վերացրին չարը:
Այդ ժամանակներում Մծբին քաղաքում ապրում էին երկու պոնտացի եղբայրներ: Երկրում նրանք նշանաւոր մարդիկ էին, սակայն հեթանոս էին եւ մոլորուած Մարկիոնի աղանդի ու մարկիոնեան մի կախարդի յետեւից: Եղբայրներից մէկը սկզբում ծառայել է Կոստանդիանոս Մեծի արքունիքում եւ սիրելի էր ինքնակալի աչքին, որի յորդորով նա ընդունեց սուրբ հաւատքն ու Քրիստոսի պատուական կնիքը եւ ապա թագաւորի կողմից եպարքոսութեան պաշտօն ստանալով՝ ուղարկուեց Մծբին քաղաքը: Կոստանդիանոսը բազմիցս յորդորեց նաեւ միւս եղբօրը, որն իր Մարկիոն վարդապետի անունով Կերդոն կամ Կեդրոն էր կոչւում, որպէսզի մկրտուի եւ նոյնպէս մեծ կոչման արժանանայ, սակայն նա յանձն չառաւ, այլ ապրելով Մծբինում, իր տան մէջ պահում էր ոսկուց, արծաթից եւ թանկարժէք քարերից շինուած կուռքեր ու չէր հեռանում դրանց պաշտամունքից: Քաղաքում Կերդոնը մեծահարուստ եւ ճանաչուած մէկն էր, սակայն ունէր խեղանդամ եւ ի ծնէ անդամալոյծ որդի: Նրա ոտքերը փոկի նման փաթաթուած էին միմեանց, իսկ միւս անդամները գօսացած էին, որի համար անկողին էր ընկել: Արտաքինով գեղեցիկ էր, գանգրահեր եւ զուարթերես: Արդ, երբ Կերդոնն իմացաւ, որ սուրբ Յակոբը սուրբ Մարուգէի հետ եկեղեցու գաւթում բժշկել է բազմամեայ անդամալոյծին, չհաւատաց եւ կանչել տուեց բժշկուած մարդուն, որպէսզի նրանից ստուգի իսկութիւնը: Հարցրեց նրան. «Ո՞վ բժշկեց քեզ եւ ինչպէ՞ս»: Եւ նա պատասխանեց. «Տասնհինգ տարի ես անդամալոյծ էի, որի մասին գիտէիք թէ՛ դուք եւ թէ՛ ամբողջ քաղաքը, սակայն Աստուծոյ ծառաներ սուրբ Յակոբն ու սուրբ Մարուգէն բժշկեցին ինձ Յիսուս Նազովրեցու անունով»: Մարկիոնեան կախարդը, որը Կերդոնի մօտ էր, բարկացաւ եւ ասաց. «Սո՛ւտ է, դու անդամալոյծ չէիր, այդ քրիստոնեաներն են սովորեցրել քեզ»: Իսկ մարդը, լցուած ցասումով, պատասխանեց. «Ո՛վ խաբեբայ եւ անօրէն, սուտը դու ես, քո աղանդը եւ կախարդութիւնը, որը շուտով պիտի վերանայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, իսկ քո հայր սատանան պիտի ամօթահար լինի: Քեզ համար չէ, որ ես քարոզում եմ Աստուծոյ փառքը, որը ցոյց տրուեց ինձ, այլ սուրբերի պատուէրները յորդորում եմ նրանց, ովքեր լսում եւ ընդունում են: Գիտեմ, որ եպարքոսի բարի եւ իմաստուն եղբայրը, որն ինձ փնտռեց ու այստեղ կանչեց, իր որդու համար կամենում է տեսնել, թէ ինչպէս եմ բժշկուել, որպէսզի ճանաչելով ճշմարտութիւնը՝ գայ խաւարից դէպի լոյսը եւ այս քաղաքից հալածի ձեր մոլորութիւնը»: Այս ասելով՝ դարձաւ Կերդոնին ու ասաց նրան. «Լսի՛ր ինձ, տէ՛ր Կերդոն, քանի որ ես քո կամքով եկայ այստեղ, ուստի արժան է, որ քո տանը քարոզեմ Քրիստոսին, Ով յայտնուեց իմ միջոցով: Ճշմարտապէս ես անդամալոյծ էի, ինչպէս որ տեսնում էիք գաւթում, սակայն բժշկուեցի սուրբ Յակոբի եւ սուրբ Մարուգէի ձեռքով: Եւ եթէ դու եւս հաւատաս մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուանը, Ով ծնուեց սուրբ Կոյս Մարիամից, գնաս Նրա ծառաների մօտ ու լսես աւետարանի քարոզչութիւնը, այնժամ քո որդին կը բժշկուի»:
Ապա Կերդոնը, սթափուելով եւ բարի խորհուրդն ընդունելով, քամահրեց կախարդի խօսքերը եւ ասաց. «Այսուհետեւ կամենում եմ ստուգել ճշմարտութիւնը եւ հեռանալ խաբէութիւնից»: Իսկոյն վեր կացաւ, վերցրեց իր որդուն, եկեղեցի տարաւ, միւսներն էլ գնացին նրա յետեւից: Ոմանք մօտեցան սուրբ Յակոբին եւ սուրբ Մարուգէին ու ասացին. «Եպարքոսի եղբայրը՝ Կերդոնը, դրսում է եւ կամենում է տեսնել ձեզ»: Այնժամ պատուիրեցին խաղաղութեամբ ներս մտնել: Այնտեղ էր նաեւ Կերդոնի եղբայրը՝ եպարքոսը:
Կերդոնը, մօտենալով սուրբերին, ողջունեց, կանգնեց նրանց առջեւ եւ բարձրաձայն ասաց. «Ո՛վ տէրեր, ես կարծում էի, թէ ճշմարտութեան ճանապարհին եմ եւ ոչ թէ մոլորութեան: Մինչեւ անգամ բազմիցս հրաժարուել եմ Կոստանդիանոս թագաւորի տուած պատիւներից, որպէսզի նա ինձ մկրտուել չտար, ինչպէս իմ եղբօրը, բայց այժմ վարանում եմ եւ չգիտեմ, թէ որն է ճշմարիտ ճանապարհը: Այն անդամալոյծի բժշկութեամբ յոյս ունեմ, որ եթէ նա բժշկուեց ձեր աղօթքների շնորհիւ, ապա կը բժշկուի նաեւ իմ որդին, եւ ես կը հաստատուեմ ճշմարիտ հաւատքի մէջ: Թող ամօթահար լինի Մարկիոնը, որն ասում է, թէ Քրիստոս մարմին չի առել Կոյսից, եւ թէ չկայ մեռելների յարութիւն: Այնժամ ինձ համար հաւաստի կը լինի այն, ինչ ասում էք Յիսուս Նազովրեցու մասին, թէ նա ծնուել է Կոյս Մարիամից, խաչուել, թաղուել, յարութիւն է առել եւ մեռելների յարութեան յոյսն է հաստատել: Բայց հաւատքս կը հաստատուի միայն այն ժամանակ, երբ իմ որդին բժշկութիւն ստանայ, որովհետեւ Նա, Ով բժշկում է գօսացած մարմինը, Նա է ճշմարիտ Աստուած, եւ Նա էլ կը բժշկի իմ հոգին ու մարմինը»: Երբ մարկիոնեան կախարդը լսեց Կերդոնի ասածները, ասաց նրան. «Մի՛ լսիր այս գալիլեացիներին, որովհետեւ նրանք ո՛չ կաղերին կարող են բժշկել, ո՛չ էլ՝ անդամալոյծներին առողջացնել»: Այնժամ սուրբ Յակոբն ամբողջ ժողովրդի առաջ կախարդին ասաց. «Թէպէտ մենք ոչինչ չարժենք, բայց անօգուտ խօսքեր չենք ասում, այլ ինչ որ ասում ենք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով ենք խօսում, Ով ծնուեց սուրբ Կոյսից, խաչուեց, թաղուեց եւ մեռելներից յարութիւն առնելով՝ Իր հետ յարութիւն տուեց մեր բնութեանը: Նա Իր աշակերտներին տուեց Իր Սուրբ Հոգին եւ ուղարկեց նրանց՝ աշակերտ դարձնելու բոլոր հեթանոսներին ու մկրտելու նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Նա ասաց՝ ով հաւատայ եւ մկրտուի, կ՚ապրի, իսկ ով չհաւատայ, կը դատապարտուի: Եւ դարձեալ ասաց՝ ով հաւատայ Ինձ, Ինձ պէս հրաշքներ կը գործի եւ Իմ անունով դեւեր կը հանի: Արդ, մենք հաւատացել եւ հաւատում ենք, եւ ամէն բան, ինչ որ խնդրում ենք, ըստ Իր խոստման՝ տալիս է մեզ: Ինչպէս որ Նրա անունով աներկիւղ ոտնակոխ ենք անում վիշապի գլուխը եւ այդպէս էլ սուրբ Խաչով կը վերացնենք ձեր մոլորութիւնը: Այժմ դու եւ ձեր քուրմը կանչէք ձեր աստուածներին, որպէսզի այդ երեխան բժշկուի: Եթէ ձեր խօսքերը ճշմարիտ չլինեն, այնժամ կը պատահի ձեզ այն, ինչ որ Հռոմում պատահեց Սիմոն կախարդին: Իսկ մենք ընկնում ենք մեր Աստուծոյ առջեւ եւ բժշկութիւն հայցում այս երեխայի համար, սակայն սա անում ենք ոչ թէ մեզ, այլ ժողովրդի համար, որպէսզի հաւատան Նրա անուանը»: Իսկ մարկիոնականը ցածր ձայնով եւ բեկուած սրտով ասաց. «Ո՛չ մենք կարող ենք բժշկել դրան, ո՛չ էլ՝ դուք»: Սուրբ Մարուգէն ծիծաղելով ասաց. «Յուսալով Հայր Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ ինչ որ խնդրենք հաւատով, կը ստանանք»: Եւ վստահեցնելով երեխայի հօրը՝ ասաց. «Յոյս ունեմ, որ երբ սուրբ Յակոբը մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով մկրտի նրան, բժշկուած կը ելնի աւազանից»: Կերդոնն ասաց. «Ես կամենում էի միաժամանակ մկրտուել իմ ամբողջ ընտանիքով, բայց ըստ քո խօսքի՝ թող նախ մկրտուի իմ որդին, ապա ես եւ իմ ընտանիքը»: Այնժամ սուրբ Մարուգէն սուրբ Յակոբին ասաց. «Տէ՛ր, պատուիրի՛ր քո քահանաներից մէկին, որ պատրաստի աւազանը»: Եւ Կերդոնն ասաց. «Թող ոչ ոք չմկրտի իմ որդուն, այլ միայն՝ ձերդ սրբութիւնը»:
Երբ աւազանը մօտեցրին, սուրբերը ծնրադրեցին մէկն աջ կողմում, միւսը՝ ձախ, եւ աղօթեցին՝ ասելով. «Մեր Տէր Յիսո՛ւս Քրիստոս, Դու կամենում ես բոլոր նրանց փրկութիւնը, ովքեր Քեզ օգնութեան են կանչում: Լսի՛ր Քո ծառաների աղաչանքները, եւ թող փառաւորուի Քո անունն այս քաղաքի հրեաների ու հեթանոսների մէջ, որպէսզի իմանան, որ միայն Դու ես զօրութիւնների Աստուածը»: Ապա աղօթքից յետոյ վեր կացան եւ պատուիրեցին, որ մանկանը, որն ութ տարեկան էր, իջեցնեն աւազանի մէջ: Եւ մկրտեցին նրան Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով ու կոչեցին Յովհաննէս: Սուրբ Յակոբը տարածեց նրա գօսացած ձեռքերը, բաժանեց միմեանց ոլորուած ոտքերը եւ բռնելով մանկան ձեռքից՝ կանգնեցրեց նրան ու հրամայեց քայլել, եւ նա համարձակ քայլեց: Ովքեր տեսան, սկսեցին փառաւորել Աստծուն, իսկ մարկիոնականը եւ իր աղանդակիցները վրդովուած փախան այդ քաղաքից եւ որեւէ տեղ չերեւացին:
Յաջորդ օրը սուրբ հայրապետը մկրտեց Կերդոնին, որին անուանեց Պօղոս, եւ նրա կնոջը, որին էլ՝ Մարիամ: Մկրտեց նաեւ ամբողջ ընտանիքին ու ժողովրդին: Մկրտուողները երեք հազար հարիւր հոգի էին: Այնուհետեւ սուրբ Մարուգէն, օրհնաբանելով Աստծուն, ուրախութեամբ գնաց իր վանքը, իսկ Պօղոսը նոր մկրտուածների բազմութեամբ իր տանը մեծ ուրախութիւն եւ ընդունելութիւն արեց, բայց տրտմեց սուրբ Մարուգէի հեռանալու համար: Նա մարդ ուղարկեց եւ հրաւիրեց նրան, իսկ սուրբն ընդառաջեց, եկաւ նրա տուն եւ ասաց. «Այստեղ բերէք մարկիոնականների կախարդութեան գրքերը»: Եւ երբ բերեցին, հրամայեց այրել դրանք:
Այնուհետեւ շատերը մշտապէս գալիս էին սուրբ Յակոբի մօտ՝ աշակերտելու Քրիստոսին, որի համար սուրբ հայրապետը որոշեց մեծ եկեղեցի շինել, որովհետեւ նախկինում ժողովուրդը սակաւաթիւ էր, իսկ եկեղեցին՝ փոքր: Տիրոջ կողմից սուրբ Յակոբի ձեռքով անպակաս էին կատարուող բժշկութեան հրաշքները յատկապէս համաճարակից՝ ժանտախտ կոչուող մահաբեր հիւանդութիւնից տառապողների վրայ: Երբ սուրբ Մարուգէն կամեցաւ գնալ իր վանքը, Պօղոսն ասաց նրան. «Տէ՛ր, ե՞րբ գանք քո վանքը եւ օրհնութիւն ստանանք եղբայրներից»: Սուրբն ասաց. «Ոչ ոք ձեզ չի արգելում: Ով կամենում է, կարող է գալ, երբ կամենայ»:
Տասն օր անց Պօղոսն իր կնոջ՝ Մարիամի, որդու՝ Յովհաննէսի, եւ ծառաների հետ պատրաստուեց գնալ սուրբ Մարուգէի վանքը, բայց այդ գիշեր այն մահաբեր ցաւը պատեց երեխային: Յաջորդ օրը Պօղոսն իր ծառաներին, որոնք պատրաստել էին գրաստները, ասաց. «Դուք գնացէք, իսկ ես, որդիս եւ նրա մայրը կը մնանք այստեղ, որ տեսնենք, թէ ինչ է լինում մեր որդու հետ»: Պատանուն տիրող ցաւն աւելի ու աւելի էր սաստկանում: Այնժամ Պօղոսն ասաց. «Այս դեւի փորձութիւնն է, որը կամենում է խափանել սուրբի մօտ գնալը»: Ապա վերցրեց հիւանդ պատանուն, դրեց գրաստի վրայ եւ քանի դեռ որդին ողջ էր, շտապեց վանք հասցնել: Երբ մօտեցան վանքին, տղան ջուր խնդրեց, որովհետեւ խեղդւում էր, բայց նոյն պահին աւանդեց հոգին: Ծառաները խորհուրդ տուեցին վերադառնալ եւ թաղել մեռած որդուն, սակայն Պօղոսն ասաց. «Մինչեւ չտեսնեմ սուրբ Մարուգէին եւ եղբայրներին, տուն չեմ վերադառնայ»: Եւ իջնելով գրաստից՝ գնացին ոտքով ու տանելով մեռածին՝ դրեցին սուրբ Մարուգէի առաջ եւ ասացին. «Ահա արժանի չեղանք մեր որդու հետ ուրախութեամբ ձեզ մօտ գալ: Բայց ձերդ սրբութեան ձեռքն ենք յանձնում նրան՝ իմանալով, որ ինչ խնդրում ես Աստծուց, Նա տալիս է քեզ»: Սուրբ Մարուգէն ոչինչ չասաց, որովհետեւ տեսաւ երեխայի սաստիկ տրտմած ծնողներին ու ծառաներին, որոնք տարբեր տեսակ անմիտ խօսքեր էին ասում. ոմանք ասում էին, թէ այդ պատահարը եղաւ մարկիոնական կախարդութեան պատճառով, ոմանք էլ, թէ գիշերուայ մէջ նա գինի է խմել, որի բաժակում իժի թոյն է եղել: Ապա երեխայի մահուան լուրն իսկոյն հասցրեց սուրբ Յակոբին, որպէսզի նրան կենդանացնելու համար շտապ վանք գայ, որովհետեւ այդ ցաւի բժշկութեան շնորհը նրան էր տրուած: Այս լսելով՝ սուրբ Յակոբը Պօղոսի եղբօր՝ եպարքոսի եւ այլ մեծամեծների հետ իսկոյն եկաւ՝ որպէս թէ երեխային յուղարկաւորելու համար: Եւ հրամայեց զանգերը խփել ու հաւաքել բոլոր կրօնաւորներին: Ապա մանկանն առաւ իր բազուկների վրայ, դրեց նրան բեմի աստիճանին եւ ինքն էլ, խոնարհուելով ու ծնկի իջած, աղօթեց՝ ասելով. «Բարիքներ պարգեւող մեր Տէր Յիսո՛ւս Քրիստոս, Դու իջար մեռելների բնակութեան վայրը՝ դժոխք, բժշկեցիր մահուան մահճում ընկած մեր ընկած բնութիւնը, կանգնեցրիր մեզ գլորումից եւ անմահ կեանք խոստացար: Կենդանի՛ Ձայն, Դու ձայնեցիր գերեզմանի մօտ եւ հրամայեցիր մահուանը վերադարձնել չորս օրուայ մեռած Ղազարոսին: Լսի՛ր, Տէ՛ր Աստուած, Քո ծառայի պաղատանքները եւ կենդանութի՛ւն տուր այս պատանուն: Ինչ որ արեցիր Եղիայի եւ Եղիսէի ձեռքով, այսօր շնորհի՛ր եւ մեզ ոչ թէ իմ արժանաւորութեան, այլ Քո սուրբ անուան համար, որպէսզի Քո սուրբ Խաչի զօրութիւնը փառաւորուի բոլոր ազգերում եւ բոլորի լեզուներին: Թող ճանաչեն քեզ բոլոր նրանք, ովքեր մոլորուած, շեղուած են ու չեն ճանաչում Քեզ: Դու ես ճշմարիտն Աստուած, որ սպանում ես եւ ապրեցնում, իջեցնում ես դժոխք կամ այնտեղից դուրս բերում»: Երբ աղօթքն աւարտեց, արտասուքներ բխեցին սուրբի աչքերից, որոնք սուրբ Սեղանի առաջ թրջեցին գետինը: Ապա վերցրեց իր արտասուքներից թրջուած կաւանման հողը, դրեց երեխայի կոկորդին, եւ նա սկսեց շարժուել: Եւ սուրբը, բռնելով մանկան ձեռքից, ասաց. «Յովհաննէ՛ս, Տէր Յիսուս Քրիստոսի անունով վե՛ր կաց»: Եւ մանուկը, բացելով իր աչքերը, տեսաւ սուրբին ու հաւաքուած ժողովրդին, նստեց բեմի աստիճանին, օրհնեց Աստծուն եւ գոհացաւ այսպիսի շնորհներ Պարգեւողից: Երբ տեսան այս կատարուածը, եպարքոսն ու ամբողջ ժողովուրդը պատուեցին մեծ երկիւղով ու պատկառեցին սուրբի տեսքից, որովհետեւ չէին տեսնում նրան իբրեւ մարդու, այլ Աստուծոյ հրեշտակի: Ապա միաբան աղաղակեցին՝ ասելով. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, զօրութիւնների՛ Տէր, երկինքն ու երկիրը լի են Քո փառքով»: Եւ սուրբ հայրապետը, բռնելով մանկան ձեռքից, տուեց նրան իր հօրն ու մօրը, որոնք խնդրեցին սուրբին իր մօտ պահել մանկանը: Սակայն սուրբն ասաց նրանց. «Պէտք չէ նրան թողնել ինձ մօտ, որովհետեւ դեռեւս երեխայ է: Թող նա ուսում առնի եւ երիտասարդ տարիքի հասնի»: Եւ այդ օրը մեծ տօն արեցին ու ոչինչ չճաշակեցին: Յաջորդ օրը, եկեղեցի մտնելով, պատարագ մատուցեցին, հաւատացեալներին բաշխեցին փրկչական Խորհուրդը, ապա սուրբ Յակոբի պատուէրով աղ ու հաց ճաշակեցին: Նրանց մտքից չէր հեռանում այն սքանչելիքը, որ տեսան: Ապա օրհնութիւն ստացան մենակեացներից ու սուրբ Մարուգէից, եւ իւրաքանչիւրն ուրախութեամբ իր տուն վերադարձաւ:
Պատանու յարութեան եւ կատարուած սքանչելիքի լուրը տարածուեց Մծբին քաղաքի շրջակայ գաւառի բոլոր կողմերում: Եւ երբ սուրբ Յակոբը եպարքոսի ու ամբողջ բազմութեան հետ քաղաք մտաւ, տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներ ու կոյսեր, ծերեր եւ մանուկներ նրան ընդառաջ եկան: Բերում էին բազմաթիւ հիւանդների, եւ նա բժշկում էր բոլորին: Սուրբ Մարուգէի ականատես աշակերտը, որի անունը Մաղաքիա էր, գրում է. «Քանի որ չգիտէի նրանց բոլորի անունները, մէկ առ մէկ չկարողացայ գրի առնել կատարուած հրաշքները եւ Աստուծոյ սուրբի անպատմելի վարքը»:
Այնժամ եպարքոսը Կոստանդիանոս կայսրին գրեց այն բոլոր նշանների, սքանչելիքների, ինչպէս եւ իր եղբօր որդու յարութեան մասին, որ Աստուծոյ զօրութեամբ կատարւում էին սուրբի ձեռքով: Իսկ Կոստանդիանոս Մեծը վերցրեց թուղթը, ընթերցելով գոհացաւ Աստծուց եւ եպարքոսին պատասխանեց հետեւեալ գրութեամբ. «Այս ժամանակներում երեքն են Աստուծոյ ընտրեալ ծառաները, եւ ամբողջ երկիրը նրանց վրայ է յենուած որպէս հաստատուն սիւների: Նրանք՝ որպէս լուսաւոր ջահեր, ծագեցին ամբողջ տիեզերքում, լուսաւորեցին մարդկանց խաւարած մտքերը, մաքրեցին որոմը, որ սերմանել էր չար մշակը, եւ սերմանեցին բարի սերմը՝ Քրիստոսի վարդապետութիւնը: Նրանք պանդուխտներ էին եւ օտար աշխարհին, բայց շատերի օգտի համար պարգեւներ ստացան. Անտոնը՝ եգիպտացիների երկրում, Սեղբեստրոսը՝ մեր երկրում, եւ Յակոբը՝ Միջագետքի Մծբին քաղաքում: Թող նրանք օրհնութեամբ յիշուեն, եւ թող նրանց աղօթքներն իջնեն ամբողջ աշխարհի վրայ: Արդ, աղաչում եւ խնդրում եմ նրանց, որ աղօթեն մեզ համար ու հայցեն Տիրոջը, որ Նա Իր ողորմութեան հովանու ներքոյ պահի մեր իշխանութիւնը եւ թագաւորութիւնը: Իսկ երբ գայ վերջին օրը, թող Քրիստոսի ողորմութիւնն արժանացնի մեզ նրանց հետ փառաւորել ամենասուրբ Երրորդութեանը: Ո՛ղջ եղիր, ի՛մ որդի եպարքոս»:
Այնուհետեւ երանելի սուրբ Յակոբը շրջում էր իր թեմում՝ տեսնելու եւ մշակելու քրիստոնէութեան տնկիներն ու օգնելու նրանց իր վարդապետութեամբ: Տեսնելով, որ տարածուել է քրիստոնէութիւնը, մտածեց եկեղեցի շինել: Գնաց անապատ՝ սուրբ Մարուգէի մօտ, եւ երբ ողջոյն տուեցին միմեանց, սուրբ Յակոբն ասաց. «Եթէ Տէրը կամենայ, մտածում եմ եկեղեցի շինել: Ե՛կ, իջնե՛նք եւ ճշտենք սուրբ վայրը»: Սուրբ Մարուգէն պատասխանեց. «Արժա՛ն է իջնել, որովհետեւ մօտենում է եօթերորդ օրը: Ե՛կ դու իջիր, եւ Տէրը կ՚ուղարկի Իր հրեշտակին, ու նա քեզ ցոյց կը տայ այն տեղը, թէ որտեղ պէտք է շինել: Քանզի կռապաշտութեան վայրը, ուր անօրէնութեան երգեր են հնչել, պէտք է սրբուի եւ նրանում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Մարմինն ու Արիւնը պատարագուի»: Եւ սուրբ Յակոբն ասաց. «Թող ձեր աղօթքները մեզ վրայ լինեն, որպէսզի կատարուի այնպէս, ինչպէս ասացիր»:
Եւ իսկոյն վեր կենալով՝ քաղաք իջաւ: Հաւաքեց քաղաքի առաջնորդներին եւ նրանց հարցրեց. «Դուք ի՞նչ էք ասում, որտե՞ղ էք պատուիրում եկեղեցի շինել»: Եւ նրանք երեք-չորս տեղ ցոյց տուեցին: Նա այդ օրը լռեց: Գիշերուայ երկրորդ ժամին վեր կացաւ, վերցրեց իւղի սրուակը եւ դուրս եկաւ իր սենեակից: Եւ ահա Տիրոջ հրեշտակը երեւաց նրան, մօտենալով ողջոյն տուեց սուրբ տէր Յակոբին, իսկ նա հարցրեց. «Ո՞վ ես դու»: Եւ հրեշտակը պատասխանեց. «Ես եմ, որ ուղարկուեցի Տիրոջ կողմից, որպէսզի քեզ ցոյց տամ եկեղեցու տեղը եւ նրա չափերը»: Եւ Յակոբը հրեշտակին ասաց. «Ուրեմն դու կը գնաս իմ առջեւից»: Նա բնաւ չզարհուրեց հրեշտակի տեսքից, այլ սովոր էր, որովհետեւ բազմիցս աստուածային տեսիլքներ էր տեսնել: Հրեշտակը նրա հետ գնաց մինչեւ այն տեղը, ուր եղել էր Անտիոքի արքայի կռատունը, ու ասաց նրան. «Ա՛յս է եկեղեցու տեղը», եւ ցոյց տուեց չափը: Այնուհետեւ երանելին լծուեց շինութեան գործին:
Այդ օրերին պարսից կողմերի եպիսկոպոս, Աստուծոյ սուրբ այր Մելիտոսը Երուսաղէմի ուխտավայրերից վերադառնալիս անցաւ Մծբին քաղաքով: Եւ տեսնելով սուրբ Յակոբին, որն սկսել էր եկեղեցու շինարարութիւնը, մեծապէս ուրախ եղաւ: Իր երկրի վաճառականներից երեք հարիւր դահեկան վերցրեց ու տուեց եկեղեցուն, որովհետեւ իր հետ ոչինչ չունէր՝ բացի իր գաւազանից ու աւետարանից: Եւ սուրբ Յակոբն ու սուրբ Մարուգէն մարգարէացան Մելիտոսի համար՝ ասելով. «Երբ վերադառնաս Արեւելք, պիտի նահատակուես մարտիրոսութեամբ», որն էլ եղաւ, ինչպէս որ ժամանակակից գրչի[10] ձեռքով գրուած է նրա վարքում:
Կոստանդիանոս Մեծի եւ Տրդատ Մեծի վախճանից յետոյ պարսից Շապուհ արքան պատերազմելով շարժուեց դէպի Միջագետք՝ հռոմէացիների սահմանները, սակայն սուրբ Յակոբի աղօթքներով Տէրը պահեց նրա Մծբին քաղաքը, որի ազատութեան սքանչելիքի մասին պատմեցինք քիչ վերը: Այնուհետեւ կատարուեցին հայոց Խոսրով արքայի զօրավարներից մէկի՝ ռշտունեաց Մանաճիհր[11] իշխանի հետ եղած այն իրադարձութիւնները, որոնց մասին Խորենացին համառօտ գրում է. «Մանաճիհրը, հայոց հարաւային գնդով եւ կիլիկիացիների զօրքով գնալով Ասորեստանի կողմերը, պատերազմեց Բակուր բդեշխի դէմ, սպանեց նրան, իսկ նրա զօրքին եւ օգնութեան եկած պարսիկներին հալածեց: Ձերբակալեց Բակուրի որդի Հեշային եւ երկաթէ կապանքներով ուղարկեց Խոսրովի մօտ: Անխնայ սրի քաշեց նրա իշխանութեան տակ գտնուող գաւառների ոչ միայն մարտիկներին, այլեւ հասարակ ժողովրդին: Նա շատ գերիներ էր վերցրել ու տարել նաեւ Մծբինի կողմերից, որոնց թւում նաեւ սուրբ Յակոբի ութ սարկաւագներին: Յակոբը, նրանց յետեւից գալով, յորդորում է Մանաճիհրին արձակել գերիներին, քանի որ նրանք անմեղ են, բայց անօրէն Մանաճիհրը չի համաձայնում՝ պատճառ բռնելով թագաւորին: Յակոբը դիմում է թագաւորին, որից Մանաճիհրն աւելի է չարանում եւ գաւառացիների սադրանքով նրա ութ սարկաւագներին, որոնք կալանաւորուած էին, հրամայում է ծովը նետել: Այս լսելով՝ Մեծն Յակոբը սաստիկ բարկացած վերադառնում է իր տեղը, ինչպէս Մովսէսը փարաւոնի մօտից, բարձրանում է մի լեռ, որը կոչւում է Ընձաքիարս[12], որի կատարից երեւում էր ամբողջ Ռշտունեաց գաւառը, եւ անիծում է Մանաճիհրին ու նրա գաւառը: Եւ Աստուծոյ դատաստանը շուտ վրայ է հասնում. Մանաճիհրը Հերովդէսի նման բռնւում է տեսակ-տեսակ ցաւերով ու մեռնում, գաւառի պտղաբեր ջրարբի հողերը աղի հող են դառնում, երկինքը, ըստ սուրբ Գրքի, նրանց գլխին պղինձ է դառնում, ծովն էլ հակառակուելով ծածկում է արտերի սահմանները: Երբ Մեծն Վրթանէսը եւ Խոսրով արքան լսում են այս բաների մասին, զայրանալով հրամայում են արձակել գերուածներին եւ զղջումով ու ապաշխարելով դիմել սուրբին, որ գուցէ դադարի Աստուծոյ բարկութիւնը: Սուրբ Յակոբի այս աշխարհից ելնելուց յետոյ Մանաճիհրի որդին ու ժառանգը ապաշխարութեամբ, յորդ արտասուքներով ու հառաչանքներով սուրբի բարեխօսութեամբ ստացաւ գաւառի բժշկութիւնը»[13]:
Իսկ սուրբ Յակոբը, համբերելով մեծ նեղութիւնների, գործելով բազմաթիւ հրաշքներ եւ ապրելով մարմնի մէջ որպէս անմարմին, որով զարմացրեց հրեշտակներին, ննջեց վերոգրեալ դէպքերից մէկ տարի անց: Եւ այս աշխարհից նրա փոխուելն այսպէս եղաւ:
Կիրակի օրը նա եղբայրներին ասաց. «Այսօր տեսայ հրեշտակին, որը հրաւիրում էր ինձ ելնել մարմնից եւ մտնել առ Աստուած»: Եւ պատուիրեց նրանց հսկել ամբողջ գիշեր՝ մինչեւ արեգակի ծագելը: Պատարագի ժամին, երբ նա կատարում էր փրկական Խորհուրդը, տեսաւ Սուրբ Հոգուն եւ աղաչեց Նրան, որ խաղաղութեամբ անցնի Իշխանութիւնների ու Պետութիւնների միջով: Եւ աւարտելով սուրբ Պատարագը՝ դուրս եկաւ լուսատեսիլ եւ զուարթ երեսով: Բազմութիւնը, տեսնելով սուրբին եւ իմանալով նրա աշխարհից փոխման մասին, լաց էր լինում, բայց նա հրամայեց լռել եւ սկսեց աւետարանել նրանց՝ ասելով. «Եղբայրնե՛ր, լսէ՛ք ինձ, յիշէ՛ք արգելուած պտուղը, որն ընդունեց նախահայրը՝ պատճառ լինելով Աստուծոյ եւ Նրա սուրբերի չարչարանքների եւ անախտ Դրախտի փոխարէն անիծաբեր երկիրը ժառանգելուն: Յիշէ՛ք մարգարէների հալածանքները, որոնք սպանուեցին իրենց մերձաւորների կողմից: Այրերի հետ յիշէ՛ք Տիրոջ անուան համար հալածուած կանանց, որոնք արհամարհեցին այս աշխարհի փառքը, մանկական խաղի նման ոչինչ համարեցին դրա հանդէպ սէրը եւ բազմաթիւ մեծ նեղութիւններով ելան աշխարհից: Յիշէ՛ք նաեւ առաքեալների, մարտիրոսների եւ սուրբերի բոլոր դասերին, որոնք սաստիկ եւ զանազան տանջանքներով Քրիստոսի համար իրենց մահուան մատնեցին եւ փոխուեցին Քրիստոսի մօտ: Յիշէ՛ք հէնց Իրեն՝ մեր Տիրոջը՝ ողորմածին, բարերարին եւ անմահին ու Նրա համբերութիւնը մեղաւորներիս համար, Ով անօրէնների հակառակութեան պատճառով մեռաւ ծաղրի ենթարկուելով, անարգուելով ու ձաղկուելով եւ ապերախտներիցս ըստ արժանւոյն փոխարէնը ոչինչ չստանալով: Սակայն աղաչում եմ, որ չանտեսէք Քրիստոսի բարերարութիւնների երախտիքը, այլ ապրէ՛ք ճշմարիտ վարքով, որովհետեւ պիտի կանգնենք Նրա բեմի առաջ՝ ստանալու իւրաքանչիւր գործի հատուցումը: Թօթափուէ՛ք չար գործերից եւ մի՛ խնայէք ձեր մարմինները, որովհետեւ դրանք հեռացնում են Աստծուց: Եւ այժմ ես անպարտ եմ ձեր բոլորի արիւնից, որովհետեւ չդադարեցի գիշեր թէ ցերեկ պատմել, ուսուցանել եւ հաստատել ձեզ աստուածային երկիւղի ու սիրոյ մէջ: Ձեր օրերում գալու են յափշտակող գայլեր եւ սուտ վարդապետներ, որոնք չեն խնայելու Քրիստոսի հօտին: Գոհացէ՛ք ձեր բոլոր նեղութիւնների մէջ եւ հաստատուն մնացէք՝ ամուր պահելով իմ ուխտի խրատը եւ անդադար խոկալով Աստուծոյ սիրոյ ու երկիւղի մասին, որպէսզի համբերողների վարձքն ընդունէք մեր Քրիստոս Աստծուց, Որին փա՛ռք յաւիտեանս. ամէն»:
Ապա օրհնեց նրանց եւ երեք անգամ ծնրադրելով՝ խոստովանեց ամենասուրբ Երրորդութեանը եւ պառկելով հոգին աւանդեց Քրիստոսին: Անուշահոտ բուրմունք տարածուեց, իսկ վերեւից նրա սուրբ նշխարների վրայ լոյս էր գնում-գալիս: Ժողովրդից շատերն արտասւում էին, որովհետեւ զրկուեցին իրենց սուրբ հովուից: Կատարելով աղօթքների կարգը՝ նրա մարմինը դրեցին խորը փորուած գերեզմանում, որպէսզի անհասանելի լինէր յափշտակողներին:
Ռշտունեաց երկիրը երեք տարի անէծքի տակ մնաց. մարդ եւ անասուն ծնունդ չտուեց, պտղատուները չորացան, անչափ գեղեցկութիւնները խամրեցին: Ինչպէս պատմագիրներից մէկն է ասում. «Նախքան Յակոբի անէծքը՝ Ռշտունեաց երկիրը նման էր Ադէնի դրախտին»: Եւ քանի որ Մանաճիհրը մեռել էր, նրա ցեղից մէկը (ոմանք ասում են՝ քոյրը, ոմանք՝ հօրեղբօր որդին, իսկ Խորենացին ասում է՝ ժառանգորդը) ճանապարհ ընկաւ՝ փնտռելու սուրբի նշխարները՝ խնդրելու ազգի ու գաւառի բժշկութիւնը: Շատ չարչարուելով, ծնկներն ու երեսը գետնին քարշ տալով ու քերթելով՝ հասաւ տապանին եւ անդադար աղօթքներով քառասուն օր ողբաց: Եւ ապա սուրբ Յակոբը, լսելով նրա պաղատանքները, ողորմեց նրան՝ պարգեւելով մասունքներ անարատ եւ սուրբ աջից: Մինչ սպասաւորները սքանչանում էին, տեսիլքի մէջ սուրբն օրհնեց նրան չարչարանքների համար եւ արձակեց: Իսկ նա, ուրախութեամբ գալով ու հասնելով իր Աղձնեաց գաւառի «Երկաթահանք» կոչուաած բլրին, աւետիս տուեց գաւառին: Եւ երբ տարածուեց աւետիսի լուրը, ժողովուրդը խուռն բազմութեամբ ընթացաւ դէպի այն վայրը, որ կոչւում էր «Առաքելոց բլուր», որովհետեւ աւետաբերներն այնտեղ էին գնում: Մարդիկ խումբ-խումբ փարւում էին միմեանց եւ ընկնում նշխարները բերողների ոտքերը: Յիշատակի համար իւրաքանչիւրը մի քար էր դնում բլրի վրայ, եւ մինչ օրս կայ այդ մանր, եկած ժողովրդի թւով քարերի կարկառը[14]: Ապա լերան վրայից իջեցրին նշխարները եւ ուղղուեցին դէպի Ռշտունեաց երկիր, սակայն նոյն պահին արգելուեցին, որովհետեւ որեւէ մէկը չկարողացաւ շարժուել ո՛չ գրաստով, եւ ո՛չ էլ ոտքով: Շուրջ երեք օր բազմութիւնը զարմանքի մէջ էր: Եւ Աստուծոյ հրեշտակը, երեւալով տեսիլքի մէջ, հրամայեց իջնել այդ տեղից: Ձորակից տեսնելով մի բարձրավանդակ վայր՝ այնտեղ գցեցին եկեղեցու հիմքերը, որտեղ էլ զետեղեցին սուրբի նշխարները: Տարածուեցին սուրբ աջի մասին լուրերը, որի համար գալիս էին մօտակայ եւ հեռաւոր վայրերից՝ բերելով ընծաներ ու ողորմութիւն եւ բժշկութիւն ստանալով իւրաքանչիւր հիւանդութիւններից:
Իսկ թէ Մծբինում ինչ եղաւ սուրբի մարմնի հետ, պատմագիր Բուզանդն այսպէս է գրում. «Բայց նրա ոսկորները շնորհուեցին Ամիդի[15] քաղաքացիներին, երբ յունաց եւ պարսից թագաւորների միջեւ պատերազմների պատճառով մծբնացիների հետ այդտեղից այնտեղ փոխադրուեցին այլ բաների հետ», իսկ այնտեղից էլ չգիտենք, թէ ուր: Յայտնի է միայն այն, որ Մծբինի եկեղեցու մէջ նրա գերեզմանը թափուր է մնում: Նրա աջի եւ այլ նշխարների մասին, որ բերուեցին Ռշտունիք, «Ճառընտիր»-ը գրում է, թէ այն վայրը, ուր բնակուեց սուրբ Յակոբը, այժմ Մոկաց երկիր է կոչւում: Եւ քանի որ այդ տեղը որոշ ժամանակ ընկած էր այլազգիների ձեռքը, Արծրունեաց ցեղից հայոց թագաւորը, գանձեր տալով, գնեց ու այդտեղ փառազարդ եկեղեցի շինեց, եւ ի փառաբանութիւն ամենասուրբ Երրորդութեան՝ կարգեց քահանաներ ու կրօնաւորներ: Սուրբ Գրիգոր Նարեկացին ներբողեան ճառ ձօնեց Մծբինի սուրբ Յակոբ հայրապետին, որի սկիզբն ուղղուած է Աստուծոյ եկեղեցուն, իսկ վերջում ասում է. «Այս գովեստի քարը հաստատի՛ր Քո հանգստեան յարկի շինուածքում՝ այս բարի հովուի վկայարանում, եւ փոխադրի՛ր մեզ արքայական Տաճարիդ լուսապաճոյճ գաւթի բնակարանը»: Իսկ դրանից փոքր-ինչ առաջ սուրբի նշխարների մասին ասում է. «Հոգով սլացաւ դէպի ակնկալութեան վերամբարձ առհաւատչեան, իսկ իր ոսկորների մասունքների մէջ անսպառ պարգեւներ տնկեց, որով յուսադրեց եւ ցոյց տուեց կեանքի յարութիւնը ... : Աշխարհը նրանով ունի հանդերձեալի յուսադրութիւնը, իսկ ինքը կանգնած է ամուր, աննկուն, նորոգ եւ անկործան որպէս միջնորդ երկնքի ու երկրի»:
Իսկ սուրբ Յակոբին նուիրուած շարականում՝ շքեղօրէն եւ վայելչապէս գրուած կա՛մ Նարեկացու, կա՛մ գաւառակից այլ վարդապետի կողմից, գեղեցիկ նկարագրով բովանդակուած է ոչ միայն սուրբի վարքը, այլեւ յայտնապէս յիշատակւում են նրա նշխարները եւ տաճարը. «Երկրպագում ենք Քրիստոսի ճգնաւորի եւ պատուական վկայի յարատեւ նշխարների առաջ, որ աշխարհի պարծանքն է եւ մեր բարեխօսը: Քո սուրբ տաճարում երկրպագում ենք քո սուրբ նշխարներին եւ փառաւորում քո հանգստեան յիշատակի օրը: Բարեխօսի՛ր Քրիստոսին քո տօնը կատարողներիս համար»:
Ըստ մեզ՝ սուրբ Յակոբի վախճանը եղաւ Տիրոջ 346 կամ 347 թուականին, սուրբ Վրթանէսի եօթերորդ տարում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յակոբ Մծբնեցի հայրապետի յիշատակը տօնախմբում է Յիսնակաց Գ կիրակիին յաջորդող շաբաթ օրը Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- 2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Փ.Բուզանդ. «Հայոց պատմութիւն», Երեւան-1987, էջ 39-43:
- Մովսէս Խորենացի. «Հայոց պատմութիւն», Երեւան-1981, էջ 315-317:
[1] Բուն Աղուանքի արեւմտեան մասը: Լփնիներին քրիստոնէութիւն քարոզել է
[2] Աւանդաբար նոյնացուել է Չինաստանին:
[3] Բ Կորնթ. Գ 18:
[4] Առանց կարիքի:
[5] Առ այս պատմիչ Բուզանդը գրում է. «Նա եկաւ մեծ փափագով ու ցանկութեամբ եւ աղաչում էր Աստծուն, որ կարողանայ տեսնել Նոյի փրկական տապանը, որ ջրհեղեղից յետոյ այս լերան վրայ էր հանգչել, քանի որ ինչ խնդրում էր Աստծուց, ստանում էր: Արդ, երբ նա բարձրանում էր Արարատեան լերան անջրդի, քարքարոտ տեղերով, ինքը եւ իր հետ եղողները յոգնեցին ու ծարաւեցին: Այդժամ մեծն Յակոբը ծնրադրեց գետնի վրայ եւ աղօթեց Տիրոջը: Եւ այն տեղից, որտեղ դրել էր գլուխը, մի աղբիւր բխեց, եւ ինքն ու իր հետ եղողները խմեցին: Մինչեւ այսօր էլ այդ աղբիւրը կոչում են Յակոբի աղբիւր: Եւ ինքը նոյն չարչարալից գործը շարունակում է, որպէսզի շուտով տեսնի իր ցանկացածը, որի համար աղօթում էր Տիրոջը: Արդ, երբ նա սաստիկ յոգնեց, դժուար տեղերում ուժասպառ եղաւ եւ քունը տարաւ: Եւ Աստուծոյ հրեշտակը եկաւ ու նրան ասաց. «Յակո՛բ, Յակո՛բ»: Եւ նա ասաց. «Այստեղ եմ»: Եւ հրեշտակն ասաց. «Տէրն ընդունեց քո աղաչանքները եւ կատարեց քո խնդրանքը: Ինչ որ դրուած է գլխիդ տակ, տապանակի փայտից է. ինքս բերի քեզ համար, այնտեղից է: Այլեւս մի՛ չարչարուիր տեսնել տապանը, որովհետեւ Տէրն այսպէս կամեցաւ»: Մեծ ուրախութեամբ ոտքի կանգնելով՝ նա գոհաբանելով երկրպագեց Տիրոջը եւ տեսաւ փայտը, որ կարծես կացնով կտրած՝ ճեղքած հանած էր ինչ-որ մեծ փայտից: Առնելով շնորհատուր պարգեւը՝ ինքը եւ իր հետ եղողները վերադարձան եւ գնացին իրենց ճանապարհը»: Փ.Բուզանդ. «Հայոց պատմութիւն», Երեւան-1987, էջ 39:
[6] Նոյն տեղում՝ Փ.Բուզանդ. «Հայոց պատմութիւն», Երեւան, 1987, էջ 39:
[7] Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ արեւմտեան Տիգրիսի աջ ափին:
[8] Հսկել - գիշերն անքուն անցկացնել:
[9] Մեծն Կոստանդիանոսի կայսրութեան տարիներին գլուխ բարձրացրեց Ալեքսանդրիայի երէց Արիոսի չար հերձուածը, ով ուրանում էր Բանի աստուածութիւնն ու Հօր հետ Նրա համագոյութիւնը եւ հայհոյում՝ Որդուն արարած, այլ ոչ թէ Ծնունդ կոչելով: Համարում էր, որ Որդին հաւասար չէ Հօրը եւ ոչ էլ Հօր բնութիւնից ու էութիւնից է:
[10] Սուրբ Յակոբի վարքագիրն է՝ սուրբ Մարուգէի աշակերտ Մաղաքիան:
[11] Եղել է Մեծ Հայքի արքայ Տրդատ Գ Մեծի չորս զօրավարներից մէկը՝ Սասանեան Պարսկաստանի արքայ Շապուհ Բ-ի դէմ պատերազմի ժամանակ:
[12] Լեռնագագաթ հայկական լեռնաշխարհում, հայկական Տաւրոս լեռնահամակարգում, Վանայ ծովի հարաւային կողմում, ունի երկաթի եւ կապարի պաշարներ:
[13] Մովսէս Խորենացի. «Հայոց պատմութիւն», Երեւան-1981, էջ 315-317:
[14] Կարկառ – քարակոյտ:
[15] Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, ներկայիս Դիարբեքիր քաղաքն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: