Զինաւորն Քրիստոսի ի Հօրէ առեալ պարգեւս.
Յաստուածատունկ ի դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:
Իսկ երանելի վկայն Քրիստոսի զօրանայր ի Սուրբ Հոգւոյն.
Զի զերանութեանցն առնոյր զշնորհս ողորմութեան.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:
Աստ արասջիք զյիշատակ սրբոյն Անդրէի զօրավարին.
Որ է դուռն երկնից եւ ճանապարհ արքայութեանն.
ՈԵւ մեզ զէն յուսոյ վահան հաւատոյ:
(Շարակնոց)
Քրիստոսի մեծ եւ հռչակաւոր վկան՝ սուրբ Անդրէաս զօրավարը, կամ ինչպէս յոյներն են ասում՝ ստրատելատը, կայսերական գնդի հրամանատարներից մէկն էր: Այդ գունդը գտնւում էր Արեւելքի Անտիոքոս սպարապետի իշխանութեան տակ եւ տեղակայուած էր ասորիների երկրում: Անդրէասն ապրել է Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս անօրէն թագաւորների օրօք, որոնք չարի թելադրած անաստուած հրամանների միջոցով ջանում էին մարել հաւատքի լոյսը եւ աշխարհից վերացնել քրիստոնէական պաշտամունքը, որի համար զինուորաց դասին եւ բոլոր հաւատացեալներին յորդորում ու ստիպում էին ընդունել կուռքերի խաւար պաշտամունքը:
Արդ, նման դժուար ժամանակաշրջանում երիցս երանելի Անդրէաս քաջ նահատակը փայլեց իբրեւ վարդ փշերի մէջ: Նա աչքի էր ընկնում կրկնակի՝ թէ՛ աշխարհական զինուորութեամբ եւ թէ՛ հոգեւոր, որովհետեւ արիութեամբ քաջայաղթ էր բարբարոսների դէմ մղուած պատերազմներում եւ անուանի էր բոլոր նշանաւոր հրամանատարների մէջ ու միաժամանակ փայլում էր իր բարեպաշտութեամբ եւ քրիստոնէական հաւատքով: Եւ սա այն դէպքում, երբ նա դեռեւս մկրտուած չէր, որովհետեւ կա՛մ հաւատարիմ լինելով զինուորական գործին՝ սպասում էր յարմար ժամանակի՝ ընդունելու սուրբ կնիքը, կա՛մ էլ ըստ ժամանակի սովորութեան՝ մտածում էր մկրտուել վերջին օրը: Նա ամբողջ սրտով հաւատում էր կենդանի Աստծուն, հաստատուած էր աստուածային յոյսով եւ ի Քրիստոս հաստատուն էր պահում ոչ միայն իր անձը, այլեւ իր իշխանութեան տակ եղող զինուորներին, առանձին քարոզելով նրանց աւետարանական խօսքը եւ տանելով դէպի ճշմարիտ հաւատքը:
Իսկ Անտիոքոս սպարապետը, որը մի կռամոլ եւ անողորմ բռնակալ էր, տեղեակ չէր Անդրէասի ի Քրիստոս հաւատքի մասին եւ քաջագործութիւնների ու արքունիքին հաւատարիմ ծառայելու համար սիրում էր նրան բոլորից առաւել: Մեծամեծ իշխանաւորներից շատերը եւս մեծարում էին նրան՝ իրենց մոլար օրէնքների կարգի համաձայն:
Եղաւ, որ այդ օրերին արեւելեան՝ պարսից կողմերի թշնամիները յարձակուեցին հռոմէական թագաւորութեան դէմ, եւ նրանց մի ստուար գունդ մօտեցաւ Ասորիքի սահմաններին: Մեծ երկիւղ եւ տագնապ ընկաւ այդ երկրի բնակիչների վրայ: Այնժամ Անտիոքոսն իր Անդրէաս զօրավարին ասաց. «Քո արիութեան եւ քաջութեան համբաւը տարածուած է ամենուր, որովհետեւ բոլոր պատերազմների յաղթանակները, որ եղել են քո ձեռքով, յայտնի է մարդկանց, որի համար դու այս պատուին ես արժանացել: Եւ այժմ այս պատերազմում առաւել պիտի ցոյց տաս քո յաղթական քաջութիւնը, որպէսզի աւելի մեծ պատուի արժանանաս»:
Ապա քաջ Անդրէասը, յուսալով Աստծուն, Ով յաղթում է բոլոր պատերազմներում, կամաւոր ընդունեց իշխանի հրամանը: Ընտրեց հինգ հարիւր իննսունինը մարդկանց, որոնց ճանաչում էր իրենց քաջութեամբ եւ ընդառաջ գնաց թշնամուն: Տեսնելով հակառակորդի բազմութիւնը՝ սակաւաթիւ իւրայինները վախեցան: Այնժամ Անդրէասը, իրեն մարտակից ունենալով Քրիստոսին, քաջալերուեց եւ սկսեց խօսել իր զօրքի հետ՝ ասելով. «Եղբայրնե՛ր, եկել է առ Աստուած դառնալու, կուռքերի մոլորութիւնից հրաժարուելու եւ երկնքի ու երկրի Աստծուն հաւատալու ժամանակը, Որի ձեռքին են բոլոր յաղթանակները: Ժամանակն է Բարձրեալից հայցել վերին օգնականութիւն եւ փրկութիւն, որովհետեւ Նա կենդանի ու կենդանարար Աստուած է, ամենքի Արարիչը եւ անյաղթելի Թագաւորը: Նա օգնական է բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն, եւ Նա է, որ փրկում է բոլոր նեղութիւններից: Արդ, այսուհետեւ հաւատացէ՛ք ամենասուրբ Երրորդութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն եւ այդ հաւատքով մտէք պատերազմի մէջ: Ապաւինելով իմ Աստուծոյ մարդասիրութեանը՝ ես գիտեմ, որ Նա կ՚ողորմի մեզ՝ որպէս Իր հաւատացեալ ժողովրդի, մեզ զօրավիգ լինելով՝ թշնամիներին կը մատնի մեր ձեռքը ու կը հալածի նրանց բանակը մեր առջեւից, որպէսզի ինչպէս մարգարէն է ասում՝ ոտքի տակ տալով հողմափոշի դարձնենք նրանց»:
Լսելով իրենց առաքինի զօրավարին՝ զօրքն ամբողջ սրտով ընդունեց նրա խօսքերը, որովհետեւ նրանց մէջ ծագեց աստուածգիտութեան լոյսը, լուսաւորուեցին նրանց մտքերը եւ միաբերան աղաղակեցին՝ ասելով. «Հաւատում ենք ամենակալ Հօրը, Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ մի Աստուածութեանը, Որին քարոզում էիր, Ով օրհնեալ է փառքով, զօրութեամբ եւ իշխանութեամբ, գովաբանւում ու փառաւորւում է երկնաւորների եւ երկրաւորների կողմից ու օգնական է լինում Իր հաւատացեալներին: Մենք անկասկած կը յաղթենք մեր թշնամիներին Նրա զօրութեամբ »:
Այսպէս ապաւինելով Աստծուն՝ բոլորը զինուեցին հաւատքով ու զօրացան: Մէկը միւսին քաջալերելով՝ ելան ու յարձակուեցին հակառակորդի վրայ: Պատերազմն ընթացաւ, եւ այդ օրը Տէրն Անդրէասին ու նրա հաւատացեալ զինուորներին մեծ յաղթանակ տուեց: Նրանք ջախջախեցին թշնամու ամբողջ զօրքը. նրանցից շատերին սպանեցին, մնացածին էլ ցրելով փախուստի մատնեցին: Յաջողութեամբ յաղթանակի հասան Աստուծոյ ձեռամբ, Ով ամաչեցրեց սուրբ բանակի դէմ մարտնչողներին եւ Իր անուան փառքի համար փառաւորեց Իրեն յուսացողներին:
Յաղթանակից յետոյ սուրբ Անդրէասն իր հաւատացեալ զօրքին ասաց. «Տեսա՞ք Աստուծոյ մեծամեծ գործերը, թէ ինչպէս Նա այսօր փրկեց մեզ: Այսուհետեւ հաստատուն մնացէք ի Տէր, որպէսզի արժանի լինէք յաւիտենական երանութիւններին, որոնք պահուած են Նրան հաւատացողների համար»: Իսկ բանսարկուն, չարացած Աստուծոյ ծառայ Անդրէասի խօսքերի ու գործերի յաջողութիւնից, հնարքներ էր որոնում խարդախութեամբ որսալու նրան: Ուստի լուսեղէն հրեշտակի կերպարանք առած՝ յանկարծ յայտնուեց սուրբ Անդրէասի առաջ ու իբրեւ երկնքից իջած՝ սկսեց դիւրահաւան խօսքեր ասել: Իսկ Անդրէասը, Քրիստոսի շնորհով ճանաչեց նրան ու ասաց. «Ո՛վ բարին ատող եւ ճշմարտութեան թշնամի, ինչո՞ւ չես դադարում խորամանկել: Չէ՞ որ այդ պատճառով երկնայինների դասից կորստեան վիհն ընկար»: Այնժամ բանսարկուն, ամաչելով Աստուծոյ մարդու կշտամբանքից, ասաց. «Ես մինչեւ վերջ չեմ դադարի փորձութեան ենթարկել քեզ»: Իսկ սուրբ Անդրէասը սաստեց նրան եւ ասաց. «Քրիստոսի զօրութեամբ հեռացի՛ր այստեղից»:
Այնուհետեւ առաքինի Անդրէաս զօրավարն իր զօրքով ճանապարհ ընկաւ Անտիոքոս սպարապետի մօտ: Բոլոր անցնող ճանապարհներին պատերազմի յաղթանակի մասին գովեստի խօսքերը նրանք Քրիստոսին էին ընծայում: Եւ երբ Անտիոքոսը լսեց, որ յաղթանակի համար Քրիստոսին են փառք տալիս, սաստիկ չարացաւ: Սակայն իր չար խորհուրդները պահելով սրտում՝ երկու հարիւր զինուորներ ուղարկեց Անդրէասին ընդառաջ, որպէսզի ի պատիւ նրա քաջագործութեան՝ մեծարանքով սպասաւորէին նրան, բայց միաժամանակ ճշտէին իր լսած լուրերը, թէ արդեօք նա իր զօրքով հանդերձ փառաւորում է Քրիստոսին եւ արհամարհում իր աստուածներին ու նրանց պաշտամունքը:
Եւ երբ հասան ու ողջունեցին Անդրէաս զօրավարին, նա ընդունեց նրանց մեծ ուրախութեամբ: Պատմեց նրանց Տիրոջ շնորհած յաղթանակի մասին եւ ապա սկսեց խօսել ամենասուրբ Երրորդութեան, Քրիստոսի հաւատքի ճշմարտութեան եւ զօրութեան, մեռելների յարութեան ու արդարների եւ մեղաւորների հատուցման մասին: Մեծ ահ ընկաւ նրանց վրայ: Նրանք հաւատացին Աստծուն, որովհետեւ նրանց վրայ իջաւ աստուածգիտութեան շնորհը եւ սուրբ բանակի ու Անդրէաս զօրավարի հետ սկսեցին օրհնել, գովերգել ու փառաբանել Աստծուն:
Երբ սուրբն իր զօրականների հետ եկաւ քաղաք, ներկայացաւ իշխանին ու պատմեց պատերազմի յաղթանակի եւ թշնամու կործանման մասին: Լսելով այդ ամէնը՝ իշխանը գոհութիւն մատուցեց իր կուռքերին, իսկ սուրբ Անդրէասն ընդդիմացաւ նրան, փառք տուեց ամենասուրբ Երրորդութեանը եւ ասաց. «Յաղթանակը Քրիստոսով եղաւ»: Սակայն Անտիոքոսը հակառակուեց եւ սկսեց հնարքներ որոնել, որպէսզի հեռացնէր նրան ճշմարիտ խոստովանութիւնից: Շատ պայքարելուց յետոյ ասաց Անդրէասին. «Չգիտե՞ս արդեօք, թէ որքան բազմաթիւ մարդիկ են կործանուել դառը տանջանքներով, եւ թէ ինչպէս եմ ես փոշիացրել նրանց, ովքեր հաւատացել են Քրիստոսին: Ես ոչ ոքի չեմ խնայել: Եւ այժմ ինչո՞ւ ես դու յամառում Խաչեալի համար՝ Նրան Աստուած խոստովանելով եւ ինչո՞ւ ես յաղթանակը վերագրում Նրան, Ով իմ ձեռքից չի կարողանում փրկել Իր հաւատացեալներին»: Սուրբ Անդրէասը պատասխանեց. «Բոլոր սուրբերը, որոնք չարչարուեցին ու մեռան Քրիստոսի սուրբ անուան համար, վերստին պիտի նորոգուեն եւ պսակուեն Քրիստոսի Յայտնութեան եւ Գալստեան օրը: Ահա ես այս յոյսով եմ կարօտով սպասում, որ թերեւս այցելութեան օրն արժանաւոր լինեմ արժանաւորների հետ»:
Բռնակալը լցուեց բարկութեամբ եւ ցասումով, սակայն ակնածելով նրանից՝ հրամայեց հեռանալ, որպէսզի որոշէր իր անելիքը: Այստեղ շատերը գրում են, թէ բռնակալը տանջանքների մատնեց Անդրէասին՝ տարածելով նրան շիկացած երկաթի վրայ, իսկ ըստ ոմանց՝ նրա գործակիցները բեւեռեցին փայտին: Սակայն «Ճառընտիր»-ների մեր վկայաբանն առաջադրում է նրանց քաջ նահատակութեան հետեւեալ պատմութիւնը:
Իշխանը չարի խորհրդով կամեցաւ Անդրէասին ու նրան միաբանուած անձանց հալածել դէպի մի հեռաւոր աշխարհ: Տեսնելով, որ նրանք բոլորը հաստատուն միտք ունեն՝ հրամայեց, որ երկու հազար զինուորներ սուրբ բանակը դուրս բերեն քաղաքից ու անվերադարձ օտարութեան ցրեն, բայց միաժամանակ ակնկալում էր, որ նրանցից իւրաքանչիւրը վտարանդի լինելու վախից ու տառապագին կեանքից կը զղջայ եւ կը յօժարի վերադառնալ իր ազգին ու երկրին: Սակայն նրանք երկնքի արքայութեանն արժանանալու համար յանձն առան չարչարանքները, քան թէ միառժամանակ մեղքերի մէջ ապականացու կեանքը վայելելը:
Երբ բաւական հեռացան քաղաքից, սուրբ Անդրէասը բարձրաձայն դիմեց սուրբ բանակին՝ ասելով. «Յիշեցէ՛ք աւետարանական այն խօսքը, որ մեր Փրկիչը՝ Քրիստոս, ասաց մարդկանց բազմութեանը. "Երանի՛ նրանց, ովքեր հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը"[1]: Արդ, թող ձեզնից ոչ ոք չտկարանայ մտքով եւ չզրկուի այս երանութիւնից, որովհետեւ այն կեանքն անսասան ու անեղծանելի է, կայ եւ մնում է յաւիտեան»: Սուրբ Անդրէասի բերանից լսելով Աստուծոյ Հոգով ասուած այս խօսքերը՝ սուրբ բանակը ուրախացաւ ու խրախուսուեց: Եւ քաջալերուելով Աստուծով՝ նրանք ուրախ սրտով գոհանում էին Տիրոջից ու ցնծալից խօսքերով փառաւորում մի ճշմարիտ Աստծուն՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն:
Տեսնելով ու լսելով նրանց՝ իշխանի երկու հազար զինուորները Սուրբ Հոգու շնորհով զղջացին իրենց սրտերում: Արտասուելով աղաչում էին ամենակալ Աստծուն դասուել սուրբ բանակի հետ եւ ստանալ որդեգրութեան շնորհը: Բոլորը միաբանուած օրհնութիւն էին վեր առաքում ամենասուրբ Երրորդութեանը Բարձունքներում: Անպատմելի ուրախութիւն պատեց առաքինի զօրավարին եւ ամբողջ զօրքին: Եւ այսպէս մի հոգով ուղղուեցին դէպի Կիլիկիայի սահմանները եւ այլեւս չկամեցան վերադառնալ Անտիոքոսի մօտ:
Այս լուրն անմիջապէս հասաւ չարամիտ Անտիոքոս իշխանին: Նա խռովուեց, զարհուրեց ու չգիտէր, թէ ինչ անէր կամ ինչ լուծում գտնէր: Իր մօտ կանչեց բոլոր սինկղիտոսներին եւ խորհրդականներին ու նրանց հետ խորհրդակցելով՝ նամակ գրեց Կիլիկիայի սահմանների վերակացուին հետեւեալ բովանդակութեամբ. «Ասորիքի բոլոր նահանգների հրամանատար եւ իշխող, յաղթող հռչակուած Անտիոքոս Մեծից ողջո՛յն մեր սիրելի եղբայր Սելեւկիոս Մեծ կուսակալին: Որպէսզի ձերդ մեծութիւնն անտեղեակ չլինի մեր Անդրէաս զօրավարի մասին, որին մեծ պատուի էինք արժանացրել, տեղեկացնեմ, որ նա ապստամբելով արհամարհեց մեր պատիւն ու աստուածներին եւ գնաց Խաչեալ Քրիստոսի յետեւից: Հալածանքների ենթարկուելով մեր կողմից՝ նա շատերին տարաւ իր յետեւից, եւ նրանք բոլորը Քրիստոսին խոստովանեցին Աստուած եւ յաւիտենական Թագաւոր՝ ընդդէմ ինքնակալ թագաւորների: Արդ, որտեղ գտնես, հատու սուսերով ոչնչացրու նրանց, որպէսզի յայտնի լինի մեր եղբօր քաջութիւնը: Ո՛ղջ եղիր, քա՛ջդ Սելեւկիոս»:
Եւ երբ թուղթը տարան ու կարդացին Սելեւկիոսի առջեւ, նա անմիջապէս զայրացաւ չար գազանի պէս: Լցուեց դառը թոյնով եւ մտածեց, թէ ինչպէս կամ ինչպիսի հնարքներով որսայ նրանց: Պատրաստեց իրեն եւ պատրաստուել հրամայեց նաեւ իր ամբողջ զօրքին: Իսկ երանելի Անդրէաս զօրավարը, որ Քրիստոսի անուան համար իր սուրբ բանակի հետ հալածուեց ասորիների Անտիոք քաղաքից, նախ եկաւ Ալեքսանդրիա եւ անցնելով Կիլիկիայի ծովափնեայ ճանապարհով՝ իւրայիններով հասաւ Կիլիկիայի Տարսոն քաղաքը: Այնտեղ Անդրէաս զօրավարը հանդիպեց Տարսոն քաղաքի Պետրոս եւ Բերիա քաղաքի Նունոս եպիսկոպոսներին ու իր ամբողջ զօրքի հետ մկրտուեց նրանց ձեռամբ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Նրանք լուսաւորուեցին աստուածգիտութեան լոյսով եւ նոյն պահին մկրտութեան ջրի մէջ յայտնի երեւմամբ ի վերուստ իջած լոյս տեսան իրենց անձանց վրայ: Տեսան նաեւ նահատակութեան պսակը, որը պիտի ստանային սպասուող երանութեան մէջ:
Սուրբ եպիսկոպոսները ողջոյն տալով օրհնեցին նրանց, եւ նրանք ճանապարհ ընկան: Երբ Սելեւկիոսը տեղեկացաւ այս մասին, դէմքն այլագունուեց մռնչացող եւ գիշատիչ առիւծի պէս, եւ հետապնդելով հալածեց սուրբ բանակին: Ուր հասնում էին, գազանաբար յարձակւում էին մեծաթիւ գնդով եւ կամենում էին անխնայ կոտորել բոլորին: Բայց սուրբերը, ի վերուստ օգնութիւն ստանալով, քաջութեամբ հարուածեցին հաւատի թշնամիներին եւ յաղթեցին նրանց այնպէս, որ այլեւս չէին կարողանում ընդդիմանալ երանելի նահատակներին ու խոչընդոտել նրանց ճանապարհները, որովհետեւ Սուրբ Հոգին առաջնորդում էր նրանց դէպի Աստծուց սահմանուած վայրը, որտեղ պիտի ընդունէին իրենց նահատակութիւնը: Եւ հասնելով մինչեւ Տարմեղինէ՝ Եքսոնի մօտ[2], դադար առան Քափսորիոս եւ Քարափաթոն կոչուող մի քարքարօտ վայրում, որ գտնւում էր լեռնամիջի հովտում, եւ որի միջով փոքր գետ էր անցնում:
Սելեւկիոսը հետապնդեց եւ հասնելով Քափսարի նեղուցին՝ պաշարեց նրանց, իսկ սուրբ բանակն իրենց ամբողջ երիվարներով ու զէնքով սկսեց պատերազմել նրանց դէմ: Տեսնելով, որ մարտնչելով չի կարողանում յաղթել՝ Սելեւկիոսը, փակեց լեռնանցքը եւ դադար առաւ մի տեղում, իսկ քաջ նահատակները՝ որպէս Աստուծոյ բանակ, բանակեցին ձորամիջում: Այդտեղ սուրբ Անդրէաս զօրավարն սկսեց քաջալերել իր զօրքին եւ ասել. «Իմ սիրելի եղբայրնե՛ր եւ քաջ նիզակակիցնե՛ր, ահա եկել է ժամը՝ արիանալու ոչ թէ մարմնով, այլ հոգով եւ հաճոյ լինելու երկնաւոր Թագաւորին: Եկել է ժամը մարտի եւ յաղթութեան՝ ո՛չ թէ երկրաւոր զէնքով, այլ Աստուծոյ Հոգով սպառազինութեամբ: Ժամն է կամաւոր յօժարութեամբ տալ մեր անձերը Քրիստոսի համար, որովհետեւ մենք չենք պատերազմում մարմնի եւ արեան հետ, այլ չար դեւերի իշխանութիւնների, պետութիւնների եւ խաւար աշխարհակալների հետ, որոնք առաւել կամենում են սպանել հոգիները, քան թէ մարմինները: Ուրեմն ամրացէ՛ք հաւատով, յոյսով եւ սիրով ու մի՛ վախեցէք ժամանակաւոր մահից, այլ անթառամ պսակներին արժանանալու համար անվեհեր զոհաբերէ՛ք ձեզ մեր Փրկչի սիրոյ համար, Ով մատնեց Իր անձը մեր սիրոյ համար: Այսուհետեւ հաստատուն մնացէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքի մէջ եւ ամուր պահէք շնորհը, որ տրուեց ձեզ: Յիշէ՛ք այն երանաւէտ պարգեւները, որ մեր Տէր Յիսուս Քրիստոս խոստացաւ ձեզ: Թող ձեզնից ոչ ոք մտքով չհեռանայ այն շնորհներից, որոնց արժանացաք, եւ թող ոչ ոք չզրկուի յաւիտենական կեանքից՝ ցանկանալով երկրաւորը: Հասել ենք գաւթի դռանը, թող ոչ ոք չհեռանայ եւ չզրկուի հարսանեաց առագաստից: Պատերազմեցինք բարի պատերազմը, աւարտեցինք մեր ընթացքը եւ ահաւասիկ պատրաստ ենք վարձքի հատուցմանը: Մօտ է Թագաւորը, Ով պիտի պսակի մեզ Իր երկնային փառքով: Բարի է մեռնել մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար, որովհետեւ պիտի կենդանանանք Նրա հետ եւ փառաւորուենք անճառելի ու անապական բարիքների մէջ: Բարի է փոխանակել այս սնոտի եւ ապականացու կեանքը անմահական կեանքի հետ: Բարի է ուրանալ աշխարհի հարստութիւնը, որովհետեւ հանդերձեալում պիտի բազմապատիկ արդիւնքներ շահենք. մէկի դիմաց երեսուն, մէկի դիմաց վաթսուն եւ մէկի դիմաց հարիւր ու աւելին, որ հաշուից դուրս է: Երկրաւոր թագաւորներից հալածուելու փոխարէն պիտի մերձ լինենք երկնաւոր Թագաւորին ու պիտի թագաւորենք Նրա հետ: Եղբայրների, ազգականների եւ այլ սիրելիների փոխարեն, որոնց թողեցինք երկրի վրայ, պիտի խառնուենք ու միանանք երկնքի զուարթուններին եւ նրանց հետ զուարճանալով պարենք անճառելի ուրախութեան մէջ: Հայրենի ժառանգութեան փոխարէն, որը թողեցինք ու հեռացանք, պիտի ժառանգենք երկնքի Արքայութիւնը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսով վայելենք անպատում բարիքները»:
Այս եւ նման խօսքեր ասաց առաքինի զօրավար սուրբ Անդրէասն իր զօրքին, եւ նրանք, քաջալերուած Քրիստոսի շնորհներով, զօրացան իրենց հոգիներում ու միաբան դուրս եկան սրի դէմ՝ յօժարութեամբ մեռնելու մեծ Յոյսի համար, որին ակնկալում էին: Իսկ Սելեւկիոսը բարկութեամբ ու ցասումով հրամայում էր իւրայիններին չխնայել ոչ ոքի եւ չարաչար կերպով կոտորել բոլորին:
Նահատակուելուց առաջ սուրբ Անդրէաս զօրավարն ու ամբողջ սուրբ բանակն աղօթում էր՝ ասելով. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, որ հրաւիրեցիր մեզ որդեգրութեան եւ քո կամքով ու ողորմութեամբ զօրացրիր մեզ: Արժանացրո՛ւ մեզ սուրբերի դասին, որովհետեւ մեռնում ենք Քեզ համար իբրեւ սպանդի տարուող ոչխարներ: Քո մարդասիրութեամբ մի՛ թող Քեզ յուսացողներիս եւ ապաւինողներիս: Տէ՛ր, տո՛ւր Քո ողորմութեան շնորհները մեր հանգստեան վայրում: Բժշկի՛ր ախտաժէտների ցաւերը՝ ըստ իւրաքանչիւրի խնդրանքների, հալածի՛ր պիղծ դեւերին եւ բոլոր վտանգներից փրկի՛ր Քեզ հաւատացողներին, որպէսզի Քո սուրբ անունը միշտ փառաւորեալ լինի»:
Աղօթքն աւարտելուց յետոյ բոլորը բարի խոստովանութեամբ սրի քաշուեցին ի փառս ամենասուրբ Երրորդութեան: Երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Եկէ՛ք եւ մխիթարուէք ամենքի Արարչից: Ձեր արեան հեղման վայրում կը բխի բժշկութեան աղբիւր՝ բոլոր վտանգուածների ախտերից առողջանալու ու պիղծ դեւերից ազատուելու համար»:
Նրանց նահատակութիւնը եղաւ օգոստոս ամսի 19-ին: Նրանց թիւը, սուրբ զօրավարով հանդերձ, շուրջ երկու հազար ութ հարիւր հոգի էին:
Իսկ անօրէն թագաւորներն սկսեցին որոնել երանելի եպիսկոպոսներ Պետրոսին ու Նունոսին, որոնք մկրտել էին սուրբ բանակի անդամներին, սակայն նրանք հեռացել էին Աստուծոյ երկիւղն ունեցող իրենց սպասաւորների հետ, եկել սուրբերի նահատակութեան վայրը, տեսել բժկութեան աղբիւրն ու սուրբ բանակի անդամների նշխարները եւ մխիթարուելով ու փառաւորելով Աստծուն՝ ծածուկ ամփոփել նրանց հանգստեան վայրում: Ամէն տարի հաւատացեալները տօնախմբում են սուրբերի վկայութեան յիշատակը, որոնց նահատակութիւնը եղաւ Տիրոջ 300 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Անդրէաս զօրավարին յիշատակում է Վարագայ Խաչին յաջորդող հինգերորդ երեքշաբթի, կամ սուրբ Խաչին յաջորդող տասներորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Կալինիկոսի եւ Դոմետիոս վկայի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 463:
[1] Մատթ. Ե 10:
[2] Ըստ այլոց՝ Հայոց Մելիտենէ քաղաքի Տարմաղմէ գիւղի Որքեսոն ամրոցի մօտ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: