Այսօր տօնեմք զտօն սրբոց վկայիցն,
Որք արեամբ նահատակեալք փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:
Արիաբար մարտեան ընդդէմ խրոխտ թագաւորաց.
Զյաղթողական ընկալեալ զպսակ փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:
Եղեն օթեւանք Սուրբ Երրորդութեանն.
Զանճառականն ընկալեալ զկեանս եւ բարեխօսեն առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Այս փառաւոր Ակակիոս անուամբ վկաները երկուսն են: Նրանցից մէկը մանուկ է կոչւում, որովհետեւ պատանի էր, իսկ միւսը՝ հարիւրապետ, եւ երկուսն էլ մայիս ամսուայ մէջ են յիշատակւում: Ուստի ունենալով նրանց վկայութիւնները՝ կամենում ենք այժմ պատմել նրանց մասին, թէ՛ որպէս յիշատակելի եւ թէ՛ որպէս տօնելի սուրբերի, քանզի երկուսն էլ պատուելի են բոլոր եկեղեցիներում:
ԱՄԱՍԻԱՑԻ ԱԿԱԿԻՈՍ ՄԱՆԿԱՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Այս մանկահասակ երանելի Ակակիոսը Պոնտոսի Ամասիա քաղաքից էր, հաւատացեալ ծնողների զաւակ: Երբ Լիկիանոս կռապաշտ թագաւորի կողմից հալածանքներ հարուցուեցին քրիստոնեաների դէմ, շատերի թւում ձերբակալեցին նրան եւս: Երբ նրան բերեցին ատեան եւ կանգնեցրին թագաւորի առջեւ, նա աներկիւղ խոստովանեց իր քրիստոնէական հաւատը եւ յանձն չառաւ ուրանալ Քրիստոսին ո՛չ համոզիչ խօսքերով, ո՛չ սպառնալիքներով: Այդ պատճառով կախեցին նրան բարձր տեղից եւ սաստիկ գանահարեցին: Ջախջախուեց նրա ողջ մարմինը, սակայն սուրբը չէր դադարում աղօթել: Այնժամ երկնքից ձայն եկաւ, որն ասաց նրան. «Զօրացի՛ր, Ակակիո՛ս, քանզի Ես քեզ հետ եմ»:
Տեսնելով պատանու հաստատակամութիւնը՝ թագաւորը նրան յանձնեց Տելենտիոս եպարքոսի ձեռքը, սակայն սա տեսաւ, որ ինքը եւս ոչնչով չի կարող հրապուրել նրան: Այնժամ նրա հրամանով ձէթով ու ճարպով շիկացրին տապակը եւ սուրբին պառկեցրին դրա վրայ, սակայն նրա աղօթքից հուրը մարեց, տապակը սառեց, եւ սուրբն անվնաս մնաց:
Պատահեց, որ այդ օրերին եպարքոսը գնաց Ապամիա եւ Ապողոնիա ու իր հետ տարաւ նաեւ սուրբ վկային: Այնտեղ մտան քաղաքում գտնուող մեհեանը, եւ եպարքոսը սուրբին ստիպեց իր հետ զոհել կուռքերին: Այնժամ Ակակիոսն աղօթեց, եւ բոլոր կուռքերն ընկան ու փշրուեցին:
Ապա եպարքոսը սուրբին մատնեց Զիլիկինթոս անուամբ տեղի դատաւորի ձեռքը, որը նրան ամուր տեսնելով իր հաւատի մէջ՝ ուժգին գանահարել տուեց եւ ապա գցեց ահարկու առիւծի առջեւ, սակայն գազանը նրան չմօտեցաւ: Դատաւորը հրաման արձակեց նետել նրան բորբոքուած հնոցի մէջ, սակայն Տիրոջ հրեշտակը անվնաս դուրս բերեց նրան: Զիլիկինթոսը լսեց այս մասին, սակայն չհաւատաց, որի համար անձամբ եկաւ տեսնելու, թէ արդեօք հնոցը վառ է: Եւ ահա բոցը ելաւ ու հրկիզեց նրա երեսը:
Սրանից յետոյ նրան յանձնեցին Պիսիդոն դուքսին, եւ նա ծանր շղթաներով կապուած սուրբին իր հետ տարաւ Մելիտենէ քաղաքը: Այնտեղ եւս նրան մտցրին կուռքերի տաճար, որտեղ Քրիստոսի վկան իշխանաբար հրամայեց կուռքերին, եւ նրանք ցած ընկնելով՝ փշրուեցին: Այնժամ նրան բանտ նետեցին եւ ոտքերը կապելով՝ ամրացրին փայտին: Գիշերը Տիրոջ հրեշտակն այցելեց ու քաջալերեց նրան, եւ կապուած ոտքերն արձակուեցին:
Հետեւեալ օրը նրան տարան կուռքերի այլ երկու տաճարներ, սակայն դարձեալ չկարողացան համոզել նրան, որ երկրպագի ու զոհի իրենց աստուածներին: Տաճարներից մէկը կործանեց աղօթքով, իսկ միւս տաճարում ջուր վերցրեց, լուաց իր ձեռքերն ու երեսը, ապա երբ ջուրը լցրեց կուռքերի վրայ, նրանք անմիջապէս ցած ընկան եւ կոտրուեցին: Այնժամ հրամայեցին կտրել սուրբի գլուխը՝ որպէս մոգի եւ կախարդի, քանզի կուռքերը չէին կարողանում կանգնել Քրիսոսի անուան առջեւ, որին հաւատով օգնութեան էր կանչում սուրբ Ակակիոսը:
Երբ նրան տարան նահատակութեան վայրը, ծնրադրեց ու սկսեց աղօթել: Եւ ահա երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Արի՛, ե՛կ դէպի բարձունքները, քանզի քեզ համար բոլոր սուրբերի հետ անապական պսակներ կան պատրաստուած»: Եւ նա խոնարհեցրեց իր պարանոցը ու սրով գլխատմամբ նահատակուեց ի Քրիստոս, եւ ինչպէս յոյն վկայագիրներն են ասում՝ արեան հետ կաթ բխեց: Գէորգէոս անունով մի քահանայ՝ սուրբի հայրենակիցը, վերցրեց երանելի Ակակիոսի պատուական մարմինը, տարաւ հայրենի Սինոպ քաղաքը ու պահեց մի ծածուկ տեղում: Նրա նշխարներն ի յայտ եկան Մօրիկ կայսեր տարիներին, որը յայտնեց հէնց ինքը՝ սուրբ վկան՝ երեւալով ու ասելով, թէ իմն են այդ նշխարները: Եւ Տիրոջ հինգ հարիւր իննսուն թուականին նրա սուրբ մասունքների վրայ սուրբ Ակակիոսի անուան հոյակերտ ու պայծառ եկեղեցին շինեցին:
Սուրբի նահատակութիւնը եղել է մօտաւորապէս երեք հարիւր տասը թուականին:
ԲԻՒԶԱՆԴԱՑԻ ՄԵԾ ՎԿԱՅ ԱԿԱԿԻՈՍ ՀԱՐԻՒՐԱՊԵՏԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Քրիստոսի մեծազօր վկայ Ակակիոսը, որին բիւզանդացի են կոչում, ծնուել է Կապադովկիայում: Նա երիտասարդ, քաջ եւ երեւելի զինուորական էր Մաքսիմիանոս կայսեր փեսայի՝ Դիոկղետիանոսի զօրականների դասում, որի համար հարիւրապետ կարգուեց Փիրմոս հազարապետի ձեռամբ: Այս Փիրմոսը գլխաւորում էր «մարտեան» կամ «մարսեան» գունդը, որն այդպէս էին կոչել՝ ի պատիւ մարտի եւ պատերազմի Արէս չաստուծոյ:
Երբ Մաքսիմիանոսն սկսեց հալածանքներ հարուցել քրիստոնեաների դէմ, բոլոր տեղերում նշանակուած զօրագլուխներին հրաման ուղարկուեց, որ եթէ զինուորականների մէջ գտնէին քրիստոնեաների, մահուչափ տանջանքներով ստիպէին նրանց պաշտել կուռքերին: Այնժամ Փիրմոս հազարապետը եւս սկսեց հարցուփորձով քննել իր գնդի բոլոր զինուորներին: Գտան քրիստոնեաների, որոնցից ոմանց համոզելով, ոմանց սպառնալով, ընդունել տուեցին ամբարիշտ թագաւորի կամքը, եւ նրանք մահուան երկիւղից ուրացան Քրիստոսին՝ զոհելով կուռքերին եւ զրկուելով կեանքի լոյսից: Իսկ երբ եկան հարցաքննելու քաջ Ակակիոսին, նա համարձակ պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ ծնուած օրից, այժմ էլ քրիստոնեայ եմ եւ պիտի լինեմ իմ Տէր Յիսուս Քրիստոսի կամքով»: Փիրմոսը սաստեց նրան, մի քանի անգամ կրկնեց իր հարցումը եւ ստիպեց նրան ընդունել ինքնակալների օրէնքները, սակայն Քրիստոսի երանելի վկան, ոչինչ համարելով չարի բոլոր յոխորտանքները եւ խոստումները, հաստատուն էր իր բարի դաւանութեան մէջ: Այնժամ հազարապետը, կամենալով ի կատար ածել արքունի հրամանը, Ակակիոսին կապանքներով ուղարկեց Բիբիանոս դատաւորի մօտ, որն ամբողջ զօրքի հրամանատարն էր եւ նստում էր Թրակիայի Պերինթոս քաղաքում: Եւ նրան ուղղուած մի գրութիւն ուղարկեց հետեւեալ բովանդակութեամբ.
- Փլաբիոս Փիրմոսից Բիբիանոս դուքսին՝ ողջոյն:
Իմ հազարապետութեանը զինուորագրուած Ակակիոս հարիւրապետին բազում խրատական յորդորներով՝ թէ՛ համոզելով, թէ՛ սպառնալով, ջանացինք հեռացնել քրիստոնեաների աղանդից, սակայն նա յամառեց եւ հաստատեց իր անձը որպէս քրիստոնեայ: Եւ ես, հնազանդուելով մեր անպարտելի ու մշտայաղթ ինքնակալների հրամաններին, նրան կապանքներով քեզ մօտ ուղարկեցի: Ինչպէս որ պէտք է եւ արժանի է, մատնի՛ր նրան տանջանքների ու պատիժների, որպէսզի նա մեր օրէնքներին ենթակայ լինի»:
Ակակիոսին բերեցին այն քաղաքը, ուր նստում էր Բիբիանոսը: Հետեւեալ օրը Բիբիանոսը պէտք է ատեան նստէր՝ քննելու հաւատացեալներին: Նրան մօտեցաւ Անտոնինոս բանտապետը, յանձնեց Փիրմոս հազարապետի գրութիւնը եւ ասաց. «Երեկ Փիրմոս հազարապետն իմ տէր Բիբիանոսի մօտ է ուղարկել արէսեան գնդի հարիւրապետ Ակակիոսին՝ արքունի հրամաններն արհամարհելու եւ քրիստոնեայ լինելու պատճառով»: Երբ դատաւորն այն ընթերցեց, ասաց. «Այստեղ բերէ՛ք Ակակիոսին»: Անտոնինոսն ասաց. «Ահաւասիկ, նա ձեր առջեւ է»: Եւ Ակակիոսն ուրախութեամբ եւ զուարթերես մօտեցաւ ատեանին:
Դատաւորը նրան հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Երանելին պատասխանեց. «Ինչպէս ցանկալի է ինձ եւ իմ ամբողջ ազգատոհմին, Քրիստոսի պանծալի անունով քրիստոնեայ եմ կոչւում, սակայն ըստ աշխարհի եւ մարդկանց սովորութեան համաձայն՝ Ակակիոս եմ կոչւում»: Դատաւորը նրան ասաց. «Այդ ինչպէ՞ս է, որ ստացել ես Ակակիոս անունը, որ նշանակում է անչար եւ անբիծ, սակայն այժմ քեզ չար եմ տեսնում, որովհետեւ չես հնազանդւում ինքնակալների հրամաններին, եւ այդ մասին է վկայում նաեւ Փիրմոս հազարապետի քո մասին գրուած նամակը»: Պատասխանեց առաքինի վկան եւ ասաց. «Մոլորութիւններ կան քո խօսքերում, ո՛վ դատաւոր, բայց ես քեզ կþասեմ ճշմարիտը: Իմ անուամբ ես անչար եմ կոչւում, որովհետեւ չկամեցայ հաղորդ լինել արիւնահեղ կուռքերի չարութեանը եւ միաբանուել հեթանոսներին, որոնք հնազանդւում են դեւերին»: Բարկացաւ դատաւորը եւ ասաց. «Որտեղի՞ց ես դու, որ խօսում ես այդպէս յանդգնաբար ու յոխորտալով»: Ակակիոսն ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում, թէ որն է իմ հայրենեաց վայրը»: Դատաւորն ասաց. «Պէտք է իմանամ, որ ատեանի առջեւ քեզ հետ վարուեմ՝ ըստ քո նախնիների պատուի աստիճանի: Մենք մարդասէր ենք եւ տեղեակ ենք նախնիների բոլոր օրէնքներին»: Եւ Ակակիոսն ասաց. «Ազգութեամբ աքիացի եմ, ծնուել եմ Կապադովկիայում: Միառժամանակ ծնողներիս հետ այնտեղ բնակուելուց յետոյ, եկայ զինուորութեան, որտեղ լսեցի, որ իմ զինուորակիցներից շատերը ինձնից առաջ Քրիստոսի վկաներն են եղել: Իմ մերձաւորներն ու հասակակիցները եւս փայլեցին նոյն առաքինութեամբ, արհամարհեցին անցաւոր կեանքը, արժանացան առ Աստուած յաւիտենական փառքին եւ յետմահու սքանչելապէս փայլեցին երկրի վրայ: Արդ, ես փափագեցի նմանուել նրանց, քան թէ հետեւել ձեր օրէնքներին, որոնցով ովքեր ընթացան, գնացին ունայնութեան յետեւից եւ ունայնացան»:
Այնժամ Բիբիանոսն ասաց. «Զգո՛յշ եղիր, Ակակիո՛ս, մի՛ կարծիր, թէ քեզ թեթեւ տանջանքներ են սպասւում: Մեծախօս ու յանդուգն խօսքերդ համար դու արժանի ես խիստ պատիժների: Ապա ուրեմն, որպէսզի փրկուես այդ տանջանքներից, հեռացրո՛ւ քեզնից բոլոր սնոտի խորհուրդներդ, ընդունի՛ր ինքնակալների օրէնքները՝ պաշտելով աստուածներին, որոնց օգնականութեամբ զօրացած՝ յաղթող ինքնակալներն իշխում են ամէնքի վրայ: Ակնածելով պատկառի՛ր մեզնից եւ մեր ատեանից ու քեզ բոլորից աւելի իմաստուն մի՛ համարիր: Ովքեր գիտեն ձեր կրօնի մասին, անպատեհ մոլորութիւն են համարում ձեր յոյսը, որ մի մարդու վրայ է, ով օրէնքի ներքոյ չարչարուեց եւ մեռաւ խաչուելով»: Պատասխանեց սուրբ Ակակիոսն ու ասաց. «Ո՛վ դատաւոր, դու մոլորուած ես խաւարասէր թշնամու պատրանքներով, որովհետեւ երեւելի ինքնակալները աշխարհին տիրում են ոչ թէ կուռքերին պաշտելու պատճառով, այլ մարդասէր Աստուծոյ վերին տեսչութիւնն է թոյլ տալիս այդպէս: Իսկ որ ասում ես, թէ մահուան դատապարտուածներն իրենց յոյսն ինձ վրայ են դնում, ապա իմացի՛ր, որ մեր Տէրը՝ Յիսուս, մեզ համար մարդացաւ, եկաւ այս աշխարհ, որ մեզ փրկի: Եւ քանի որ ճշմարիտ Աստուած էր, տնօրէնութեան հրաշափառ խորհրդով կամաւոր խոնարհուեց՝ վերցնելով մեր բնութիւնը: Սակայն քանի որ դեռեւս հեռու ես քրիստոնէական օրէնքներից, քեզ անհնար է հասկանալ Աստուծոյ խորհուրդը կամ պարզապէս լսել: Թող քեզ յայտնի լինի, որ Նա, որ բնութեամբ ճշմարիտ Աստուած է, Հօրից անբաժան Խօսք եւ Իր Ծնողի մշտնջենակից, սահմանուած ժամանակի մէջ, երբ Ինքը կամեցաւ, եկաւ իրականացնելու մեր փրկագործութիւնը՝ ազատելով մեզ դատապարտութիւնից եւ բանսարկուի գերութիւնից»:
Իսկ դատաւորը հեգնելով ասաց նրան. «Եթէ այդպիսին է քո Քրիստոսը, ապա ինչո՞ւ չի պատուհասում Իր դէմ զինուած ինքնակալներին, քանզի եթէ Նա հզօր Աստուած է, ապա դիւրին կլինի նրանցից վրէժխնդիր լինել»: Ակակիոսն ասաց. «Ուրեմն մտքումդ ամուր պահիր ամենաբարի մէր Տիրոջը եւ Նրա մարդասիրութիւնն Իր ամենակալ զօրութեամբ, քանզի Նա անմիջապէս չի պատուհասում նրանց, ովքեր դառնացնում են Իրեն, այլ համբերում է, որպէսզի դուք՝ հեթանոսներդ, որ Աստծուն վայել պաշտամունքը դեւերին էք ընծայում, զղջաք եւ դառնաք դէպի Իրեն: Քանզի եթէ կամենար անմիջապէս պատուհասել ձեզ, դուք նոյն օրն եւեթ կը մատնուէիք յաւիտենական կորստեան, Նրա ծառաներն ի յայտ չէին գայ, էլ չեմ ասում, որ չէր երեւայ Նրա շնորհների զօրութիւնը: Քանզի ինչպէ՞ս ըստ արժանւոյն փառաւոր կը լինէր մեր Տէրը, եթէ ցոյց չտար Իր համբերութիւնն ի տես բոլորի եւ եթէ արագ վրէժխնդիր լիներ ձեր գործած չարիքների համար: Սակայն եթէ չզգաստանաք մինչեւ վախճանի օրը եւ Նրա երկայնամտութիւնն արհամարհելով ձեր անձերը կորստեան մատնէք, ապա մեղքը ձերն է եւ ամենեւին պատասխան չէք կարող գտնել: Իսկ մենք, որ ճանաչեցինք Նրա Տէրութիւնը, յաւիտեան կþապրենք Նրա հետ: Նրա փառքն առաւել կը մեծանայ նրանց մէջ, ովքեր կը գիտակցեն իրենց չար գործերը եւ, սրբելով իրենց անձերը բոլոր մեղքերից, ընդունելութիւն կը գտնեն մարդասէր Աստուծոյ կողմից»:
Լսելով այս ամէնը՝ Բիբիանոսն ասաց վկային. «Երեւում է, որ կրթուած ես գրքերով, որի համար այդպէս գրագէտ խօսքեր ասացիր, գեղեցիկ խօսքեր ճառեցիր, ցույց տալով, թէ մարդկանց փրկութիւնն Աստուծոյ ձեռքին է, սակայն երդւում եմ մեր կուռքերով, որ մեր կատարեալ գիտութեան մէջ թերի գտնուեցիր»: Ակակիոսը պատասխանեց. «Ահա եւ այս խօսքերով կարողանում ես իմաստասիրել մեր Աստուծոյ եւ ամէնքի Տիրոջ զօրութեան եւ շնորհների մասին: Ես չեմ ուսանել աշխարհի գիտութիւնը, որը շատ մեծ էք համարում, այլ իմաստասիրութեան համար որոշ կարեւոր բաներ սովորել եմ միայն աստուածային գրքերից: Նա Ինքը՝ Աստուած, պատասխան է տալիս անպիտան ծառաներիս փոխարէն: Նա Իր փրկագործ տնօրինութիւնը քարոզելու համար չընտրեց ազնուատոհմիկներին, մեծահարուստներին կամ ուսումնականներին, այլ ձկնորսներին, մաքսաւորներին, ըստ աշխարհի յիմարներին, որպէսզի յայտնի լինի Իր զօրութիւնը, որ վեր է մտքից»:
Մինչ այս պահը դատաւորը լսում էր նրան եւ ապա ասաց. «Զուր ժամավաճառ եմ լինում՝ պայքարելով խօսքերիդ դէմ եւ հետաձգելով այն, ինչին արժանի ես: Արդ, դու ինքդ գիտես ինքնակալների խիստ հրամանի մասին՝ արձակուած քրիստոնեաների համար, ըստ որի՝ պէտք է կամ զոհել եւ արժանանալ պատուի, կամ տանջանքների մատնուել անհնազանդութեան համար: Եւ արդ, ասա՛ ինձ, զոհո՞ւմ ես աստուածներին եւ հնազանդւում օրէնքներին, թէ՞ հրաժարւում ես»: Քրիստոսի վկան պատասխանեց. «Այդ մասին բազում անգամ խոստովանել եմ Փիրմոս հազարապետի հարցումներին եւ այժմ կրկնում եմ՝ ես քրիստոնեայ եմ եւ պիղծ դեւերին զոհել չեմ կարող»: Դատաւորն ասաց. «Ես խնայում եմ երիտասարդութեանդ, քանզի տեսնում եմ, որ հազիւ քսանհինգ տարեկան լինես: Առաւել շատ ակնածելով քո զինուորական պատուից, չեմ կամենում անմիջապէս քեզ տանջանքների մատնել, սակայն եթէ անմտութեամբ յամառես, ստիպուած քեզ անխուսափելի տանջանքների կը մատնեմ»: Ակակիոսն ասաց. «Ինչ որ անում եւ խորհում եմ, ոչ թէ անմտութիւն է, այլ կատարեալ իմաստութիւն եւ աստուածահաճոյ գործ, քանզի չեմ ուրանայ Նրան, Ով արարեց ինձ եւ Իր քաղցր տնօրինութեամբ պահեց մինչեւ այսօր, եւ չեմ հեռանայ Նրանից, որովհետեւ միայն Նա է ճշմարիտն Աստուած»: Յաղթուելով սուրբի խօսքերից՝ բռնաւորն սկսեց խիստ սպառնալիքներ տալ նրան: Սուրբը պատասխանեց նրան. «Ինձ չես կարող վախեցնել քո յոխորտանքներով: Ահա քո ձեռքին է իմ մարմինը՝ պատրաստ ամէն տեսակ տանջանքների եւ հարուածների: Վարուի՛ր նրա հետ, ինչպէս կամենում ես, սակայն իմ մտքերն ու ամուր հոգին ո՛չ դու, ո՛չ քո ինքնակալը եւ ո՛չ էլ քո դեւերի բազմութիւնը երբէք չեն կարող սասանել եւ մեղանչել տալ իմ Աստուծոյ դէմ»:
Բռնաւորը լցուեց անասելի բարկութեամբ, կանչեց ատեանի սպասաւորին եւ ասաց. «Գետնին չորս ցցեր խփէ՛ք, ձեռքերն ու ոտքերը կապէ՛ք դրանց եւ արջառաջլերով հարուածէ՛ք թիկունքին ու որովայնին, որ այլեւս ցնորամիտ խօսքեր չասի եւ իրեն գիտուն չհամարի, որովհետեւ ոչինչ էլ չգիտի: Եւ կը տեսնենք, կþօգնի՞ արդեօք իր Աստուածը, ու կը ստուգենք նրա հոգու ամրութիւնը»:
Վեց դահիճներ իրար յաջորդելով, անխնայ հարուածում էին նրան, իսկ երանելին այս խօսքերն էր վերաձայնում. «Քրիստո՛ս, օգնութեան հասի՛ր ինձ՝ Քո խոնարհ ծառային, Տէ՛ր Աստուած, մի լքի՛ր ինձ...»: Վկայի արիւնը ոռոգում էր երկիրը, ամբողջ մարմինը բզկտուել եւ վէրքերով էր պատուել: Դատաւորը նայեց նրան ու ասաց. «Այժմ ասա՛, Ակակիո՛ս, կը զոհե՞ս այսուհետ: Նախընտրում ես այս թշուառութի՞ւնդ, թէ՞ ինքնակալներին բարեկամ լինելը»: Վկան պատասխնեց. «Քա՛ւ լիցի, թէ ես երբեւէ կը զոհեմ դեւերին կամ կը փախչեմ տանջանքներից, որովհետեւ իմ զօրավիգն ու օգնականը իմ Տէր Յիսուս Քրիստոս է: Դու չգիտես էլ, որ այս հարուածներով ինձ աւելի ես զօրացնում բոլոր տեսակ չարչարանքներում: Քանզի մինչ սպասում էի տանջանքներին, ինչ-որ կերպ խռովւում էին խորհուրդներս, սակայն երբ մտայ չարչարանքների մէջ, արիացայ Տիրոջ զօրութեամբ: Իսկ այժմ, ապաւինելով իմ Աստծուն եւ իմ կենդանի յոյսին, ուրախութեամբ եմ գալիս դէպի չարչարանքները»: Դատաւորն ասաց. «Դու այդպէս ես խօսում, որովհետեւ դաժան տանջանքների դեռ քեզ չեմ մատնել: Ես կը կոտրեմ քո յամառութիւնը, քանզի քիչ տանջանքները եւ քեզ խնայելը քեզ յանդուգն դարձրին»: Ակակիոսն ասաց. «Շտապ արա՛, ինչ որ կամենում ես, քանզի որքան աւելացնես չարչարանքները, ինձ առաւել օգուտ կը կտաս եւ ակամայից պատճառ կը դառնաս, որ արժանանամ իմ Տիրոջ շնորհներին: Մի՛ կարծիր, թէ տանջանքների մատնելով՝ կը համոզես ինձ: Ես երբէք չեմ կատարի քո հօր՝ սատանայի կամքը»:
Բիբիանոսը դահիճներին ասաց. «Հարուածէ՛ք դրա երեսին ծանր-ծանր կապարներով, որ փշրուի ծնօտը, որպէսզի գուցէ յիշի մեր ներողամտութիւնը իր ասած յանդուգն խօսքերի համար»: Ապա Ակակիոսն ասաց. «Ահա արեցիր, ինչ կամենում էիր, սակայն ոչինչ չշահեցիր, որովհետեւ քո չար հնարքները չեն կարող յաղթել Աստուծոյ հանդէպ իմ ունեցած սիրուն»: Դատաւորը շարունակեց համոզել՝ ասելով. «Զոհի՛ր, Ակակիո՛ս, եւ փրկի՛ր քեզ սպասուող պատիժներից»: Ակակիոսը պատասխանեց. «Ասացի, որ չեմ զոհելու: Արհամարհելի են այն բոլոր չարչարանքները, որ տուեցիր ու պիտի տաս, որովհետեւ ինձ հետ է ամենակալ Տէրը, եւ իմ Աստուածը ինձ զօրութեան հոգի է տալիս: Քո տանջանքներն ինձ այլեւս հոգ չեն»:
Զարմացաւ իշխանը վկայի համարձակ խօսքերի վրայ եւ ասաց. «Ո՛վ զօրական, ինչպէ՞ս է, որ դու, կրթուած չլինելով, ինչպէս քո անձի մի փաստաբան, ճարտար պատասխաններ ես տալիս»: Ակակիոսն ասաց. «Մի՞թէ կարծում ես, թէ մեր անձանց զօրութեամբ ենք պատասխան տալիս ատեանի առջեւ: Քա՛ւ լիցի: Աստուծոյ Հոգին իմաստութիւն է տալիս Իր ծառաներին, ինչպէս նաեւ համբերելու զօրութիւն՝ ըստ մեր Փրկչի անսուտ խոստման, որ ասաց. ՛՛Երբ ձեզ մատնեն Իմ անուան համար, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք, որովհետեւ ոչ թէ դուք էք խօսելու, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով՛՛»:
Այնժամ բանտապետների Անտոնինոս իշխանն ասաց վկային. «Ի՞նչ շահ կþունենաս, եթէ չլսես մեր խրատները: Քեզ ծանր տանջանքների կը մատնենք այնքան, որ դու կամաւոր կը խոնարհուես ու կþընդունես ինքնակալների հրամանները»: Սուրբ Ակակիոսը պատասխանեց. «Ո՛վ թշուառական, գնա՛ եւ խրատի՛ր ինքդ քեզ, քանզի եթէ չակնածեցի ո՛չ քո խօսքերից, ո՛չ էլ դատաւորի սպառնալիքներից ու չվախեցայ տանջանքներից՝ օգնական ունենալով իմ Աստծուն, կարծում ես ականջ կը դնե՞մ քո չար հրապոյրներին»:
Ապա դատաւորը սպասաւորներին ասաց. «Բանտարկէ՛ք նախկին տմարդի զօրական Ակակիոսին, պրկէ՛ք նրան անշարժ փայտին եւ ամբողջ մարմինն ու պարանոցը կապէք ծանր շղթաներով: Պահէ՛ք նրան, մինչեւ միւս ատեանի առջեւ կանգնելը եւ թոյլ մի՛ տուէք, որ նրա ազգականներից մէկն այցելի իրեն, որպէսզի նրան չհռչակեն որպէս երանելի, եւ նա չոգեւորուի ու դարձեալ անսասան մնայ միւս քննութեանը»:
Նրան բանտ տարան, ուր եօթ օր մնաց անտանելի տառապանքներով:
Այդ օրերին Փլակկինոս Անթիհիպատրոսը, որ փոխարինում էր հիւպատոսին եւ նստում էր Թրակիայի եւրոպական մասում, կամեցաւ գալ Բիւզանդիա, որի համար նամակ ուղարկեց Պերինթոս քաղաքում գտնուող Բիբիանոս դուքսին, որ նախքան իր ժամանելը շտապի Բիւզանդիա՝ իր հետ տանելով բոլոր բանտարկուածներին:
Եւ երբ Բիբիանոսը նրանց հետ ճանապարհ ընկաւ, Քրիստոսի սուրբ վկայ Ակակիոսն ամբողջ ճանապարհին մեծ նեղութիւններ կրեց, քանզի բացի այն, որ ունէր այտուցուած վէրքեր եւ երկար ճանապարհին ծանր շղթաներից կրած տառապանքներ, խոշտանգւում եւ ծեծւում էր զօրականների կողմից, ու իր վերջին շնչում էր: Չունէր որեւէ մխիթարութիւն ո՛չ մարդկանց կողմից, ո՛չ դահիճներից, ո՛չ ուղեկիցներից, ո՛չ գերիներից, որովհետեւ նրանք հեթանոսներ էին: Քրիստոնեաներին եւս թոյլ չէին տալիս մօտենալ նրան:
Եւ այսպէս, բոլոր կողմերից նեղութիւնների մէջ գնում էր՝ ոտքերը մի կերպ փոխելով: Աղաչեց դահիճներին ճանապարհին մի փոքր դադար առնել: Երբ Աստուծոյ կամքով ընդառաջեցին նրան, երանելին սկսեց աղօթել ու ասել. «Փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ, որ Քո մարդասիրութեամբ նայում ես Քեզ սիրողներին: Փա՛ռք Քեզ, Աստուած իմ, որ հրաւիրեցիր մեղաւոր ծառայիս ՝ արժանացնելով Քո շնորհներին: Փա՛ռք Քեզ, Տէ՛ր, որ ճանաչելով մեր մարմինների տկարութիւնը, ինձ համբերութիւն տուեցիր ժուժկալութեամբ կրելու չարչարանքները: Եւ արդ, Դու, Տէ՛ր, որ տեսնում ես ինձ հասած բազմապատիկ չարչարանքները, որոնք ստիպում են հոգուս ելնել մարմնից, առաքի՛ր Քո զօրացուցիչ հրեշտակին, որ փարատի անձիս ցաւերը եւ շնորհի՛ր դատաւորների ատեանի առջեւ վկայութեամբ աւարտել իմ ընթացքը եւ փութով Քեզ մօտ գալ»:
Յանկարծ երկնքի երեսի ամպերի միջից ձայն լսուեց, որն ասաց. «Զօրացի՛ր եւ արիացի՛ր, Ակակիո՛ս»: Երկնառաք ձայնն յայտնապէս լսելի եղաւ բոլորին: Այն լսեցին թէ՛ դահիճները, թէ՛ բոլոր բանտարկուածները: Զարմանքից ահաբեկուած իւրաքանչիւրն իր ընկերոջն ասում էր. «Երբեւէ ամպերը խօսե՞լ են, կամ որտե՞ղ է լսուած այն, ինչ լսեցինք այժմ»: Եւ նրանք վիճաբանութիւնների եւ վարանումների մէջ ընկան, թէ դա ի՞նչ նշան էր: Իսկ սուրբը, զօրանալով հոգով ու մարմնով եւ առիթ ունենալով Աստուծոյ սքանչելիքը, սկսեց նրանց քարոզել դէպի Ճշմարտութիւն տանող ճանապարհը: Եւ նրանք, ազդուած ի վերուստ, յօժարութեամբ լսում էին նրան: Գալիս էին չարագործներից շատերը, ընկնում սուրբ վկայի ոտքերը՝ հաւատալով նրա Աստծուն եւ խնդրում իրենց ցոյց տալ փրկութեան ճանապարհը: Ակակիոսը զուարթ դէմքով ասաց նրանց. «Թէպէտ ես զինուորագրուած եմ եղել, սակայն, լինելով քահանայական ցեղից, մանկուց մեծացել եմ քահանայի մօտ: Արդ, ես կը յայտնեմ ձեզ Տիրոջ խօսքը, որ լսել եմ նրանցից»: Եւ խօսեց՝ սկսած արարչութիւնից եւ Ադամի մեղանչելու պատճառով ցոյց տուեց Աստուծոյ մարդանալու խորհուրդը՝ մարդկային ազգի փրկութեան համար: Խօսեց Նրա կենսաբեր տնօրինութեան, խաչելութեան, աստուածային յարութեան, երկինք վերանալու, միւս անգամ Գալստեան, համընդհանուր յարութեան, ողջերի երկրում հաւատացեալների Նրա հետ լինելու եւ այս կեանքի ժամանակաւոր ու անցաւոր լինելու մասին: Եւ բոլոր նրան լսողները ամբողջ սրտով դարձան դէպի Տէրը:
Սրանից յետոյ՝ երկրորդ օրուայ գիշերը, երբ հանգստանում էին մի բացօթեայ դաշտում, տեսան փառաւոր ու պայծառազգեստ մարդկանց՝ զինուորականների տեսքով եւ նրանց պատուոյ նշաններով, որոնք խօսում էին սուրբ վկայի հետ: Տեսնողներից ոմանք կարծեցին, թէ նրանք Ակակիոսի զինուորակիցներն ու բարեկամներն են, որոնք կէսգիշերին եկել են այցելելու նրան, սակայն ոմանք էլ ասում էին, թէ աստուածային երեւմունք է:
Եւ երբ յաջորդ գիշերը հասան Բիւզանդիա, բոլոր կալանաւորներին փակեցին մի տան մէջ, որտեղ նրանք դարձեալ տեսան նոյն հրեշտակներին, որոնք խօսակցում էին Ակակիոսի հետ, լուանում էին նրա մարմնի վէրքերը ու առողջացնում: Այնուհետեւ երբ նրան տեսան ողջանդամ, հիշեցին Աստուծոյ սքանչելիքը, որ կատարուեց Քրիստոսի վկայի վրայ՝ հրեշտակների երկնային զինուորութիւնների այցելութեամբ:
Հետեւեալ օրը դատաւորի հրամանով Ակակիոսին, ոտքերը շղթաներով փայտին կապած, նետեցին ներքին բանտ, իսկ միւս բանտարկուածները գտնւում էին արտաքին բանտում: Եւ ահա գիշերուայ մէջ ներսում նոր սքանչելիք տեսան. այն տեղում, ուր Ակակիոսն էր, երեւացին անթիւ վառուած ճրագներ ու ջահեր: Եկան լուսատեսիլ մարդիկ եւ մօտեցան վկային: Նրանցից ոմանք արձակում էին նրա կապանքները, ոմանք՝ փարատում նրա ցաւերը, ոմանք էլ կերակուր էին տալիս նրան: Երբ տեսիլքը երկարեց, իմացան, որ դա երազ չէր: Այնժամ կանչեցին բանտապետին, որ նա անձամբ ականատես լինի եւ վկայի կատարուածի ճշմարտութեան մասին: Եւ տեսնելով՝ զարհուրած հիացաւ ու գնաց պատմեց իր շատ ընկերների եւ բարեկամների:
Իսկ դատաւորը, որ տեղեակ չէր այս ամէնին, Բիւզանդիա գալու իր եօթերորդ օրը հրամայեց իր առջեւ բերել Ակակիոսին եւ, տեսնելով նրան ողջանդամ, կայտառ ու հրեշտակի պէս լուսափայլ, խիստ զարմացաւ եւ ասաց իւրայիններին. «Ո՛վ անականջ ծառանե՛ր, չասացի՞ ձեզ, որ այդ վնասակար մարդուն միշտ խոշտանգումների եւ բանտի նեղութիւնների մէջ պահէք: Այդ ինչպէ՞ս է, որ նրան այնքան հարուածներից յետոյ տեսնում եմ կազդուրուած եւ նախկինից առաւել պայծառ, ասես զօրաւոր մի նահատակ լինի»: Անտոնինոս բանտապետը պատասխանեց. «Ո՛վ մեր տէր եւ դատաւոր, երդւում եմ քո զօրութեամբ, որ արել ենք այնպէս, ինչպէս հրամայել ես, բայց թէ ինչպէս է, որ ճանապարհի, բանտի ու կապանքների այդքան չարչարանքներից յետոյ առողջ եւ անվնաս տեսք ունի, մենք չգիտենք: Լաւ կը լինի հարցնել տեղի բանտապետին»: Դատաւորն ասաց. «Այստեղ կանչէ՛ք բանտապետին»: Երբ նա եկաւ, դատաւորը նրան ասաց. «Ո՛վ թշուառական, ինչո՞ւ չարեցիր այն, ինչ քեզ հրամայուեց: Բժշկուած եւ կազդուրուած նրան կանգնեցրիր մեր առջեւ, ասես թէ պատերազմող մի ախոյեան ես մեզ վրայ բերել»:
Այնժամ խօսեց սուրբ Ակակիոսը եւ ասաց դատաւորին. «Իմ սպառազինութիւնը բանտապետիդ մի՛ վերագրիր, քանզի այս զօրութիւնը շնորհուեց երկնքից՝ իմ ճշմարիտ զօրապետ Յիսուս Քրիստոսից: Նա է իմ զօրացուցիչն ու իմ նահատակութեան հանդիսադիրը: Նա Ինքն էր, որ լիովին առողջացրեց ինձ, քանզի Իր խօսքով է իսկոյն բժշկում Իր ծառաներին»: Բարկութեամբ լցուած դատաւորն ասաց. «Հարուածէ՛ք եւ ջարդէ՛ք դրա ատամները, որ սովորի չխօսել՝ նախքան հարցնելը»: Եւ ջարդեցին սուրբի ծնօտը:
Ապա իշխանը դարձաւ բանտապետին եւ ասաց. «Չարագո՛րծ, դու ի՞նչ պատասխան կը տաս»: Բանտապետը, որի անունը Կասսիոս էր, ասաց. «Երդւում եմ իմ տիրոջ արեւով, որ արել եմ աւելին, քան պատուիրեցիր ինձ: Եւ եթէ չես հաւատում իմ խօսքերին, ապա բանտի բոլոր մարդիկ եւ կալանաւորներն ինձ վկաներ են: Եթէ այլ բան լսես նրանցից, ես չեմ վախենում մահից, քո ձեռքում է իմ գլուխը, վարուի՛ր, ինչպէս կը կամենաս, իսկ եթէ լսես քո ծառային, ապա կը պատմեմ իմ տիրոջը կատարուած ճշմարտութիւնը: Շատ անգամ տեսանք նորատեսիլ զօրականների, որոնք լուսապայծառ զգեստներով եկան նրա մօտ: Նրանցից ոմանք հմուտ բժիշկների պէս մաքրում էին նրա վէրքերը, ոմանք բուժում ցաւերը, ոմանք՝ որպէս խրատատու, սրտապնդում էին նրան, տեսակ-տեսակ կերակուր տալիս, եւ ոմանք էլ՝ բազմած ինչպէս սեղանակիցներ, զուարթացնում էին նրան: Սա ոմանք տեսել էին ճանապարհին, իսկ ովքեր այդ տեսել էին բանտում, պատմեցին ինձ, բայց քանի որ ես չհաւատացի, գնացի անձամբ եւ ականատես եղայ: Եւ երբ ներս մտայ՝ տեսնելու, թէ ովքեր էին այդ օտար զինուորները, սակայն ոչ ոքի չգտայ, բացի իրենից շղթայակապ աղօթելիս»:
Անամօթ դատաւորն ասաց բանտապետին. «Գիտեմ, որ նրան հանգիստ տալու համար կաշառուել ես նրա ազգականներից, իսկ այժմ էլ սին խօսքերով յօրինում եւ ստում ես մեր ատեանի առջեւ: Ուստի նրա պէս արժանի ես մահուան»: Ապա հրամայեց հարուածել նրա թիկունքին կապարածայր ձաղկիչներով: Իսկ նա հարուածների տակ աղաղակում էր՝ ասելով. «Աղաչո՛ւմ եմ, ո՛վ դատաւոր, ճշմարտապէս քննի՛ր կատարուածը, եւ եթէ սուտ լինեն իմ խօսքերը, ապա սպանի՛ր ինձ»: Դատաւորն ասաց. «Եթէ ճիշտ են քո խօսքերը, ապա նա կախարդ է: Դու ի՞նչ կþասես նրա մասին»: Եւ բանտապետն ասաց. «Ես ասացի այն, ինչ տեսել եմ, իսկ թէ նա կախարդ է, թէ ոչ, ես չգիտեմ»:
Մինչ նրանք խօսում էին, սուրբ վկայ Ակակիոսն իր ջախջախուած ծնօտով ծաղրում եւ ծիծաղում էր նրանց անմտութեան վրայ, որից դատաւորն աւելի մոլեգնեց ու ասաց. «Մի՞թէ քո մոգութեամբ մեզ ծաղրելու եկար»: Ակակիոսը պատասխանեց. «Ես ծիծաղում եմ ոչ թէ ուրախանալով չարի հետ, որով պաշարուած էք, այլ զարմանալով ձեր ապշութեան վրայ, սակայն սրտով ողբում եմ ձեր յաւիտենական կորստեան համար: Դուք ինքներդ էք ձեզ ծաղրելի դարձնում, քանզի թողնելով ճշմարիտ Աստծուն՝ երկնքի եւ երկրի Արարչին, երկրպագում էք անշունչ քարերին եւ Աստուծոյ ծառաներին մոգեր անուանում»:
Դատաւորն ասաց. «Մի՛ կարծիր, թէ չեմ յաղթի յամառութեանդ, քեզ ողջ չեմ թողնի, եթէ ըստ մեր անյաղթ ինքնակալների հրամանների՝ չերկրպագես մեր աստուածներին»: Ակակիոսն ասաց. «Եթէ վախենայի քո սպառնալիքներից, նախապէս կը լսէի քեզ, բայց քանի որ իմ միտքն ու խորհուրդները բարի են, քան քոնը, ապա չեմ վախենում քո խօսքերից: Արա՛, ինչ կամենում ես»: Այնժամ բռնաւորը դարձեալ տանջանքների մատնեց նրան. տասը դահիճներ, միմեանց յաջորդելով, արջառաջլերով անխնայ հարուածեցին կուրծքը եւ թիկունքը:
Իսկ երանելին սովորոյթի համաձայն խօսում էր Իր Փրկչի հետ՝ ասելով. «Քրիստո՛ս, օգնի՛ր Քո նուաստ ծառային»: Եւ որքան բռնաւորը դառնանում էր՝ Քրիստոսի անունը լսելով, այնքան նա աւելի ու աւելի կրկնում էր. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր Քո Ակակիոս ծառային...»: Եւ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Մի՛ երկնչիր, Ակակիո՛ս, այլ զօրացի՛ր եւ ուրախ եղի՛ր, որովհետեւ դու արժանացար երկնաքաղաքացի լինել քո հայրերի հետ եւ մտնել քո Տիրոջ անճառ ուրախութեան մէջ, քանի որ արիաբար խոստովանեցիր Իմ անուան դաւանութիւնը»:
Եւ երբ ահազդու հնչմամբ այս խօսքը լսելի եղաւ, վկային հարուածող դահիճներն ընդարմացան, եւ նրանց ձեռքերը թմրեցին: Այնժամ դատաւորը, յոյս չունենալով յաղթել քաջ նահատակին, որոշեց մատնել նրան աւելի բարձր ատեանի՝ Բիւզանդիա ժամանած անթիպատոսին[1]: Ուղարկեց նաեւ մի գրութիւն՝ հետեւեալ բովանդակութեամբ. «Ողջո՛յն վսեմափառ, մեծ դատաւոր Փլաւկիանոսին՝ Բիբիանոսի կուսակալութեամբ պատուելի անթիպատոսին: Փիրմոս հազարապետի կողմից ինձ մօտ է ուղարկուել քրիստոնէական կրօնի հետեւորդ Ակակիոսը, որն անհնազանդ է գտնուել մեր անյաղթ ինքնակալների հրամաններին: Քսաներկու օր նա գտնուեց ինձ մօտ, սակայն մանրակրկիտ հարցաքննութեամբ ոչինչ չշահեցի նրա կամակորութեան եւ յամառութեան պատճառով: Եւ իմանալով, որ ձեր իշխանութիւնն առաւել ահընկեց է, այս մարդուն, որն իմ կողմից պատուհասուել է դատաստանի օրէնքներով, ուղարկում եմ քեզ մօտ՝ իմ ատեանի առջեւ նրա հետ կատարուած բոլոր տեղեկութիւններով հանդերձ»:
Փլաւկիանոսը ստացաւ գրութիւնը, եւ հրամայեց պահել վկային՝ առանց կապանքների եւ նեղութեան, որովհետեւ նրա կինը քրիստոնեայ էր, ով խնդրել էր իր ամուսնուն եւ նրանից գաղտնի երդում վերցրել, որ իր ձեռքի տակ գտնուող բոլոր քրիստոնեաներին չմատնի երկարատեւ ու դաժան չարչարանքների: Ապա հինգ օր անց բդեշխի փոխանորդին հրամայեց իր առջեւ բերել Ակակիոսին եւ ընթերցել Բիբիանոսի կողմից արուած դատաստանի գործերը: Եւ երբ լսեց, զարմացաւ Բիբիանոսի դաժան խստութեան եւ Ակակիոսի անպարտելի մտքի վրայ, բայց առաւել սքանչացաւ Ակակիոսի վէրքերը բժշկող նորատեսիլ զօրականների երեւման մասին, որոնք, որպէս անհաւատալի իրողութիւն, նամակում մոգութիւն էին ներկայացուած:
Եւ այլ ելք չգտնելով՝ նա մեղադրեց դատաւորին զինուորական կարգով պատուական մարդուն այդքան երկար եւ անողորմ տանջելու համար, որին պէտք էր խնայել եւ առանց չարչարանքների արագ կեանքից զրկել:
Համակուած սոյն խորհրդի շուրջ՝ Փլաւկիանոսը որոշեց իսկ եւ իսկ գլխատել տալ քաջ նահատակին եւ արձակեց հետեւեալ դատավճիռըը. «Գալիլեացիների կուսակիցը եւ մեր ինքնակալների մշտայաղթ տէրութեանն անարգողը, որն ամբողջ հոգով ցանկանում էր շուտ տեսնել իր կեանքի վախճանը, ինչպէս որ ցոյց է տուել նրա հետ եղած քննութիւնը, մեր ատեանն այս մարդուն համարում է օրէնքի հանդէպ ապստամբ, որի համար հրամայում եմ գլխատելով զրկել նրան կեանքից»:
Երբ երանելի Ակակիոսը լսեց իր մահուան վճիռը եւ տեսաւ, որ այն մօտ է իրականանալուն, ասես թէ մեծ աւետիս ստացած, լցուեց ուրախութեամբ, ինչպէս ծարաւից պապակած մէկը, որը ցանկանում է արբել նահատակութեան բաժակից: Այնժամ տեղում բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Կամենում էի լեզուով մեծապէս օրհնել Քեզ, Քրիստո՛ս, Աստուծոյ Որդի, մեր կեանքի եւ փրկութեան ճանապարհ, որ այսպէս բարեգութ եւ բազումողորմ եղար մեղաւոր ծառայիս հանդէպ եւ արժանացրիր շնորհաց այս վիճակին»:
Եւ նրան տարան Բիւզանդիոն քաղաքից դուրս, ուր պիտի նահատակուէր: Այնտեղ աղաչեց դահիճներին մի փոքր ժամանակ տալ իրեն: Ծնրադրեց եւ առ Աստուած գոհաբանական ազօթք մատուցեց՝ ասելով. «Փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ, Քեզ վայել է օրհնութիւն, եւ Քո անբաւ մեծվայելչութեանը վայել է անլռելի գոհաբանութիւն: Քանզի որքան առաւել ես մեզ առատաձեռնում Քո երախտիքների շնորհները եւ մարդասիրապէս քաւում մեր անօրէնութիւնները, այնքան գերահրաշ է փայլում Քո բարեգթութեան փառքը: Օրհնեա՛լ է փառաց Քո սուրբ անունը, քանզի այսպէս հաճեցար պատուասիրել մարդկանց Քո Միածին Որդու եւ Քո Սուրբ Հոգու միջոցով: Դու ոչ թէ իմ գործերի համար արժանացրիր այս շնորհներին, այլ Քո բարեսէր կամքով ինձ հրաւիրեցիր այս փառքի մէջ, որի համար, Տէ՛ր Աստուած՝ սուրբդ Իսրայէլի, օրհնում եմ Քեզ Քո Միածին Որդու եւ Սուրբ Հոգուդ հետ, որովհետեւ Քոնն է փառքը, Քոնն է պատիւը այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Այս ասելով՝ խոնարհեցրեց իր գլուխը եւ մատուցեց իր պարանոցը դահճի սրի բերանին, եւ այդպէս, Տիրոջ 303 թուականի մայիս ամսուայ ութերորդ օրը նահատակուեց Քրիստոսի բազմայաղթ եւ փառաւոր վկայ Մեծն Ակակիոսը: Այդ տարին Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի հալածանքների առաջին տարին էր եւ մարտիրոսների առաջին թուականը: Այդ պատճառով որոշ եկեղեցիներում սուրբ Ակակիոսի հետ կատարւում է նաեւ ընդհանրական յիշատակ նոյն օրը նահատակուած այլ շատ վկաների համար, որոնց թիւը, ինչպէս հաշուել են, եօթանասունեօթն է: Նրանցից ոմանք քրիստոնեաներ էին՝ իրենց ծնուած օրից, միւսներն էլ քրիստոնեայ դարձան սուրբ Ակակիոսի քարոզութեան եւ կատարուած հրաշքների միջոցով:
Քրիստոսասէր եւ երկիւղած մարդիկ վերցրին Ակակիոսի պատուական մարմինը եւ պատուով ամփոփեցին «Խաչեան» կոչուած վայրում: Տարիներ անց այդ տեղում Մեծն Կոստանդիանոսը սուրբ Ակակիոսի անուամբ մեծ վկայարան շինեց, որտեղ Տէրը բժշկութիւն էր պարգեւում բոլոր նրանց, ովքեր ապաւինում էին նրա բարեխօսութեանը:
[1] Անթիպատոս – հռոմէական հիւպատոսի կամ բդեշխի փոխանորդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: