Ով սուրբ Գեւորգ պարծանք ազգի մարդկան.
Հրաշալի ճգնութեամբ ի յերկրի նահատակեալ.
Եւ ի յերկինս պսակեալ ընդ անմարմնոցն դասս:
Քանզի դու վառեցար զինու Սուրբ Հոգւոյն.
Եւ յաղթեցեր արիաբար անմարմին բելիարայ:
Մի դադարիր բարեխօսել վասն մեր.
Առ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին.
Զի յաղթեսցուք հաւատով անմարմին բելիարայ:
(Շարակնոց)
Քրիստոնէութեան պարծանքը, Քրիստոսի տիեզերահռչակ մեծ վկան եւ քաջ նահատակ Գեւորգը, որի անունը թարգմանաբար նշանակում է հողագործ, այսինքն առաքինութեան աշխատասէր մշակ, Գամիրքից էր՝ Կապադովկիայի Կեսարիա քաղաքից: Իշխանական ծագումով եւ բարեպաշտ ծնողների զաւակ էր: Կարծիք կայ, թէ նրա հայրը զօրավար է եղել եւ նահատակուել է արեամբ, իսկ մայրը վախճանուել է Պաղեստինում, որտեղ նա բազմաթիւ կալուածքներ ունէր: Այդ պատճառով, ինչպէս գրում է Անդրէ Կրետացին, Գեւորգը ծագումով կապադովկիացի էր, սակայն դաստիարակութեամբ՝ պաղեստինցի: Ինչպէս որ կապադովկեան Կեսարիայում, այնպէս էլ պաղեստինեան Կեսարիայում կային հռոմէական զօրքի նշանաւոր լեգէոններ: Գեւորգը մանկուց սովորեց զինուորական գործը, ապա զինուորագրուեց «Անիկտոն» այսինքն «Անյաղթներ» կոչուած ականաւոր գնդի դասում, որտեղ առաջադէմ գտնուեց եւ գովելի եղաւ արքունի զօրավարների աչքին: Պատանեկութեան առոյգ հասակում արքունի դրանը ստացաւ տրիբունի՝ զօրքի հազարապետի եւ աւագանու ժողովրդապետի պատիւը, իսկ յետոյ՝ դեռ երեսունը չբոլորած, իր քաջագործութիւնների եւ հաւատարմութեան շնորհիւ Հռոմի Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս ինքնակալների կողմից ստացաւ կոմսութեան կոչում, որը մեծ պատիւ էր կայսեր գահակիցների, անմիջական պաշտօնեաների եւ պատուական ասպետների համար:
Սակայն քաջ Գեւորգն այս պատիւների արտաքին շուքից առաւել սքանչելի գտնուեց աստուածպաշտութեան եւ աստուածային առաքինութիւնների մէջ, որոնցով պայծառացաւ եկեղեցու հալածանքների օրերին եւ արեամբ նահատակուելով՝ ախոյեան եղաւ ընդդէմ անհաւատների: Եւսեբիոս Կեսարացին առ այս գրում է. «Երբ Նիկոմիդիայում ելաւ եկեղեցիների դէմ ուղղուած հրովարտակը, ոչ աննշան, այլ մեծապատիւ աշխարհական եւ յոյժ երեւելի մէկը, որ վառւում էր աստուածային նախանձախնդրութեամբ եւ ջերմ հաւատքով, հեռացրեց քաղաքի հրապարակային տեղում կախուած այդ հրովարտակը եւ իր ձեռքով պատռեց այն որպէս անիրաւ ու չար հրաման: Եւ դա արեց, երբ քաղաքում դեգերում էին երկու ինքնակալները, որոնցից առաջինը՝ Սեբաստոսը, որն ունէր ամենքի վրայ իշխանութեան առաջին աստիճան, իսկ միւսը՝ չորրորդ: Արդ, երբ սա այդպիսի մեծագործութեամբ բոլորից առաջ փայլեց քաղաքում, իսկոյն տանջանքների մատնուեց, որը կարծելի էր նրա համարձակութեան պատճառով, սակայն մինչեւ վերջին շունչը նա պահեց իր հոգու սթափութիւնն ու հանդարտութիւնը»:
Սակայն մենք անցնենք սուրբ Գեւորգի բուն պատմութեանը՝ ըստ ճառընտիրների ստուգագոյն եւ ամբողջական վկայաբանութեան:
Հռոմէական Դիոկղետիանոս կայսրը յայտնի էր քրիստոնէական հաւատքի դէմ չարութեամբ եւ գազանաբարոյ արարքներով՝ սնոտի կուռքերի խաբէութեան մէջ մոլորուած լինելով: Նրա թագաւորութեան երկրորդ մարդը՝ Մագնենտիոսը, անաստուածութեան խորհուրդներով համախոհ էր իրեն եւ դիւային չարութեամբ զայրացած մոլեգնում էր ընդդէմ քրիստոնեաների: Եւ նրանք երկուսով յանդգնաբար խորհրդակցում էին միմեանց հետ՝ քրիստոնէութիւնն ամբողջովին վերացնելու եւ բոլորին կուռքերի՝ յատկապէս պիղծ Ապոլոնի պաշտամունքը մարդկանց պարտադրելու համար: Եւ ըստ այդ անօրէն խորհրդի՝ թագաւորի անունից արձակուեց առաջին այս հրովարտակը. «Միշտ պատուելի եւ Դիոկղետիանոս յաւիտենական ինքնակալից հռոմէական ամբողջ աշխարհին, իշխանութիւններին, զօրավարներին, դատաւորներին, իշխաններին եւ իշխանութեան ղեկավարներին, որ գտնւում են մեր իշխանութեան տակ, ողջո՛յն: Լուր հասաւ մեր աստուածային ականջներին, թէ զօրանում է քրիստոնեաների անօրէն հերձուածը, որն անչափ վրդովեցրեց մեզ: Մի հրեայ կին՝ Մարիամ անունով, ծնեց Յիսուս կոչուածին, Որին հրեաները խաչեցին որպէս մահապարտ եւ մոգ, սակայն քրիստոնեաները երկրպագում են Նրան իբրեւ Աստուծոյ, իսկ Ապոլոն մեծ աստծուն, ինչպէս նաեւ Երմիս, Դիոնիսոս, Հերակլէս եւ Դիոս աստուածներին, որոնք մեր երկրին խաղաղութիւն են պարգեւում, անարգում են ու հայհոյում: Ուստի հրամայում ենք, որ բոլոր քրիստոնեաները՝ տղամարդիկ, թէ կանայք, որտեղ էլ լինեն՝ քաղաքներում, թէ գիւղերում, ենթարկուեն դաժան խոշտանգումների, եթէ զոհ չմատուցեն մեր աստուածներին եւ չուրանան այն մոլորութիւնը: Ովքեր կը հնազանդուեն, թող արժանանան ներման, իսկ հակառակուողները թող մատնուեն սրով ու հրով դժնդակ մահուան, որպէսզի իմանան, որ անփոփոխելի են մեր հրամանները: Եւ եթէ մէկը ծուլանայ կատարել մեր հրամանները, կ՚արժանանայ նոյն վճռին»:
Եւ երբ հայհոյութեամբ լի այս հրամանագիրը տարածուեց բոլոր տեղերում, մեծ հալածանքներ սկսուեցին Քրիստոսի հօտի վրայ: Նշանաւոր մարդկանցից շատերը տկարացան սաստիկ տանջանքներից եւ հեռացան հաւատքից, սակայն առաքինի անձանց անթիւ բազմութիւնն ամուր մնաց՝ ընտրելով մահն ու օտարութիւնը, քան թէ անօրէն հրամաններին հնազանդուելը: Այնժամ առաւել մոլեգնած Դիոկղետիանոսն իր բոլոր ատենակալների եւ իշխանների հաւանութեամբ որոշեց խստացնել իր հրամանը, որի համար իր մօտ ժողովեց ամբողջ ծերակոյտը՝ զօրապետներով եւ աւագանիով հանդերձ: Ապա անօրէնը յայտնեց նրանց իր որոշումը, թէ ինչպէս պէտք է վերացնել բոլոր քրիստոնեաներին եւ հրապարակայնօրէն ասաց. «Սիրելինե՛ր, ինձ այնպէս է թւում, թէ չկայ աւելի պատուական բան, քան աստուածներին պաշտելը, որովհետեւ նրանց միջոցով է մեզ թագաւորութիւն տրւում եւ բոլոր մարդկանց փրկութիւն շնորհւում: Ուստի արժանի եմ համարում, որ թէ՛ մենք եւ թէ՛ երկրի բոլոր մահկանացուները այսուհետեւ մշտապէս զոհ մատուցենք մեր աստուածներին: Իսկ եթէ կը գտնուեն մեր աստուածների դէմ ապստամբող քրիստոնեաներ, ապա թող նրանք բոլոր հնարքներով տանջանքներ կրեն, մինչեւ որ վերանայ նրանց դժնի կրօնը, եւ կորչի նրանց յիշատակը ամէն տեսակ մահերով»:
Ներկայ գտնուողները թագաւորին միաբան պատասխանեցին. «Մենք գովելի ենք համարում ձերդ մեծ թագաւորութեան աստուածանման հրամանները եւ հոգածութիւնը ու կամենում ենք պատուել անմահ աստուածներին, ինչպէս որ ձերդ զօրութեանը: Արդ, այսուհետեւ եթէ գտնուի մէկը, ով անգամ իր մտքում յիշի Քրիստոսի անունը, թող մահուան մատնուի»: Արդ, ատեանի հետ երկնելով այս չար խորհուրդները՝ թագաւորն օրէցօր հաստատւում էր այդ նոյն անօրէն առաջարկութեան վրայ եւ պէս-պէս հնարքներով որոգայթներ պատրաստում ընդդէմ քրիստոնեաների:
Այնժամ, ինչպէս գիշերուայ խաւարի մէջ, ծագեց լուսաւոր եւ մեծապայծառ աստղը՝ Քրիստոսի պատուական մարգարիտը, Քրիստոսի քաջ զինուոր Գեւորգը եւ ասպետներից երեւելին, որպէսզի փարատէր բազմաստուածութեան մէգն ու մառախուղը, երկնային ու կատարեալ խորհրդով պայծառացնէր փրկչական քարոզչութեան ցերեկը եւ իր ճգնութեան միջոցով լոյսի եւ ցերեկուայ որդիներ դարձնէր բոլոր արժանաւորներին: Երբ նա լսեց անօրէն որոշման մասին, նախ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքները, իշխանների եւ զօրավարների մոլորութիւնը եւ ամենեւին չմտածեց իրեն սպասուող առաջիկայ տանջանքների մասին՝ մտաբերելով հանդերձեալի առաւել սարսափելի չարչարանքները: Ուստի, մտածելով առաջիկայ գործողութիւնների մասին, աստուածասէր հոգով խօսում էր ինքն իր հետ ու ասում. «Գեւո՛րգ, ինչո՞ւ չես գործում, ահա Տէրը հրաւիրում է քեզ՝ մասնակցելու Իր հարսանիքին: Առագաստը բաց է, ընթրիքը՝ պատրաստ, ինչո՞ւ ես ուշանում, մտի՛ր առագաստ, քանի դեռ չի փակուել դուռը: Մօտ է Քրիստոս, Ով խաչի վրայ համբերեց մեզ համար: Նա ասում էր. "Մի՛ վախեցէք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, իսկ հոգին սպանել չեն կարող"[1]: Յիշի՛ր, Գեւո՛րգ, աւետարանական վարդապետութիւնը եւ տէրունական անսուտ աւետիսը, որ Նա ասաց. "Եթէ մէկն Ինձ խոստովանի մարդկանց առջեւ, Ես նրան կը խոստովանեմ Իմ Հօր առաջ, որ երկնքում է"[2]: Գեւո՛րգ, լաւ բան մի՛ համարիր այս ժամանակաւոր ու անցաւոր կեանքը, որը երկնային կեանքի ստուերն է ու նաեւ մեծ բան մի՛ համարիր այս աշխարհի ընդունայն փառքը երկնային լոյսի համեմատ, որովհետեւ "մարդու ողջ փառքը խոտի նման է"[3]: Համբերի՛ր փոքր-ինչ եւ յաւիտենական կեանքում պիտի դասուես հրեշտակների հետ»:
Այսպէս երանելին ցածր ձայնով խօսում էր ինքն իր հետ, սակայն մօտակայքում առան նրա ձայնը: Մտքում պահելով Տիրոջ այս խրատը եւ արհամարհելով առաջիկայ տանջանքները՝ Գեւորգն իրեն օրինակ դարձրեց հաւատացեալների համար եւ ճշմարտութեան համար նահատակութիւնը բոլորի առջեւ առաւել քարոզեց գործով, քան թէ խօսքով: Նա շատ արագ իր ունեցուածքը բաշխեց աղքատներին եւ տնանկներին, մերկացաւ որպէս քաջ ըմբիշ, ապա պատռելով հրապարակում դրուած արքունի հրովարտակը՝ յօժարութեամբ մտաւ արքունի խորհրդարան եւ դարձեալ լսելով ատեանի անօրէն որոշումը՝ կանգնեց թագաւորի ու նստած ամբողջ աւագանու, ինքնակալի առջեւ կանգնած իշխանների եւ զօրավարների դիմաց ու ասաց. «Ահաւասիկ ես քրիստոնեայ եմ, ո՛վ թագաւոր, որ քաջալերուելով ճշմարիտ եւ երկնաւոր Աստծուց ու մեր Տէր Յիսուս Քրիստոս Թագաւորից՝ չվախեցայ կանգնել այս ատեանի առաջ: Ես կանգնած եմ ձեր առջեւ՝ զարմացած Քրիստոսի ծառաների հանդէպ ձեր ձախողակի որոշումների համար: Ի՞նչ յանցանք գտաք նրանց մէջ, որ ցանկանում էք կորստեան մատնել այդ արդարներին: Մի՞թէ նրանք մեղանչում են, երբ պաշտում են կենդանի Աստծուն եւ Նրա հրամանով հաւատարմօրէն ծառայում մարմնաւոր տէրերին: Ես ապշած եմ կուռքերին պաշտելու ձեր այնչափ մոլորութեան վրայ եւ որ չէք ճանաչում միակ կենդանի Աստծուն՝ բոլոր արարածների Արարչին, Ով ձեզ այդ թագաւորութիւնը տուեց: Արդ, ո՛վ թագաւոր եւ նրա բոլոր աթոռակիցնե՛ր, մի՛ մոլորուէք դեւերի պատրանքներից, որովհետեւ "աստուածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն"[4]: Իսկ մենք՝ քրիստոնեաներս, երկրպագում ենք մէկ Հայր Աստուծոյ, Աստուծոյ Որդուն՝ մէկ Տէր Յիսուս Քրիստոսին, Որով եղաւ ամէն ինչ եւ խոստովանում ենք մէկ Սուրբ Հոգուն, կատարեալ Սուրբ Երրորդութեանը մի Աստուածութեան եւ Թագաւորութեան մէջ, Որով բարեպաշտութեամբ ապրում ենք այստեղ, իսկ վախճանից յետոյ յաւիտենական կեանքի ակնկալութիւնն ունենք: Բայց հեթանոսների պաշտամունքն արժանի է արհամարհանքի, որովհետեւ մի Աստուածութիւնն առասպելաբար դարձնում են բազմաստուածութիւն, քանի որ նրանց բոլոր աւանդութիւններն իրենց աստուածների բարբաջանքներն են: Դրանց մէջ ճշմարտութիւն չկայ, որովհետեւ ամէն տեսակ չարիքներ հնարող սատանայի գործեր են, որոնք իր երկրպագուներին կործանման եւ կորստեան են տանում»:
Այնժամ Մագնենտիոսը, որը երկրորդ անձն էր թագաւորից յետոյ ու նրա սիրելին, ասաց սուրբին՝ իբրեւ անծանօթի. «Ի՞նչ է քո անունը, կամ ո՞վ ես դու, որ այդքան յանդգնութիւն ունես»: Քաջ նահատակը պատասխանեց եւ ասաց. «Իմ անունը նախ քրիստոնեայ է, բայց մարդկանց կողմից Գեւորգիոս եմ կոչւում: Իմ Աստծուն այդպէս է հաճելի, որովհետեւ իմ երկնաւոր Տիրոջ այգում ես պէտք է բարեպաշտութեան բազմապատիկ պտուղներ բերեմ»: Իսկ Դիոկղետիանոս թագաւորը, որը քաջ ճանաչում էր առաքինի զօրավարին, անդնդային վիշապի պէս նայեց նրան ու ասաց. «Գեւո՛րգ, տեղեկութիւն ունենք քո մասին, որ դու միշտ ընտիր ես եղել իմաստութեան եւ քաջութեան մէջ ու պատուի ես արժանացել մեր արքունական հոգածութեամբ: Ուստի մօտեցի՛ր եւ զոհ մատուցի՛ր մեր աստուածներին, որ չարաչար կորստեան չմատնուես, այլ հակառակը՝ պատուով եւ հարստութեամբ վայելես մեր սէրը մեր խնամածութեան ներքոյ: Դու մեզ մօտ համարձակութիւն կ՚ունենաս, իսկ այդ զուր համարձակութիւնդ քեզ օգուտ չի բերի»: Գեւորգն ասաց. «Ո՛վ թագաւոր, երանի թէ դու լսէիր ինձ եւ ճանաչէիր միակ ճշմարիտ Աստծուն, որպէսզի արժանի լինէիր երկնքի թագաւորութեանը: Քո այդ իշխանութիւնը ժամանակաւոր է, իսկ խոստումներդ եւ ողոքիչ խօսքերդ անզօր են հեռացնելու ինձ իմ Աստուծոյ պաշտամունքից: Քե՛զ լինի քո պատիւը, իսկ քո խոստումները՝ քեզ հնազանդուողներին: Ես ունեմ Քրիստոսին՝ երկնաւոր Թագաւորին, Ով ինձ տալիս է փառք եւ յաղթանակ ընդդէմ հակառակորդի ու նրա սպասաւորների»:
Բարկացած թագաւորը հրամայեց տանել նրան հրապարակ, կախել փայտից, գեղարդով հարուածել ու աղիքները դուրս թափել: Այդ անելուց յետոյ սուրբի մարմնից արիւն ցայտեց, իսկ գեղարդն անագի կամ կապարի պէս յետ ծալուեց: Այնժամ սուրբ Գեւորգն ասաց. «Գոհանո՛ւմ եմ Քեզնից, Քրիստո՛ս, որ իսպառ յետ դարձրիր սատանայի ծառայի սուրը եւ կոտրեցիր այս բռնաւորի սրտմտութիւնը, որ ունէր իմ հանդէպ»: Դիոկղետիանոսը, լցուած բարկութեամբ, հրամայեց իջեցնել նրան փայտից, տանել բանտ եւ պահել այնտեղ՝ ոտքերը կոճղի մէջ սեղմած եւ կրծքին մի մեծ քար դրած, որը չորս մարդ հազիւ բարձրացրին: Եւ երբ քարը դրեցին, սուրբ Գեւորգը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Գոհանո՛ւմ եմ Քեզնից, բարձրեա՛լ Աստուած, որ արժանացրիր ինձ ծանր բեռ կրել իմ սրտի վրայ, որը հաստատում է ի Քեզ անսասան խոստովանութիւնս»:
Յաջորդ օրը սատանայի դրդմամբ թագաւորը եւ նրա աթոռակիցները հրամայեցին բազմատեսակ հնարքներով սարքուած մի մեծ անիւ բերել, որը բոլոր կողմերից հիւսնի մամլիչի պէս պատուած էր սրերով: Բռնաւորը հրամայեց սուրբին բերել անիւի մօտ, եւ երբ քարշ տալով սուրբին բերեցին, նա նայեց սատանայական հնարքներով սարքուած դժնի գործիքին եւ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, գոհանո՛ւմ եմ Քեզնից, որ արժանացրիր ինձ այս վիճակին: Արդ, Դու, որ խաչուեցիր երկու աւազակների միջեւ եւ մահ ճաշակեցիր, որպէսզի մարդուն փրկես մահից, տո՛ւր ինձ այս ժամին անվեհեր խոստովանութիւն եւ պահի՛ր իմ հոգին բանսարկուի հնարքներից»: Այս ասելուց յետոյ սուրբին գցեցին անիւի մէջ, որից չարաչար բռնուելով՝ ամբողջ մարմինը կոտրատուեց: Այս տեսնելով՝ թագաւորը Մագնենտիոսի հետ բարձրաձայն ասաց. «Իմացէ՛ք բոլորդ, որ չկայ այլ աստուած, բացի Ապոլոնից, Պոսիդոնից, Հերակլէսից, Դիոսից եւ մեծ Արտեմիսից: Արդ, ո՞ւր է Գեւորգի Աստուածը, ինչո՞ւ չեկաւ եւ չփրկեց նրան իմ ձեռքից»: Եւ հրամայեց թողնել նրան՝ տանջուելու անիւի մէջ, իսկ ինքը գնաց ճաշելու:
Տասներորդ ժամին սաստիկ որոտի ուժգին հնչիւն եղաւ, եւ ձայն լսուեց երկնքից, որն ասում էր. «Քաջալերուի՛ր, Գեւո՛րգ եւ աներկիւղ եղիր, որովհետեւ շատերը քեզնով պիտի հաւատան Ինձ»: Իսկ նրան հսկող դահիճները վախեցան եւ ձայնից զարհուրած փախան՝ ասելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը»: Տիրոջ հրեշտակն իջնելով արձակեց նրան տանջարանից եւ նրան ողջանդամ դարձնելով՝ ողջոյն տուեց ու ասաց. «Ուրա՛խ եղիր, Գեւո՛րգ, եւ հաւատա՛ քո Զօրացուցչին: Աւարտի՛ր քո ընթացքը, քանզի ահա սպասում ենք՝ կատարեալ խոստովանութեան պսակ քեզ տալու համար»:
Սուրբ Գեւորգը վեր կացաւ եւ ուրախութեամբ գոհութիւն յայտնեց Տիրոջը: Նա շրջում էր սաղմոսելով. «Փառաւորո՛ւմ եմ Քեզ, Աստուա՛ծ իմ եւ Թագաւո՛ր իմ, եւ յաւիտեան օրհնում Քո անունը, ուղղի՛ր իմ ընթացքը, Տէ՛ր, եւ թող ինձ չտիրեն բոլոր անօրէնութիւնները»[5]: Եւ գալով մի տեղ, ուր կար Ապոլոնի պատկերը, այնտեղ տեսաւ թագաւորին, Մագնենտիոսին եւ թագաւորի բոլոր մերձաւորներին, որոնք եկել էին զոհեր եւ երկրպագութիւններ մատուցելու աստուածներին: Գեւորգը մօտենալով աղաղակեց. «Ո՛վ թագաւոր, ճանաչի՛ր ինձ եւ իմ աւետարանած Աստծուն, Ով փրկեց ինձ քո ձեռքից եւ մահաբեր տանջարանից, որ պատրաստեցիր՝ ինձ կործանելու համար: Արդ, իմացի՛ր, որ դու մոլորուած ես՝ կուռքերիդ զոհ մատուցելով»: Նայելով նրան՝ թագաւորն ասաց. «Ո՞վ ես դու»: Սուրբը պատասխանեց. «Ես Գեւորգն եմ, որ քո հրամանով պրկուեցի անիւի մէջ: Դու թողեցիր ինձ դրա մէջ՝ կարծելով, թէ մեռած եմ, բայց այժմ եկայ՝ քեզ ցոյց տալու, որ իմ Աստուածը, Որին դու անարգում էիր, կարող է ինձ փրկել մահից»: Այնժամ թագաւորը հրամայեց բռնել նրան եւ մօտեցնել իրեն: Նա ուշադիր զննեց սուրբին՝ տեսնելու, թէ իրօ՞ք նա է եւ ասաց. «Թւում է, թէ մի չարագործ մեռելի ուրուական է, որ խաբում է մեզ»: Իսկ Մագնենտիոսն ասաց. «Նման է նրան»: Սուրբն ասաց. «Ես եմ, Գեւորգը, Քրիստոսի ծառան, մի՛ մոլորուէք այդ կուռքերով, այլ իմացէ՛ք, որ Քրիստոս կարող է Իրեն յուսացողներին յարութիւն տալ մեռելներից եւ փրկել ձեր ձեռքից»: Երբ ողջ տեսան նահատակին ու նրանից լսեցին այդ խօսքերը, Անատոլիոս եւ Պրոտոլէոն ստրատելատներն իրենց ընտանիքներով հաւատացին Աստծուն եւ աղաղակեցին՝ ասելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, միայն Նա է Աստուած, եւ չկայ ուրիշ Աստուած: Միայն Նա է յաւիտեան օրհնեալ Աստուած»: Այս լսելով՝ թագաւորը հրամայեց նրանց բոլորին տանել քաղաքից դուրս՝ մի անբնակ վայր եւ սրի քաշել: Իրենց նահատակութեան վայրը գնալիս նրանք միաբերան աղաղակում էին ու ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Քո հանդէպ ունեցած հաւատքի մի փոքր խոստովանութեան շնորհիւ արդարացրո՛ւ մեզ եւ մեր մեղքերին թողութիւն շնորհի՛ր: Խաղաղութեամբ ընդունի՛ր մեր հոգիները եւ կարգի՛ր Քո անփոփոխելի ու անանց Արքայութեան մէջ»: Այդպէս վկայելով՝ նահատակուեցին ի Քրիստոս Յիսուս:
Այնժամ Ալեքսանդրէ թագուհին եւս, լսելով սուրբ Գեւորգի մասին, հաւատաց Տիրոջը եւ գալով թագաւորի մօտ՝ համարձակ խոստովանեց՝ ասելով. «Ես քրիստոնեայ եմ՝ Գեւորգի Աստուծոյ աղախինը»: Թագաւորը լռեց անասելի բարկութիւնից, իսկ Մագնենտիոսը հարցրեց նրան. «Ասա՛ մեզ, թագուհի՛ Ալեքսանդրէ, ինչո՞ւ գովեցիր Քրիստոսին եւ արհամարհեցիր աստուածներին»: Իսկ նա պատասխանեց. «Որովհետեւ ես փափագեցի մեծագոյնին եւ արհամարհեցի նուաստին»: Այս ասելով՝ թագուհին վերադարձաւ ապարանք՝ սրտում կրելով Աստուծոյ երկիւղը եւ անսասան հաւատքը:
Իսկ թագաւորը, անելանելի դրութեան մէջ ընկած, մտածում էր չարաչար տանջանքներով վրէժ լուծել Գեւորգից: Հրամայեց սուրբին նետել անշէջ կրի հորը, որն իսկոյն հանգցրին եւ նահատակին թաղեցին այդ կրի մէջ՝ թողնելով այնտեղ երեք օր ու երեք գիշեր: Պահապաններին խստիւ պատուիրեց նաեւ, որ ոչ ոք չհամարձակուի նրան այնտեղից դուրս բերել, մինչեւ որ մարմինն իսպառ այրուի, եւ մնան միայն ոսկորները:
Երեք օր յետոյ թագաւորն ասաց. «Թող զինուորները գնան եւ դուրս բերեն այն սպանուածի ոսկորները եւ անհետացնեն դրանք, եւ թող ոչ ոք այդ մասին չիմանայ»: Եւ երբ զինուորները գնացին կրի հորի մօտ, տեսնելու եկան նաեւ շատ ուրիշները: Երբ հեռացրին կիրը, սուրբ վկային գտան ողջանդամ ու անվնաս մարմնով, որովհետեւ Քրիստոսի հրամանով Տիրոջ հրեշտակը պահպանում էր նրան: Տեսնելով նրան՝ բոլորն աղաղակեցին՝ ասելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը»: Երբ Ալեքսանդրէ թագուհին լսեց այս աղաղակը, եկաւ այդտեղ եւ բարձրաձայն ասաց. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ Նրանից բացի չկայ ուրիշ Աստուած»: Հաւատացին նաեւ զինուորները, որոնք կրի հորից նրան կենդանի դուրս բերեցին:
Իմանալով այս մասին՝ թագաւորը հրամայեց բռնել սուրբին եւ իր առջեւ բերել: Երբ կենդանի նահատակին բերեցին, թագաւորն իր մեծամեծներով նստեց ատեանի առաջ եւ ասաց. «Ասա՛ մեզ, ո՞վ կենդանացրեց քեզ»: Սուրբ վկան պատասխանեց. «Եթէ լսէք, դարձեալ չէք հաւատայ, սակայն իմացի՛ր, ո՛վ թագաւոր, որ Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին է ինձ պահպանում քո պատրաստած բոլոր տանջանքներից: Նա սատանայի որոգայթներից փրկում է բոլոր նրանց, ովքեր Իրեն օգնութեան են կանչում»:
Այնժամ թագաւորը հրամայեց երկաթէ կօշիկներ պատրաստել, որոնք ունէին ցցոուած սուր-սուր գամեր, շիկացնել դրանք, ունելիներով հագցնել սուրբին եւ քայլեցնել: Իսկ սուրբ վկան, չկարողանալով քայլել, ինքն իրեն ասում էր. «Քայլի՛ր, Գեւո՛րգ, տրուած վիճակի մէջ»: Աղօթում էր արտասուքներով եւ ասում. «Տէ՛ր Աստուած իմ, նեղեալների՛ փրկիչ, հալածուողների՛ ապաւէն եւ Քո անուան համար չարչարուողների՛ համբերութիւն: Մի՛ լքիր ինձ, այլ մինչեւ վերջ համբերութիւն շնորհիր, որպէսզի իմ թշնամին չասի, թէ յաղթեցի նրան»: Եւ երբ աւարտեց աղօթքը, երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Գեւո՛րգ, որովհետեւ Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: Եւ նոյն պահին նրա մարմինը բժշկուեց:
Թագաւորը հրամայեց այդ օրը նրան բանտ տանել, իսկ յաջորդ օրը դարձեալ իր առջեւ կանչեց ու ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի սրտապնդուես յանդգնութեամբ եւ համբերես տանջանքներին՝ կարծելով, թէ կը խաբես մեզ կախարդական մոգութեամբ եւ դեւերի օգնութեամբ: Այսուհետեւ հնազանդուի՛ր ինձ եւ զո՛հ մատուցիր աստուածներին»: Իսկ սուրբը թագաւորին ու մօտ կանգնածներին ասաց. «Ես, ստանալով իմ Աստուծոյ օգնականութիւնը, կրեցի ձեր պատճառած բոլոր տանջանքները եւ ողջանդամ կանգնեցի ձեր առաջ՝ վկայելով միակ Աստուծոյ զօրութիւնը: Ես պատրաստ եմ դարձեալ տանջանքներ կրել Քրիստոսի հաւատքի աներկբայ յոյսով: Իսկ դուք ի՞նչ յոյս ունէք, որ զուր պաշտամունք էք մատուցում անշունչ պիղծ կուռքերին, որ ոչինչ են: Արդ, որպէսզի հաղորդ չլինէք նրանց կորստեանը եւ աշխարհի առաջ ամօթ չկրէք, այսուհետեւ ամաչէ՛ք դրանց աստուածներ կոչել, որոնք գիճութեամբ, արբեցութեամբ, պատերազմներով եւ սպանութեամբ միառժամանակ կան այս աշխարհում, սակայն յաւիտեան պիտի տանջուեն անշէջ հրի մէջ, որ կայ եւ սպասում է բոլոր նրանց, ովքեր պաշտամունք են մատուցում դրանց»:
Այս լսելով՝ թագաւորը հրամայեց հարուածել սուրբի բերանին, «... որպէսզի, - ասաց, - սովորի չանարգել աստուածներին եւ ինքնակալներին»: Ապա հրամայեց արջառաջլերով անխնայ հարուածել նրա մարմնին: Եւ երբ երկար ժամեր ծեծեցին նրան, թագաւորն իր իւրայիններով ասաց նրան. «Թշուառակա՛ն, մինչեւ ե՞րբ պիտի չհնազանդուես եւ զոհ չմատուցես մեծ աստուածներին, որպէսզի արժանանաս մեծ պատիւների ու փրկուես»: Իսկ սուրբը պատասխանեց. «Ես միշտ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ իմ կենդանի Աստծուն, Ով փրկում է ինձ քո ձեռքից եւ արժանացնում երկնային փառքին ու պատուին: Երանի թէ դուք լսէիք ինձ եւ երկրպագէիք միակ ճշմարիտ Աստծուն»:
Մագնենտիոսի խորհրդով Դիոկղետիանոսը կանչել տուեց յայտնի կախարդ Աթանասիոսին, որը պատրաստեց թոյնով լի երկու ըմպելիք, որպէսզի եթէ Գեւորգն ըմպի առաջին բաժակից, մտափոխուի եւ հնազանդուի արքայի կամքին, իսկ եթէ ըմպի երկրորդ բաժակից, իսկոյն մեռնի: Տիրոջն օգնութեան կանչելով եւ խաչակնքելով՝ սուրբն ըմպեց երկու բաժակներից, սակայն ամենեւին չմտափոխուեց եւ չվնասուեց: Զարմացած այս բանից՝ կախարդը համաձայնեց քրիստոնեայ լինել, եթէ Գեւորգը յարութիւն տայ վաղուց մեռած մէկին: Նոյնը պնդում էր նաեւ Մագնենտիոսը՝ ասելով. «Թող նա այդ հրաշքը գործի, եւ մենք կը հաւատանք նրա Աստծուն»: Այնժամ, ինչպէս ասում են, Տիրոջ խօսքով եւ աղօթքով շիրիմից յարութիւն տուեց նախկին մեռելներից մէկին: Տեսնողներից շատերը հաւատացին Քրիստոսին, իսկ բարկացած թագաւորը սակրով սպանել տուեց Աթանասիոսին եւ յարութիւն առած մարդուն, որովհետեւ նրանք համարձակ քարոզում էին Քրիստոս Աստծուն, ապա հրամայեց Գեւորգին դարձեալ բանտ տանել, իսկ ինքը գնաց արքունիք:
Մինչ սուրբը բանտում էր, բոլոր նորահաւատները, բանտապետին ինչքեր տալով, գիշերը գալիս էին նրա մօտ եւ սուրբից սովորում Քրիստոսի ուսմունքը: Հիւանդները, պէս-պէս ցաւեր ունեցողներն ու կոյրերը գնում էին նրա մօտ, եւ նա աղօթքով բժշկում էր նրանց: Գլիւկեր անունով մի շինական, տեսնելով այդ բժշկութիւնները, որ անում էր Գեւորգը, եկաւ, ընկաւ նրա առաջ եւ խնդրեց կենդանացնել արորի տակ ընկած իր արջառին: Սուրբը նրան ասաց. «Գնա՛, դու քո արջառին կենդանի կը գտնես»: Շինականը գնաց եւ դարձեալ վերադարձաւ՝ աղաղակելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը: Ես հաւատո՛ւմ եմ Գեւորգի Աստծուն»: Դահիճներն ու զօրականները եղածի համար իսկոյն բռնեցին Գլիւկերին եւ տարան թագաւորի մօտ, իսկ բարկացած թագաւորն անգամ չուզեց այդ մարդու անունն իմանալ եւ հրամայեց անդամ առ անդամ մասնատել նրան: Իսկ նա, խոստովանելով Քրիստոսին, աղաղակեց. «Ամէն բան արարող ճշմարի՛տ Աստուած, մի՛ անտեսիր ինձ՝ ճշմարիտ անօթիս, որովհետեւ ես հաւատացի Քեզ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուդ: Ես վախենում եմ, որովհետեւ առանց սուրբ մկրտութեան եմ: Ես կամեցայ մկրտուել, սակայն չհասցրի: Արդ, ես կը փրկուեմ, Տէ՛ր, եթէ միայն Դու կամենաս: Ուստի աղաչում եմ Քեզ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, իմ նահատակութեան արիւնն ինձ մկրտութիւն համարիր, որովհետեւ Դու սրտագէտ Աստուած ես եւ քննում ես խորհուրդներն ու մտքի յօժարութիւնը»: Եւ ձայն եկաւ երկնքից, որն ասաց. «Ե՛կ ուրախութեամբ Ինձ մօտ, Գլիւկե՛ր, որովհետեւ դու Ինձ համար ես նահատակւում»: Եւ այսպէս սուրբը նահատակուեց:
Այնուհետեւ դարձեալ գնացին եւ Դիոկղետիանոսին տեղեկացրին. «Շատերը գնում են բանտ եւ սովորում Գեւորգից, իսկ նա բոլորին ձգում է դէպի իրեն եւ բժշկում բազմաթիւ հիւանդների»: Այնժամ թագաւորը հրամայեց իր մօտ բերել սուրբ վկային՝ կամենալով աւելի խիստ հրաման արձակել նրա համար, իսկ Մագնենտիոսը թագաւորին ասաց. «Քրիստոնեաները դժուարամահ են եւ վիճաբանող: Ուստի նրանց հետ խիստ մի՛ վարուիր, այլ ողոքիչ խօսքերով խնդրի՛ր այդ պատուական մարդուն եւ պատուասիրելով դու կ՚ուրախացնես նրան: Այդպէս թերեւս քո յորդորով նա զոհ կը մատուցի աստուածներին»:
Սուրբ Գեւորգն արքունիք գալիս սաղմոսում էր եւ ասում. «Աստուա՛ծ, նայի՛ր ինձ օգնելու եւ ընկերակցել ինձ փութա՛»[6]: Եւ երբ կանգնեց ատեանի առաջ, թագաւորն սկսեց սիրաշահել նրան ու ասել. «Գեւո՛րգ, երդւում եմ արեգակով ու բոլոր աստուածներով, որ եթէ լսես ինձ ու զոհ մատուցես անմահ աստուածներին, քեզ բազում գանձեր կը շնորհեմ, եւ դու երկրորդը կը լինես իմ թագաւորութեան մէջ: Ես խնայում եմ քեզ ու ափսոսում եւ կամենում եմ, որ ապրես, այլ ոչ թէ չարաչար մեռնես՝ չհնազանդուելով»: Իսկ սուրբ վկան հեգնելով պատասխանեց. «Այժմ բարութեամբ ես խօսում, ինչո՞ւ այդպիսի խօսքեր չասացիր սկզբում: Այսքան չարչարանքներից յետոյ որտե՞ղ փնտռեմ հատուցում անարգանքներիս դիմաց»: Թագաւորն ասաց. «Ների՛ր ինձ՝ քո հօրը, այդ յանցանքները: Զո՛հ մատուցիր աստուածներին եւ ինձ հետ պատուի կ՚արժանանաս արքունիքում»: Իսկ սուրբ Գեւորգն ասաց. «Քանի որ զղջացիր, ո՛վ թագաւոր, այժմ ես համամիտ եմ քեզ: Ո՞ւր են քո աստուածները, գնանք նրանց մօտ»: Խաբուելով տխմար մանկան պէս՝ թագաւորը յոյժ ուրախացաւ սուրբի քողարկուած խօսքերից եւ հրամայեց բոլոր իշխաններին, ամբողջ զօրքին ու հրապարակի բոլոր մարդկանց գալ կուռքերի տաճար: Նա քարոզում էր՝ ասելով. «Ահա գալիլեացիների խորհրդակից Գեւորգը համաձայնեց զոհ մատուցել մեծ Ապոլոնին»: Բոլոր հեթանոսները, ուրախացած պար բռնելով, աղաղակում էին. «Ապոլոնը յաղթե՜ց, Դիոկղետիանո՛ս թագաւոր, թագաւորի՛ր յաւիտեան, մե՜ծ են թագաւորի աստուածները»:
Եւ երբ բոլորը մտան կուռքերի տաճար, թագաւորը հրամայեց բոլորին լռել: Սուրբ Գեւորգն առաջ եկաւ, նայեց Ապոլոնի պատկերին եւ ասաց. «Ասա՛ ինձ, դու աստուա՞ծ ես, եւ պէտք է արդեօք, որ մարդիկ քեզ պաշտեն»: Իսկ պիղծ ոգին, որ բնակւում էր պատկերի մէջ, բարձրագոչ ասաց. «Ես աստուած չեմ, եւ ոչ էլ նրանք, որ ինձ հետ են, այլ մի է ճշմարիտ Աստուած, որ ստեղծեց ամէն բան, Նրա Որդին՝ Յիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգին: Իսկ մենք, որ սկզբում Նրա հրեշտակներն էինք, ապստամբեցինք Նրա դեմ եւ դեւեր կոչուեցինք»: Սուրբ Գեւորգն ասաց. «Եթէ դուք աստուած չէք, հապա ինչո՞ւ էք մոլորեցնում մարդկանց ձեր պաշտամունքով եւ ինչպէ՞ս էք այժմ համարձակւում լինել այստեղ իմ Աստուծոյ ծառայի ներկայութեամբ, որի վրայ ճշմարիտ Աստուծոյ Որդու՝ Քրիստոսի անունն է»:
Եւ նոյն այն պահին, երբ սուրբ Գեւորգը խօսքին զուգընթաց իր ձեռքով խաչակնքեց, մեծ իրարանցում եղաւ. լսուեցին դեւերի ողբալի գոչիւններ, եւ տաճարի բոլոր կուռքերն ընկան ու փշրուեցին: Այս տեսնելով՝ հեթանոս քրմերը յարձակուեցին սուրբի վրայ, բռնեցին նրան ու աղաղակելով ասացին. «Վերացրո՛ւ այս կախարդին, ո՛վ թագաւոր, որովհետեւ նա մոգութեամբ մոլորեցրեց բոլորին եւ կործանեց աստուածներին»: Բարկացած թագաւորը դիւային մոլեգնութեամբ եւ քրմերի առաջնորդութեամբ ասաց սուրբին. «Չարասի՛րտ, որ լի ես ամէն տեսակ կախարդութեամբ եւ մոլորութեամբ, մի՞թէ չխոստացար ինձ զոհ մատուցել Ապոլոնին: Ինչո՞ւ այդպէս արեցիր»: Սուրբ վկան պատասխանեց. «Անմի՛տ եւ անամօ՛թ, ես իմ պատարագը մատուցեցի իմ ճշմարիտ Քրիստոս Աստծուն, որի պատճառով ձեր բոլոր աստուածներն աւերուեցին: Գոնէ այժմ հասկացի՛ր, ո՛վ թագաւոր, որ քո աստուածները չեն կարող օգնել ո՛չ իրենց եւ ո՛չ էլ ուրիշներին, որովհետեւ նրանք անմռունչ կուռքեր են եւ անմիտ մարդկանց մոլորեցնող դեւեր, որոնք այժմ կործանուեցին Քրիստոսի ծառայի կողմից»:
Երբ Ալեքսանդրէ թագուհին լսեց կատարուածի մասին, գնաց թագաւորի մօտ եւ աղաղակելով ասաց. «Գեւորգի՝ Քո անյաղթ զօրականի Աստուա՛ծ, քաւութիւն տուր մեղաւորիս եւ մի՛ յիշիր իմ մեղքերը, որ գործեցի անգիտութեամբ եւ անօրէնութեամբ, այլ յիշի՛ր իմ փոփոխութիւնն ու դարձն առ Քեզ եւ տո՛ւր ինձ մաս ու բաժին քրիստոնեաների եւ Քո ծառայ Գեւորգի հետ»: Եւ նոյն պահին շատ շատերը հաւատացին Տիրոջը:
Այնժամ դառնացած թագաւորն իսկոյն վճիռ արձակեց սուրբ Գեւորգի եւ Ալեքսանդրէի համար, ապա դարձաւ սուրբ Գեւորգին եւ ասաց. «Ամենաչա՛ր Գեւորգ, ահա դու մոլորեցրիր նաեւ թագուհուն եւ նրան մահուան մատնեցիր: Այժմ գնա՛ եւ նրա հետ աստուածներին հայհոյելու համար արժանի դատաստան ստացիր»: Ապա կարդալ տուեց գրուած այս դատակնիքը. «Մեր ինքնակալութեան հրամանն անարգելու, Ապոլոնին չերկրպագելու, նաեւ թագուհուն եւս իր հետ մոլորեցնելով աստուածներին հայհոյել տալու համար այս վճիռն եմ արձակում. հրամայում եմ սրով կտրել գալիլեացիների խորհրդակից Գեւորգի եւ նրա ձեռքով մոլորուած Ալեքսանդրէի գլուխները»:
Զինուորներն անմիջապես նրանց քաղաքից դուրս տարան: Թագուհին, որը սուրբ վկայի հետ յօժարութեամբ գնում էր նահատակութեան վայրը, մտքում աղօթում էր Տիրոջը՝ միայն շրթունքները շարժելով եւ աչքերը երկնքին յառած: Ապա նստեց մի տեղ եւ խաղաղութեամբ արձակեց հոգին:
Իսկ սուրբ Գեւորգին տարան կառափնարան: Նա զօրականներին ասաց. «Եղբայրնե՛ր, սպասէ՛ք փոքր-ինչ, որպէսզի աղօթեմ»: Եւ երբ թոյլ տուեցին, երկնքին նայելով՝ տարածեց իր ձեռքերը, մեծապէս հառաչեց եւ ասաց. «Տէ՛ր Աստուած իմ, որ նախքան բոլոր յաւիտեաններն ես, ես Քեզ ապաւինեցի մանկուց՝ քրիստոնեաներին տրուած բարի եւ ճշմարիտ ակնկալութեամբ եւ ըստ Քո ծառաներին տրուած անսուտ խոստման: Անա՛նց Գանձ, որ նախքան մեր խնդրելը շնորհում ես Քո ձրի պարգեւները բոլոր նրանց, ովքեր խնդրում են: Լսի՛ր ինձ, Տէ՛ր, Դու օգնեցիր մինչեւ վերջ համբերել վկայական խոստովանութեանը եւ այժմ էլ ընդունի՛ր իմ հոգին, փրկի՛ր ինձ օդային պիղծ ոգուց եւ բնակեցրո՛ւ Քո սիրելիների եւ սուրբերի հետ: Թողութիւն շնորհիր այս հեթանոսներին, որոնք չարչարեցին ինձ եւ Քո ծառաներին: Լուսաւորի՛ր նրանց ճշմարտութեան գիտութեամբ, որովհետեւ Դու կամենում ես, որ բոլորը փրկուեն: Առաքի՛ր Քո օգնութիւնը բոլոր նրանց, որոնք աղօթում են Քեզ: Տո՛ւր նրանց Քո երկիւղը եւ սէր Քո սուրբերի հանդէպ, որպէսզի կատարելով նրանց յիշատակը՝ հաւատքով նմանուեն նրանց եւ նրանց հետ արժանի լինեն երկնային կեանքին ու յաւիտենական արքայութեանը, որովհետեւ Քոնն է արքայութիւնը, եւ փա՜ռք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն յաւիտեանս. ամէն»: Աղօթքն աւրտելուց յետոյ ծնրադրեց եւ, մեկնելով պարանոցը, ասաց. «Կատարէ՛ք թագաւորի հրամանը»:
Քրիստոսի սուրբ վկայ Գեւորգը զօրականը սրի հարուածով նահատակուեց ի Տէր, որ եղաւ Տիրոջ 303 թուականին, ապրիլի քսաներեքին՝ Զատկին յաջորդող ուրբաթ օրը, օրուայ եօթերորդ ժամին: Իսկ պատմութեան վախճանն այսպէս է կնքում սուրբի վկայաբանութեան առաջին հեղինակը, որ մերձաւոր էր սուրբին. «Ես՝ սուրբ Գեւորգի Պասիկրատէս ծառաս, գնացի իմ տիրոջ յետեւից եւ ամենայն ճշմարտութեամբ գրեցի այս յիշատակարանը»:
ՍՔԱՆՉԵԼԻՔՆԵՐ, ՈՐ ԵՂԱՆ ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Արդ, տասներորդ դարի սկզբին Սեւ ծովի ափին գտնուող Պամփիլագոնիայի կամ Եւքսինեան Պոնտոսի երկրում կար սուրբ Գեւորգ զօրավարի անունով մի հոյակապ տաճար: Այդ ժամանակներում ապրում էր Լեւոն անունով մի բարեպաշտ զինուորական, որն իր կնոջ՝ Թէոփանէի հետ ջերմ սիրով գնում էին սուրբի տաճար եւ ամբողջ սրտով ծառայում տաճարին: Եւ երբ նրանք արու զաւակ ունեցան, երեխային մկրտեցին սուրբի տաճարում, կոչեցին Գեւորգ եւ կրթեցին նրան աստուածպաշտութեամբ:
Եւ եղաւ, որ երբ արեւմտեան բարբարոս ազգերը՝ բուլղարները, հունգարները եւ գոթերը, ասպատակեցին ու յարձակուեցին մինչեւ թագաւորական Կոստանդնուպօլիս քաղաքի սահմանները, Ղեւոնդիոս Փոկաս Տիւրանոս կայսեր սպարապետը պատրաստուեց պատերազմել նրանց դէմ: Զինուորագրեցին բոլոր տղամարդկանց, իսկ Լեւոն Պափլագոնացին քանի որ ծեր էր, իր փոխարէն ստիպուած ուղարկեց մինուճար որդուն՝ երիտասարդ Գեւորգին: Ծնողները մտան սուրբ Գեւորգի տաճար, իրենց որդեակին յանձնեցին սուրբին եւ ասացին. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ, քեզ ենք յանձնում մեր որդուն, որին ընծայեցինք քեզ եւ կոչեցինք քո անունով: Խաղաղութեամբ եւ ողջանդամ վերադարձրո՛ւ նրան պատերազմից, որով կը փառաւորուի քո անունը»:
Սաստիկ պատերազմ սկսուեց, ու երկու կողմերից մեծ կոտորած եղաւ: Յունաց կայսերական գունդը պարտութեան մատնուեց եւ փախուստ տուեց՝ թողնելով ընկածներին ու մեծաթիւ գերիներին: Բուլղարները գերեցին նաեւ երիտասարդ Գեւորգ Պափլագոնացուն, եւ նա ընկաւ նշանաւոր իշխանի ու ազգապետի ձեռքը, որը տեսնելով, որ երիտասարդը կայտառ ու ժիր է սպասաւորութեան գործում, իր առջեւ ծառայութեան կարգեց: Եւ նա յոյժ հաւատարիմ եւ սիրելի եղաւ իր տիրոջ աչքին:
Երբ ծնողները լսեցին արքունի բանակի ոչնչացման մասին եւ ոչ մի լուր չունեցան իրենց զաւակից, նրան մեռած համարեցին: Նրանք պատուեցին անմխիթար սգով ու ողբացին: Անդադար գանգատուելով՝ հեծեծում էին ընդդէմ սուրբ Գեւորգի, որ նա չպահպանեց իրեն յանձնուած իրենց զաւակին: Բարեկամներից ոչ ոք չէր կարողանում մխիթարել նրանց: Եւ ինքը եւս՝ պատանի Գեւորգը, գերութեան մէջ յաճախ էր յիշում սուրբ Գեւորգին եւ հառաչելով ասում. «Ինչո՞ւ թողեցիր ինձ, Աստուծոյ սո՛ւրբդ, եւ ինչո՞ւ ինձ խաղաղութեամբ չվերադարձրիր իմ ծնողների մօտ, որոնք աղաչանքներով խնդրեցին քեզնից»:
Եւ երբ յաջորդ տարի մօտեցաւ սուրբ Գեւորգի տօնը, նախընթաց երեկոյին, երբ ճրագներ վառելով՝ կատարում էին նախատօնակը, բորբոքուեց պատանի Գեւորգի ծնողների սիրտը: Մերձաւորների հետ ընթրիքի նստած՝ նրանք արտասուքները խառնում էին կերակուրներին եւ ըմպելիքներին՝ յիշելով իրենց զաւակին, որին չէին տեսնում այդ հաւաքին, որ պատրաստել էին ի պատիւ սուրբի: Այս տեսնելով՝ բարեկամներն ու ազգականները ողբակից էին լինում նրանց եւ շարունակ մխիթարական խօսքեր ասում:
Այդ երեկոյ պատանին եւս, որ գերութեան մէջ էր, գիտէր, որ յաջորդ օրը սուրբի տօնն է: Այդ պահին նա խոհանոցում կրակ էր վառել գինին եռացնելու համար, որովհետեւ այն ազգապետը սովոր էր գինին տաք ըմպել: Արդ, պատանին թախծում էր արտասուելով եւ տխուր խորհում էր իր մտքում. «Այսօր մեր տանն իմ ծնողները պատրաստւում են կատարել սուրբի յիշատակը, եւ այժմ մերձաւոր բարեկամները բազմած են սեղանի շուրջը: Ես՝ ողորմելի ու գերի պանդուխտս, անցեալ տօնին այնտեղ էի՝ տօնելով եւ ուրախանալով նրանց հետ, որոնք հաւաքուել են սիրելի սուրբի տաճարում: Ես նրանց ծառայակից եւ երգակից էի լինում, իսկ այժմ այլազգիների երկրում պանդուխտ եմ գերութեան եւ ծառայութեան մէջ: Աստուծոյ սո՛ւրբդ, միայն ես անարժան եղայ նրանց միջից, ովքեր մտնում էին քո պատուական տաճարը: Իմ ծնողներն այժմ կատարում են քո սուրբ յիշատակը եւ ինձ չեն տեսնում: Սաստիկ տխուր է նաեւ իմ մայրը, որ տեսնում է մեր ազգականներին եւ բարեկամներին, որոնք հաւաքուել են քո տօնին, բայց ինձ չի տեսնում եւ չի լսում իմ սաղմոսերգութեան ձայնը»: Այս եւ նման մտքեր էր որոճում իր մտքում ու կարօտով ասում. «Ո՛ղջ եղէք, իմ հասակակիցնե՛ր, սաղմոսակիցնե՛ր եւ երգակիցնե՛ր: Սուրբ վկայի տօնին մի՛ մոռացէք ինձ, որ օտար եմ օտարութեան մէջ եւ գերի գերութեան մէջ»:
Այս ասելով՝ լռութեամբ գետի պէս արտասուքներ էր հեղում աչքերից, որովհետեւ այլազգիների ահից ոչ ոք չէր համարձակւում հառաչանքներով ողբալ: Մինչ պատանի Գեւորգն այս մտքերի մէջ էր, ծառայակիցները շտապեցնում էին նրան, որ տաք անօթն արագ վերցնի կրակից: Եւ նա, երեսից սրբելով իր արտասուքները, իսկոյն կրակի վրայից վերցրեց անօթը, որը եռում էր ուժգին յորձանքով, որպէսզի տանէր իր տիրոջը: Եւ ո՛վ զարմանքի արժանի սքանչելիք. մինչ պատանին գնում էր՝ անօթը ձեռքին, յանկարծ յափշտակուեց դէպի բարձունքները, եւ սուրբն ակնթարթօրէն նրան բերեց տուն՝ ծնողների մօտ, ուր բազմած էին հրաւիրուածները: Նրա ձեռքին տաք անօթն էր, որը դեռ եռում էր՝ ասես կրակից հէնց նոր վերցրած: Երբ նրա ծնողները եւ բազմած հիւրերը տեսան, ապշեցին եւ սկսեցին բարձրաձայն արձակել: Մեծ ուրախութիւնից եւ անակնկալ խնդութիւնից ծնողներն անմռունչ ընկան գետնին, իսկ ուրիշներն իրենց գիրկն առած համբուրում էին նրան ու հարցուփորձ անում նրա գալստեան մասին:
Եւ պատանին ճանաչեց իր տունը, ծնողներին եւ ներկաներին: Նա տարակուսեց մեծ հիացմունքով, ապա սթափուելով պատմեց իր մասին՝ ասելով. «Միայն այն գիտեմ, որ այս ժամին գերութեան եւ ծառայութեան մէջ էի բուլղարների երկրում: Այս անօթը, որ տեսնում էք իմ ձեռքին, վերցրի խոհանոցի կրակի վրայից եւ կամեցայ գնալ իմ տիրոջ մօտ: Ապարանքի սանղուղքները բարձրանալիս զինուորի կերպարանքով մի մարդու տեսայ՝ նստած երիվարին, որից արեգակից առաւել պայծառ ճառագայթներ էին արձակւում: Նա յանկարծակի յափշտակեց ինձ: Ես ապշեցի եւ այլ բան չիմացայ, միայն երիվարի գարշապարներից դուրս եկող ջրի ծփանքի նման ձայներ լսեցի: Ես մի ակնթարթում յայտնուեցի այստեղ, ինչպէս որ տեսնում էք: Քանի որ լոյսի ճառագայթների մէջ էի, չգիտէի, թէ որտեղ եմ, մինչեւ այս պահը, երբ խօսեցիք ինձ հետ»: Երբ այս լսեցին, իսկոյն դուրս ելան տնից՝ փնտռելու պատանու փրկչին եւ պահպանողին, սակայն ապարդիւն, որովհետեւ արագահաս նահատակը գործն աւարտելուն պէս աներեւոյթ էր եղել:
Երբ պատանու ծնողները սթափուեցին, գիրկն առան իրենց զաւակին: Նրանք համբուրում էին իրենց որդուն եւ արտասուքներով ասում. «Արդարեւ սա՞ է մեր որդեակը, արդեօք իրականութեան մէ՞ջ ենք, թէ՞ անուրջների: Եթէ ճշմարիտ է, որ տեսանք մեր աչքի լոյսին եւ մեր սրտերի մխիթարիչին, ապա գոհանում ենք Աստծուց եւ Նրա մեծ վկայից: Իսկ այժմ բոլո՛րդ, որ լաց էիք լինում մեր որդու կորստեան համար, ուրախացէ՛ք, որ յայտնուեց մեր լոյսը»:
Այնժամ սքանչելիքի վրայ մի սքանչելիք եւս աւելացաւ: Ժողովուրդը կամեցաւ ըմպել այն անօթից, որ կար պատանու ձեռքին: Այն մեծ չէր, այլ շատ փոքր՝ մեկ մարդու ըմպելու համար: Սուրբի յիշատակի համար հաւաքուածները բազմաթիւ էին, սակայն այն անօթը բաւական եղաւ բոլորի համար, ովքեր այնտեղ էին, եւ երկար ժամանակ այն բնաւ չէր սառչում, այլ սուրբի զօրութեամբ եռում էր պատանու ձեռքում:
Ապա ծնողները վերցրին պատանուն եւ գնացին սուրբի տաճար: Ուրախութեան արտասուքներով նրանք թրջում էին տաճարի յատակը եւ ողջ բազմութեան հետ գոհութեամբ փառաւորում Աստծուն՝ միաժամանակ թողութիւն խնդրելով սուրբից՝ իրենց զաւակի կարօտից անտեղի գանգատուելու համար: Այն անօթը դրեցին սուրբի տաճարի պահոցում, եւ ովքեր տեսնում էին այն, կրկնում էին Դաւթի խօսքերը, թէ «Սքանչելի է Աստուած Իր սուրբերի մէջ»[7]: Յիշում էին Ամբակումին, որը հրեշտակի ձեռքով Երուսաղէմից վայրկենապէս յափշտակուեց Բաբելոն եւ ճաշ մատուցեց Դանիէլին: Միանգամայն նման էին սքանչելիքները, որը երանելի պատանի Գեւորգը քարոզեց մինչեւ իր խոր ծերութիւն:
Լսելով մտերիմ անձանցից՝ մէկ այլ սքանչելիքի մասին գրել է ժամանակակից Գրիգոր Դեկապօլսեցին: Եգիպտոսի Թեբայիդա աւանում կար սուրբ Գեւորգի անունով մեծակառոյց եկեղեցի՝ իր մենաստանով: Պատահեց, որ ասորիների երկրի գլխաւոր ամիրան իր եղբօրորդուն ծառաների հետ գործով ուղարկեց այնտեղ: Գալով այդ մարդը հրամայեց իր ծառաներին իջեցնել կարասին եւ դնել սուրբի տաճարում եւ այնտեղ մտցնել տասներկու ուղտերին: Այնժամ տաճարի քահանաները մօտեցան իշխանին եւ մեղմօրէն խրատեցին նրան չարհամարհել Աստուծոյ տունն ու թոյլ չտալ ուղտերին մօտենալ սուրբ Սեղանին: Նա չհնազանդուեց, եւ երբ իր հրամանով ուղտերին եկեղեցի մտցրին, իսկոյն ուղտերն ընկան ու սատկեցին: Այս բանից բարբարոսն ահաբեկուեց, կենդանու լեշերը հանել տուեց, իսկ ինքը տեղ բռնեց տաճարում՝ տեսնելու քրիստոնեաների պաշտամունքը: Տօնի օր էր, եւ քահանան իր ժամին այլազգու ներկայութեամբ սկսեց մատուցել սուրբ պատարագը:
Եւ ահա այն մարդը տեսաւ, որ քահանան ելաւ բեմ, ձեռքն առաւ փոքր Մանկան եւ գառան պէս մորթեց Նրան: Արիւնը հեղեց սկիհի մէջ, իսկ Մարմինը բեկեց ու դրեց մաղզմայի վրայ: Նա տեսաւ, որ հաղորդութեան ժամին քահանան մէկ-մէկ մօտեցողներին բաշխում էր զոհաբերուած Մանկան Մարմինն ու Արիւնը: Իսկ պատարագի վերջում, երբ ժողովրդին մաս էին բաժանում, իշխանին եւս բաժին տուեցին, եւ նա հարցրեց. «Այդ ի՞նչ է»: Քահանան նրան ասաց. «Մաս է այն Հացից, որ մատուցում ենք սուրբ Խորհրդի ժամանակ»: Իշխանը բարկացաւ եւ ասաց. «Ա՛յ թշուառական, մարդասպա՛ն եւ արիւնարբո՛ւ, ես ինքս տեսայ, թէ ինչպէս մորթեցիր անմեղ եւ անարատ Մանկանն ու մաս-մաս կտրատեցիր: Դու եւ քո ժողովուրդը ճաշակեցիք նրա միսն ու արիւնը, եւ դեռեւս շրթունքներիդ մնում են անմեղի արեան հետքերը»: Այնժամ քահանան ահ ու դողով ասաց. «Տէ՛ր, ես մեղաւոր մարդ եմ՝ ահաւոր Խորհրդի անարժան սպասաւոր, եւ արժանի չեմ ակներեւ տեսնել այն, ինչ դու տեսար Աստուծոյ յայտնութեամբ: Ուստի հաւատում եմ, որ դու մեծ մէկն ես»: Այլազգին ընդունեց սուրբ հաւատքը, եպիսկոպոսի ձեռամբ մկրտուեց Սինա լերան վրայ, որտեղ երեք տարի ճգնելուց յետոյ գնաց իր հօրեղբայր ամիրայի մօտ եւ յայտնելով իր հաւատքը՝ նահատակուեց քարկոծուելով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Գեւորգ զօրավարի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ շաբաթ օրը՝ սուրբ Ադոկտոս վկայի եւ սուրբ Ռոմանոս երգեցողի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 551:
[1] Մատթ. Ժ 28:
[2] Մատթ. Ժ 32:
[3] Ես. Խ 6:
[4] Ես. Ժ 11:
[5] Հմմտ. սաղմ. ՃԽԴ 1 եւ սաղմ. ՃԺԸ 133:
[6] Սաղմ. ԿԹ 2:
[7] Սաղմ. ԿԷ 36:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: