Զինուորութիւնք հրեշտակաց օրհնեն զՔեզ.
Իմանալի ձայնիւն զՔեզ փառաւորեն՝ Աստուած հարցն մերոց:
Իշխանութիւնք եւ Պետութիւնք, Սերովբէք եւ Քերովբէք
Փառաւորեն սուրբ զանունդ Քո՝ Աստուած հարցն մերոց:
Ազգ մարդկան հողեղինաց դասուց մարտիրոսաց՝
Երկրպագեն Տէրութեանդ Քո՝ Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Քրիստոսի պատուական վկայ սուրբ Ադոկտոսը, որն ապրել է Մաքսիմիանոս կռապաշտ արքայի օրօք, մեծապատիւ դուքս եւ եպարքոս էր Եփեսոս քաղաքում: Նա ծածուկ էր պահում քրիստոնէական իր հաւատքը: Ունէր գեղեցկատես մի դուստր՝ Կալիսթինէ անունով: Լսելով նրա մասին՝ արքան կամեցաւ նրան կնութեան առնել, իսկ հայրը՝ Ադոկտոսը, իմանալով այդ մասին, ընդդիմացաւ հեթանոսների պիղծ հաւատքի պատճառով եւ դստերը գաղտնի ուղարկեց ու Արեւելք փախցրեց:
Իմանալով, թէ ինչ է արել Ադոկտոսը, եւ նաեւ տեղեկանալով, որ նա քրիստոնեայ է, թագաւորը զրկեց նրան արքունի ունեցուածքից, ստացուածքից եւ պատուից ու ընտանիքով աքսորեց դէպի Միջագետք, միաժամանակ գրեց նաեւ Ալեքսանդրոս դուքսին, որպէսզի հարկադրի նրան ուրանալ Քրիստոսին եւ զոհ մատուցել կուռքերին, իսկ եթէ չհնազանդուի, մատնուի չարչարանքների եւ դառը տանջանքների: Եւ Ադոկտոսը խստօրէն բռնադատուեց Ալեքսանդրոս դուքսի կողմից, բայց քանի որ երանելին չուրացաւ Քրիստոսին, շատ տանջանքներից յետոյ կտրեցին նրա գլուխը: Նրան թաղեցին իր կինը եւ միւս դուստրը՝ Պելոպիան:
Իսկ Կալիսթինէն իր հաւատարիմ ընկերներով եկաւ Նիկոմիդիա: Նա չէր կարող այլուր գնալ, որովհետեւ որոնողները հետապնդում էին նրան: Այդ պատճառով կտրեց մազերը եւ տղամարդու կերպարանք առնելով՝ թաքնուեց Նիկոմիդիայում, որտեղ էլ լսեց իր հօր մարտիրոսութեան մասին:
Ապա ութ տարի անց որպէս բժիշկ գնաց Թրակիա եւ գալով մի այրի կնոջ մօտ, որի դուստրն աչքի հիւանդութիւն ունէր, ցոյց տուեց, թէ օգնում է նրան ինչ-որ դեղամիջոցով, սակայն բժշկեց Քրիստոսի անունով: Այնժամ աղջկայ մայրը, կարծելով, թէ նա այր է, կամեցաւ դստերը կնութեան տալ նրան, որովհետեւ տեսաւ նրա երիտասարդ հասակը, գեղեցիկ դէմքը եւ բժշկութեան մէջ նրա հմտութիւնը: Երբ Կալիսթինէն իմացաւ, որ մայրն ու դուստրը քրիստոնեաներ են, իրեն յայտնեց նրանց, պատմեց այն բոլոր դէպքերը, որ կատարուեցին իր եւ ծնողների հետ ու միառժամանակ նրանց մօտ մնաց:
Մեռաւ Մաքսիմիանոսը, եւ Լիկիանոսը, որի կինը Կոստանդիանոս Մեծի քոյրն էր, թագակիր դարձաւ: Երբ Կալիսթինէն իմացաւ, որ թագուհին քրիստոնեայ է, գնաց նրա մօտ եւ պատմեց նրան ամբողջ կատարուածի մասին: Թագուհին ընդունեց նրան իր ապարանքում, նրան կոչեց իր որդու մայրը եւ վերադարձրեց այն բոլոր ունեցուածքը, որ Մաքսիմիանոսն առել էր իր հօր ձեռքից:
Այնուհետեւ Կալիսթինէն զինուորների ուղեկցութեամբ, որոնց խնդրեց թագուհուց, գնաց ասորական Միջագետք, վերցրեց իր մօրը, քրոջը եւ հօր նշխարները ու տարաւ Եփեսոս: Այնտեղ պատուով ամփոփեց հօրը եւ մօր ու քրոջ հետ բարի եւ առաքինասէր վարքով սպասաւորեց իրենց հօր՝ Ադոկտոսի սուրբ մարմնին, մինչեւ որ խաղաղութեամբ վախճանուեցին ի Քրիստոս եւ ամփոփուեցին սուրբ Ադոկտոսի մօտ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ադոկտոս վկայի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ շաբաթ օրը՝ սուրբ Գեւորգ զօրավարի եւ սուրբ Ռոմանոս երգեցողի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 559:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: