ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ

   Անճառելի շնորհօք լցեալք ի յիշատակի սուրբ վարդապետին.

խնդրեմք ի Քէն. Տէ՜ր, կեցո զանձինս մեր:

Եւ զճգնութիւն սրբոյ վարդապետին ընկալցուք ի սիրտս մեր հաւատով.

բարեխօսութեամբ սորա, Տէ՜ր, կեցո զանձինս մեր:

Արդ, աղաչեմք զքոյին հեզութիւնդ տէր վարդապետ.

բարեխօսեա առ Հայր ի յերկինս վասն քո տօնողացս,

քանզի քեւ լուսաւորեցան մանկունք սուրբ եկեղեցւոյ:
(Շարակնոց)
   
   Ծնուել է 1346 թուականին, Գուգարք նահանգի Ջաւախք գաւառում:

   Ննջել է 1409 թուականին, դեկտեմբեր ամսի քսանեօթին:

   Աճիւնն ամփոփուած է Տաթեւի վանքում:

 

   

   Անճառելի շնորհներով լի, սրբազան եւ տիեզերալոյս Գրիգոր վարդապետը բարեպաշտ ծնողնե­րի զաւակ էր: Հայրը՝ Սարգիսը, արճիշեցի էր, իսկ մայրը՝ փարպեցի: Նրանք, փախչելով անօրէն­ների հա­լա­ծանքներից, բնակութիւն էին հաստատել Վայոց ձորում: Մի քանի վաղամեռ որդիներից յետոյ ծնողները չէին դադարում յուսալ Աստուծոյ ողորմու­թեա­նը, աղօթքներով, պաղատանքներով անդադար խնդրում էին Աստծուն իրենց զաւակ պարգեւելու հա­­մար` բարեխօս ունենալով սուրբ Գրիգոր Լուսաւորչին: Եւ աղօթքներ լսող ու խնդրակատար Աստուած, Ով կատարում է Իրենից երկիւղածների կամքը, լսեց Իր ծառաների աղօթքը եւ սուրբ Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեամբ նրանց զաւակ պարգեւեց:

   Մի օր սուրբի երանելի մայրն անուրջի մէջ տեսաւ սուրբ Գրիգոր Լուսաւորչին, ով իր ձեռքին թոյլ լոյսով մի կանթեղ ունէր: Նա ասաց. «Աստուած լսեց քո աղօթքները եւ իմ միջնորդու­թեամբ Նա քեզ մի բարի զաւակ կը տայ: Վերցրո՛ւ այս կանթեղը եւ պահի՛ր քեզ մօտ, քանզի նա, ով կը ծնուի, պիտի լուսաւորի այս խաւար կանթեղն ուղղափառ դաւանութեամբ եւ ճշմարիտ վարդա­պե­տու­թեամբ»: Տեսիլքից զարմացած՝ արթ­նացաւ մայրը, փառաւորեց Աստծուն եւ այդ մասին ուրա­խու­թեամբ պատ­մեց իր կողակցին: Նրանք մտածում էին, թէ ո՞վ պէտք է լինի այդ մանուկը եւ ինչպէ՞ս նա պէտք է պայծառացնի այն կանթեղը:

   Եւ մայրը յղիացաւ: Լրացան օրերը, ծնուեց մի շնորհալի մանուկ, եւ մկրտութեան օրը նրան կո­չե­ցին Գրիգորիս: Երբ մանուկը դարձաւ եօթ տարեկան, ծնողները նրան տուեցին Սուրբ Գրքի սերտողութեան: Օրըստ­օրէ երեւում էր Աստուծոյ շնորհը նրա վրայ, եւ Սուրբ Հոգու լոյսն էր ճառագում նրանից: Դեռեւս տասնչորս տարեկանում նա այնքան արգասաբեր միտք ունէր, որ իր վարդապետների առջեւ մեկնում էր Սուրբ Գիրքը:

   Եւ եղաւ, որ երբ նա գնաց Տղփիս քաղաք, հանդիպեց եօթնալոյս եւ ճառագայթասփիւռ մեծ վարդա­պե­տ սուրբ Յովհան Որոտնեցուն՝ Մեծն Եսայի Նշեցու աշակերտին: Երբ սուրբ Յովհանը տեսաւ մա­նուկ Գրիգորիսի ջերմեռանդ սէրը Սուրբ Գրքի հանդէպ, վերցրեց նրան, իրեն ա­շա­կերտ դարձ­րեց եւ ապա 28 տարի ուղիղ վարդապետութեան ուսուցմամբ Տաթեւի վանքում կրթեց նրան: 1371թ. նրան իր հետ տարաւ աստուածակոխ Երուսաղէմ քա­ղաք, որտեղ ստա­ցաւ կուսա­կրօն քահանա­յութեան աստիճան, իսկ վերադարձին Եկեղեաց գաւառում՝ Երզնկայում, տուեց վարդապետական գաւազան: Եւ Գրիգորիսն առաւել լցուեց Սուրբ Հոգու շնորհներով. նրա գիտութիւնը ծածկում էր ողջ աշխարհի գիտութիւնը:

   Ապա սուրբ վարդապետ Յովհան Որոտնեցին իր աշակերտներով դարձաւ իր գաւառը: Երբ նա իմացաւ, որ հասել է ժամը փոխուելու այնտեղ, ուր փափագում էր, կանչեց իր աշա­կերտ­­ներին, օրհնեց նրանց հոգեւոր եւ աստուածային օրհնութեամբ, Գրիգորիսին կարգեց գլուխ եւ ու­­սուցիչ՝ տալով նրան ծայրագոյն վարդապետական իշխանութիւն եւ գաւա­զան ու երանութեամբ փոխուեց առ Աստուած:

   Ապա բոլորի հաւանութեամբ սուրբ վարդապետի Աթոռին նշանակուեց Մեծն Գրիգորիսը, ով իր գերազանց իմաստութեամբ, յորդառատ վարդապետութեամբ եւ անտանելի ճգնութիւններով հիաց­նում էր հրեղէններին:

   Ապրակունիսի սուրբ Կարապետ վանքում 1 երկու տարի մնալուց յետոյ 1390-ին տեղափոխուեց Տաթեւի վանք, ուր հաւաքեց շատ աշակերտներ՝ ճշմարիտ վարդապետութեամբ լուսաւորելու Հայոց ազգը: Լուսաբանում էր Սուրբ Գրքի խրթնածածուկ խօսքերը եւ առաջադիմութեամբ նոր զարկ տալիս Տաթեւի դպրէվանքին, քանզի լուսաւոր մտքով եւ Ամենասուրբ Հոգու թեւերով շրջում էր աստուածային հոգեբուխ բու­րաստան­ներում եւ Աստուծոյ շնորհով ի յայտ բերում խո­րին ծածուկ խորհուրդները: Մեղուի պէս շրջում էր զա­նա­զան տե­ղե­­րով, տեսակ-տեսակ ծաղիկների վրայով ու ամէնքին տալիս քաղցրահամ կե­րա­կուր եւ բժշկարար դեղ: Նա եղաւ միջօրէի բազմանշոյլ, ճառագայթ­արձակ, պայծառ արեգակ: Նրա մօտ էին գալիս յոյն եւ հռո­մէ­ա­­­ցի ճարտասաններ՝ լսելու անհուն գիտութեան խօս­քե­ր, որոնք անհատնում աղբիւրի պէս բխում էին նրա բերանից: Ապշում ու զարմանում էին իմաս­տա­սէր­ները, քանզի կատա­րեալ էր նրա իմաստութիւնը, անչափ էր նրա գիտու­թիւնը: Այսպէս քարոզում էր համեղաբան ճարտասանութեամբ՝ հիացմունք պատճառելով բոլոր ունկնդիր­­ներին:

   Երանի էր նրան տեսնողներին ու լսողներին, քանզի հիանալի էր իր հրաշագեղ տեսքով, սրբասիրութեամբ, խիստ պա­հեցողութեամբ, արտասուահեղ աչքերով, ամբողջովին լի Սուրբ Հոգու եօթ­նար­փեան շնորհ­նե­րով:  Այնքան վայելչատես եւ շնոր­հալի էր, որ նրան նմա­նեց­նում էին մեր Տէր Յիսուս Քրիստոսին:

   Երբ սկսուեցին անօրէնների հալածանքները, Գրիգորիս վարդապետն իր աշակերտների եւ վարդապետների հետ եկաւ Արճէշ գաւառ՝ բնակուելու Մեծոփայ վանքում՝ հեզահոգի եւ աստուածաբան, Աստուծոյ երանելի այր Յովհաննէս վարդապետի մօտ, ով իր բո­լոր աշակերտներով հանդերձ, ընդառաջ գնաց իր ծնողին, նրան բերեց ու բնակեցրեց իր մօտ: Այդ նոյն տարում աւարտուեց սուրբ Աստուածածնի անուամբ փառաւոր տաճարի կառուցումը, որն սկսուել էր եօթ տարի ա­ռաջ: Տար­­բեր տեղերից սուրբ Գրիգորիսի մօտ էին գալիս բազում վարդապետներ եւ կրօնաւոր­ներ, ինչպէս առաքեալները Քրիստոսի մօտ, եւ նա ամէնքին ուսուցանում ու պայծառացնում էր աստուածային վարդապետութեամբ, ինչպէս մեր Փրկիչը, երբ նստում էր Ձիթենեաց լերան վրայ եւ երանութեամբ ու­սու­ցանում Իր վարդապետութիւնը: Այնպէս էին հիանում սուրբ Գրիգորիսի առատահոս խօսքերի վրայ, որ ինչպէս Մեծոփեցին է գրում, ապշեցնում էր ամէնքին առաւել, քան հելլէն իմաստունները, եւ աւելի բարձր էին դասում նրա, քան թէ այլ նշանաւոր փիլիսոփաների մեկնութիւնները:

   Իսկ սուրբ Յովհաննէս վարդապետը լցւում էր ան­ճառելի ուրախու­թեամբ եւ սպասաւորում նրա բոլոր կարիքները, աղօթում էր՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ես պա­տուե­­ցի քո Մօրը, իսկ Դու պատուեցիր ինձ վարդապետներով եւ իմ հոգեւոր հայրե­րով, Սուրբ Գրքին ա­շակերտողներով, գրագիրներով, ճգնաւորներով, ճշմարիտ ուսումնականներով, որոնց Քո Մօր տաճարի նաւակատիքին առաքեցիր մեզ մօտ: Ի՞նչ տամ Քեզ այդ ա­մէնի դի­մաց, քանզի աղքատս չունեմ հատուցելու ոչինչ, բացի օրհնաբանելուց եւ գովերգելուց Ամենա­սուրբ Երրոր­դութեանը եւ Միածնիդ Մօրը, ով արժանացրեց ինձ աւարտին հասցնելու տա­ճարի կառու­ցու­մը»:

   Իսկ երանելի վարդապետ սուրբ Գրիգորիսը, մինչ գտնւում էր Մեծոփայ վանքում, գիշերային անուրջի մէջ մի երազ տեսաւ. երեք մեռելներ՝ անլուծելի հանգոյցներով կապուած ձեռքերով ու ոտքերով եւ պատուած պատանքներով, դրուեցին սուրբ Գրիգորի առջեւ: Նա հարցրեց. «Ովքե՞ր էք դուք եւ ինչո՞ւ էք կապուած»: Եւ նրանք պատասխանեցին. «Մենք դատապարտուած եւ բանադրուած աղթարմայ 2 կաթողիկոսներ ենք: Սակայն Քրիստոսի սիրոյ համար աղաչում ենք քեզ, որ դիմես Գրիգոր Լուսաւորչի փոխանորդ Մեծն կաթողիկոսին եւ արձակել տաս մեզ կապանքներից»: Եւ նա, արթնանալով քնից, դառնապէս ողբաց նրանց համար, պատրաստեց եւ մի նամակ յղեց Յակոբ կաթողիկոսին, ով գումարեց վարդապետների մեծահանդէս ժողով եւ օրհնութեան գրով արձակեց նրանց կապանքներից:

   Մեծ վար­դա­պետ սուրբ Գրիգորիսը օրհնեց երանելի Յովհաննէսին եւ իր աշակերտնե­րով գնաց Արա­րա­տեան երկիրը՝ գաւառից գաւառ քարոզելու համար: Հին եւ Նոր Աստուածաշունչ գրքերով ու սուրբ աստուածա­բան նա­խա­­­հայրերի վկայութիւններով շա­տ աղթարմացիների դարձ­րեց ճշմարիտ հաւատի: Փի­լի­սոփայական հռետորութեամբ նա փակում էր բոլոր հերետիկոսնե­րի բերան­նե­րը, ովքեր ճանաչելով ճշմարտութիւնը՝ ընկնում էին սուրբի ոտքերը եւ նրա­­նից մեղքերի թո­ղու­թիւն եւ արձակում խնդրում: Նախատում էր անհաւատներին, ստահակնե­րին, բայց ոչ ոք չէր համարձակւում ընդդիմանալ, քանի որ տեսնում էին նաեւ այն հրաշք­նե­րը, որ Աստուած կատարում էր նրա ձեռքով: Ձեռք դնե­լով՝ բժշկում էր հիւանդ­նե­րին, հալա­ծում դե­ւերին, կարդում սուրբ Աւետարանը ցաւագ­նեալ­ների վրայ, եւ առժամայն Քրիստոսի անուամբ սրբում ու փարատում նրանց: Եւ յայտնապէս բժշկում էր ոչ միայն քրիս­տոնեաներին, այլեւ անհաւատներին: Բոլորը սիրում էին նրան՝ ընդունելով որպէս սուր­բի: Սար­սում էին նրա պատկառելի տեսքից, որովհետեւ նա կենդանի նահատակ էր՝ զարդա­րուած առաքինութիւններով, պահեցողութեամբ եւ աղօթքներով: Ներքուստ եւ արտաքուստ կրում էր մազեղէն հագուստ: Չունէր եր­կու հանդերձ, քանի որ ինչ ստանում էր, նոյն պահին բաշխում էր աղքատ­նե­րին: Այս երանելի այրը, ինչպէս Աթոռները, անընդմիջաբար իմաստութիւն էր առնում Սուրբ Հոգուց եւ բաշխում ուղղաշաւիղ աշակերտներին: Որպէս միջօրէի արեգակ՝ քերովբէակերպ իր շնորհներով պայծառացնում էր սուրբ եւ առաքինի անձանց ու որպէս մութ գի­շերուայ պայծառ լուսին լուսաւորում մեղքով խաւարածներին: Կշտամ­­բում էր հերձուածողներին եւ հերետիկոսներին, որ կային Քրիստոսի հօտի գաւթում: Սերով­բէների պէս մաքրազարդում էր աշակերտներին, օրըստօրէ լուսաւորում նրանց խօսքով եւ պայծա­ռաց­նում իբրեւ ջինջ հայելի: Տէրու­թիւն­ների պէս վերցնում էր նախկին վարդապետներից եւ բաշ­խում Եկեղեցու մանուկներին: Հրաշա­պէս կարգաւորում նրանց, ինչպէս Իշխանութիւնները, քաջալերում ինչպէս Զօրութիւնները եւ այդպէս ինչպէս Պե­տու­թիւնները, կառավարում Հայկազեան ազ­գը պահեցողութեամբ եւ աղօթքներով, յաղթող լի­նելու հոգեւոր պատերազմներում: Հրեշ­տա­կապետերի պէս միշտ ուսուցանում էր Աստուծոյ Բանի մեծագոյն տնօրինութիւնը: Լինելով հօտի պահապան եւ տեսուչ՝ պահպանում էր ամէնքին աստուածիմաստ վարդապե­տու­թեամբ: Իր մարդ­կա­յին բնութեամբ կենցաղավարում էր անմարմինների վարքով եւ, ծաղկելով առաքինութիւններով, մօտենում Աստծուն:

   Եթէ բոլոր լե­զու­նե­րը ի մի ժողովուեն, չեն կարող ըստ ար­ժան­ւոյն ներբողական խօսքերով դրուատել նրան: Աստուծոյ Սուրբ Հոգին յարաժամ երթեւեկութեամբ իջնում էր նրա վրայ եւ բացում Սուրբ Գրքի աստուածային իմաստները: Իբրեւ բանաւոր պատարագ՝ սուրբ սրտից մաքուր աղօթքներ էր յղում առ Աստուած եւ հոգով երկինք վերանում` կազ­մելով անգին մատեաններ՝ հաւատացեալ­նե­րին աշխարհի ալեծուփ ծովից եւ մեղքերի հեղեղատներից պահելու հա­մար: Մովսէսի պէս Աստծուց առ­նում էր տէրունական հրամաններն ու պատգամ­նե­րը եւ անդադար ուսուցանում ժողովրդին: Իր վար­դապետութեամբ Յեսուի պէս ցամաքեցնում էր մեղքերի հո­սող գետերը, որոնք գալիս էին դէպի հա­ւա­տաւորները: Ուրախանում էր նրանց համար, ովքեր քայլում էին Տիրոջ օրէնքներով ու սգում մեղ­սա­սէրների համար, ովքեր գնում էին Աստուծոյ կամքին հակառակ: Դաւթի պէս պատերազմում էր գո­ղիաթանման դեւերի եւ հերձուածողների դէմ ու խոցոտում նրանց Աստուծոյ խօսքով, ուղիղ վար­դա­պե­տութեամբ եւ երկնահրաւէր աղօթքներով: Նա ստացաւ մարգարէական շնորհներ, հասաւ ա­ռա­­քե­լա­կան պատուի, ելաւ քահանայութեան աստիճանի եւ ծայ­րագոյն վարդապետութեան գահի:

   Ապա իր աշակերտների հետ գնաց իր Աթոռը եւ մեծահանդէս օրհնութեամբ նրանց տուեց իշխանութեան գաւազան՝ Քրիստոսի առաքեալների օրինակով քարոզելու սուրբ Աւետարանը ոչ միայն քրիստոնեաներին, այլեւ հեթանոսներին: Նրանց պատուիրեց ամենեւին չերկնչել ոչ մէկից, չթաքցնել Սուրբ Գրքի խօս­քե­րը, այլ յայտնապէս քարոզել ճշմարտութիւնը, կենցաղավարել պահեցողութեամբ եւ աղօթք­նե­րով, ապրել հեզութեամբ եւ խոնարհութեամբ, տալ կեանքը ճշմարտութեան համար, յայտնապէս քարոզել ուղիղ վարդապետութիւնը, որն աւան­դե­ցին սուրբ վար­դա­պետ­ները:

   Իր աշակերտներին անդա­դար տալիս էր պատուէրներ եւ վերջին խրատներ, որովհետեւ արդէն նրան տի­րում էր հիւանդութիւնը: Երբ տեսաւ, որ մօտեցել է աշխարհից իր ելնելու ժամը, պատուիրեց նրանց կանգնել պաշտամունքի: Սկսեց սաղմոսել, յոտնկայս ասել ութ կանոնները եւ ապա մա­տուցել մեր Տէր Յիսուս Քրիստոսի կենարար ու անմահ Պատարագը: Սուրբ Պատարագից յետոյ դարձեալ կանչեց իր աշակերտներին, օրհնեց նրանց, տուեց վերջին պատուէրները եւ ա­սաց. «Ահա Քրիստոս կանչում է ինձ: Հասել է իմ մեկնելու ժամը եւ գնալու իմ միջնորդի՝ սուրբ Գրիգոր Լուսաւորչի եւ մեր համայն վարդապետների մօտ: Եղբայրնե՛ր, թող Քրիստոս Աստուած հանդերձեալում մեզ դասի ուղղափառ վարդապետների աջակողմեան դասում՝ մերձ Քրիստոսին»: Ապա աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Գոհանում եմ Քեզանից, Տէր Յիսուս Քրիստոս, որ այժմ պիտի հանգստաց­նես ինձ իմ չարչարանքներից»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ երանելի վարդապետ սուրբ Գրիգոր Տաթե­ւա­ցին աւանդեց իր պատուական հոգին Աստուծոյ ձեռքը Ստեփանոս Նախավկայի տօնի օրը եւ 1409 թուականի դեկտեմբեր ամսուայ քսանեօթին գնաց Վերին Երուսաղէմ՝ դէպի հրեշտա­կաց դասը, սուրբ Գրիգոր Լուսաւորչի մօտ՝ ի փառս Քրիստոսի: Նրա սուրբ մարմինը սաղմոս­ներով ու օրհնութեամբ ամ­փոփեցին Տաթեւի վանքում, եւ մինչ օրս նրա սուրբ տապանի մօտ բազում հրաշքներ են կատարւում:

   Նա լուսաւորեց եւ պայծառացրեց մեր ազգն ու Եկեղեցին իր գերագոյն իմաստութեամբ եւ յոր­­­­դ­ա­ռատ քարոզութեամբ: Նրան աշակերտած վարդապետները մինչ օրս քարոզում են նրա խօսքերը: Նրա նմանը չգտնուեց բոլոր ազ­գերի մէջ ո՛չ Հնում եւ ո՛չ Նորում: Նա կոչւում է երկրորդ Ոսկեբերան եւ Գրիգոր Աստուա­ծա­­բան: Նա եղաւ Հա­յոց երկրորդ Լուսաւորիչը եւ աստուածա­բանը՝ վեր գտնուելով բոլոր հին եւ նոր վարդապետներից ու իմաստասէրներից: Կրթեց երեք հարիւրից աւել աշա­կերտներ՝ այդ թւում վաթ­սունից աւել քահա­նաներ, որոնց ուսուցանում էր իմաստա­սէրների գրքերը եւ իր գե­րա­­կատար իմաստու­թեամբ յայտնում ծածկուած խո­րի­մաց գանձերը: Նա բոլոր առաքինութիւն­նե­րի ժողո­վա­րան էր, քանզի ունէր հրեղէն միտք, որով զարմացնում էր ամեն­քին՝ յատ­կապէս հելլէն իմաստուներին:

   Իմաստութեան տաճար էր, հօտի վերակացու, երկնային կառավար, օդագնաց թռչուն, տիեզերքի անմար ճրագ, պայծառագոյն արուսեակ, ընտրեալ անօթ, սրբութեան տաղաւար, ընծայութեան նուէր, հե­զու­թեան բնակարան, խոնարհութեան գաղափար, համբերութեան արմատ, հաւատի սիւն, Ե­կե­­­ղեցու պայծառութիւն, մարտիրոսների չարչարակից, հայրապետների պսակ, վարդա­պետ­ների ուղ­ղութիւն, խոստովանողների պարծանք, ճգնաւորների պարագիր, հրեշտակներին դա­սակից, երկ­նա­թռիչ արծիւ, հիւանդների բժիշկ, ախտերի սպանիչ, դեւերի հալածիչ, անապական տատրակ, եօթնարփեան շնորհների ընդունարան, լուսաւոր միտք, զարմանալի իմացում, ողջա­խոհ հո­գի, սուրբ, անբիծ եւ անարատ մարմին, երկնանման գագաթ, Տեառն­հայեաց աչք, աստուածալուր ականջ, աստուածախօս բերան, աստուածաբան լեզու, աստուածա­շօ­շափ ձեռք, Եդեմընթաց գարշապարներ...

   Նա արժանապէս փառաւորուեց երկրաւորներից եւ երկնաւորներից:

   Նա Հայ Եկեղեցու երանաշնորհ վարդապետների շարքից վերջինն է, ով փառաբանուեց եւ տօնուեց յատուկ յիշատակով, գովուեց եւ արժանացաւ պատուի «եռամեծ» կոչմամբ: Այս արտասովոր փառքի բուն պատճառը հաստատուած է իր անխոնջ աշխատութեան վրայ, որով դէմ դրուեց ունիթորական հոսանքին եւ աղթարմայական վարակման, որոնք օգուտ քաղելով հայ ազգի եւ Հայ Եկեղեցու ընկած եւ տկարացած կացութիւնից, յոյս ունէին վտանգել եւ կործանել ազգային Եկեղեցու գոյութիւնը: Սուրբ Գրիգորը, հետեւելով այն նոյն ուղիղ շաւղին, որ ուսանել էր իր արժանաւոր վարդապետ Յովհան Որոտնեցուց, եւ իր կողմից աւելացնելով այն, ինչ իրեն թելադրեցին իր սիրտն ու հանճարը, իրեն նուիրեց սոսկ վարդապետութեանը. գրեց ու քարոզեց, սովորեցրեց ու աւանդեց, եւ Տաթեւեան աշակերտութեամբ տէր կանգնեց հայադաւան ուղղափառութեանը՝ ազատելով այն իր վտանգուած կացութիւնից: Այդ անդուլ ջանքերի եւ պայծառ արդիւնքի հանդէպ երախտագիտական պարտքն է կատարում Հայ Եկեղեցին՝ տօնելով նրա յիշատակը Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

   Օրհնեալ է նրա յիշատա­կը. ամէն:
   
   ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ
   
   Սուրբ Գրիգոր Տաթեւացին ունէր Յովհաննէս Աւետարանչի միտքը, քանզի թռչելով բարձրանում էր երկինք եւ տեսնում Սուրբ Հոգով: Գրուած այդ նոյն մտքով՝ թողեց մեզ անգնա­հա­տելի ժառանգութիւն, որոնցից են «Գիրք հարցմանց» (1729թ.), «Ոսկեփորիկ» (1746թ.), «Գիրք քարոզութեան»՝ իր «Ձմեռան» (1740թ.) և «Ամառան» (1741թ.) հատորներով, «Համառօտ տեսութիւն ի գիրս Պորփիւրի» (1793թ.), «Լուծ­մունք համա­ռօտ ի տեսութիւն Դաւթի Անյաղթի», «Համառօտ լուծումն Առաքինութեանցն Արիս­տո­տէլի», «Լուծումն Պարապմանց սրբոյն Կիւրղի»: Մեկնողական գործերից են Յոբի, Եսայու, Երգ երգոցի, Սաղ­մո­սաց, Առակաց գրքերի, Մատթէոսի, Յովհաննէսի Աւետարանների լուծմունքները և քաղվածոյ մեկնու­թիւնները: Եւ ոչ միայն այսքանը. թողեց նաեւ զանազան գործեր՝ լի երկնապարգեւ շնորհ­ներով, որոնք այստեղ չեն յի­շա­տակուած:

   «Գիրք հարցմանց»-ը Հայ Եկեղեցու աստուածաբանութեան գագաթն է՝ վարդապետական, աստուա­ծաբանութեան չգերազանցուած մատեանը: «Գիրք քարոզութեան» Ձմեռան մատեանն ընդգրկում է Ս. Ծննդից մինչեւ Հոգեգալստեան տօնը եւ պարունակում է 184 քարոզներ, իսկ Ամառան հատորը՝ Հոգեգալուստից մինչեւ Աւագ տօները եւ պարունակում է 160 քարոզներ:

   Հայ եկեղեցու դաւանաբանութեան ուսումնասիրութեան համար կարեւոր նշանակութիւն ունեն նրա «Գիրք հարցմանց»-ը եւ «Ոսկեփորիկ»-ը, որովհետեւ նրանցում ի մի են բերուած ոչ միայն արաչութեան, կեանքի եւ հանդերձեալի զանազան հարցերին վերաբերող մեկնութիւններ, այ­լեւ, որն առաւել կարեւոր է, Հայ Եկեղեցու դաւանաբանական դարաւոր ձեռքբերումները: Յատ­կապէս «Գիրք հարցմանց»-ը Հայ եկեղեցու աստուածաբանութեան չգերազանցուած գագաթն է:

   Նա եղաւ Հայ եկեղեցւոյ բարեկարգիչ, քանզի սահմանեց վարդապետական մասնաւոր եւ ծայրա­գոյն իշխանութեան կանոնը, նրանց տւչութեան կարգը, եկեղեցում վերակենդանացրեց քարոզխօ­սութիւնը, կարեւորեց քարոզը եւ քարոզելու իրաւունք ունեցող քահանայից դասի պատրաստուա­ծութիւնը: Նա Մայր Աթոռի դերի բարձրացման ամենաջերմ պաշտպաններից էր: Նա հայրապե­տա­կան Աթոռը Սսից Ս. Էջմիածին փոխադրելու ծրագրի առաջին մտայղացողն ու գաղափարախօսն էր, որն իրականացրել են նրա աշակերտներ Թովմա Մեծոփեցին եւ Յովհաննէս Հերմոնեցին 1441թ. Էջմիածնում գումարուած ազգ-եկեղեցական ժողովի  որոշումով:

   Նա նաեւ մանրանկարիչ էր: Պահպանուել է մի Աւետարան (Մատենադարան, ձեռ. դ 7482)՝ գրուած 1297 թուականին, զարդարուած խորաններով ու լուսանցազարդերով, որը 1378 թուակա­նին լրացուել է սուրբ Գրիգոր Տաթեւացու կատարած մանրանկարներով («Աւետում», «Ծնունդ», «Սուրբ Կոյսը Մանկան հետ», «Մուտք Երուսաղէմ», «Խաչելութիւն»):
   
ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՆԵՐԲՈՂԸ՝ ՈՒՂՂՈՒԱԾ ՔԱՋ ՀՌԵՏՈՐ ԵՒ ՏԻԵԶԵՐԱԼՈՅՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾՆ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑՈՒՆ՝ ՅՈՎՀԱՆ ԿԱԽԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՇԱԿԵՐՏԻՆ

   

   Արփիական լոյսի անմար ճառագայթ, կենդանութեան աղբիւր, լայնատարած ծով, յորդա­հոս գետ, յաւերժահոս վտակ, լուսաճաճանչ եւ արդիւնարար ցօղ, երկնային պարգեւ, Հոգիդ Սուրբ՝ Աստուած ճշմարիտ, բխում Հօրից եւ փառակից Միածին Որդուն:

   Ծագեցրո՛ւ լոյսդ խաւար հոգուս մէջ եւ Քո աստուածային հրով բորբոքի՛ր մեղքերից պաղած հոգիս: Արբեցրո՛ւ ծարաւի անձս Քո կենդանի աղբիւրից եւ Քո համասփիւռ ծովից շնորհի՛ր մի կա­թիլ՝ բարուց ամայացած հոգիս ոռոգելու եւ երկնային սերմեր պտղաբերելու համար: Քաղցրատարափ ցօ­ղովդ աճեցրո՛ւ իմ մտքի պապակած անդաստանը եւ պարգեւի՛ր քո երկ­նա­յին իմաս­տութիւնը հո­գուս: Արդ, ես՝ խաւարածս մեղքով եւ ունայնս բարուց, հեծեծանքներով հայ­ցում եւ արտա­սուք­նե­րով պա­ղատում եմ՝ տո՛ւր ինձ Քո անապական գանձերից եւ հարստացրո՛ւ աղքատիս Քո խօս­քով, սնի՛ր իմ միտքը եւ հոգին ըստ Աստուծոյ այն խօսքի, թէ՝ «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ նաեւ ամէն խօսքով, որ կ՚ելնի Աստուծոյ բերանից» 3: Քանզի մարմնաւոր հացը միառժամանակ մարմինն է կերակրում, իսկ Քո հոգեղէն խօսքը կեանք է տալիս հոգուս եւ մարմնիս՝ դարձնելով ժառանգորդ յաւիտենական ու անճառ փառ­քին: Եւ արդ, մարդկանց որդիներից այն ո՞վ փնտռեց միամիտ ու յորդառատ սիրով եւ ու­նայն չար­չարուեց: Այն ո՞վ պաղատելով խնդրեց ու ա­մօ­­թով մնաց: Դու տալիս ես ամէնքին եւ պարգեւում ա­ռա­տապէս ըստ Քո Էակցի խօսքի, թէ՝ «Խնդրե­ցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որով­հետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի»4

   Զարմանալի չէ, որ օրհնա­բանւում ես ի­մաստուններից, այլ սքանչելին այն է, որ իմաստացնում ես յի­մար­ներին եւ հարստացնում աղքատներին, որ վեր ես բարձ­րաց­նում տառապեալներին եւ զօ­րաց­նում տկարներին, որ առողջացնում ես հիւանդներին եւ կերակրում քաղցած­նե­րին, որ արբեց­նում ես ծարաւներին եւ լուսաւորում խաւարածներին, որ արժա­նա­ւոր ես դարձնում անարժան­նե­րին եւ խոնարհներին վեր բարձրացնում, որ խորթացածներին որդի ես դարձնում եւ անպի­տաններին հայեացքդ դարձնում:

   Ո՛վ Ամենասուրբ Հոգի՛, Արարի՛չ գոյութիւն ունեցողների եւ Զարդարի՛չ համայնի: Քեզ եմ յանձ­նում մտքիս տեսութիւնը եւ լեզուս՝ որպէս խօսքերիս գործիք, որպէսզի լուսաւորես միտքս եւ տաս ինձ խօսելու արժանին, ինչպէս որ ասացիր. «Ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք» 5: Եւ թէպէտ ես անարժան եմ, սակայն բաղձում եմ մեծ փափագով. միտքս եւ խորհուրդներս փափագում եւ տենչում են դրուատել ներբող երանելի եւ աշխարհալուր, եռամեծ ու տիե­զե­­րա­լոյս հռետորի՝ Քրիստոսատիպ Գրիգոր արթուն վարդապետի հա­մար, ով ճարտարութեան իշխան էր ու իմաստութեան հմուտ գիտակ, ցանկալի տե­սակ ու հրա­շալի, իմաս­տու­թեան յորդառատ աղբիւր եւ իմաստուն վաճառական, բազմալոյս ճրագ եւ պայ­ծա­ռագոյն արուսեակ, հոգատար տնտես եւ հաւատարիմ ծառայ, արթուն դռնա­պան եւ զգաստ մատա­կա­րար, անքուն հովիւ եւ զգոյշ պահապան, համեմիչ աղ եւ սուրբ Եկեղեցու քաջ մշակ:

   Հայկազեան ազգի երկրորդ լուսաւորիչ, ով յայտ­նուեց վերջին օրերում, վերջին ժամանակնե­րում՝ օրուայ երեկոյին: Աշնան օրերին փթթեց որպէս բազմերանգ ծաղիկ՝ լցնելով հայոց տունը անմահական հոտով եւ ոռո­գելով խո­պա­ն հողերը երկնաբուղխ վտակներով: Արդ, վերջին ժամանակներում չգտնուեց նրան նմանը ո՛չ իր տեսքով, ո՛չ գեղեցկութեամբ, ո՛չ հո­գու մաքրութեամբ, ո՛չ մարմնի ա­նարատութեամբ, ո՛չ մտքի տեսու­թեամբ, ո՛չ բազմիմաստ հանճարով, ո՛չ ցանկալի եւ պտղաբեր խօսքով, ո՛չ հրեշտականման տեսքով, ո՛չ անմարմին վարքով, ո՛չ Տիրանման սիրով, ո՛չ հայրական գթով: Քանզի շնորհազար­դ էր ու սքանչելի, սիրուած եւ մեծարուած ամէնքի կողմից, յագեցած ամէն բա­­­րիք­ներով եւ ծաղկած ու փթթած բոլոր առաքինութիւններով: Տես­քով՝ սքանչելի, խօսքով՝ զօ­րա­ւոր եւ հրաշալի, ցանկալի հրեղէններին եւ հիա­նա­լի հողեղէններին, համանման երկնա­ւոր­ներին եւ բարի խրատիչ երկրաւորներին: Այն ո՞վ էր, որ մոլորուած լի­նելով՝ լսում էր նրան եւ անմիջապէս չէր դառնում դէպի ճշմարտութիւնը, ո՞վ էր, որ բորբոքուած ախտով՝ ունկնդրում էր նրան եւ անմիջապէս չէր մա­րում նրա ցանկութեան բոցը, ո՞վ էր, որ հեռու լինելով բարի գործերից՝ չէր ջերմանում աստուածային սիրով: Քանզի հմուտ էր մշակը, եւ արդիւնաբեր էր նրա խօսքի սերմը, ճարտար էր սերմա­նողը, եւ քրտնաջան էր մշակը, հնարագետ էր բժիշկը, եւ հոգեխառն էր խօսքը, արթուն էր հովիւը, եւ զգաստ էր դռնապանը: Նա ապրում էր անմարմինների վարքով, անդադար տքնութիւններով, ունէր զգաստ բնութիւն, աննինջ արթ­նութիւն, վայելչատես պատկեր, քաղցրահայեաց աչք, քաղցրա­խօս բերան, հո­գեշարժ խօսք, անխոնարհելի բազուկներ, բազմարուեստ ձեռքեր, գետ­նա­տարած ծնկներ, յորդաբուխ արտասուքներ, անդադար բխող աղօթքներ: Խրատում էր թա­գաւոր­ներին եւ յանդիմանում իշխաններին, յորդո­րում էր հարուստներին եւ սաստում ստա­հակներին, քաւում էր մեղաւորներին եւ սրբում յան­ցա­ւոր­ներին, հետ դարձնում մոլորեալներին ու կանգնեցնում գլորուածներին, բժշկում վիրաւոր­նե­րին, սփո­փում վշտա­ցեալ­ներին եւ մխիթարում սգաւորներին, հալածում հերձուածողներին եւ համրացնում հերետիկոսներին: Վար­դապետ­ների պարծանքն էր, ուղղափառութեան առաջամարտիկը եւ հերձուածութեան վա­նիչը, ապաշխարութեան քարոզիչը, մեղաւորների լու­­սա­ւորիչը, գերագոյն իմաս­տասէրը, ճշմարտութեան ուսուցիչը եւ փիլիսոփաների վարժապետը, փափագելի էր հեռաւորներին եւ փարելի մերձա­ւոր­ներին:

   Եւ արդ չի կարող լեզուս խօսել ամէնը նրա մասին: Ի՞նչ խօսքեր կարող են պատմել նրա  փա­ռահեղ տեսքի, հոգու պայծառութեան, մտքի իմաստութեան, հոգէշահ խօսքերի, երե­ւե­լի փառքի, անտեսանելի լուսափայլութեան, իմանալի ճոխութեան, ցանկալի պատկերի, հիաս­քանչ տե­սակի, հոգեշարժ լեզուի, երկնակառոյց բազուկների, շնորհաբաշխ աջի, անսայթաք ոտ­քերի, օձա­հալած գար­շա­պարների, երկնաթռիչ ընթացքի մասին: Սիրում էր աղքատներին, պատւում ծերերին, ըն­դունում հիւրե­րին, մեծարում քահանաներին, կե­­րակրում քաղցածներին, արբեցնում ծարաւ­նե­րին, այցե­լում հիւանդներին, դարմանում բան­տուած­նե­րին, քաւում մեղաւորներին, ազատում գերիներին, սփոփում վշտացեալներին, մխի­թարում սգաւոր­նե­­րին, խրատում անխրատներին, յանդիմանում ստահակներին: Ան­չափ էր նրա սէրը, անբաւ էր գութը, եւ անպատմելի էր խոնարհութիւնը: Ստանում էր իմաստութիւն եւ ապա ան­ձանձ­րոյթ ուսուցա­նում, աներկիւղ յանդիմանում եւ սաստում ա­ռանց ահի: Նախ կա­տա­րում էր անձով եւ ապա քարոզում այլոց: Գի­շերը հարատեւում էր տքնու­թեամբ եւ աղօթքներով, իսկ ցերեկը՝ ընթեռնելով: Գիշերը խոկմամբ հաւաքում էր Սուրբ Գրքի խորհուրդները, իսկ ցերեկը՝ լուսասփռում աշակերտներին: Գիշերն ընդունում էր Աստուծոյ Սուրբ Հոգին, իսկ ցերեկը՝ Նրան շնորհում փափագողներին: Գիշերը զմայլւում էր երկնային ծովից, իսկ ցե­րեկը նրանով ոռոգում խոպան հոգիները: Գիշերը պայծառանում էր ար­փիա­կան լոյսից, իսկ ցերեկը առատապէս բաշխում հայցողներին: Գիշերը ժողովում էր անգին քարեր, իսկ ցերեկը նրանցով շարեր հիւսում: Գիշերն ըմպում էր հայրաբուղխ Աղբիւրից, իսկ ցերեկն արբեցնում ծա­րաւներին: Գի­շերը ստանում էր կենաց խօսքը, իսկ ցերեկը այն պարգեւում աղքատներին: Եւ իր վար­քով այնքան ցանկալի էր բոլորին, որ ովքեր գնում էին նրա մօտ աշակերտելու, ուրա­խա­նում էին՝ տես­նե­լով նրան եւ ապա ցնծում՝ նրան լսելով: Նախ հիանում էին նրա հրաշազարդ պատկերով եւ ապա զմայլւում նրա համեղաբան խօսքերից: Նախ հիանում էին նրա աս­տուա­­ծա­նման պատ­կերով, ապա՝ նրա հրեղէն լեզուի ու խորագոյն իմաստութեան համար: Ակ­նա­ծում էին նրա ամենաշնորհ կերպարանքից եւ մխի­թար­ւում նրա ցանկալի խօսքերից: Եւ առհասարակ բաղձալի էր ամենքին, քանզի երկնայինների պէս շքեղացած էր աստուածային փառ­քով, զարդա­րուած աս­տուա­ծային շնորհներով, պայծառացած աստուածային լոյսով, վար­դա­գու­նած աստուածա­յին հրով, հարստա­ցած աստուածային հոգով:

   Եւ արդ հրաշալի էր բերանը այն եւ լեզուն, որ միշտ ընդունում էին Սուրբ Հոգուն, որ միշտ Աստուծոյ հետ էին խօսակցում, որ միշտ Քրիստոս էին քարոզում, որ միշտ Քրիստոս էին դաւանում, որ միշտ Քրիստոս էին փառաւորում, որ միշտ Քրիստոսի տնօրինութիւնն էին ճառում, որ միշտ Ամե­նա­սուրբ Երրորդութեանն էին խոստովանում:

   Ամէնքին ցանկալի էր այն աստուածային աջը, որ անդադար տարածւում էր առ Աստուած, որ արժանապէս պատարագում եւ աներկիւղ շօշափում էր Քրիստոսին, որ Քրիստոսի նշանն էր դրոշմում իր երեսին:

   Գրիգորիս րաբունապետ, անմարելի ճրագի եւ համասփիւռ լոյսի բարձր աշտանակ, որ մեղքով խաւարած եւ բանտուած հոգիներին ու մտքերին լոյս ծագեցրիր եւ մխիթարեցիր՝ առաջնորդե­լով վե­րին ճանապարհով:

   Գրիգորիս, մեծ րապունապետ, որ լուսաւորուեցիր ամենախնամ լոյսի Հօրից, պարարտացար աստուա­­ծա­յին Հոգով եւ միաւորուեցիր Քրիստոսին՝ մաքրուած Երրորդութեամբ ու լի անպատմե­լի, ան­ճա­ռե­լի գիտութեամբ:

   Գրիգորիս, մեծ րապունապետ, որ զմայլուեցիր եւ արբեցիր անտեսանելի գինով լի անուշահամ բաժա­­­կից, բորբոքուեցիր անմարելի հրով եւ պարարտացար անհուն վտակներով, պայծառա­ցար անեղ լոյսով եւ զմայլուեցիր անմահական հոտով:

   Գրիգորիս, մեծ րապունապետ, որ ընդունեցիր երկնային քանքարը, այն կրկնապատիկ շահեցիր ու Ե­կե­ղեցու մանուկներին աւանդ թողեցիր, արժանացար մտնելու երկնային քաղաք եւ հանգստացար Աբրահամի գոգում:

   Գրիգորիս, Աստուծոյ սուրբ Եկեղեցու ամրակառոյց տան տնտես, որ պատրաստեցիր բազմերանգ, զանազան եւ ախորժելի քաղցրահամ կերակուրներ Եկեղեցու մանկանց համար:

   Գրիգորիս, քաջ հռետոր եւ իմաստուն բժիշկ, որ Հոգու ամենառատ շնորհներով ապաքինեցիր չարից խոցուած վէրքերը եւ ոչնչացրիր նրա անտեսանելի զէնքերը:

   Գրիգորիս, ճարտաբան եւ լուսասաղարթ ուռ՝ հաստատուած Քրիստոսի որթատունկի վրայ, որ մշա­կուեցիր Հայրական աջով, ոռոգուեցիր Հոգու կենդանի ու անհուն վտակներով՝ արբեցնելու մարդկանց որդիներին անա­պա­կան եւ զմայ­լեցուցիչ գինով:

   Գրիգորիս րաբունապետ, երկնաւոր Որսորդի լայնատարած ուռկան եւ գործիք, որ Հոգու ամե­նիմաստ գիտութեամբ փրկեցիր ալեկոծ աշխարհածուփ մեղքի ծովի խորքերն ընկղմուածներին եւ բանսարկուի խրատով մոլորուածներին:

   Գրիգորիս՝ քաջ հովիւ, նման երկնաւոր հօտապետ Քրիստոսին, որ իմանալի եւ գիշատիչ գազա­նից ազատեցիր բանական հօտը եւ անապատից մտցրեցիր երկնային փարախ:

   Գրիգորիս՝ անգին մարգարտի վաճառական, որ ոչինչ եւ ունայն համարելով, ինչ անցաւոր է, դիւրագին վաճառեցիր այն եւ փոխարէնը քո մէջ ընդունեցիր իրական մարգարտին՝ Յիսուս Քրիստոսին:

   Գոհութիւն եւ փա՛ռք նրան Զարդարողին՝ Քրիստոս Աստծուն:

 

   ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ ՈՏԱՆԱՒՈՐ

   ԱՌ ՍՈՒՐԲՆ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ

   

   Ի ժամ աշնան բուսեալ ծաղիկ հաւատոյ. հանգոյն վարդի պայծառացեալ ի մէջ յայգւոյ. տէր սուրբ Գրիգոր լուսաւորիչ մեր հոգւոյ. զմայլեցուցեր զորդիսըս քո ՚ի հոտոյ:

   Մաքուր մարմնով իբրեւ ըզջահ փայլեցար. խաւար մըտաց մերոց դու լոյս ծագեցար. եւ ըստ հարանց մեզ առաջնորդ յայտնեցար. ճշմարտութեամբ ըզհետ նոցա ընթացար:

   Երանելի տէր սուրբ Գրիգոր աննման. գեր ՚ի վերոյ եղեր դու քան Եպիփան. ըզբանըն կենաց քարոզելով անխափան. միշտ յարաժամ յեկեղեցիս Հայաստան:

   Սուրբ երջանիկ մեծ հայրդ մեր հոգեւոր. բանիւ քոյին առնես ըզմեզ մտաւոր. ՚ի բաց լինիլ մահաբերից թունաւոր. որք հերձուածովք ըզլոյսն առնեն մըթաւոր:

   Րաբունապետ առաքելոյն վիճակի. որեւ անուամբ եւստաթէի յորջորջի. պարգեւեցար ՚ի նշխարացն կենդանի. մըշտաքարոզ լինի ազգին Արամի:

   Ո՛վ վեհագոյն եւ յաղթանակ ՚ի մարտի. ՚ի ձեռըս մեր ետուր սուսեր երկսայրի. որով յաղթեմք երկատողաց մարտողի. եւ խորտակեմք զժանիս նոցա հանդիսի:

   Պարգեւեցար լուսաւորչէն մեր հոգւոյ. ՚ի գիշերի տեսլեամբ յանուրջս երազոյ. կանթեղ ձեռին յոյժ նուազեալ ՚ի լուսոյ. որ լուսատու եղեր նորին հաւատոյ:

   Արթուն անուն հովիւ բարի միշտ ըզգաստ. անքուն ակամբ պահես զորդիսըս նըւաստ. ազատեցեր զմեզ ՚ի գայլոց առանց փաստ. հրաւիրեցեր զմեզ երկնային առագաստ:

   Վարդապետաց ցեղին Հայկայ ուսուցիչ. զի եւ բանիւ քոյին լինեմք քարոզիչ. այլեւ ռամիկ արանց հոգւոց կեցուցիչ. եւ լի թունօք չար բերանոց միշտ կապիչ:

   Աղբիւրաբար առատահոս բըղխեցեր. զբանս հոգեշահ իբրեւ արձան մեզ թողեր. կըրկին տասամբ եւ քառ թըւով կազմեցեր. ոսկեպըսակ գըլխոյ տոհմին մեր եդեր:

   Րամեալ առ մի ՚ի բազմականց պատուական. նըման մեղուի յոլով ծաղկանց զանազան. մարգարէիցըն որք հոգւով խօսեցան. բացերեւեալ բանիւ քոյին յայտնեցան:

   Դարուս վերջին իբր արեգակն ծագեցար. ՚ի ձմեռնացեալ ժամանակի յայտնեցար. քան զառաջինս վարդապետաց գեր ցուցար. աստուածային եւ սուրբ սիրով ջերմացար:

   Անաղօտ ջահ եւ աշտանակ լուսընկալ. յեկեղեցիս Հայաստանեայց մի՛շտ փայլեալ. պատուէր ետուր դաւանութեամբ պինտ մընալ. որպէս նախնի սուրբ հարանցն է հաստատեալ:

   Պայծառ քարոզ եւ երկնայնոց տենչալի. որ զանմարմնոց վարըս ցուցեր ՚ի մարմնի. խըստակրօն մարմնով մեռել յ՚աշխարհի. հոգւով ելեր ընդ առաջ Տեառն Յիսուսի:

   Երես անկեալ քեզ աղաչեմք տըրտմալի. ո՛վ հայրդ մեր Գրիգորիոս պանծալի. վասըն մեր լեր դու բարեխօս Քրիստոսի. պահել ըզմեզ դաւանութեամբըն վիմի:

   Տիեզերալոյս վարդապետին Յօհաննու. չարիւք հընգօք ամօք կացեր յըսպիսու. շառաւիղէ նորին եղեր լուսատու. խաւարելոցս լոյս ծագեցար ՚ի ժամու:

   Էին անեղ Բանին մարմնոյ միական. քարոզեցեր զանճառելի խառնարան. ոչ ելանել ճանապարհէն նախնական. այլ հաստատուն մընալ ՚ի նոյն յաւիտեան:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
   Ս.Գ Գրիգոր Տաթեւացի Ամառան հատոր, տպեալ յամի 17401ի Պօլիս, գլուխ ՃՁԶ-էջ 716