ՍՈՒՐԲ ԱՆԱՍՏԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Այսօր հրեշտակաց դասք ի յերկինս ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:

Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:

Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն.

Քանզի երկրաւոր զինաւորաց բազմութիւնքն ընծայեցան ի խորան սրբութեան երկնից:

(Շարակնոց)

 

 

Քրիստոսի փառաւորեալ վկայ եւ ճգնազգեաց նահատակ Անաստասը կամ Անաստասիոսը, որի անունը թարգմանաբար նշանակում է յարութիւն կամ յարուցեալ, ազգութեամբ եւ կրօնով պարսիկ էր: Ապրել է պարսից Խոսրով Երկրորդ արքայի եւ յունաց Հերակլ կայսեր օրօք ու ծնուել Ռաժիկ գաւառի Ռաշմունի գիւղում: Նախկին անունը Մագունդատ կամ Մակունդաս էր: Հայրը մոգ էր, եւ նա դեռեւս մանկուց իր հօրից սովորեց մոգութեան նոյն արհեստը, իսկ երբ արբունքի հասաւ, իր եղբօր հետ զինուորագրուեց Խոսրով արքայի արքունական գնդում:

 

Այդ օրերին մեծ պատերազմ էր ընթանում պարսիկների եւ յոյների միջեւ: Քրիստոնեաների մեղքերի պատճառով եւ Աստուծոյ թոյլտւութեամբ պարսիկներն առաջխաղացում ունեցան հռոմէական տէրութեան սահմաններում: Եւ հասնելով սուրբ Երուսաղէմ քաղաք՝ նրանք գրաւեցին քաղաքը եւ այրելով աւերեցին Քրիստոսի տնօրինական սուրբ վայրերը: Գերեվարեցին նաեւ Քրիստոսի պատուական Խաչափայտը եւ տարան Պարսկաստան, որ եղաւ Տիրոջ 614 թուականին: Գերեվարուեց նաեւ Երուսաղէմի պատրիարք տէր Զաքարիան՝ իր բազմաթիւ եկեղեցականներով հանդերձ, որոնք գերութեան մէջ ծառայում էին սուրբ Խաչին: Պարսկաստանում սուրբ Խաչով մեծ հրաշքներ էին կատարւում, որը մեծ ուրախութիւն էր հաւատացեալների համար եւ ահով համակում հեթանոսներին: Լուրը տարածուեց Պարսից ողջ երկրում, եւ մարդիկ ասում էին, թէ քրիստոնեաների Աստուածն այստեղ է իջել:

 

Այս մասին լսեց նաեւ Մագունդատը եւ հարցուփորձ արեց քրիստոնեաներին, թէ որտեղի՞ց է Խաչափայտի զօրութիւնը, եւ ի՞նչ խորհուրդ ունի այն: Եւ տեղեկանալով, թէ այդ այն երկրպագելի Խաչն է, որի վրայ մարդկանց փրկութեան համար խաչուեց քրիստոնեաների Աստուածը, նրա սիրտը բոցավառուեց քրիստոնէութեան հանդէպ սիրով եւ իբրեւ բարեբեր հող՝ Աստուծոյ շնորհով իր մէջ ընդունեց կենաց Խօսքի սերմը: Խորհելով իր սրտում՝ սքանչանում էր սուրբ հաւատի խորհուրդներով, մինչեւ որ ամբողջովին հասու եղաւ ճշմարտութեանը, հաստատուեց իր մտքում, որոշեց  հեռանալ մոգերի մոլար ուսմունքից եւ քրիստոնեայ դառնալ:

 

Այդ օրերին Խոսրով արքան Գամիրք ուղարկեց Սայիդ կամ Սային անունով զօրապետերից մէկին, որը մեծ աւերածութիւններ անելով՝ անցաւ Կապադովկիայով եւ Գաղատիայով, հասաւ մինչեւ Քաղկեդոն, որը գտնւում էր Բիւթանիայում՝ Բիւզանդիայի դիմաց: Այդ գնդում էին նաեւ Մագունդատը եւ նրա եղբայրը: Սակայն երբ Հերակլ կայսեր քաջարի զօրավար Փիլիպպիկոսը յարձակուեց պարսից սահմանների վրայ, հարկ եղաւ, որ Սայինը նահանջէր դէպի արեւելք: Պարսից զօրքի նահանջի ընթացքում Մագունդատը թողեց իր եղբօրը եւ գունդը, մնաց Երապօլիս քաղաքում ու յարեց արծաթագործ մի քրիստոնեայ պարսիկի: Սովորելով նրա արհեստը՝ վաստակում էր նրա հետ եւ մեծապէս թախանձում նրան ցոյց տալ իրեն այն ճանապարհը, որով արժանի լինէր սուրբ մկրտութեանը, իսկ արծաթագործը, վախենալով պարսիկներից, յապաղում էր կատարել նրա խնդրանքը: Մագունդատը յաճախ նրա հետ եկեղեցի էր գնում եւ աղօթում: Տաճարում տեսնում էր սուրբ մարտիրոսների գեղեցիկ պատկերները եւ հարցնելով տեղեկանում էր նրանց նահատակութեան պատմութիւնների մասին: Զարմանում էր նրանց համբերութեան վրայ, որ մարդու կարողութիւնից վեր էր եւ փափագում էր արժանանալ այդպիսի շնորհների:

 

Աստուած նրա սրտում դրեց գնալ Երուսաղէմ, որտեղ գալով՝ նա բնակուեց մի այլ արծաթագործ քրիստոնեայի հետ: Եւ երբ վերջինիս յայտնեց մկրտուելու իր փափագը, արծաթագործը նրան առաջնորդեց սուրբ Յարութեան տաճարի տէր Եղիա քահանայի մօտ: Տէր Եղիան, մեծ սիրով ընդունելով Մագունդատին, դասեց նրան երախայութեան կարգի մէջ եւ ապա մկրտելու համար նրան յանձնեց տէր Մոդեստոսին, որն այդ ժամանակ Երուսաղէմի Աթոռի տեղապահն ու փոխանորդն էր: Նրա հետ մկրտուեց նաեւ մէկ այլ պարսիկ, որը յետագայ օրերին նահատակուեց Եդեսիայում:

 

Մկրտութեան ժամանակ Մագունդատն անուանուեց Անաստասիոս՝ ի պատիւ Քրիստոսի սուրբ Յարութեան: Տէր Եղիայի տանն ութ օր մնալուց յետոյ, այսինքն այնքան, որքան սահմանուած է մկրտեալների սպիտակ հանդերձները կրելու համար, Անաստասիոսը խնդրեց իրեն մենակեաց դարձնել: Եւ քահանան անմիջապէս նրան տարաւ սուրբ Սաբայի վանքը՝ ո՛չ այն, որը գտնւում էր Երուսաղէմից տասը մղոն հեռաւորութեան վրայ, այլ մօտակայ մի այլ վանք, որը քաղաքից հեռու էր ընդամենը չորս մղոնով եւ նրան յանձնեց Յուստիանոս անունով առաքինի վանահօր հոգածութեանը: Եւ դա Տիրոջ 619 կամ 620 թուականն էր՝ Հերակլ քրիստոսասէր արքայի թագաւորութեան տասներորդ տարին: Վանահայրն իր ընտրեալ աշակերտներից մէկին նշանակեց որպէս Անաստասիոսի վարդապետ, որից նա սովորեց յունարէն լեզուն, ինչպէս նաեւ սաղմոսներն եւ ապա ընդունեց կրօնաւորութեան սքեմը:

 

Երանելին մեծ ջանասիրութեամբ ու պատրաստակամութեամբ ծառայում էր վանքին, մանաւանդ խոհանոցի եւ այգու բոլոր գործերում, բայց առաւել ջերմ էր աղօթքների եւ պաշտամունքի կարգը կատարելիս: Անյագ փափագով մշտապէս լսում էր սուրբ Գրքի ընթերցուածքները եւ սուրբ հայրերի վարքագրութիւնները, իսկ այն, ինչ չէր հասկանում, անկեղծօրէն հարցնում էր իր վարդապետից եւ միւս եղբայրներից: Կարդացածն ամուր պահում էր մտքում եւ որոճում սրտում՝ սքանչանալով եւ փառաւորելով Աստծուն: Իր առանձնասենեակում յաճախ ընթերցում էր սուրբ մարտիրոսների չարչարանքների եւ յաղթող նահատակութեան մասին պատմութիւնները, արտասուքներ հեղում եւ սրտի խորքերից աղաչում Աստծուն արժանացնել իրեն՝ մտնելու սուրբերի նոյն վկայական հանդէսը Աստուծոյ փառքի համար: Նոյն վանքի ականատես միաբանը՝ այս խօսքերը գրի առնողը, ասում է. «Մենք իմացանք, որ նա այնքան էր հիանում սուրբերի ժուժկալութեան վրայ, որ գրեթէ ոչ մի այլ բան չէր ցանկանում կարդալ, բացի այն գրքերից, որոնք նրա սրտում բորբոքում էին այրող տենչանքի բոցը»:

 

Տեսնելով երանելու առ Աստուած ունեցած անչափ սէրը՝ բարիատեաց բանսարկուն փորձեց խռովքի մատնել նրան՝ մոգական խօսքեր յիշեցնելով, որոնք նա մանուկ հասակում լսել էր իր հօրից: Իսկ նա աղօթեց առ Աստուած՝ փրկելու իրեն չարի փորձութիւնից, ապա գնաց վանականի մօտ, արտասուքներով պատմեց նրան իր խորհուրդների մասին եւ հայցեց նրա ու բոլոր եղբայրների աղօթքները: Այդպէս նա ազատուեց չարի պատրանքներից:

 

Մի գիշեր Աստուծոյ ծառայ Անաստասը տեսիլք տեսաւ. նա գտնւում էր մի բարձր լերան վրայ: Մի մարդ մօտեցաւ իրեն, տուեց գինով լի մի ոսկէ գաւաթ, որ զարդարուած էր թանկագին քարերով եւ ասաց. «Վերցրո՛ւ եւ խմի՛ր»: Ազդուած տեսիլքից՝ իսկոյն արթնացաւ, վեր կացաւ, գնաց եկեղեցի, որտեղ սուրբ կիրակիի լուսաբացի գիշերային հսկման կանոնն էր կատարւում: Նա խնդրեց վանականին առանձնանալ իր հետ սարկաւագանոցում եւ ընկնելով նրա ոտքերն՝ ասաց. «Հա՛յր, գիտեմ, թէ որքան ես չարչարուել տառապեալիս համար, եւ թէ որքան եմ ես չարչարել քեզ, բայց Աստուած քո միջոցով ինձ դուրս բերեց խաւարից դէպի լոյսը: Աղօթի՛ր ինձ համար, որովհետեւ ես Տիրոջ մօտ եմ գնում»: Հայրն ասաց. «Ինչո՞ւ, որդեա՛կ, ինչպէ՞ս իմացար, որ ժամդ մօտեցել է»: Անաստասը պատմեց իր տեսիլքի մասին ու ասաց. «Գիտեմ, որ Աստուած կանչում է ինձ՝ լինի օրհասական մահով, լինի այլ կերպ»: Նա ամաչում էր ասել իրեն յայտնուած տեսիլքի մասին, որպէսզի իր վկայական մահուան վերաբերեալ խօսքերը ծաղրալ չթուային: Այնժամ, վանահօրից բազմաթիւ մխիթարական խօսքեր լսելով, եղբայրների հետ կատարեց ժամուայ կանոնը, հաղորդուեց սուրբ Խորհրդին, ապա հայրերի հետ ընթրելուց յետոյ փոքր-ինչ նիրհեց:

 

Սակայն, չկարողանալով այլեւս զսպել հոգու մէջ բորբոքուող երկնկային տենչը, երանելի Անաստասը վեր կացաւ եւ լռելեայն հեռացաւ վանքից՝ յետեւում թողնելով այնտեղ անցկացրած եօթ տարին: Իր հետ ոչինչ չվերցրեց՝ բացի իր կրօնաւորի զգեստից, որ կրում էր եւ ուղեւորուեց դէպի Դիոպօլիս, այսինքն Լիւդիա, եւ այնտեղից Աստուծոյ առաջնորդութեամբ հասաւ Պաղեստինեան Կեսարիա, որտեղ երկու օր մնաց փառաւորեալ սուրբ Մարիամ Աստուածածնի տաճարում: Եւ երբ Աստուծոյ նախախնամութեամբ կամեցաւ գնալ սուրբ Եւփիմեայի եկեղեցին՝ աղօթելու, ճանապարհին մի տան մէջ պատահեց պարսիկ մոգերի, որոնք կախարդանքներ էին անում: Այնժամ Անաստասը, բորբոքուած աստուածային նախանձախնդրութեամբ, մօտեցաւ նրանց եւ պարսկերէն ասաց. «Ինչո՞ւ ինքներդ մոլորուած լինելով՝ ձեր մոգութեամբ մոլորեցնում էք նաեւ ուրիշներին»: Մոգերը, զարմանալով նրա համարձակութեան վրայ, հարցրին. «Ո՞վ ես դու, եւ որտեղի՞ց ես, որ մեզ այդպիսի խօսքեր ես ասում»: Անաստասը պատասխանեց. «Նախկինում ես, իբրեւ ձեզնից մէկը, այդ կախարդութեան մէջ էի, սակայն երբ ճանաչեցի դրա խաբէութիւնը, թողեցի ու հեռացայ՝ քրիստոնեայ դառնալով»:

 

Ապա սկսեց խօսել մոգութեան պատրանքի մասին ու յանդիմանել մոգերին, մինչեւ որ նրանք լռեցին եւ խնդրեցին, որ չյայտնի իրենց հնարքները հաւաքուած ժողովրդի առջեւ: Այսպէս բաժանուեցին նրանից, բայց նրա մասին իսկոյն տեղեկացրին պարսիկներից ոմանց: Ուստի երբ Անաստասը փոքր-ինչ հեռացաւ, պարսիկ սպաները, որոնք նստում էին սպայապետի տան դարպասների մօտ, տեսնելով նրան, իրենց լեզուով միմեանց ասացին. «Սա լրտես է»: Իսկ երանելին նայեց նրանց եւ ասաց. «Ինչո՞ւ էք քրթմնջում իմ մասին, ես լրտես չեմ, այլ Աստուծոյ Որդու՝ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան: Ես այժմ ձեզնից առաւել եմ, բայց մի ժամանակ ես էլ ձեր նման սպայական կարգում էի»:

 

Այնժամ սպաները վեր կացան ու բռնեցին Անաստասին: Զօրապետը դուրս եկաւ եւ երբ հարցուփորձ արեց նրա մասին՝ հրամայեց երեք օր բանտարկել նրան, մինչեւ կը գար մարզպանը՝ Վարազաւանը, որն այդ ժամանակ քաղաքում չէր: Այդ երեք օրերի ընթացքում Անաստասը պարսիկների ձեռքից կերակուր չառաւ, որպէսզի դաւեր չնիւթէին իր դէմ: Երբ մարզպանը եկաւ Կեսարիա, զօրապետն Անաստասին տարաւ նրա առջեւ: Ճանապարհին հանդիպեց քրիստոնեաներից մէկը, որը երանելուն տեսել էր սուրբ Աստուածածնի տաճարում: Իմանալով նրա ձերբակալման պատճառը՝ նա երանի տուեց Անաստասին, քաջալերեց հաստատուն մնալ Տիրոջով եւ Քրիստոսի անուան համար չվախենալ տանջանքներից ու մահից, այլ անվեհեր կանգնել մարզպանի առջեւ ու պատասխանել նրան, քանզի ինչպէս Տէրն է ասում. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկուի»[1]: Եւ երանելին յոյժ ուրախացաւ նրա խօսքերից:

 

Արդ, երբ Աստուծոյ ծառային կանգնեցրին մարզպանի առաջ, նա չընկաւ նրա ոտքերի առաջ, ինչպէս նրանց սովորոթիւնն էր, այլ արիաբար կանգնեց նրա առջեւ: Մարզպանը նայեց նրան եւ հարցրեց. «Ո՞վ ես եւ ո՞ր երկրից ես»: Սուրբը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ, իսկ եթէ ուզում ես իմանալ, թէ որ երկրից եմ, ազգութեամբ պարսիկ եմ՝ Ռաժիկ գաւառից, Ռաշմունի գիւղից: Եղել եմ մոգ եւ սպայ, սակայն թողել եմ խաւարն ու եկել դէպի լոյսը»: Մարզպանն ասաց. «Թո՛ղ մոլորութիւնդ, դարձի՛ր նախկին կրօնիդ, եւ կը տամ քեզ զինուորական բարձր ռոճիկ ու պատուական համազգեստ»: Անաստասն ասաց. «Աստուած չանի, որ ես ուրանամ Քրիստոսին»: Մարզպանն ասաց. «Մի՞թէ քեզ հաճելի է այդ գծուծ զգեստը, որ կրում ես»: Անաստասն պատասխանեց. «Այս հանդերձը պարծանք է ինձ համար»: Մարզպանն ասաց. «Դու այսահար ես»: Սուրբը պատասխանեց. «Ես այսահար էի այն ժամանակ, երբ բռնուած էի նախկին մոլորութեան մէջ, իսկ այժմ իմ մէջ Քրիստոս է, Ով հալածում է դեւերին»: Մարզպանն ասաց. «Չե՞ս վախենում արքայից, գուցէ նա, լսելով քո մասին, հրամայի խաչել քեզ»: Սուրբը պատասխանեց. «Ինչո՞ւ վախենամ նրանից: Նա քեզ նման հողեղէն մահկանացու է: Արժէ՞ վախենալ կաւից եւ տիղմից, թէ՞ Քրիստոս Աստծուց, Ով արարեց երկինքն ու երկիրը»:

 

Այնժամ մարզպանը՝ բարկութեամբ լցուած, հրամայեց շղթայակապ արգելափակել նրան մի ամրոցում, որպէսզի ծառայելով արքունիքին՝ ամէն օր քարեր կրի շինարարութեան համար: Երանելին անտանելի չարչարանքներ ու ծանր վշտեր կրեց մերձաւորներից, քանզի իր համերկրացիներից ոմանք, երբ հանդիպեցին ու ճանաչեցին նրան, սկսեցին անպատուել՝ ասելով. «Ի՞նչ արեցիր մեզ հետ, չէ՞ որ ո՛չ մեր ազգում եւ ո՛չ էլ մեր գաւառում քրիստոնեայ չի եղել, դու ինչո՞ւ եղար: Ահա դու մեզ ծաղրի առարկայ դարձրիր բոլորի առջեւ»: Եւ շատ այլ ցաւալի խօսքերով տանջում էին նրան: Եւ նրանք, իրենց միջից մերժելով սուրբին, դիւային մոլեգնութեամբ ամէն օր ծաղրում եւ ծեծում էին նրան, փետում մազերն ու մօրուքը եւ պատառոտում հանդերձը: Մեծամեծ քարեր, որ հազիւ չորս մարդ էր բարձրացնում, դնում էին երանելու ուսին՝ ծանր շղթաներով տեղից տեղ տեղափոխելու համար: Եւ այլ դառը նեղութիւններ էին պատճառում նրան, սակայն անպարտելի նահատակն ամէն բան կրում էր ուրախութեամբ:

 

Այնուհետեւ մարզպետը դարձեալ նրան իր մօտ կանչեց եւ ասաց. «Եթէ իրօք մոգերի զաւակ ես եւ հմուտ ես մոգութեան մէջ, մի բան ասա՝ ըստ մոգական կրօնի, որպէսզի համոզուեմ, թէ ճշմարիտ է քո խօսքը»: Սուրբը պատասխանեց. «Չլինի թէ, որ իմ բերանից այդպիսի խօսք դուրս գայ»: Մարզպանն ասաց. «Ուրեմն դեռ նոյն յամառութեան մէ՞ջ ես: Ասում եմ քեզ՝ դարձի՛ր քո նախկին կրօնին, այլապէս քեզ համար կը գրեմ արքային»: Սուրբն ասաց. «Գրել ես ու ստացել պատասխանը: Այժմ արա՛ այն, ինչ կամենում ես»: Մարզպանը պատասխանեց. «Ոչ թէ գրել եմ, այլ պիտի գրեմ, եւ նա ինչ հրամայի, այն էլ պիտի կատարեմ»: Անաստասն ասաց. «Գրի՛ր, գրի՛ր, որքան կամենում ես, ամբաստանի՛ր ինձ, որովհետեւ ես քրիստոնեայ եմ»: Այնժամ մարզպանը հրամայեց. «Պառկեցրէ՛ք դրան մէջքի վրայ ու այնքան հարուածէք, մինչեւ որ հնազանդուի եւ կատարի իրեն հրամայուածները»: Եւ մինչ կամենում էին չորս կողմից կապել նրան, Աստուծոյ ծառան ասաց. «Թողէ՛ք, պէտք չէ կապել, ես անշարժ կը մնամ, ինչպէս կամենաք»: Եւ երբ սկսեցին հանդերձի վրայից բրերով հարուածել, երանելին ասաց. «Հանէ՛ք իմ հանդերձը, որ չվնասուի ու չանարգուի, եւ հարուածէ՛ք իմ մերկ մարմնին, այլապէս ձեր արածը ծաղր կը թուայ: Ես չեմ ուրանայ Քրիստոսին, որքան էլ մարմինս պատառ-պատառ անէք»: Այս ասելով՝ հանեց վանականի հանդերձը եւ այն մի կողմ դրեց, որպէսզի չանարգուի անօրէնների կողմից: Մերկ վիճակով տարածուեց նրանց առջեւ, եւ նրանք սկսեցին ուժգին հարուածել նրան:

 

Մարզպանը, զարմանալով վկայի համարձակութեան եւ համբերութեան վրայ, հրամայեց նրան տանել ամրոց ու բանտ նետել: Օրեր անց դարձեալ կանչեց նրան ու ասաց. «Վերադարձի՛ր մոգութեանը եւ զո՛հ մատուցիր, որպէսզի չմատնուես դաժան կորստեան ու չզրկուես լոյսից»: Աստուծոյ ծառան պատասխանեց. «Ո՞ւմ զոհ մատուցեմ, արեգակի՞ն, կրակի՞ն եւ ձեր միւս պաշտամունքների՞ն՝ բոլոր տարերքներին, լեռներին ու բլուրներին: Չլինի թէ ես զոհ մատուցեմ այդ ամէնին, որոնց Քրիստոս ստեղծել է՝ մարդկանց ծառայելու համար: Իսկ դուք, բանական լինելով հանդերձ, սակայն պատուած մոլորութեան խաւարով, պաշտում էք արարածներին ու դեւերին՝ չճանաչելով Արարչին»: Եւ նա շատ այլ խօսքերով յանդիմանեց հեթանոսների կուրութիւնը, ինչի համար դարձեալ շղթայակապ ամրոց ուղարկուեց:

 

Անաստասի վանահայրը, լսելով, որ նա ամուր հաւատով համբերում է տանջանքներին, յոյժ ուրախացաւ եւ միաբանների հետ աղօթեց նրա համար: Նրան մխիթարական խօսքեր գրեց՝ չարչարանքները քաջութեամբ կրելու եւ կեանքի պսակն առնելու համար: Եղբայրներից երկուսին նամակով ուղարկեց Կեսարիա, որպէսզի քաջալերեն նրան նահատակութեան ժամին, իսկ երանելի Անաստասը միշտ ուրախ ու զուարթ էր ի Տէր եւ գիշեր թէ ցերեկ չէր դադարում սաղմոսներով եւ օրհնութեամբ փառաւորել Աստծուն:

 

Երանելուն կապել էին մէկ այլ պատժապարտ երիտասարդի հետ, եւ նա ջանում էր չանհանգստացնել երիտասարդին իր գիշերային տքնութիւնների ժամին: Նա վեր կենալով կատարում էր գիշերային աղօթքների կարգը, սակայն որպէսզի շղթաները ձգելով չարթնացնէր ընկերոջը, մօտ կանգնելով՝ խոնարհեցնում էր իր պարանոցը ննջողի պարանոցին եւ այդպէս աղօթում: Հրեայ պահապաններից մէկը զարմանում էր՝ տեսնելով սուրբի համբերութիւնը ցերեկային ծանր աշխատանքի ժամին եւ նրա գիշերային յարատեւ աղօթքները: Եւ մի գիշեր, երբ սուրբը սաղմոսերգում էր, հրեան տեսաւ, որ բանտի դուռը յանկարծ բացուեց, ներս մտան սպիտակազգեստ մարդիկ, որոնցից մեծ լոյս էր փայլատակում եւ շրջապատեցին սուրբին: Զարհուրելով տեսիլքից՝ հրեան ասաց. «Աստուած սուրբ է, այս մարդիկ անտարակոյս հրեշտակներ են»: Եւ մինչ այս մտորումների մէջ էր, տեսաւ, որ նրանք իրենց վրայ խաչանիշ եմիփորոններ[2] էին կրում, իսկ ձեռքերին խաչեր ունէին: Մտածեց. «Ուրեմն նրանք եպիսկոպոսներ են»: Ապա նայեց սուրբ Անաստասին եւ տեսաւ, որ միւսների պէս նա եւս ճառագայթում է հրաշափառ լոյսով: Եւ ահա փառքով զարդարուած մի երիտասարդ առաջ եկաւ իբրեւ սարկաւագ, որովհետեւ ձեռքին բուրվառ ուներ եւ խնկարկեց նրանց: Այս ամէնը տեսնելով՝ հրեան սքանչելիքը ցոյց տալու համար արթնացրեց իշխանաւորներից մէկին, որը քրիստոնեայ էր Սկիւթուպօլսից, սակայն տեսիլքն իսկոյն աներեւոյթ եղաւ: Այնժամ հրեան սկսեց պատմել իր տեսածը: Նրա խօսքը տարածուեց հաւատացեալների շրջանում, եւ ովքեր լսեցին, փառաւորեցին Աստծուն:

 

Իսկ մարզպանը Խոսրով արքային գրեց Անաստասի մասին, եւ նրանից հրաման ստացաւ սուրբին ուղարկել արքունիք: Մարզպանն էլ ուղարկեց իր պաշտօնեաներից մէկին, որը գալով Անաստասին ասաց. «Արքայի հրամանն է, որ միայն խօսքով ասես՝ քրիստոնեայ չեմ, եւ իսկոյն ազատ կ՚արձակուես: Կը գնաս, ուր կը կամենաս, կը լինես մենակեաց կամ դարձեալ սպայական կարգի մէջ կը մտնես, ահա ընտրի՛ր, որը կամենում ես»: Քրիստոսի վկան պատասխանեց. «Ես երբէք չեմ ուրանայ իմ Տիրոջը՝ Քրիստոս Աստծուն»:

 

Լսելով այս խօսքերը՝ մարզպանը դարձեալ ողոքիչ եւ սպառնալից խօսքերով լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Գիտեմ, որ դու ամաչում ես քո ծանօթներից եւ չես համարձակւում նրանց առջեւ ուրանալ Քրիստոսին: Բայց արքան հրաման է տուել, որ գոնէ իմ եւ երկու զօրապետերի առաջ ասես առաջարկուած խօսքը, եւ ես իսկոյն քեզ ազատ կ՚արձակեմ»: Սուրբը պատասխանեց. «Երբէք չի լինի, որ ես մարդկանց առաջ ուրանամ Քրիստոսին»:

 

Այնժամ մարզպետը հրապարակեց արքունի հրամանը, ըստ որի՝ նրան պէտք է շղթայակապ Պարսկաստան ուղարկէին: Եւ սուրբն ասաց. «Եթէ դու արձակէիր ինձ, ես ինքս կը գնայի՝ կանգնելու արքայի առաջ»: Մարզպանից հրաման ելաւ, որ Անաստասին հինգ օր եւս պահեն ընդհանուր բանտում եւ ապա ճանապարհ ընկնեն այլ երկու պատժապարտ քրիստոնեաների հետ, որոնք նրա քաղաքից էին եւ պէտք է արքունիք տարուէին:

 

Մօտեցել էր Տիրոջ պատուական Խաչի վերացման տօնը, եւ Անաստասը, նրա վանքի երկու եղբայրներն ու այն երկու կալանաւոր քրիստոնեաները, որ իր նոյն քաղաքից էին, բանտում երեկոյեան հսկման կարգն էին անում՝ ողջ գիշերն անցկացնելով սաղմոսելով եւ լցուելով հոգեւոր ուրախութեամբ: Առաւօտեան հաւատացեալներից մի իշխան մօտեցաւ մարզպանին եւ խնդրեց մի փոքր թեթեւացնել Անաստասի կապանքները եւ տօնի առթիւ թոյլ տալ նրան տանել քրիստոնեաների եկեղեցին: Եւ երբ հրամանով թոյլատրեցին, ու Անաստասին եկեղեցի բերեցին, բոլոր հաւատացեալները լցուեցին անպատմելի ուրախութեամբ: Բոլորը մօտենում էին նրան ու անյագ տենչանքով համբուրում Քրիստոսի կենդանի նահատակի կապանքները: Ապա իշխանը նրան իր երկու մենակեացների հետ տարաւ իր տուն եւ ուրախութեամբ հիւրընկալեց նրանց:

 

Երբ լրացան մարզպանի նշանակած հինգ օրերը, Անաստասին երկու բանտարկեալների հետ Պաղեստինեան Կեսարիայից արքունիք տարան: Հաւատացեալների բազմութիւնը ճանապարհում էր նրանց: Սուրբին ուղեկցում էր նաեւ վանքի աբեղաներից մէկը, որը եկել էր վանահօր հրամանով՝ մինչեւ վերջ նրան ծառայելու եւ կատարուած բոլոր իրադարձութիւնների մասին իրենց տեղեկութիւններ բերելու համար: Բոլոր այն տեղերով, որտեղով անցնում էր սուրբը, հաւատացեալները նրան ընդունում էին մեծ ուրախութեամբ եւ ճանապարհում պատուով:

 

Երբ Քրիստոսի վկան հասաւ Պարսկաստան, միւս բանտարկեալների հետ նրան պահեցին Վեթսաղոն կոչուող աւանի բանտում, որը քաղաքից գտնւում էր վեց հրասախ[3] հեռաւորութեան վրայ: Այդտեղ էր գտնւում նաեւ Խոսրով արքայի դաստակերտը: Օրեր անց Խոսրովին տեղեկացրին Անաստասի մասին, եւ նա ուղարկեց իր նախարարներից մէկին՝ հարցաքննելու նրան:

 

Նախարարը գլխաւոր պահապանների հետ եկաւ նստեց բանտի շէնքում, կանչել տուեց Անաստասին եւ նախ հարցրեց. «Ո՞վ ես, եւ որտեղի՞ց ես, եւ ինչո՞ւ ես թողել պարսկական կրօնը եւ մոլորուել քրիստոնեաների աղանդի յետեւից»: Քրիստոսի վկան, արժան չհամարելով պարսկերէն լեզուով խօսել նրա հետ, պատասխանեց թարգմանչի միջոցով եւ ասաց. «Այդ դուք էք մոլորուել՝ դեւերին ծառայութիւն մատուցելով: Մի ժամանակ ես ինքս կապուած եմ եղել նոյն մոլորութեան մէջ, բայց այժմ ճանաչելով ճշմարտութիւնը՝ պաշտում եւ երկրպագում եմ ամենակալ Աստծուն, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ամէն բան, որ կան նրանցում»: Նախարարն ասաց նրան. «Ո՛վ եղկելի եւ թշուառական, մի՞թէ հրեաները չխաչեցին Նրան, Ում քրիստոնեաները պաշտում են»: Վկան պատասխանեց. «Ճիշտ է, Նա խաչուեց, բայց այդ եղաւ Նրա կամքով եւ տիեզերքի Արարչի տնօրինութեամբ, Ով հաճեցաւ երկնքից երկիր իջնել, մարդկային բնութիւն առնել եւ խաչուել, որպէսզի փրկի մարդկային ազգին սատանայի մոլորութիւնից, ում դուք պաշտում էք՝ այլ սնոտի եւ զազրելի բաներով հանդերձ, որոնք ասելն ամօթ է ինձ համար: Դուք չէք հասկանում, որ սին է ձեր այդ յոյսը»: Նախարարն ասաց. «Ի՞նչ գործ ունես նման բաների հետ: Ահա աստուածանման արեաց տէրը քեզ մեծ իշխանութիւն, ոսկէ կամարներ եւ երիվարներ է խոստացել, որպէսզի լինես նրա աւագանու դասում, միայն թէ դառնաս քո նախկին պաշտամունքին»: Անաստասը պատասխանեց. «Ես չեմ ուրանայ իմ Աստծուն, այլ երկրպագում եւ փառաւորում եմ Նրան, իսկ ձեր թագաւորի պարգեւներն անպիտան աղբ եմ համարում»:

 

Այրը գնաց եւ արքային պատմեց այդ ամէնի մասին: Թագաւորը բարկանալով յաջորդ օրն իսկ ուղարկեց նոյն նախարարին՝ վկային տանջանքների մատնելու համար: Նա եկաւ ցասումով, հրամայեց Անաստասին դուրս բերել բանտից եւ սկսեց սաստիկ սպառնալիքներով ահաբեկել նրան: Անաստասն ասաց. «Քա՛ջ իշխան, զուր մի՛ չարչարուիր, որովհետեւ չես կարող սասանել իմ հաւատքը, որն ամուր է իմ Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեամբ»: Այնժամ նախարարը հրամայեց կապել երանելուն եւ անխնայ հարուածել գաւազաններով: Ասաց. «Դու չկամեցար ընդունել արքայի տուած պատիւն ու փառքը: Այժմ կ՚իմանաս, թէ դրանց փոխարէն ինչ կ՚ունենաս: Ահա ամէն օր այսպէս կը տանջեմ քեզ՝ հարուածների վրայ հարուածներ աւելացնելով»: Նահատակն ասաց. «Անօրէ՛ն, ես չեմ ուրախանում քո արքայի պարգեւներով եւ չեմ վախենում քո սպառնալիքներից, արա՛ այն, ինչ գիտես»: Այնժամ նախարարը հրամայեց. «Պրկէ՛ք դրա մարմինը եւ կոճղի[4] մէջ դրէք սրունքները»: Այս անելով՝ երկու զօրեղ մարդիկ կանգնեցին կոճղի երկու ծայրերին եւ սեղմեցին՝ կարծելով, թէ նա ցաւից կը հնազանդուի իրենց, բայց երանելին արհամարհում էր բոլոր տանջանքները եւ ուրախութեամբ գոհանում Աստծուց:

 

Տեսնելով, որ ոչինչ չի շահում, նախարարը հրամայեց նորից բանտարկել նրան: Վանքի աբեղան, որ մնում էր մի ուրիշ տան մէջ, յաճախ այցելում եւ մխիթարում էր նրան: Միւս քրիստոնեաները եւս աներկիւղ մուտք էին գործում բանտ, որովհետեւ բանտի վերակացուն՝ Յեզդան Սաղարը, քրիստոնեայ էր: Նրանք համբուրում էին սուրբի շղթաները եւ խնդրում իրենց պահպանութեան համար ստանալ մի մաս նրա հանդերձից կամ այլ իրերից՝ որպէս օրհնութիւն: Եւ երբ վկան չէր կամենում, նրանք մոմով պատում էին նրա շղթաները՝ վերցնելով դրանց ձեւը եւ պահում որպէս օրհնութիւն:

 

Մի քանի օր անց նախարարը դարձեալ բանտ եկաւ եւ Անաստասին ասաց. «Ի՞նչ ես ասում, հնազանդւո՞ւմ ես արքայից արքային, թէ՞ դեռ յամառում ես»: Իսկ սուրբը թեքեց իր գլուխը՝ իբրեւ թէ նողկալով նրանից, եւ ասաց. «Բազմիցս ասացի քեզ, թէ անհնար է, որ ուրանամ Քրիստոսին: Արա՛ այն, ինչ որ կամենում ես»: Նախարարը բարկացաւ այդ խօսքերից, հրամայեց նախորդ անգամուայ պէս կապել սուրբին եւ երկար անխնայ բրածեծ անել, իսկ ինքը, թողնելով նրան բանտում, հեռացաւ:

 

Օրեր անց նախարարը կրկին եկաւ նրա մօտ եւ սկսեց փորձել երանելուն թէ՛ ողոքիչ խօսքերով պարգեւներ խոստանալով եւ թէ՛ վախեցնելով սարսափելի տանջանքներով, սակայն ոչ մի ելք չգտնելով՝ նորից գանահարել տուեց: Այնուհետեւ հրամայեց կախել նրան մի ձեռքից, մի ոտքից էլ մեծ քար կապել ու երկու ժամ այդպէս թողնել: Երկու ժամ անց իջեցրին նրան, իսկ նախարարը գնաց ու թագաւորին պատմեց սուրբի քաջութեան եւ համբերութեան մասին:

 

Հինգ օր անց արքան ուղարկեց նախարարին եւ այլ գործակիցներին, որպէսզի տանեն ու սպանեն Անաստասին եւ միւս կալանաւորուած քրիստոնեաներին: Նրանք եկան Վեթսաղոն, ուր գտնւում էր բանտը, հրամայեցին քաղաքից դուրս բերել բանտարկուածներին, որոնք շուրջ եօթանասուն հոգի էին, եւ տանել գետափ: Այնտեղ սուրբ Անաստասի աչքի առաջ լարերով խեղդեցին բոլորին, որոնց մէջ էին նաեւ այն երկու նահատակները, որոնց Անաստասի հետ բերել էին Կեսարիայից: Անօրէններն ասացին Անաստասին. «Ընտրի՛ր, որը կամենում ես, կա՛մ պիտի չարաչար կորստեան մատնուես նրանց հետ, կա՛մ պիտի հնազանդուես թագաւորի կամքին, ապրես եւ արքունիքում մեծ պատուի հասնես: Խնայի՛ր քեզ եւ մի՛ զրկիր քեզ քաղցր կեանքից»: Իսկ Քրիստոսի բարեյաղթ վկան աչքերը սեւեռեց երկնքին, նախ գոհացաւ Աստծուց՝ իր նահատակուելու փափագը կատարելու համար եւ ապա պատասխանեց նրանց. «Ես ակնկալում էի անդամ առ անդամ կտրատուել իմ Քրիստոս Աստուծոյ սիրոյ համար, իսկ եթէ այժմ սպառնում էք ինձ այդ տեսակ մահով, ապա գոհանում եմ իմ Աստծուց, որ փոքր չարչարանքով ինձ հաղորդ է դարձնում Իր սուրբերի փառքին»: Եւ այս ասելով՝ ուրախութեամբ եւ զուարթութեամբ նահատակուեց ի Տէր:

 

Երանելուն խեղդամահ անելուց յետոյ կտրեցին միայն նրա գլուխը եւ ուղարկեցին թագաւորին: Բոլորի մարմինները մի կողմ էին նետուած, որ շներին կերակուր լինէին: Քրիստոնեայ բանտապետը՝ Յեզդանը, կամենում էր, որ սուրբի մարմինը միւսներից առանձնանայ, բայց դահիճները, որ հրեաներից էին, թոյլ չէին տալիս, սակայն կաշառուելով՝ համաձայնեցին: Այն ժամանակ սուրբ Անաստասի վանքից եկած այն աբեղան, ինչպէս եւ Յեզդանի որդիներն ու միւս ընկերները, որ հաւատացեալներից եւ մենակեացներից էին, գիշերով եկան ու տեսան, որ միւսների մարմինները յօշոտուած էին, իսկ սուրբ Անաստասի մարմինն անարատ էր պահուել: Նրա մարմինը տարան եւ պատուով թաղեցին սուրբ Սարգիս եկեղեցում, որը գտնւում էր Վեթսաղոնից մէկ մղոն հեռաւորութեան վրայ: Սուրբ Անաստաս քահանայի նահատակութիւնը եղաւ յունուարի 22-ին, Հերակլ կայսեր թագաւորութեան տասնութերորդ տարում: Այդ տարին Պարսից Խոսրով արքայի թագաւորութեան վերջին տարին էր՝ Տիրոջ 627 կամ 628 թուականը:

 

Սուրբի նահատակութեան յաջորդ օրը պահապաններից երկուսը, որոնք պարսիկներ էին, միմեանց հետ խօսում էին նրա մասին: Ընկերներից մէկը միւսին ասում էր. «Գիտե՞ս արդեօք, որ երէկ շները եկան, նստեցին այն քահանայի մարմնի մօտ, սակայն չմօտեցան նրան, ասես թէ պահպանում էին նրան: Երկու ժամ սպասեցի եւ նոյնը տեսայ»: Իսկ միւսն ասում էր. «Երբ երեկոյեան տուն էի վերադառնում, տեսայ, որ երկրի երեսին աստղի նման մի բան է փայլում: Եւ երբ մօտեցայ՝ նայելու, աստղն այլեւս ինձ չերեւաց, բայց այնտեղում, ուր փայլում էր, տեսայ գետնին ընկած այն քահանայի մարմինը»: Բանտարկուած քրիստոնեաներից ոմանք, որոնք հասկանում էին պարսկերէն, լսեցին այս խօսակցութիւնը եւ պահեցին իրենց սրտերում:

 

Նրանցից երկուսը Խոսրովի մահից յետոյ եկան Երուսաղէմ, եւ մտնելով սուրբ Անաստասի վանքը՝ պատմեցին այս ամէնի, ինչպէս եւ սուրբի այն խօսքերի մասին, որ նա իրենց ասել էր բանտում՝ իր նահատակութեան նախօրէին. «Իմացէ՛ք, եղբայրնե՛ր, որ վաղը Աստուծոյ շնորհով ես պիտի նահատակուեմ Տիրոջ անուան համար, իսկ դուք շուտով ազատ էք արձակուելու: Անօրէն թագաւորը պիտի ընկնի, իսկ դուք էլ, երբ խաղաղութեամբ եւ Աստուծոյ առաջնորդութեամբ հասնէք Անաստաս քահանայիս անուան վանքը, պատմէք այս ամէնը վանքի առաջնորդին ու եղբայրներին»:

 

Աբեղան սուրբ Անանստասի մարմինը թաղեց վանքի սուրբ Սարգիս եկեղեցում եւ միառժամանակ մնաց այնտեղ, մինչեւ հնարաւոր լինէր վերադառնալ Երուսաղէմի իր վանքը: Եւ ահա մօտ տասն օր անց բարեպաշտ եւ քաջ Հերակլ կայսրն իր բանակով եկաւ այդ կողմերը: Աբեղան մեծ ուրախութեամբ գնաց նրա մօտ եւ պատմեց նրան Քրիստոսի քաջայաղթ վկայի՝ սուրբ Անաստասի մասին: Լսելով այդ՝ կայսրը եւ իր իւրայինները փառաւորեցին Աստծուն: Նրանք աբեղային վերցրին իրենց հետ ու պահեցին արքունի բանակում՝ մինչեւ Հերակլի Պարսկաստան կատարած արշաւանքի աւարտը: Այնուհետեւ աբեղան նրանց հետ անցաւ Հայոց աշխարհ, իսկ մէկ տարի անց վերադարձաւ Երուսաղէմի իր վանքը եւ ամբողջ կատարուածի մասին պատմեց վանահօրն ու եղբայրներին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Անաստաս քահանայի յիշատակը տօնում է սուրբ Խաչին յաջորդող եօթերորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Վարոսի եւ սուրբ Թէոդորիտէի ու նրա որդիների հետ:

 

Սկզբնաղբիւր

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 749:

 

[1] Մատթ. Ժ 22:

[2] Խաչերով զարդարուած երկար եւ լայն ուրար, որ եպիկոպոսները կրում են շուրջառի վրայ՝ պատելով ուսերն ու լանջը:

[3] Երեք մղոնի հաւասար երկարութեան չափ:

[4] Փայտէ կոճ՝ մէջը ծակած, որի մէջ դնում-սեղմում էին պատիժ կրողների ոտքերը: