ՊՕՂ ՊԱՐԶԱՄԻՏ

Պօղոս Թեբայեցու փոխումից մի փոքր անց սկսեց փայլել նրա անուանակիցը՝ Պօղոս կամ Պօղ մենակեացը՝ Անտոնի սքանչելի աշակերտը: Մենակեացների մէջ նա պարզամիտ կամ պարզ էր կոչւում իր անկեղծ եւ յստակ մտքի ու միամիտ հնազանդութեան համար:

 

Նա հողագործ էր, բարեմիտ, անբիծ, անարատ եւ սուրբ վարքով: Ամուսնացել էր՝ ըստ աշխարհի կարգի եւ պատահել չարաբարոյ ու շնութեան մէջ այլանդակ մի կնոջ: Եւ քանի որ  Պօղը ժամանակ առ ժամանակ բացակայում էր, չարաբարոյ կինն աներկիւղ անում էր, ինչ կամենում էր: Մի անգամ, երբ Պօղը դաշտից անակնկալ տուն եկաւ, կնոջը սիրեկանի հետ միասին գտաւ: Նրանք երկիւղից չհասցրին փախչել եւ թաքնուել, իսկ ծերը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, ես ոչ մի չարիք չեմ պատճառի ձեզ, այլ լսէ՛ք ինձ, ինչ որ կ՚ասեմ ի Քրիստոս ճշմարտութեամբ: Ահա ես այսօր ազատուեցի ձեզնից եւ այս աշխարհի սնոտի ունայնութիւնից»: Ապա դարձաւ սիրեկանին ու ասաց. «Ասում եմ քեզ Քրիստոսով, այսուհետեւ ես չեմ նրա ամուսինը, գնա՛ այժմ եւ վերցրո՛ւ նրան քեզ կնութեան: Իմ այս ամբողջ տունն ու գոյքը թող քեզ ու այդ կնոջը լինեն: Այդ ամէնն այլեւս իմը չեն: Նոյնպէս եւ իմ զաւակները թող լինեն քո որդեգիրները, որովհետեւ ահա ես հրաժարւում եմ ձեզնից ու բովանդակ աշխարհից եւ գնում եմ մենակեցութեան, որը ցանկանում էի դեռեւս անցեալ տարուանից: Ահա Աստուած կատարեց իմ փափագը: Ես այս ասացի ձեզ, որպէսզի անկասկած ու անհոգ ապրէք»: Այս ասելով՝ դուրս եկաւ, հեռացաւ իր բնակավայրից ու զաւակներից, հրաժարուեց իր ունեցուածքից, իր հետ վերցրեց չնչին պաշար եւ իբրեւ օտար մէկը նախ գնաց գիւղի եկեղեցին, երկար աղօթեց արտասուքներով, յանձնեց իրեն Աստծուն, որպէսզի իր առջեւից վերացնի կեանքի թշնամուն եւ ապա ուղղուեց դէպի անապատ՝ երանելի Անտոնի վանքը:

 

Հասնելով՝ բախեց խցի դուռը, եւ երանելի Անտոնը դուրս եկաւ: Նա հարցրեց. «Ո՞վ ես դու եւ ի՞նչ ես խնդրում»: Պօղը նրան ասաց. «Ես, ո՛վ հայր, գեղջուկ մարդ եմ, բայց կամենում եմ մենակեաց լինել: Բարիք արայ, ընդունի՛ր ինձ քեզ մօտ եւ կատարի՛ր իմ փափագը»: Հայր Անտոնը նրան ասաց. «Դու ծեր մարդ ես, քո ժամանակն անցել է, եւ չես կարող մենակեաց լինել: Դու պէտք է գնաս գիւղ, աշխատես այնտեղ, ուտես քո մի կտոր հացը եւ փառք տաս Աստծուն, որովհետեւ դու չես կարող համբերել անապատի նեղութիւններին»: Իսկ Պօղն ասաց. «Ո՛վ պատուական հայր, ես կ՚անեմ այն ամէնը, ինչ կը սովորեցնես»: Հայր Անտոնն ասաց նրան. «Ասացի քեզ, որ դու ծեր ես, բայց եթէ կամենում ես, գնա՛, մտի՛ր միաբանների վանքը եւ բնակուի՛ր նրանց հետ, ովքեր կարող են քեզ քաջալերել»:

 

Այս ասելով՝ դուռը փակեց նրա առջեւ, չկամեցաւ ընդունել նրան եւ չորս օր դուրս չեկաւ, իսկ Պօղ ծերը չհեռացաւ այնտեղից: Հինգերորդ օրը հայր Անտոնը դուրս եկաւ եւ երբ տեսաւ, որ ծերն այնտեղ է, ասաց նրան. «Դեռեւս այստե՞ս ես եւ չե՞ս գնացել: Մի անգամ ասացի քեզ, որ չես կարող այստեղ մնալ: Այժմ, ո՛վ ալեւոր, մի՛ ձանձրացրու ինձ, գնա՛ այստեղից: Ինչո՞ւ ես նեղութիւն պատճառում ու վշտացնում ինձ: Դրսում մնալով՝ ինչպէ՞ս չվախեցար անապատի գազաններից, որոնք գիշերները շրջում են այստեղ: Վե՛ր կաց ու գնա՛ եւ այլեւս այստեղ չգաս»: Պօղ ծերը հայր Անտոնին ասաց. «Ո՛վ հայր պատուական, մի՛ կարծիր, թէ կը գնամ այստեղից: Ես ուրիշ տեղ չեմ մեռնի, այլ միայն այստեղ՝ քո դռների առաջ»: Երանելի Անտոնը, տեսնելով, որ նա ո՛չ կերակուր ունի, ո՛չ էլ ջուր եւ այդ չորս օրերը անց է կացրել առանց ուտելու եւ խմելու, մտածեց. «Եթէ չընդունեմ սրան, գուցէ մեռնի այստեղ, որովհետեւ անփորձ է, չգիտի ինչպէս պահք պահել, եւ ես խիստ դատաստանի առջեւ կը կանգնեմ»: Այնժամ հայր Անտոնը Պօղ ծերին ասաց. «Նե՛րս եկ, եղբա՛յր»: Ծերին առաւ ու տարաւ իր խուցը եւ ասաց իր մտքում. «Սա չի կարող համբերել անապատում: Նա յետոյ կը գնայ եւ նախատելով կը ծաղրի մենակեացների վարքը: Պէտք է փորձեմ սրա ժուժկալութիւնը»: Այնժամ Անտոնը թրջեց արմաւենու ճիւղերը, տուեց ծերին եւ ասաց նրան. «Վերցրո՛ւ եւ մանի՛ր այս պարանը, ինչպէս որ ես եմ մանում»: Ծերը մինչեւ ժամը ինը մանեց երկու հարիւր քսան գրկաչափ պարան եւ շատ յոգնեց: Երանելի Անտոնը նայեց մանուածքին, չհաւանեց եւ ցասումով ասաց. «Ո՜հ, խիստ վատ ես մանել եւ փչացրել: Այժմ քանդիր ու դարձեալ սկսիր մանել»: Պօղը հինգ օր ոչինչ չէր կերել եւ քաղցից ուժասպառ էր եղել, որովհետեւ ծեր էր եւ առաջացած տարիքում, իսկ հայր Անտոնը պահեցողութեամբ եւ չարչարանքներով այնպէս էր նեղում ծերին, որպէսզի նա հեռանայ եւ փախչի չարչարանքներից:  Բայց երանելի Պօղ ծերը քանդեց պարանը եւ մեծ չարչարանքով դարձեալ մանեց: Երբ հայր Անտոնը տեսաւ, որ ծերը բնաւ չտրտնջաց, չնեղսրտեց, չխոժոռուեց եւ ամենեւին երեսը չկնճռոտեց, մեծապէս ուրախ եղաւ:

 

Երբ իջաւ երեկոն, հայր Անտոնը ծերին ասաց. «Հայրի՛կ, եթէ կ՚ուզես, եկ մի փոքր հաց ճաշակենք»: Ծերը նրան ասաց. «Ինչպէս կամենում ես, հա՛յր»: Հայր Անտոնն աւելի ուրախ եղաւ, որովհետեւ ծերը չշտապեց ուտել, այլ իրեն յանձնեց թոյլտւութիւնը, եւ ասաց՝ ինչպէս դու կամենում ես: Այնժամ հայր Անտոնը ծերին կերակուր տուեց եւ սպասաւորեց նրան՝ իբրեւ մանկան: Սեղանին դրեց չորս պաքսիմատ, այսինքն մէկ նկանակի վեցերորդ մասը, թրջեց իր մէկ բաժինը եւ երեքը տուեց ծերին: Եւ երանելի Անտոնն սկսեց ասել տասներկու սաղմոսներ՝ տասներկու անգամ ծնրադրելով: Նա սրանով դարձեալ փորձում էր ծերին, բայց ծերն առաւել յօժարութեամբ էր աղօթում, քան հայր Անտօնը: Երբ աւարտեցին ժամի աղօթքը, սկսեցին ուտել: Անտոնը կերաւ իր մի կտորը եւ այլեւս չմօտեցաւ, իսկ ծերն ուտում էր դանդաղ: Երբ տեսաւ, որ Անտոնը թողեց ուտելը, ինքը եւս թողեց, իսկ հայր Անտոնը սպասում էր, թէ երբ ծերը կը վերջացնի իր առջեւ դրուած բաժինը: Եւ երբ սուրբ Անտոնը տեսաւ, որ նա եւս դադարեց ուտել, ծերին ասաց. «Կե՛ր, եղբա՛յր»: Ծերը պատասխանեց. «Եթէ դու ուտես, ապա ես էլ կ՚ուտեմ, եւ եթէ դու չուտես, ես նոյնպէս չեմ ուտի»: Հայր Անտոնն ասաց նրան. «Ինձ բաւարար է, որովհետեւ ես մենակեաց եմ»: Եւ ծերը պատասխանեց. «Եւ ինձ է բաւարար, որովհետեւ ես եւս կամենում եմ մենակեաց լինել»: Այնժամ վեր կացան, աղօթեցին, տասներկու անգամ ծնրադրեցին, իսկ երբ աւարտեցին սաղմոսը, առան մի-մի խսիր, քիչ ննջեցին, ապա գիշերուայ մէջ արթնացան եւ մինչեւ լուսաբաց կատարեցին պաշտամունքի կարգը:

 

Երբ երանելի Անտոնը տեսաւ ծերի յօժարութիւնը եւ աչալրջութեամբ կարգին յետեւելը, ասաց ծերին. «Ահա կատարեցիր սահմանուած կարգը: Արդ, եթէ կարող ես ամէն օր այսպէս անել, մնա՛ ինձ մօտ, իսկ եթէ ոչ՝ գնա՛ ուր կամենում ես»: Եւ ծերն ասաց. «Եթէ խստացնես սրանից աւելին, չեմ կարող ասել, բայց այսքանին կը հնազանդուեմ»: Այնժամ հայր Անտոնն ասաց նրան. «Ահա Քրիստոնի անուան համար դու եւս մենակեաց եղար»: Սուրբ Անտոնը հաւանեց ծերի վարքն ամէն բանում, որովհետեւ նա Քրիստոսի կատարեալ ծառայ եղաւ: Շատ չանցած՝ ծերին ասաց. «Կամենո՞ւմ ես, որ քեզ համար մի խուց շինենք, քանզի ահա Քրիստոսի զօրութիւնն առաջնորդեց քեզ մենակեաց լինելու: Ուստի պէտք է առանձնանաս եւ փառաւորես Աստծուն»: Ծերը պատասխանեց. «Թող լինի, ինչպէս կը հրամայես»: Եւ ապա նրա համար քարայրի մէջ մի խուց շինեց, որը չորս մղոն հեռու էր իր խցից, եւ նրան թողեց այնտեղ, որովհետեւ տեսաւ, որ Պօղ ծերը կատարեալ չափ ունէր, եւ գնաց իր խուցը:

 

Մէկ տարի անց ծերն Աստծուց շնորհներ ստացաւ՝ հիւանդներին եւ ախտաժէտներին բժշկելու ու սքանչելապէս մենակեցութեան կարգի մէջ հաստատուելու համար: Մի օր Անտոնի մօտ բերեցին դիւահար մէկի: Երբ Անտոնը նայեց դիւահարին, բերողներին ասաց. «Այս գործը ծերինն է, որովհետեւ նա է արժանացել այդ շնորհներին»: Երանելին վերցրեց պատանուն, եկաւ ծերի մօտ ու ասաց. «Հա՛յր Պօղոս, հրամայի՛ր այս դեւին ելնել պատանուց, որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ դու չես անում»: Անտոնը պատասխանեց. «Ես չեմ հասցնի, որովհետեւ գործ ունեմ»: Եւ պատանուն թողեց ծերի մօտ ու գնաց իր խուցը: Ծերը վեր կացաւ եւ իր սովորութեամբ աղօթեց: Եւ երբ աւարտեց իր աղօթքը, դեւին ասաց. «Ինչպէս ասաց հայր Անտոնը, ելի՛ր այդ պատանուց, որպէսզի փառաւորուի Աստուծոյ անունը»: Եւ դեւն սկսեց բարձրաձայն թշնամանել նրան ու ասել. «Այ չա՛ր ծեր, ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Իսկ երանելին իր մորթէ հանդերձով հարուածեց նրա թիկունքին եւ ասաց. «Հեռացի՛ր այստեղից, ինչպէս քեզ հրամայեց հայր Անտոնը»: Իսկ դեւն սկսեց հայհոյել Անտոնին եւ Պօղին՝ շուայտ ու արբեցող կոչելով, որոնք երբէք չեն յագենում իրենց խորտիկներից: «Ի՞նչ ընդհանուր բնակութեան վայր կայ մեր եւ ձեր միջեւ, - ասացին, - որ բռնադատում էք մեզ»: Եւ երբ դեւը դադարեց խօսելուց, ծերն ասաց դեւին. «Ելնո՞ւմ ես, թէ՞ գնամ ասեմ իմ Քրիստոսին»: Եւ դեւն ասաց. «Չե՛մ ելնում այստեղից, չե՛մ ելնում»: Սուրբը դուրս եկաւ խցից: Կէսօրուայ տօթ ժամն էր, եւ տօթն այնպիսինն էր, որ սաստիկ էր աւելի, քան Բաբելոնի հնոցը: Եւ ծերը, կանգնեց մի վէմի վրայ իբրեւ սիւնը խարսխի վրայ, եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, որ խաչուեցիր պոնտացի Պիղատոսի կողմից, գիտե՛ս, որ ես չեմ իջնի այս վէմից, չեմ ուտի եւ չեմ խմի, մինչեւ որ պատանու միջից չհանես այն դեւին»: Եւ մինչ աղօթում էր, դեւն աղաղակեց ու ասաց. «Գնո՛ւմ եմ, գնո՛ւմ եմ այստեղից, ինչո՞ւ ես ինձ վաղաժամ դատում: Ես կը ելնեմ այս պատանուց եւ նրա մօտ այլեւս չեմ վերադառնայ»: Եւ ծերի խօսքով պիղծ այսը ելաւ այն պատանու միջից ու գնաց մտաւ մի վիշապի մէջ, որ շուրջ վաթսուն կանգուն երկարութիւն ունէր, եւ որը սողալով ընկաւ Կարմիր ծովը: Եւ կատարուեց այն խօսքը, որն ասում է. «Եթէ հաւատք ունենաք, լեռները կը շարժուեն դէպի ծովի սիրտը»: Եւ դարձեալ մեր Տէրն ասում է. «Ես ո՞ւմ մէջ պիտի բնակուեմ, եթէ ոչ հեզերի ու խոնարհների եւ նրանց մէջ, ովքեր դողում են Իմ խօսքից»:

 

Պօղոս պարզամիտը պատմում էր. «Ես ունէի մի աշակերտ, որն առանց իմ գիտութեան բազմաթիւ մեղքերի մէջ էր ընկել: Եղաւ, որ նա մեռաւ, եւ ես աղաչեցի Տիրոջը՝ ցոյց տալ ինձ, թէ նա ինչպէս է, կամ որտեղ է գտնւում նրա հոգին: Եւ շատ օրեր այս էի խնդրում իմ աղօթքներում: Ապա ի զարմանս ինձ, տեսայ իմ աշակերտին ... : Նա ամբողջովին՝ ոտքից մինչեւ գլուխ քարացած էր եւ բնաւ չէր կարողանում շարժուել կամ խօսել: Այս տեսնելով յոյժ տրտմեցի ու ողբացի: Յիշեցի Տիրոջ խօսքը՝ ասուած նրանց մասին, որոնք հարսանեաց զգեստ չէին հագել, թէ "Կապէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դուրս հանէք դրան արտաքին խաւարը"[1]: Տէրը կապելն անգործ լինելու համար էր զգուշացնում, եւ նա այդպէս կապուած ու քարացած էր բոլոր զգայարաններով, որոնք չաշխատացրեց՝ այս կեանքում Աստուծոյ կամքը կատարելու համար: Եւ երբ արթնացայ տեսիլքից, տխրեցի ու հոգացի նրա համար՝ ողորմութիւն եւ պատարագ մատուցելով: Աղաչում էի Կոյս Աստուածածնին՝ հայցել Տիրոջը, որ թերեւս ողորմի նրան: Սկսեցի ճնշել ու բռնադատել ինձ պահեցողութեամբ, աղօթքներով, տքնութեամբ եւ չոր գետնին քնելով: Եւ այս նրա համար անում էի իմ խոր ծերութեան մէջ: Օրեր անց Կոյս Աստուածածինը երեւաց ինձ ու ասաց. "Ո՛վ ծեր, ինչո՞ւ ես այդպէս տրտմում եւ ողբում": Ես ասացի. "Իմ եղբօր համար, Տիրուհի՛, որին տեսայ քարացած ու նեղութեան մէջ": Նա ինձ ասաց. "Մի՞թէ դու չխնդրեցիր տեսնել նրան եւ ահա տեսար": Ես ասացի. "Այո՛ Տիրուհի՛, ես խնդրեցի, սակայն անօգուտ, որովհետեւ նրան տեսայ տառապանքի մէջ, որի համար սգում եւ ողբում եմ": Եւ նա ասաց. "Գնա՛ եւ քո խոնարհութեան համար ես քեզ ցոյց կը տամ նրան, որպէսզի չտրտմես": Յաջորդ օրն անուրջի մէջ տեսայ այն եղբօրը, որն ուրախութեամբ գալիս էր դէպի ինձ: Նա գալիս էր ու խօսում: Ապա ասաց. "Հա՛յր, քո պաղատանքներն ու աղօթքներն օգնեցին ինձ: Սուրբ Կոյսը գթաց ինձ, որովհետեւ նա յոյժ սիրում է քեզ: Նա աղաչեց քո Տիրոջը, եւ Տէրն արձակեց ինձ իմ կապանքներից, քանզի ես կապուած էի իմ մեղքերի կապանքներով ու գտնւում էի արտաքին խաւարում": Երբ այս լսեցի, մեծապէս ուրախ եղայ: Սուրբ Կոյսը դարձեալ երեւաց ինձ ու ասաց. "Հաւատացի՞ր, ծե՛ր": Եւ ես ասացի. "Այո՛, սո՛ւրբ Տիրուհի, իմ հոգին ցնծաց, որովհետեւ տեսայ նրան խաղաղութեան մէջ": Եւ նա ասաց ինձ. "Գնա՛ եւ այսուհետեւ քո աղօթքներում միշտ յիշի՛ր այն եղբօրը եւ մի՛ դադարիր ողորմութիւն անել ու պատարագ մատուցել նրա համար, որովհետեւ դրանք յոյժ օգտակար են այստեղից փոխադրուած բոլոր անձանց համար":»:

 

Յայտնի նաեւ այլ դրուագ նրա վարքից, որ կայ Թայիս պոռնիկ կնոջ պատմութեան մէջ: Այս կնոջ դարձից յետոյ, երբ սուրբ Անտոնն իր աշակերտներին յանձնարարեց աղօթել ու պահք պահել՝ իմանալու, թէ Աստուած ընդունե՞լ է նրա ապաշխարութիւնը, հայր Պօղն արժանի եղաւ տեսնելու այն փառքը, որ Թայիսի համար պատրաստուել էր երկնքում: Գեղեցիկ է նաեւ ծերի այն պատասխանը, երբ հայր Անտոնը հրաւէրքի թուղթ էր ստացել Կոստանդիանոս Մեծից ու նրա որդիներից: Անտոնը մտածում էր, թէ ինչ անի, ապա հարցրեց երանելի Պօղին, թէ արդեօք պէտք է գնայ: Եւ նա պատասխանեց. «Եթէ գնաս Անտոն կը կոչուես, իսկ եթէ չգնաս, հայր Անտոն կը կոչուես»:

 

Այսպիսին էր երանելի ծեր Պօղ մենակեացի վարքը: Խոնարհ էր անչափ, համակ հեզ, անբիծ եւ պարզամիտ: Այսպէս քառասուն տարի ապրեց մենակեցութեամբ եւ ամէն բանում կատարելութեան հասած ու աստուածահաճոյ վարքով: Ապրեց հարիւր ութ տարի եւ վեց ամիս ու ննջեց հոկտեմբեր ամսին՝ ուրբաթ օրը: Նրան թաղեց սուրբ Անտոնի աշակերտը՝ Ամոնասը:

 

[1] Մատթ. ԻԲ 13: