ՍՈՒՐԲ ԴԱՒԻԹ ԴՒՆԵՑՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Լցեալ աստուածային շնորհիւ երանելի սուրբ ճգնաւոր տէրդ Դաւիթ.

Եւ անուն քաջութեան քո ել յերկինս՝ յուրախութիւն հրեշտակաց.

Եւ ընդ աշխարհս ամենայն ցնծութիւն մարդկան:

Ստացար քեզ անուն քաջութեան յասպարիսի ճգնութեան.

Ո՛վ տէրդ Դաւիթ. յաղթեցեր թշնամւոյն Խաչիւն Քրիստոսի.

Լցուցեր ուրախութեամբ զտիեզերս ամենայն.

Եւ աղօթիւք առ Աստուած եղեր մեզ զօրավիգն:

Ետուր զմարմինդ ընդ հոգւոյ քում փրկանս.

Եւ խաչիւ եւ արեամբ գնեցեր զարքայութիւնն.

Առեր իշխանութիւն բարեխօսութեան.

Աղաչեա՛ զԱստուած զի փրկեսցէ զմեզ ի հարաւային կործանմանէն:

(Շարակնոց)

 

Քրիստոսի խաչազգեաց նահատակ եւ քաջայաղթ վկայ Դաւիթ երանելին, որի նախկին անունը Սուրհան էր, ազգութեամբ պարսիկ էր, իշխանական տոհմից: Հայրը մահմեդական էր, բայց քանի որ մայրը պարսից երկրում բնակուող հայ քրիստոնեաներից էր, նա գիտէր նաեւ քրիստոնէական ուսմունքի մասին:

 

Պատահեց, որ Տիրոջ 665 թուականին՝ տէր Անաստաս կաթողիկոսի եւ Գրիգոր Մամիկոնեան պատրիկի օրօք, որը հագարացի ամիրապետի իշխանութեամբ հրամանատար իշխան էր կարգուաց Հայոց աշխարհում, նա այլազգի զինուորների հետ եկաւ Հայաստան: Տեսնելով քրիստոնեաների բարեպաշտ վարքը՝ Սուրհանն ընդունեց մեր կարգն ու հաւատքը, թողեց իր ընկերներին եւ գալով հայոց բարեպաշտ իշխան Գրիգոր Մամիկոնեանի մօտ՝ յայտնեց նրան իր յօժար կամքը՝ մօր քրիստոնէական հաւատքն ընդունելու համար: Իշխանը նրան տարաւ Անաստաս հայրապետի մօտ, ով ութ օր ուսուցանեց նրան սուրբ հաւատքն ու բարեպաշտութեան ողջ կարգը եւ ապա ութ օր անց մկրտեց նրան Արուճի կաթողիկէում ու կոչեց Դաւիթ՝ Գրիգոր Մամիկոնեանի հօր անուամբ, որը եղաւ նրա կնքահայրն ու նրան սուրբ աւազանից ընդունողը, եւ որը նրան նուիրեց Կոտայքի նահանգի Ձագաւան կալուածքը:

 

Ժամանակ անց բարեկամների յորդորով Դաւիթը, որն արբունքի էր հասել, ամուսնացաւ, ինչպէս որ աշխարհի կարգն է, եւ բնակութիւն հաստատեց Դուին քաղաքում, որի համար Դւնեցի կոչուեց: Ապրեց բարի եւ աստուածահաճոյ կեանքով, ունեցաւ ուստրեր եւ դուստրեր, որոնց մեծացրեց քրիստոնէական հաւատքով ու աստուածապաշտ կարգով, մինչեւ  որ վաթսուն տարեկան դարձաւ: Այդ ժամանակ՝ երանելի Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի օրօք, ամիրապետի կողմից Հայաստան ուղարկուեց առաջին հագարացի ոստիկանը՝ Աբդլահ ամիրան՝ խորամանկ եւ անողորմ մէկը: Նստելով մայրաքաղաք Դուինում՝ սկզբում քաղցրութեամբ իր շուրջը համախմբեց հայոց մեծամեծներին՝ նախարարներին եւ աւագ իշխաններին, բայց յետոյ սկսեց նեղել նրանց ծանր հարկեր պահանջելով, մինչեւ իսկ կողոպտեց բոլորի ունեցուածքները եւ եկեղեցու զարդերը, իսկ երանելի Սահակ հայրապետին ու սպարապետ Սմբատ Բիրատեանին շղթայակապ Դամասկոս ուղարկեց:

 

Այս ամէնից յետոյ նրան տեղեկացրին, թէ Խորասանից այստեղ է եկել մի մարդ՝ Սուրհան անունով, որի հայրը պարսիկ է, եւ թէ նա թողել է իր ազգութիւնը, ընդունել քրիստոնէութիւնը ու Դաւիթ կոչուել: Ոստիկանը հրամայեց, որ նրան իսկոյն իր մօտ բերեն: Հարցաքննելով տեսաւ, որ նա հաստատուն է քրիստոնէական հաւատքի մէջ, որից բարկացած՝ հրամայեց հարուածել սուրբի բերանին՝ Քրիստոս Աստծուն փառաբանելու համար: Բայց երբ զինուորականը բարձրացրեց իր ձեռքը՝ հարուածելու սուրբին, նրա բազուկը կապուեց եւ չկարողացաւ շարժուել: Վախեցած այս հրաշքից՝ ոստիկանը հրամայեց բանտարկել նրան եւ թողնել անսուաղ: Իսկ սուրբ Դաւիթը՝ Սուրբ Հոգով լցուած, Քրիստոսի սիրոյ համար յօժարութեամբ էր կրում նեղութիւնները եւ անդադար աղօթքներով գոհանում Տիրոջից, որ իր ծեր հասակում Նրա անուան համար արժանացաւ անարգանքների, չարչարանքների ու բանտարկութեան:

 

Ութ օր յետոյ նրան կանգնեցրին ատեանի առաջ: Ամիրան նրան ասաց. «Որքա՞ն պիտի յամառես անմտութեամբ: Ե՛կ, վերադարձի՛ր քո հայրենի հաւատքին»: Դաւիթն ասաց. «Այդ դուք էք յամառում, որ չէք գալիս դէպի քրիստոնէական սուրբ հաւատքի ճշմարիտ աստուածգիտութիւնը»: Այնժամ բռնաւորը հրամայեց գետնին գցել սուրբ խաչի նշանը, որը գտան սուրբի ծոցից եւ հրամայեց իր ծառաներին, որ կռփահարեն ու ստիպեն նրան, որպէսզի ոտնակոխ անի խաչը: Իսկ երանելին շտապեց վերցնել սուրբ խաչը, համբուրեց այն արտասուքներով, դրեց իր աչքերին ու ամիրային ցասմամբ ասաց. «Ամենաչա՛ր, իմացի՛ր, որ ո՛չ հրով, ո՛չ սրով, ո՛չ կեանքով եւ ո՛չ էլ մահուամբ դու չես կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց եւ սուրբ խաչին երկրպագելուց»: Երբ ամիրան տեսաւ նրա ի Քրիստոս հաստատուն հաւատքը եւ սէրը սուրբ խաչի հանդէպ, հրամայեց խաչել նրան իր Տիրոջ նմանութեամբ: Եւ երբ սուրբ վկան եկաւ նահատակութեան վայրը, որ գտնւում էր գլխաւոր ճանապարհի՝ սուրբ Սարգսի վանքի մօտ, դահիճներին խնդրեց թոյլ տալ իրեն մի փոքր աղօթել: Ապա ընկաւ խաչափայտի վրայ, որ պատրաստել էին իրեն խաչելու համար, տարածեց իր ձեռքերը եւ ասաց. «Տէ՛ր Աստուած, գոհանում եմ Քեզնից, որ արժանացրիր ինձ Քո սուրբ անուան համար մեռնել այս օրինակով եւ ընտրեցիր ինձ՝ Քեզ խաչակից լինելու եւ Քո սուրբերի հետ մաս ու բաժին ունենալու համար»: Եւ երբ ասաց՝ ամէն, կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ անձամբ տարածուեց խաչափայտի վրայ: Դահիճները Դաւթի ոտքերն ու ձեռքերը կապեցին խաչին եւ այն կանգնեցրին դէպի արեւմուտք: Այնժամ զարմանալի նշան եղաւ. խաչափայտը ճախրելով սուրբի երեսը դարձրեց դէպի արեւելք: Դահիճներն իրենց ձեռքն առան գեղարդները եւ ասացին նրան. «Իսկոյն ասա՛ եւ արա՛ ամիրայից քեզ հրամայուածը, որ չզրկուես կեանքից»: Իսկ սուրբը, անտեսելով նրանց խօսքերն ու իր տանջանքները, զուարթադէմ աղօթում էր խաչափայտի վրայ: Սուրբի կինը, որ գտնւում էր այնտեղ, ամուսնուն քաջալերում էր ամուր մնալ Քրիստոս Աստուծոյ հաւատի մէջ: Ապա դահիճները գեղարդով խոցեցին երանելու սիրտը եւ երկու կողերը:

 

Այդպէս սուրբ Դաւիթը ճշմարիտ հաւատքով նահատակուեց ի Քրիստոս: Եւ դա կատարուեց Տիրոջ 693 թուականի մարտի 31-ին՝ Զատկից յետոյ առաջին երկուշաբթի օրը, իններորդ ժամին[1]: Այդ տարի Զատկի տօնը մարտի 30-ին էր:

 

Ապա Հայոց մեծամեծները մեծ աղաչանքներով եւ նուիրաբերութիւններով խնդրեցին ամիրային, որ հրաման տայ վերցնել ու քրիստոնէական կարգով թաղել նահատակին: Իսկոյն եկան Տէր Սարգիս եպիսկոպոս Ամատունին քահանաների եւ սպասաւորների հետ, Մուշեղ իշխանը Մամիկոնեան ցեղից, նրա եղբայրը՝ Արտաւազդը եւ այլ բազմաթիւ իշխաններ: Նրանք խաչափայտից վերցրին սուրբ Դաւթի մարմինը եւ տարան Դուինի սուրբ Գրիգոր Կաթուղիկէ եկեղեցին, պատեցին մաքուր կտաւներով եւ անուշահոտ խունկերով ու սաղմոսներով եւ օրհնութեամբ ամփոփեցին սուրբ Յիզտբուզտի վկայարանին առընթեր: Եւ սուրբի չարչարանքի խաչափայտից մէկ այլ խաչ շինեցին ու կանգնեցրին նրա տապանի վրայ: Մուշեղ իշխանը քսան դահեկանով գնեց գեղարդը, որով խոցեցին սուրբին, դրանից  պատրաստել տուեց խաչ, որպէսզի այն երկրպագուի եւ պատուի արժանանայ ի փառս Քրիստոսի եւ ի յիշատակ Նրա խաչազգեաց նահատակի՝ սուրբ Դաւիթ Դւնեցու:

 

Յետագայում երանելի սուրբ Դաւիթ Դւնեցու տօնը գարնանից՝ իր նահատակութեան օրից տեղափոխուել է աշուն եւ դրուել Վարագայ սուրբ Խաչի տօնին առընթեր:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Դաւիթ Դւնեցու յիշատակը տօնում է սուրբ Խաչի երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Եւղամպէոս եւ Եւղամպէուհի վկաների հետ:

 

 

 

[1] Ժամը տասնհինգին: