ՍՈՒՐԲ ԲԱՌՆԱԲԱՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Բարեկամք Քրիստոսի եւ հազարապետք աստուածային խորհրդոցն.

Ընդունողք զԲանն կենաց եւ լուսաւորիչք տիեզերաց.

Բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:

(Շարակնոց)

 

Պօղոսի հետ համավաստակ եւ աշակերտների մէջ պանծալի սուրբ Բառնաբասը, որը մեծարուեց առաքեալ կոչուելու պատուով, զուարթամիտ այր էր՝ լի Սուրբ Հոգով եւ հաւատով: Նա ղեւտացիների ցեղից էր, որից էին նաեւ Մովսէսը, Ահարոնը եւ Սամուէլը: Ծնուել է Կիպրոս կղզում, մեծացել ու կրթուել հրեական օրէնքներով: Նախկին անունը, որ դրել էին իր ծնողները, Յովսէփ էր՝ ի յիշատակ Յովսէփ մեծ նահապետի, իսկ յետոյ առաքեալները նրան Բառնաբաս կոչեցին, որ թարգմանաբար նշանակում է «մխիթարութեան որդի», այսինքն քաջայարմար այր՝ բոլորին Տիրոջով մխիթարելու համար: Նա այդպիսինն էր դեռեւս մանկուց՝ կայտառ, զուարթ եւ յաջողակ ամէն բանում:

 

Նրա ծնողները գիւղական կալուածքներ ունէին թէ՛ Կիպրոսում եւ թէ՛ Երուսաղէմում, որը ոչ միայն հարստութեան, այլեւ բարեպաշտութեան նշան էր հրեաների մօտ, որոնք նիւթապէս էին հասկանում Եսայի մարգարէի ասած այս խօսքերը. «Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են»[1]: Այդ պատճառով ովքեր կարողանում էին, ջանում էին կալուածք կամ որեւէ ստացուածք ունենալ Երուսաղէմում:

 

Արդ, երբ Յովսէփը (այսինքն Բառնաբասը) մեծացաւ, ծնողները, նրան Երուսաղէմ տանելով, ուսման տուեցին Գամաղիէլ օրէնուսոյց վարդապետի մօտ, ուր այդժամ ուսանում էր նաեւ Սօղոս Տարսոնացին Բենիամինի ցեղից, որ կոչուեց Պօղոս: Ուստի եւ այդ ժամանակուանից սերտ մտերմութիւն հաստատուեց Բառնաբասի եւ Պօղոսի միջեւ՝ իբրեւ ուսումնակիցների, քանզի մէկը միւսից առաջ էր անցնում ուսման մէջ, եւ միաժամանակ մէկը միւսին՝ օգտակար լինում: Երբ Բառնաբասը ստացաւ իր ամբողջ կրթութիւնը, դեռեւս չէր լրացել նրա քսանհինգ տարին, որի համար, ըստ օրէնքի, դեռ չէր նշանակուել տաճարին ծառայելու պաշտօնում, բայց նա յաճախ էր լինում տաճարում պահեցողութեամբ եւ աղօթքներով ու իր առաքինի վարքով եւ իմաստութեամբ գովելի էր բոլորի առաջ:

 

Այդ օրերին աշխարհի Փրկիչն ու Վարդապետը՝ Յիսուս, սկսեց գործել եւ ուսուցանել: Բառնաբասը, տեսնելով Նրա աստուածահրաշ սքանչելիքը Պրոբատիկէի աւազանում, ինչպէս նաեւ բազմատեսակ հրաշքները, որ Նա գործեց տաճարում ու լսելով Նրա աստուածային վարդապետութիւնը, լցուեց զարմանքով: Մօտենալով ընկաւ Նրա ոտքերը եւ խնդրեց Նրա օրհնութիւնը: Եւ մեր Տէրը, Ով տեսնում է բոլորի սրտերը, մարդասիրաբար ընդունեց Բառնաբասին իր բարի հաւատքի համար ու լիառատ օրհնութեամբ ձգեց նրան՝ հաղորդ լինելու Իր շնորհների անսպառ գանձերին, որոնցով այնուհետեւ բոցավառուեց Քրիստոսի սիրով:

 

Եւ  գալով իր ազգականի՝ Մարիամի՝ Յովհաննէս-Մարկոսի (Բառնաբասի եղբօր որդու) մօր տուն, յորդորեց Մարիամին գնալ եւ տեսնել Քրիստոսի սքանչելիքներն ու Նրան իր տուն հրաւիրել, «... որովհետեւ, - ասաց, - շատերի վկայութեամբ, բայց առաւել Իր գործերով Նա է Մեսիան, որ գալու է»: Եւ Մարիամն արեց ըստ Բառնաբասի խօսքի, ինչպէս որ գրում է Ալեքսանդր Կիպրացին՝ օգտուելով աւանդութիւնից եւ համարում է, թէ դրանից յետոյ Մարիամի տունը եղել է Յիսուսի եւ Նրա աշակերտների սովորական օթեւանը:

 

Արդ, երբ Բառնաբասը մտերմացաւ Յիսուսի հետ եւ հաւատաց Նրան՝ իբրեւ ճշմարիտ Մեսիայի, մեր Տէրը եօթանասուներկու աշակերտներին ընտրելիս նրանց շարքում ընդունեց նաեւ Բառնաբասին, աւելին՝ դասեց նրանցից առաջինների հետ: Եւ սա հին մատենագիրների ընդհանուր կարծիքն է: Բայց ոմանք կարծում են, թէ նա չի եղել եօթանասունի մէջ եւ Փրկչի Համբարձումից յետոյ է աւելացել առաքեալներին: Մենք այն գիտենք, որ սուրբ Ղուկասն իր «Գործք առաքելոց»-ի մէջ շատ անգամ սուրբ Բառնաբասին յիշատակում է որպէս առաջին եւ գլխաւոր աշակերտներից մէկը եւ ցոյց տալիս նրա երեւելի առաքինութիւններն ու առաքելական վաստակը: Քանզի այն երանելի Յովսէփ-Բառնաբասը նախ եւ առաջ աւետարանական աղքատութեան բարի օրինակ եղաւ, երբ վաճառեց Երուսաղէմի հայրական իր գիւղը, գումարը բերեց առաքեալներին եւ ապա գործակից եղաւ Պօղոսին նրա մեծ նեղութիւնների ժամանակ: Սակայն որ աւելին է, նա շատ չարչարանքներ կրեց Պօղոսի դարձի համար, քանզի ինչպէս գրում են մեր «Ճառընտիր»-ները, նրանց հետ եւ Ալեքսանդր Կիպրացին, երբ Սօղոսն առիւծ դարձած հալածում էր Աստուծոյ եկեղեցին, նրա ուսումնակից սուրբ Բառնաբասը, լինելով նրա հետ համարձակ եւ միաժամանակ կորովի ճարտարախօս, թուղթ գրեց Սօղոսին՝ հեռու մնալ Աստուծոյ եկեղեցին հալածելուց եւ շատ օրինակներով, խօսքերով ու նամակներով համոզում եւ խնդրում էր թողնել այդ յամառութիւնը: Եւ թէպէտ տեսնում էր, որ նա չէր լսում, բայց առանց վհատուելու եւ իր բոլոր ուժերով հետեւում էր նրան: Սօղոսը Բառնաբասի խրատները ծաղր էր համարում՝ համարելով, որ նա մոլորուել է անծանօթ մարդու՝ հիւսնի Որդու յետեւից, Ով ուսում չէր առել եւ զրկուել էր կեանքից խաչելութեան խայտառակ մահով: Բառնաբասին խնայում էր միայն որպէս իր սիրելի եւ մտերիմ մարդու ու չէր դադարում հալածել Քրիստոսի միւս ծառաներին մինչեւ այն օրը, երբ Դամասկոսի ճանապարհին իր վրայ փայլեցին Աստուծոյ շնորհները, սաստիկ լոյսից կուրացան աչքերը եւ ապա մկրտութեամբ ստացաւ իմանալի եւ զգալի լոյսի կատարեալ տեսութիւն: Ըստ «Ճառընտիր»-ների՝ այդ ճանապարհին Բառնաբասը յայտնուեց նրա մօտ՝ թերեւս նրան հանգստացնելու եւ իր ընթացքի խորհուրդները խափանելու համար: Եւ նա ինքը, բռնելով Պօղոսի ձեռքից, տարաւ Դամասկոս, իսկ Անանիա առաքեալի կողմից մկրտուելուց յետոյ ուրախակից եղաւ նրան ու յորդորեց համարձակ քարոզել ճշմարտութիւնը: Եւ երբ Բառնաբասը Պօղոսին յիշեցրեց Աստուծոյ շնորհների մասին, որ իջան նրա վրայ, Պօղոսն ընկաւ Բառնաբասի ոտքերը եւ արտասուելով ասաց. «Եղբա՛յր իմ, Բառնաբա՛ս, ների՛ր ինձ, լոյսի՛ առաջնորդ եւ ճշմարտութեա՛ն վարդապետ, քանզի իրապէս հասկացել եմ, որ ճշմարիտ են քո խօսքերը, ինչ որ ասում էիր ինձ սրանից առաջ: Նրան, Ում առաջ հայհոյում էի ու հիւսնի Որդի կոչում, այժմ նոյն Նրան դաւանում եմ որպէս կենդանի Աստուծոյ Միածին Որդի»:

 

Այնուհետեւ Պօղոսի՝ Դամասկոսից Արաբիա եւ այնտեղից էլ Դամասկոս վերադառնալու ընթացքում Բառնաբասը քարոզչութեամբ շրջում էր մօտակայ վայրերում, իսկ երբ Պօղոսը վերադարձաւ, նրան իր հետ Երուսաղէմ բերեց: Բառնաբասը նրան տարաւ առաքեալների մօտ, ընտելացրեց նրան աշակերտներին, որոնք խորշում էին նրանից որպէս նախկին հալածչի, սակայն Բառնաբասը կանգնեցրեց նրան Պետրոսի եւ Յակոբոսի առջեւ ու պատմեց, թէ ինչպէս նա ճանապարհին տեսաւ Տիրոջը եւ ինչպէս խօսեց Նրա հետ: Եւ այնուհետեւ Բառնաբասն ու Պօղոսը Հրեաստանում եւ այլուր գործակից էին միմեանց աւետարանը քարոզելու գործում:

 

Այդ ժամանակներում, երբ Կեսարիայում Պետրոսը մկրտեց Կոռնելիոս հարիւրապետին, հաւատքի դուռը բացուեց նաեւ հեթանոսների առաջ: Փոքրիկ հօտն սկսեց տարածուել հեռաւոր վայրերում եւ մեծանալ: Քանզի Ստեփաննոսի ժամանակ եղած հալածանքների պատճառով ցրուած աշակերտներից ոմանք թէպէտ սերմանեցին կենաց խօսքը Փիւնիկէում, Կիպրոսում եւ ասորական Մեծ Անտիոքում, բայց աւետարանում էին միայն հրեաներին եւ ոչ հեթանոսներին, իսկ այնուհետեւ Բառնաբասի քաղաքակից կիպրացի եւ կիւրենացի նոր աշակերտներից ոմանք, Անտիոքում զօրանալով Տիրոջով, սկսեցին Քրիստոսի հաւատն աւետարանել նաեւ յոյներին՝ հեթանոս հելլեններին, ու բազմութիւններով նրանց դարձրին դէպի Տէրը: Այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն, եւ նրանց օգնելու համար ուղարկեցին Բառնաբասին՝ որպէս իմաստուն վերակացուի եւ արթուն հովուի, ով զօրաւոր էր խօսքով ու գործով: Գալով Անտիոք եւ տեսնելով Աստուծոյ շնորհները՝ նա ուրախ եղաւ հեթանոսների դարձի համար եւ մխիթարեց բոլորին յօժարութեամբ հաստատուն մնալ ի Տէր: Լինելով զուարթամիտ, Սուրբ Հոգով ու հաւատով լեցուն այր՝ իր քարոզչութեամբ եւ առաջնորդութեամբ Տիրոջ ժողովուրդը մեծապէս բազմացաւ:

 

Այնժամ մտածելով, թէ հեթանոսներին դարձի բերելու շնորհն առաւելապէս Պօղոսին է տրուած, Բառնաբասն անձամբ գնաց Տարսոն՝ փնտռելու նրան եւ գտնելով բերեց Անտիոք, ուր միաբան ու ջանասիրաբար բազմութեանը հաւաքում էին եկեղեցում եւ ուսուցանում, մինչեւ որ հեթանոսների մէջ հաւատացեալների առանձին հօտ եւ եկեղեցի հիմնուեց: Եւ առաջին անգամ այդտեղ էր, որ քրիստոնէական ուսմունքն աշակերտողներին «քրիստոնեաներ» կոչեցին:

 

Այնուհետեւ, երբ Ագաբոս մարգարէն գուշակել էր մօտալուտ սովի մասին, Բառնաբասն ու Պօղոսը, հաւաքելով Անտիոքի մեծահարուստ հաւատացեալների տուրքերը, այն որպէս նուիրատրութիւն բերեցին Երուսաղէմ՝ Հրեաստանում բնակուող եղբայրների կարիքների համար եւ դարձեալ Անտիոք վերադարձան: Եւ այնժամ Բառնաբասն իր հետ այնտեղ բերեց իր եղբօր որդուն՝ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում: Մինչ աշակերտներից նշանաւորները՝ իբրեւ մարգարէներ եւ վարդապետներ, Անտիոքում աղօթքներով եւ պահեցողութեամբ Տիրոջ պաշտամունքներն էին կատարում, Սուրբ Հոգու յայտնութեամբ Բառնաբասն ու Պօղոսը որոշեցին քարոզել այլ տեղերում: Իրենց սպասաւոր ունենալով Յովհաննէս Մարկոսին՝ նախ իջան Սելեւկիա, իսկ երեք օր յետոյ նաւեցին դէպի Կիպրոս եւ աւետարանեցին ամբողջ կղզում, որտեղ դարձի բերեցին նաեւ բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսին: Ապա դարձեալ նաւ նստեցին եւ եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը, որտեղ Մարկոսը բաժանուեց նրանցից եւ վերադարձաւ Երուսաղէմի իր տունը: Իսկ Պօղոսը եւ Բառնաբասը եկան Պիսեդեան Անտիոք քաղաքը, այնտեղից էլ՝ Իկոնիոն, որտեղ քարոզեցին Տիրոջ խօսքը եւ կրեցին մեծ հալածանքներ:

 

Երբ լիկայոնացիների Լիւստրա քաղաքում Պօղոսը բժշկեց ի ծնէ կաղին, ժողովուրդն աղաղակեց՝ ասելով. «Մարդկանց նմանութեամբ աստուածներ են իջել մեզ մօտ»: Եւ նրանց կոչեցին իրենց չաստուածների անուններով. Բառնաբասին Դիոս կոչեցին, Պօղոսին՝ Հերմէս (հեթանոսների մօտ Հերմէսը նոյնացւում է Մերկերիոս չաստուծոյ հետ), որովհետեւ Պօղոսն առաւել համարձակ էր երկնաւոր պատգամների մասին խօսելիս: Իսկ Բառնաբասին իր փառաւոր տեսքի, զուարթութեան, միաժամանակ հասակով Պօղոսից մեծ լինելու համար նմանեցնում էին Դիոսին, որն ըստ հեթանոսների՝ ոչ մի տեղ չէր գնում առանց Հերմէսի՝ որպէս իր բերան եւ թարգման: Եւ լիւստրացիներն ահա այսպիսինն էին համարում սուրբ առաքեալներին: Այդ պատճառով Դիոսի մեհեանի քուրմը, որ կանգնած էր քաղաքի մուտքի առաջ, բերել տուեց ցուլեր եւ պսակներ ու կամենում էր զոհ մատուցել Պօղոսին եւ Բառնաբասին՝ իբրեւ աստուածների: Այնժամ սուրբ առաքեալները պատռեցին իրենց հանդերձները, դուրս վազեցին ամբոխի միջից եւ բարձրաձայն վկայեցին՝ ասելով. «Ո՛վ մարդիկ, մենք աստուածներ չենք, այլ ձեզ նման տկար մարդիկ: Մենք եկել ենք քարոզելու ձեզ, որ հեռու մնաք բազմաստուածութեան մոլորութիւնից»:

 

Այդտեղ եւ այլուր Աստուծոյ խօսքը սերմանելուց յետոյ վերադարձան Անտիոք, որտեղ երբ հարց բարձրացրին թլփատութեան մասին, Պօղոսն ու Բառնաբասն ընդդիմացան: Իսկ երբ Երուսաղէմ եկան, ձեռնամուխ եղան գործադրել առաքեալների եւ երէցների ժողովի սահմանումները, որոնք Անտիոք բերելով՝ վերացրին հրեամիտ անձանց հակառակութիւնները:

 

Որոշ ժամանակ Անտիոքի շրջանում մնալուց յետոյ Պօղոսը յիշեցրեց Բառնաբասին, որ վերադառնան այն վայրերը, որտեղ քարոզել էին Տիրոջ խօսքն ու տեսնեն, թէ ինչ վիճակում են: Եւ քանի որ Մարկոսը Երուսաղէմից Անտիոք էր վերադարձել, Բառնաբասը կամենում էր իրենց հետ տանել նրան, բայց Պօղոսը չէր ուզում, որպէսզի առաջուայ պէս չբաժանուի իրենցից: Այդ պատճառով նրանց միջեւ գժտութիւն առաջացաւ[2], որի լուծումը գտան այնպէս, ինչպէս Աբրահամն ու Ղովտը. Պօղոսը վերցրեց իր գործակից Շիւղային եւ կամեցաւ գնալ Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը, իսկ Բառնաբասը, իր հետ վերցնելով Մարկոսին, կամեցաւ այց անել կիպրացիներին:

 

Երբ Պօղոսն ու Բառնաբասը միաբան որոշեցին բաժանուել միմեանցից, ծնրադրած աղօթեցին, սրտացաւութեամբ արտասուեցին բաժանման համար ու ասացին միմեանց. «Բարի է մեզ համար, որ ինչպէս միաբան դրեցինք մեր անձերը մինչեւ մահ, նոյնպէս էլ միաբան գործակցութեամբ աւարտենք մեր կեանքը: Սակայն թող Տէրը բարութեամբ յաջողութիւն տայ մեր ընթացքին»: Պօղոսը Բառնաբասին եւ Մարկոսին ասաց. «Գնացէ՛ք Աստուծոյ շնորհով», իսկ Բառնաբասը պատասխանեց. «Եւ մենք էլ՝ Սուրբ Հոգով, որովհետեւ քեզ այսպէս հաճոյ եղաւ: Աղօթի՛ր ինձ համար, որ անթերի աշխատանքս ինձ համար ի հանգիստ լինի: Գիտես, թէ ինչպէս քեզ սպասաւորեցի՝ ծառայելով քեզ տրուած Քրիստոսի շնորհներին: Եւ ահա ես գնում եմ Կիպրոս ու շտապում եմ նահատակուել եւ գիտեմ, որ այլեւս չեմ տեսնելու քեզ»: Այս ասելով՝ ընկաւ նրա ոտքերն ու արտասուեց, իսկ Պօղոսն ասաց նրան. «Այս գիշեր Տէրը երեւաց ինձ եւ ասաց. "Մի՛ արգելիր Բառնաբասին Կիպրոս գնալ, որովհետեւ այնտեղ նա պիտի լուսաւորի շատերին"»: Եւ Բառնաբասն ասաց նրան. «Դու եւս Աստուծոյ շնորհներով գնա՛ Երուսաղէմ՝ երկրպագելու սուրբ վայրերին, եւ այնտեղ քեզ ցոյց կը տրուի, թէ որտեղ պիտի վկայես»:

 

Ապա ողջունելով Բառնաբասին՝ Պօղոսը Մարկոսի հետ իջաւ Լաւոդիկէ, ուր նաւ գտնելով՝ կամեցաւ անցնել Կիպրոս: Բայց հակառակ փչող հողմի պատճառով նաւեցին Պամփիւլիայի կողմը՝ Կորասիոն, այսինքն Կորակեսիոն քաղաք եւ փոքր-ինչ հանգստացան ծովափին: Բառնաբասը չկամեցաւ երեւալ քաղաքում, որովհետեւ նա քաղաքի բնակիչներին տեսակցում էր Պօղոսին հետ եւ ոչ առանձին, բայց երբ հասան Կիլիկիայի Անեմուրիոն քաղաք, ուր ոչ ոք չէր ճանաչում նրան, համարձակ դուրս եկաւ նրանց մէջ: Երբ այնտեղ երկու հեթանոս այրեր հարցրին, թէ ովքեր էք եւ որտեղի՞ց էք գալիս, Բառնաբասը պատասխանեց. «Եթէ իրապէս կամենում էք իմանալ, թէ որտեղից ենք, ապա մերկացէ՛ք ձեր հանդերձներից, եւ ես կը հագցնեմ ձեզ նոր հանդերձներ, որոնք երբէք չեն մաշւում ու ամէն ժամ պայծառ են»: Նրանք զարմացած հարցրին. «Այդ ի՞նչ զգեստ է, որ խոստանում էք տալ»: Այնժամ Բառնաբասն ասաց. «Եթէ խոստովանէք ձեր մեղքերը եւ դասուէք իմ Տէր Յիսուս Քրիստոսի սպասաւորների հետ, ապա կ՚առնէք այն հանդերձը, որ անապական է եւ յաւիտենական»: Եւ նրանք Սուրբ Հոգու շնորհով զղջացին, ընկան նրա ոտքերն ու խնդրեցին՝ ասելով. «Աղաչո՛ւմ ենք քեզ, հա՛յր, տո՛ւր մեզ այդ զգեստը»: Եւ ընդունելով նրանց՝ Բառնաբասը ցոյց տուեց ճշմարիտ ճանապարհը, իջան մօտակայ աղբիւրի մօտ ու մկրտեց նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Եւ մկրտուողներից իւրաքանչիւրն իր մէջ իմացաւ, որ սուրբ պատմուճան է հագել: Որպէս կատարուածի խորհրդանիշ՝ Բառնաբասը վերցրեց Յովհաննէս Մարկոսի վերնազգեստը եւ գցեց նրանցից մէկի վրայ ու իրենն էլ տուեց նրա ընկերոջը: Մարդիկ մատուցեցին իրենց ունեցածը, սակայն Բառնաբասն այն իսկոյն տուեց աղքատներին: Եւ երբ Բառնաբասն ու Յովհաննէսը պիտի մեկնէին, մէկը, որ մկրտութեան ժամանակ Ստեփաննոս կոչուեց, կամեցաւ գնալ նրանց յետեւից, սակայն Բառնաբասը թոյլ չտուեց, որպէսզի նրանք էլ իրենց հերթին այլ քաղաքացների դարձի առիթ լինէին:

 

Այս ամէնից յետոյ Բառնաբասն ու Մարկոսը, հասնելով Կիպրոս կղզին, նախ մտան Կրոմիակ կոչուող վայրը, ուր գտան սպասաւորներից երկուսին՝ Տիմոնին եւ Արիստոնին, ու օթեւանեցին նրանց մօտ: Տիմոնը բարձր ջերմութիւն ունէր: Նրանք Յիսուսի անունով ձեռք դրին նրա վրայ, եւ իսկոյն նրանից փարատուեց ջերմութիւնը: Բառնաբասը Մատթէոս աւետարանչից վերցրել էր աւետարանի գիրքը, որն ըստ ոմանց բնօրինակն էր, ըստ ոմանց էլ Բառնաբասն անմիջաբար ինքն էր օրինակել, որով քարոզում էր ժողովրդին Քրիստոսի աստուածային վարդապետութիւնը եւ Նրա գործերը: Նա այդ նոյն սուրբ աւետարանն էր դնում բոլոր հիւանդների վրայ ու բժշկում բոլոր ախտերը:

 

Երբ Բառնաբասն ու Մարկոսը շրջում էին Կիպրոսի այլեւայլ վայրերում, նրանց միացաւ նաեւ Տիմոնը, որը բժշկուել էր: Եւ երբ հասան Լամպադիստա գիւղը՝ Տիմոնի ծննդավայրը, այնտեղ նրանց հիւրընկալեց Երակլիոնը, որը Կիպրոսի Տամաս քաղաքից էր, եւ որը Կիտուան քաղաքում աշակերտել էր Պօղոսին ու Բառնաբասին եւ մկրտութիւնից յետոյ կոչուել Երակլիդէս: Եւ այնժամ Բառնաբասն ու Մարկոսը ձեռնադրեցին նրանց Կիպրոսի եպիսկոպոսներ եւ հաստատեցին իրենց աշակերտողներին:

 

Ապա նրանց յանձնելով Տիրոջը, եկան Պափոս, ուր նրանց յարեց Ռոդոն անունով սպասաւորներից մէկը: Բայց Բարեյեսու անունով սուտ մարգարէն՝ Եղիմաս մոգը, որ Պօղոսի կողմից միառժամանակ պատուհասուել էր կուրութեամբ, երբ իմացաւ Բառնաբասի գալստեան մասին, քաղաքից նրան հալածել տուեց: Եւ Բառնաբասը իւրայիններով գնաց Կուրիոն կոչուած վայրը: Այնտեղ տեսնելով տղամարդկանց ու կանանց հեթանոսական լիրբ զուարճանքները՝ Բառնաբասը սաստեց նրանց: Եւ երբ նրանք արհամարհեցին առաքեալի խօսքերը, այնտեղ գտնուող լերան մի մասը պոկուելով գլորուեց ու ցիրուցան արեց նրանց. ոմանց խեղանդամ դարձրեց, ոմանց էլ սպանեց:

 

Այնուհետեւ Բառնաբասն ու իւրայինները, գալով մօտակայ գիւղը, իջեւանեցին Արիստոկղիանոսի տանը, որն Անտիոք քաղաքում Պօղոսի եւ Բառնաբասի ձեռքով մաքրուել էր իր բորոտութիւնից: Նա ձեռնադրուեց նրանց կողմից եւ ուղարկուեց Կիպրոսի իր հայրենի գիւղը՝ տեղի հեթանոսներին աշակերտ դարձնելու համար: Ապա եկան Ամաթուս քաղաքը, բայց այնտեղ նրանց ոչ ոք չընդունեց՝ բացի ութսունամեայ մի աղքատ կնոջից, որը ժամանակաւորապէս ընդունեց նրանց: Քանի որ  Բարեյեսուն իր արբանեակներով հասնում էր ամենուր, նա հրեաների բազմութեանը գրգռեց ընդդէմ Բառնաբասի՝ նրան տեղ չտալու համար, իսկ Բառնաբասը թօթափեց իր ոտքերի փոշին եւ գնաց քաղաքից քաղաք: Աւետարանը քարոզելու մեծ ջանքերից յետոյ եկաւ Կիպրոսի Սաղամինա գլխաւոր քաղաքը, ուր մտնելով հրեաների ժողովարանը, որ մօտ էր գտնւում Բիբլիա կոչուած տեղին, սկսեց ուսուցանել նրանց՝ ի լուր ամէնքի մեկնելով Մատթէոսի աւետարանը: Եւ մինչ ժողովրդից շատերը յօժարութեամբ աշակերտում էին ճշմարտութեանը, երկու օր անց արդարութեան թշնամի Բարեյեսուն հասաւ այնտեղ, հաւաքեց հրեաների զայրագին մեծ ամբոխ եւ փնտռեց Բառնաբասին, որպէսզի մատնէր նրան Սաղամինա դատաւորին: Եւ մինչ հրեաներն այս խորհուրդների մէջ էին, լսեցին, որ Ներոն կայսեր ազգականներից մի բարեսէր իշխան հասել է Կիպրոս եւ վախեցրել նրանց, թէ ինքն է Բառնաբասին կորզել իրենց ձեռքից (յատկապէս, որ Բառնաբասն ինքն էր ասել, թէ գնացել է Հռոմ եւ այնտեղ սիրելի եղել շատերին), որի համար հրեաները շտապեցին օր առաջ առաքեալին զրկել կեանքից: Երեկոյեան հիւպատոսի ատեանի առաջ չարախօսեցին նրանից եւ հրաման առան քարկոծել ու հրկիզել Բառնաբասին՝ որպէս ժողովրդի խռովեցուցչի: Եւ գիշերուայ մէջ յարձակուելով սուրբ առաքեալի վրայ՝ նրա պարանոցին պարան կապեցին, ժողովարանից քարշ տուեցին ամբողջ քաղաքով եւ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին ու սպանեցին, ապա այրեցին նրա սուրբ մարմինը եւ գնացին:

 

Գիշերը Մարկոսն ու Տիմոնը գալով հաւաքեցին այրուելուց մնացած նշխարները, ինչպէս նաեւ հողը, որի վրայ ցայտել էր նրա սուրբ արիւնը, որովհետեւ լսել էին, թէ հրեաները կամենում են առաքեալի նշխարները հաւաքել մի քրձի մէջ, կնքել կապարով եւ գցել ծովը: Այդ պատճառով նրանք կանխեցին եւ մութ գիշերուայ չորրորդ ժամին նահատակութեան վայրում գտնելով նշխարները՝ ծածուկ ամփոփեցին մի քարայրի մէջ, քարերով փակեցին քարայրի մուտքը եւ երեք օր թաքնուեցին լեդրացիների գիւղում գտնուող մի անձաւում, որովհետեւ հրեաներն իմացել էին նրանց արածի մասին եւ որոնում էին նրանց: Երբ հրեաները կորցրին Մարկոսին ու Տիմոնին գտնելու յոյսը, իջան ծովափ, նաւ գտնելով՝ նստեցին, ուղղուեցին դէպի Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, եւ այնտեղ քարոզեցին Աստուծոյ խօսքը:

 

Արդ, սուրբ Բառնաբասի նահատակութիւնից յետոյ Մարկոսն ու նրա ընկերները եկան Եփեսոս եւ այնտեղ գտնելով Պօղոսին՝ պատմեցին Բառնաբասի մահուան մասին, եւ Պօղոսը մեծապէս սգաց նրա համար:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բառնաբաս առաքեալին յիշատակում է սուրբ Խաչի Ե կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

 

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

[1] Ես. ԼԱ 9:

[2] Եղաւ գժտութիւն, այսինքն դժկամութիւն, գրգիռ, բայց ոչ այնքան, որ վնասուէր սէրը, կամ որեւէ կերպ նուազէր յարգանքն ու ակնածութիւնը, որ կար նրանց միջեւ: Սուրբ Պօղոսն առաւել հաստատուն էր եւ արդարութեան հետամուտ, իսկ սուրբ Բառնաբասն առաւել ներողամիտ էր եւ առաւել շատ՝ մարդասիրութեան հետամուտ: Պօղոսի խստութիւնն օգուտ եղաւ Մարկոսի համար, որովհետեւ նա գործեց սրտաբուխ եւ քաջախոհ կերպով: Մարկոսին օգուտ եղաւ նաեւ Բառնաբասի մեղմութիւնը, որպէսզի նա չանտեսուէր եւ անյուսութիւնից չընկնէր նախկին սխալների մէջ: Աստուածային տնօրինութեան կամքն էր, որ երկպառակութիւնը, որ կար Պօղոսի եւ Բառնաբասի միջեւ, լինէր ի առաջադիմութիւն եւ ի շինութիւն եկեղեցու, որովհետեւ այս անձինք, որ բաժանուեցին միմեանցից, առանձին-առանձին շրջեցին աշխարհի մեծ մասով եւ բազմաթիւ երկրներում ծագեցրին աւետարանի լոյսը: