Անոխակալ եւ բարեգութ. մի ցրեր զուխտս Քո.
Մի մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ.
Տէր Աստուած հարցն մերոց:
Նախաստեղծին այցօղ Փրկիչ.
Փրկեա զմեզ յարժանահաս նեղչաց մերոց՝
Վասն ընտրելոց Քոց սրբոց.
Տէր Աստուած հարցն մերոց:
Առաւել փառաւորեալ ի տաճարի սրբոց Քոց վկայից.
Մի՛ անտես առներ զապաւինեալքս ի Քեզ.
Տէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Երիցս երանելի եդեսիացի այս երեք փառաւոր վկաները տօնախմբւում են միասին: Առաջին երկուսը՝ Գուրիասը եւ Սամոնասը, նահատակուել են տասնհինգ տարի շուտ, քան երրորդը՝ Աբիբը: Այդ պատճառով ճառընտիրներում նրանց երկու վկայաբանութիւնները գրուած են առանձին-առանձին եւ աւանդուած են միեւնոյն ականատես վկայաբանի՝ հեթանոսութիւնից քրիստոնէութեան դարձած Թէոփիլոսի կողմից:
ՍՈՒՐԲ ԳՈՒՐԻԱՍ ԵՒ ՍԱՄՈՆԱՍ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Դիոկղետիանոս թագաւորի ժամանակներում կար Գուրիաս անունով մի մարդ: Նա եդեսիացիների երկրից էր՝ Միջագետքի Ուռհայ քաղաքի շրջանի Սարկիդիմիա գիւղից: Աստուածավախ մարդ էր՝ զարդարուած բոլոր առաքինութիւններով եւ նոյն գիւղից մտերիմ էր իր բարեպաշտութեանը համաշունչ մէկին՝ Սամոնասին: Նրանք երկուսն էլ մեծ ջանասիրութեամբ կատարում էին Աստուծոյ պատուիրանները եւ անդադար սերմանում Կենաց խօսքը: Յորդորում էին քրիստոնեաներին զգոյշ մնալ կուռքերի մոլորութիւններից, չզարհուրել ու չվախենալ մահուան երկիւղից եւ բռնաւորների սպառնալիքներից:
Իսկ Անտոնիոս անունով բռնաւորը, որը Եդեսիայի դատաւորն էր, թագաւորից հրաման էր ստացել հալածել ու տանջանքների մատնել այդ կողմերում գտնուող քրիստոնեաներին: Տեղեկանալով նրանց մասին՝ նա ուղարկեց զինուորների մի դաս՝ իր մօտ բերելու սուրբ վկաներին: Սուրբերին բռնեցին եւ բազմաթիւ այլ քրիստոնեաների հետ բերեցին դատաւորի մօտ, իսկ դատաւորը հրամայեց մեծ հսկողութեամբ պահել նրանց բանտում, մինչեւ որ ազատ ժամ կունենայ եւ կը հարցաքննի նրանց:
Օրեր անց թագաւորը հրամայեց բռնուած հասարակ եւ աղքատ քրիստոնեաներին արձակել իրենց տեղերն ու գիւղերը, իսկ սուրբ Գուրիասին եւ Սամոնասին պահել: Դատաւորը բանտում պահեց միայն նրանց, որի համար մեծապէս ուրախ եղան, որովհետեւ լսելով շատերի մասին, որոնք այդ օրերին վկայում էին Քրիստոսին, իրենք եւս մեծ ցանկութեամբ ակնկալում էին նահատակուել: Այնժամ Անտոնիոս դատաւորը, նստելով եդեսիացիների քաղաքում, հրամայեց սուրբերին իր առաջ բերել ու սկսեց խօսել նրանց հետ՝ ասելով. «Իմացէ՛ք, որ դուք պարտաւոր էք հնազանդուել ինքնակալի հրամաններին, զոհ մատուցել աստուածներին, պահել հելլենացիների օրէնքներն ու կրօնը, ինչպէս որ մենք, ինչպէս նաեւ հեռանալ սնոտի պաշտամունքներից եւ փրկուել ձեզ սպասուող առաջիկայ տանջանքներից»: Սուրբերն ասացին. «Ճշմարտութեան լոյսը քո խաւար հոգուն սնոտի պաշտամունք եւ ունայնութիւն է թւում, որը դու չես նկատում ու չես տեսնում: Այն մեզ համար յաւիտենական կեանք է եւ կենդանութիւն տուող: Ուստի մենք չենք վախենում այն տանջանքներից, որոնցով սպառնում ես եւ քեզ հնազանդուել բնաւ չենք կամենում»:
Դատաւորն ասաց. «Դուք լիովին տեղեակ էք ինքնակալի հրամանին, որը ձեզ՝ քրիստոնեաներիդ, հրամայում է կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել: Արդ, քանի դեռ տանջանքներ չէք կրել, շտապէ՛ք կատարել ձեզ հրամայուածը»: Սուրբերը պատասխանեցին. «Մենք չենք կատարի ապականացու թագաւորի անօրէն հրամանները, մանաւանդ, որ նա տարերքները աստուած է համարում, այլ ջանում ենք պահել անմահ Թագաւորի պատուիրանները, որ ասում է. «Ով Ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, Ես էլ նրան կ՚ուրանամ Իմ Հօր առաջ, որ երկնքում է»[1]»: Իշխանն ասաց. «Այժմ չէ՞ք կամենում կատարել մեր թագաւորների կամքը»: Սուրբերը պատասխանեցին՝ ո՛չ: Իշխանն ասաց. «Ձեր յամառութեան պատճառով ձեզ համար շատ տանջարաններ կը պատրաստեմ»: Սուրբերը պատասխանեցին. «Թէպէտ տանջանքների մէջ կը մեռնենք ժամանակաւոր մահով, սակայն կը հասնենք յաւիտենական եւ անվախճան կեանքի անստուեր լոյսին, որ խոստացաւ Աստուած Իր սիրելիներին»: Այնժամ բարկացած դատաւորը հրամայեց նրանց բանտ նետել:
Օրեր անց, երբ Եդեսիա եկաւ Անտիոքի Մուսոնիոս դատաւորը, սուրբերին դարձեալ ատեան բերեցին: Դատաւորն ասաց նրանց. «Ինչպէս տեսնում եմ, իմ մեծ ներողամտութիւնն ու երկայնամտութիւնը ձեզ համաձայնութեան չբերեցին: Ուստի այսուհետեւ ես կ՚աւելացնեմ ձեր նեղութիւնները եւ ձեզ կը մատնեմ խիստ տանջանքների, ինչպէս որ արժանի էք: Իմ ծառաները կը քերեն ձեր կողերը, ձեր մարմինները կ՚այրեն հրով, դուք կը կախուէք ձեռքերից, եւ այլ զանազան տանջանքներ կը բերեմ ձեր գլխին»: Սուրբերը պատասխանեցին. «Գրուած է, թէ մի՛ զարհուրէք նրանցից, որ սպանում են մարմինը, իսկ հոգին չեն կարող սպանել: Արդ, մենք չենք ընդունելու ձեր խաւարասէր կրօնը եւ չենք վախենում հրկիզուել անշէջ կրակով: Մենք պատրաստ ենք չարչարուել, ինչպէս որ մեր Տէրը չարչարուեց մեզ համար, որպէսզի հաղորդ լինենք Նրա փառքին»: Դատաւորն ասաց. «Մի՛ շաղակրատէք, այլ զոհ մատուցէք, եւ իւրաքանչիւրդ կը գնա իր տուն»: Սուրբերն ասացին. «Մենք ունենք տուն՝ անձեռագործ տաճար երկնքում, որը դու չես տեսնում»:
Երբ դատաւորը տեսաւ նրանց ամուր հաւատքը, Անվինոս դահճապետին ու դահիճներին հրամայեց. «Կախեցէ՛ք դրանց մի ձեռքից, իսկ ոտքերից կապէք ծանր ու մեծ-մեծ քարեր»: Եւ այդպէս կախաղանի վրայ մնացին օրուայ երրորդ ժամից մինչեւ ութերորդ ժամը: Նրանց բերանից չելան հեծեծանքի կամ աղաչանքի խօսքեր, ասես թէ տանջանքների ցաւը օտար մարմին էր կրում: Դատաւորը դահիճներից մէկին ասաց. «Մօտեցի՛ր այդ թշուառականներին եւ հարցրո՛ւ, թէ արդեօք համաձայն են կատարել ինքնակալի կամքը, թէ ոչ»: Իսկ ամենագովելի սուրբ վկաները, չկարողանալով պատասխանել խօսքով, ձեռքով նշանացի ցոյց տուեցին, որ համաձայն չեն: Այնժամ հրամայեց իջեցնել նրանց եւ ոտքերը կոճղի մէջ ձգած՝ պահել խաւարտչին բանտում:
Երեք օր անց եւս հարցրեցին նրանց աստուածներին զոհ մատուցելու համար, եւ երբ նրանք չհամաձայնուեցին, օգոստոս ամսից մինչեւ նոյեմբեր ամիսը պահեցին նրանց բանտի նեղութիւնների մէջ: Ապա բռնաւորը հրամայեց իր առջեւ բերել վկաներին: Հարցրեց նրանց. «Այսուհետեւ հնազա՞նդ էք մեր թագաւորներին»: Սուրբերը պատասխանեցին. «Ինչպէս որ անսասան է Աստծուց մեզ աւանդուած հաւատքը, նոյնպէս էլ անսասան եւ հաստատուն է մեր ի Քրիստոս խոստովանութիւնը»: Այնժամ հրամայեց նրանց աջ ոտքից կապարէ ծանրոց կախել եւ հինգ օր թողնել այդ դժնդակ տանջանքների մէջ: Կախաղանի վրայ սուրբերն աղօթում էին եւ ասում. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, Աստուա՛ծ ճշմարտութեան եւ Տէ՛ր ողորմութեան, զօրացրո՛ւ մեզ, ինչպէս որ զօրացրիր երեք մանուկներին Բաբելոնի հնոցի մէջ: Տո՛ւր մեզ համբերութիւն՝ դէմ կանգնելու չարին, որը եկել-հասել է մեզ: Թող չմարի մեր բարեպաշտութեան ճրագը: Թող մեզ չյաղթեն տեսակ-տեսակ տանջարանները, որոնք պաշարել են մեզ: Նայի՛ր, ամենակա՛լ Տէր, փրկի՛ր մեզ եւ արժանացրո՛ւ մեզ մեռնել Քո սուրբ անուան համար»: Այսպէս աղօթում էր սուրբ Սամոնասը, իսկ սուրբ Գուրիասը ձայնակցում էր նրան, որովհետեւ նա, աւելի ծեր լինելով, ուժասպառ էր եղել:
Այնուհետեւ բռնաւորը հրամայեց կախաղանից իջեցնել նրանց ու նորից բանտ տանել: Սակայն նրանք նման էին մեռելների եւ քայլելու ուժ չունէին, ուստի նրանց ուսերի վրայ առած բանտ տարան:
Նոյեմբերի տասնհինգի առաւօտեան դատաւորը վեր կացաւ, գնաց հրապարակ, նստեց բեմի վրայ ու հրամայեց սուրբերին իր առջեւ բերել: Սպասաւորներն ուսամբարձ բերեցին նրանց: Դատաւորը սկսեց խօսել նրանց հետ ու ասել. «Լսէ՛ք ինձ, զոհ մատուցէք աստուածներին, որպէսզի չզրկուէք այս արեգակի քաղցր լոյսից եւ չմեռնէք չարագործների համար պատրաստուած մահով: Դուք կ՚արձակուէք ձեր կապանքներից, կը գնաք ձեր տները եւ այդ ամէնի հետ պարգեւներ կը ստանաք արքունիքից: Բայց այդ կը լինի այնժամ, երբ կը կատարէք ձեզ հրամայուածը, իսկ եթէ ընդդիմանաք, այլեւս չէք տեսնի արեգակի լոյսը, որը բոլորի թագաւորն է»: Սուրբերը ծիծաղեցին եւ ասացին. «Նախքան նախաստեղծին ու նրա սերունդներին արարելը Աստուած ստեղծեց արեգակին՝ նրանց ծառայելու համար: Արեւելքից արեւմուտք շարժուելով՝ այն մեր ծառայակիցն է, եւ ինչպէ՞ս էք դուք նրան բոլորի թագաւոր կոչում: Այժմ ի՞նչ կարիք կայ հարցաքննութեան, մենք պատրաստ ենք մեռնել մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար»: Իշխանն ասաց. «Եթէ կամենաք, դեռեւս կարող էք շահել թագաւորի կամքը եւ մեծ փառքի արժանանալ»: Սուրբերն ասացին. «Մենք չէինք հնազանդւում քեզ նախքան մեզ տանջելը, իսկ այժմ, երբ ժամանակն է ստանալու այն երանութիւնների մեր մշակութեան վարձքը, կամենում ես մեզ մոլորեցնե՞լ, ո՛վ աստուածամարտ»: Բռնաւորն ասաց. «Այսուհետեւ մօտեցել է ձեր մահուան վճիռն ընդունելու ժամանակը»: Այս լսելով՝ սուրբերը գոհացան Աստծուց, իսկ դատաւորը երբ տեսաւ նրանց ամուր հաւատքը եւ մեռնելու յօժարութիւնը, զարմացաւ, ձեռքերն աչքերի վրայ դրած՝ երկար ժամանակ լուռ մնաց եւ ապա ասաց. «Երդւում եմ անմահ աստուածների փառքով, որ ես չէի կամենում չարչարել ձեզ, բայց դուք ինքներդ չկամեցաք ապրել: Ես չեմ կարող ոտնահարել թագաւորի հրամանները»: Եւ հրամայեց դահիճներին գիշերը տանել նրանց քաղաքից դուրս մի տեղ ու գլխատել: Մինչ ողջ քաղաքը քուն էր մտած, սայլերով եւ ճրագներով նրանց տարան դէպի Վիթլակիկղոս լերան հիւսիսակողմը: Սուրբերը գնում էին ցնծութեամբ: Երբ տեղ հասան, դարձան դէպի արեւելք, ծնրադրեցին խոշտանգուած մարմիններով, տարածեցին իրենց ձեռքերը եւ արտասուելով աղօթեցին՝ ասելով. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, ճշմարիտ Աստուած Յիսուս Քրիստո՛ս, որ մեզ համար մահ ճաշակեցիր, ընդունի՛ր մեր հոգիները Քո Աստուածութեան մէջ որպէս անուշահոտ պատարագ եւ պահի՛ր մեր ոսկորները Քո ամրածածուկ աջով: Եթէ լինի մէկը, որ նեղութիւն է կրում վշտերից, վտանգներից կամ չար դեւերից եւ եթէ մեզնով նա աղաչի Քեզ, ապա լսի՛ր նրան երկնքի Քո սրբութիւնից եւ ազատի՛ր նրան բոլոր վտանգներից»:
Աւարտելով աղօթքը՝ խոնարհեցրին իրենց պարանոցները, իսկ դահիճը, հանելով իր սուրը, կտրեց նրանց գլուխները: Սուրբերի նահատակութիւնը եղաւ Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի թագաւորութեան վեցերորդ տարում՝ Տիրոջ 289 թուականի նոյեմբերի տասնհինգին: Յաջորդ օրը հաւատացեալները Սամոնասի դստրերի հետ եկան, վերցրեցին սուրբ վկաների մարմինները եւ պատելով անուշահոտ իւղերով ու խունկերով՝ դրեցին տապանի մէջ՝ ի փառս եւ ի պատիւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան, Որին փառք յաւիտեանս յաիտենից. ամէն:
ՍՈՒՐԲ ԱԲԻԲ ՍԱՐԿԱՒԱԳԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Սուրբ Գուրիասի եւ Սամոնասի նահատակութիւնից տասնհինգ տարի անց՝ Տիրոջ 303 կամ 304 թուականին, Լիկիանոս եւ Կոստանդին հիւպատոսների ու Յուլիանոս եւ Վառվառիկոս զօրապետների օրօք անօրէն Դիոկղետիանոս թագաւորի հրամանով Լիկիանէսը Եդեսիայում մեծ հալածանքներ յարուցեց Աստուծոյ եկեղեցու դէմ, եւ շատերը, մրցարանում քաջաբար մարտնչելով, պսակուեցին ի Քրիստոս:
Այդ ժամանակ Եդեսիայում աչք էր ընկնում Աբիբ սարկաւագը: Նա սուրբ եւ բոլոր առաքինութիւններով զարդարուած մի այր էր Թլսէն գիւղից եւ ապրում էր՝ պահելով Աստուծոյ բոլոր պատուիրանները: Գիշեր թէ ցերեկ չէր դադարում ուսուցանել կենաց խօսքը եւ շատերին կռապաշտութիւնից դարձնել դէպի աստուածգիտութիւնը:
Տեղեկանալով նրա մասին՝ Եդեսիայի դատաւորը նամակ գրեց թագաւորին՝ յայտնելով. «Ոմն Աբիբ արհամարհում է քո թագաւորութեան հրամանը եւ շատերին աստուածների պաշտամունքից դարձնում դէպի Նազովրեցու պաշտամունքը»: Այնժամ բռնաւորը հրամայեց դատաւորին. «Խոշտանգելով մեծ տանջանքների ենթարկիր Աբիբին, որի մասին ասում էիր եւ նրան աշակերտողներին, իսկ եթէ չհնազանդուեն, ապա բոլորին հրկիզիր»:
Դատաւորը սպասաւորներին ուղարկեց նրա գիւղ՝ որոնելու սուրբին, սակայն նրան չգտան, որովհետեւ նա գնացել էր՝ շրջելու շէներով եւ ուսուցանելու: Այնժամ բռնեցին երանելու մօրը եւ միւս ազգականներին ու շղթայակապ բերեցին դատաւորի մօտ, եւ նա հրամայեց բանտարկել նրանց: Սուրբ Աբիբը՝ իմանալով, որ փնտրում են իրեն, մտքում ասաց. «Ի՞նչ օգուտ ունի քրիստոնէութիւնն առանց գործերի, կամ ինչո՞ւ չգնամ եւ չազատեմ նրանց, որոնք բանտարկուած են իմ պատճառով եւ գտնւում են նեղութիւնների մէջ»: Եւ իսկոյն վեր կենալով եկաւ Եդեսիա քաղաքի դահճապետի եւ գնդի զօրապետի տուն, որի անունը Թէոտեկնոս էր եւ յայտնեց նրան իր գալստեան պատճառը: Իսկ նա ասաց. «Որեւէ մէկը տեսա՞ւ քեզ այստեղ՝ իմ տուն մտնելիս»: Եւ նա ասաց՝ ոչ: Այնժամ դահճապետն ասաց. «Վե՛ր կաց, գնա՛ այնտեղ, որտեղից եկել ես եւ մի՛ հոգայ քո մօր ու ազգականների համար, որովհետեւ քիչ օրեր անց ես պիտի ազատեմ նրանց: Սակայն թագաւորը քեզ հրկիզելու հրաման է տուել, եւ այժմ եթէ յապաղես այստեղ, ապա ես անպարտ եմ քո արիւնից»: Սուրբն ասաց. «Տէ՛ր իմ, ես չեմ հոգում իմ մօր կամ ազգատոհմի համար, այլ միայն հոգում եմ յաւիտենական տանջանքներից փրկուելու համար, որովհետեւ ո՛չ եղբայրը եւ ո՛չ էլ որեւէ մարդ ինձ չի կարող փրկել: Եւ նաեւ իմ Փրկիչը՝ Քրիստոս, ասել է. «Ով իր հօրը կամ մօրը Ինձնից աւելի է սիրում, Ինձ արժանի չէ"[2]: Իմ անձը յոյժ տրտում է, որովհետեւ երբ բռնաւորի զինուորները փնտռում էին ինձ, ես գիւղում չէի: Եթէ դու ինձ չտանես իշխանի մօտ, ապա ես ինքս կը գնամ»:
Այս լսելով՝ Թէոտեկնոսը հրամայեց իր ծառաներին կապել նրան եւ անձամբ տանելով նրան իշխանի մօտ՝ ասաց. «Տէ՛ր իմ, ում փնտրում էիր, ահաւասիկ քո առջեւ է»: Բռնաւոր Լիւսանիասն ասաց. «Ո՞վ բերեց դրան, եւ ինչպէ՞ս նա այստեղ եկաւ»: Թէոտեկնոսն ասաց. «Նա այստեղ ինքնակամ, իր յօժարութեամբ է եկել՝ առանց որեւէ մէկի ստիպմամբ եւ պահանջել է, որ իրեն քո առջեւ բերեմ»: Այս լսելով՝ իշխանը խիստ զարմացաւ, ապա առիւծի պէս մռնչալով կրճտացրեց իր ատամները եւ ասաց. «Դա արժանի չէ մարդասիրութեան կամ էլ որեւէ հարցաքննութեան, այլ պէտք է անմիջապէս զրկել նրան կեանքից, որպէսզի խրատ լինի բազմաթիւ տեսնողների համար, որեւէ մէկը չհամարձակուի դրա օրինակով արհամարհել աստուածների փառքն ու զօրութիւնը եւ անտեսել մեր ինքնակալ թագաւորների հրամանները»: Այնտեղ գտնուողներից ոմանք գովաբանում էին նրա ինքնակամ գալուստը, բայց ոմանք էլ նախատում էին, թէ ինչո՞ւ է ինքնայորդոր յօժարութեամբ նա մահուան գնում:
Բռնաւորը վկային հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Սուրբը պատասխանեց. «Իմ անունը քրիստոնեայ է, իսկ իմ ծնողներն ինձ Աբիբ են կոչել»: Բռնաւորն ասաց. «Ինչո՞ւ ես արհամարհում ինքնակալի հրամանը եւ զոհ չես մատուցում, աւելին՝ սնոտի առասպելաբանութեամբ մոլորեցնում ես շատերին ու հեռացնում աստուածների պաշտամունքից»: Սուրբն ասաց. «Որովհետեւ մենք՝ քրիստոնեաներս, հրաման չունենք երկրպագել մարդկանց ձեռքի գործերին»: Բռնաւորն ասաց. «Աստուածներին հայհոյելու համար այլեւս չակնկալես, թէ պիտի ապրես, այլ թագաւորի հրամանով իսկոյն պիտի մեռնես»: Սուրբն ասաց. «Ես ոչ միայն արհամարհում, այլեւ թքում եմ քո չաստուածների վրայ ու ծիծաղում ձեր անմտութեան եւ մոլորութեան վրայ, որովհետեւ աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն երկնքի ներքոյ»: Բռնաւորն ասաց. «Եթէ չընկնես Արամազդ մեծ աստուծոյ առաջ եւ թողութիւն չխնդրես նրան հայհոյելու համար, ինչպէս նաեւ չճաշակես մատուցուած զոհից, ինչպէս մենք բոլորս, ապա չարաչար տանջանքների պիտի մատնուես»: Սուրբը պատասխանեց. «Ես չեմ հնազանդուելու քեզ, ուստի, քանի որ թագաւորներից դատելու հրաման ունես, տանջի՛ր ինձ եւ իսկոյն ուղարկիր Նրա մօտ, Ում փափագում եմ: Այդպէս թերեւս քո թագաւորներից վարձք կ՚ունենաս»:
Բռնաւորը հրամայեց. «Բարձր տեղից կախեցէ՛ք դրան մի ձեռքից, մինչեւ որ հնազանդուի ինձ»: Եւ վեց ժամ նա մնաց կախաղանի վրայ: Մաշկն անջատուեց մարմնից, եւ կտրուեցին ձեռքի ջլերը: Մօտ կանգնածներն ասում էին նրան. «Աբի՛բ, ինչո՞ւ չես հնազանդւում եւ զոհ չես մատուցում», իսկ սուրբը պատասխանեց նրանց. «Քանի որ մտել եմ իմ Տիրոջ այգին՝ աշխատելու, ապա մինչեւ վարձք ստանալը դադար չեմ առնի»:
Իշխանն ասաց սուրբին. «Իմացի՛ր, որ սա դեռեւս քո առաջիկայ տանջանքների փոքր-ինչ ճաշակումն է»: Սուրբը պատասխանեց. «Ո՛վ բռնաւոր, մի՛ կարծիր, թէ ես վախենում եմ քո տանջանքներից, բայց եթէ դու չես ընդդիմանում քո թագաւորների հրամանին, ապա ինչո՞ւ չես կատարում ինձ համար քեզ հրամայուածը»: Բռնաւորն ասաց. «Որովհետեւ ես չեմ կամենում քեզ իսկոյն զրկել կեանքից, այլ կամաց-կամաց քեզ տանջելով, որ թերեւս մորմոքուես տանջանքներից եւ հնազանդուես արքունի հրամաններին»: Սուրբն ասաց. «Քո բոլոր տանջանքներն արժանի չեն համեմատուել հանդերձեալ փառքի հետ, որ պիտի յայտնուի մեզ եւ որոնց ակնկալում ենք՝ սպասելով»: Բռնաւորն ասաց. «Ի՞նչ օգուտ ունեն այդքան չարչարանքները մէկ մեռած մարդու համար»: Սուրբը պատասխանեց. «Մի՛ կարծիր, թէ մենք մարդապաշտ ենք, քանզի գրուած է, թէ անիծեալ լինի ամէն մարդ, ով իր յոյսը մարդու վրայ է դրել: Մենք հաւատում ենք ոչ թէ մահկանացու մարդու, այլ Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը, Ով գթալով մեզ՝ խոնարհուեց եւ եկաւ մեզ մօտ ու մեզ քո հօր՝ սատանայի զօրութիւնը ոտքի տակ առնելու իշխանութիւն տուեց»:
Բարկացած բռնաւորը հրամայեց աւելի սաստիկ տանջել նրան եւ ասաց. «Դուք ձեր Քրիստոսից սովորել էք արհամարհել տանջանքները եւ չհոգալ ձեր մարմինների համար»: Սուրբն ասաց. «Գրուած է. «Ով իր անձը կորցնի Ինձ համար, այն կը գտնի»[3]»: Այնժամ դատաւորը, տեսնելով նրա անպարտելի հաւատքն ու համբերութիւնը, եւ որ ո՛չ սպառնալիքներով եւ ո՛չ էլ համոզելով նա չկատարեց թագաւորի կամքը, արձակեց նրա մահուան հետեւեալ վճիռը. «Հրամայում ենք ողջ-ողջ հրկիզել մեծ աստուածներին անարգող ու ուրացող Աբիբին եւ ինքնակալների հրամաններն արհամարհողին»: Ապա հրամայեց բերել սուրբի մօրն ու ազգատոհմին, որպէսզի տեսնեն նրա հրկիզումը: Նրա բերանը կապեցին փոկով՝ ըստ հրկիզուող մահապարտներին արուող սովորութեան եւ տարան քաղաքի հարաւային կողմի մուտքի մօտ, որտեղ գտնւում էին սուրբ Կոգնատիոս եպիսկոպոսի եւ Եդեսիայի Աբգար թագաւորի որդու հանգստարանները: Քաղաքի բազմութիւնը գնում էր սուրբի յետեւից: Նրանց հետ գնում էին նաեւ վկայի մայրը եւ ամբողջ ազգատոհմը, որոնք նոր եւ ճերմակ հանդերձներ էին հագել: Նրանք սուրբ համբոյրով ողջոյն տուեցին սուրբ վկային եւ նրան յանձնեցին Տիրոջը:
Այնժամ բռնաւորի ծառաները սուրբին կապանքներով կանգնեցրին մի դաշտավայրում, ապա փայտեր դիզեցին երանելու շուրջը եւ կրակ բորբոքեցին: Բոցը ելնում, վեր էր բարձրանում եւ ծաւալւում երանելու շուրջը: Նա բարձրաձայն գոչեց առ Աստուած եւ ասաց. «Տէ՜ր, ընդունի՛ր Քո Աբիբ ծառայի հոգին»: Եւ իսկոյն իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը, որովհետեւ գրուած է, թէ արդարների հոգիներն Աստուծոյ ձեռքին են:
Ապա վերցնելով վկայի սուրբ մարմինը՝ օծեցին այն անուշ իւղերով եւ խունկերով, պատեցին մաքուր կտաւներով եւ թաղեցին երանելի Գուրիասի եւ Սամոնասի մօտ: Եւ ինչպէս ականատես վկայաբանն է ասում, մինչ օրս նրա նշխարները գտնւում են Եդեսիայի Ուռհայ քաղաքում՝ Վիթլակիկղոս կոչուած տեղում:
Սուրբ Աբիբ սարկաւագի նահատակութիւնը եղաւ Տիրոջ 303 կամ 304 թուականին:
Իսկ ես՝ նուաստ Թէովփիլոսս, որ ուրացայ հելլենացիների պաշտամունքը եւ աշակերտեցի ճշմարտութեանը, մերձ լինելով սուրբերին՝ գրեցի եւ շարադրեցի սուրբ Գուրիասի, Սամոնասի եւ Աբիբի չարչարանքների ու նահատակութեան մասին, որպէսզի Քրիստոս Աստուած ինձ եւս արժանացնի ողորմութիւն գտնել Իր սուրբ վկաների հետ ու փառաւորել Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Երբ Կոստանդիանոսի օրօք դադարեցին հալածանքները, եւ փայլեց քրիստոնէութիւնը, երեք սուրբ վկաների գերեզմանների վրայ հոյակապ եկեղեցի շինուեց, որ կոչուեց նոր վկայարան, ինչպէս որ յայտնի է եդեսացիների յիշատակագրից: Սակայն մէկ դար անց, երբ հագարացիները տիրեցին երկրին, այն մզկիթ դարձրին: Բայց որքան ժամանակ վկայարանը գտնւում էր հաւատացեալների ձեռքին, այն համարւում էր նշանաւոր ուխտատեղի, որովհետեւ բազում հրաշքներ էին կատարւում սուրբերի տապանի վրայ, եւ մեծ էր վկաների զօրութիւնը քրիստոնեաների բոլոր խնդրանքները կատարելիս:
Եղաւ, որ Յունաց թագաւորի կողմից զօրականներ ուղարկուեցին՝ Եդեսիայի Ուռհայ քաղաքը հեփթաղեան հոներից՝ պարսից նիզակակիցներից պաշտպանելու համար: Այնտեղ կար Սոփիա անունով ազգութեամբ ասորի մի այրի կին, որն ունէր յոյժ գեղեցիկ դուստր, որի անունը Եւփիմիա էր: Եկած օտարազգի եւ բարբարոս զօրականներից մէկը՝ Գոտթոսը, կնութեան համար խնդրեց աղջկա ձեռքը, սակայն մայրը՝ Սոփիան, չհամաձայնուեց՝ Գոտթոսի օտարազգի եւ հեռաբնակ լինելու պատճառով: Գոտթոսը բազմաթիւ սիրելի բարեկամներ, միջնորդներ եւ խնամախօսներ էր ուղարկում աղջկա մօր մօտ եւ երդւում, որ իր երկրում այլ կին չունի, ու իր աղջիկը որեւէ պակասութիւն չի ունենայ, որ զոյգ աչքով կը նայի նրան ու որպէս տիկին՝ կը պահի նրան ծառաներով եւ աղախիններով: Համաձայնուեցին այս խօսքերի հետ, եւ հարսանիք արեցին: Փեսան՝ Գոտթոսը, ոսկիներով եւ մետաքսեայ ու ոսկեթել հանդերձներով զարդարեց Եւփիմէին, եւ երկար օրեր ապրեցին միասին:
Եւ եղաւ, որ քաղաք եկան այլ զօրականներ՝ փոխարինելու նախկին զօրականներին: Գոտթոսը պատրաստեց իր երիվարը՝ կնոջն իր երկիր տանելու համար: Սոփիան իր դստերը տարաւ սուրբ Գուրիասի, Սամոնասի ու Աբիբի տապանի մօտ եւ ձեռքը տապանին դնելով՝ Գոտթոսին յանձնեց սուրբերի երաշխաւորութեանը, իսկ Գոտթոսը, վերցնելով աղջկան, ճանապարհ ընկաւ:
Արդ, երբ մօտեցել էր իր երկրին եւ իր տանը, Գոտթոսը Եւփիմիային ասաց. «Իմացի՛ր, աղջի՛կ, որ ես կին եւ որդի ունեմ: Պատրաստուի՛ր, որ ասես, թէ ես աղախին եմ, այլապէս չարաչար կը սպանուես իմ կնոջ կողմից»: Ապա հանեց Եւփիմիայի հանդերձներն ու հագցրեց հին եւ պատառոտուած հագուստներ, իսկ գլխին դրեց հաստ կտաւից գործած ծածկոց: Բոկոտն տարաւ իր տուն եւ կնոջն ասաց. «Քեզ համար ասորի աղախին եմ բերել»: Տեսնելով Եւփիմիայի գեղեցկութիւնը եւ իմանալով, որ նա յղի է, կինը նախանձեց նրան: Սկսեց ծանր ու դժուար գործեր յանձնարարել նրան եւ անդադար տանջել՝ քաղցած եւ կիսամերկ պահելով: Սաստիկ նեղութիւնների մէջ աղջիկը յիշում էր սուրբ Գուրիաս, Սամոնաս եւ Աբիբ խոստովանող նահատակներին ու հոգոց հանում: Ժամանակ անց նա արու զաւակ ծնեց, որն ամբողջովին նման էր Գոտթոսին: Գոտթոսի կնոջ սիրտը նետահարուեց եւ նա ցանկացաւ սպանել մօրն ու մանկանը: Մի օր Եւփիմիային ուղարկեց ծառայութեան, իսկ մանկանը մահաբեր դեղ տուեց, որից երեխան իսկոյն մեռաւ: Երբ Եւփիմիան վերադարձաւ, տեսաւ երեխային մեռած: Դեղը փրփուրի պէս ելնում էր մանկան բերանից: Բուրդ վերցնելով՝ Եւփիմիան սրբեց փրփուրը եւ այն ծածուկ առանձին պահեց մի տեղում: Մեծ սուգով թաղեց երեխային եւ երբ տուն վերադարձաւ, մտքում ասաց. «Պէտք է փորձեմ եւ տեսնեմ, թէ արդեօք տղայիս տիկինն է սպանել դեղով»: Ապա վերցրեց դեղով շաղախուած բուրդը, այն գցեց ու խառնեց տիկնոջ գինով լի բաժակի մէջ եւ տուեց նրան՝ ըմպելու: Եւ կինն իսկոյն մեռաւ: Մեծ խռովութիւն ու աղմուկ առաջացաւ կնոջ ազգականների մէջ: Նրանք դատապարտեցին Եւփիմիային ողջ-ողջ թաղուել իր տիկնոջ հետ, որն էլ արեցին՝ նրան փակելով մի տապանի մէջ:
Երկու օր անց մեռելն սկսեց հոտել, իսկ Եւփիմիան բարձրաձայն աղաղակեց Աստծուն եւ սուրբերին՝ ասելով. «Դուք էք երաշխաւորել եւ ինձ յանձնել անաստուած Գոտթոսին: Եկէ՛ք եւ տեսէ՛ք, թէ ես ինչպէս եմ եւ որտեղ եմ: Դուք ինձ որտե՞ղ ուղարկեցիք»: Եւ ողբում էր մեծապէս, որովհետեւ խիստ վտանգի մէջ էր: Եւ ահա իսկոյն երեւացին երեք սուրբերը՝ ճառագայթող լոյսերով ու սպիտակ ձիեր հեծած, եւ ասացին. «Քաջալերուի՛ր, ո՛վ կին, ահա եկել ենք՝ քեզ օգնելու եւ վտանգից ազատելու համար»: Իսկոյն անուշահոտութիւն բուրեց, եւ նա քնով ընկաւ: Սուրբ վկաներն աներեւութաբար մեծ հրաշք գործեցին. այդ նոյն գիշերուայ մէջ վերցրին աղջկան, տարան օտար աշխարհից, կանգնեցրին Ուռհայ քաղաքի եկեղեցու մէջ՝ իրենց տապանի առջեւ եւ ասացին. «Ահա մենք կատարեցինք մեր երաշխաւորութիւնը եւ բերեցինք քեզ այնտեղ, որտեղից որ առանք»: Այս ասելով՝ սուրբերն անհետացան: Մայրը եւ քաղաքացիները գալով տեսան աղջկան ու իմանալով նրա հետ կատարուածի մասին՝ փառաւորեցին Աստծուն եւ գոհութիւն յայտնեցին Քրիստոսի խոստովանող վկաներին:
Մէկ տարի անց Գոտթոսը գնաց Ուռհայ քաղաք, ուրախութեամբ այցելեց իր զոքանչին եւ ողջոյն մատուցեց իր դստեր ու թոռան կողմից: Իսկ Սոփիան հրաւիրեց քաղաքի պատուաւոր անձանց, դստերը բերեց բոլորի առջեւ եւ ըստ կարգի՝ ի լուր ամէնքի պատմել տուեց ամէն բան, թէ ինչ արեց իրեն անաստուած Գոտթոսը, որի համար քաղաքի զօրավարը կամեցաւ գլխատել Գոտթոսին եւ այրել նրա մարմինը, սակայն Եւլոժիոս եպիսկոպոսը թոյլ չտուեց: Եւ ի փառս Քրիստոսի՝ խոստովանող սուրբ վկաներ Գուրիասը, Սամոնասն ու Աբիբ սարկաւագը մեծապէս փառաւորուեցին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ վկաներ Գուրիասի, Սամոնասի եւ Աբիբ սարկաւագի յիշատակը տօնում է Խաչվերացի իններորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը Ռոմանոս միայնակեացի, Մանուկ խոստովանողի եւ Հիւսիքոս զինուորի հետ:
[1] Մատթ. Ժ 33:
[2] Մատթ. Ժ 37:
[3] Մատթ. Ժ 39:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: