ՍՈՒՐԲ ԱԴՐԻԱՆՈՍԻ, ՆՐԱ ԿՆՈՋ՝ ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Յուսացեալքն յանուն քո սուրբ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:

Որք կամաւն իւրեանց անցին՝ ընդ հուր եւ ընդ սուր. եւ դասակից եղեն վերին զուարթնոցն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:

Արդ խնդրեմք ի Քէն Թագաւոր փառաց.

Աղաչանօք սրբոց վկայիցն խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

Պատուական սուրբ Ադրիանոս վկան եւ նրա կինը՝ սքանչելի սուրբ Անատոլիան, Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքից էին: Ադրիանոսը հեթանոս ծնողների զաւակ էր, իսկ նրա աստուածավախ կինը քրիստոնեայ էր: Նրանք ապրել են Մաքսիմիանոս կռապաշտ կայսեր օրօք, որը մեծ հալածանքներ էր յարուցում յատկապէս Նիկոմիդիա քաղաքի եւ յարակից սահմաններում ապրող քրիստոնեաների դէմ: Ամենուր բազմացել էին կուռքերի տաճարները, իսկ քաղաքներն ու աւանները լցուել էին գարշելի զոհաբերութիւնների հոտով եւ ծխով: Արքունի հրամանով քարոզւում էր հրապարակներում, որ բոլորը զոհ մատուցեն չաստուածներին, իսկ չհնազանդուողները պիտի զրկուէին կեանքից: Նշանակուեցին մարդիկ, որոնք պէտք է որոնէին քրիստոնեաներին, ինչպէս նաեւ լրտեսներ, որպէսզի մատնէին նրանց:

 

Որոնումներից յետոյ այդ անօրէն գործի վերակացուները յայտնեցին, թէ քրիստոնեաներից ոմանք թաքնուել են քաղաքից դուրս գտնուող մի քարայրում, եւ գիշերուայ մէջ լսւում են նրանց ձայները, որոնք օրհնում են իրենց Աստծուն: Այնժամ նրանք զինուորներ ուղարկեցին, որոնք բռնեցին երանելիներին եւ բերեցին Նիկոմիդիա: Քաղաք մտնելու պահին կայսրը՝ կառքին բազմած, մեծ շուքով գնում էր կուռքերի տաճար՝ զոհ մատուցելու իր աստուածներին: Պատուիրակները բարձրաձայն ասացին նրան. «Քա՛ջ արքայ, շրջելով բոլոր քաղաքներով եւ նրա սահմաններով՝ տեսանք, որ բոլորը հաւատարիմ են աստուածների պաշտամունքին եւ հնազանդ՝ ձեր հրամաններին, եւ միայն սրանք ըմբոստացան, արհամարհեցին քո խօսքերն ու անարգեցին աստուածներին»:

 

Կայսրը հրամայեց կանգնեցնել կառքը, մօտ կանչեց կալանաւորներին եւ ասաց նրանց. «Ասացէ՛ք ինձ, դուք որտեղի՞ց էք, տեղաբնակնե՞ր էք, թէ՞ օտարականներ»: Եւ նրանք պատասխանեցին. «Սա մեր ծննդավայրն է, իսկ հաւատքով մենք գալիլեացիներ ենք»: Թագաւորն ասաց. «Դուք չգիտէ՞ք, թէ ինչ պատիժ է սահմանուած նրանց համար, ովքեր հետեւում են նրանց օրէնքին, եւ կամ ինչ վախճան են ունեցել նրանք, ովքեր երբեւէ իմ ձեռքն են ընկել»: Նրանք պատասխանեցին. «Այո՛, տեղեակ ենք եւ ծիծաղել ենք հրամանատուի յիմարութեան ու նրա անմիտ հրամանի վրայ: Ծիծաղել ենք նաեւ սատանայի վրայ, որը զօրացել է կորստեան ենթակայ որդիների մէջ, որոնց առաջնորդը դու ես»: Թագաւորը բարկացաւ եւ ասաց. «Դուք համարձակուեցիք ինձ եւ իմ հրամաններն անմի՞տ կոչել: Երդւում եմ իմ մեծ աստուածներով, որ ձեզ կորստեան կը մատնեմ սոսկալի տանջանքներով»:

 

Ապա հրամայեց տանել նրանց այն յայտնի տեղը, ուր կային բոլոր տեսակի տանջարանները, եւ հէնց նոյն օրը եկաւ բազմեց ատեանի բեմին: Նախ հրամայեց մէջքի վրայ պառկեցնել նահատակներին, հարուածել մահակներով եւ ապա ասաց. «Թող այժմ նրանց Քրիստոսը գայ ու իմ ձեռքից ազատի իրենց»: Դահիճներն ուժգին հարուածեցին նրանց: Բռնաւորը հրամայեց նաեւ իր միւս սպասաւորներին, որ իրենք եւս հարուածեն հաստ մահակներով: Քրիստոսի սուրբ վկաները տանջանքների մէջ ասում էին. «Ո՛վ աստուածամարտ, աւելացրո՛ւ մեր չարչարանքները, որովհետեւ որքան շատացնես մեր տանջանքները, այնքան կ՚աւելացնես մեր պսակները»: Բռնաւորն ասաց նրանց. «Եթէ այժմ կտրեմ ձեր գլուխները, ինչպէ՞ս կ՚ակնկալէք պսակներ ստանալ: Քա՛ւ լիցի, թողէ՛ք ձեր յամառութիւնը եւ զուր կորստեան մի՛ մատնէք ձեզ»: Սուրբերը պատասխանեցին. «Ո՛վ բռնաւոր, եւ թշնամի՛ ճշմարտութեան, քեզ կորուստ է սպասւում, որովհետեւ դու անողորմ տանջում ես Աստուծոյ ծառաներին, որոնք որեւէ չարիք չեն գործել»: Անօրէն արքան բարկացաւ, մոլեգնեց եւ հրամայեց քարերով ջարդել նրանց կզակները: Եւ նրանք ասացին. «Ո՛վ ամբարիշտ, դու հրամայում ես անպարտներիս այսպէս խոշտանգել որպէս չարագործների՞: Իմացի՛ր, որ Աստուծոյ հրեշտակն էլ կը հարուածի քեզ ու քո ամբողջ տանը, որովհետեւ արեան ծարաւ ունենալով՝ դու չյագեցար նախկին տանջանքներից եւ չմտածեցիր, որ դու էլ մեր նոյն մարմինն ունես, սակայն քոնը՝ պղծուած անօրէնութեամբ, իսկ մերը՝ պահուած անարատութեամբ: Բայց ամենքի Տէրը կարող է պահել Իրեն յուսացողներին, որովհետեւ այս անթիւ հարուածները կը փշրէին քարերը, էլ չեմ ասում մարդու մարմինը»:

 

Այս խօսքերից բռնաւորն աւելի բարկացաւ ու ասաց. «Ես կտրել կը տամ ձեր լեզուները, որպէսզի ձեզ տեսնելով՝ մարդիկ սովորեն չհակառակուել իրենց տէրերին»: Սուրբերն ասացին. «Դու իսկապէ՞ս ատում ես նրանց, ովքեր չեն հնազանդւում իրենց տէրերին»: Թագաւորն ասաց. «Ոչ միայն ատում եմ, այլեւ պատժում եմ»: Այնժամ սուրբ վկաներն ասացին. «Գոնէ կատարի՛ր քո իսկ խօսքերը, քանզի եթէ դու ատում ու պատժում ես նրանց, որոնք չեն հնազանդւում աշխարհիկ տէրերին, ապա ինչո՞ւ ես մեզ ստիպում չհնազանդուել երկնաւոր Թագաւորի՝ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի պատուիրաններին: Դու կամենում ես մեզ կցորդ դարձնել այն պատուհասներին, որոնք պատրաստուած են քեզ եւ քո հօր՝ սատանայի համար»: Բռնաւորն ասաց. «Անզգամնե՛ր, ասացէ՛ք, ի՞նչ է պատրաստուած ինձ համար»: Սուրբերն ասացին. «Անշէջ հուր, անքուն որդ, անվախճան տանջանքներ, մշտնջենաւոր պատիժ, կորստեան գուբ, արտաքին խաւար, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտոց»: Թագաւորն ասաց. «Թող աստուածներն ինձ այդպէս պատժեն, եթէ ինչպէս ասացի՝ կտրել չտամ ձեր լեզուները, որ թերեւս չլսուեն ձեր զառանցանքները»: Իսկ սուրբերն ասացին. «Անմի՛տ, դու կարող ես կտրել մեր մարմնի անդամը, սակայն մեր սրտերի հեծութիւնը եւս կարող է բարձրաձայն գոչել առ Աստուած: Մեր հոսող անպարտ արիւնը բերան ունի ու բարձր հնչող փողի նման խօսում է կենդանի Աստուծոյ ականջներում, յանուն Որի կրում ենք այս չարչարանքները»:

 

Այնժամ թագաւորն ասաց. «Մէկ առ մէկ գրէ՛ք դրանց անունները եւ շղթայակապ նետէ՛ք մահապարտների բանտ: Տանջէ՛ք ամէն տեսակ չարչարանքներով, որովհետեւ նրանք արժանի են մեռնել ոչ միայն սրով, այլեւ մեծամեծ պատիժներով, որպէսզի բոլոր մերձաւորներն ու հեռաւորները սթափուեն նրանցով»:

 

Սուրբերը դեռ չէին հեռացել ատեանի առջեւից, եւ այնտեղ գտնուող Ադրիանոս անունով մի մարդ, որը զինուորական դասի վերակացուներից մէկն էր, տեսնելով երանելիների հաստատակամութիւնն ու քաջութիւնն իրենց չարչարանքների մէջ եւ հարցաքննութեան ժամանակ, մօտեցաւ նրանց ու ցածր ձայնով ասաց. «Երդուեցնում եմ ձեզ ձեր Աստուծով, ասէ՛ք ինձ ճշմարտութեամբ. ի՞նչ է լինելու ձեր վարձքը, ի՞նչ էք ակնկալում ստանալ չարչարանքների փոխարէն, որոնց համբերում էք, որովհետեւ ինձ այնպէս է թւում, որ դրանք պիտի լինեն մեծամեծ եւ յոյժ սքանչելի: Ես լսել եմ իմ քրիստոնեայ կնոջից, որ մեծ է քրիստոնեաների յոյսը, ինչպէս գրուած է Սուրբ Գրքում: Այժմ նայելով ձեր գործերին՝ ես դա ընդունելի եմ համարում»: Սուրբերն ասացին նրան. «Ո՛չ մեր բերանները կարող են պատմել այդ բաների մասին, ո՛չ էլ քո ականջները կարող են տանել»: Ադրիանոսն ասաց նրանց. «Չէ՞ որ այդ մասին ոչինչ չի լսուել Օրէնքներից, մարգարէներից կամ այլ գրքերից»: Սուրբերն ասացին. «Մարգարէներն, ինչպէս որ հարկն է, հասու չեղան դրանց, որովհետեւ նրանք եւս մարդիկ էին եւ որքան կարողացան ստանալ Սուրբ Հոգուց, այդքան խօսեցին, քանզի գրուած է, թէ այն, ինչ աչքը չի տեսել, եւ ականջը չի լսել, ու մարդու սիրտը չի ընկել, այդ է պատրաստել Աստուած Իր սիրելիների համար»:

 

Այս լսելով՝ Ադրիանոսն իսկոյն մօտեցաւ ատեանին եւ դպիրներին ասաց. «Գրէ՛ք իմ անունն այս սուրբ մարդկանց հետ, որովհետեւ ես եւս քրիստոնեայ եմ»: Իսկ կայսրը, որ քաջ ճանաչում էր Ադրիանոսին, երբ տեսաւ նրան վկաների մէջ, կարծեց, թէ եկել է՝ ամբաստանելու նրանց եւ ասաց ատենադպրին. «Իսկոյն գրանցէ՛ք այն ամբաստանութիւնները, որ առաջ է բերում հաւատարիմ Ադրիանոսը»: Իսկ դպրապետն ասաց արքային. «Նա իրեն քրիստոնեայ է կոչում եւ խնդրում է գրել իր անունն այդ մահապարտների հետ»: Այնժամ բռնաւորը սաստիկ բարկացաւ, փոխուեց նրա երեսի գոյնը, ապա դարձաւ Ադրիանոսին եւ ասաց. «Ներողութիւն խնդրիր ինձնից, բազմութեան առաջ ասա՛, թէ խօսեցիր այլամտօրէն, եւ ես կը ջնջեմ քո անունը մահապարտների ցանկից»: Ադրիանոսը պատասխանեց. «Այսուհետեւ ես թողութիւն եմ խնդրելու իմ Աստծուց՝ իմ անարժան վարքի եւ մինչ այս պահը յանցանք գործելու համար»: Բարկացած Մաքսիմիանոսը հրամայեց կապել նրան երկաթէ շղթաներով, սուրբ վկաների հետ բանտ տանել եւ սահմանեց օր՝ նրանց դարձեալ հարցաքննութեան կանչելու համար:

 

Այնժամ Ադրիանոսի մտերիմ ծառաներից մէկն իսկոյն գնաց տուն, նրա կնոջը՝ Անատօլիային պատմեց ամէն բան ու ասաց. «Իմ տէր Ադրիանոսին կապեցին երկաթէ շղթաներով եւ բանտարկեցին»: Իսկ նա, չիմանալով պատճառը, պատռեց իր հանդերձը ու ծառային լալագին հարցրեց. «Ասա՛ ինձ, ինչո՞ւ է բանտարկուել իմ տէրը»: Երիտասարդ ծառան ասաց. «Նա տեսաւ մարդկանց, որոնք չարչարւում էին Նրա համար, Որին Քրիստոս են կոչում եւ յանձն չէին առնում զոհ մատուցել աստուածներին: Ադրիանոսն ինքնակամ միացաւ նրանց եւ դպիրներին խնդրեց գրել իր անունն այդ մարդկանց շարքում, "որովհետեւ, - ասաց, - ես ցանկանում եմ մեռնել նրանց հետ"»: Կինն ասաց. «Եւ չիմացա՞ր, թէ ինչու էին այդ մարդիկ մատնուել չարչարանքների»: Ծառան պատասխանեց. «Ասացի քեզ, որ չկամեցան զոհ մատուցել աստուածներին»:

 

Այս լսելով՝ Անատօլիան ուրախացաւ, փոխեց իր պատառոտուած հանդերձը եւ շտապեց բանտ՝ տեսնելու իր կալանաւոր ամուսնուն: Ներս մտնելով՝ ընկաւ Ադրիանոսի ոտքերը, համբուրեց նրա կապանքները եւ ասաց. «Երանի՛ քեզ, իմ տէր Ադրիանո՛ս, որովհետեւ դու գտար այն, ինչը քո ծնողները քեզ չեն ժառանգել: Արդարեւ, այսպէս օրհնեալ կը լինի ամէն մարդ, ով ունի Աստուծոյ երկիւղը: Այժմ, տէ՛ր իմ, անհոգ գնա՛ այն աշխարհ՝ քո առջեւից ուղարկելով մեծ հարստութիւն, որը կը գտնես այն կարեւոր պահին, երբ հարուստները կ՚աղքատանան, իսկ չքաւորները կը լիանան անկողոպտելի հարստութեամբ, երբ այլեւս ժամանակ չի լինի փոխ առնել մէկից, երբ ոչ ոք չի կարող փրկել մէկին, եւ որեւէ մէկին ոչինչ չի կարող ազատել պատուհասից: Ծառաները չեն կարող փրկել իրենց տէրերին, բարեկամն՝ իր բարեկամին, որովհետեւ իւրաքանչիւրը պիտի իր բեռը կրի: Եւ դու, տէ՛ր իմ, պիտի գնաս՝ քոնը քեզ հետ առած եւ տանելով քեզ հետ բոլոր խոստումներն ու սպասելով վարձքի հատուցմանն արդար Դատաւորի կողմից: Միայն թէ հաստատուն մնայ քո կոչման մէջ, որպէսզի թշնամու հրապոյրները չսասանեն քեզ ու այս կեանքի սնոտի պատրանքները յետ չպահեն այն երանաւէտ կեանքից: Միշտ նայի՛ր Աստուծոյ սուրբ ծառաներին, ընդօրինակի՛ր նրանց արիութիւնը, հետեւի՛ր նրանց համբերութեանը, եւ դու չես զարհուրի տանջանքներից ու հողեղէն մարդու սպառնալիքներից, որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է եւ քեզ հետ կը լինի»:

 

Այս եւ նման խօսքեր լսելով իր բարեպաշտ կնոջից՝ Ադրիանոսը լի եղաւ ուրախութեամբ եւ ասաց նրան. «Տիկի՛ն, գնա՛ տուն եւ այնտեղ սպասի՛ր: Երբ իմանամ ատեանի առաջ կանգնելու իմ ժամը, ես կը կանչեմ քեզ, եւ դու ներկայ կը լինես մեր նահատակութեանը»:

 

Անատօլիան ելաւ, շրջեց բանտում, համբուրեց բոլոր սուրբ կալանաւորների կապանքները, որոնք թուով քսաներեքն էին եւ աղաչելով ասաց նրանց. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, տէրե՛ր, օգնական եղէ՛ք Քրիստոսի այն ոչխարին: Սովորեցրէ՛ք նրան, թէ որն է համբերութեան պտուղը: Նա ձեր չարչարանքների արդիւնքն է եւ ձեր նահատակութեան առաքինի ծնունդը: Քրիստոսի առաջ պարտաւորութիւն վերցրէք նրա համար եւ եղեք նրա հոգեւոր ծնողը մարմնաւոր ծնողների փոխարէն, որոնք հեռու էին բարեպաշտ հաւատքից»:

 

Ապա դարձեալ եկաւ Ադրիանոսի մօտ, որի մարմինը ներքին բանտում պրկուած էր գելարանի մէջ եւ կրկին քաջալերեց ու սթափեցրեց նրան: Յիշեցրեց, որ անտեսի մարմնի չարչարանքները եւ յիշի, թէ ինչ է պատրաստուած հոգու համար: Այնուհետեւ հրաժեշտ տուեց նրան եւ բերկրալից սրտով տուն վերադարձաւ:

 

Երեք օր անց, երբ Ադրիանոսը տեղեկացաւ, որ մօտեցել է իրենց ատեանի առաջ կանգնելու ժամը, ասաց երանելի նահատակակիցներին. «Թոյլ տուէք, որ գնամ ու ինչպէս խոստացել եմ՝ բերեմ ձեր աղախնուն, որ նա ներկայ լինի մեր վկայութեանը»:

 

Եւ սուրբերից համաձայնութիւն ստանալով՝ մեծ գանձեր տուեց բանտապահներին, որոնց ճանաչում էր եւ իր համար սուրբերին երաշխաւոր թողնելով՝ գնաց: Ճանապարհին իր ծանօթներից մէկը տեսաւ իրեն եւ իսկոյն գնաց ու աւետիս տուեց Անատօլիային՝ ասելով. «Ադրիանոսն ազատուել է բանտից: Ահա նա գալիս է եւ հեռու չէ տնից»: Սակայն նա չհաւատաց եւ ասաց. «Ո՞վ կ՚արձակի նրան այն կապանքներից, եւ կամ ինչպէ՞ս նա կ՚առանձնանայ սուրբերի գնդից»: Եւ մինչ խօսում էր, ահա եկաւ մտերիմներից մէկն ու յայտնեց «Մեր տէրն արձակուել է եւ ահա գալիս է»:

 

Այնժամ Անատօլիան խռովքի մատնուեց, կարծեց, թէ նա փախել է մարտիրոսութիւնից եւ սկսեց արտասուել ու անմխիթար ողբալ: Եւ երբ տեսաւ, որ նա գալիս է, շտապեց փակել տան դուռը եւ ներսից բարձրաձայն ասաց. «Հեռացի՛ր, որովհետեւ դու հրաժարուեցիր Աստծուց եւ ստեցիր քո Տէր Աստծուն: Ես բնաւ չեմ խօսի Աստծուն ուրացողի հետ եւ չեմ լսի այն լեզուի խօսքը, որը դաւաճանեց իր Արարչին: Ո՛վ թշուառական, ո՞վ ստիպեց քեզ ձեռնարկել մի գործ, որը չէիր կամենում կատարել, եւ ո՞վ հեռացրեց քեզ վայելչագեղ նաւահանգստից: Դեռ չտեսած քո թշնամուն՝ ինչո՞ւ վայր դրեցիր զէնքդ ու փախար պատերազմից եւ ինչո՞ւ խոցուեցիր՝ առանց նետահարուելու: Վա՜յ ինձ, որ արժանի չեղայ մարտիրոսի կին կոչուելու, այլ լծալից գտայ ուրացող դասալիքի: Իմ պարծանքը կարճ տեւեց, իսկ նախատինքը կը մնայ յաւիտեան: Մի փոքր երանելի եղայ կանանց մէջ եւ ահա ամօթալից պիտի լինեմ»:

 

Իսկ երանելի Ադրիանոսը լսում էր այս ամէնը եւ համբերում, որովհետեւ ուրախ էր այդ խօսքերի համար, բայց նա շտապում էր վերադառնալ ու փափագում էր աւարտել իր ընթացքը: Միաժամանակ զարմանում էր կնոջ արիութեան վրայ, որն այդպիսի խօսքեր էր ասում առնական հոգով, մանաւանդ որ նա երիտասարդ էր, ու դեռ չէր լրացել իրենց ամուսնութեան տասներեքերորդ ամիսը: Եւ երբ տեսաւ, որ կինը թիւր կարծիք ունի իր մասին, ասաց. «Բացի՛ր դուռը, տիկի՛ն Անատօլիա, ես չեմ փախել մարտիրոսութիւնից, ինչպէս որ կարծում ես, քա՛ւ լիցի: Ես եկել եմ կանչելու քեզ, որ տեսնես մեր նահատակութիւնը, ինչպէս որ խոստացայ քեզ»: Սակայն կինը դեռեւս չէր հաւատում, որովհետեւ չէր ակնկալում, որ նա անձամբ կը գայ՝ իրեն կանչելու: Այնժամ Ադրիանոսն ասաց. «Բացի՛ր դուռը, որպէսզի չհեռանամ այստեղից՝ առանց քեզ տեսնելու, եւ դու անփարատելի ցաւ չունենաս ամբողջ կեանքիդ ընթացքում: Ես չեմ կարող ուշանալ, որովհետեւ այս ժամի համար սուրբերն ինձ համար երաշխաւոր են կանգնել: Եւ եթէ դահիճներն ինձ փնտռեն ու չգտնեն, ապա սուրբ վկաներն իրենց տանջանքների վրայ պիտի կրեն նաեւ իմ տանջանքները, որոնք բռնաւորի անտանելի խոշտանգումների երեսից գրեթէ հասել են մահուան դռներին»:

 

Այս լսելով՝ Անատօլիան ուրախութեամբ շտապեց բացել դուռը, եւ փարուելով միմեանց՝ ողջոյն տուեցին: Ադրիանոսն ասաց. «Երանելի՛ ես դու կանանց մէջ, որովհետեւ միայն դու օգտակար եղար քո ամուսնուն եւ արդարեւ ճշմարիտ այրասէր եղար: Թող Տէրը բարձրացնի քեզ եւ որպէս Իր վկաներից մէկը՝ յաղթութեան պսակ տայ առանց չարչարանքների»:

 

Եւ ապա միասին ուրախութեամբ բանտ գնացին: Ճանապարհին Ադրիանոսն Անատօլիային ասաց. «Ի՞նչ պատուէր տուեցիր տան համար», իսկ նա պատասխանեց. «Տէ՛ր իմ, մի՛ մտածիր ժամանակաւորի եւ անցաւորի մասին, որպէսզի չնսեմացնես միտքդ ունայնութիւններով, այլ միայն հոգայ սկսած գործդ աւարտին հասցնելու համար: Մոռացի՛ր երկրաւորը եւ փնտռի՛ր երկնաւոր անանց բարիքները, որ պահուած են քեզ եւ քեզ հետ եղողների համար»:

 

Երբ հասան բանտ, Անատօլիան մօտեցաւ սուրբերին, համբուրեց նրանց կապանքները եւ տեսաւ տանջանքներից ջախջախուած նրանց մարմինները, տեսաւ նաեւ նրանց նեխած մարմիններում վխտացող որդերին, որից գալարուեցին նրա աղիքները: Իսկոյն ուղարկեց իր աղախիններին՝ թանկարժէք եւ պատուական կտաւներ բերելու համար: Եւ վերցրեց դրանք, կտորների բաժանեց, մաքրեց սուրբերի թարախոտ վէրքերը ու պատեց շղթաներից քայքայուած նրանց ձեռքերն ու ոտքերը: Եւ այդպէս երանելի Անատօլիան եօթ օր՝ մինչեւ սուրբերին հարցաքննութեան կանչուելը, մնաց բանտում եւ ամբողջ սրտով ծառայեց նրանց:

 

Ապա դահիճներն արքունի հրամանով եկան բանտ: Քանի որ քայքայուել էին սուրբերի անդամները, նրանց տարան գրաստների վրայ դրած եւ բոլորը մի շղթայով կապուած, իսկ երանելի Ադրիանոսը գնում էր վերջից՝ ձեռքերը մէջքին կապուած: Երբ մօտեցան հարցաքննութեան վայրին, արքայի ոստիկանն ազդարարեց, որ ահա մահապարտները հասել են մուտքի դռներին: Բռնաւորն ասաց. «Նրանց մօտեցրէք մահապարտներին յատուկ անարգ կերպով, որպէսզի նրանցից իւրաքանչիւրին հարցաքննելիս տեսնեն իրենց ընկերների չարչարանքներն ու տառապանքները եւ համաձայնուեն ուրանալ իրենց հաւատքը»: Իսկ ոստիկանն ասաց. «Աւելի վաղ տանջանքների մատնուածները ստացած շատ հարուածների պատճառով չեն կարող մօտենալ հարցաքննութեան: Ողջանդամ է Ադրիանոսը եւ միայն նա կարող է կրել բոլոր տանջանքները: Միւսների բոլոր անդամները գլխովին փտել են, մինչեւ անգամ երեւում են նրանց կողերը: Ուստի ճիշտ կը լինի թողնել նրանց մի քանի օր, մինչեւ որ կազդուրուեն եւ ապա ենթարկուեն չարչարանքների: Եթէ այժմ աւելացնենք նրանց տանջանքները, ապա նրանք հեշտութեամբ կը մեռնեն: Ուստի եթէ ձերդ տէրութիւնը կամենում է, թող Ադրիանոսը մօտենայ ատեանին»:

 

Այս խօսքերը հաճելի թուացին բռնաւորին: Նա հրամայեց որպէս մահապարտի առաջ բերել Ադրիանոսին: Այնժամ դահիճները մերկացրին նրան ու նրա ուսին փայտ դրեցին՝ տանելու եւ ատեան մտցնելու համար: Տեսնելով այդ՝ նրա սուրբ ընկերներն ասացին. «Ադրիանո՛ս, ահա արժանի եղար կրելու քո խաչը եւ գնալու Տիրոջ յետեւից: Զգո՛յշ եղիր, որ չշեղուես այդ ճանապարհից, որպէսզի բանսարկուն չկողոպտի քո հոգու գանձը: Մի՛ վախեցիր նրանցից, որոնց տեսնում ես, այլ նայի՛ր ակնկալուող փառքին: Արհամարհի՛ր բռնաւորին, որովհետեւ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն այն հանդերձեալ փառքին, որ յայտնուելու է մեզ»:

 

Իսկ երանելի Անատօլիան մօտեցաւ կենդանի նահատակին եւ ասաց. «Տէ՛ր իմ, քո աչքը յառիր միայն Աստծուն, իսկ տանջանքները թող չզարհուրեցնեն քեզ: Նեղութիւնները քիչ են եւ ժամանակաւոր, իսկ վարձքը՝ մեծ եւ յաւիտենական, չարչարանքները կարճատեւ են, իսկ հանգիստը՝ մշտնջենաւոր, երկրի վրայ նահատակութիւն է, իսկ երկնքում՝ պսակ: Եթէ զինուորութեանդ ժամանակ բազմիցս խոշտանգւում էիր իշխանների եւ վերակացուների կողմից՝ զինուորին տրուող առօրեայ վարձքի համար, ապա որքան առաւել արժան է կրել վրայ հասած չարչարանքները, որպէսզի ժառանգես երկնային թագաւորութիւնը յաւիտեանս յաւիտենից»:

 

Արդ, երբ երանելի Ադրիանոսին կանգնեցրին ատեանի առջեւ, թագաւորը նրան տեսնելով՝ ասաց. «Թշուառակա՛ն, խելքի չե՞ս եկել»: Սուրբ Ադրիանոսը պատասխանեց. «Այո՛, այժմ խելքի եմ եկել եւ ջանում եմ, որ հոգիս կորստեան չմատնեմ»: Բռնաւորն ասաց. «Արդ, լսի՛ր ինձ, զոհ մատուցիր մեծ աստուածներին եւ երկրպագիր նրանց, ինչպէս մենք բոլորս, այլապէս կը մատնուես այնպիսի սոսկալի տանջանքների, որոնք անգամ լսած չես լինի»: Սուրբ Ադրիանոսը պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, ինչո՞ւ էք մոլորուել՝ երկրպագելով անշունչ եւ անսուրբ կուռքերին ու թողել էք կենդանի Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը, ծովը եւ նրանում եղածները: Ես նրանց երբէք աստուած չեմ կոչի եւ երբէք չեմ համաձայնուի երկրպագել խուլ, համր եւ անզգայ քարերին: Այժմ իսկոյն արա՛, ինչ կամենում ես»:

 

Թագաւորն անասելի բարկացաւ եւ հրամայեց մահակներով անխնայ հարուածել նրան: Լուր հասաւ Անատօլիային, որ Ադրիանոսին տանջանքների են մատնում: Այնժամ գնաց սուրբերի մօտ, յայտնեց նրանց այդ մասին ու ասաց. «Իմ տէրն սկսել է վկայական հանդէսը»: Այս լսելով՝ նրանք սկսեցին աղօթել նրա համար: Իսկ Ադրիանոսին տանջեցին այնքան երկար ու անխնայ, որ նրա մարմինը կտոր-կտոր էր լինում, իսկ արիւնը հոսում էր վտակների պէս: Բռնաւորն ասաց նրան. «Ո՛վ թշուառական, անշուշտ այն մոլորեցուցիչները քեզ սովորեցրին այդ անմտութիւնը»: Սուրբը պատասխանեց. «Ինչո՞ւ ես մոլորեցուցիչ կոչում նրանց, որոնք դէպի յաւիտենական կեանք են առաջնորդում: Իրական մոլորեցուցիչները դուք էք, որ որսում էք մարդկանց եւ կորստեան մատնում»:

 

Զայրացած բռնաւորը հրամայեց հարուածել նրան փշոտ գաւազաններով, իսկ սուրբն ասաց նրան. «Որքան աւելացնես տանջանքների տեսակները, այնքան կ՚աւելացնես իմ մրցանակի վարձքը»: Իսկ երանելի Անատօլիան բռնաւորից լսած բոլոր խօսքերն ու Ադրիանոսի պատասխանները պատմում էր սուրբերին: Թագաւորը դարձեալ հարցրեց Ադրիանոսին. «Թշուառակա՛ն, խնայի՛ր երիտասարդութիւնդ եւ զուր քեզ կորստեան մի՛ մատնիր: Երդւում եմ աստուածներով, որ տեսնելով գեղեցկութիւնդ՝ խղճում եմ քեզ»: Սուրբը պատասխանեց. «Ես ինքս խնայում եմ ինձ՝ կուռքերին զոհ չմատուցելով»: Բռնաւորն ասաց. «Խոստովանի՛ր աստուածներին, եւ նրանք կը ներեն քեզ: Մենք յոյժ կը մեծարենք եւ կը վերադարձնենք քեզ քո նախկին պատիւը, որովհետեւ դու ազնուազարմ ես եւ մեծահարուստ ծնողների որդի, իսկ քո ընկերները ռամիկ մարդիկ են՝ ծնուած շինական ու աղքատ ծնողներից»: Սուրբը պատասսխանեց. «Գիտեմ, որ ճանաչում ես իմ հայրական ազնուազարմ տոհմը եւ իմ նախնիներին: Բայց եթէ դու ճանաչէիր իմ ընկերների հայրենի հարստութիւնը եւ ազնուատոհմութիւնը, դու ինքդ կ՚աղաչէիր նրանց աղօթել քեզ համար, որպէսզի ազատուես քո աստուածների դառը գերութիւնից եւ արժանանաս հաղորդ լինել նրանց պայծառութեանն ու փառաւորութեանը»:

 

Այնժամ բռնաւորն առաւել բարկացաւ եւ հրամայեց, որ չորս դահիճներ հարուածեն նրա որովայնին: Հարուածեցին այնքան, որ երբ անօրէնը տեսաւ սուրբի դուրս թափուող աղիքները, հրամայեց դադարեցնել տանջանքները, որովհետեւ նա երիտասարդ էր ու նրբակազմ: Ապա ասաց. «Ադրիանո՛ս, տեսնո՞ւմ ես, թէ ինչպէս եմ խնայում քեզ: Դու չես տեսնում իմ սէրը եւ չես կամենում ապաշխարել: Արդ, օգնութեան կանչիր աստուածներին, եւ ես կը հրամայեմ կանչել բժիշկների, որպէսզի նրանք բուժեն մարմինդ, ու դու արքունիքում միշտ ինձ հետ կը լինես»: Առաքինի նահատակը ծաղրելով պատասխանեց նրան. «Քանի որ խոստացար բժշկել ինձ բժիշկների միջոցով եւ արքունիք տանելով՝ պատիւ ընձեռել, ապա թող նախ քո աստուածներն ինձ ասեն, թէ ինչ են պատրաստւում անել, որպէսզի իմանամ, թէ նրանք ինչ զօրութիւն ունեն»: Կայսրն ասաց. «Աստուածները պատգամներ չեն տալիս եւ չեն խօսում»: Սուրբն ասաց. «Ո՛վ ամբարիշտ, եթէ քո չաստուածները ո՛չ խօսել գիտեն եւ ո՛չ պատգամներ են տալիս, էլ ինչո՞ւ ես զոհ մատուցում ու երկրպագում նրանց: Եւ ոչ միայն դու ես անում, այլեւ մեզ, որ մեծարուած ենք խօսքով, ստիպում ես զոհ մատուցել անխօս աստուածներիդ»: Այնժամ բռնաւորը հրամայեց կապել նրան ու դարձեալ բանտ տանել եւ օր նշանակեց՝ աւելի խիստ հարցաքննութեան համար:

 

Արդ, զօրականները սուրբերին բանտ տարան. ովքեր դեռ ուժասպառ չէին, զինուորները նրանց տանում էին քարշ տալով, իսկ ովքեր խեղուել էին տանջանքներից եւ անկարող էին քայլել, քարշ էին տալիս գետնի վրայով՝ ինչպէս անշունչ փայտի կտորների: Երանելի Անատօլիան, ձեռքը դնելով սուրբ Ադրիանոսի պարանոցի տակ, օգնում էր նրան ու ասում. «Երանելի՛ ես դու, իմ տէ՛ր Ադրիանոս, որովհետեւ արժանացար դասուել սուրբերի հետ եւ չարչարուել Նրա համար, Ով չարչարուեց քեզ համար: Ահա դու գնում ես տեսնելու Նրա փառքը, որովհետեւ ովքեր մէկ անգամ կցորդ եղան Նրա չարչարանքներին, հաղորդ կը լինեն նաեւ Նրա փառքին»: Եւ երբ հասան բանտ, սուրբերը, որ հաւաքուել էին մի տեղում, միաբան ողջոյն տուեցին երանելի Ադրիանոսին: Մինչեւ անգամ խեղանդամ դարձածները գնում էին սողեսող՝ սուրբ համբոյրով նրան ողջունելու եւ խաղաղութիւն տալու համար: Երանելի Անատօլիան իր ձեռքերով սրբում էր Ադրիանոսի արիւնն ու իւղով օծում նրա մարմինը, իսկ սուրբերը ողջոյն էին տալիս նրան՝ ասելով. «Եղբա՛յր, ուրախ եղիր Տիրոջով, որովհետեւ քո անունը գրուած է նահատակուած սուրբ մարտիրոսների հետ», եւ երանելի Ադրիանոսն ասաց. «Դուք եւս ուրախ եղէք ամէն ժամ: Աղօթէ՛ք ինձ համար, որպէսզի սատանան չար բան չսերմանի իմ մէջ, որովհետեւ սաստիկ տկար եմ»: Սուրբերն ասացին նրան. «Զօրացի՛ր, եղբայր Ադրիանո՛ս, եւ չարն այլեւս չի համարձակուի հակառակուել քեզ, որովհետեւ տեսնելով քո համբերութիւնը՝ նա փախուստ կը տայ: Երբ դու տկար էիր մարմնով, մենք անհանգստանում էինք, բայց երբ վեր կանգնեցիր մարդկային բնութիւնից, վստահ ենք ի Տէր, որովհետեւ չարն այլեւս չի համարձակուի խոչընդոտել քեզ: Ուստի բնաւ մի՛ վախեցիր եւ ամենեւին մի՛ երկմտիր»:

 

Սուրբերին սպասաւորելու համար Անատօլիայի հետ շատ յաճախ բանտ էին գալիս նաեւ այլ բարեպաշտ, ազնուական կանայք եւ սարկաւագուհիներ. մէկը նրանց վէրքերի թարախն էր մաքրում, մէկը խանձատուած մարմիններն էր դարմանում, մէկ ուրիշն էլ ստացած հարուածներն էր ապաքինում, եւ բոլորը միասին՝ իրար մէջ բաժանած սուրբերին մատուցուող ծառայութիւնները, խնամարկում ու հոգ էին տանում նրանց համար:

 

Երբ բռնաւորի ականջին լուր հասաւ, թէ պատուական կանայք յաճախում են բանտեր, սաստիկ բարկացաւ եւ պատուիրեց կանանցից ոչ մէկին թոյլ չտալ, որ բանտ մտնի: Իմանալով այս մասին՝ երանելի Անատօլիան կտրեց իր մազերը եւ տղամարդու հագուստ հագաւ: Այդպէս նա ելումուտ էր անում, ծառայում բոլոր սուրբերին եւ թեթեւ կերակուրներով ապաքինում բանտարկուածներին, որովհետեւ նրանք սաստիկ տկարացել ու ուժասպառ էին եղել հարուածներից եւ տանջանքներից: Մի անգամ նա նստել էր սուրբ Ադրիանոսի ոտքերի մօտ, աղաչում էր նրան եւ ասում. «Աղաչո՛ւմ եմ քեզ, մի՛ մոռացիր ինձ՝ քո լծակցին, յիշի՛ր, որ ես քո գործակիցն էի քո վկայութեան ժամանակ, որ ես օծեցի քեզ՝ մրցարան մտնելու, ինչպէս ըմբշամարտիկին ու խրախուսեցի քեզ պսակ ստանալու համար: Արդ, աղաչի՛ր Տէր Քրիստոսին, որպէսզի Նա ինձ ընդունի քեզ հետ, որպէսզի ինչպէս որ միմեանց կցորդ եղանք այս կարիքների ներքոյ եւ մեղսասէր կեանքում, այնպէս էլ միասին հաղորդ լինենք այն երանելի եւ անաշխատ ժառանգութեանը: Եւ սա թող լինի քո խնդրանքների առաջին պտուղը, որովհետեւ գիտեմ, որ Քրիստոս կը տայ քո այս խնդրանքը, որովհետեւ Նրան ցանկալի են այսպիսի հայցուածները: Դու տեղեակ ես քաղաքում տիրող անառակութեան եւ թագաւորի ամբարշտութեան մասին: Գուցէ բռնաւորն ինձ ամուսնացնի անաստուած մէկի հետ եւ քո սրբասէր կնոջը մատնի անօրէն մարդու ձեռքը: Արդ, հարկաւոր է պահպանես ինձ, ինչպէս որ սովորեցիր առաքեալից: Որպէս իմ պարկեշտութեան վարձք՝ շնորհի՛ր ինձ մեռնել քեզ հետ, եւ տեսնելով քո բարեսիրութիւնն իմ հանդէպ՝ թող կանայք սովորեն բարի գործեր անել իրենց ամուսինների համար»:

 

Միւս բարեպաշտ եւ ազնուական կանայք եւս՝ լցուած բարի նախանձախնդրութեամբ, Անատօլիայի օրինակով տղամարդու հագուստներ հագան, կտրեցին իրենց մազերը եւ այդպէս համարձակ մտնում էին բանտ ու ծառայում սուրբերին: Իմանալով այս մասին՝ բռնաւորը յոյժ զարմացաւ, բայց ոչինչ չասաց: Եւ երբ տեղեկացաւ, որ նահատակները մահամերձ են սաստիկ հարուածներից ու ցաւերից, հրամայեց պղնձէ սալեր դնել նրանց ոտքերի տակ եւ երկաթէ նիգով ջարդել նրանց սրունքներն ու ասաց. «Թող նրանք չմեռնեն սովորական մահով»:

 

Արդ, երբ դահիճները գործիքներն առած բանտ եկան, երանելի Անատօլիան ընդառաջ գնաց եւ խնդրեց նրանց՝ ասելով. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, սկսէ՛ք Ադրիանոսից», որովհետեւ վախենում էր, որ Ադրիանոսը կը տեսնի իրենից առաջ դառը չարչարանքներով տանջուող սուրբերին եւ կը զարհուրի: Եւ երբ դրեցին սալը, երանելի Անատօլիան բռնեց սուրբ Ադրիանոսի ոտքերը եւ տարածեց սալի վրայ: Դահիճներն ուժգին հարուածեցին ու կտրեցին նրա ոտքերը՝ ջարդելով բոլոր ոսկորները: Անատօլիան ասաց նրան. «Աղաչո՛ւմ եմ քեզ, Քրիստոսի՛ ծառայ, քանի դեռ ողջ ես, դու ինքդ մեկնիր ձեռքդ՝ կտրելու համար, որպէսզի նմանուես սուրբերին, որոնք տանջուեցին առաւել, քան դու»: Սուրբը ձեռքը դրեց սալի վրայ, իսկ դահիճները հարուածեցին ու կտրեցին այն: Եւ նոյն պահին երանելին Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին:

 

Դահիճները մէկ-մէկ մօտենում էին սուրբերին՝ ջարդելու նրանց սրունքները, սակայն նրանք իրենք էին յօժարութեամբ պարզում իրենց ոտքերը եւ  բարձրագոչ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր մեր հոգիները»: Այսպէս բոլոր երանելիներն Աստուծոյ ձեռքն աւանդեցին իրենց հոգիները: Անօրէն կայսրը հրամայեց հրկիզել սուրբերի մարմինները, «որպէսզի, - ասաց, - գալիլեացիները չտանեն նրանց ու չպատուեն իբրեւ աստուածների»:

 

Երանելի Անատօլիան գաղտնի վերցրել ու պահել էր սուրբ Ադրիանոսի ձեռքը: Եւ երբ դահիճները սուրբերի մարմինները տանում էին այրելու, Անատօլիան նրանց հետ մօտեցաւ այնտեղ, ուր մեծ հուր էր բորբոքուած: Նա սուրբերի արեան կաթիլներով օծում էր իրեն: Նոյնպէս եւ միւս բարեպաշտ կանայք մաքուր, ծիրանագոյն բեհեզեայ կտաւները թրջում էին սուրբ նահատակների արեան մէջ ու թաքցնում իրենց մօտ: Եւ ոչ միայն, շատ ոսկիներ ու թանկարժէք ակնեղէն տալով՝ նրանք գնում էին անգամ դահիճների հանդերձները, որոնք ողողուել էին վկաների արեամբ: Երբ հասան բորբոքուած հնոցի մօտ, դահիճները վերցրին սուրբերի մարմինները եւ նետեցին հնոցի մէջ: Աստուածասէր կանայք մի կողմ կանգնած բարձր ձայնով լաց էին լինում եւասում. «Տէրե՛ր, յիշէ՛ք մեզ ձեր Հանգստի մէջ»: Իսկ երանելի Անատօլիան՝ կենդանի նահատակը, որ վառւում էր Սուրբ Հոգու հրով, հեծեծալով այս ու այն կողմ էր գնում, փափագում էր նահատակակից լինել սուրբերին, եւ եթէ հնարաւոր լինէր՝ նետուել հրի մէջ: Գոչում էր սրտաբուխ եւ ասում. «Երանելիդ Ադրիանո՛ս, տա՛ր ինձ քեզ հետ եւ մի՛ թող ինձ այս անցաւոր աշխարհում»:

 

Եւ երբ սուրբերին գցեցին հնոցի մէջ, յանկարծ երկինքը որոտաց սաստիկ շառաչմամբ եւ փայլատակումներով, սասանուեց երկիրն ու ամբողջ քաղաքը: Տեղատարափ անձրեւ սկսուեց, եւ մարեց հնոցի կրակը: Ահաբեկուած դահիճներից ոմանք փախուստ տուեցին, ոմանք էլ շնչասպառ եղած ընկան երեսնիվայր ու մեռան: Այնժամ Անատօլիան, այլ բարեպաշտ կանայք եւ տեղում գտնուող քրիստոնեաներն իսկոյն վերցրեցին փառաւոր վկաների պատուական մարմինները եւ տեսան, որ նրանք ամբողջովին անվնաս են մնացել, ու նրանց գլխից մի մազ անգամ չի այրուել:

 

Եւսեբիոս անունով մի ազնուական ու աստուածասէր մարդ իր կնոջ հետ Բիւզանդիայից եկաւ Նիկոմիդիա, գտաւ Անատօլիային եւ այլ հաւատացեալ եղբայրներին, ընկաւ նրանց ոտքերն ու աղաչելով՝ ասաց. «Սկզբում մենք բնակւում էինք այս քաղաքի մերձակայքում, սակայն տեսնելով այստեղ գլուխ բարձրացող ամբարշտութիւնը՝ թողեցինք մեր ամբողջ ունեցուածքը, հեռացանք շատերի յետեւից ու գնացինք Բիւզանդիոն: Արդ, տուէ՛ք սուրբ վկաներին, որպէսզի նաւով տանենք նրանց ու ամփոփենք մեր բնակութեան վայրում: Կը պահենք մեզ մօտ մինչեւ անօրէն թագաւորի մահը, իսկ յետոյ ըստ մեր սովորութեան՝ ամբողջապէս կը փոխադրենք մեծ պատուով եւ աղօթական պաշտամունքով: Քանզի եթէ կամենում էք նրանց ամփոփել այստեղ, ապա անօրէն բռնաւորը կը հրամայի դուրս բերել ու դարձեալ այրել: Այնժամ դուք կը համարուէք սուրբերին մատնողներ, որոնց Աստուած մեծ նշաններով անարատ պահեց»:

 

Այս խօսքը բոլորին հաճելի թուաց: Սուրբերին դրեցին նաւի մէջ եւ բարեյաջող հողմով շարժուեցին դէպի Բիւզանդիոն: Սակայն երանելի Անատօլիան սուրբ Ադրիանոսի ձեռքը պահեց իր մօտ, որովհետեւ մտածում էր. «Գուցէ ի յայտ գան սուրբ վկաների մարմինները, եւ ես մատնեմ իմ յոյսը, քանզի սա եւս կը մատնի նրանց»: Այդ պատճառով վերցրեց այդ պատուական ձեռքը, պատեց խունկերով, անուշ իւղերով եւ ծիրանէ կտաւով եւ առանց որեւէ մէկի գիտութեան՝ պահեց իր մահճի սնարի տակ:

 

Օրեր անց Նիկոմիդիա քաղաքից մի հազարապետ մօտեցաւ թագաւորին եւ խնդրեց կնութեան առնել Անատօլիային՝ ցանկանալով տիրանալ նրա գեղեցկութեանը եւ ունեցուածքին: Նա իր ծանօթ կանանցից ոմանց ուղարկեց Անատօլիայի մօտ՝ խօսելու այդ հարցի շուրջ, սակայն երանելի Անատօլիան մոլորեցնելով նրանց ասաց. «Ես ուրախ եմ այդ բանի համար, սակայն ինձ երեք ամիս ժամանակ տուէք, որպէսզի պատրաստուեմ, քանի որ ռամիկ մարդ չէ, որ ինձ առաջարկ է անում»: Այս ասելով՝ ճանապարհեց եկողներին, իսկ ինքը շտապեց ծածուկ փախչել Բիւզանդիա, ուր փոխադրուել էին սուրբերի մարմինները: Մօտեցաւ մահճին, ուր պահում էր սուրբ Ադրիանոսի ձեռքը, ընկաւ երեսի վրայ, արտասուքներով երկար աղօթեց եւ ասաց. «Տէր Աստուա՛ծ իմ, որ մխիթարում ես վշտացողներին եւ զօրավիգ լինում բեկուած սրտերին, նայի՛ր Քո աղախնուն, պղծութեան մի՛ տանիր Քո Ադրիանոս ծառայի լծակցին եւ նրա հետ մի մարմին եղողին: Ողորմա՛ծ Տէր, մի՞թէ կը մոռանաս, որ ջարդեցին նրա ոտքերն ու կտրեցին նրա ձեռքը, մի՞թէ կ՚ունայնացնես Քո սուրբ անուան համար Քո ծառաների կրած տառապանքները: Յիշի՛ր, Տէ՛ր, նրանց համբերութիւնն ու ժուժկալութիւնը եւ ազատի՛ր ինձ Քո ատելիների հետ շաղախուելուց: Մարդասէ՛ր Տէր, թող կռապաշտ մարդը չպղծի Քո Ադրիանոս ծառայի այս անկողինը: Փրկի՛ր ինձ պիղծ եւ անօրէն մարդու դարանակալութիւնից, որովհետեւ Դու բարեգութ եւ բազումողորմ Աստուած ես եւ Քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն»:

 

Այսպէս աղօթեց եւ մտատանջուած ու տրտմած քուն մտաւ: Եւ ահա սուրբերից մէկը երեւաց նրան ու ասաց. «Խաղաղութիւն քեզ, Անատօլիա՛, Քրիստոսի աղախի՛ն: Քաջալերուի՛ր, որովհետեւ Աստուած քեզ չի անտեսել, եւ մենք էլ չենք մոռացել մեզ համար քո չարչարանքների վաստակը, իսկ երբ Քրիստոս երեւաց մեզ, մենք միջնորդ եղանք՝ քո մեզ մօտ գալու համար»: Երանելի Անատօլիան ասաց նրան. «Իմ տէր Ադրիանոսը ձեզ հե՞տ էր, երբ երեւաց Քրիստոս»: Եւ նա պատասխանեց. «Այո՛, Քրիստոս մեզնից առաջ երեւաց նրան: Դու ե՛կ, նաւ նստիր եւ արի՛ մեզ մօտ, որպէսզի այնտեղ Աստուած այցելութիւն անի քեզ, եւ դու հանգիստ գտնես մեզ հետ»:

 

Այնժամ Անատօլիան ուրախութեամբ արթնացաւ եւ գոհացաւ Աստծուց: Թողնելով ամէն բան՝ իր հետ վերցրեց միայն սուրբ Ադրիանոսի ձեռքը, շտապ նաւ նստեց՝ գնացու այնտեղ, ուր սուրբերի հանգստարաններն էին: Գտաւ ոչ քիչ քրիստոնեայ ուղեկիցներ, որոնք փախչում էին անօրէն Մաքսիմիանոս թագաւորի երեսից եւ նրանց հետ նաւով ճանապարհ ընկաւ:

 

Երբ հազարապետն իմացաւ, որ Անատօլիան փախել է, մտաւ թագաւորի մօտ՝ օգնութիւն խնդրելու համար: Իր հետ վերցրեց բազմաթիւ զինուորներ եւ իսկոյն նաւ նստեց՝ հասնելու նրան: Սակայն մի քանի ասպարէզ նաւարկելուց յետոյ Տէրն անօրէններին հակառակ փչող հողմ բարձրացրեց ու նրանց վերադարձրեց այնտեղ, որտեղից նաւել էին, եւ նրանցից ոմանք էլ սաստիկ ալեկոծութիւնից ծովահեղձ եղան:

 

Կէսգիշերին բանսարկու սատանան երեւաց Անատօլիային եւ նրա հետ եղողներին: Նա հնարք էր որոնում վերադարձնել նրանց կամ կորստեան մատնել ծովում, ուստի հմուտ նաւապետի կերպարանքով եւ քաջ նաւավարներով երեւաց մի նաւի մէջ: Մօտեցաւ նաւին, որում Անատօլիան էր եւ հարցրեց. «Որտեղի՞ց էք գալիս եւ ո՞ւր էք գնում»: Նրան պատասխանեցին. «Մենք գալիս ենք Նիկոմիդիայից եւ գնում ենք դէպի Բիւզանդիոն»: Սուտ նաւապետն ասաց նրան. «Դուք մոլորուել էք, այս ճանապարհը ձեզ չի տանի ձեր նշած վայրը, դուք պէտք է դէպի ձախ դառնաք»: Կարծելով, թէ իրենց ցոյց տրուեց ճիշտ ճանապարհը՝ նաւի առագաստն ուղղեցին այն կողմը, ինչպէս որ ասաց մոլորութեան պիղծ ոգին: Եւ ահա սուրբ Ադրիանոսը՝ նստած նաւակի մէջ, երեւաց նրանց եւ ձայնեց՝ ասելով. «Դուք ճիշտ էիք ընթանում, մի՛ լսէք այդ չար խրատատուին, որը կամենում է ձեզ կորստեան մատնել»: Եւ նոյն պահին չար դեւն աներեւոյթ եղաւ: Երանելի Անատօլիան տեսաւ սուրբ Ադրիանոսին, որը գնում էր իրենց առջեւից: Նա լցուեց ուրախութեամբ եւ բարձրաձայն ասաց. «Ահա իմ տէր Ադրիանոսը»: Եւ սուրբն այլեւս չերեւաց նրանց:

 

Արշալոյսին յաջողակ հողմով հասան Արկիւռոպօլիս, որ գտնւում էր Բիւզանդիոնի դիմաց: Եւ երբ հասան սուրբերի նշխարների հանգստավայրը, երանելի Անատօլիան մօտեցաւ մեծ փափագով եւ երկրպագեց վկաների պատուական ու ճգնազգեաց մարմիններին: Ադրիանոսի ձեռքը, որ վերցրել էր իր հետ, դրեց Ադրիանոսի մարմնի մօտ եւ ծնրադրած երկար աղօթեց: Ապա ողջոյն տուեց բարեպաշտ Եւսեբիոսի տանը հաւաքուած բոլոր եղբայրներին եւ քոյրերին ու խնդրեց նրանց աղօթել իր համար, որ հասնի սուրբերի յետեւից, իսկ նրանք էլ խնդրեցին Անատօլիային մի փոքր հանգստանալ, քանի որ խիստ յոգնած  էր: Եւ ահա տեսիլքի մէջ սուրբ Ադրիանոսը երեւաց նրան եւ ասաց. «Խաղաղութիւն քեզ, Աստուծո՛յ աղախին, մարտիրոսների դո՛ւստր եւ քո՛յր: Այժմ ե՛կ եւ ըստ արժանւոյն ստացիր քո չարչարանքների վարձը»: Եւ նոյն պահին Անատօլիան Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին:

 

Երբ եղբայրները մօտեցան նրան՝ արթնացնելու, ի Քրիստոս վախճանուած գտան: Արտասուալից աղօթքներով եւ մեծ պատուով ամփոփեցին նրան երիցս երանելի սուրբ վկաների հետ ու միաբան որոշեցին, որ Եւսեբիոսի տունը լինի վկայարան եւ աղօթքի տուն: Շատ կանայք ու տղամարդիկ թողեցին իրենց ունեցուածքը, բնակութիւն հաստատեցին այդտեղ՝ ամբողջովին տրուելով աղօթքներին, պահեցողութեանը եւ ծառայելով Տիրոջն ու Նրա սուրբերին:

 

Սուրբ Ադրիանոսի եւ նրա ընկերների՝ Քրիստոսի յաղթական վկաների նահատակութիւնը եղաւ Տիրոջ 305 կամ 310 թուականի օգոստոս ամսի քսանվեցին Նիկոմիդիա քաղաքում, իսկ երանելի Անատօլիայի փոխումը՝ օրեր անց Բիւզանդիոնում:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի եւ նրանց հետ եղողների յիշատակութեան տօնը կատարում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Թէոդորոս եւ սուրբ Ելեւթիւրոս վկաների հետ:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

    Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 463: