Ո՞րն է այն երանութիւնը, երբ սուրբերը հալածւում եւ չարչարւում են Տիրոջ համար՝ ըստ այն խօսքի, թէ. «Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար»[1]:
Ասենք, որ Քրիստոսի համար հալածուելը բազում բարիքների եւ երանութեան առիթ է, որովհետեւ նախ՝ հալածուելը նշանակում է փախչել եւ հեռանալ չարից, որը մեծ երանութիւն է: Իչպէս երբ մէկը փախչում է հրից, փրկւում է այրուելուց, այդպէս էլ ով հեռանում է չարից, փրկւում է նրա տանջանքներից:
Երկրորդ՝ երանութիւն է, որովհետեւ որքան հեռանում ենք չարից, այնքան մերձենում ենք բարուն: Չարի վախճանը բարու սկիզբն է, եւ որքան հալածւում ենք չարի կողմից, այդքան հաստատւում ենք բարու մէջ, որովհետեւ մարդու կեանքը սահմանուած է բարու եւ չարի միջեւ. եթէ հեռանում ենք բարուց, ընկնում ենք չարիքների մէջ, եւ եթէ օտարանում ենք չարից, լինում ենք բարու մէջ: Իսկ ամենամեծ բարին Քրիստոսն է, եւ երբ մենք հալածւում ենք, հաստատւում ենք Նրա մէջ:
Երրորդ՝ հալածուելը ցոյց է տալիս մարմնի ամրապինդ լինելը: Այդպէս էլ ով հալածւում է Քրիստոսի համար, ամրանում է հաւատի, յոյսի եւ սիրոյ մէջ:
Չորրորդ՝ ինչպէս ով հալածւում է մարմնով, ընթանում է արագ եւ սրընթաց, այդպէս էլ ով հալածւում է Քրիստոսի համար, արագապէս ընթանում է դէպի Քրիստոս, ինչպէս առաքեալն է ասում. «Ցանկալի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստուծոյ մօտ»[2]:
Հինգերորդ՝ երբ հալածուողն ընթանում է հալածողի առջեւից, յաղթութեան նշան է, որովհետեւ հալածողը, որ գնում է նրա յետեւից, չի կարողանում բռնել նրան:
Վեցերորդ՝ երբ հալածուողը թեթեւանում է իր հանդերձներից ու բեռներից, արագ է փախչում: Այդպէս էլ սուրբերը, թեթեւանալով իրենց ունեցուածքից եւ մեղքերի ծանրութիւնից, արագ փախչում եւ ազատւում են այս կեանքից: Այդ պատճառով Նա երանի է տալիս հալածուողներին:
Եօթերորդ՝ հալածուողը չի տեսնում, թէ ինչ է թողնում իր թիկունքում, այլ միշտ առաջ է նայում: Այդպէս է նա, ով ըստ Պօղոս առաքեալի՝ «Յետևում մնացածները մոռացած՝ ձգտում է դէպի առջևում եղածները»[3] եւ ի Քրիստոս յուսալով՝ ընթանում է դէպի նպատակակետը: Եւ սա է յաղթանակի յոյսը, որի համար Տէրն ասում է. «Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»:
Ութերորդ՝ հալածուողը թողնում է իր տեղը եւ հեռանում: Այդպէս էլ ով հալածւում է մարդկանց կողմից, երկրից երկինք է ելնում եւ հասնում հրեշտակներին, որովհետեւ երկինքն ու երկիրը հրեշտակների եւ մարդկանց [հոգեւոր] կրթութեան ու ընտրութեան վայր են, ինչպէս որ երբ [հրեշտակների մի դասը] կրթուեցին երկնքում, ընկան երկիր եւ դեւեր եղան, այդպէս էլ մարդիկ, երբ կրթւում եւ ընտրւում են երկրի վրայ, ելնում են երկինք եւ մտնում հրեշտակների դասի մէջ: Եւ դարձեալ՝ ինչպէս նախ անմարմին ոգիներն ընկան երկնքից եւ ապա մարդը մարմնով ընկաւ Դրախտից, այդպէս էլ նախ ընտրեալների հոգիները պիտի ելնեն երկինք, եւ ապա Վերջին օրը պիտի մարմնով մտնեն առ Աստուած: Ապա ուրեմն եթէ հալածւում ենք երկրի վրայ, երկինք ենք ելնում եւ ոչ թէ՝ հալածւում ենք ու մնում երկրի վրայ:
Իններորդ՝ Քրիստոսի համար չարչարանքն ինքնին պսակ է եւ փառք՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր»[4], այսինքն դեռեւս չարչարանքներ չէր կրել: Եւ ինչպէս Պօղոս առաքեալն է ասում՝ «Պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ, որովհետեւ ով չարչարւում է մարմնով, դադարում է մեղանչելուց», որի համար էլ երանելի է:
Տասներորդ՝ երանելի է Տիրոջ համար հալածուելը, որովհետեւ Տէրն Ինքն է հանդիսադիրը եւ չարչարակիցը՝ երեք կերպով: Նախ՝ Նա հանդիսադիր է՝ նախապէս ընտրութեամբ, ինչպէս առաքեալն է ասում. «Որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց»[5]: Երկրորդ՝ նախ Ինքը դրեց նահատակութեան հանդէսը եւ չարչարուեց եւ ապա Իր մօտ կանչեց հետեւորդներին: Երրորդ՝ այժմ էլ Տէրը վկաների հանդիսադիրն է, չարչարակից է լինում եւ օգնում նրանց, պատերազմում է թշնամիների դէմ ու յաղթում նրանց եւ ապա պսակում Իր սուրբերին:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
[1] Մատթ. Ե 10:
[2] Բ Կորնթ. Ե 8:
[3] Փիլ. Գ 13:
[4] Յովհ. Է 39:
[5] Հռոմ. Ը 30:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: