ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑԻ

Յովհաննէսը փիւնիկեցիների երկրից էր՝ Կեսարիա քաղաքից: Ունէր այրիացած բարեպաշտ եւ մեծահարուստ մայր, որի անունը Յուլիա էր եւ փոքր քոյր՝ Թեմաստիա անունով:

 

Այդ ժամանակաշրջանում Փիլիկոնէ անօրէն իշխանը Կոմոբիանոս դատաւորին ուղարկեց Կեսարիա քաղաքը, որպէսզի գտնէր այն քրիստոնեաներին, որոնք զոհ չէին մատուցում կուռքերին եւ տանջանքներով սպանէր: Այս լսելով՝ երանելի Յուլիան վերցրեց իր երկու զաւակներին ու թաքնուեց քաղաքից դուրս գտնուող մի տան նեղ եւ անձուկ նկուղում: Այդ ժամանակ Յովհաննէսը տասներկու տարեկան էր: Մայրն իր զաւակներին ուսուցանում էր Քրիստոսի բարեպաշտ հաւատքը, եւ Յովհաննէսն ամէն օր գնում էր եկեղեցի ու աղօթում: Նրա բարեպաշտ մայրը վախենում էր, որ գուցէ անօրէն դահիճները բռնեն իր որդուն, այդ պատճառով խրատում էր նրան եկեղեցի չգնալ, այլ աղօթել տանը: Այնուհետեւ Յովհաննեսը եկեղեցի էր գնում մօրից գաղտնի, որտեղ ոչ ոքի չտեսնելով՝ միայն աղօթում էր եւ վերադառնում:

 

Յովհաննէսը դարձաւ տասնհինգ տարեկան: Մեծանալուն զուգընթաց՝ աւելանում էին նաեւ նրա առաքինութիւնները: Երանելի մայրը յոյժ ուրախ էր բարեպաշտութիւն սիրող իր որդու համար, սակայն տեսնելով, որ նա չի երկնչում անօրէնների սպառնալիքներից, զարհուրում էր, որ գուցէ նա բռնուի:

 

Եւ մի օր Յովհաննէսը գնաց հեռաւոր անապատ: Այնտեղ տեսաւ մի ծերի, որն ասաց իրեն. «Ո՛վ պատանի, դու որտեղի՞ց ես եւ ի՞նչ ազգից»: Յովհաննէսն ասաց նրան. «Ես այրի կնոջ որդի եմ եւ ունեմ ինձնից փոքր մի քոյր, որին իմ մայրը դաստիարակել է աստուածային պատուիրաններով: Ես էլ միշտ եկեղեցի եմ գնում, բայց այնտեղ չեմ գտնում որեւէ մէկի, որի հետ օրհնեմ Աստծուն, որովհետեւ սպառնալիքի ահից բոլոր քրիստոնեաները վախեցել ու փախել են, իսկ ես առաւել երկնչում եմ երկնաւոր Թագաւորից, Ով ինձ տալիս է անմահութեան առհաւատչեան»: Այրը զարմացաւ պատանու պատասխանից եւ ասաց նրան. «Ի՞նչ պէտք է քեզ այդ տարիքում պատերազմել այդպիսի չարիքների դէմ: Եթէ կամենում ես յաղթել հակառակորդ ուժերին եւ կատարեալ լինել, ապա գնա՛ անապատ, առանձնացի՛ր մարդկանցից, եղի՛ր Աստուծոյ հետ եւ ապրի՛ր իբրեւ հրեշտակներից մէկը, որովհետեւ այս կեանքն ունայն է, իսկ աշխարհի ունեցուածքն ու բռնութիւնները՝ որպէս կեանքի ստուեր եւ իշխանութիւն, ծխի պէս պիտի ցնդեն: Եւ վա՛յ այն մարդուն, որը կը կորցնի իր հոգու մեծութիւնը»: Այս լսելով՝ Յովհաննէսը զղջաց եւ ասաց. «Ինչպէ՞ս վարուեմ, որովհետեւ խղճում եմ իմ այրի մօրը եւ փոքր քրոջը: Մեր մայրը շատ չարչարուեց, որպէսզի մենք կրթուենք ու կարողանանք տուն ունենալ, եւ որ չկորչի մեր ունեցուածքը»: Ծերը նրան ասաց. «Լաւագոյն է այն ունեցուածքը, որ երկնքում է: Գնա՛ եւ հրաժարուի՛ր քո մօրից, որին կամակից կը լինի եւ ինքը: Հրաժարուի՛ր նաեւ քո քրոջից եւ ունեցուածքից: Վերցրո՛ւ մօրդ օրհնութիւնը եւ գնա՛՝ փրկելով հոգիդ մահից, քանզի այս կարճատեւ կեանքը խաբող է եւ կորստեան է մատնում շատերին»: Յովհաննէսը հաստատուեց ծերի խօսքերից, գոհացաւ նրանից բարի խրատների համար եւ ասաց. «Ես կը գնամ տուն, կը հրաժարուեմ իմ մօրից եւ ապա կը հեռանամ, որպէսզի նա չվշտանայ ինձ համար՝ մտածելով, թէ արհամարհել եմ իր ծերութիւնը: Եւ եթէ նա աղօթի ինձ համար, այն կը վերցնեմ ինձ հետ որպէս մեծ պաշար ու կը հեռանամ»: Եւ իսկոյն տուն գնաց: Մայրը նրան հարցրեց. «Ինչո՞ւ ուշացար, որդեա՛կ, եւ անհանգստացրիր ինձ: Արհամարհելով ձեր հօր ստացուածքը՝ ես թաքցրի ձեզ, որպէսզի չընկնէք անօրէն իշխանի ձեռքը, բայց դու կամենում ես յայտնել քեզ եւ տառապեցնել թշուառիս»: Այնժամ Յովհաննէսը մօրը պատմեց ծեր մարդու բոլոր ասածները: Երանելի Յուլիային խիստ հաճելի թուացին լսած խօսքերը, որովհետեւ տեսնում էր, որ որդին լի է աստուածային սիրով եւ բացի այդ՝ խիստ վախենում էր, որ կռապաշտները կը բռնեն նրան: Ուստի լաւ համարեց ուղարկել նրան անապատ՝ կրօնաւորների մօտ, քան թէ ընկնի դահիճների ձեռքը: Այդ պատճառով որդուն ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ, որդեա՛կ, թող Տէրն Իր կամքով առաջնորդի քեզ: Բարի է այդ խրատը, քանզի այն այրը Աստուծոյ հրեշտակ է եղել եւ ոչ թէ մարդ: Ինձ համար լաւ կը լինի, որ դու մնաս անապատում, քան թէ ընկնես անօրէնների ձեռքը»:

 

Եւ վերցնելով մօր օրհնութիւնը՝ Յովհաննէսն արտասուքներով հրաժեշտ տուեց մօրն ու քրոջը, որպէս թէ այս աշխարհում  այլեւս չեն տեսնելու միմեանց: Հեռանալով տնից՝ գնաց-անցաւ Յորդանան գետը եւ մէկ օրից հասաւ մեծ անապատ: Երկու օր գնաց այդ ահռելի անապատի միջով եւ գտաւ մի եգիպտացի ծերի, որը բնակւում էր քարայրում: Տեսնելով ծերին, որի անունը Փարմութէոս էր, Յովհաննէսն ընկաւ նրա ոտքերը, իսկ ծերը հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, որդեա՛կ»: Յովհաննէսն ասաց. «Որովհետեւ, հա՛յր սուրբ, կամենում եմ բնակուել այս անապատում եւ ապրել մենակեցութեան կարգով»: Ծերն ասաց. «Դու չես կարող բնակուել, որովհետեւ դու դեռ պատանի ես եւ չես կարող դիմանալ այս անբնակ անապատում»: Յովհաննէսն ասաց. «Հա՛յր, ուզում եմ քեզ մօտ մնալով սովորել ամէնը, ինչ որ կը պատուիրես իմ փրկութեան համար»: Եւ Յովհաննէսը եօթ օր անսուաղ մնաց Փարմութէոս ծերի մօտ, իսկ ծերն ուսուցանում եւ խրատում էր նրան մեծ ճգնութեամբ ծառայել Աստծուն: Ծերին կերակուր տրւում էր հրեշտակի կողմից շաբաթը մէկ անգամ: Ութ օր յետոյ հրեշտակի կողմից կերակուր տրուեց միայն ծերին: Ծերն ասաց. «Յովհաննէս, որդեա՛կ, գնայ ուրիշ տեղ եւ քեզ համար բնակութեան վայր գտիր, մինչեւ որ Տէրն այցելի քեզ ու կերակուր տայ, ինչպէս որ ինձ: Որովհետեւ եթէ Աստուած կամենար, որ դու բնակուէիր այստեղ, քեզ եւս կերակուր կ՚ուղարկէր, իսկ ես չունեմ, որ կերակրեմ քեզ»: Այս լսելով՝ Յովհաննէսն ընկնելով համբուրեց ծերի ոտքերը եւ միայնակ ուղղուեց դէպի անապատի խորքերը: Եւ Տիրոջ հրեշտակը հանդիպեց նրան ու ասաց. «Ո՞ւր ես գնում»: Յովհաննէսը պատասխանեց. «Տէ՛ր, ես բնակուելու վայր եմ փնտռում»: Տիրոջ հրեշտակը նրան ցոյց տուեց ճանապարհը, եւ նա, մէկ օր գնալով անապատի միջով, գտաւ մի խոր ջրհոր: Խաչակնքուելով իրեն գցեց խոր ջրհորը, եւ Տիրոջ հրեշտակն անվնաս իջեցրեց նրան: Եւ նա աղօթեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, Դու պահեցիր Յովնանին կէտի որովայնում, Դանիէլին՝ առիւծների մէջ, Երեմիային՝ գբի տղմից եւ Յովսէփին՝ խոր գբում, որտեղ գցեցին նրա եղբայրները: Պահի՛ր նաեւ ինձ այս գբում, կերակրի՛ր Քո ողորմութեամբ, եւ ես մինչեւ կեանքիս վերջը դուրս չեմ գայ այստեղից»:

 

Եւ այնտեղ, քառասուն օր անսուաղ մնալով, անդադար փառաւորում էր Աստծուն: Քառասուն օր յետոյ Տիրոջ հրեշտակը եկաւ եգիպտացու մօտ, նրան կերակուր բերեց եւ ասաց. «Ե՛կ, Փարմութէո՛ս, վերցրո՛ւ այս կերակուրը եւ տա՛ր Յովհաննէսին, քանզի այս քառասուն օր է, նա ոչինչ չի կերել եւ չի խմել: Նա չի ծալել իր ծնկները, չի իջեցրել ո՛չ միտքը, ո՛չ աչքերը եւ ո՛չ ձեռքերը, այլ հառաչելով եւ արտասուքներով աղօթում է Աստծուն եւ աղաչում Տիրոջը: Եւ քանի որ նա պատանի է, Տէրը թոյլ չտուեց, որ ես տանեմ նրա կերակուրը, որպէսզի չհպարտանայ, եւ սատանան էլ նրան փորձութեան չենթարկի, այլ Տէրը կամեցաւ, որ այն քո ձեռքով տրուի նրան: Եւ երբ այդ կերակուրը տաս, քաջալերի՛ր նրան ու հաստատի՛ր Տիրոջ խօսքով»:

 

Իսկ սատանան, որ եկել էր փորձելու եգիպտացուն, գտնւում էր այնտեղ եւ լսում էր ամէնը: Ապա աղաղակեց եւ ասաց. «Եկայ այստեղ՝ կարծելով, թէ Փարմութէոսն ընտիր անօթ է, եւ մեծ ջանք եմ թափում խաբելու նրան: Բայց այժմ նա ի՞նչ է, եթէ կամենամ, կը շարժեմ նրան քամուց քշուող տերեւի նման: Սակայն իմ դէմ նաեւ երիտասարդներն են զօրք հաւաքել: Քանի դեռ նա մատղաշ է, ես կը գնամ եւ իմ բազմաթիւ հնարքներով կը պատրեմ նրան, որովհետեւ եթէ նա ընտելանայ ու չձանձրանայ այստեղ, այլեւս չեմ կարող խաբել նրան»:

 

Եւ երբ Փարմութէոսը լսեց սատանայի ձայնը, ասաց. «Ո՛վ չար, մենք յոյսը մեր Տէր Յիսուս Քրիստոսի վրայ է, Ով վերացրեց քո զօրութիւնը եւ փրկեց Իր ծառաներին քո խաբէութիւններից»: Ապա վեր կացաւ, վերցրեց կերակուրը եւ գնաց դէպի այն գուբը, ուր Յովհաննէսն էր: Աղօթեց եւ ձայն տուեց նրան՝ ասելով. «Յովհաննէ՛ս, Աստուծո՛յ ծառայ, Տէրն այցելեց եւ քեզ կերակուր ուղարկեց, որպէսզի չտկարանաս: Արդ, ընդունի՛ր Տիրոջ կողմից քեզ ուղարկուածը»: Յովհաննէսն ասաց. «Եթէ Տէրը կամենար ինձ կերակուր տալ, մի՞թէ ինձ այստեղ կ՚ուղարկէր: Բայց քանի որ Աստուած ինձ չճանաչեց, Նա ինձ կերակուր չուղարկեց»: Ծերն ասաց. «Ես Փարմութէոս Եգիպտացին եմ, որի մօտ դու եկար եւ որն ընդունեց քեզ իր քարայրում»: Յովհաննէսն ասաց. «Եթէ դու այդ մարդն ես, նախ օրհնի՛ր Աստծուն եւ ապա տուր այդ կերակուրը»: Այնժամ Յովհաննէսի կամքով ծերն օրհնեց Աստծուն, եւ Փարմութէոսի աղօթքից յետոյ Յովհաննէսն ասաց՝ ամէն: Եւ ապա Փարմութէոսը կերակուրը գցեց գբի մէջ, իսկ հրեշտակն այն իջեցրեց Յովհաննէսին, որովհետեւ գուբը յոյժ խորն էր: Առնելով կերակուրը՝ Յովհաննէսը գոհացաւ Աստծուց եւ ասաց ծերին. «Գնա՛, Աստուծո՛յ ծառայ, նստիր քո քարայրում, փառաւորի՛ր Աստծուն եւ յիշի՛ր ինձ քո աղօթքներում: Քանզի կենդանի է Տէրը, որ չանտեսեց իմ տառապանքները եւ իմացաւ, որ չեմ ընդունի կերակուր մարդկանց ձեռքից, որքան հոգիս իմ մէջ է: Եթէ Աստծուն հաճոյ է իմ այստեղ մնալը, թող Տէրն այցելի ինձ եւ կերակուր ուղարկի: Ես դուրս չեմ գայ այս գբից, չեմ հանդիպի մարդկանց, չեմ յիշի ունեցուածքը եւ ոչ մի բան, ինչ կայ աշխարհում: Թող սա իմ կեանքում ինձ համար լինի տուն եւ գերեզման, բայց ամէն բանում թող Տէրը հոգայ իմ մասին»: Փարմութէոսն ասաց նրան. «Լսի՛ր, որդեա՛կ, համբերութիւն ունեցիր եւ փառաւորի՛ր Աստծուն, որպէսզի փորձութեան չենթարկուես սատանայի կողմից, որովհետեւ չարը կանգնած է մեր դիմաց եւ ամէն ժամ պատերազմում է մեր դէմ: Նա մեզ վրայ բերում է ձանձրութիւն եւ չար խորհուրդներ, կենցաղավարութիւն եւ ունեցուածքի լիութիւն, մօր հանդէպ գութ, քրոջ հանդէպ կարօտ, ազգի հանդէպ սէր, հասակակիցների հետ բարեկամութիւն եւ այդպէս մարդուն խեղդում է այդ խորհուրդների մէջ, խստացնում նրա սիրտը եւ անպտուղ դարձնում: Եւ դարձեալ, նոյն կերպով այլ խորհուրդներ է բերում. չափից դուրս լինելը եւ (կեանքի) բոլոր բարիքները մերժելը ցոյց է տալիս անիրաւ խորհրդով՝ մենակեցութիւնը չար համարելով, անապատի ճանապարհը ատելի եւ մեռնելն ու մահուան ելքը ծանր ցոյց տալով: Այսպէս սանձում է անմեղ մարդկանց մտքերը եւ խաբում նրանց: Սակայն դու, որդեա՛կ, սթափ եղիր ամէն բանում: Թող Տէրը պահի քեզ արթուն մտքով, եւ մնա՛ խաղաղութեամբ»: Եւ Յովհաննէսն ասաց նրան. «Հա՛յր սուրբ, բարի է, որ խրատելով զգուշացնում ես քո որդուն: Ըստ քո սիրոյ՝ թող Տէրը քեզ հատուցի բարին: Իսկ այժմ, Տիրոջ փառքի համար Տիրոջ անունով քեզ երդում եմ տալիս. երբ Աստուած յիշի քեզ եւ կերակուր ուղարկի, դու ինձ կերակուր մի՛ բեր»:

 

Իսկ սատանան լսում էր այս ամէնը: Եգիպտացու գնալուց յետոյ նա սպասեց մէկ տարի եւ ապա ընդունելով Յովհաննէսի ծառաներից մէկի կերպարանքը՝ գնաց Փարմութէոսի մօտ: Քարայրում ողջագուրելով՝ ընկաւ նրա ոտքերը եւ լաց լինելով ասաց. «Դու գիտես, թէ ինչ է զաւակների հանդէպ ծնողների գութը եւ ծառաների խնամքն իրենց ծերերին: Ողորմի՛ր ինձ եւ լսի՛ր իմ աղաչանքները: Իբրեւ շատ չարչարուած մէկի՝ վշտակի՛ց եղիր ինձ, սո՛ւրբդ Աստուծոյ»: Իսկ Փարմութէոսը, չհասկանալով, որ դա փորձութիւն է, սկսեց հարցեր տալ նրան ու ասել. «Մի՞թէ դու զինուորական ես կամ չար տիրոջից փախած ծառայ, կամ էլ հարստահարուած իշխան»: Սատանան ասաց. «Ո՛չ, հա՛յր սուրբ, ես հարուստ եւ բարեպաշտ մարդու եւ աստուածասէր տիկնոջ ծառայ եմ: Մեր տէրը վախճանուեց վաղ հասակում եւ թողեց մեր բարեպաշտ տիկնոջն իր երկու զաւակների հետ: Սակայն նրա որդին՝  իմ տէրը եւ մեր տիրոջ ունեցուածքի ժառանգորդը, թողելով իր ծնօղին եւ ունեցուածքը, գնաց ու անհետացաւ: Մենք չիմացանք, թէ նա ինչ եղաւ: Թէ ով մոլորեցրեց նրան, կամ թէ գազաններին կեր եղաւ՝ չգիտենք: Մեր տիկինը մեծապէս գորովում եւ սգում է իր սիրելի որդեակի համար: Որտեղ լսում է, թէ կայ Աստուծոյ երկիւղն ունեցող մէկը, մեծ ջանքերով գնում է նրա մօտ եւ արտասուքներով հարցնում իր որդուց: Եւ այժմ եկաւ քո նման աստուածապաշտ մի մարդ, եւ մեր տիկինը հարցրեց նրան որդու մասին, իսկ նա ասաց. "Այդպիսի տղայ, որին դու փնտռում ես, տեսել եմ Յորդանան գետի միւս կողմում, բայց թէ յետոյ նա ուր է գնացել, չգիտեմ": Երբ այս լսեց, մեր տիկինը նրան ուղղուած մի նամակ գրեց եւ շատ արտասուքներով ու աղաչանքներով ինձ շտապ ուղարկեց՝ փնտռելու նրան: Նրա անունը Յովհաննէս է, եւ նա տասնհինգ տարեկան է: Իմ տիկնոջ աղօթքներով Աստուած առաջնորդեց ինձ գտնել մի արժանաւոր մարդու, որն աղօթքներով ինձ ցոյց կը տայ, թէ ուր է գնացել իմ տէրը»:

 

Տեսնելով նրա արտասուքները՝ եգիպտացին կարեկցեց նրան եւ ասաց. «Այսօր մնայ ինձ մօտ, իսկ վաղը ես քեզ ցոյց կը տամ նրան. կամ դու կը ճանաչես նրան, կամ էլ նա՝ քեզ»: Սատանան ընկաւ ծերի ոտքերը, գոհացաւ նրանից եւ մնաց այդտեղ: Իսկ եգիպտացու սիրտը ողջ գիշեր ճմլւում էր խորհուրդներից. նա չէր կամենում աղօթել եւ մտատանջութիւնների եւ ծփանքների մէջ էր: Առաւօտեան սատանան աղաչելով ընկաւ նրա ոտքերը: Նա ստիպեց ծերին եւ թոյլ չտալով անգամ աղօթել՝ դուրս բերեց նրան քարայրից: Եւ եգիպտացին եկաւ գուբի մօտ, սկսեց խօսել Յովհաննէսի հետ ու ասել. «Որդեա՛կ, Յովհաննէ՛ս, այդ ես եմ՝ Փարմութէոսը, եկել եմ, որ խօսեմ քեզ հետ առաւել օգտի համար: Որքան էլ մարդն արդարութիւն անի, բայց հանգիստ չտայ իր ծնօղներին, այդպիսինն անպտուղ կը հեռանայ այս կեանքից, եւ այն ջանքերը, որ թափել է մանկուց, ոչինչ կը համարուեն: Դու սգի մէջ ես թողել քո տառապած մօրը, եւ որքան էլ դու համարես, թէ այստեղ ինչ-որ բարի գործ ես անում, նա արտասուքներով կը համակուի չարով: Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, գնա՛ եւ մխիթարի՛ր քո մօրը, վերցրո՛ւ հօրդ ունեցուածքը, տո՛ւր աղքատներին եւ ապա կը գաս այստեղ, քանզի ահա քո մայրը քեզ մօտ է ուղարկել քո ծառաներից մէկին»: Յովհաննէսն ասաց նրան. «Ո՛վ Փարմութէոս, այդքան ճգնած լինելով՝ ինչպէ՞ս չճանաչեցիր նրան, որը խեղդում է քո խորհուրդները, շրջում քո միտքը, գերում քո զգայութիւնները եւ հեռացնում քեզ աղօթքից: Դու պէտք է իմանայիր, որ քո ճանապարհը չարից է, որովհետեւ երբ եկար այստեղ, չփառաւորեցիր Աստծուն, այլ խօսեցիր անխոհեմութեամբ: Խաչակնքուի՛ր, ձեռքդ վերցրու հաւատի վահանը, ամփոփու՛իր եւ հաւաքիր մտքերդ: Գնա՛ ու նստի՛ր քո քարայրում եւ հասկացի՛ր, թէ ինչ խօսեցիր: Սթափուի՛ր, գուցէ փորձիչը պարծենայ քո վրայ»: Իսկ Փարմութէոսը, առնելով խրատը եւ բորբոքուելով հոգու մէջ, հասկացաւ, որ միտքը պղտորուել է: Ընկաւ երեսնիվայր եւ բարձրագոչ ասաց. «Որդեա՛կ, Յովհաննէ՛ս, աղաչի՛ր Տիրոջն ինձ համար, որ կորստեան չմատնուեմ այսքան երկար ճգնելուց յետոյ»: Այնժամ Յովհաննէսն աղօթեց ծերի համար՝ ասելով. «Տէ՛ր, Դու քննում ես երիկամները եւ փորձում սրտերը: Ճանաչել տուր Քո ծառային, որը շատ չարչարուեց Քո անուան համար, եւ հեռացրո՛ւ մեր հակառակորդին»: Իսկ սատանան Յովհաննէսին ասաց. «Որքա՞ն պէտք է չարչարես թէ՛ քեզ եւ թէ՛ մեզ: Ահա ես բերեցի Աստուծոյ սուրբ ծառային, բայց դու չլսեցիր նրան: Ես կը գնամ ու կը պատմեմ քո թշուառ մօրը. գիտեմ, որ երբ նա լսի քո մասին, իսկոյն կը գայ այստեղ՝ քեզ մօտ՝ մոռացած իր տկարութիւնը եւ ճանապարհի դժուարութիւնը»: Յովհաննէսն ամենեւին չպատասխանեց նրան, իսկ եգիպտացուն ասաց. «Վերադարձի՛ր, հա՛յր, եւ ինչպէս որ նեղութիւններ կրեցիր մանկուց, նոյնպէս էլ խոնարհուի՛ր, որպէսզի չկորցնես այն հոգեւոր կերակուրը»: Ծերն արտասուելով ասաց. «Ճգնեցի ես մեծ նեղութիւններով, բայց այժմ խաբուեցի: Աղաչո՛ւմ եմ քեզ, որդեա՛կ, աղօթի՛ր ինձ համար»: Յովհաննէսն ասաց. «Տէ՛ր, թոյլ մի՛ տուր, որ կորչի Քո պատկերը, որովհետեւ նա մեծ ճգնութեամբ ծառայեց Քեզ եւ ինձ էլ Քեզ ճանաչել տուեց»: Ապա Փարմութէոսը վերադարձաւ եւ լալով ու ողբալով ասաց. «Չա՛ր սատանայ, դու խաբեցիր ծերունուս, բայց երիտասարդ Յովհաննէսը յանդիմանեց ու խայտառալելով ամաչեցրեց քեզ, իսկ ինձ էլ յանդիմանելով՝ փրկեց կործանումից: Արդ, ես՝ ծերունիս, որպէս երիտասարդ, ջանքեր կը դնեմ քո դէմ ու կը յաղթեմ քո զօրութեանը: Կարծում էիր, թէ իմ միջոցով պարտութեա՞ն կը մատնէիր այն պատանուն, որն Աստուծոյ ծառան է, եւ որն ինձ քեզ ճանաչել տուեց»: Սատանան տասն օր հանգիստ տուեց, իսկ տասն օր յետոյ դեւերի բազմութեամբ ուղղուեց դէպի Յովհաննէսի գուբը: Մօր կերպարանքն առած հեռուից աղաղակեց ու ասաց. «Որդեա՛կ իմ, որքա¯ն չարչարանքով մեծացրի եւ կրթեցի քեզ, որ ժառանգորդ լինէիր իմ ունեցուածքին: Յանուն քեզ ես փախայ ու թաքնուեցի նեղ եւ անձուկ ներքնատան մէջ, բայց դու չողորմեցիր քո գերի մօրն ու փոքր քրոջը: Ծերութեանս մէջ չարչարեցիր ինձ անապատի այս քարքարուտ եւ ապառաժոտ ճանապարհով գալ քեզ մօտ ու թողեցիր ինձ անտէր, իսկ քո փոքր քրոջը՝ որբ»: Եւ մօտենալով հորին՝ ասաց. «Ո՛վ որդեակ, ողորմիր ծեր մօրդ ճերմակ մազերին եւ փոքր քրոջդ, վերադարձիր տուն եւ հոգ տար քրոջդ համար: Բաշխի՛ր քո ունեցուածքն աղքատներին եւ կրօնաւորներին եւ Տէր Աստծուց առաւել վարձք կ՚առնես»: Բայց Յովհաննէսը բնաւ չպատասխանեց: Այնժամ ասաց. «Ո՛վ չար սատանայ, ինչպէ՞ս իմ գրկից յափշտակեցիր իմ մինուճար որդուն, բերեցիր անապատ ու գցեցիր այս խոր գուբը: Մեռելի պէս թոռոմեցրիր նրա վայելչութիւնն ու գեղեցկութիւնը եւ խաւարեցրիր իմ աչքերը»: Եւ մէկ այլ դեւ նրա քրոջ կերպարանքով աղաղակում էր ու ասում. «Իմ քա՛ղցր եւ բազմագո՛ւթ եղբայր, ողորմի՛ր մեր արտասուքներին եւ վերադարձի՛ր մեզ մօտ: Տա՛ր ինձ կուսանաց վանք, եւ ես այնտեղ կ՚աղօթեմ քո հոգու համար: Մի՛ թող, որ ես կորստեան մատնուեմ աշխարհի մէջ, որը քեզ համար խղճի խայթ կը լինի»: Իսկ միւս դեւերն էլ աղաղակում էին՝ ասելով. «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ անտէր մնացինք, բոլորը մեզ կռփահարում եւ հալածում են: Ելի՛ր վիրապից եւ ազատի՛ր մեզ: Տո՛ւր մեզ բաժին քո ունեցուածքից, եւ մենք կ՚օրհնենք քեզ»: Եւ մայրը շարունակում էր աղաղակել՝ ասելով. «Իմ քա՛ղցր որդեակ, եթէ չես ողորմելու ու չես ելնելու, ապա ես ինքս կ՚իջնեմ քեզ մօտ, որ տեսնեմ քեզ ու քեզ մօտ էլ մեռնեմ»: Իսկ Յովհաննէսը չէր դադարում աղօթել ու չէր պատասխանում նրանց: Սատանան ասաց. «Իմ որդին մեռել է եւ այդ պատճառով նա ձայն չի տալիս»: Ապա մի պահ սպասեց, կարծելով, թէ Յովհաննէսն իրեն կը պատասխանի: Եւ երբ նա չպատասխանեց, ասաց. «Բերէ՛ք չուաններ եւ մէկդ միւսին ներքեւ իջեցրէք»: Եւ երբ սկսեցին պատրաստուել, դեւերից մէկն աղաղակեց եւ ասաց. «Երբ դուք բոլորդ իջնէք, ապա ինձ ո՞վ պիտի իջեցնի»: Սատանան բարկացաւ նրա վրայ, որ յանդիմանեց իր խաբէութիւնը եւ հալածեց նրան իր գնդից: Եւ երբ իմացաւ, որ ի յայտ եկան իր հնարքները, վիշապ եղաւ, ցած իջաւ, փաթաթուեց Յովհաննէսին, յօշոտեց նրա մարմինը, գոչեց եւ փսխեց նրա երեսին, սակայն չկարողացաւ հեռացնել նրան աղօթքից ու զարհուրեցնել: Այնժամ սատանան աղաղակեց եւ ասաց. «Վա՜յ ինձ, որ նախատինք եղայ բոլոր դեւերի համար, քանզի ես կուլ եմ տուել ամբողջ աշխարհը, սակայն այս պատանուն չկարողացայ յաղթել»: Իսկ Յովհաննէսը, զօրացած Սուրբ Հոգով, տրորեց վիշապի կոկորդն ու խեղդեց նրան: Եւ սատանան երդուեց ամենակալ եւ անեղ Աստուծոյ անունով, որ այդ անապատ այլեւս չի գայ, միայն թէ արձակի իրեն, որ փախչի: Այնժամ Յովհաննէսն արձակեց վիշապին, որը հրալից ծուխ դառնալով՝ ելաւ վիրապից եւ աներեւոյթ եղաւ:

 

Քրիստոսի երանելի ճգնաւոր Յովհաննէսը տասը տարի մնաց այդ վիրապում: Լրացան նրա կեանքի օրերը: Ես՝ Կրիսոսս, երեսուն տարի շրջում էի բարատացիների անապատում: Տէրը յայտնեց ինձ Յովհաննէսի ննջման մասին, եւ պատանք վերցնելով՝ Աստուծոյ առաջնորդութեամբ գնացի այդ անապատը: Երբ մօտեցայ գբին, Յովհաննէսը ողջոյն տուեց ինձ եւ ասաց. «Կրիսո՛ս եղբայր, քո գալուստը մեծ ուրախութիւն է ինձ համար, քանզի վաղ տարիքից սկսած համբերեցիր մեծ նեղութիւնների»: Եւ ես աղօթելով պարտաւորեցրի նրան Տիրոջ փառքի համար պատմել ինձ իր վարքը՝ մանկուց սկսած: Իսկ նա ասաց. «Այո՛, եղբա՛յր, ես կը կատարեմ քո պատուէրը, սակայն երեք օր մնա՛ այստեղ, եւ մենք կը հանդիպենք միմեանց»: Երեք օր յետոյ հողը գբի խորքից դէպի վեր բարձրացաւ, եւ մենք տեսանք միմեանց, ողջագուրուեցինք ու աղօթեցինք: Ապա նստեցինք, եւ նա պատմեց ամէն ինչ՝ սկսած իր մանկութիւնից: Հորի մօտ մի մեծ քար կար: Նա ինձ պատուիրեց այդ քարը դնել հորի վրայ: Ապա երկար աղօթեց ու ինձ ասաց. «Թող խաղաղութիւնը քեզ հետ լինի, Կրիսո՛ս եղբայր»: Եւ հեռանալով ինձնից՝ երանելի Յովհաննէսը պառկեց ու աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռքը: Արտասուելով ու օրհնութեամբ ես գբի վրայ ամփոփեցի նրա սուրբ նշխարները եւ այն քարը դրեցի վրան, ինչպէս որ պատուիրեց ինձ: Եւ հողը սուրբ մարմնով հանդերձ դարձաւ իր տեղը՝ խոր գուբը, ինչպէս որ առաջ էր: Ես իմ բաճկոնի մէջ շատ աւազ լցրի եւ տարայ ու ծածկեցի այն վէմը: Եւ իսկոյն այդ տեղում մի ծառ ելաւ, որ լի էր արմաւի պտուղներով՝ հովանի դառնալով տեղանքին: Այս տեսնելով՝ ես հաւատքով փառաւորեցի Աստծուն, որ վարձք է տալիս՝ ըստ վաստակի: Ապա այնտեղից Տիրոջ առաջնորդութեամբ վերադարձայ այնտեղ, ուր առաջ էի: Կանչեցի եկեղեցու մի բարեպաշտ եւ աստուածավախ մարդու ու խնդրեցի նրան գրել այս յիշատակարանը՝ ի տարածում եւ ի մխիթարութիւն Տիրոջը յուսացող բոլոր անձանց եւ ի պատիւ Աստուծոյ արժանաւոր մարդու, որպէսզի իմանան, թէ Աստուած ինչպիսի շնորհներ է տալիս Իր երկիւղն ունեցողներին, Որին փա՛ռք յաւիտեանս. ամէն:

 

Եւ Տիրոջ հրեշտակը տեսիլքի մէջ երեւաց մի անապատական ծերի, որի անունը Խռիւսիոն էր, պատմեց նրան ցանկալի Յովհաննէսի մասին եւ նրա ամբողջ վարքը՝ սկսած մանկութիւնից, ինչպէս նաեւ նրա վախճանի մասին, որ եղել է ապրիլի քսաներեքին: Իսկ Խռիւսիոն ծերը փափագելով ցանկացաւ տեսնել երանելու սուրբ գերեզմանը: Այնժամ Տիրոջ հրեշտակը երեւաց ծերին եւ ասաց. «Ե՛կ, եւ ես քեզ ցոյց կը տամ Աստուծոյ մարդու նշխարները»: Եւ տանելով՝ ցոյց տուեց նրան գուբը, նրա վրայ հովանի եղած ծառին եւ քարը՝ դրուած ջրհորի բերանին, որ նեղ բերան ունէր, իսկ դէպի ներքեւ խոր էր եւ լայնացած: Խռիւսիոն ծերը խոնարհեցրեց գլուխը գբից ներս եւ այնտեղ տեսաւ սուրբի մարմինը, որը փայլատակում էր արեգակից առաւել պայծառ: Անպատմելի անուշահոտութիւն էր բուրում, որից զմայլուած ու սքանչացած ծերն օրհնեց Աստծուն, Ով փառաւորում է Իր սուրբերին: Ծերը վերադարձաւ վանք եւ մէկ առ մէկ գրեց երանելի Յովհաննէսի ճգնութեան մասին, որը լսեց Տիրոջ հրեշտակից՝ որպէս յորդոր անապատականների համար, որպէս բարեխօսութիւն մեզ համար եւ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ: Եւ գտնուեցին Կրիսոս ճգնաւորի եւ Խռիւսիոն ծերի կողմից գրուած միեւնոյն գրուածքները, որոնք համեմատ էին միմեանց՝ ի փառս ամենատէր Յիսուս Քրիստոսի, Նրա Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն:

 

Քրիստո՛ս Աստուած, սուրբ Յովհաննէս ճգնաւորի բարեխօսութեամբ ողորմի՛ր բոլոր հաւատացեալներին, յատկապէս այս գրութիւնը թողնողին: