ՆԻԿՈՄԻԴԻԱ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԱՆԹԻՄՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԿՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.

Եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմնոց բազմութիւնսն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:

Որք ի սկզբանէ պատուեալ եղեն ի սէր բոլորից Հօրն.

Եւ զտիեզերս հրաւիրեցին յորդեգրութեան շնորհս.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:

Որք զընթացս իւրեանց կատարեցին հաճոյիւք Քո Քրիստոս.

Եւ զպսակս անապական ի Քէն ընկալան:

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

Կատարեալ առաքինութեան գործերով ծաղկած երանելի Անթիմոս հայրապետը Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքից էր: Դեռեւս մանկուց կրթուած էր աստուածպաշտութեան կարգ ու կանոնով, ջանասէր էր բոլոր բարի գործերում, ճգնասէր էր, աղօթասէր, հեզ եւ խոնարհ ու ամէն բանում բարի օրինակ բոլորի համար, որի համար արժանապէս ընտրուեց՝ ծառայելու քահանայական դասում, քանի որ ոչ թէ ինքն էր գնում պատուի յետեւից, այլ ակամայ կամքով ինքն էր բռնադատւում պատուի կողմից:

 

Եւ եղաւ, որ Նիկոմիդիայի Կիւրղոս եպիսկոպոսի վախճանից յետոյ ողջ ժողովուրդը միաբան հաւանութեամբ իր համար եպիսկոպոս ընտրեց Անթիմոսին: Եւ Աստուած հաստատեց նրա ընտրութիւնը տեսանելի սքանչելիքով, քանզի մինչ բազմութիւնն աղօթում էր եկեղեցում, յանկարծակի մեծ լոյս ծագեց եւ երկնքից ձայն լսուեց, ըստ որի՝ ընտրեալ Անթիմոսը պէտք է եպիսկոպոս լինի: Եւ այդպէս Տիրոջ 293 թուականին ցնծութեամբ եւ օրհնութեամբ բազմեցրին նրան հայրապետութեան Աթոռին:

 

Այնուհետեւ երանելին, մեծ ջանասիրութեամբ եւ աշխատասիրութեամբ անցնելով հովուապետական ծառայութեան, իր աստուածաբան վարդապետութեամբ լուսաւորեց բազմաթիւ անհաւատների եւ դարձրեց նրանց դէպի ճշմարիտ հաւատքը: Իր սուրբ վարքի օրինակով նա խնամում էր իր հօտը, որի համար ջերմեռանդ բարեպաշտութիւնն աւելի ու աւելի էր ծաւալւում Բիւթանիայի բոլոր սահմաններում եւ մինչեւ իսկ շատերին արժանացնում նահատակութեան պսակներին: Քանզի այդ շրջանում՝ Տիրոջ 302 թուականին, Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի հրամանով սաստիկ հալածանքներ սկսուեցին ամբողջ երկրով մէկ, որոնք սկսուեցին Նիկոմիդիա քաղաքից, ուր միաժամանակ նահատակուեցին երկու հազար անձինք, ինչպէս նաեւ քաջ բազմաթիւ այլ նահատակներ, որոնք հաստատուած էին սուրբ Անթիմոսի վարդապետութեամբ: Այնժամ այս հայրապետի առաքելական հոգին թշնամու դէմ տիրապէս պայքարի ելաւ: Լինում էր խօսքով, լինում էր թղթով նա հաստատում էր բոլորին հաւատքի մէջ, մինչեւ որ այդ թղթերից ընկան հալածողների ձեռքը, որոնք դրանք տուեցին Մաքսիմիանոս կայսրին, որն այդ ժամանակ նստում էր Նիկոմիդիայում: Թէպէտ վերջինս նախապէս գիտէր Անթիմոսի բարեպաշտութեան մասին, սակայն տեսնելով նրա յորդորիչ գրութիւնները՝ կրակի պէս բորբոքուեց ընդդէմ սուրբի եւ տեղեկանալով, որ նա քարոզում է Սեմանէ աւանում, իր զօրքից ուղարկեց քսան հեծեալներ՝ նրան իր մօտ բերելու համար: Մարդիկ գալով հանդիպեցին եպիսկոպոսին եւ նրան հարցրին, թէ որտեղ է քրիստոնեաների քահանաների առաջնորդ Անթիմոսը: Երանելին իր կեցավայրում մարդասիրութեամբ հիւրընկալեց ու մեծարեց նրանց, հիւրասիրեց հացով, բակլայով եւ ձեռքի տակ եղածով, ապա յայտնեց, թէ ինքն է Անթիմոսը, որին փնտռում են: Այս լսելով՝ եկած մարդիկ մեծապէս պատկառեցին երանելու առաքինութիւնից եւ չհամարձակուելով բռնել նրան՝ խորհուրդ տուեցին թաքնուել եւ ազատուել Մաքսիմիանոսի ձեռքից: «Մենք, - ասացին, - կ՚ասենք նրանց, թէ փնտռեցինք շատ տեղերում, բայց չգտանք»:

 

Սակայն երանելին չհամաձայնուեց, որ նրանք սուտ խօսեն իր պատճառով եւ բացի այդ՝ նա ծարաւ էր նահատակութեան: Ուստի, զինուած հաւատքով, աղօթքներով եւ իբրեւ Քրիստոսի ընտիր զինուոր, զուարթագին գնաց նրանց հետ՝ մտնելով ճակատամարտ, որ սպասւում էր իրեն: Ճանապարհին իր աստուածիմաստ վարդապետութեամբ նրանց հոգեշահ խօսքեր ասելով՝ ձգեց նրանց աւետարանի ուռկանի մէջ: Եւ երբ հասան մի գետի, մարդիկ խնդրեցին նրան ընդունել Սուրբ Հոգու լոյսը՝  մեղքերի լուացման եւ երկնաւոր Հօր շնորհներին որդեգրուելու համար: Եւ նա, ձեռք դնելով նրանց վրայ, խաչակնքեց նրանց ու գետի ջուրը, նրանց հետ մտաւ ջրերի մէջ եւ մկրտեց նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Խորհուրդն աւարտին հասցնելուց յետոյ օրհնեց նրանց եւ նրանց հետ փառաբանելով Աստծուն՝ ճանապարհ ընկաւ դէպի քաղաք՝ կեանքի խօսքեր ասելով նորահաւատներին: Ապա հաստատեց նրանց ճշմարիտ հաւատքի մէջ, յանձնեց նրանց Տիրոջը եւ Աստուծոյ Բանի շնորհներին, Որին հաւատացին:

 

Երբ մտան քաղաքի դռնով, չարախօսները լսեցին սուրբ Անթիմոսի գալստեան մասին եւ լուսաբացին, մինչ անօրէն Մաքսիմիանոսը նստած էր ատեանի բեմին, յայտնեցին, թէ եկել է այն մարդը, որին փնտռում է քո ինքնակալութիւնը: Այնժամ թագաւորը հրամայեց սուրբին առաջ բերել եւ կանգնեցնել դատաստանի ատեանի առաջ: Աստուծոյ սուրբը, Քրիստոսի նշանով կնքելով երեսը, համարձակ եկաւ ու մօտեցաւ բեմին, որպէս կալանաւոր ձեռքերը կրծքին պահած եւ խոնարհած դէմքով, սակայն մտքերը դէպի երկինք՝ առ Աստուած պահած, որտեղից ակնկալում էր օգնութիւն ստանալ: Իսկ թագաւորը, կամենալով ահաբեկել Անթիմոսին, ատեանի առաջ պատրաստել տուեց տանջանքների գործիքները եւ ապա լցուած ցասումով՝ սպառնալից ասաց. «Դո՞ւ ես Անթիմոսը, այն մոլորեցուցիչ Նազովրեցու կուսակիցը, մեր աստուածների հայհոյիչը եւ խաբէութեան վարդապետը, որը պատրանքներով որսում է ամբոխի պարզամիտներին»: Այնժամ երանելին, ծիծաղելով թէ՛ տանջարանների եւ թէ՛ բռնաւորի խօսքերի վրայ, ասաց. «Ճշմարտապէս իմացի՛ր, ո՛վ թագաւոր, ես չէի ուզում պատասխանել քեզ, սակայն աստուածային առաքեալը մեզ ուսուցանում է պատրաստ լինել ամէն մի հարցնողի պատասխան տալու համար, ուստի ես վստահ եմ ի Տէր պատրաստ պատասխան ունենալ՝ ըստ Արարչի խոստման, թէ "Մի՛ հոգացէք, թէ ինչ պիտի խօսէք, որովհետեւ ձեզ կը տրուի բերան եւ իմաստութիւն, որին չեն կարող պատասխանել ձեր բոլոր հակառակորդները, որովհետեւ ոչ թէ դուք պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր մէջ"[1]: Ուստի լսի՛ր ինձ, ո՛վ թագաւոր, ես չեմ վախենում այն տանջանքներից, որոնցով սպառնում ես, որովհետեւ երկնքում ունեմ Աստուած, Ով մարգարէի միջոցով ասաց. "Աստուածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն Իմ առջեւից"[2]: Ես դրանց խուլ եւ կոյր եմ կոչում, կործանում եւ պղծութիւն անուանում ու երբէք  դրանց աստուած չեմ համարի»: Մաքսիմիանոսն ասաց. «Գիտե՛մ, որ այժմ չես ուզում նրանց աստուած ճանաչել եւ զոհ մատուցել, բայց երբ կը տեսնես մարմինդ բզկտուած ու մասնատուած, այնժամ խելքի կը գաս եւ կը լսես ինձ»: Անթիմոսը պատասխանեց. «Ես առաջ կարեկցում էի ձեզ՝ ձեր անգիտութեան եւ գոյութիւն չունեցողներին աստուածներ կոչելու համար, սակայն այժմ մեծ տխմարութիւն եմ համարում: Կարծում էք, թէ տանջանքների ահից կարո՞ղ էք ինձ հեռացնել իմ ճշմարիտ Աստծուց: Դա կարող էք անել նրանց, որոնց հոգիները լքուած են Աստուծոյ սիրուց, եւ որոնց քաղցր են թւում այս կեանքի վայելքները: Ես այս աղցաւոր կեանքը բանտ եմ համարում, իսկ առ Աստուած ելնելը՝ անպատում երանութիւն: Այն բոլոր տանջանքները, պատուհասներն ու չարչարանքները, որոնց ինձ պիտի մատնես, առաւել ախորժելի են ինձ, քան բոլոր հեշտալիները»:

 

Առաքինի նահատակից լսելով այս խօսքերը՝ թագաւորը լցուեց բարկութեամբ եւ սպասաւորներին հրամայեց քարերով ջարդել նրա պարանոցը: Իսկ սուրբը, արհամարհելով ցաւերը եւ կամենալով արժանանալ առաւել չարչարանքների, սկսեց աներկիւղ յանդիմանել անօրէն Մաքսիմիանոսին եւ ասել. «Աստուած էլ քեզ կը խփի, ո՛վ չար գազան, սատանայի՛ արբանեակ, որ քո եղբայր Հերովդէսի նման նոյն գործն ես անում: Չգիտե՞ս արդեօք, որ քարկոծուելու միջոցով դու ինձ համարձակութիւն տուիր նմանուելու Ստեփաննոս Նախավկային, որը նետուած բազմաթիւ քարերը հաւաքում էր որպէս ծաղիկներ: Ես եւս, ճոխացած այս նետուած քարերով, կը լցուեմ անուշահոտութեամբ՝ վանելով դեւերի ժահահոտութիւնը»: Մաքսիմիանոսը դարձեալ ասաց. «Այսուհետեւ հնազանդուիր ինձ եւ զոհ մատուցիր աստուածներին, այլապէս առաւել կը բարկացնես ինձ քո դէմ, եւ ես՝ զայրոյթով լցուած, կը վարուեմ առաւել խիստ, քան առաջ»: Անթիմոսն ասաց. «Արա՛, ինչ որ պիտի անես եւ մի՛ յապաղիր: Արա՛, ինչ որ քեզ թելադրում է սկզբնաչար սատանան, որը ստուգապէս հեռու չէ քեզնից»:

 

Այնժամ թագաւորը բարկացաւ եւ հրամայեց նրա ոտքերի յօդերով շիկացած երկաթներ անցկացնել: Իսկ երանելի Անթիմոսը, ձեռքերը եւ աչքերը երկինք բարձրացրած, սկսեց աղօթել ու ասել. «Աստուծոյ կենդանի Որդի՛, Յիսուս Քրիստո՛ս, աշխարհին ծագած Լո՛յս նախայաւիտեան, փրկարար ապաւինութի՛ւն բոլոր նրանց համար, որոնք իրենց յոյսը Քեզ վրայ են դրել, խաղաղ նաւահանգի՛ստ նաւաբեկեալների, որոնք ծփում են մեղքերի ծովում՝ յաւերժի պատրանքով, Դու Քո սուրբ առաքեալներին համբերութեան շնորհիւ պարգեւեցիր Սուրբ Հոգու շնորհները: Եւ այժմ ես Քեզ եմ կանչում, Տէ՛ր, որ Քո անհասանելի եւ անպարտելի զօրութեամբ թիկունքից օգնութեան ես հասնում բոլորին: Ես գիտեմ, որ Դու այստեղ ես, ո՛վ անընդմիջելի մերձաւոր ու ամէն բան լիացնում ես Քո ամենաբաւ ողորմութեամբ: Տո՛ւր ինձ համբերութիւն, որպէսզի յաղթեմ բանսարկու բռնաւորին, քանի որ Դու ես միակ Տէր Աստուած, որ յայտնեցիր Քո աստուածութիւնն ամբողջ աշխարհին եւ արարելով ամէն բան անգոյութիւնից՝ գոյութեան կոչեցիր: Ըստ Քո խոստման՝ Դու յաղթութիւն ես տալիս Քո անունից երկիւղ կրող անձանց՝ ասելով. "Ահա ձեզ իշխանութիւն տուի՝ ոտնակոխ անելու օձերին եւ կարիճներին ու թշնամու ողջ զօրութեանը"[3]»: Երանելին զուարթերես աղօթեց այսպէս՝ արհամարհելով բռնաւորի բոլոր տանջանքները:

 

Այնժամ չարացած Մաքսիմիանոսը հրամայեց դահիճներին սուր-սուր խեցիներ եւ ջարդուած կաւէ անօթներ տարածել գետնին, սուրբին պառկեցնել դրանց վրայ եւ հարուածել կոշտ մահակներով ու փշոտ գաւազաններով: Եւ այդպիսի տանջանքների ու չարչարանքների մէջ երանելին աղօթում էր ուրախութեամբ եւ ասում. «Քրիստո՛ս Աստուած, Թագաւո՛ր յաւիտենական, գոհանում եմ Քեզնից, որ զօրացրիր ինձ պատերազմի մէջ եւ ոտքերիս տակ դրիր իմ դէմ ելնողներին, որպէսզի փշրեմ նրանց, հողմափոշի դարձնեմ եւ փողոցների ցեխի պէս տրորեմ նրանց»: Բռնաւորն ասաց. «Ո՛վ երիցս թշուառական, չե՞ս զգում տանջանքները, որ այդպիսի խօսքեր ես ասում»: Սուրբն ասաց. «Ամենաթշուառը դու ես, թշնամի՛ երկնաւոր Թագաւորի, որ չես դադարում թիւրել Աստուծոյ ուղիղ ճանապարհը: Չգիտե՞ս, թէ որքան էլ մարտնչես, կը պարտուես ինձնից իմ մարտակից Տէր Յիսուս Քրիստոսով, որովհետեւ ես աւելի ու աւելի եմ զօրանում Նրա շնորհիւ, Ով ինձ հետ է, որի համար չեմ զգում տանջանքները»: Անօրէն Մաքսիմինոսը հրամայեց շիկացնել պղնձէ կօշիկներ եւ հագցնել նրա ոտքերին, իսկ Աստուծոյ ծառայ Անթիմոսն աչքերը յառեց երկնքին եւ տեսաւ աստուածահրաշ մի սքանչելի նշոյլ, որ հովանի էր լինում իրեն: Եւ ձայն եկաւ երկնքից, որն ասաց. «Զօրացի՛ր եւ քաջալերուի՛ր, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Յոյժ մեծ է քո վարձքը անթառամ պսակներով»: Երեւաց նաեւ նրա գլխին պսակ դնող կարկառուած մի ձեռք, որից առաւել ուրախանալով՝ զուարթացաւ սուրբի դէմքը: Այս տեսնելով՝ բռնաւորն ապշեց, սկսեց անարգել սուրբին՝ իբրեւ մոգի եւ հարցրեց նրան, թէ այդպիսի տանջանքների մէջ ինչն է իր ուրախութեան պատճառը: Եւ Քրիստոսի նահատակն ասաց նրան. «Ո՛վ անտաղանդ եւ տմարդի, ինչպէս չես տեսնում Աստուծոյ մեծամեծ գործերը, որ ակներեւ ցոյց է տալիս Իր Աջի զօրութիւնը: Նա Ինքն է, որ մի օր պիտի դատի քեզ ու քո բոլոր գործակիցներին: Իսկ ես պիտի ցնծամ իմ Փրկիչ Աստուծով, որ ինձ այժմուանից յաւիտենական ուրախութեան առհաւատչեան է տալիս եւ ծիծաղեմ ձեր անմտութեան վրայ»:

 

Մաքսիմիանոսը մոլեգնեց, պատառոտեց թագաւորական պատմուճանը եւ ատամները կրճտացնելով՝ հրամայեց կապել սուրբին մի անիւի վրայ եւ պտտուելու ժամանակ կրակի բոցով խորովել նրա ողջ մարմինը: Իսկ սուրբ Անթիմոսն ասաց. «Ո՛վ թագաւոր, դու սրտմտում եւ կրճտացնում ես ատամներդ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, թէ "Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտացնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի"[4]: Պատռելով արքունական պատմուճանդ՝ դու ցոյց տուեցիր քո թագաւորութեան անկումը, որովհետեւ այն երկար պիտի չվայելես, իսկ հանդերձեալում պիտի դառը պատուհաս կրես երկնաւոր Թագաւորից, որովհետեւ չխնայեցիր Նրա ծառաներին»:

 

Եւ երբ դահիճները սուրբին կապեցին անիւի վրայ եւ ջահերը ձեռքին մօտեցան բոցակիզելու նրան, երանելին սկսեց աղօթել ու ասել. «Բարեգո՛ւթ եւ ամենազօ՛ր Փրկիչ, ինչպէս որ իջար հնոցի մէջ՝ երեք մանուկների մօտ ու փրկեցիր նրանց, իսկ անօրէն քաղդէացիներին հրի մատնեցիր իրենց անհաւատութեան համար, այդպէս էլ այժմ ցո՛յց տուր Քո սքանչելիքների նշանը այս անօրէն կռապաշտների մէջ ու այս կրակի տապը դարձրո՛ւ դէպի նրա ծառաները, որպէսզի իմանան եւ հաւատան, որ Դու ես իմ պաշտպանը, որ փրկում ես Քեզ յուսացողներին»: Երբ այս ասաց, ջահերի բոցերը դարձան անօրէնի ծառաների վրայ եւ չարաչար կիզելով՝ այրեցին նրանց: Յանկարծ անիւը կանգ առաւ, իսկ զինուորները գետնին ընկան: Այս տեսնելով՝ թագաւորը բարձրացրեց իր գեղարդը՝ զինուորներին հարուածելու համար եւ ասաց. «Ո՛վ չարեր, թշուառականներ ու անպիտաններ զինուրական կարգում: Ինչո՞ւ զանց առաք իմ պատուէրները»: Յիմարացած նա չհասկացաւ, որ նրանք հարուածներ էին ստացել Վերին զօրութիւնից: Նրանք իրենց ձեռքից գցեցին ջահերը եւ ասացին թագաւորին. «Ո՛վ քաջ արքայ, ճշմարիտ ասում ենք քեզ, որ մենք տեսանք երեք լուսաւոր հանդերձներով այրեր, որոնք ահաւոր տեսք ունէին եւ սաստիկ բարկութեամբ ասում էին մեզ. "Ի՞նչ կայ ձեր եւ Քրիստոսի այս վկայի միջեւ: Թողէ՛ք Քրիստոս Աստուծոյ Անթիմոս ծառային, որ յաղթի բռնաւորին, որովհետեւ նա հրաժարւում է ժամանակաւոր կեանքից եւ փափագում է յաւիտենական կեանքը: Եւ որքան անօրէն սպասաւորներդ տանջանքներ էք պատրաստում նրա համար, վնասում էք ինքներդ ձեզ, ոչ թէ արդարին: Աստուծոյ վկայի համար երկնքում պսակներ կան պատրաստուած": Ուստի, ո՛վ թագաւոր, մենք չենք համարձակւում կատարել ինքնակալիդ հրամանը, քանզի ահա կրակի բոցը տոչորելով հարուածում է մեր երեսներին, ցիրուցան անում մեր շարքերը, խոցոտում մեր ուղեղները, եւ մեր հոգիները ելնում են մեր մարմիններից: Մենք չենք կարողանում համբերել այդ տանջանքներին, որոնք աներեւակայելի են: Իսկ այս մարդը ոչինչ չի կրում: Ահա դու տեսնում ես նրան՝ կապուած անիւի վրայ, բայց մենք տեսնում ենք, որ նա յաղթանակել է երեք լուսազգեստ մարդկանց հետ՝ տանջանքներից  ու խոշտանգումից ոչինչ չզգալով: Սակայն քեզ համար ի վերուստ պատասխան եղաւ, որ դու պիտի պատուհաս կրես»:

 

Երբ արքան տեսաւ, որ ճշմարիտ են զինուորների ասած խօսքերը, հրամայեց սուրբին իջեցնել անուի վրայից: Արձակուելով երանելի Անթիմոսն աչքերը դէպի երկինք բարձրացրեց եւ տեսաւ իր փրկարար Աստուծոյ փառքը: Տարածելով սուրբ ձեռքերը՝ բոլորի առջեւ գոհացաւ Աստծուց՝ ասելով. «Տէ՛ր երկնքի եւ երկրի, Դու Քո անբաւ գթութեամբ ուղարկեցիր Քո Միածին Որդուն՝ լուսատու լինելու աշխարհի համար, որպէսզի Նրանով ճանաչենք Քո անճառելի Աստուածութիւնը, հեռանալով անգիտութիւնից՝ ընդունենք գիտութիւնը Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ Քրիստոսով հեռանանք հեթանոսական կռամոլ պաշտամունքի խաբէութիւնից: Եւ այժմ գոհանում ենք Քեզնից, Տէ՛ր, որ Քո մեծ ողորմութեամբ խոնարհուեցիր դէպի ինձ՝ թեթեւացնելու իմ սաստիկ տանջանքները, որպէսզի փառաւորուի Քո անունը հեթանոսների մէջ»: Չարութեամբ համակուած Մաքսիմիանոսն ասաց Քրիստոսի ծառային. «Մինչեւ ե՞րբ պիտի առասպելներ պատմես: Կարծում ես, թէ շատախօսութեամբ կը փրկուե՞ս իմ ձեռքից: Արդ, հնազանդուելով զոհ մատուցիր աստուածներին, այլապէս քեզ սրի կը քաշեմ»: Սրի մասին լսելով՝ Աստուծոյ սուրբը ծիծաղեց եւ ասաց. «Քեզ թւում է, թէ սրի սպառնալիքներով կը վախեցնե՞ս ինձ: Ես ցանկանում եմ շուտ ելնել այս մահկանացու մարմնից, մօտենալ Աստծուն, Որին փափագում եմ եւ արդարների Արքայութեան մէջ ժառանգութեան բաժին ստանալ: Քանզի գիտեմ, որ Նա է, որ զօրացնում է ինձ՝ հասնելու իմ նախորդների յետեւից եւ երկու հազար նահատակների հետ կանգնելու Հանդիսադրի առջեւ: Ես պիտի պարծենամ նրանցով եւ պիտի համարձակութեամբ ասեմ. "Ահաւասիկ ես եւ իմ մանուկները, որ տուեց ինձ Աստուած": Նրանք իմ հօտից էին, որոնց դու կարծեցիր, թէ զրկեցիր կեանքից, սակայն նրանք երկնային փառքի մէջ ճշմարիտ կեանքի ժառանգորդներ եղան»: Այնժամ թագաւորն ասաց. «Գիտեմ, որ քրիստոնեաներդ ձգտում էք այն փառքին ու պատուին, որի համար դուք ծարաւի էք մահուան, որպէսզի իսկոյն հասնէք ձեր ուզածին: Բայց յոյս չունենաս, թէ շուտ կ՚ազատուես իմ ձեռքից, եւ ես արագ մահուան վճիռ կ՚արձակեմ: Նախ կը խոշտանգեմ քեզ անողորմ հարուածներով եւ ապա կը զրկեմ կեանքի լոյսից, որին ինքդ քեզ արժանի դարձրիր»: Սուրբ Անթիմոսը պատասխանեց եւ ասաց. «Ինձ զարհուրեցնում ես մահով, որից ես չեմ վախենում: Իսկոյն արա՛, ինչ որ կամենում ես, օտարացա՛ծդ Աստծուց: Որքան ես տոկամ տանջանքների մէջ, այնքան Աստուած կը փառաւորուի եւ ինձ համբերութիւն կը տայ՝ Իր հանդէպ ունեցած յոյսիս համար: Իսկ դու չես ճողոպրի Աստուծոյ դատաստանից՝ այրուելով գեհենում»: Մաքսիմիանոսն ասաց նրան. «Ես իշխանութիւն ունեմ մատնել քեզ կեանքի եւ մահուան: Մի՞թէ չեմ կարող այժմ ենթարկել քեզ, ինչին արժանի ես»: Սուրբը պատասխանեց. «Դու ոչ մի իշխանութիւն չէիր ունենայ ինձ վրայ, եթէ Աստուած թոյլ չտար, որովհետեւ Նա կամենում է ցոյց տալ, թէ ինչպէս Իր հաւատրիմ ծառաները նահատակութեամբ կը յաղթեն քեզ եւ բանսարկուին, որը զգեստաւորուել է քեզնով՝ իր չար կամքին քեզ գործակից ունենալով»:

 

Այնժամ խայտառակուած դատաւորը հրամայեց սուրբին հեռացնել իր առջեւից եւ պահել մահապարտների բանտում՝ ոտքերին հաստ շղթաներ ու պարանոցին երկաթ օղ հագցրած: Քրիստոսի զինուորը գնում էր բանտ մեծ ուրախութեամբ եւ աղօթում՝ ասելով. «Յիսո՛ւս Քրիստոս, Հօր նախայաւիտեա՛ն Ծնունդ, Դու ամէն բան գոյացրիր ոչնչից, Հօր կամքով իջար երկնքից, մարմին առար սուրբ Կոյս Մարիամից եւ մարմին առնելով՝ աստուածային ներգործութեամբ ցոյց տուիր սքանչելիքներ, հրաշքներ եւ նշաններ: Կատարելով մարգարէների գրքերում գուած բոլոր խօսքերը՝ խաչուեցիր կամաւորաբար՝ խաչին գամելով իմ բոլոր մեղքերը: Երեք օր յետոյ յարութիւն առար աստուածային իշխանութեամբ եւ Քո մեծ բարեգթութեամբ մեզ յարութեան յոյս պարգեւեցիր՝ չմոռանալով անմահութեան համար կենդանացնել մեղքով մահացած մարդկանց որդիներին: Եւ այժմ, բարերա՛ր Տէր, նախքան բանտ մտնելս այժմ Քո սքանչելիքների լոյսով ցո՛յց տուր Քո մարդասիրութիւնը եւ տո՛ւր ինձ տարածել վարդապետութեան լուսաւոր խօսքերը խաւար բանտի մէջ եւ լուսաւորել այդտեղ բանտարկուածներին անգիտութեան խաւարից, որպէսզի հնազանդ Քո հրամաններին՝ խաւարը Քեզնից լուսաւորուի, եւ գիշերը ցերեկուայ պէս լուսաւոր լինի»:

 

Եւ մինչ բռնաւորի սպասաւորները տանում էին երանելուն, որը կապուած էր երկաթէ կապանքներով, յանկարծ արձակուեցին սուրբի շղթաները, եւ նրա շուրջը ճառագայթող սաստիկ լոյս տեսան: Նրա հրեշտակակերպ տեսքից զինուորներն ընկան գետնին եւ չէին կարողանում նայել նրան: Իսկ Աստուծոյ սուրբ Անթիմոսը վեր կացրեց նրանց՝ ասելով. «Ելէ՛ք, կատարէ՛ք բռնաւորի հրամանը»: Եւ նրանք ելնելով մեծ ահով հեռուից հետեւեցին նրան մինչեւ բանտի դուռը:

 

Բանտ մտնելով՝ սուրբ Անթիմոսն աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, բոլոր եղականների՛ ստեղծիչ եւ արարիչ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, գոհանում եմ Քեզնից, որ անարժանիս արժանացրիր երանելի Յովհաննէս Կարապետի՝ Քրիստոսի Մկրտչի նմանութեամբ յայտնուել մահապարտների բանտում, որպէսզի նրա հետ Քո շնորհներով համարձակութեամբ եւ աչալրջութեամբ թերեւս դասուեմ սուրբերի եւ Քո անունը սիրողների հետ ու յաւիտեան փառաւորեմ Քեզ, Քո Միածին Որդուն եւ ամենասուրբ Հոգուն»: Եւ բանտում սուրբ հայրապետը բոլոր կալանաւորներին սկսեց քարոզել կենաց խօսքը: Վարդապետում էր եւ ուսուցանում բարեպաշտութեան ամբողջ կարգն ու հաստատում նրանց մտքերը Քրիստոսի հաւատով եւ սուրբերի համբերութեամբ: Ասում էր. «Բազում նեղութիւններով պէտք է մտնենք Աստուծոյ արքայութիւն»: Եւ նրանք ընկնում էին սուրբի ոտքերը, արտասուագոչ աղաչում ու ասում. «Բարձրեալ Աստուծո՛յ ծառայ, դու քո առաջնորդական տեսչութեամբ հասար բարութեան, որին ցանկանում էիր վաղուց: Աւարտեցիր քո բարի ընթացքը եւ պահեցիր հաւատքը, իսկ մենք, մոռանալով վախճանը, դեռեւս մնում ենք այս աղցաւոր կեանքում: Ուստի աղաչի՛ր մեզ համար Տիրոջը, որպէսզի արժանացնի մեզ քո երանութեան բաժնին՝ կանխաւ մեզ տալով Սուրբ Հոգու դրոշմը»:

 

Այնժամ սուրբը, տեսնելով բանտարկուածների յօժարութիւնը, մկրտեց նրանց սրբութեան ջրով ու զօրացրեց բոլորին հաւատքի եւ Քրիստոսի սիրոյ մէջ: Երբ Մաքսիմիանոսն իմացաւ այդ ամէնի մասին, վախեցաւ, որ եթէ յետաձգի նրա դատաստանը, գուցէ շատերը հետեւեն նրա վարդապետութեանը: Ուստի նրան կանչել տուեց եւ յորդորեց՝ ասելով. «Զոհ մատուցիր կուռքերին, եւ ես քեզ կը դարձնեմ իմ աստուածների քահանայապետը»: Սուրբ հայրապետը պատասխանեց. «Նախքան քո անարժան խոստումը ես ճշմարիտ Աստուծոյ քահանայ եմ՝ առաջին եւ մեծ Քահանայապետի եւ Հովուապետի՝ Քրիստոսի սպասաւորը: Նա Իր անհասանելի աստուածային բնութեամբ խոնարհուեց ինձ համար, Իրեն ամբողջովին զոհաբերեց Իր հօտի համար եւ բարձրանալով խաչին՝ յանձն առաւ մահը: Երեք օրից յարութիւն առաւ եւ դարձեալ երկինք վերացաւ՝ միաժամանակ Իրեն ձգելով եւ ինձ, որ անհնազանդութեան պատճառով ընկած էի այս ստորին վայրերում: Ես Նրա քահանան եմ ու պատրաստ եմ զոհաբերել Նրան իմ անձը: Եւ յանձն չեմ առնում լինել դեւերի սպասաւոր կամ զոհ մատուցել նրանց, որը գործ է՝ արժանի ողբի ու հոգիների կորստեան, որին մատնուել է քո անձը  եւ բոլոր նրանք, որոնք մնում են նոյն մոլորութեան մէջ»:

 

Այնժամ բռնաւորը հրամայեց գրել սուրբի մահավճիռը եւ պատրաստուել դահիճներին՝ գլխատելու նրան: Իսկ երանելին, լի ուրախութեամբ, ատեանի առաջ գոհանում էր Աստծուց: Ապա եղած հաւատացեալներին յանձնեց մարդասէր Աստուծոյ խնամատարութեանը եւ աղօթեց նրանց համար՝ ասելով. «Տէ՛ր, օգնիր նաեւ նրանց՝ ի բարին աւարտելու իրենց ընթացքը՝ ըստ Քո բարեսէր կամքի՝ հաստատելով ճշմարիտ հաւատքի մէջ, որին հրաւիրեցիր: Քո ամենակարող զօրութեամբ ոչնչացրո՛ւ եւ ընկճի՛ր չարի բոլոր հնարքներն ու պատրանքները Քո բոլոր հաւատացեալների առջեւ, որպէսզի պառակտուելով չզատուեն Քո սուրբ հօտից: Քեզ եմ յանձնում այս նորընծայ ծառաներին, որոնց կարող ես պարգեւել Քո շնորհները, ինչպէս որ պարգեւեցիր երկու հազարին, որպէսզի խոստովանեն Քեզ ու հաւատքով իրենց մէջ անմոռաց պահեն Քո եւ Քո Միածնի սուրբ անունը: Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Աստուա՛ծ մեր, գոհանում ենք Քո մարդասիրութիւնից, որ եկար փնտռելու կորուսեալներիս, որ փրկեցիր մեզ դիւապաշտ մոլորութիւնից եւ օգնեցիր յաղթել աներեւոյթ թշնամուն: Եւ այժմ ինչպէ՞ս կարող ենք հատուցել Քո Աստուածութեանը, եթէ ոչ ընծայել մեր անձերը որպէս անուշահոտ ընդունելի պատարագ»: Սուրբի աղօթքից թագաւորն առաւել լցուեց կատաղութեամբ: Մեծ ցասումով շտապեցրեց դահճապետին ու դահիճներին տանել նրան կառափնարան եւ գլխատել: Արձակեց նաեւ այս գրաւոր դատավճիռը. «Գալիլեացիների սնոտի պաշտամունքն ընտրելու, կեանքը թողնել ցանկանալու եւ մահն ընտրելու համար մեր ինքնակալութիւնը հրամայում է քրիստոնեաների Անթիմոս վարդապետին եւ Բիւթանիայի՝ յատկապէս մայրաքաղաք Նիկոմիդիայի մոլորեցուցչին զրկել կեանքից»:

 

Ստանալով այս դատավճիռը՝ զինուորներն ու դահճապետը շտապեցին սուրբին տանել նահատակութեան վայրը: Երբ տեղ հասան, երնաելին դահճապետին ու զինուորներին խնդրեց թոյլ տալ իրեն փոքր-ինչ աղօթել: Եւ նրանք թոյլատրեցին: Այնժամ սուրբը, ձեռքերը դէպի երկինք տարածելով, սկսեց աղօթել ու ասել. «Տէ՛ր Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, ես չեմ դադարի գոհանալ Քո առատ մարդասիրութիւնից, որ անարժանիս կոչեցիր եպիսկոպոսական կարգի ու պատուի եւ սրբեցիր ինձ որպէս Սուրբ Հոգուդ տաճար՝ անարատ եւ անբիծ պահելով իմ սուրբ կուսակրօն կեանքը: Այս քաղաքը եւ շրջակայ բնակիչներին տուիր ինձ առաքելական ծառայութեան համար, եւ ես իմ տկարութեամբ, սակայն Քո շնորհների զօրութեամբ ուղիղ մեկնեցի նրանց սուրբ աւետարանի կենսաբեր վարդապետութիւնը: Արդ, ովքեր հաւատացին Քո սուրբ անուանը, պահի՛ր նրանց չարի պատրանքներից եւ խառնի՛ր հրեշտակների երամների՝ երկնաւոր բանականների դասին՝ Քո բոլոր սուրբերի հետ լուսէպսակ ստանալու համար: Քո աստուածութեան փառքի առաջ որպէս անուշահոտ ընդունելի պատարագ ընդունի՛ր իմ հոգին երկնքում գրուած արդարների յարկում»:

 

Աղօթքն աւարտելուց յետոյ երանելին դահիճներին ասաց. «Այժմ կատարէ՛ք թագաւորի կողմից ձեզ հրամայուածը»: Եւ այդպէս սուրբ հայրապետ Անթիմոսը նահատակուեց Նիկոմիդիա քաղաքում, որ եղաւ սեպտեմբեր ամսուայ երրորդ օրը, Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի հալածանքների առաջին կամ երկրորդ տարում, որոնք սկսուել էին Նիկոմիդիա քաղաքից, Տիրոջ 302 կամ 303 թուականին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոմիդիայի սուրբ Անթիմոս եպիսկոպոսի յիշատակը տօնում է Ս. Խաչին յաջորդող երկրորդ կիրակիին յետեւող հինգշաբթի օրը՝ սուրբ Բարղամի եւ Սերմինայի սուրբ Երանոս եպիսկոպոսի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 545:
 

 

[1] Մատթ. Ժ 19-20:

[2] Երեմ. Ժ 11:

[3] Ղուկ. Ժ 19:

[4] Սաղմ ՃԺԱ 10: