Որ երկնային զօրս անմարմնոցն նախ հեղեր առատապէս Հոգիդ ճշմարիտ.
Զաստուածային եւ զգերագոյն քո իմաստութիւնդ՝
Լինել փառաբանիչ Սուրբ Երրորդութեանդ.
Ընդ նոսին փառաւորեմք զերրեակ միութիւնդ:
Որ զկերպարանն աստուածային ստեղծեալ Երրորդութեանդ խորհրդակցութեամբ.
Զարդարեցեր փչմամբ շնորհաց Քոց՝ կենդանարար.
Եւ ընդ ծնեալսն առ ի նմանէ՝ խօսեցար օրինօք եւ մարգարէիւք.
Ընդ նոսին փառաւորեմք զերրեակ միութիւնդ:
Որ յերկրորդի լինելութեանս՝ յետ յարութեան Քում Էակցին.
Մտեալ ի վերնատունն դրօքն փակելովք.
Շնորհելով ըստ առաջին փչմանն զՔեզ մետասանից.
Առաքելոցն ասաց՝ առէք Հոգի Սուրբ.
Ընդ նոսին փառաւորեմք զերրեակ միութիւնդ:
(Շարակնոց)
Սքանչելագործ սուրբ Գրիգոր հայրապետը Կապադովկիայի սահմանակից Պոնտոսի Նէոկեսարիա՝ թարգմանաբար Նոր կամ Փոքր Կեսարիա քաղաքից էր: Նա ծնուել է Գ դարում եւ ապրել մինչեւ Աւրեղիանոս կայսեր ժամանակները, որը թագաւորել է Տիրոջ 270 թուականին: Ազնուական ծագումով հեթանոս ծնողների որդի էր. նրա նախնիների մէջ կային պոնտացի իշխաններ եւ վերակացուներ, որոնք մինչեւ Գամիրքի սահմանները կարգաւորում էին երկիրը, որի մայր քաղաքը կապադովկիացիների Կեսարիան էր: Այստեղ էլ ծնուել է սքանչելի Գրիգորը, որը սկզբում Թէոդորոս էր կոչւում, որ թարգմանաբար նշանակում է աստուածապարգեւ, սակայն յետագայում կոչուեց Թաւմադուրղոս, այսինքն Սքանչելագործ: Աստուած նրան ընտրեց դեռեւս մօր որովայնից ու առանձնացրեց ոչ թէ երկրաւոր, այլ երկնային հարստութեան համար, որի համար մանուկ հասակից նա ընտելացաւ անապատական կեանքին, ընծայուեց Քրիստոսին եւ վաղ հասակից՝ ինչպէս կատարեալ հասակում, բարեպաշտ վարքագիծ ցուցաբերեց: Նա հրաժարուեց բոլոր երկրաքարշ խորհուրդներից, հեռացաւ հասակակիցներին յատուկ սովորոյթներից՝ զբօսանքներից, հանդիսութիւններից, շքեղ պատմուճաններից, փափկութիւններից, գինարբուքից եւ հետամուտ եղաւ ձեռք բերել առաքինութիւններ ու առաջադիմել հոգով: Առաքինութեան առաջին ձեռքբերումը եղաւ Աստուծոյ երկիւղի մէջ հաստատուելը, դրան լծակից՝ իմաստութիւնը եւ ուսման հանդէպ սէրը, որոնց դաստիարակը նրա ժուժկալութիւնն էր, իսկ խոնարհութիւնը, հեզութիւնը եւ ունեցուածքի հանդէպ արհամարհանքը նրա մէջ բնատուր էին:
Արդ, ինչպէս որ Աբրահամ նահապետը տեսանելի արարածներով էր իմաստասիրում աներեւոյթ Արարչին եւ նկատելի գործերով թեւակոխում դէպի իմանալիները, մինչեւ անգամ ծննդավայր թողնելը եւ Կանչողի յետեւից գնալը, այդպէս էլ մեծն Գրիգորը արտաքին իմաստութեան միջոցով բորբոքում էր ներքինը: Հելլենական կրթութիւնն ուղղում էր դէպի քրիստոնէական խորհուրդները եւ անստոյգ օտար ուսմունքները Կանչողի շնորհով փոխարկում հաստատուն ճշմարտութեան: Անգամ թողնելով իր հայրերի մոլորեցուցիչ աղանդը՝ փնտրեց ու գտաւ ճշմարիտ հաւատքը, ապա սուրբ աւազանի մկրտութեամբ եւ սուրբ, անմարմին ծննդեամբ Քրիստոս հագաւ՝ չունենալով անձնական մեղքեր ու ախտեր՝ մեղքերի լուացարանում թողնելու համար: Եւ սա եղաւ իր արբունքի հասակում: Այնուհետեւ գնաց եգիպտացիների Ալեքսանդրիա քաղաքը՝ իմաստասիրութիւն ուսանելու, որտեղ առանձնապէս մտքով կատարեալ եղաւ փիլիսոփայական արուեստի եւ միաժամանակ խիստ ջանասէր՝ Հին եւ Նոր կտակարանների կրթութեան մէջ, որովհետեւ մտաւոր կարողութիւններով անհամեմատելի էր միւսների հետ, որոնք հաւաքուել էին բոլոր կողմերից՝ իմաստասիրութիւն եւ բժշկութիւն սովորելու համար: Եւ ուսումնակիցները նախանձեցին Գրիգորին նրա անարատ վարքի համար, որովհետեւ նա զարդարուած էր զգաստութեամբ առաւել, քան լինում են կատարեալ հասակում: Այդ պատճառով գովելի երանելին ատելի էր թւում բոլորի աչքին: Նա գովասանք էր արդարների եւ նախատինք՝ զազրասէրների համար:
Եւ տեսնելով, որ նա սուրբ միտք ունի, որոշեցին արատաւորել անարատ Գրիգորին. վարձեցին մի անառակ կնոջ, կանգնեցրին նրա առջեւ, եւ կինը հրապարակաւ՝ բազմութեան առջեւ ասաց. «Տո՛ւր ինձ քո խոստացած պոռնկութեան վարձը»: Այնժամ սուրբի պարկեշտութեանը ծանօթ մարդիկ բարկացան կնոջ վրայ, իսկ սուրբ Գրիգորը բնաւ չվրդովուեց եւ ոչինչ չասաց ընդդէմ կնոջ կամ դաւաճանների: Ո՛չ վկաներ կանչեց եւ ո՛չ էլ երդուելով արդարացաւ, այլ մէկին, որը կնոջ գործակիցն ու նենգութեան առաջնորդն էր, ասաց. «Վերցրո՛ւ այս արծաթները եւ տո՛ւր այդ անառակ կնոջը, որպէսզի նա այլեւս չգայ եւ ինձ չանհանգստացնի»: Եւ մինչ կինը գնում էր՝ արծաթները ձեռքին պահած, որոնք զրպարտութեան գինն էին, Աստուծոյ կողմից արդարին վկայութիւն եղաւ, իսկ զրպարտիչներին՝ յանդիմանութիւն. իսկոյն բռնուելով դեւից՝ կինը գալարուեց եւ թաւալուելով ընկաւ քաղաքի բազմութեան առջեւ: Ահաւոր եւ քստմնելի կերպարանք առած՝ անասունի պէս նա ոռնում էր անմարդկային ձայնով, այլափոխուած աչքերով փետում իր մազերը, ճանկռում իրեն եւ բերանից փրփուր թափում: Իսկ երբ դեւը կամեցաւ խեղդել նրան, սուրբ Գրիգորը եկաւ եւ Տէր Աստուծոյ անունով ազատեց նրան դեւից, որից բոլորը զարմացան: Սա նրա առաջին հրաշագործութիւնն էր, որ կատարեց իր վաղ հասակում:
Արդ, օտար գիտութիւններին զուգահեռ ամբողջովին տրուեց ուսումնառութեան, որի ժամանակ հանդիպեց Փիրմիլիանոսին, որը կապադովկիացի էր եւ իր հայրենակիցը: Սա նոյն ինքն էր, որը յետոյ եղաւ Կապադովկիայի Կեսարիա քաղաքի եպիսկոպոսը եւ եկեղեցու զարդը: Նրա եւ իր եղբօր՝ Աթենոդորոսի հետ, որը նոյնպէս եպիսկոպոս եղաւ Պոնտոսում, աշակերտեց մեծ վարդապետ Որոգինէսին, որից շուրջ հինգ տարի սովորեցին քրիստոնէական իմաստութեան ամբողջ ուսմունքը: Զարմանալի Որոգինէսը կատարեալ էր բոլոր գիտութիւններում, սակայն իր շարադրած բազմաթիւ գրութիւններում նա շեղումներ ունեցաւ, որի պատճառով երանելի Գրիգորը, որը հոգեւոր իմաստութեամբ եւ հանճարով առաջադիմել էր աստուածային ուսմունքի մէջ, արժանի չհամարեց մնալ նրա աշակերտանոցում: Յատկապէս, երբ տեսաւ, որ նա օտարացել է եկեղեցուց, հաւաքեց իմաստութեան ամենակատար շնորհները՝ իբրեւ ոսկու եւ պատուական քարերի գանձեր ու վերադարձաւ իր երկիրը:
Այդ ժամանակներում Փիգիմոս եպիսկոպոսը, որն Ամասիայի մետրոպոլիտն էր, Աստծուց հրաման առաւ Գրիգորին քահանայ ձեռնադրել: Իմանալով այդ մասին՝ Գրիգորը երեք օրուայ ճանապարհ անցաւ՝ մի հեռու տեղ փախչելով, իսկ Փիգիմոսը որոնում էր նրան ու չէր գտնում: Եւ այսպէս երկարաձգւում էր բարի պատերազմը, որովհետեւ մէկը սիրով ցանկանում էր ունենալ այն, ինչից միւսը փախչում էր անապատից անապատ եւ թաքնւում: Մէկն Աստծուն խնդրանքներ էր ուղղում, որպէսզի Աստուծոյ շնորհների զօրութեամբ իր ջանքերը յաջողութիւն ունենան, որպէսզի դատարկ եւ անօգուտ չմնայ այս կեանքում, իսկ միւսն էլ, համակուած քահանայութեան բարձր պաշտօնի երկիւղով՝ որպէս ահաւոր եւ սարսափելի խորհրդի, թոյլ չէր տալիս իր խորհուրդներին գալ ու հասնել այդ պատուին: Սակայն Աստուած, Ով փառաւորում է նրանց, ովքեր փախչում են փառքից, տեսիլքով նրան հնազանդուել տուեց. մեծն Գրիգորիոսը երազում տեսաւ, որ Փիգիմոսը, ձեռքն իր գլխին դնելով, քահանայապետական կարգով ձեռնադրում է իրեն քահանայութեան եւ եպիսկոպոսութեան համար: Նա ձայն լսեց, որն ասաց իրեն. «Գրիգոր՛, մնա՛ այդ տեղում, որովհետեւ Փիգիմոսը գալով պիտի ձեռնադրի քեզ»: Եւ Փիգիմոսն իսկոյն հասաւ այնտեղ, ուր Գրիգորն էր եւ Աստուծոյ տնօրինութեամբ ձեռնադրեց նրան հանդիպած քաղաքում, որի բնակիչները, բացի թուով տասնեօթ քրիստոնեաներից, կռապաշտներ էին:
Մտնելով այս լծի տակ՝ Գրիգորը սկզբում չէր համարձակւում քարոզել, մինչեւ որ Տիրոջ կողմից իրեն չտրուէր իմաստութեան եւ հանճարի շնորհների առատութիւն: Նա կենդանի յոյսով ամբողջովին ապաւինում էր այն խորհրդին, թէ վարդապետութեան խօսքերը պիտի ստանար ի վերուստ, որովհետեւ ոմանք աստուածպաշտութեան խորհուրդը յայտնում էին այլեւայլ կերպով եւ կեղծաւոր խօսքերով որսալով պարզամիտներին՝ զանց էին առնում ճշմարտութիւնը: Այդ պատճառով քարոզելու եւ վարդապետութեան խօսքերն ամէնքին յայտնելու համար Աստծուց հայցում էր ուսանել ճշմարիտ հաւատքի խոստովանութեան որոշ կանոններ:
Այնժամ, մտատանջուած այս խորհուրդներով, տեսիլքի մէջ երեւաց նրան մի ծեր քահանայ՝ վայելուչ, շնորհալի դէմքով եւ հրեշտականման տեսքով: Տեսիլքից սքանչացած եւ զարմացած՝ Գրիգորը կամենում էր իմանալ, թէ ով է նա, կամ ինչու երեւաց իրեն: Եւ նա հեզ ձայնով ասաց իրեն. «Ես երեւացի քեզ աստուածային հրամանով, որպէսզի ուսուցանեմ ճշմարիտ հաւատքի վարդապետութեան կանոնը»: Եւ Գրիգորը, լցուած խնդութեամբ ու երկիւղով, սպասում էր տեսիլքի աւարտին: Ապա սքանչելի ծերը մատով ցոյց տուեց մէկ այլ ահեղահրաշ տեսիլք. մի շատ բարի եւ բարեզարդ կին՝ պարուրուած սաստիկ պայծառ լոյսով, փարատեց խոր գիշերուայ խաւարը: Հրաշափառ սաստիկ լոյսից տեսիլքն անտանելի էր թւում Գրիգորի աչքերին, որից չկարողացաւ ճանաչել նրանց, սակայն յետեւելով նրանց խօսակցութեանը, որոնք անուանապէս տալիս էին միմեանց անունները, այն է՝ Տիրոջ մայր եւ Յովհաննէս աւետարանիչ, իմացաւ, որ այն վայելչագեղ կինը սուրբ Տիրամայրն է՝ ամենօրհնեալ Կոյսը, իսկ ծերը՝ Յովհաննէս աւետարանիչը:
Եւ լսեց, որ Տիրամայրը Յովհաննէսին ասաց. «Ուսուցանի՛ր նրան ճշմարտութեան խորհուրդը», իսկ Յովհաննէսը պատասխանեց նրան. «Պատրաստ եմ կատարել՝ ըստ քո հրամանի»: Աւետարանիչը խօսեց նրա հետ, եւ Գրիգորը մտապահեց բոլոր խօսքերը: Ապա տեսիլքն աներեւոյթ եղաւ: Եւ ինչպէս սուրբ Գրիգոր Նիւսացին է գրում, այդ նոյն վարդապետութիւնն է, որը երանելի Գրիգորը եղանակեց գրով եւ առաջին անգամ քարոզեց եկեղեցում: Վարդապետութեան այդ կարգը՝ տրուած Աստուծոյ կողմից, պահուեց եկեղեցում ու փորձութեան չենթարկուեց հերձուածողների կողմից: Այդ խորհրդածութիւնը հետեւեալն է: «Մի է Աստուած՝ կենդանի Բանի, անձնաւոր իմաստութեան, զօրութեան, մշտնջենաւոր իսկութեան, կատարեալ Որդու կատարեալ Ծնողը եւ միածին Որդու Հայրը: Միայն մի է Տէրը Միակից, Աստուածը՝ Աստծուց, Աստուածութեան կերպարանքը եւ պատկերը: Բանն Աստուած համայնին ներգործող իմաստութիւն է, բոլոր եղածների բովանդակիչը, անսահմանելի զօրութիւն եւ բոլոր ստեղծուածների Արարիչը, ճշմարիտ Հօր ճշմարիտ Որդին՝ անտեսանելին անտեսանելիից, անապականն անապականից, անմահն անմահից եւ մշտնջենաւորը մշտնջենաւորից: Եւ մի է Սուրբ Հոգին Աստուծոյ էութիւնից, որ երեւում է Որդու միջոցով եւ յայտնւում մարդկանց: Նա Որդու պատկերն է, կատարեալը կատարեալից, կեանք է եւ կենդանութեան պատճառ: Սուրբ աղբիւր է, սրբութիւն եւ սրբութիւն պարգեւող: Հայր Աստուած, որ ամէն բանի վրայ է եւ ամէն ինչում է, յայտնւում է Նրանով, ինչպէս եւ Աստուծոյ Որդին, եւ բոլորը Նրա միջոցով են: Կատարեալ Երրորդութիւն է փառքով, մշտնջենաւորութեամբ եւ արքայութեամբ, ո՛չ միմեանցից բաժանուած եւ ո՛չ զատուած, ապա ուրեմն՝ ո՛չ եղական, ո՛չ ծառայական եւ ո՛չ ներմուծուած կամ սկզբնաւորուած, որպէս թէ նախապէս չեղած եւ յետոյ առաջ եկած: Որդին երբէք նուազ չէ Հօրից, եւ Հոգին՝ Որդուց, այլ նոյն Ինքը՝ Սուրբ Երրորդութիւնը, միշտ անայլայլելի է եւ անփոփոխելի»:
Ահա այս սքանչելի աստուածաբանութիւնն աւանդուեց սքանչելի Գրիգորին աստուածաբան Աւետարանչի կողմից, որը բոլոր ժողովականները եւ հայրերը, առաւելապէս Նիկիայի սուրբ ժողովը, ինչպէս նաեւ Գրիգոր Աստուածաբանը եւ Բարսեղ մեծը հրապարակաւ ճանաչել տուեցին: Եւ առ այս Նիւսացին աւելացնում է՝ գրելով. «Այսպէս պէտք է հաւատալ, լսի՛ր եկեղեցուն, որում քարոզւում է Բանը»: Երանելու ձեռքի բնագիրը՝ որպէս աստուածագիր տախտակներ, Աստուծոյ փառքի համար մինչ օրս պահպանւում է Նէոկեսարիայում:
Ապա Աստծուց տրուած համարձակութեամբ եւ քաջալերութեամբ երանելին՝ որպէս քաջ նահատակ, ուղղուեց դէպի քաղաք: Մտածում էր եկեղեցի կառուցել, քանի որ ամբողջ երկրամասն ու քաղաքը, ինչպէս նաեւ շրջակայ գիւղերը լցուած էին միայն բագիններով, մեհեաններով եւ դեւերի արձաններով: Բոլորը ծանակւում էին կռամոլութեան մէջ: Նրանք զարդարում էին կուռքերի տաճարները, իսկ ճշմարիտ Աստուծոյ համար շինուած տաճար որեւէ տեղ չկար: Եւ այդպէս զօրացել էր դեւերի բռնութիւնը:
Ինչպէս որ հզօր թագաւորի մի զօրավար կը հալածէր թշնամիներին, այդպէս էլ այս մեծ այրը հալածեց դեւերի գնդին: Քանզի ճանապարհին՝ մինչ քաղաք հասնելը, սաստիկ անձրեւ սկսուեց, եւ նա իւրայինների հետ մտաւ մեհեան: Այդ մեհեանը նշանաւոր էր, եւ բազում դեւեր էին բնակւում այնտեղ: Տաճարին սպասաւորում էր մեհենազարդ քուրմը, որը դեւերի կամաւոր աշակերտն էր եւ որի ձեռամբ հմայական եւ դիւթական ներգործութիւններ էին լինում: Իւրայինների հետ մեհեան մտնելով՝ մեծն Գրիգորը Քրիստոսի անունով սաստեց դեւերին, Խաչի նշանով զարհուրեցրեց նրանց ու հալածեց եւ սովորութեան համաձայն՝ ամբողջ գիշերն անցկացրեց արթնութեամբ՝ աղօթելով ու օրհնաբանելով Աստծուն, իսկ առաւօտեան շարունակեց իր ճանապարհը:
Առաւօտեան քուրմը տաճար մտաւ՝ ըստ սովորութեան դեւերին զոհ մատուցելու եւ ասաց. «Աստուածնե՛ր, երեւացէ՛ք ինձ եւ խօսէ՛ք»: Իսկ դեւերը, որ գտնւում էին մեհեանից դուրս, ձայնեցին՝ ասելով. «Անհնար է, որ մենք մտնենք այդ մեհեանը, որովհետեւ Գրիգոր Սքանչելագործն օթեւանել է այդտեղ, եւ նրա սրբութիւնը հալածել է մեզ»: Մեհենակալ քուրմը դիմեց ամէն տեսակ հնարքների՝ դեւերի ախորժանքով զոհեր եւ պաշտամունք մատուցելով, սակայն դեւերն ուշադրութիւն չդարձրեցին նրա սովորական դիւթանքներին: Այնժամ մեհենակալը, բարկութեամբ լցուած, եկաւ-հասաւ մեծն Գրիգորին եւ սպառնաց մատնել նրան իշխանների ու թագաւորի ձեռքը եւ տեղեկացնել, որ նա քրիստոնեայ է՝ աստուածների թշնամի, որ յանդգնել է մտնել մեհեան, հալածել աստուածներին ու վերացրել նրանց զօրութիւնը: Իսկ Գրիգորը, զսպելով քրմի անմիտ բարկութիւնը, ասաց. «Ես ապաւինում եմ իմ ճշմարիտ Աստծուն, Ով կարող է հալածել դեւերին, որտեղից կամենայ եւ բնակեցնի այնտեղ, ուր որ կամենայ: Նոյնը կարող է անել եւ քեզ, որպէսզի ճանաչես իմ Աստուծոյ զօրութիւնը եւ դեւերի տկարութիւնը, որոնց պաշտում ես սնոտիաբար»: Այս լսելով՝ քուրմը զարմացաւ, թէ նա ինչ կարող է անել:
Այնժամ երանելին թղթի վրայ գրեց դեւերին ուղղուած այս հրամայական գրութիւնը. «Գրիգորիոսը՝ սատանային. հրամայում եմ, որ դարձեալ մտնես այդ բագինը քո ընկերներով»: Քուրմը վերցրեց գրութիւնը, գնաց կարդաց բագինի մօտ, եւ ինչպէս առաջ՝ դեւերն իսկոյն մեհեան մտան: Երբ մեհենակալը տեսաւ, որ Գրիգորի խօսքն ու գիրը կատարուեցին, մեծապէս զարմացաւ կատարուած սքանչելիքից եւ դեւերի վրայ ունեցած նրա իշխանութիւնից: Գնաց Գրիգորի յետեւից եւ աղաչեց յայտնել իրեն, թէ ով է այն Աստուածը, Ով Իր ձեռքի տակ է պահում դեւերի բնութիւնը: Մեծն Գրիգորը սակաւ-ինչ նրան յայտնեց բարեպաշտութեան խորհրդի մասին, սակայն քուրմը խնդրեց ցոյց տալ մէկ այլ սքանչելիք, որպէսզի ընդունի ճշմարիտ հաւատքը: Նրանց հանդէպ կար ժայռանման մեծ քար, որը ոչ ոք՝ առանց Աստուծոյ զօրութեան, որեւէ կերպ չէր կարող տեղից շարժել: Արդ, քուրմը Գրիգորին ասաց. «Հրամայի՛ր, որ այս քարը տեղափոխուի»: Եւ նա, առանց յապաղելու, հրամայեց քարին՝ որպէս անձի, տեղափոխուել այլ տեղ, որտեղ քուրմը ցոյց կը տայ: Գրիգորի խօսքով քարն իսկոյն տեղափոխուեց: Եւ այս տեսնելով՝ քուրմը հաւատաց ճշմարիտ Աստծուն, թողեց քրմութիւնը, իր տունը, ազգատոհմին, ունեցուածքը եւ գնաց մեծն Գրիգորի յետեւից:
Գրիգորը նրան քաղաք տարաւ, վերահռչակեց այդ մարդուն եւ պատմեց կատարուած սքանչելիքի մասին: Ամբողջ քաղաքը եկաւ եւ տեսաւ մեհենազարդ քրմին Սքանչելագործի հետ: Նրանք ասում էին միմեանց. «Ո՞վ է այդ Գրիգորը, որ մարդ լինելով՝ իշխում է աստուածներին իբրեւ ծառաների եւ այժմ էլ նրանց սպասաւորի հետ է»: Եւ կամենում էին մեծարել ու պատուասիրել նրան մի մեծ տան մէջ ու մտածում, թէ նա որտեղ պիտի իջեւանի: Բայց երանելին չէր կամենում ծանրանալ որեւէ մէկի վրայ՝ կամենալով նաեւ իր անձն ազատել ծանրութիւնից: Ասում էր՝ չունի ինչ-որ բանի կարիք՝ ո՛չ նիւթի, ո՛չ տեղի, ո՛չ տան, որովհետեւ ոչինչ էր համարում ամէն բան, ինչ կենցաղային էր եւ միայն մարդկանց փրկութիւնն էր կամենում շահել: «Ինչո՞ւ էք վարանում տեղի համար, - ասում էր, - մեր տունն Աստուած է, մենք կանք եւ շարժւում ենք Նրանով: Մի՞թէ պիտի մտածենք երկրային յարկերի մասին եւ արդեօք պիտի ջանանք հանգստութիւն ունենալ երկրի վրայ: Մեր տունը դուք էք ի Յիսուս Քրիստոս, եւ իւրաքանչիւր ոք այն շինում է առաքինութեամբ եւ ուղղափառ հաւատով, որ փոխանցուեց մեզ առաքեալների եւ մարգարէների միջոցով: Եւ թող իւրաքանչիւր ոք այս մասին հոգայ, որպէսզի մեզ համար կարեւոր այս խնդիրները կարգաւորուած լինեն»: Եւ մինչ նա խօսում էր բազմութեան առջեւ, քաղաքի նշանաւոր մարդկանցից մէկը՝ Մոսոնիոսը, բորբոքուեց նրա հանդէպ սիրով եւ շտապեց հիւրընկալել մեծն Գրիգորին: Մօտեցաւ եւ խնդրեց նրան օթեւանել իր տանը, եւ Գրիգորը, նրա թախանձանքների ու հաւատքի համար յանձն առաւ պատուել նրան եւ մտնել նրա տուն, որտեղ մարդկանց մեծաթիւ բազմութիւն հաւաքուեց: Երանելին նրանց առաջ խօսեց հակիրճ, որովհետեւ արեւը մայր էր մտնում եւ պատուիրեց հաւաքուել այգաբացին ու լսել Աստուծոյ խօսքը:
Նրա համբաւը տարածուեց ամբողջ երկրով մէկ: Յաջորդ օրն ամբողջ քաղաքը՝ այրեր եւ կանայք, ծերեր եւ մանուկներ, երիտասարդներ եւ կոյսեր, ինչպէս նաեւ պէս-պէս ախտերից տառապողներ ու դիւահարներ, հաւաքուեցին նրա շուրջը: Եւ նա հրապարակում կանգնած Սուրբ Հոգու զօրութեամբ բաշխում էր շնորհներն՝ ըստ իւրաքանչիւրի կարիքի, քարոզում էր երկնքի Արքայութեան աւետարանը, ուսուցանում էր, խրատում ու բժշկում ախտաժէտներին: Մարդիկ խնդութեամբ ընդունում էին նրա խօսքը եւ սքանչելիքներով հիացած՝ հեռանում իրենց չար ճանապարհներից ու սնոտի կուռքերից: Այսպէս նա բոլորին դարձրեց Աստուծոյ փառաբանիչներ եւ Սուրբ Երրորդութեան երկրպագուներ:
Այնուհետեւ աղօթքի տուն շինեց, սուրբ Սեղան հիմնեց եւ մատուցեց կենսաբեր Խորհուրդը: Բոլորը թէ՛ նիւթապէս եւ թէ՛ մարմնապէս ջանասիրաբար իրենց ծառայութիւնն էին մատուցում կենդանի Աստուծոյ տաճարի շինութեան գործում, որը, ինչպէս գրում է Նիւսացին, կայ մինչեւ օրս: «Նա, - գրում է, - գործը կատարում էր աստուածային մի շնորհով, եւ ժամանակ անց Աստուած վկայեց դրա հրաշակերտութեան մասին: Քանզի մեր օրերում քաղաքում մեծ երկրաշարժ եղաւ, որից արքունական ապարանքներն ու քաղաքի այլ շինուածքները քանդուեցին, եւ միայն այն տաճարը մնաց անսասան ու անշարժ, որպէսզի յայտնի լինէին Աստուծոյ զօրութիւնը եւ սուրբի աղօթքների պտուղը»: Մեծն Գրիգորը մկրտեց ժողովրդին, քրմին սարկաւագ ձեռնադրեց եւ բարեկարգութիւններ արեց քաղաքում ու ամբողջ շրջանում:
Կային երկու երիտասարդ եղբայրներ, որոնք հայրենի ժառանգութիւնը միմեանց միջեւ բաժանելիս հակառակւում էին մի լճի համար, որին իւրաքանչիւրը ցանկանում էր տիրանալ: Սքանչելագործը ձեռնամուխ եղաւ լուծել նրանց դատը: Նա գնաց նրանց մօտ, նախ խնդրեց խաղաղութիւն հաստատել եւ ապա յայտնեց, որ ըստ օրէնքի նախապատիւ է սէրը եւ ոչ թէ լճին տիրանալը: Սակայն եղբայրները չլսեցին նրան, որովհետեւ նրանք բարբարոսներ էին եւ օգուտ ունենալու յոյսով այրւում էին բարկութիւնից: Յաջորդ օրը պատրաստուեցին պատերազմել եւ մինչեւ անգամ մտադիր էին սպանել միմեանց: Աստուծոյ այրը մնաց լճի ափին եւ ամբողջ գիշեր անցկացրեց հսկումով: Ջրի վրայ նա ցոյց տուեց Մովսէսի հրաշագործութիւնները, սակայն ոչ թէ գաւազանի հարուածով լիճը ճեղքելով, այլ ամբողջովին այն ցամաքեցնելով: Առաւօտեան տեսաւ, որ լիճն ամբողջովին չոր էր, եւ նոյնիսկ լճի յատակի փոսերում խոնաւութեան նշաններ չկային: Այսպէս նա պատերազմը փոխարկեց խաղաղութեան, իսկ այն, որ մի ժամանակ լիճ էր, Նիւսացու ժամանակներում դարձաւ բնակավայր, անտառներ եւ արոտավայրեր:
Այդ գաւառում Հայոց լեռների աղբիւրներից ձորերի միջով մի գետ էր հոսում մեծ հորձանքներով: Երկրի բնակիչներն այդ գետը Գայլ էին անուանում: Որտեղով այն անցնում էր, մեծ վտանգներ էր առաջացնում մերձակայքի համար, որովհետեւ ողողում էր ագարակները, արոտավայրերը եւ մարգերը: Եւ թէպէտ շատ միջոցներ էին ձեռնարկւում, սակայն անօգուտ, որովհետեւ գետը ժամանակ առ ժամանակ յորդում էր հեղեղատի պէս, աւիրում էր բոլոր շինութիւնները եւ ապականում բնակավայրերը: Այդ պատճառով տեղաբնակները միաբանուած եկան սուրբ Գրիգորի մօտ եւ խնդրեցին նրան, որ կա՛մ վերացնի գետի պատճառած վնասները, ինչպէս կամենում է, կա՛մ հրամայի, որ այն թողնի իրենց սահմանները եւ հոսի այլ երկրով:
Երանելին նրանց հետ գնաց գետափ: Նա երբէք չէր գնում ձիով կամ էշով, այլ բոլոր ճանապարհներն անցնում էր հետեւակ՝ հենուած իր գաւազանին: Հասաւ գետափ ու տեսաւ, որ առանց աստուածային զօրութեան անհնար է մարդկային իմաստութեամբ կամ ուժով մի ելք գտնել գետի հասցրած վնասներից, եւ յիշեց մարգարէի այն խօսքը, թէ «Կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում»[1]: Նա գաւազանը ցցեց գետափին, որտեղ գետի հորձանքների յարձակումն աւիրածութիւններ էր անում եւ մինչ աղօթում էր արտասուքներով, գաւազանն իսկոյն արմատակալեց ու դալարեց ինչպէս Ահարոնի գաւազանը: Այնժամ երանելին հաւաքուած ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ Տէրը հաճեցաւ փակուղի եւ սահման դնել ջրերի դիմաց»: Ապա բոլորի հետ քաղաք վերադարձաւ՝ փառաւորելով հրաշագործ Տիրոջը: Եւ արդարեւ, այն ծառ դարձած գաւազանը հաստատուեց որպէս սահման՝ ընդդէմ գետի հոսանքների, որովհետեւ յորդ անձրեւներն ու գարնանային հեղեղատները չէին համարձակւում անցնել ծառի արմատների միջով: Այդ ծառը մինչ օրս կոչւում է Գրիգորի գաւազան:
Երանելու համբաւն աւելի ու աւելի էր հռչակւում: Նրա քարոզչութիւնը տարածւում էր ամենուր, բոլորի մէջ բորբոքում սէր ճշմարտութեան հանդէպ, եւ հաւատացեալների հաւատքն օրըստօրէ աճում էր ու զօրանում:
Կոմանա քաղաքի բնակիչները խնդրեցին Գրիգորին գալ եւ իրենց համար եպիսկոպոս ձեռնադրել: Ընդառաջելով նրանց՝ նա գնաց եւ տեսաւ, որ ժողովրդի մի մասն ընտրում է մէկին, միւս մասը՝ մէկ ուրիշին, սակայն նա ընտրութիւնը յանձնեց Աստծուն եւ խնդրեց Նրան ցոյց տալ իրեն արժանաւոր մարդուն: Նա քարոզում էր բոլորին՝ ասելով, թէ պէտք է ընտրել ոչ թէ գեղեցկութիւնը, հասակը, մեծազգի կամ պերճախօս լինելը, այլ Աստուծոյ առաջ առաքինութեամբ զարդարուած հոգու պայծառութիւնը: Բազմութեան միջից մէկը, որն իրեն ընտրեալ էր ճանաչում, եղաւ առաջինը, ով պախարակեց Աստուծոյ մարդուն: Առաջ գալով՝ նա յանդիմանեց երանելուն եւ ասաց. «Եթէ արժանաւոր չենք ի սկզբանէ ընտրեալներս ու նշանաւորներս, եւ եթէ կամենում ես հասարակ մարդկանց կոչել քահանայութեան, ապա թող այստեղ կանչեն դարբին կամ ածխագործ Ալեքսանդրոսին: Եթէ նա քեզ ընդունելի կը լինի, ապա մենք եւս ամբողջ քաղաքով համաձայն կը լինենք»: Իսկ սուրբը, չարհամարհելով յիշատակուած մարդուն, հարցրեց. «Ո՞վ է այդ Ալեքսանդրոսը, որի մասին ասացիք»: Այնժամ մօտ գտնուողներից մէկը ծաղրելով առաջ բերեց Ալեքսանդրոսին, որն ունէր անպաճոյճ հագուստներ եւ անշուք կերպարանք: Նա ծիծաղելի ու արհամարհելի էր բոլորի համար, որովհետեւ նրա ձեռքերը, դէմքը եւ մնացած ամբողջ մարմինն աղտոտուած էր կատարած աշխատանքից ու կրակի կայծերից: Սակայն մեծն Գրիգորը Սուրբ Հոգով ճանաչեց, թէ ինչպիսի մէկն էր այդ մարդը, իմացաւ, որ նա ոչ թէ այս կեանքի նեղութիւններից է ընտրել այդ արհեստը, այլ առաքինութեան եւ տնանկներին օգնելու համար: Նա ջանում էր ծածուկ պահել իր անձը, իր առաքինութիւնները ծածկում անարգ կերպարանքով եւ անարժան համարում իրեն: Սակայն Գրիգորը հրամայեց առաջ բերել նրան եւ պատմեց նրա ծածուկ վարքի մասին, որ Աստուած յայտնեց իրեն: Ապա իր ակնարկով ու հրամանով սպասաւորները տարան լողացրին Ալեքսանդրոսին եւ հանդիսաւոր զգեստներ հագցրեցին: Այնժամ նայելով նրան՝ բոլորը, որ ընտրեալներ էին համարւում, զարմացան: Գրիգորն ասաց նրանց. «Ինչո՞ւ էք զարմանում, մի՞թէ նոր Ալեքսանդրոսի տեսաք, չէ՞ որ նա ծանօթ էր ձեզ բոլորիդ: Դուք, որ խաբուած էք ձեր զգայարաններից, չգիտէ՞ք, որ մարդ երեսին է նայում, իսկ Աստուած՝ սրտին»: Այս ասելով՝ նա առաջ բերեց Ալեքսանդրոսին եւ ձեռնադրելով նրան քահանայապետութեան համար՝ կատարեց խորհրդածութիւնը: Այսպէս նա, ով ծածկուած էր ի Քրիստոս, յայտնուեց մեծն Գրիգորի միջոցով: Եւ սքանչելին այն էր, որ ձեռնադրութեան ժամին շատերը տեսան, որ նրա վրայ երեւաց Սուրբ Հոգու շնորհը աղաւնու նմանութեամբ: Բոլոր տեսնողներն օրհնեցին Աստծուն եւ համակուեցին մեծ երկիւղով: Ապա երանելին պատուիրեց նրանց, որ հնազանդ լինեն Ալեքսանդրոսին որպէս Աստուծոյ քահանայի եւ իրենց հովուի, իսկ նրան էլ Աստուած գիտութեան շնորհներ տուեց, որով ի զարմանս բոլորի՝ Աստուծոյ խօսքն ուսուցանում էր առաւել, քան ուսեալները: Յետագայում նա մարտիրոսացաւ անօրէն կռապաշտների կողմից եւ Քրիստոսի անուան համար նահատակուեց հրկիզմամբ:
Երկու հրեայ կամեցան ծաղրել եւ խաբել Սքանչելագործին: Նրանցից մէկը, որպէս թէ յանկարծամահ եղած, ճանապարհին ընկած, սուտ մեռած ձեւացաւ, իսկ ընկերն սկսեց ողբերգաձայն կոծել նրա համար: Եւ երբ տեսաւ, որ Սքանչելագործն անցնում է այդ տեղով, դիմեց նրան՝ ասելով. «Այս թշուառականը յանկարծամահ եղաւ, եւ ահա շուտով պիտի թաղենք նրան: Պարգեւի՛ր հասարակ հանդերձներ՝ դրան պատանելու համար»: Աստուծոյ սուրբը չանտեսեց հրեայի խնդրանքը, վերցրեց իր վրայի հագուստը, դրանով ծածկեց մեռելին եւ շարունակեց իր ճանապարհը: Հրեան ծիծաղելով ընկաւ մեռածի վրայ եւ ծաղրուծանակի խօսքեր ասաց հանդերձը խաբէութեամբ շահելու համար, իսկ մեռած ընկերը ոչինչ չպատասխանեց, որովհետեւ նրա հոգին ելել էր հանդերձն իր վրայ գցելու պահին:
Մի անգամ սուրբը քարոզում էր հրապարակում, եւ մինչ բոլորը հիացած լսում էին նրան, մի տղայ աղաղակեց ընկերների մօտ եւ ասաց. «Այս վարդապետն ամէն բան ասում է ոչ թէ իր անձից, այլ նրան յուշում է մօտ կանգնածներից մէկը»: Երբ Գրիգորը դադարեց խօսելուց, կանչել տուեց տղային եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Այս տղան ազատ չէ դեւից»: Ապա սուրբը վերցրեց իր ուսին գցած կտաւը, մօտեցրեց իր բերանին եւ գցեց տղայի վրայ: Նա, տագնապելով դեւից, սկսեց փրփրել եւ պատառոտել իր հանդերձները: Սուրբը մօտեցաւ նրան, առաւ Խաչի նշանը, ձեռքը դրեց նրա վրայ եւ տղայից հալածեց դեւին: Եւ նա սթափուելով փառաւորեց Աստծուն:
Այնուհետեւ Նէոկեսարիայում զբաղեցնելով իր Աթոռը՝ մեծն Գրիգորն իր աստուածահրաշ վարդապետութեամբ եւ նշանների զօրութեամբ օրէցօր շատերին ձգում էր դէպի ճշմարիտ հաւատքը: Ամբողջ քաղաքով տարածուած աստուածային քարոզչութիւնն ամբարշտութիւնը փոխարկեց բարեպաշտ հաւատքի, իսկ բնակիչները, հրաժարուելով բագիններից, մեհեաններից եւ կուռքերի պղծութիւնից, վերացրին արիւնահեղութիւնները զոհասեղանների վրայ եւ դեւերին մատուցուող կենդանիների զոհաբերութիւնները: Մեծն Գրիգորի ձեռքով բոլոր տեղերում վերականգնւում էին եկեղեցիներն ու աղօթատեղիները, եւ քրիստոնէական խորհուրդներն աւելի ու աւելի էին հաստատւում եւ տարածւում:
Լսելով այս մասին՝ թագաւորը բարկացաւ եւ որոշ հեթանոսների դրդմամբ նամակ գրեց երկրի իշխանին, որպէսզի փակուեն բոլոր եկեղեցիները, իսկ քրիստոնեաներին ստիպելով դարձնեն դէպի իրենց հայրենի պաշտամունքը: Երբ քաղաքի հրապարակներում տարածուեց իշխանների հաղորդած չար եւ անաստուած հրամանը, ըստ որի պէտք է կա՛մ ուրանային հաւատքը, կա՛մ կրէին մահուան տանող տեսակ-տեսակ չարչարանքներ ու տանջանքներ, քրիստոնեաները փախան դէպի անմարդաբնակ վայրերը, եւ քաղաքներն ու շէները դատարկուեցին բնակիչներից: Այնժամ մեծն Գրիգորը, տեսնելով, որ շատերը մարդկային տկարութիւնից մինչեւ մահուան դուռն են հասնում, մտածեց փախուստով փոքր-ինչ տեղի տալ հալածիչներին: Եւ իւրայիններով, որոնք պաշտամունքի ժամանակ սպասաւորում էին իրեն, գնաց-բնակուեց անշէն, անբնակ վայրերում: Բռնաւորները ջանում էին բռնել նրան որպէս քաջ զօրավարի, եւ ահա ամբարիշտներից մէկը տեսնելով՝ նրանց մատնեց հալածողներին, որոնք մեծ խումբ կազմելով՝ եկան եւ շրջափակեցին տեղանքն ու հսկեցին, որպէսզի նրանք փախչելու հնար չունենան: Իսկ Գրիգորը բազկատարած աղօթում էր սարկաւագի հետ, որն առաջ քրմապետ էր: Եւ ահա նրանք աներեւոյթ դարձան, որովհետեւ ովքեր մինչ այդ տեսել էին նրանց, այլեւս չէին տեսնում եւ փնտրում էին ամէն տեղ. ոմանք՝ նրանց իսկ տեղում, միւսներն էլ՝ նրանց մօտով անցնելով: Եւ երբ չկարողացան գտնել, զարհուրած փախուստի դիմեցին եւ գնացին իրենց ճանապարհով: Իսկ մատնիչը եկաւ-ընկաւ սուրբի առաջ, թողութիւն խնդրեց իր յանցանքների համար, հաւատաց Աստծուն եւ մկրտուեց: Եւ նա, որ առաջ հալածիչ էր, եղաւ թաքնուողներից մէկը ու օրհնաբանեց Աստծուն:
Երկարատեւ հալածանքների պատճառով շատացան նեղութիւններն ու տանջանքները: Մեծն Գրիգորն անապատ վայրում հոգում էր նրանց համար եւ անդադար աղօթում, ինչպէս Մովսէսը Իսրայէլի համար՝ Ամաղէկի դէմ: Երբ աղօթում էր Սուրբ Հոգով լցուած, ձայն էր գալիս նրան Աստծուց, որը լսում էին նաեւ մերձաւորները, սակայն տեսիլքը եւ ձայնի իմաստը նրանց հասու չէր լինում: Մի անգամ աղօթելուց յետոյ եկաւ մի կողմ կանգնած ժողովրդի մօտ, նրանց աւետիս տուեց, զուարթ ձայնով վերօրհնեց Աստծուն եւ յաղթական երգելով՝ ասաց. «Օրհնեա՛լ է Տէրը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամներին»[2]: Մօտ եղողները զարմացած խնդրում էին նրան բացատրել շարժառիթը, եւ նա ասաց նրանց. «Աղօթքի ժամին տեսայ Տրովադիոս անունով մի բարի երիտասարդի, որը ատեանի հրապարակում մարտնչում էր բանսարկուի եւ անողորմ հալածիչների դէմ: Քաղաքի դահիճները նրան տարան իշխանի մօտ: Բազմաթիւ տեսակ-տեսակ տանջանքներից յետոյ նա մարտիրոսացաւ եւ անապական պսակ առաւ: Եւ ապա լսեցի մի ձայն, որ հալածանքները դադարելու են»: Այս լսելով՝ սարկաւագն ու նրա մօտ եղողները հաւատացին եւ սքանչացան, որ նա այնքան հեռու լինելով քաղաքից՝ ամէն բան ստուգապէս իմացաւ: Սարկաւագը խնդրեց նրան, որ թոյլ տայ իրեն գնալ քաղաք ու ականատես լինել, բայց սուրբն ասաց նրան. «Միգուցէ բռնուես, որդեա՛կ»: Սարկաւագն ասաց. «Իմ յոյսն Աստուած է եւ քո աղօթքները, որոնք կը փրկեն ինձ»: Նա եկաւ քաղաք, լսեց սուրբ նահատակի վկայութեան մասին ու իմացաւ նրա անունը, ինչպէս որ ասել էր Աստուծոյ մարդը: Երեկոյեան յոգնած գնաց քաղաքի բաղնիք եւ կամեցաւ գիշերել այնտեղ: Բաղնեպանին խնդրեց բացել դուռը, բայց նա ասաց. «Ոչ ոք չի կարող գիշերուայ մէջ բաղնիք մտնել, որովհետեւ արեգակի մայր մտնելուց յետոյ դեւը տիրում է բաղնիքին եւ նրա ջրերին: Շատերն են մտել առանց իմանալու, եւ դեւը սպանել է նրանց»: Սակայն սարկաւագը չլսեց նրան եւ ներս մտաւ: Եւ ահա լսեց ուժգին պայթիւններ, արհաւիրքների, ողբի ու շշնջիւնի ձայներ: Բաղնիքը պատուեց հրով ու ծխով, եւ դեւերը գազանների ու սողունների կերպարանքներով սկսեցին վխտալ ու սողալ նրա մարմնի վրայով: Իսկ սարկաւագը Քրիստոսի նշանով կնքեց իր անձը եւ արհամարհեց դիւային պատրանքները: Անցնելով առաջին դուռը՝ աներկիւղ ներս մտաւ, սակայն այնտեղ դիւային գազանների երեւմունքն առաւել ահաւոր եւ դժնդակ էր: Նրանք շարժում եւ տատանում էին բաղնիքի շէնքը, մինչեւ իսկ ճեղքում էին յատակը եւ ներքեւից դէպի վեր կայծակներ արձակում սարկաւագի ու ջրերի վրայ: Իսկ նա աղօթքներով եւ Քրիստոսի կնիքով հալածեց երեւացող բոլոր ցնորքները: Այդպէս գիշերը հանգստացաւ, իսկ առաւօտեան լողացաւ եւ որոշեց ելնել ու գնալ: Դեւը, դարձեալ կամենալով արգելել նրան, փակեց դուռը նրա առջեւ, սակայն նա, դարձեալ կնքելով Քրիստոսի նշանով, բացեց դուռը: Դեւերն ասացին. «Եթէ չլինէր Գրիգորը, որը քեզ Աստծուն յանձնեց, դու բաղնիքից կենդանի չէիր ելնի»: Իսկ սարկաւագը պատասխանեց. «Գրիգորը, որն աղօթքներով բագիններից հալածեց ձեր հայր սատանային, որին ես սպասաւորում էի, նոյն աղօթքները կը հալածեն ձեզ նաեւ այստեղից»: Եւ այդպէս եղաւ, որից յոյժ զարմացան բաղնեպանները եւ քաղաքի բնակիչները: Այս մասին լուրը տարածուեց ամբողջ երկրով մէկ:
Սուրբ Գրիգորը սիրում էր միշտ լինել անբնակ վայրում եւ աղօթել, իսկ հաւատաւոր ժողովրդին քաղաքից-քաղաք հովւում էր քահանաներով: Եւ երբ աղօթքներով դադարեցրեց հալածանքները, իջաւ քաղաք եւ սկսեց ուսուցանել: Հրամայեց կատարել նահատակուած բոլոր սուրբերի տօնը, ուրախանալ հոգեւորապէս եւ ցնծալ սուրբերի յիշատակով: Սահմանեց ոչ միայն ճգնակեաց վկաների տօնը, այլեւ վայելչօրէն ամփոփել տուեց այլեւայլ վկաների մարմինները եւ նրանց համար հանգստարաններ պատրաստեց:
Նշանաւոր է այն եղելութիւնը, որ կատարուեց նրա քահանայութեան առաջին տարում: Ամբողջ Նէոկեսարիա քաղաքը համախմբուած եւ մեծ հանդիսութեամբ նշում էր դեւերից մէկի տօնը: Գաւառականները միաձայն աղաղակում էին. «Ո՛վ Զեւս, մեզ տեղ տուր եւ ընդարձակի՛ր»: Այս լսելով՝ մեծն Գրիգորն ի պատասխան ասաց նրանց. «Ձեզ կը տրուի մի տեղ, որը երբեւէ լսուած չէ» եւ յայտնեց, որ եթէ հեռանան կուռքերի պաշտամունքներից, Աստուած նրանց յաւիտենական յարկ կը տայ, իսկ Զեւսն իրենց բարիք անել չի կարող, այլ միայն՝ չարիք, որը եւ արեց ու նրանց ուրախ տօնը սգի վերածեց: Քանզի նրանց սաստիկ ախտ տիրեց, որը հրի պէս այրեց ու կոտորեց շատերին: Ախտի ապականարար ժանտութիւնը տարածուեց բոլորի տներում: Եւ բազմութեամբ գալով՝ մարդիկ ապաւինեցին Աստուծոյ սքանչելագործ ծառային ու խնդրեցին փրկութեան հնար գտնել: Նա գնաց նրանց հետ, մտաւ իւրաքանչիւր տուն, աղօթքով փարատեց կործանարար ախտը եւ բժշկեց նրանց: Եւ հարուածներից խրատուած՝ բոլորը դարձան ի Քրիստոս, մկրտուեցին եւ մարմնաւոր ախտի միջոցով բժշկուեցին նաեւ հոգով:
Իր ամբողջ կեանքը նա ապրեց այսպիսի առաքինի վարքով: Սքանչելի էր իր խօսքով եւ գործերով: Նախապէս իմանալով իր փոխման մասին՝ շտապեց բոլորին կուռքերի պղծութիւնից տանել դէպի Քրիստոսի փրկչական հաւատքը: Փնտրում էր, թէ արդեօք Նէոկեսարիայում կայ մէկը, որը հեռու է մնացել հաւատքից, եւ գտաւ տասնեօթ եւ ոչ աւելի մարդ՝ այնքան, որքան քրիստոնեաներ կային սկզբում: Երանելին տրտմեց նրանց համար, Աստուծոյ առջեւ ընկած արտասուքներով խնդրեց մոլորուածների դարձը, որպէսզի իրենից յետոյ եկեղեցին ստանձնողը հօտի մէջ չտեսնէր կռապաշտ մէկին: Աղօթեց նաեւ հաւատացեալների զօրացման համար, օրհնեց նրանց եւ ուրախութեամբ իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը:
Այսպիսին էր Աստուծոյ մարդու ապրած կեանքն ու առ Աստուած փոխուելը: Եւ քանի որ այս աշխարհում տուն ու տեղ չունեցաւ, նաեւ մահից յետոյ թաղման տեղ չունեցաւ, քանզի Գրիգորը թէ՛ կենդանութեան եւ թէ՛ մահից յետոյ չհոգաց տեղի մասին, այլ ինչպէս որ ամբողջ կեանքն անցկացրեց պանդխտութեամբ, այնպէս էլ օտար տեղերում թաղուելով՝ պանդուխտ եղաւ նաեւ մահով, ինչպէս որ իր կեանքում հրաժարուեց ունեցուածքից, այդպէս էլ թաղման ժամանակ զարդերից:
Նիւսացու խօսքերով Ճառընտիրը գրում է. «Իւրաքանչիւրը կը զարմանայ՝ կարդալով այս խօսքերը, սակայն թող ոչ ոք չկասկածի: Ինչպէս յայտնի է դարձնում աստուածային նախախնամութիւնը, նրա միջոցով եղան անթիւ փոփոխութիւններ՝ չար ճանապարհներից դէպի ճշմարտութիւնը: Եւ այս ամէնը, որ գրուեց ստուգութեամբ, շատից քիչն է, քանզի Սքանչելագործը ցոյց տուեց մէկը միւսից զարմանալի գործեր: Նա նահատակուեց գերազանց առաքինութեամբ: Շարադրեց բազմաթիւ ճառեր ուղղափառ հաւատքի եւ վարքի մասին: Այսպիսին էր նա այս կեանքում, որից հեռացաւ եւ հանգստացաւ բոլոր սուրբերի հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Որին փառք յաւիտեանս. ամէն»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Գրիգոր Սքանչելագործ հայրապետի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սուրբ Նիկողայոս հրաշագործ հայրապետի եւ Կրետէի սուրբ Միւռոն սքանչելագործ եպիսկոպոսի հետ:
[1] Սաղմ. ՃԽԸ 6:
[2] Սաղմ. ՃԻԳ 6:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: