Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն՝
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի բազմաչարչար վկայ Թիւրսոսը Բիւթանիայի Կեսարիա քաղաքից էր եւ ապրել է Դեկոս կայսեր հալածանքների տարիներին: Նա հեթանոս ծնողների զաւակ էր, սակայն ծածուկ պաշտում էր քրիստոնէութիւնը եւ նախքան իր մկրտութիւնը բոցավառ հոգով ու յաւիտենական կեանքի յոյսով շտապում էր հեղել իր արիւնը Քրիստոսի սիրոյ համար:
Պատահեց, որ Դեկոս կայսեր Կոմբրուտիոս անունով գործակալներից մէկը դատաւորական իշխանութեամբ եկաւ Ասիա, շրջեց քաղաքից քաղաք եւ անցաւ Նիկոմիդիայով, Ապամիայով, Կեսարիայով: Նա իւրաքանչիւր քաղաքում զոհ էր մատուցում աստուածներին, նոյնը ստիպում էր անել բոլորին, որպէսզի ի յայտ գային քրիստոնեաները, եւ չհնազանդուողները մահուան դատապարտուէին:
Այնժամ Կեսարիա քաղաքից Լեւկիոս անունով մի քրիստոնեայ, որը պատուական եւ իմաստուն այր էր, մօտեցաւ իշխանին եւ աներկիւղ համարձակութեամբ յանդիմանեց նրան անօրէն արարքների համար, որովհետեւ Արարչի փոխարէն նա պաշտում էր արարածներին եւ գազանաբար յօշոտելով Քրիստոսի հաւատացեալներին՝ ձեռքերը թաթախում նրանց անպարտ արեան մէջ:
Եւ բռնաւորը հրամայեց գանահարել նրան ու քերել մարմինը, սակայն չկարողանալով ենթարկել նրան իր կամքին՝ հրամայեց գլխատել նրան: Իսկ նա ուրախութեամբ ու արիաբար մատնեց իր պարանոցը սրին, եւ այդպէս նահատակուեց ի Քրիստոս, որը եղաւ քաջալերութիւն եւ Տիրոջ անուան համար վկայութեան բարի յորդոր բոլոր հաւատացեալների, յատկապէս քաջ Թիւրսոսի համար, ով շտապում էր յայտնել իրեն որպէս քրիստոնեայ:
Երկու օր անց, երբ դատաւորը անցնում էր Կեսարիա քաղաքի Ելլեսպոնտեան դռներով, Թիւրսոսն ընդառաջ ելաւ նրան եւ ասաց. «Ողջո՛յն մեծ կուսակալիդ»: Կոմբրուտիոսն ասաց. «Ողջո՛յն եւ քեզ՝ աստուածների բարեկամիդ»: Թիւրսոսն ասաց. «Եթէ մէկի համար օրինաւոր է ասել ճշմարտութիւնը, որ գիտի, ապա խնդրում եմ լսես ինձ»: Իշխանն ասաց. «Անտարակոյս այդպէս է, եւ ես լիովին պատրաստ եմ լսել քեզ»: Այնժամ Թիւրսոսն ասաց. «Մի եւ ճշմարիտ բարձրեալ Աստուած պատուիրում է միայն Իրեն երկրպագել ու միայն Իրեն պաշտել: Ուստի արժանավայել չէ շեղուել այլ սնոտի պաշտամունքների յետեւից եւ բռնութեամբ մոլորեցնել մարդկանց»: Իշխանն ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, մի՞թէ անիրաւ են ինքնակալների հրամանները, կամ մոլորութի՞ւն է պաշտել բարերար աստուածներին»: Թիւրսոսը պատասխանեց. «Քա՛ջ իշխան, հեթանոսների աստուածներն անշունչ կուռքեր են՝ մարդկանց ձեռքի գործ, եւ նրանք չեն կարող գործել ո՛չ չարը եւ ո՛չ էլ բարին»:
Իշխանը բարկացաւ, նրան բռնել տուեց եւ իր հետ տարաւ ատեանի առաջ: Ասաց. «Ի՞նչ էին այն խօսքերը, որ լսեցի քեզնից: Արդեօք յայտնում էին քո յանդգնութեան մասին, թէ՞ դու քրիստոնեաների աղանդից ես: Եթէ ոչ, ապա շտապիր զոհ մատուցել իբրեւ աստուածասէր այր եւ մի՛ շատախօսիր, որպէսզի կորստեան չմատնուես դաժան մահով»: Սուրբը պատասխանեց նրան եւ ասաց. «Եթէ մտադիր ես ահաբեկել ինձ, ապա իմացի՛ր, որ ես երկնչում եմ միայն ճշմարիտ Աստծուց, ուստի չեմ հնազանդուի քեզ: Ես չեմ վախենում մահկանացու մարդուց ու նրա սպառնալիքներից եւ չեմ շատախօսում այնտեղ, ուր ասել ու ասելու եմ ճշմարտութիւնը: Շատախօսը ճշմարտախօս չէ»: Իշխանն ասաց. «Գնա՛ ու խելք հաւաքիր, որպէսզի չսթափուես տանջանքներ ստանալուց յետոյ»: Սուրբն ասաց. «Ես վաղուց եմ խորհել եւ սթափ մտքով եմ կանգնած քո առաջ: Երկար ժամանակ ես քննել եմ ձեր պաշտամունքը ու ծիծաղել դրա վրայ եւ խորհրդածութեամբ ու ճանաչողութեամբ ընտրել եմ Քրիստոսի ճշմարտութիւնը, որն ինձ համար կեանք է եւ որի համար պատրաստ եմ մեռնել»:
Կոմբրուտիոսը հրամայեց բռունցքներով եւ աքացի տալով հարուածել նահատակին ու ծեծել կապարէ կռաններով, մինչեւ որ ջարդուեն նրա անդամները: Իսկ նա հարուածներ ստանալիս ասում էր. «Ինձ չեն զարհուրեցնում այս ժամանակաւոր չարչարանքները, այլ դու վախեցիր մշտնջենաւոր տանջանքներից: Մի՛ խնայիր ինձ, այլ քո սպասաւորներին, որոնք յոգնեցին ծանր կռաններով հարուածելուց»: Բռնաւորն ասաց. «Անամօթ ըմբիշը թէպէտ պարտւում է, սակայն յամառում է մինչեւ վերջ, բայց երբ հեռացւում է հրապարակից, այնժամ ծաղրի է ենթարկւում բոլորի կողմից: Այդպէս էլ դու ես յամառում եւ եթէ չհնազանդուես, ապա կը բզկտուեն քո բոլոր անդամները, եւ դու կը նետուես շների առաջ որպէս կերակուր»: Վկան պատասխանեց. «Ստութեան աշակերտդ մի ճշմարիտ բան ասացիր. արդարեւ ես Քրիստոսի ըմբիշն եմ՝ ընդդէմ քո ուսուցիչ սատանայի եւ օծուած եմ աներեւոյթ զօրութեամբ ու զօրաւոր եմ իմ Տիրոջով»:
Այնուհետեւ սուրբի ձեռքերի ու ոտքերի մատներն ամուր կապեցին բարակ չուաններով, որից նրա ոսկորները ճարճատուեցին: Սակայն նա արհամարհում էր չարչարանքները եւ բորբոքում էր դատաւորին՝ առաւել տանջանքների մատնել իրեն: Դատաւորն ասաց. «Դու ի բնէ քրիստոնեայ չես, ուստի նազովրեցիները քեզ մարտիրոս չեն համարի»: Սուրբը պատասխանեց. «Ո՛վ անմիտ, Քրիստոս ինձ մարտիրոս է ընդունել՝ սկսած այն պահից, երբ շնորհեց, որ ես, չարչարանքներ կրելով, լինեմ Իր Աստուածութեան վկան»: Բռնաւորը հրամայեց. «Աւելացրէ՛ք դրա չարչարանքները, բերէ՛ք ճանկեր, պոկէ՛ք աչքերի արտեւանունքները, որպէսզի տգեղանայ, անքուն մնայ եւ մորմոքուի պատուհասների մէջ, որոնց թշուառականն ինքը պատճառեց իրեն»:
Եւ երբ չկարողացաւ սասանել քաջ նահատակին, հրամայեց պղնձէ գնդերով հարուածել նրա ծնօտին եւ թափել ատամները: Իսկ նա ասում էր. «Դու համարում ես, թէ դրանցով խոշտանգում ես ինձ, սակայն նոյն դրանցով փառաւորում ես ինձ երկնքի ու երկրի առաջ»: Իշխանն ասաց. «Ո՛վ Թիւրսոս, զոհ մատուցիր աստուածներին եւ թո՛ղ ցնդաբանութիւնդ»: Թիւրսոսն ասաց. «Որոնց ճանաչում եմ որպէս դեւեր, չեմ կարող զոհ մատուցել դրանց: Դուք ենթարկւում էք ձեր անօրէն թագաւորի հրամաններին, սակայն մենք չենք կարող չհնազանդուել երկնքի ու երկրի Թագաւորի ճշմարիտ եւ արդար հրամաններին»:
Թագաւորի հրամանով բերեցին պղնձէ կաթսայ, նրա մէջ կապար հալեցրին, Թիւրսոսին պառկեցրին երկաթէ մահճի վրայ եւ եռացրած կապարը լցրեցին նրա թիկունքին: Այնժամ երանելին աղօթեց առ Աստուած եւ ասաց. «Աստուա՛ծ, որ երկնքում ես եւ փառաբանւում ես հրեշտակաց դասի կողմից, Դու արտաքսեցիր կորստեան իշխանին Քո փառքի երեսից եւ այժմ մի՛ թող բոլոր նրանց, ովքեր խոստովանում են Քեզ, եւ չար բռնաւորը, որին ամաչեցրիր, թող չիշխի նրանց վրայ: Օգնութեան եմ կանչում Քեզ, Տէ՛ր Աստուած, իմ կեանքի Լո՛յս, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, նրանց չարիքները դարձրո՛ւ իրենց գլխին, որպէսզի հեթանոսները տեսնեն Քո փառքը եւ ճանաչեն Քեզ որպէս Աստուած»:
Մինչ դահիճները բռնել էին կաթսայի բռնիչներից եւ կամենում էին հալուած կապարը միանգամից լցնել սուրբի մարմնի վրայ, կապարը եռալով յանկարծ վեր բարձրացաւ եւ լցուելով դահիճների վրայ՝ տեղն ու տեղը լափեց նրանց: Այնժամ հաւաքուած բազմութիւնն աղաղակեց. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը», իսկ վկան բռնաւորին ասաց. «Ասա՛ ինձ ճշմարիտը, թեկուզ եւ այսքան ուշ հասկացա՞ր, որ Աստուած Թագաւոր է, որ երկնքում է եւ տեսա՞ր, թէ ինչպէս Նա այսօր հրաշագործեց քո աչքի առաջ: Եւ ինչպէս որ գրուած է, արդարը պիտի փրկուի որսողների ձեռքից, ու նրա փոխարէն պիտի մատնուեն ամբարիշտները»: Կոմբրուտիոսն ասաց. «Եթե կարծում ես, որ կարող ես մեզ կամ Ասկլեպիոսին յաղթել կախարդութեամբ, ապա երդւում եմ աստուածներով, որ նրանք այսօր կը հաշտուեն աշխարհի հետ՝ տեսնելով ի պատիւ իրենց հեղուած քո արիւնը»: Վկան ասաց. «Իմ արիւնը կը հեղուի իմ Քրիստոս Աստուծոյ համար, Ով նախապէս հեղեց Իր սուրբ արիւնը՝ մեղաւորներիս փրկութեան համար, իսկ դու, Ասկլեպիոսը եւ բոլոր նրանք, ովքեր հնազանդւում են ձեզ, պիտի ուղարկուէք դէպի յաւիտենական հուրը»: Այնժամ բռնաւորն ասաց. «Բերէ՛ք սուսեր, եւ այն մտցնելով որովայնի մէջ՝ տարուբերէք»:
Եւ այդպէս երանելուն թրածեծ արեցին: Իսկ նա ասում էր. «Արդարեւ համբերում եմ մահուչափ, որպէսզի իմ մեղանչական մարմինը տանջուի, իսկ հոգիս պահուի իմ Տիրոջ համար: Դու, Տէ՛ր, նայի՛ր ինձ, մերկացրո՛ւ ինձ այս ապականացու մարմնից եւ ցո՛յց տուր Քո Միածին Որդուն եւ իմ Տիրոջը»: Այնժամ ի վերուստ լոյս ծագեց, որից սուրբի երեսը պայծառացաւ սքանչելի փայլով, եւ ամպից մի ձայն լսուեց, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Թիւրսո՛ս, ահա Ես, Ում համար դու չարչարւում ես: Մի՛ վհատուիր, Իմ առաքինի՛ նահատակ, Ես քեզ հետ էի եւ պիտի լինեմ»: Եւ Ձայնից յետոյ յանկարծ մեծ շարժում եղաւ, ատեանը դղրդաց, իսկ անօրէն իշխանն ասաց. «Այս կախարդի մոգական խաբէութիւնը զօրացաւ: Տարէ՛ք դրան այստեղից, կապանքներով բանտ նետէք ու հսկէ՛ք, մինչեւ որ նրան ինձ հետ Նիկոմիդիա տանեմ»:
Իսկ երանելի Թիւրսոսը խոնաւ ու խաւարտչին բանտում մտածում էր գտնել մէկին, ով կը մկրտէր իրեն: Եւ Աստուծոյ խնամատարութեամբ նա գտաւ Փիլէաս անունով մի սուրբ եպիսկոպոսի, որն ապրում էր բանտի մօտ գտնուող թաքստոցում եւ հրեշտակի առաջնորդութեամբ մկրտուեց նրա ձեռամբ, ընդունելով սուրբ դրոշմը՝ հաղորդուեց Տիրոջ Մարմնի եւ Արեան պատուական խորհրդին ու լցուած հոգեւոր օրհնութեամբ՝ զուարթացաւ եւ յոյժ զօրացաւ:
Այդ օրերին Կոմբրուտիոսի փոխարէն Ասիայից եկաւ Սիղուանոս անունով կոմսը՝ որպէս դատաւոր: Եւ երբ Կոմբրուտիոսը Սիղուանոսին տեղեկացրեց բանտարկուած Թիւրսոսի մասին, նա հրամայեց սուրբին իր առջեւ բերել: Սիղուանոսը հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը, եւ ի՞նչ պաշտամունք ունես»: Սուրբը պատասխանեց. «Իմ անունը Թիւրսոս է, իսկ հաւատքով քրիստոնեայ եմ, ինչպէս որ քաջ գիտէ քեզ իշխանակից Կոմբրուտիոսը»: Սիղուանոսն ասաց. «Ես եւս գիտեմ, ո՛վ թշուառական եւ աստուածների թշնամի: Ինչո՞ւ զոհ չես մատուցում աստուածներին, որոնցով եղել են ամէն բան»: Թիւրսոսը պատասխանեց. «Նրանցից որի՞ն ես հրամայում զոհ մատուցել իբրեւ աստուծոյ»: Կոմսն ասաց. «Սիղուանոս եւ Ապոլոն աստուածներին»: Թիւրսոսն ասաց. «Ես Սիղուանոսին յանձինս քեզ տեսնում եմ որպէս մարդու եւ ոչ թէ աստուծոյ, իսկ Ապոլոնին բնաւ չեմ ճանաչում»: Կոմսը բարկացաւ եւ սպասաւորներին հրամայեց. «Հարուածէ՛ք այդ խստապարանոց մարդու պարանոցին, որպէսզի նա չծաղրի մեզ»: Եւ երբ հարուածեցին, վկան ասաց. «Լսի՛ր ինձ, կո՛մս, եւ ես քեզ կ՚ասեմ ճշմարիտը: Ես իմ անգիտութեան շրջանում այդ նոյն մոլորութեան մէջ էի եւ ընդունում էի հեթանոսների կուռքերին ու աստուածներին: Սակայն երբ իմ մէջ ծագեց աստուածգիտութեան լոյսը, խաւարը փարատուեց ինձնից, եւ այժմ բաց աչքերով յստակ տեսնում եմ, որ այդ բոլոր չար պաշտամունքները դեւերի ծաղրանք, պատրանքներ ու ցնորքներ են: Քանզի մարդիկ են, որ իրենց ձեռքերով զանազան նիւթերից յօրինում են աստուածներ, եւ արհեստագործն է, որ կերպարանք է տալիս կուռքերին, ինչպէս որ կամենում է, եւ որը փշրում է, երբ այն իրեն դուր չի գալիս»: Կոմսն ասաց նրան. «Ո՞վ է քեզ կարգել՝ քննելու աստուածների բնութիւնը: Չէ՞ որ քո ծնողները դիցապաշտներ էին, ինչո՞ւ դու հեռացար այդ պաշտամունքից»: Վկան պատասխանեց. «Եթէ մեր ծնողները տառապէին յօդատապով, կամ լինէին կռնատ կամ կոյր, մի՞թէ մենք պէտք է ջանայինք նմանուել նրանց: Եւ եթէ չենք կրում նրանց մարմնաւոր տկարութիւնը, ինչպէ՞ս կարող ենք հոգիների հիւանդութիւնը կրել, որովհետեւ աւելի լաւ է մարմնով վատառողջ լինել, բայց հոգով՝ քաջառողջ»:
Կոմսը հրամայեց բռնութեամբ նրան մեհեան տանել: Բազմութեամբ հանդերձ՝ գնաց եւ ինքը՝ զոհ մատուցելու: Եւ մինչ սուրբն աղօթում ու խնդրում էր Տիրոջը՝ ցոյց տալու Իր սքանչելագործութիւնը, յանկարծ բագինը շարժուեց, եւ Ապոլոնի արձանը ցած ընկաւ ու փշրուեց: Երանելին ասաց. «Ահա ձեր սին պաշտամունքը եւ տեսէ՛ք կռապաշտութեան անմտութիւնը»:
Այնժամ ամօթահար եղած կոմսը հրամայեց կապել նրան ծանր շղթաներով ու բանտ տանել: Մէկ այլ օր՝ ատեանի առաջ հարցաքննելուց յետոյ, հրամայեց գլխիվայր կախել նրան գօտկատեղի լայնութեամբ ջրալից անօթի մէջ, որից նա անվնաս դուրս եկաւ: Ապա պարսպի մօտ պատրաստեց մի մեծ սրալից տանջող գործիք, նրան անցկացրին դրա միջով, որպէսզի չարաչար յօշոտուի, սակայն Աստուծոյ հրեշտակները յափշտակեցին նրան եւ կանգնեցրին պարսպի վրայ, որտեղ երանելին սկսեց սաղմոսել ու ասել. «Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ»[1]: Կոմսն ապշեց եւ Կոմբրուտիոսին ասաց. «Ի՞նչ անենք, որ կարողանանք յաղթել դրան»: Եւ նա ասաց. «Կատարուածը մոգութիւն համարիր»: Իսկ Վիտաղիոս անունով դահիճներից մէկը մինչ սանդուղքով բարձրանում էր՝ սուրբին ցած իջեցնելու, ընկաւ գործիքի վրայ եւ իսկոյն կտրատուեց գործիքի սուսերից ու բեւեռներից եւ կտոր-կտոր եղաւ: Իսկ վկան սաղմոսում էր եւ ասում. «Որոգայթ պատրաստեցին ինձ համար, փոս փորեցին եւ հէնց իրենք էլ ընկան նոյն փոսը, որ պատրաստել էին»[2]:
Սիղուանոսը կանչեց Թիւրսոսին եւ ասաց. «Մինչեւ ե՞րբ ես մոգութիւն անելու», իսկ սուրբը յանդիմանեց նրան խստասրտութեան համար, որովհետեւ Աստուծոյ սքանչելագործութիւնը կախարդութիւն համարեց:
Այնուհետեւ կոմսը Կոմբրուտիոսի հետ գնաց Ապամիա եւ իր հետ տարաւ նաեւ Թիւրսոսին: Ճանապարհին կոմսը չէր դադարում ստիպել նրան դառնալ կուռքերի պաշտամունքին, իսկ սուրբը սաստում էր նրան եւ ասում. «Եթէ դու եւ Կոմբրուտիոսը շարունակէք մնալ նոյն մոլորութեան մէջ, ապա շուտով վրայ կը հասնի ձեր կործանումը երկնքի Տիրոջ կողմից»: Եւ երբ նրանք ծիծաղեցին սուրբի խօսքերի վրայ, օրհասական մահուամբ երկուսով կորստեան մատնուեցին Ապամիայում, բոլոր հեթանոսների աչքի առաջ: Նրանցից շատերն ընկան սուրբի ոտքերը, եւ խնդրեցին ողորմել իրենց Քրիստոսի սիրոյ համար, որպէսզի իրենց եւս չար բան չպատահի: Եւ այն մարդիկ, որոնք բանտի պահեստում պահում էին վկային մինչեւ որ գար մէկ այլ դատաւոր, ակնածում էին նրանից:
Օրեր անց Բաւդոս անունով մի լիբէացի իշխան եկաւ Ապամիա, բանտարկուած Թիւրսոսին կանչեց իր առջեւ եւ ասաց. «Լսել եւ կարդացել եմ քո ստահակ արարքների մասին, որոնք գործել ես ընդդէմ աստուածների ու ինքնակալների: Այսուհետեւ սթափուի՛ր եւ շահի՛ր քո կեանքը՝ զոհ մատուցելով աստուածներին, որոնց պաշտում են ինքնակալն ու նրա իշխանները, այլապէս յոյս չունենաս, թէ կ՚ազատուես իմ ձեռքից»: Նահատակը պատասխանեց եւ ասաց. «Ինչ որ լսել ես քո նախկիններից, աւելին ասել չեմ կարող: Ես քրիստոնեայ եմ, չեմ կարող զոհ մատուցել դեւերին եւ իմ Տէր Յիսուս Քրիստոսի փառաւորեալ անուան համար պատրաստ եմ մեռնել հրով թէ սրով»:
Այս խօսքերից ու պատասխաններից յետոյ, երբ բռնաւորը տեսաւ վկայի հոգու անպարտելի ամրութիւնը, հրամայեց պառկեցնել նրան մէջքի վրայ եւ բրերով ջարդել նրա անդամները, ապա ձեռքերը թիկունքին կապած եւ գնդակի պէս կծկուած դնել մի քրձի մէջ, կարել քրձի բերանը, պատել կապարով ու գցել ծովի յատակը: Սուրբ Թիւրսոսն ասում էր. «Լսի՛ր ինձ, Տէ՛ր եւ նայի՛ր, մի վկայի վրայ աւելի շատ տանջանքներ եկան, քան մարմնի անդամների թիւն են»:
Արդ, երբ երանելուն նաւով տարան ու գցեցին ծովը, յանկարծ հրեշտակներն իջան, նրան դուրս բերեցին ծովափ, արձակեցին քուրձը, ամբողջովին առողջացրին եւ սիրով ողջոյն տալով՝ ասացին. «Զօրացի՛ր, քաջ Թիւրսոս, Տէրը մեզ ուղարկեց՝ օգնելու քեզ, որովհետեւ մենք սպասաւորներն ենք Նրա, Ում դու պաշտում ես»: Այնտեղ գտնուող ժողովուրդը, նաւավարներն ու զինուորները, տեսնելով սքանչելիքները, զարհուրեցին եւ փառաւորեցին քրիստոնեաների Աստծուն: Ոմանք գնացին ու դատաւորին պատմեցին կատարուածը՝ ասելով. «Օտար եւ ահաւոր զինուորներ եկել ու թիկունքից օգնութեան են հասել Թիւրսոսին»: Եւ նա իսկոյն հազարապետին իր գնդով ուղարկեց այնտեղ: Նրանց յետեւից ինքը եւս եկաւ եւ ողջանդամ ու զուարթ տեսնելով Քրիստոսի նահատակին՝ զարմացաւ ու ասաց նրան. «Թիւրսո՛ս, ո՞ւր են այն օտար զինուորները, որոնք քեզ դուրս բերեցին ծովից, նրանք չեն երեւում»: Թիւրսոսը պատասխանեց. «Եթէ ունենայիր յստակ տեսնող աչքեր, դու եւս կարող էիր տեսնել նրանց»: Իսկ անօրէն Բաւդոսն ասաց. «Գիտեմ, որ մեծ ինչքեր խոստացար նաւավարներին, եւ նրանք փրկեցին քեզ: Բայց այժմ լսի՛ր ինձ եւ զոհ մատուցիր, այլապէս եթէ ծովի ալիքները չընդունեցին քեզ, ապա կ՚ընդունեն գազանների ժանիքները»: Թիւրսոսն ասաց. «Ո՛վ տմարդի գազան, մինչեւ ե՞րբ չես ճանաչելու Աստուծոյ զօրութիւնը: Չգիտե՞ս, որ Նա, Ով փրկեց ինձ անդունդներից, կարող է փրկել նաեւ գազանների բերանից, որովհետեւ նոյն Տէրն է, որ փրկեց Յովնանին կէտի որովայնից եւ Դանիէլին՝ առիւծների գբից»:
Օրեր անց Բաւդոսը եկաւ Կեսարիա քաղաք՝ իր հետ բերելով կապուած Թիւրսոսին, ուր դարձեալ նրան հարցաքննելուց յետոյ հրամայեց արջառաջլերով հարուածել նրա թիկունքին ու որովայնին: Եւ այնտեղ զարմանալի բան կատարուեց, քանզի հարուածող դահիճները եկան դատաւորի մօտ եւ բողոքեցին՝ ասելով. «Աղաչո՛ւմ ենք, խնայի՛ր մեզ, մենք նեղութեան մէջ ենք եւ չենք կարողանում ձեռք բարձրացնել այդ մարդու վրայ, որովհետեւ սպիտակազգեստ զինուորներ հրեղէն գաւազաններով մեծ զօրութեամբ հարուածում են մեզ»: Իսկ անօրէնը նահատակին ասաց. «Ա՛յ կախարդ, նախքան կործանուելդ կամենում ես իմ սպասաւորների՞ն կորստեան մատնել: Այդպէս չի լինի: Դրան բանտ տարէ՛ք եւ տեղ պատրաստէ՛ք հրապարակում, որ այս քաղաքի առջեւ նրան նետեմ գազանների առաջ որպէս կերակուր»:
Եւ արեցին այդպէս, բայց երբ սուրբի վրայ արձակեցին գազաններին, նրանք մօտեցան սուրբին եւ սկսեցին քծնել ու մեղմօրէն լիզել նրա վէրքերը: Այնժամ բազմութիւնն աղաղակեց՝ ասելով. «Արձակի՛ր այդ արդար մարդուն, ո՛վ դատաւոր, որովհետեւ ուղիղ չես դատել»: Եւ երբ սուրբը Տիրոջ անունով ակնարկեց գազաններին խաղաղութեամբ գնալ իրենց տեղը, նրանք գնացին: Այնժամ բարձրացաւ բազմութեան աղաղակը. նրանք ասում էին. «Երանի նրանց, ովքեր պաշտում են Նրան եւ իրենց յոյսը դրել են Նրա վրայ»: Եւ այդ օրը շատերը հաւատացին Տիրոջը, որոնց թւում Կալինիկոս քուրմը, որը մի նշանաւոր մարդ էր. նա ատեանի խորհրդականն էր եւ քաջ ծանօթ էր քրիստոնէական օրէնքներին:
Իսկ դատաւորը ամօթահար եղած եկաւ իր ապարանքը եւ սկսեց քաղցրութեամբ ողոքել Թիւրսոսին, որպէսզի յանձն առնի պաշտել կուռքերին ու արժանանայ մեծ պատուի: Եւ երբ սուրբը մերժեց նրա խաբեպատիր առաջարկը, հրամայեց բռնութեամբ նրան մեհեան տանել, որտեղ վկայի խօսքով ընկաւ Դիոնիսէս չաստուծոյ զոհասեղանը: Այդ բանի համար դատաւորը հրամայեց անխնայ գանահարել նրան եւ մարմնի բացուած վէրքերի մէջ մանր խեցիներ լցնել: Սուրբն իր արիւնը ցանեց դատաւորի կողմը եւ ասաց. «Այս արիւնը, որ հեղում եմ Քրիստոսի անուան համար, դատաստանի ժամանակ թող քեզ համար վկայութիւն լինի»: Այնժամ երեւաց Տիրոջ սուրբ հրեշտակը եւ ասաց. «Մի՛ երկնչիր, Թիւրսո՛ս եղբայր, ահաւասիկ այստեղ եմ: Համբերի՛ր մի փոքր, եւ միասին կ՚ելնենք այստեղից: Միայն պէտք է երեք հարցաքննութիւնից յետոյ չորրորդ անգամ եւս դուրս գաս մրցութեան»:
Եւ Ապողոնիա քաղաքի ատեանի առաջ եղաւ չորրորդ հարցաքննութիւնը, ուր Կալինիկոսի հետ եկաւ նաեւ Բաւդոսը, որն այդ քաղաքում էր: Դատաւորը վկային ասաց. «Այս քաղաքի հոյակապ մեհեանն ունի ոչ թէ մէկ, այլ չորս կուռքեր՝ մեծն Ապոլոնը, Հերակլէսը, Սիղուանոսը եւ Ափրոդիտէն: Եթէ այժմ զոհ մատուցես նրանց, ապա երդւում եմ ինքնակալների փառքով, որ պատուով կ՚արձակեմ քեզ»: Թիւրսոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, ցանկալի է ձեր կուռքերին իմ ձեռքով հեռացնել Յունաց աշխարհից: Արդ, եթէ պէտք է, պահէ՛ք գոնէ մէկին, որպէսզի չմնաք առանց պաշտամունքի, իսկ եթէ ոչ, եկէք գնանք՝ տեսնելու նրանց»: Երբ կուռքերի բազմութեամբ տաճար մտան, սուրբն աղօթեց եւ ասաց. «Գոհանո՛ւմ եմ Քեզնից, Աստուա՛ծ, որ հրամայեցիր ինձ Քո սուրբ անունով վերացնել հեթանոսների կուռքերին: Ինչպէս որ Քո զօրութեամբ կործանում եմ նրանց, երանի այդպէս էլ կռապաշտներին դարձնէի դէպի Քեզ»: Դեռ խօսքը չաւարտած՝ դղրդացին ու ընկան չորս զոհասեղանները եւ փշրուեցին: Այնժամ ամբոխի մէջ մեծ խռովութիւն եւ հերձուած ընկաւ: Մի մասն աղաղակում էր ու ասում. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, Որին քարոզում է Թիւրսոսը», մի մասն էլ բողոքում էին դատաւորին՝ ասելով. «Վերացրո՛ւ այդ կախարդին մեր միջից, արժան չէ, որ նա ապրի»: Եւ մինչ Բաւդոսը կամենում էր արձակել սուրբի մահուան վճիռը, Կալինիկոսը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, այդ մարդու մէջ, որը մինչ օրս կենդանի մնաց, դուք տեսնում էք չարահնար կամ դիւական կախարդութիւն: Սակայն, հաւատա՛ ինձ, ես կարծում եմ, որ Աստուծոյ մեծ զօրութիւն կայ նրա մէջ»: Բաւդոսն ասաց. «Մի՛ խանգարիր եւ հեռացի՛ր այժմ, որովհետեւ դառնացել է իմ կեանքը, եւ ես հալումաշ եմ լինում տրտմութիւնից»: Կալինիկոսն ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, ո՛չ, հաւատա՛ Թիւրսոսի Աստծուն, եւ կը փարատուեն բոլոր հոգսերն ու տրտմութիւնները: Մինչ օրս ի՞նչ ենք շահել կուռքերից, չէ՞ որ ահա նրանց էլ կորցրինք»: Բաւդոսի երեսն այլագունուեց, ապա դարձաւ Կալինիկոսին եւ ասաց. «Ո՛վ թշուառական, դու ե՞ւս խաբուեցիր Թիւրսոսի կախարդութիւնից, որ համարձակուեցիր այս ատեանի առաջ ասել այդ խօսքերը»: Կալինիկոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, մի՛ լցուիր բարկութեամբ, համբերի՛ր փոքր-ինչ, եւ դու կը խմես իմ արիւնն ու կը հանդարտուես մոլեգնութիւնից»: Դատաւորը գազանի պէս մռնչաց եւ ասաց. «Տեսէ՛ք, թէ ինչպէս այս անօրէն մահապարտը, որը մինչ օրս համարւում էր աստուածների քաւչարար եւ իշխանների հաւատարիմ խորհրդական, խաբուեց մոլորեցուցիչ Թիւրսոսի խօսքից»: Կալինիկոսն ասաց. «Ոչ թէ Թիւրսոսն ինձ տարաւ իր յետեւից, այլ կենդանի Քրիստոս Աստուած, Որին պաշտում է Թիւրսոսը, առաջնորդեց ինձ, որպէսզի թողնեմ ունայնութիւնը եւ գնամ ճշմարտութեան յետեւից ու բոլորանուէր ընծայուեմ Աստծուն»:
Այնժամ բռնաւորն իր դահիճներին ասաց. «Հեռացրէ՛ք այդ չարագործին եւ մատնէ՛ք ամէն տեսակ տանջանքների, որպէսզի դրա մարմնի վրայ որեւէ առողջ տեղ չմնա: Եթէ տանջանքները նրան զրկեն կեանքից, ապա յաղթած կը լինենք նրան, իսկ եթէ մարմինը տոկայ, ապա ցաւերը կը տիրեն նրան»: Եւ դահիճները դաժան լլկանքներով եւ պէս-պէս կտտանքներով երանելուն քարշ տուեցին փողոցներով, իսկ նա զուարթութեամբ փառաւորում էր Աստծուն, որ արժանի եղաւ չարչարանակից եւ նահատակակից լինել մեծ վկայ Թիւրսոսին:
Եւ երբ նրան տանում էին Ասկլեպիոսի մեհեանի մօտով, որը կանգնած էր հարիւր սիւների վրայ, Կալինիկոսը դահիճներին ասաց. «Գթացէ՛ք ինձ, քանզի ահա նուաղել եմ կիզիչ արեւից: Տարէ՛ք ինձ մեհեանի սրահը, որպէսզի զովանամ ու մի փոքր շունչ առնեմ»: Եւ նրանք թոյլատրեցին: Կալինիկոսը մտաւ տաճար, ձայն տուեց Ասկլեպիոսի պատկերին եւ ասաց. «Փա՛ռք տուր Աստծուն: Ես քաջ գիտեմ, որ դու դեւ ես եւ ոչ թէ Աստուած: Միայն դու ես մնացել, որովհետեւ թաքնուել էիր Տիրոջ ծառայ Թիւրսոսի երեսից: Արդ, Տէրը հրամայեց ինձ այսօր վերացնել այն, ինչ նա կիսատ էր թողել: Նա ինձ նշան է տուել, որ երբ անցնեմ այստեղով, Քրիստոսի ամենայաղթ զօրութեամբ, Ով Դատաւորն է ողջերի եւ մեռածների, դու ցած ընկնես քո կանգնած տեղից»:
Այս ասելուն պէս Ասկլեպիոսի պատկերն ընկաւ ու փշրուեց: Այս տեսնելով՝ տասնհինգ քրմեր, որոնք ծանօթ էին Կալինիկոսին, հաւատացին Քրիստոսին: Կատարուածի մասին տեղեկացրին դատաւորին, եւ նա հրամայեց իսկույն գլխատել Կալինիկոսին: Երանելին իր պարանոցն ուրախութեամբ մատուցեց սրին եւ ասաց. «Ո՛վ երանելի Թիւրսոս, դու ինձ ուղարկեցիր քո առջեւից, եւ այժմ շտապի՛ր ժամանել իմ յետեւից, որպէսզի միասին եւ ուրախութեամբ հանդիպենք Քրիստոսին»: Նրա հետ նահատակուեցին նաեւ տասնհինգ քրմերը, որոնք դարձել էին դէպի Տէրը:
Նոյն օրը բռնաւորը հրամայեց չարաչար մահով կեանքից զրկել նաեւ սուրբ Թիւրսոսին՝ մամուլների մէջ մէջտեղից սղոցելով նրա մարմինը: Սակայն Աստուած, որ պահեց նրան այդքան չարչարանքների մէջ, թոյլ չտուեց մեռնել նաեւ այդ տանջանքից: Քանզի թէպէտ երկու դահիճները՝ Վիտաղիոսը եւ Սաբինոսը, շատ ջանացին, բայց սղոցն ամենեւին չկտրեց սուրբի մամինը: Երկինքը որոտաց, եւ ձայն եկաւ, որն ասաց սուրբին. «Թիւրսո՛ս, մտի՛ր քո Տիրոջ ուրախութեան մէջ, որովհետեւ դու պատերազմի մէջ զօրացար իբրեւ քաջ նահատակ եւ վանեցիր սատանային: Ահա պատրաստուած է քո փառքի պսակը, այսօր Ինձ հետ դրախտում կը լինես»: Երանելին ուրախութեամբ Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին, որ եղաւ Ապողոնիա քաղաքում, Տիրոջ 250 թուականին: Այդ օրը Տէրը հարուածեց Բաւդոսին՝ ասելով. «Ես քեզ տանջում եմ յանուն Աստուծոյ ծառայի»: Բաւդոսը խնդրեց Փիլիպպոս անունով հաւատացեալ մէկին եւ հրամայեց ըստ կարգի համարձակ թաղել սուրբին: Եկան Կեսարիոս եպիսկոպոսը եւ Լաւոդիկ քահանան՝ սպասաւորներով հանդերձ, եւ երանելուն ամփոփեցին քարայրի մէջ՝ Դափնէ կոչուած մի վայրում՝ Մելիտոս ծովափնեայ քաղաքի մօտ, որտեղ բազմայաղթ նահատակ Թիւրսոսի բարեխօսութեամբ բազում հրաշքներ են լինում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ելեւթիւրոս վկայի յիշատակը կատարում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի ու նրանց հետ եղողների եւ սուրբ Թէոդորոս Ստրատելատի հետ:
[1] Սաղմ. Ժ 2:
[2] Հմմտ. սաղմ. Է 15-16:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: