ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԱՐՔԸ

/Յակոբոս Ալփեան/

Երանելի սուրբ առաքեալք

Հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ.

Սպասաւորք եւ բարեկամք եւ վկայք Աստուածորդւոյն.

Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:

Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի մարդկան.

կապել եւ արձակել ի յերկինս եւ ի յերկրի:

Արձակեցէք զմեզ ի կապանաց մեղաց մերոց:

Խաչակցեալք ընդ Քրիստոսի եւ ընդ Նմին թագաւորեալք.

Ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք դատաւորք.

Թողութիւն շնորհեցէք եւ մեզ մեղաւորացս:

Ի մաքրագործ Հոգւոյն անօթ ընտրեալ եւ ձիւնափայլ.

Թագաւորք երկրի իշխանք աշխարհի.

Անապական գանձուց բաշխող Յակոբ Ալփեան՝

Բարեխօս լեր առ Տէր վասն անձանց մերոց:

(Շարակնոց)

 

Այսօր սուրբ Յակոբոս առաքեալի յիշատակութեան օրն է: Քրիստոսի սուրբ առաքեալը՝ Յակոբոս Ալփեանը, Մատթէոս աւետարանչի եղբայրն էր, որը, թողնելով մաքսաւորութիւնը, դարձաւ Քրիստոսի աշակերտը եւ կարգուեց տասներկու աշակերտների նախապատիւ դասում: Շրջելով Աստուծոյ Բանի հետ՝ նա եղաւ Նրա ականատեսն ու սպասաւորը, իսկ Սուրբ Հոգու Գալուստից յետոյ սպառազինուեց Հոգով եւ առաքուեց՝ քարոզելու Քրիստոսի աւետարանը: Նա շատ սքանչելագործութիւններ ու հրաշքներ գործեց հրեաների ու հեթանոսների մէջ  եւ շատերին դարձրեց Քրիստոսի հաւատքի աշակերտները: Աւիրեց կուռքերի տաճարները եւ շինեց եկեղեցիներ, վերացրեց կռապաշտութիւնը եւ կանգնեցրեց տէրունական Խաչեր ու սուրբ Սեղաններ: Արգելեց դեւերին մատուցուող զոհաբերութիւնները եւ մատուցեց Աստուծոյ մարդկանց հետ հաշտարար Պատարագը, որի համար անօրէնները չարանալով բռնեցին նրան եւ ձաղկանքների ենթարկելով՝ սաստիկ տանջեցին: Նրան ստիպում էին հեռանալ Քրիստոսից եւ դադարեցնել քարոզչութիւնը, սակայն նա աւելի էր զօրանում Քրիստոսով եւ յանդիմանում նրանց անաստուած մոլորութիւնը, որի համար զայրացած կռապաշտները խոշտանգելով անարգեցին նրան եւ մատնեցին հրեաների ձեռքը, որոնք շատ անմարդկային չարչարանքների մատնելուց յետոյ Քրիստոսի նմանութեամբ նրան սպանեցին խաչելութեամբ: Այդպէս նա ճշմարիտ խաչակից եղաւ Նրան, Ով խաչուեց մեզ համար:

 

Սակայն ոմանք ասում են, թէ Սրուճ քաղաքում փայտով հարուածել են սուրբ Յակոբոս առաքեալի գլխին, եւ նա այդպէս նահատակուել է ի Քրիստոս, իսկ ըստ այլ վկայութիւնների՝ ասում են, թէ նա գնացել է հնդիկների երկիրը եւ այնտեղ նահատակուել մեր Քրիստոս Աստուծոյ փառքի համար:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յակոբոս առաքեալին յիշատակում է տարին երկու անգամ՝ տասներկու առաքեալների շարքում, նաեւ առանձին՝ Թովմաս եւ Շմաւոն առաքեալների հետ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Գիրք, որ կոչի Յայսմաւուրք տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 334: