ՍՈՒՐԲ ԲԱԲԵԼԱՍ ԾԵՐԻ ԵՒ ՆՐԱ ՈՒԹՍՈՒՆՉՈՐՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

ԶՔեզ կարդային յօգնութիւն սուր մարտիրոսքն եւ ասէին.

Որ ի բարձունս բնակեալդ ես, խնայեա՛ ի մեզ:

Դու ես դուռն լուսոյ. Դու պսակ պարծանաց ի Քեզ յուսացելոց.

Որ ի բարձունս բնակեալդ ես, խնայեա՛ ի մեզ:

Օրհնեալ, գովեալ եւ ի սուրբս հանգուցեալ.

Եւ Դու ես ընդունող հոգւոց մերոց.

Որ ի բարձունս  բնակեալդ ես միշտ եւ յաւիտեան:

(Շարակնոց)

 

 

Երկնքի արքայութեան դպիրն ու երկնաւոր Վարդապետի աշակերտը՝ սուրբ ծերունի Բաբելասը, լինելով իմաստուն դաստիարակ եւ հոգեկիր ուսուցիչ անմեղ մանուկների, որոնք կրթւում էին քրիստոնէական դպրանոցում, Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքից էր եւ ապրել է Դիոկղետիանոս կայսեր ու նրա գահակից Մաքսիմիանոս Հերակլիայի օրօք:

 

Պատահեց, որ Մաքսիմիանոս կայսրը, քաղաք մտնելով, զոհ մատուցեց Ապոլոնին: Եւ երբ աւարտեց իր պիղծ պաշտամունքն ու դուրս եկաւ կուռքերի տաճարից, Ապոլոնի քրմերը՝ Արտեմիոսն ու Փիբիանոսը, մօտեցան նրան եւ ասացին. «Ո՛վ թագաւոր, ինքնակա՛լ տէր, դու մեծ յօժարութեամբ զոհ ես մատուցում աստուածներին եւ ջանում ես դարձնել շատերին՝ պաշտելու նրանց, որի շնորհիւ մեր երկիրն ապրում է խաղաղութեան մէջ, իսկ քո  թագաւորութիւնը մշտապէս յաղթանակ եւ պատիւ է վայելում: Եւ այժմ, քաղաքում կան մարդիկ, որոնք իրենց քրիստոնեայ են կոչում, բայց ամբարիշտ վարքով չեն հնազանդւում ձերդ թագաւորութեան օրէնքներին: Նրանք հայհոյում են աստուածներին եւ երկրպագում մի Խաչեալի, Որին Աստուած են կոչում եւ ասում, թէ Նա բնակւում է երկնքում եւ իշխում է բոլոր երկրաւորներին: Այսպէս մոլորեցնում են շատերին, զոհ չեն մատուցում մեր աստուածներին եւ չեն մասնակցում մեր տօնակատարութիւններին, նաեւ հպարտանում են ընդդէմ քո թագաւորութեան եւ աղօթում են ձեր իշխանութեան փոխուելու համար: Յատկապէս կայ մի անպատկառ ծերունի՝ Բաբելաս անուամբ, որն իր հպարտութեամբ մշտապէս չարախօսում է մեր աստուածների մասին եւ իր ձեռքի Գրքով շատերին աշակերտներ է դարձնում՝ ուսուցանելով իր սուտ վարդապետութիւնը, մոլորեցնում է նրանց միտքը՝ չհաւատալ աստուածներին, այլ միայն հպատակուել Խաչեալի օրէնքին, երդուել Նրա անունով եւ ոչ թէ աստուածների զօրութեամբ: Հելլենական իմաստութեամբ կրթելու փոխարէն նա ինչ-ինչ առասպելներ է սովորեցնում մարդկանց, որոնց քրիստոնեաներն իրենց մոլորութեամբ սուրբ երգեր եւ սաղմոսներ են անուանում: Եւ բոլոր անզգամ կանայք այդ մարդու միջոցով այդպիսի ուսմունքով են կրթում իրենց զաւակներին: Այնքան մոլեգին է դարձել այդ ծերը, որ ոչ միայն տղաներն են հետեւում նրա ուսմունքին, այլ անգամ աղջիկներն են յաճախում նրա վարդապետանոցը: Եւ այժմ, ինքնակա՛լ տէր, թոյլ մի՛ տուր, որ զօրանայ այդ մոլորութիւնը, այլապէս դա կը լինի անարգանք աստուածների եւ արհամարհանք թագաւորների հանդէպ»:

 

Քրմերից լսելով այս ամէնը՝ թագաւորը լցուեց բարկութեամբ, իսկոյն զինուորներ ուղարկեց՝ բռնելու Բաբելասին եւ մանուկներին, հրամայեց նրանց բոլորին, զգուշութեամբ պահելով, արգելափակել վարդապետանոցում, եւ միայն Բաբելասին իր առջեւ բերել:

 

Զինուորներն անմիջապէս կատարեցին հրամայուածը, եւ երանելի ծերունուն՝ ձեռքերը թիկունքին կապուած, բերեցին թագաւորի առջեւ, որը նստած էր Ապոլոնի տաճարի մուտքի դիմաց: Երբ թագաւորը տեսաւ սուրբին, խոժոռուած դէմքով նայեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես Բաբելասը, որ արհամարհում ես անմահ աստուածների զօրութիւնը եւ զոհ չես մատուցում նրանց: Եւ ոչ միայն, դու անզգամ կանանցից յափշտակում ես անմեղ մանուկներին ու ինչ-ինչ բարբաջանքներ սովորեցնում նրանց, որոնց աստուածային երգեր ես կոչում: Դու ո՛չ մեր օրէնքներից ես պատկառում եւ ո՛չ էլ մեր սպառնալիքներից ես վախենում, այլ նստում ես հրապարակներում եւ խօսքեր հնչեցնում մարդկանց ականջներին, որը դառն ու ծանր տանջանքներ է պատճառում լսողներին: Կամ մի՞թէ չես լսել, թէ նրանք, ովքեր տենչացին լսել քո յիմարութիւնը, ինչպիսի անաչառ դատաստան կրեցին դատաւորների կողմից. ոմանք մատնուեցին հրին, ոմանք՝ սրին, մի մասին ծովը նետեցին, միւսներն էլ գազանների կեր եղան, եւ նրանց դիակներն անգամ չարժանացան գերեզմանի: Ի՞նչ կ՚ասես այս մասին, ո՛վ չար ծերունի: Մեր կամքն է, որ թողնես քո յիմար կրօնը, պաշտես անմահ աստուածներին եւ երկրպագես նրանց: Իսկ նրանց հանդէպ մեղանչելուդ համար մեր մեղմ ներողամտութեամբ հնարաւորութիւն ենք տալիս, որ հաշտեցնես նրանց՝ զոհ մատուցելով: Այդժամ դու բարին կը գործես քո ծերութեան համար՝ ապրելով հանգստի եւ փառքի մէջ: Եւ ոչ միայն այսքանը. հանրային գանձերից, որոնք կը տրուեն քեզ մեր առատաձիր թագաւորութեան կողմից, դու մեծ հարստութիւն կ՚ունենաս, որ չասես՝ "Ես ծեր եմ եւ այսուհետեւ չեմ կարող ապահովել ինձ կենցաղային կարիքներով, որի համար ցանկանում եմ մեռնել": Արդ, ի՞նչ կ՚ասես այս մասին»: Երանելի Բաբելասը պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, ես մանկուց պաշտում եմ ճշմարիտ Աստծուն եւ նոյն հաւատքով հասել եմ մինչեւ խոր ծերութիւն, եւ ահա դու տեսնում ես ինձ՝ վառուած նոյն բարեպաշտութեամբ: Արդ, մի՞թէ ցանկանալով այս անցաւոր կեանքը՝ պիտի ուրանա՞մ իմ Աստծուն եւ Տիրոջը, Նրան, Ով Իր ողորմութեամբ ստեղծեց ինձ որովայնից, եւ մարդկանց ձեռքով ստեղծուած քարերին, փայտերին ու անշունչ մեռելների՞ն երկրպագեմ»: Մաքսիմիանոսն ասաց. «Այլեւս չեմ ների քո բարբաջանքները, որոնցով անարգում ես անմահ աստուածներին, այլ կը հրամայեմ քարերով փշրել քո ոսկորները, որ գոնէ այդպէս խելագար ծերութիւնդ հասկանայ, թէ ինչպէս պէտք է խօսել թագաւորների առաջ»:

 

Եւ իսկոյն հրամայեց քարերով հարուածել նրա ծնօտին, որից ջախջախուելով փշրուեցին այտերի ոսկորները, իսկ արիւնը հոսելով իջնում էր նրա ծնօտի եւ բերանի միջով: Այնժամ երանելի ծերունին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Գոհանում եմ Քեզնից, իմ Քրիստո՛ս Աստուած, որ այսպէս բարեհաճելով՝ սկզբից եւէթ զօրացրիր Քո ծառային այս մրցապայքարում՝ արիաբար մղելու հաւատի պատերազմն ընդդէմ այս անօրէն թագաւորի: Ահաւասիկ ես Քո ամենազօր զօրութեամբ նման եմ հատուելուց յետոյ նոր դալար կանաչագեղ ձիթենու՝ դրախտային նորատունկ ծաղկի: Քարերի հարուածները մարմնիս ծերացած եւ հնացած անդամների համար փառքի նորոգում եմ համարում, քանզի հաւատում եմ, որ Քո փառաւորեալ Գալստեան ժամանակ պիտի ընդունես նրան նորոգուած»:

 

Երբ Մաքսիմիանոսը տեսաւ, որ նա իր տանջանքների մէջ այսպէս գոհանալով աղօթում էր Աստծուն, ասաց. «Ո՛վ պիղծ եւ յանդո՛ւգն ծեր, դեռեւս Խաչեալի՞ն ես կանչում՝ քեզ մարտակից լինելու համար: Մի՞թէ չհասկացար, թէ ինչու ջախջախուեցին երեսիդ ոսկորները, եւ չե՞ս տեսնում արեանդ յորդահոս բխումը բերանիդ միջից: Ուստի կը մատնեմ քեզ այլ աւելի խիստ տանջանքների, որ այդպիսով հասկանաս, թէ Նա, Ում դու Աստուած ես կոչւում, չի կարող օգնել նրանց, ովքեր կը դատապարտուեն թագաւորի կողմից»:

 

Այս ասելով՝ նա հրամայեց քարերով դարձեալ հարուածել նրան այս անգամ չորս կողմերից՝ սրունքներին, կողերին եւ թիկունքին: Երանելի Բաբելասը, կրելով այս բոլոր տանջանքները, չէր տրտնջում, այլ հեզութեամբ ու անխռով հոգով սաղմոսում էր՝ ասելով. « Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել: Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների: Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ: Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ»[1]:

 

Մաքսիմիանոսն ասաց. «Երդւում եմ աստուածներով, որ Արտեմիոսն ու Փիբիանոսը սուտ չխօսեցին քո մասին, թէ այդ ծերունին՝ բերանն առած ինչ-ինչ առասպելներ, արտասանում է "սուրբ երգեր եւ սաղմոս" կոչուածներ, որոնցով կարող է մոլորեցնել ռամիկներին եւ անմիտներին: Ահաւասիկ բարբաջում է մեր ականջներին՝ այսպիսի խորամանկութիւններ առաջ բերելով եւ մեզ եւս մոլորեցնել կամենալով՝ նոյն երգով քացրացնում մեր լսելիքները»: Սուրբը, նայելով նրան, ասաց. «Ճիշտ է ասում աստուածային սուրբ Գիրքը. "Յիմարը յիմարութիւն դուրս կը տայ, եւ նրա սիրտը փուչ բաներ կը մտածի"[2]: Ո՛վ թագաւոր, ինչո՞ւ չես հասկանում, որ մեծ եւ հզօր է քրիստոնեաների Աստուածը, եւ ոչինչ են համարւում հեթանոսների աստուածները, որոնց պաշտում ես՝ կործանման տանելով քո թագաւորութիւնը: Եւ ինչպէս սուրբ Գիրքն է ասում. "Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրը երկինքն է արարել"[3]»:

 

Բարկացաւ Մաքսիմիանոսը, նրան յանձնեց Պրիսկեղիոս դատաւորի ձեռքը եւ հրամայեց պարանոցին ծանր շղթաներ հագցնել, իսկ ոտքերը կապել փայտին: Եւ երբ երանելի Բաբելասին բանտ տարան, թագաւորը հրամայեց իր առջեւ բերել նրա աշակերտներին: Ծառաներն իսկոյն կատարեցին իրենց հրամայուածը, եւ բոլորը՝ թուով ութսունչորս հոգի (եօթանասուն տղաներ եւ տասնչորս աղջիկներ), գառների նման համախմբուած, կանգնեցին թագաւորի առաջ:

 

Նրանց անուններն էին՝ Թէոփիլոս, Պետրոս, Փիլիպպոս, Սերապիոն, Սեւերիոս, Զոյիանոս, Ալեքսանդրոս, Ագաթոն, Մովիտոս, Սարգիպնէոս, Տիրանէոս, Արտեմիոս, Մաքսիմոս, Ամնոնիոս, Սերապիսոս, Նէոփիտոս, Տորիոն, Պիկիլիանոս, Կինաբիոս, Բիտոն, Դոնատոս, Բիքտորիոս, Դուլկիտիոս, Դորոթէոս, Եւտիքիոս, Փիլիպպոս, Զենոբիոս, Եւգրաբիոս, Անտոնիոս, Քրիստարիոս, Լիբիոս, Անտիգոնոս, Գենեթլիոս, Սքոլաստիգոս, Թէոդոս, Փլորենդիոս, Գլիկերիոս, Կելսիոս, Պատրիկիոս, Ստեփաննոս, Բամբիանոս, Ուլլալենդինոս, Թէոդորոս, Եւտիքոս, Եւփսեբիոս, Եւագրիոս, Սեւերիանոս, Ղեւոնդիոս, Մարկիանոս, Փոտինոս, Փիլիկիրոս, Դիոմմիտիոս, Նէոփիտոս, Իպատիոս, Ակակիոս, Զոտիկոս, Փիմինոս, Պանքարիոս, Մարկոս, Արքելիոս, Իրինոս, Հուպելիոս, Ասկանիոս, Ելեւթերիոս, Այետիոս, Ամովսիոս, Դոնադոս, Անտիգոնոս, Իպատիոն, Պերմոն, Կիւրիա, Սոփի, Եւսեբիա, Թէոդոտի, Փաւստուհի,  Մալիկիս,  Թէոդուլէ, Թէոփիլուհի, Պատրիկուհի, Թէոդորա, Դիոնիսուհի,     Սիմբլիա, Տրիփենա, Դոմնա:

 

Արդ, երբ նրանց տանում էին թագաւորի առաջ, նրանց յետեւից գնում էին նրանց մայրերը, որոնք արտասուքներով քաջալերում էին զաւակներին, որ անսասան մնան իրենց վարդապետի հաւատքի մէջ: Տեսնելով նրանց՝ Մաքսիմիանոսը խորամանկօրէն ժպտաց եւ քաղցր ձայնով սկսեց խօսել՝ ասելով. «Որդեակնե՛ր, լսէ՛ք ինձ, որպէսզի ապրէք եւ վայելէք բարիքներով լի կեանք: Թէպէտ ձեր ուսուցիչն ուշ եւ հազիւ ճանաչեց աստուածների ճշմարտութիւնը, բայց յետոյ երկրպագեց նրանց, ինչպէս որ բոլոր մարդիկ: Ես լսել եմ նաեւ, որ նա յանդգնաբար ծեծել եւ տանջել է ձեզ՝ ամէն օր հաշիւ պահանջելով ձեզնից քրիստոնէական գրքերի նանիր ուսմունքը սերտելու համար: Այդ պատճառով, բարկանալով նրա վրայ, ես բանտարկել եմ նրան, որպէսզի այլեւս չտանջի ձեզ: Այժմ մտէ՛ք աստուածների տաճար, երկրպագէ՛ք նրանց եւ խաղաղութեամբ վերադարձէ՛ք ձեր մայրերի մօտ, որոնք ահա տեսնում էք, թէ ինչպէս են ողորմագին ողբալով գալիս ձեր յետեւից»:

 

Սուրբ մանուկները չպատասխանեցին թագաւորի այս բոլոր ողոքիչ խօսքերին, այլ նրանցից իւրաքանչիւրն ասաց. «Ես քրիստոնեայ եմ»: Այնժամ թագաւորը բարկութեամբ հրամայեց հեռացնել նրանց իր առջեւից: Ապա ընտրեց նրանցից տասին, որոնք միւսներից առաւել ուշիմ էին թւում եւ կարող էին պատասխանել իր հարցերին, ու հրամայեց նրանց իր առջեւ բերել: Մաքսիմիանոսն ասաց նրանց. «Որդեակնե՛ր, իմացէ՛ք, որ ձեր ընկերների միջից ես ընտրեցի ձեզ՝ որպէս իմաստուններ եւ կանգնեցրի իմ առջեւ: Արդ, մի՛ ընդօրինակէք ձեր ուսուցչի ապիկարութիւնը, այլ մօտեցէ՛ք, երկրպագէ՛ք աստուածներին եւ մեծ պարգեւներ՝ ոսկէ ու արծաթէ գանձեր կը ստանաք ինձնից: Ես մեծ ուրախութեամբ կ՚արձակեմ ձեզ, եւ դուք կը գնաք ձեր տները, կամ էլ կը մնաք մեզ մօտ՝ պալատում: Իսկ եթէ չհնազանդուէք, կը հրամայեմ գլխատել ձեզ եւ ձեր դիակները նետել շների առաջ»: Նրանցից մէկը՝ Ամովսիոսը, պատասխանեց. «Մենք քրիստոնեայ ենք եւ պիղծ դեւերին չենք երկրպագի: Ինչ որ կամենում ես, արա՛ իսկոյն: Ահաւասիկ մենք պատրաստ ենք հետեւելու մեր վարդապետի օրինակին»: Մաքսիմիանոսն ասաց. «Տարէ՛ք դրան եւ հարուածէ՛ք թիկունքին ու կողերին, որ սովորի, թէ թագաւորի առաջ պէտք է խօսել տղամարդու պէս եւ ոչ թէ երեխայի»:

 

Եւ մինչ Ամովսիոսն այդպիսի տանջանքներ էր կրում, առաջ բերեցին Դոնատոս անունով միւս ընկերոջը: Մաքսիմիանոսն ասաց նրան. «Տեսա՞ր քո ուսումնակից ընկերոջը, թէ ինչպէս չհնազանդուելով ինձ՝ մատնուեց խիստ տանջանքների: Արդ, դու մի՛ եղիր նրա պէս անմիտ, այլ հնազանդուի՛ր ինձ՝ պաշտելով աստուածներին, եւ խաղաղութեամբ գնա՛ քո ծնողների մօտ: Չէ՞ որ գիտես, թէ նրանք որքան տրտմած են ուշանալուդ համար»: Դոնատոսը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ, ինչպէս իմ ուսումնակից Ամովսիոսը: Ես չեմ խաբուի քո փաղաքշական խօսքերից եւ չեմ վախենում քո սպառնալիքներից: Ես չեմ ուրանայ իմ Աստծուն եւ Տիրոջը»:

 

Այնժամ Մաքսիմիանոսը լցուեց բարկութեամբ, փոխուեց նրա երեսի գոյնը, եւ ասաց. «Տարէ՛ք դրան եւս եւ նախորդի օրինակով կրկնապատիկ տանջէ՛ք, որովհետեւ սա եւս խաբուած է այն ծերունու մոլորեցուցիչ պատրանքներով»: Եւ թագաւորի անողորմ սպասաւորները տանջեցին սուրբ մանկանը: Նրա արիւնը հոսելով իջնում էր գետնին, բայց նա չէր պատասխանում բռնաւորին, այլ միայն աղաղակում էր եւ ասում. «Ես քրիստոնեայ եմ»:

 

Այնուհետեւ թագաւորը հրամայեց նրան գցել ու թողնել տան նկուղում, ապա կանչել տուեց նրա միւս ընկերներին եւ ասաց նրանց. «Ի՞նչ ընտրութիւն էք անում, հնազանդուել ինձ ու պարգեւներով եւ մեծ ուրախութեամբ գնալ ձեր տները, թէ՞ չհնազանդուել եւ կրել այնպիսի տանջանքներ, ինչպէս որ ձեր ընկերները»: Լսելով այս խօսքերը՝ սուրբ մանուկները, մի կողմ գցեցին իրենց վրայի հանդերձները եւ միաբերան աղաղակեցին՝ ասելով. «Ահաւասիկ մենք պատրաստ ենք տանջուել, ինչպէս մեր սուրբ եղբայրները՝ Ամովսիոսն ու Դոնատոսը, որոնք այժմ փակուած են այս տան նկուղում: Մենք երբէք չենք դադարի մեզ քրիստոնեայ կոչել եւ խոստովանել մեր Աստծուն, ինչպէս որ ուսուցանել է մեր երանելի վարդապետը»:

 

Այնժամ Մաքսիմիանոս, լցուած բարկութեամբ, իսկոյն վեր կացաւ եւ հեռացաւ իր պալատը: Հրամայեց Պրիսկիլիանոս դատաւորին բոլոր մանուկներին միասին բանտ նետել եւ մի քանի օր պահել առանց կերակրի, «Որ թերեւս, - ասաց, - սովից հիւծուելով, նրանք ուրանան իրենց վարդապետի խրատը, իսկ եթե ոչ, ապա թող իրենց վարդապետի հետ մահուան վճիռ ստանալով՝ սրի քաշուեն»:

 

Իսկ դատաւորը, ստանալով այդ հրամանը, փորձեց նրանց եւ երբ տեսաւ, որ մանուկներն անսասան են իրենց խորհուրդներում, հրամայեց իր մօտ բերել երանելի Բաբելասին ութսունչորս մանուկների հետ: Եւ ասաց նրանց. «Ո՛վ Բաբելաս, սթափուեցի՞ր քո խելագարութիւնից: Ուզո՞ւմ ես զոհ մատուցել աստուածներին եւ ապրել, թէ՞ դեռեւս նոյն յամառութեան մէջ ես: Դու չարաչար կը կորչես քո աշակերտների հետ, ինչպէս որ հրամայել է ինքնակալը»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ դատաւոր, դեռեւս առաջին իսկ քննութեան ժամանակ պէտք է, որ տեսնէիր մեր հաւատքի ամրութիւնը: Դու տեսար, որ իմ ծնօտի չարաչար ջախջախումը չօտարացրեց ինձ իմ Աստծուց: Այժմ ի՞նչ այլ տանջանքով ես համոզելու ինձ ուրանալ Նրան: Արդ, արա՛ այն, ինչ հրամայուել է քեզ թագաւորից, որովհետեւ ես պատրաստ եմ տանջանքներ կրել աստուածապաշտութեան համար, որն ունեմ մանկուց եւ պահել եմ մինչեւ խոր ծերութիւն»: Այս լսելով՝ դատաւորն ասաց. «Ակնկալում էի, որ դու ինքդ կը խնայես քո ճերմակ մազերն ու այդքան մանուկներին, որոնք պիտի կորստեան մատնուեն քո պատճառով: Դու այժմ դարձեալ նոյն յամառութեան մէջ ես, բայց ես հիմա կը փափկացնեմ քո ամբարտաւանութիւնը»:

 

Եւ հրամայեց տարածել նրան գետնին, ձգել չորս կողմերից եւ նրա բոլոր աշակերտների առաջ արջառաջլերով հարուածել նրա թիկունքին ու ներբաններին: Իսկ սուրբն, արհամարհելով տանջանքները, հոգու աչքերն ուղղեց դէպի երկինք եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Փա՛ռք Քեզ, զուգահաւասար Սո՛ւրբ Երրորդութիււն. Հա՛յր, Որդի՛ եւ Սո՛ւրբ Հոգի: Փա՛ռք Քեզ, սո՛ւրբ Հայր, որ զօրացրիր իմ տկարութիւնը Քո Սուրբ Հոգու շնորհի զօրութեամբ: Ինչպէ՞ս հատուցեմ Քեզ այն բոլոր բարիքների դիմաց, որ շնորհեցիր ինձ: Ես միայն գոհաբանական ձայնով կ՚օրհնեմ եւ կը փառաւորեմ անբաժանելի եւ անիմանալի Քո զօրութիւնը այժմ եւ յաւիտեանս յաւիտենից»: Եւ երբ սուրբ մանուկներն ասացին՝ ամէն, Պրիսկիլիանոս դատաւորը, թագաւորի հրամանի համաձայն, հրամայեց գլխատել բոլորին:

 

Առնելով այդ հրամանը՝ դահիճները նախ գլխատեցին սուրբ Բաբելասին եւ ապա՝ մէկ առ մէկ ութսունչորս երանելի մանուկներին, որոնք բոլորը նահատակուեցին՝ դաւանելով Քրիստոսին: Աստուածավախ մարդիկ, վերցնելով նրանց մարմինները, նրանց ծնողների հետ դուրս բերեցին քաղաքից եւ մի նշանաւոր տեղում, որ Իզանդիոք է կոչւում, երեք գերեզման պատրաստեցին: Եւ այնտեղ մեծ հանդիսութեամբ ամփոփելով նրանց նշխարները՝ նրանց յիշատակի օրը՝ սեպտեմբերի չորսին, մեծ տօնակատարութիւն արեցին: Ինչպէս նշում է ժամանակակից վկայաբանը, նրանք նահատակուեցին մօտաւորապէս Տիրոջ 300 թուականին՝ երկու հեթանոս թագաւորների՝ Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի հիւպատոսութեան, իսկ ըստ մեզ՝ Աստուծոյ Միածին Որդու՝ Յիսուս Քրիստոսի թագաւորութեան ժամանակ: Նրան, ինչպէս եւ Հօրը եւ Սուրբ Հոգուն, վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բաբելաս ծերին եւ նրա ութսունչորս աշակերտներին յիշատակում է Ս.Խաչի եօթերորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Հիպերիքեանների եւ սուրբ Սեւերիանոս Սեբաստացու հետ:

 

 

Սկզբնաղբիւրներ

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 772:

2.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր Կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:

 

[1] Սաղմ. ՃԺէ 6-9:

[2] Ես. ԼԲ 6:

[3] Սաղմ. ՂԵ 5: