ՍՈՒՐԲԵՐ

   Սուրբերի եօթ դասերը` նախահայրերը, մարգարէները, առաքեալները, մարտիրոսները, վարդապետները, խոստովանողները եւ կոյսերը, հիմնեցին մարտնչող Եկեղեցին եւ այժմ իրենց երանութեան փառքով զարդարում են յաղթանակած Եկեղեցին:

   Սուրբերին հաղորդ ենք լինում չորս կերպով.

   Նախ` երբ հիացմունքով զարմանում ենք նրանց տաժանակիր չարչարանքների վրայ, թէ ինչպէս նրանք հողեղէն մարմնով նմանուեցին անմարմիններին, ուրացան մարմնի կարիքները եւ ոչինչ համարեցին առօրեայ կեանքը:

   Երկրորդ` երբ մենք եւս ցանկանում ենք նրանց պէս նահատակուել, եւ այս ցանկութիւնն ամենաբարին է, որքան էլ գործից հեռու գտնուենք:

   Երրորդ` երբ նրանց վկայութեան կամ այլ տեղերում տաճարներ ենք կառուցում նրանց անուան համար:

   Չորրորդ` երբ պատւում ենք նրանց նահատակութեան օրը եւ ուրախանում տօնախմբութեամբ` ջահեր վառելով, խունկերի բուրմամբ, պատարագներով եւ նրանց անուններով աղքատներին ողորմութիւններ անելով:

   Քանզի ինչպէս պատերազմներում ոմանք առաջամարտիկներ են, ոմանք` թիկնապահներ, ոմանք խրախուսում են, ոմանք էլ կարասիներն ու հանդերձներն են պահում, սակայն բոլորն աւարին բաժանորդներ են լինում: Այսպէս էլ ովքեր կցորդ են սուրբերի չարչարանքներին, Վերջին օրը պիտի հաղորդ լինեն նրանց փառքին:

 

 Սուրբ Գրիգոր Տաթեւացի