«Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.
Եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:
Որք ի սկզբանէ պատուեալ եղեն ի սէր բոլորից Հօրն.
Եւ զտիեզերս հրաւիրեցին յորդեգրութեան շնորհս.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:
Որք զընթացս իւրեանց կատարեցին հաճոյիւք Քո Քրիստոս.
Եւ զպսակս անապական ի Քէն ընկալան.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց»:
(Շարակնոց)
Ադդէ սուրբ հայրապետը եդեսիացի մետաքսագործ էր եւ մեր Աբգար թագաւորի խոյր պատրաստողը: Երբ սուրբ Թադէոս առաքեալը եկաւ Եդեսիա ու մկրտեց արքային, այնժամ մկրտուեց եւ Ադդէն ու աշակերտեց առաքեալին: Զգեստաւորուեց առաքեալի հոգով եւ արժանացաւ եպիսկոպոս ձեռնադրուել նրա կողմից ու նրա փոխարէն հովիւ եւ վարդապետ կարգուել հայկական եւ ասորական Միջագետքում: Այդ պատճառով ինչպէս հայերը, այնպէս էլ ասորիները սուրբ Թադէոսից յետոյ՝ որպէս նրա յաջորդ, Ադդէին ճանաչում են որպէս իրենց առաջին եպիսկոպոս: Եւ արդարեւ, սուրբ Ադդէ հայրապետն առաքելաբար եղաւ Աստուծոյ Բանի քարոզիչը ոչ միայն Ուռհայում եւ Միջագետքում, այլեւ Ասորեստանի, մարերի եւ պարսիկների երկրներում ու բոլոր տեղերում սերմանեց Քրիստոսի աւետարանը՝ մեծամեծ նշաններ գործելով:
Սուրբ Ադդէի առաքելական քարոզչութիւնն ու առաջնորդութիւնը յաջողութիւն ունէր երանելի Աբգար թագաւորի կենդանութեան օրօք: Սակայն Աբգարի փոխուելուց յետոյ, երբ նրա անանուն որդին եւ Սանատրուկ քեռորդին թողեցին մեր Քրիստոս Աստուծոյ պաշտամունքը եւ դարձան կռապաշտութեան, Ադդէ հայրապետը հաւատացեալ հօտի հետ մեծ հալածանքներ կրեց: Նա նաեւ աստուածային յայտնութիւն ստացաւ արքայի գաղտնի չար խորհուրդների մասին, ըստ որի՝ իբր մի անանուն արքայ, նեղուելով քրիստոնեաների այն վարմունքից, որ նրանք երկրպագութեամբ մեծարելով պատւում էին Փրկչի անձեռագործ դաստառակը, որն Աբգարը դրել էր Ուռհայի պարիսպներին, մտածում էր իջեցնել եւ վերացնել այն՝ փոխարէնը կուռքերի պատկեր կանգնեցնելով:
Այդ պատճառով գիշերը Ադդէ հայրապետը վեր կացաւ, իր հետ վերցրեց բարեպաշտներից ոմանց, գնաց քաղաքի մուտքի մօտ եւ կանթեղ կախել տուեց սուրբ դաստառակի առաջ, որը դրուած էր խոր գոգաւոր տեղում: Այն ծածկելով կղմինդրով՝ ծեփել եւ պատին հաւասարեցնել տուեց, ու այդպէս խափանուեց չարի խորհուրդը, մինչեւ որ ժամանակ անց, երբ ծաղկեց քրիստոնէութիւնը, այդ տեղում գտնուեց փրկչական սուրբ պատկերը եւ դրուեց Եդեսիայի սուրբ Աստուածածնի եկեղեցում:
Իսկ անանուն անօրէն արքան՝ Աբգարի որդին, պատճառ բռնելով, պատուէր ուղարկեց Ադդէին, որ իր համար ոսկէ բանուածքով բեհեզի խոյր պատրաստի, ինչպէս որ նախկինում պատրաստում էր իր հօր համար: Առ այս սուրբ հայրապետը պատասխանեց. «Իմ ձեռքերը խոյր չեն պատրաստի անարժան գլխի համար, որը չի երկրպագում Քրիստոս կենդանի Աստծուն»: Այնժամ բարկացած թագաւորն իր զինակիցներից մէկին հրամայեց գնալ ու սրով կտրել սուրբի ոտքերը: Նա, գալով ու տեսնելով հայրապետին, որը նստած էր հայրապետական աթոռին, սուսերով կտրեց նրա սրունքներն ու դեն գցեց, եւ սուրբն անմիջապէս աւանդեց իր հոգին: Ինչպէս Խորենացին է գրում. «Այս էլ ծաղկաքաղ անելով՝ համառօտ յիշատակեցինք, քանի որ նախկինում ուրիշներից պատմուած է»: Արժան է լսել եւ Խորենացու այն խօսքերը, որ նա աւելացնում է. «Կարծես աստուածային մի ակնարկութեամբ Ադդէի սպանութեան վրէժը լուծուեց Աբգարի որդուց: Քանզի նա Եդեսիայում իր ապարանքի վերնատանը մարմարէ սիւն էր կանգնեցնել տալիս, իսկ ինքը ներքեւում կանգնած հրամայում էր, թէ ինչպէս պէտք է անել: Այնժամ սիւնը բռնողների ձեռքից սահելով ընկաւ նրա վրայ, ջարդեց ոտքերը եւ սպանեց նրան: Իսկոյն քաղաքի բնակիչները պատգամաւոր ուղարկեցին Սանատրուկի մօտ՝ խնդրելով ուխտով պայման կապել, որ նա չդիպչի իրենց քրիստոնէական հաւատքին, իսկ իրենք նրան կը յանձնեն քաղաքն ու թագաւորական գանձերը: Սանատրուկը կատարեց նրանց խնդրանքը, բայց յետոյ ստեց, նոյնիսկ Աբգարի տան բոլոր զաւակներին սրով կոտորեց»:
Այսպէս ամբողջ հայոց թագաւորութիւնն անցաւ Սանատրուկին, բայց կարճ ժամանակ անց Եդեսիան եւ ամբողջ Միջագետքն անցան հռոմէական իշխանութեան տակ: Այս բոլոր փոփոխութիւնների մէջ թէպէտ քրիստոնէութիւնը մնաց Եդեսիայում, սակայն Քրիստոսի հօտը միշտ եղաւ հալածանքների տակ:
Ասում են, որ սուրբ Թադէոս առաքեալն անվրէպ կանոններ է գրել եւ տուել Ադդէ եպիսկոպոսին, որոնց նշմարները մինչեւ այժմ երեւում են կանոնագրքերում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ադդէ հայրապետի տօնը նշում է Յիսնակի պահոց Դ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Իգնատիոս Աստուածազգեացի եւ սուրբ Մարութա եպիսկոպոսի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
2.Մովսէս Խորենացի. «Հայոց պատմութիւն», Երեւան-1981:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: