«Որ զանչափ Քո բարերարութիւնդ շնորհեցեր Քո արարածոց բարեգութ Աստուած.
ԶՔեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց:
Որ ի ձեռն երանելի հայրապետացն՝ բարձեր զխաւար կռապաշտութեան ազգի մարդկան.
ԶՔեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց:
Այսօր մանկունք սուրբ եկեղեցւոյ՝
Ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն երգաբանեն բերկրական ձայնիւ.
ԶՔեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց»:
(Շարակնոց)
Բարսեղ Մեծի պանծալի եղբայր Գրիգոր Նիւսացին, որ կրտսեր էր Բարսեղից եւ աւագ՝ Պետրոսից, եկեղեցու լուսաւոր վարդապետներից մէկն էր, հաւատքի սիւնը եւ զօրեղ ախոյեանն ընդդէմ հերձուածողների, մանաւանդ՝ արիոսականների, մակոդոնականների ու եւնոմեականների: Հռետոր էր եւ գիտնական, գեղեցկախօս եւ պերճ խօսքով ու գրչով: Ամէն բանում նա աջակցում էր իր եղբօրը, որի համար Աստուածաբանը Բարսեղին Մովսէս էր կոչում, իսկ Գրիգորին՝ Ահարոն, ինչպէս եղբօր փոխուելուց յետոյ գրեց նրան՝ ասելով. «Ամէն բանում երանելին իր յետեւից իրեն փոխարինող թողեց, քանզի տեսնելով քո մէջ նրա առաքինութիւնները՝ իբրեւ մաքուր եւ պայծառ հայելու մէջ, համարում ենք, որ նա ինքը մեզ հետ է»:
Գրիգորը մանկուց մեծացաւ իր սուրբ ծնողների՝ Բասիլիոսի եւ Եմեղիայի ձեռքի տակ եւ իր հարազատների՝ եղբայրներից անդրանիկի՝ Բասիլիոսի, քոյրերից աւագ քրոջ՝ Մակրինայի հոգածութեամբ ու առաջադիմեց առաքինութիւնների եւ ուսման մէջ: Արբունքի հասնելով, ինչպէս որ աշխարհի կարգն է, ամուսնացաւ պարկեշտ եւ առաքինի Թէոսէվիայի հետ, որի անունը թարգմանաբար նշանակում է աստուածապաշտութիւն, որին համահունչ սքանչելի էր իր ապրած կեանքով: Աստուածաբանն անհամեմատ գովեստով մեծարում է նրան՝ կոչելով եկեղեցու վայելչութիւն, Քրիստոսի զարդ եւ մեր դարում՝ օգտակար շատ բաներով:
Այնուհետեւ Գրիգորն իր սրբութեան եւ իմաստութեան համար ընտրուեց երէցների կարգում, իսկ նրա լծակիցը, որպէս իր ամուսնու օգնական՝ եղաւ սարկաւագուհի, որն անարատ էր առաւել, քան կոյսերն ու այրիները: Նրանք երկուսով բարի օրինակ էին բոլորի համար:
Երբ երանելի Թէոսէվիան փոխուեց այս կեանքից, բռնադատեցին տէր Գրիգորին եւ եպիսկոպոս ձեռնադրեցին՝ ծառայելու նոյն քաղաքում, որտեղ քահանայագործում էր: Այդ քաղաքը հայոց նախկին Նէոկեսարիան էր, որ Նիւսա էր կոչւում, եւ որը պէտք չէ շփոթել Կապադովկեան Նէոկեսարիայի հետ: Այն երեք օրուայ անցնելիք հեռաւորութեամբ է գտնւում Կեսարիա, ինչպէս նաեւ Սեբաստիա քաղաքներից: Յետագայում նրա կրտսեր եղբայր Պետրոսը եպիսկոպոս եղաւ Սեբաստիայում, իսկ Բարսեղ Մեծը՝ Կեսարիայում՝ Գրիգորի եպիսկոպոսութիւնից փոքր-ինչ առաջ կամ յետոյ:
Եւ թէպէտ Վաղէս կայսրն ուղղափառ եպիսկոպոսներին հալածելիս չէր համարձակւում ձեռք տալ Բարսեղին, սակայն նրա եղբօրը՝ Գրիգորին, արտաքսեց երկրից՝ արիոսականներին համարձակ նեղութեան մէջ գցելու համար: Վաղէսի կայսրութեան վերջին տարում Գրիգորը վերադարձաւ աքսորավայրից եւ ներկայ գտնուեց Բարսեղ Մեծի փոխմանն այս կեանքից: Գրիգորը նրան «մեր հայր եւ վարդապետ» էր կոչում, իսկ քրոջը՝ Մակրինային՝ «վարդապետուհի»:
Այնուհետեւ մասնակցեց Անտիոքի ժողովին, որտեղ վճռուեց, որ սուրբ Մելիտոսն ու Պաւլինոսը մնան նոյն քաղաքի իրենց վիճակներում, եւ որ մէկը կենդանի կը մնայ միւսի վախճանից յետոյ, նա էլ կը լինի Անտիոքի վիճակի ընդհանուր պատրիարքը: Երբ այնտեղից վերադարձաւ, կամեցաւ այցելել իր քոյր Մակրինային, որն իբրեւ միանձնուհի՝ առանձնացել էր տան մէջ: Երբ մէկ օրուայ ճանապարհ էր մնացել, որ տեղ հասնի, ինչպէս ինքն է պատմում, անուրջի մէջ տեսաւ, որ ձեռքին սուրբ նշխարներ ունէր, որոնցից լոյս էր փայլատակում՝ նման արեւի լոյսից արտացոլող հայելու, որից շլանում էին իր աչքերը: Եւ նոյն գիշերուայ մէջ այս տեսաւ երեք անգամ: Զարմացած չէր հասկանում տեսիլքի խորհուրդը, մինչեւ որ հասկացաւ՝ տեղ հասնելով: Նա տեսաւ սրբուհի Մակրինային, որը հիւանդ էր եւ շտապում էր հասնել իր եղբօր՝ Բարսեղի յետեւից, որն էլ կատարուեց, քանզի Բարսեղի փոխման մէկ տարին չլրացած, Մակրինան եւս գնաց իր անձկալի Քրիստոսի մօտ:
Այնուհետեւ սուրբ վարդապետը մասնակցեց Կոստանդնուպօլսի սուրբ ժողովին, որն ընդդէմ հոգեմարտների ու եւնոմեականների՝ գումարուեց Թէոդոս Մեծի օրօք՝ Տիրոջ 381 թուականին: Իր հետ տարաւ նաեւ իր գրութիւնը, որ գրել էր ընդդէմ Եւնոմիոսի եւ ընթերցեց Գրիգոր Աստուածաբանի առաջ: Եւ երբ սուրբ ժողովն Աստուածաբանին հաստատեց թագաւորանիստ քաղաքի հայրապետական Աթոռին, Նիւսացին ատեանի առաջ ուրախակցութեան ճառ ասաց, թէպէտ Աստուածաբանը յետոյ հրաժարուեց:
Այնուհետեւ, երբ Կոստանդնուպօլսում վախճանուեց Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը, Նիւսացին նրա վրայ դամբանական պանծալի ճառ ասաց եւ շատ բաներով նրան սքանչելի ցոյց տուեց ժողովի հայրերի մէջ: Եւ քանի որ մեծ էր Գրիգոր Նիւսացու անունը՝ իբրեւ հաւասար Բարսեղին եւ Աստուածաբանին, նրա առաջ նսեմ էր երեւում Բարսեղին յաջորդող Կեսարիայի Եղադիոս եպիսկոպոսապետը: Ինչպէս մի ժամանակ բանսարկուներն ուղղուեցին ընդդէմ Եւսեբիոս եպիսկոպոսապետի, նոյնպէս էլ Եղադիոսը՝ Նիւսացու վրայ: Եւ երբ չարալեզու այրերի բանսարկութիւնը բորբոքուեց, Նիւսացին հարկ համարեց խոնարհութեամբ գնալ նրա մօտ եւ բժշկել նրա միտքը, որի մասին նա երկար պատմում է Փլաբիանոսին ուղղուած իր թղթում: Արդ, թէպէտ որոշ ժամանակ անօգուտ եղաւ, սակայն յետոյ Եղադիոսը հետեւութեան եկաւ, թէ բոլոր չարիքների պատճառը օտարների սերմնացանքն է: Այնժամ թողեց իր սնոտի կասկածները, ընդունեց Գրիգորին՝ առանց տարբերելու իր վարդապետ Բարսեղից եւ Աստուածաբանից ու նրանց հաւասար պատուով յիշատակեց սուրբ Բարսեղի վարքում:
Սուրբ Գրիգոր Նիւսացին շրջեց Հայոց կողմերում՝ իր վիճակի տարածքներով եւ այլ բազմաթիւ տեղերում՝ ամէն բանում հոգալով եկեղեցու օգուտը: Գնաց նաեւ Երուսաղէմ, շրջեց տնօրինական վայրերում այն հոգով, որով արժան է տեսնել այդպիսի սուրբ ուխտավայրերը, որի մասին ասում էր, թէ աստուածասէր ուխտաւորի սրտում միշտ մնում են Բեթլեհէմը, Ձիթենեաց լեռը, Գողգոթան եւ Յարութիւնը:
Եւ այսպէս արեգակի պէս փայլելով եկեղեցում՝ երանելի Գրիգորն իր եղբօր՝ Բարսեղից յետոյ լուսաւորեց շատերին եւ հասնելով ծերութեան՝ եօթանասուն տարեկան հասակում՝ Տիրոջ մօտ 396 թուականին, խաղաղութեամբ հանգստացաւ անմահական կեանքում՝ թողնելով բազմաթիւ ճառեր, եկեղեցական եւ իմաստասիրական մատեաններ, որոնց մեծ մասն արեց Սեբաստիայի եպիսկոպոսի՝ իր Պետրոս եղբօր խնդրանքով: Իսկ Սողոմոնի «Երգ Երգոց»-ի մեկնութիւնը գրեց, որպէսզի խափանէր պալատական գուսանների եւ վարձակների կողմից այն որպէս աշխարհական երգ եղանակելը ու յայտնեց, թէ այն Սուրբ Հոգու հոգեղէն երգ է՝ ի խորհուրդ անախտ Փեսայի եւ անարատ Հարսի հոգեւոր սիրոյ, ինչպէս որ սուրբ Գրիգոր Նարեկացին է նշում իր մեկնութեան մէջ:
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԻՒՍԱՑՈՒ ՎԱՐՔՆ՝ ԸՍՏ ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔԻ
Եկեղեցու վարդապետը եւ հաւատքի ճշմարիտ սիւնը՝ Աստուծոյ քահանայապետ սուրբ Գրիգոր Նիւսացին, սուրբ Բարսեղ Կեսարացու եղբայրն էր: Աստուծոյ շնորհով նա յոյժ հանճարեղ էր, գիտնական, հռետոր, իմաստուն քաղցրախօս եւ գեղեցկախօս: Ուղղափառութեան քարոզիչ էր եւ ճշմարտութեան ջատագով: Իր կեանքի բոլոր օրերին եղաւ եկեղեցու հաստատուն սիւն եւ զօրեղ ախոյեան՝ ընդդէմ բոլոր հերձուածների: Կոստանդնուպօլսի Բ տիեզերական ժողովում՝ հարիւր յիսուն եպիսկոպոսների մասնակցութեամբ եկեղեցական ժողովում, նա մեծարուեց ատեանի առաջ հանդէս եկած իմաստուն եւ ճշմարիտ խօսքերի համար: Նա գրեց բազմաթիւ ճառեր ուղղափառ հաւատի մասին, գիրք գրեց մարդու բնութեան եւ կազմութեան մասին իր եղբօր՝ Կեսարիայի եկեղեցիների վերակացու Պետրոսի խնդրանքով եւ լրացրեց անաւարտ «Վեցօրեայք» գիրքը, որ մնացել էր Կեսարիայի սուրբ Բարսեղ հայրապետից, քանզի սուրբ Բարսեղը շատ էր աշխատում լոյս ընծայել «Վեցօրեայք» գիրքը, որ Աստուծոյ արարչութեան մասին է: Եւ սուրբ Աստուածածինը, երեւալով նրան, ասաց. «Գրի՜ր, գրի՜ր, խնայի՜ր, խնայի՜ր», քանզի սուրբ Բարսեղը տառապում էր լեարդի ցաւով, ծեր էր եւ տկար մարմնով, որի համար սուրբ Աստուածածինը խնայեց նրան եւ ասաց՝ խնայի՛ր քո ծերութեանը եւ մարմնիդ տկարութեանը: Այդ պատճառով նա գրեց «Վեցօրեայք» գործը, որ Աստուծոյ արարչութեան մասին է, իսկ մարդու բնութեան եւ կազմութեան մասին գործը մնաց: Եւ եկեղեցապան Պետրոսն ընտանեկան համարձակութեամբ խնդրեց սուրբ Գրիգորին՝ ասելով. «Պէտք է լրացնես մեր եղբօր չարչարանքների պակասութիւնը, որ գնաց Քրիստոսի մօտ»: Տեղի տալով եղբօր այս թախանձանքներին՝ Գրիգորն սկսեց գրել մարդու կազմութեան մասին գիրքը, որը վեցերորդ օրն արարուեց Աստուծոյ կողմից եւ դրա հետ գեղեցիկ ոճով, առատ իմաստութեամբ, հանճարեղ ու համեղ խօսքերով գրեց նաեւ բնութեան մասին գիրքը: Դրանցից առաջ իր եղբօր՝ Բարսեղ հայրապետի խնդրանքով գրեց նաեւ գիրք կուսութեան մասին, մեկնեց սուրբ աւետարանի ինը երանիները: Շատերը եւ իր եղբայրները՝ սուրբ Բասիլիոսը, Պետրոսը ու նաեւ Գրիգոր Աստուածաբանը, խնդրեցին իր աստուածատուր եւ առատ շնորհներով մեկնել ամբողջ աւետարանը, իսկ նա լսել էր, որ Ուռհայի անապատում Եփրեմ Խուրի Ասորին սկսել է այն մեկնել, որը նա բաւական համարեց եւ ինքը չհամարձակուեց, այլ ի պատիւ եւ ի մեծարանք սուրբ Եփրեմի՝ ասաց. «Քանի որ սուրբ հայր Եփրեմն սկսել է լուսաբանել աւետարանը, ես չեմ համարձակուի»:
Սուրբ Գրիգոր Նիւսացին աստուածավախ էր եւ ամօթխած: Մտնելով աշխարհի կարգի մէջ՝ ամուսնացել էր օրինաւոր սրբութեամբ, ինչպէս որ Պօղոսն է ասում. «Պատուական է ամուսնութիւնը, եւ սուրբ են նրանց անկողինները»[1]:
Նա քահանայ էր Նէոկեսարիայում, որն այժմ Նիկիսար է կոչւում: Եւ երբ կինը մահացաւ, եղաւ նոյն քաղաքի՝ Նէոկեսարիայի եպիսկոպոսը: Եղաւ, որ մի օր սուրբ Գրիգորը մտաւ արքունի պալատ՝ կայսրերից մեծի՝ Թէոդոսի մօտ: Եւ տեսնելով, որ այնտեղ Սողոմոնի «Երգ Երգոց»-ի խօսքերը, որ անախտ Փեսայի եւ անարատ Հարսի մասին էին, գուսաններն, իրենց բերաններն առած, ղօղանջում էին՝ մարմնաւոր ու ախտաւոր մտքով փոխարկելով անախտ եւ մաքուր սէրը: Իսկ սուրբ Գրիգոր Նիւսացին մեղմութեամբ յայտնեց թագաւորին Սողոմոնի «Երգ Երգոց»-ի խօսքերի նշանակութեան զօրութիւնը, որ օրհնութիւնների օրհնութիւն է: Եւ մեղադրեց գուսաններին, որ չերգէին այն մարմնաւոր իմաստով, «որովհետեւ, - ասաց, - խօսքերն աստուածային են եւ վեր, քան սուրբ գրքերի աստուածաբանութիւնը»: Ուստի թագաւորը խնդրեց մեկնել այն հոգեւոր կերպով, որպէսզի բոլորին հասկանալի լինէր, որն էլ նա արեց:
Գրեց նաեւ այլ խրատական գրքեր եւ ներբողական ճառեր՝ նուիրուած ուղղափառ հաւատքին, բարի վարքին, առաքինասէր գործերին ու տէրունական տօներին՝ ի պատիւ սուրբերի եւ Աստուծոյ սիրելիների: Եւ բոլորն ընթերցելով դառնում էին դէպի Քրիստոս Աստուծոյ հաւատքը եւ բարի գործերը, որովհետեւ յոյժ համեղ էին նրա խօսքերը եւ մեղրի խորսխից առաւել քաղցր՝ մարդկանց մտքերի քիմքին: Խօսեց բազմաթիւ ճառեր՝ Նուիրուած Քրիստոսի Ծննդեան եւ Յարութեան ու Բեթլեհէմի մանուկների կոտորածի մասին:
Եւ բարութեամբ հասնելով ծերութեան՝ ննջեց ի Քրիստոս, փոխուեց այստեղից դէպի երանաւէտ կեանքը, որ եղաւ յունուարի տասին եւ պատուով դրուեց տապանում՝ սուրբ հայրապետների շարքում՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրա տօնը նշում է երկու անգամ՝ մէկը յունուարի մէկին մօտակայ շաբաթ օրը, միւսը՝ տասներկու վարդապետների հետ՝ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:
Սկզբնաղբիւրներ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1030:
3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 309:
[1] Հմմտ. Եբր. ԺԳ 4:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1030: 3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 309:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: