Փառաւորեալդ փառօք Երրորդութիւն Սուրբ.
Փառաց արժանի արա զծնեալս աւազանաւն երկնային Քո ժառանգութեանն:
Արեամբ նահատակացն բերկրեալ, սոցին բարեխօսութեամբ
Փառաց արժանի արա զծնեալս աւազանաւն երկնային Քո ժառանգութեանն:
Ի սրբութեան Քում բարեբանեմք զՔեզ աղաչանօք սուրբ Աստուածածնին.
Փառաց արժանի արա զծնեալս աւազանաւն երկնային Քո ժառանգութեանն:
(Շարակնոց)
Քրիստոսի ճշմարիտ հարսն ու աղախինը՝ Երմոնիան, մարմնով առաքելական տոհմից էր, իսկ հոգով գեղեցկապէս զարդարուած էր նոյն առաքելական ճոխութեամբ, քանզի նա սուրբ Փիլիպպոս առաքեալի դուստրն էր, ոչ այն Փիլիպպոսի, որ տասներկու առաքեալներից էր, ինչպէս ոմանց թւում է, այլ եօթ սարկաւագներից մէկի, որն ըստ սուրբ Ղուկաս աւետարանչի «Գործք Առաքելոց» գրքի՝ սուրբ Ստեփաննոս Նախավկայի ընկերը եւ աւետարանիչն էր, որտեղ յիշատակում է Փիլիպպոսի չորս դուստրերին՝ Կեսարիայի կոյսերին եւ մարգարէուհիներին[1]: Եւ ահա նրանցից մէկն առաքելուհի Երմոնիան էր, որն առաքինութեամբ եւ Սուրբ Հոգու զանազան շնորհներով գերազանցում էր իր քոյրերին:
Արդ, այլ առաքեալների եւ բազմաթիւ աշակերտների նահատակութիւնից յետոյ նա, ցանկանալով մօտ լինել սուրբ Յովհաննէս աւետարանչին, վերցրեց իր քոյր Եւտիքիային եւ ճանապարհ ընկաւ դէպի Եփեսոս: Բայց քանի որ նախքան Երմոնիայի ժամանելը սուրբ աւետարանիչը վերափոխուել էր իր սիրելի Քրիստոսի մօտ, նա տրտմեց, որ չտեսաւ նրան մարմնով, որին ցանկանում էր հոգով: Եւ Տէրը նրա տրտմութիւնը սփոփելու համար այլ մխիթարութիւն տուեց: Պետրոնիոս անունով մի մարդ, ձեռնադրուելով երանելի Պօղոս առաքեալի կողմից, հովւում էր Եփեսոսի եկեղեցին: Նա մի այր էր՝ լի իմաստութեամբ ու առաքինի գործերով եւ ուսուցանում էր ոչ միայն խօսքով. նա վարդապետութեան խօսքն առաւել պայծառ էր դարձնում իր բարեպաշտ վարքով: Նա իր մօտ ընդունեց իմաստուն եւ պատուական կոյսերին ու նրանց գործակից դարձրեց աւետարանը քարոզելու եւ կենաց խօսքը միասին տարածելու գործում:
Երմոնիան հմուտ եւ ճարտար էր մարմնաւոր բժշկութեան մէջ, սակայն հիւանդների բժշկութիւնը նա առաւել կատարում էր Աստուծոյ շնորհով եւ յատկապէս ախտացեալների վրայ Քրիստոսի անունը կանչելով, քան թէ բժշկագիտութեամբ: Քանզի զանազան ախտերը, որոնք անբուժելի էին թւում մարմնաւոր բժշկութեամբ, արագ բժշկւում եւ փարատւում էին աստուածային շնորհներով եւ կոյսի աղօթքներով: Նա առաւել շատ բժշկում էր էր հոգիները, քան թէ մարմինները, որովհետեւ վերացնում էր կուռքերի պաշտամունքի մոլորութիւնները, հաստատում ի Քրիստոս բարեպաշտ հաւատքը եւ շատերին դարձնում դէպի Տէրը:
Այդ ժամանակներում՝ Տիրոջ 114 թուականին, հռոմէացիների Տրայիանոս թագաւորը պատրաստուեց պատերազմել ընդդէմ պարսիկների: Գալով Ասիա՝ նա խռովքի մատնեց ամբողջ երկիրն ու կռապաշտութեամբ մոլեգնած՝ հալածեց քրիստոնեայ ազգերին: Ամբողջ Ասիայում տարածուել էր Երմոնիա կոյսի վարդապետութիւնը, եւ Տրայիանոսը, լսելով նրա համբաւի մասին, շտապ հրամայեց տասը երիտասարդների, որ իսկոյն իր մօտ բերեն հռչակաւոր Երմոնիային, իսկ ովքեր ճանաչում ու պատւում էին նրան իր քրիստոնէական գովելի վարքի համար, ազդարարում էին նրան զգուշանալ չար որոնողներից:
Երբ զինուորները փոքր-ինչ շրջեցին Ասիայում եւ չգտան նրան, յուսահատուեցին եւ անօգուտ համարեցին իրենց որոնումները: Ապա գնացին Եփեսոս քաղաքի մերձակայ գիւղերից մէկը եւ այնտեղ գտան Երմոնիային ու Եւտիքիային, որոնք ընթերցում էին Աստուածաշունչ գիրքը եւ քննարկում սուրբ Պետրոնիոսի հետ: Զինուորները նախ տեսան Երմոնիային, սակայն չճանաչեցին, որովհետեւ նրա հագուստը համապատասխան չէր հռչակաւոր համբաւ ունեցողին, այլ քրիստոնէական կարգի համաձայն խոնարհութեամբ զարդարուած էր անշուք զգեստով: Հարցրին նրան. «Ո՞վ է այստեղ Քրիստոսի աւետարանիչը, որի անունը Երմոնիա է, եւ որը հմտօրէն բժշկում է հիւանդների ախտերը»: Իսկ նա նախ չյայտնեց իր անձը, այլ պատուասիրաբար խօսեց նրանց հետ եւ ասաց. «Եկէ՛ք, մի փոքր հանգստացէ՛ք: Ես ձեր առաջ սեղան կը դնեմ, որ ուտէք, եւ ապա ցոյց կը տամ նրան, ում դուք փնտռում էք»: Եւ երբ կատարեց օտարասիրութեան պատուիրանը՝ համեղ խորտիկներ մատուցելով նրանց, յայտնեց իրեն՝ յայտնապէս խոստովանելով, թէ ինքն է, ում իրենք փնտռում են: Իսկ նրանք տրտմեցին, որովհետեւ չիմացան ինչ անել: Պատկառեցին նրա սիրալիր վարմունքից, բայց վախենում էին թագաւորի դժնի հրամանից ու կամքից: Իսկ կոյսը, որ վառւում էր Քրիստոսի սիրով եւ ցանկանում էր մեռնել Նրա անուան համար, խնդրեց զինուորներին, որ կատարեն իրենց հրամայուածն ու իրեն տանեն թագաւորի մօտ: Եւ նա ինքնակամ յօժարութեամբ հետեւեց զինուորներին:
Երբ Տրայիանոսը տեսաւ նրան, նախ խորամանկութեամբ մարդասիրական խօսքեր ասաց՝ մեծ ունեցուածք, պատիւ ու փառք խոստանալով, որպէսզի նա հնազանդուի իր կամքին եւ ուրանայ Քրիստոսին: Իսկ Քրիստոսի ընտիր հարսն արհամարհեց թագաւորի բոլոր խոստումները եւ ի լուր ամէնքի գոչեց. «Ես քրիստոնեայ եմ եւ պաշտում եմ Քրիստոսին: Ցանկանում եմ մեռնել Նրա համար, որի պատճառով ցնորք եւ ստուեր եմ համարում քո ամբողջ փառքն ու պատիւները, որ խոստանում ես»:
Այս լսելով՝ բռնաւորը զայրացաւ կոյսի համարձակութեան վրայ եւ հրամայեց ապտակել նրան, իսկ երանելի Երմոնիան զուարթութեամբ ասում էր. «Ինձ ոչինչ չի կարող հեռացնել Քրիստոսի սիրուց»: Այնժամ Տէրը Պետրոնիոս քահանայապետի կերպարանքով երեւաց սրբուհուն եւ քաջալերեց նրան՝ առանց ահի մտնել չարչարանքների մէջ եւ յայտնեց լինելիքը՝ նրա ազատուելը տանջանքներից եւ Տրայիանոսի յաղթանակն՝ ընդդէմ պարսիկների:
Երբ Տրայիանոսը տեսաւ, որ երանելի կոյսը չխաբուեց խոստումներից եւ արհամարհեց տանջանքները, հիացաւ նրա անդրդուելի մտքի վրայ, նաեւ լսեց նրանից շատ աւելի իմաստուն խօսքեր, քան կարծում էր եւ լսել էր, որի համար խիստ հաճեցաւ նրան: Մինչեւ իսկ Երմոնիայի շնորհներից քրիստոնեաների հանդէպ փոքր-ինչ գութ ընկաւ նրա սրտում եւ այնուհետեւ հրամայեց չհալածել քրիստոնեաներին, բացի նրանցից, ովքեր յանցաւոր կը գտնուեն արքունի գործերում կամ կ՚ընդդիմանան իր տէրութեանը: Եւ ոչ միայն այս, այլ կարեւորելով ունենալ այդպիսի հանճարեղ կին՝ յորդորեց սրբուհի Երմոնիային, որ իր հետ Պարսից երկիր գնայ: Խոստանում էր նրան մայրագիր դարձնել, եթէ իմաստութեամբ իր ինքնակալութեանը հնազանդեցնի այն ազգերին, որոնց դէմ զինուած էր: Բայց Քրիստոսի սուրբ վկան պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, իմ ուղեկցութիւնը քեզ օգուտ չի տայ, եթէ չընդունես իմ բարեպաշտութեան խօսքերը, որ հաւատքի ճանապարհի մասին են: Բայց ասում եմ քեզ, որ արարածների Արարիչ ճշմարիտ Աստուածը, Որին ես պաշտում եմ, Իր անոխակալ մարդասիրութեամբ Ինքը կը պատերազմի քո պատերազմը, քո առջեւից կը հալածի թշնամիներին եւ կը վերադարձնի քեզ փառքով ու յաղթանակով, որովհետեւ Տիրոջից է յաջողութիւնը եւ յաղթութիւնը»:
Այնժամ Տրայիանոսը հրամայեց թանկարժէք հանդերձներ պարգեւել Երմոնիային խոստացած յաղթութեան դիմաց, որի մասին մարգարէացաւ երանելի կոյսը, սակայն նա չվերցրեց. «Բաւական է ինձ իմ ունեցածը՝ մեծագոյն հանդերձը, - ասաց, - որովհետեւ ես Քրիստոս եմ հագած: Ուստի կարիք չունեմ զարդարուել ապականացու հանդերձանքներով»:
Եւ այսպէս Երմոնիան գնաց իր տեղը, ուր հանդիպում էր հաւատացեալներին, սփոփում բոլորին ու դարմանում նրանց հոգով եւ մարմնով: Նկատելի էր, որ բոլորն աներկիւղ համարձակութեամբ պաշտում ու փառաւորում էին Տիրոջը, որը տեւեց մինչեւ Տրայիանոսի վախճանը:
Իսկ թագաւորը պատերազմեց, ըստ սրբուհու մարգարէութեան, յաղթեց պարսիկներին ու մարերին, իսկ յետոյ նաեւ գոթերին եւ վերադարձաւ ուրախութեամբ ու մեծ յաղթութեամբ: Եւ մինչեւ իր մահը, որ եղաւ մի քանի տարի անց՝ Տիրոջ 117 թուականին, առաւել մարդասիրութիւն էր ցուցաբերում քրիստոնեաների հանդէպ: Նրա փոխարէն ասորական Անտիոքում թագաւորեց Ադրիանոսը, որը հէնց նոյն տարում հալածանքներ յարուցեց Քրիստոսի Եկեղեցու դէմ: Ամենուր քրիստոնեաներին հրամայեց կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել: Ապա գալով Եփեսոս՝ նա լսեց սուրբ Երմոնիայի մասին եւ զինուորներ ուղարկեց՝ բերելու նրան քաղցրութեամբ, իսկ եթէ չհնազանդուի՝ բռնութեամբ: Եւ զինուորները, մեծ ջանքեր գործադրելով, փնտռեցին նրան, բայց չգտան: Այնուհետեւ եկան մի գիւղ, որը տասն ասպարէզով հեռու էր Եփեսոս քաղաքից, ու տեսան երանելուն, որ գնում էր քարոզելու կենաց խօսքը: Եւ քանի որ չճանաչեցին նրան, ողջոյն տուեցին ու հարցրին, թէ այդտեղ կայ արդեօք Երմոնիա անունով քրիստոնեայ աղջիկ, որը տեսակ-տեսակ հիւանդութիւններ է բուժում: Իսկ նա նախորդ անգամուայ պէս նրանց իր մօտ տարաւ, ջուր տուեց՝ ոտքերը լուանալու համար, ապա սեղան բացեց նրանց առաջ եւ ուրախացրեց զանազան խորտիկներով: Այնուհետեւ յայտնեց իր անձը, թէ նա ինքն է, որին փնտռում են: Այս լսելով՝ զինուորները խիստ տրտմեցին եւ չէին կամենում կատարել թագաւորի հրամանը, որովհետեւ պատկառեցին այն հիւրասիրութիւնից, որ սրբուհին ցուցաբերեց նրանց: Իսկ երանելին ստիպում էր նրանց, որ գնայ իրենց հետ՝ վախենալով, որ գուցէ նրանց մի չար բան պատահի, եւ նաեւ ցանկանում էր Քրիստոսի համար ըմպել մարտիրոսական արեան բաժակը: Եւ երբ համոզեց նրանց, վերցրին-տարան նրան ու կանգնեցրին թագաւորի առջեւ:
Երբ Ադրիանոս կայսրը տեսաւ նրան, ասաց. «Պառաւա՛ծ աղջիկ, նախ ասա՛ քո անունը, յայտնի՛ր քո հաւատքի, տարիքի ու ազգութեան մասին եւ թէ ինչ զօրութեամբ ես հպարտացած քամահրում ու նզովում մեր աստուածներին: Դու թշնամանում եւ անարգում ես իմ բարեպաշտութիւնը, իսկ այս քաղաք ելումուտ անողներին հիւրընկալում եւ համոզում ես, որ հեռանան անյաղթելի աստուածներից՝ յորդորելով բոլորին, որ պաշտեն Խաչեալին»: Քրիստոսի երանելի վկան պատասխանեց. «Եթէ իմ անունն ես հարցնում, ո՛վ թագաւոր, Երմոնիա է: Մեծանալով քրիստոնէական հաւատքով՝ Քրիստոսի շնորհներով բժշկում եմ ախտեր ու հիւանդութիւններ: Լրացել է իմ տարիների թիւը, որ գիտէ իմ Քրիստոս: Ես զօրացած եմ Քրիստոսի զօրութեամբ, Ով ճշմարիտ Աստուած է՝ Արարիչը երկնքի եւ երկրի ու նրանցում եղած բոլոր արարածների: Ես նզովում եմ ոչ թէ ինչ-ինչ աստուածների, այլ յանդիմանում եմ դեւերի տկարութիւնը, որովհետեւ նրանք աստուածներ չեն, այլ մարդկանց ձեռքի գործեր եւ դեւեր: Ես ազատում եմ այն մարդկանց, որոնք խաբուած են նրանց մոլորութեան մէջ եւ մօտեցնում եմ ճշմարիտ Աստծուն: Իմ ազգը, հայրենիքը, փառքը եւ մեծութիւնը Քրիստոս է, Որին ես ընծայուեցի մանկուց»:
Երբ երանելուց լսեց այս ամէնը, բռնաւորը լցուեց բարկութեամբ, որովհետեւ սաստիկ խոցոտուեց նրա ուղիղ եւ համառօտ պատասխաններից, որի համար հրամայեց անխնայ հարուածել նրա աստուածախօս բերանին, իսկ Երմոնիան արհամարհեց ապտակներն ու հարուածները եւ սկսեց առաւել յօժարութեամբ փառաբանել Աստծուն: Երբ թագաւորը տեսաւ, որ նա արհամարհեց տանջանքները, խորամանկութեամբ շրջեց իր խօսքը՝ առաջարկելով մեծ ինչքեր եւ թանկարժէք հանդերձներ ու դրանցով հանդերձ՝ խոստացաւ հռոմէացիների տէրութեան տիկին դարձնել՝ որպէս իմաստուն եւ կատարեալ կնոջ, միայն թէ երկրպագի աստուածներին: Սրբուհին բոլորի առջեւ ծաղրի ենթարկեց թագաւորի բոլոր առաջարկութիւնները եւ ասաց. «Ո՛վ թագաւոր, թող քեզ յայտնի լինի, որ ո՛չ աշխարհի բոլոր թագաւորութիւնները եւ ո՛չ էլ տեսակ-տեսակ տանջանքները չեն կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց: Իսկ եթէ կամենում ես համոզել, ընդունի՛ր ինձ որպէս քո խորհրդակիցը, որպէսզի քեզ համար ոչ միայն այս թագաւորութիւնն ամուր դարձնեմ, այլեւ երկնային հարստութիւն աւանդեմ: Միայն թէ ճանաչի՛ր ճշմարիտ Աստծուն, Ով քեզ թագաւորութիւն տուեց, եւ հեռացի՛ր այդ սնոտի կուռքերից»:
Երբ բռնաւորը տեսաւ, որ իր խորամանկութիւնները չեն ազդում նրա վրայ, հրամայեց հանել նրա կօշիկները եւ ուժգին հարուածել ներբաններին: Եւ հարուածեցին այնքան, որ արեան աղբիւրներ բխեցին: Ապա հրամայեց պղնձէ աւազան բերել, դրա մէջ կապար հալեցնել, բորբոքելու համար նաեւ նաւթ եւ ծծումբ աւելացնել, ու Քրիստոսի երանելի վկային դրա մէջ գցել: Եւ սուրբ կոյսը, կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով, մտաւ հրով բորբոքուած աւազանի մէջ: Եւ ահա սքանչելիք եղաւ. ասես ոչ թէ հրի, այլ որպէս առագաստի մէջ պարելով՝ նա օրհնում էր Աստծուն: Բռնաւորը տեսաւ, որ հուրը չայրեց երանելուն եւ կարծելով, թէ աւազանը հովացել է, հրամայեց առաւել բորբոքել հուրը: Տեսնելով նրա հոգու կուրութիւնը եւ խելագարութիւնն ամենազօր Աստուծոյ սքանչելիքի առջեւ՝ սրբուհին բարձրագոչ ասաց. «Ո՛վ հպարտ եւ ամբարտաւան թագաւոր, ինչո՞ւ ես արբած դիւային մոլորութեամբ եւ չես զգում ամենազօր Աստուծոյ զօրութիւնը: Այս հուրը, որ տեսնում ես, Նա ինձ համար ցօղ է դարձնում»: Իսկ թագաւորը չէր հաւատում իր տեսածին: Կամենալով ձեռքով ստուգել ճշմարտութիւնը՝ մօտեցաւ աւազանին եւ ուզեց աջ ձեռքն ընկղմել, բայց դեռ շատ չմօտեցրած՝ ձեռքն իսկոյն այրուեց ու քայքայուեց: Սկսեց աղաչել երանելուն, որ դուրս ելնի ու բժշկի իրեն՝ խոստանալով հաւատալ իր Աստծուն, իսկ սրբուհին թէպէտ գիտէր նրա անդառնալի միտքը, սակայն առաջնորդուելով Քրիստոսի մարդասիրութեամբ՝ կատարեց նրա խնդրանքը:
Բռնաւորը թէպէտ այդ պահին մեղմութեամբ լսեց կոյսին, սակայն մնալով իր նոյն անօրէնութեան մէջ՝ քիչ օրեր անց հրամայեց երանելուն դարձեալ իր առջեւ բերել եւ ստիպեց նրան զոհ մատուցել կուռքերին: Ծաղրելով նրա բազմաստուածութիւնը՝ երանելի Երմոնիան ասաց. «Քանի՞ աստուածներ ունես եւ որի՞ն ես հրամայում զոհ մատուցել»: Եւ նա, կարծելով, թէ իրապէս զոհ մատուցելու համար է հարցնում աստուածների մասին, սկսեց թուել բոլոր դիւաբնակ կուռքերի անունները՝ ասելով. «Արամա՛զդ, Կռոնո՛ս, Աթի՛նա, Արէ՛ս, Մինա՛, Ապոլո՛ն, Պոսիդո՛ն, Արտեմի՛ս, Ափրոդի՛տէ»: Եւ ցնդաբանութեամբ դեւերի այլ շատ անուններ թուեց, իսկ Երմոնիան, որ լցուած էր աստուածային իմաստութեամբ, ասաց. «Ո՜հ, սատանան որքան շփոթութեամբ է լցրել ձեր սիրտը, որովհետեւ թողնելով միակ հզօր եւ միակ ճշմարիտ Աստծուն՝ երկրպագում էք դեւերի բազմութեանը: Այժմ ասա՛ ինձ, ո՞ր խնդրանքդ ես ստացել՝ բազմաթիւ աստուածներիդ երկրպագելով: Գիտեմ, որ պատասխան չունես, որովհետեւ նրանք անշունչ լինելով՝ չեն կարող օգնել որեւէ մէկին: Իսկ ես պաշտում եմ Աստծուն՝ եռեակ Անձնաւորութեանը՝ մի բնութեանը, աստուածութեանը ու զօրութեանը, Ով իսկոյն կատարում է իմ բոլոր խնդրանքները: Դու ինքդ փորձով շատ լաւ տեսար ամենազօր Աստուծոյ զօրութիւնը»: Այնժամ թագաւորն առաւել բորբոքուեց սրտմտութեամբ եւ հրամայեց շիկացնել տապակն ու երանելուն դրա մէջ գցել: Երբ սրբուհին տեսաւ շիկացած տապակը, աչքերը երկնքին յառած օգնութեան կանչեց ամենակարող Զօրութեանը, որպէսզի Նա ցոյց տայ իր սքանչելիքը, ինչպէս նախորդ անգամ: Սուրբ Խաչի նշանով կնքելով իր բոլոր զգայարանները՝ երանելին տարածուեց շիկացած տապակի վրայ: Տապակն իսկոյն զովացաւ, իսկ կրակի բոցը ներքեւից այս ու այն կողմ ցոլաց եւ այրեց շուրջ գտնուող բազմաթիւ հեթանոսների: Բռնաւորը, զարհուրելով սքանչելիքից, փոքր-ինչ տեղի տուեց եւ հրամայեց սրբուհուն դուրս բերել տապակի միջից ու բանտարկել: Բայց քանի որ չկամեցաւ ընդունել աստուածգիտութեան լոյսը, կարճ ժամանակ անց դարձեալ հրաման տուեց իր առջեւ ապարանք բերել երանելի կոյսին, որտեղ տեղադրուած էին բազմաթիւ դիւակերպ արձաններ, եւ ասաց սրբուհուն. «Ահա մարդասէր աստուածները, որոնց ես պաշտում եմ: Տե՛ս, թէ նրանք որքան բարեհոգի են քո հանդէպ, սակայն դու ապերախտ ես եւ զոհ չես մատուցում նրանց»: Երանելին ասաց. «Ինչպէ՞ս զոհ մատուցեմ անշունչ արձաններին, եթէ նրանք չեն պատասխանում իրենց աղօթողներին»: Եւ մօտենալով արձաններին՝ երանելի վկան աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, Դու բոլոր ժամանակներում ցոյց ես տալիս Քո սքանչելիքները: Քաղանէում մարդկանց ամբարտաւանութիւնը խափանեցիր լեզուների բաժանմամբ եւ աշտարակաշինութեան ժամանակ խափանեցիր նրանց բարձրամիտ խորհուրդները: Դու ընկղմեցիր ամբարտաւան փարաւոնին, որը չճանաչեց Քո սքանչելիքների զօրութիւնը, եւ քո ժողովրդին ազատեցիր նրանից: Քո ընտրեալ Յեսուի ձեռքով եւ նուիրական շեփորներով ջրի պէս հեղուեցին Երիքովի պարիսպներն ու Դու առանց պատերազմի ներս տարար Քո անզէն ժողովրդին: Դու նոյն Տէրն ես եւ այժմ այս կուռքերի կործանմամբ ցոյց տուր Քո աստուածութեան զօրութիւնը, որպէսզի բոլորը ճանաչեն Քեզ որպէս միակ ճշմարիտ Աստուծոյ, որովհետեւ չկայ ուրիշը»:
Մինչ աղօթքը շուրթերին էր, կուռքերի արձանները յանկարծ ընկան, ամբողջովին կործանուեցին եւ մանրափոշի դարձան, իսկ սուրբ վկայուհին գոհացաւ Աստծուց, որ այդպէս սքանչելիքներ է գործում Իր ծառաների առաջ: Ապա նա դարձաւ բռնաւորին եւ ասաց. «Ահա քո անմռունչ աստուածները փշրուած, թափուած են քո առջեւ: Ձեռք մեկնի՛ր եւ կանգնեցրո՛ւ դրանց»: Սքանչելիքի աստուածային լոյսից թագաւորը մթագնեց, չհասկացաւ Աստուծոյ մեծամեծ նշանները, վճիռ արձակեց սրի քաշել Երմոնիային եւ հեգնանքով ասաց. «Թերեւս կախարդութեամբ կարողանայ սրից եւս փրկուել»:
Ապա նրան մատնեց երկու քաջ զինուորների ձեռքը, որոնց անուններն էին Թէոդուղոս եւ Թէոտիմոս, որպէսզի նրան դուրս տանեն Եփեսոսից եւ գլխատեն: Երբ Թէոդուղոսը բարձրացրեց սուրը՝ հարուածելու երանելուն, անմիջապէս չորացաւ նրա ձեռքը: Այնժամ միւս զինուորը՝ Թէոտիմոսը, ծաղրեց ընկերոջը՝ վրիպելու համար, ապա շտապ հանեց իր սուրը եւ յարձակուեց կոյսի վրայ: Նոյն պահին ընկերոջ պէս չորացաւ նաեւ նրա ձեռքը: Երկու զինուորներն ընկան երեսնիվայր եւ աղաչեցին սուրբ վկային ներել իրենց ու բժշկել իրենց անդամները՝ խոստանալով, որ կը հաւատան իր Աստծուն, որովհետեւ միայն Նա է ճշմարիտ Արարիչը երկնքի եւ երկրի:
Երբ սրբուհին իրենց իսկ բերանից ստուգեց նրանց ճշմարիտ հաւատքը, Սուրբ Հոգով ճանաչեց նրանց սրտի խորքերը, որ ճշմարիտ էին: Այնժամ աղօթեց առ Աստուած, կնքեց նրանց սուրբ Խաչի նշանով, եւ իսկոյն առողջացան նրանց չորացած ձեռքերը: Այստեղ հին վկայագիրն ասում է, թէ Աստուած այսպէս սքանչելագործեց, որպէսզի նախքան հանդերձեալ փառքը Իր սուրբերին փառաւորի այստեղ եւ նրանց անմատչելի ցոյց տայ ընդդէմ սատանայի խաբէութիւնների, որը պատրանքների միջոցով մահկանացու եւ մեղսունակ դարձրեց մարդուն: Եւ Տէրը կամեցաւ ցոյց տալ, որ ովքեր արհամարհում են նրան, անմահանում են այստեղ իսկ եւ հաւասարւում հրեշտակներին: Նա պիտի Իր զօրութիւնը յայտնի դարձնէր հպարտացած թագաւորի առջեւ, որն Աստուծոյ սքանչելիքը՝ կոյսի փրկուելը հալուած կապարից եւ հրաշեկ տապակից, կախարդութիւն էր համարում: Պէտք է ցոյց տար նաեւ, որ սուրը չի կարող գործել իրենը, մինչեւ հրաման չառնի Արարչից, եւ միեւնոյն ժամանակ սուրբերին ցոյց տրուած սքանչելիքներով պէտք է շահէր շատերի փրկութիւնը:
Եւ թէպէտ երանելի կոյսն Աստուծոյ սքանչելիքների շտեմարան ու շատերի քրիստոնեայ դառնալու պատճառ եղաւ, սակայն միշտ փափագում էր գնալ երկնաւոր Փեսայի մօտ: Աղօթեց առ Աստուած՝ այսպէս ասելով. «Ո՛վ Տէր իմ, Տէ՛ր, Դու գիտես իմ սրտի խորհուրդները, գիտես, որ միշտ փափագում եմ տեսնել Քեզ՝ իմ եւ բոլոր սուրբերի ճշմարիտ Բաղձանքին: Այժմ առաքի՛ր Քո հրեշտակին եւ խաղաղութեամբ ընդունի՛ր իմ հոգին»: Այս ասելուն պէս երեւաց Աստուծոյ հրեշտակը լոյսի կերպարանքով, եւ կոյսն Աստուծոյ ձեռքն աւանդեց իր մաքուր հոգին, ինչպէս որ գրուած է. «Արդարների հոգիներն Աստուծոյ ձեռքին են»[2]:
Աստուածավախ մարդիկ, որ բնակւում էին Եփեսոսում, վերցրին Երմոնիա կոյսի մարմինն ու տարան քաղաք: Նրա սրբութեանը վայել տապանակ շինեցին եւ դրեցին մի պատուական տեղում: Նրա մօտ ամփոփեցին նաեւ երկու զինուորներին, որոնք հաւատացին սրբուհու նահատակութեան ժամին եւ վախճանուեցին բռնաւորի հրամանով՝ ճշմարիտ հաւատքի միջոցով պսակուելով ի Քրիստոս: Ամէն տարի՝ սուրբ Երմոնիայի յիշատակի օրը՝ սեպտեմբերի չորսին կամ վեցին, Եփեսոսի բոլոր քրիստոնեաները հաւաքւում եւ տօնում էին նրա յիշատակի օրը՝ ի փառս եւ ի գովութիւն Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Երմոնիա կոյսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչի երրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Եւստաթէոսի, նրա կնոջ՝ Թէոպիստիայի եւ նրանց որդիների Ագապիոսի ու Թէոպիստոսի եւ սուրբ Նեքտարինէ կոյսի հետ:
[1] Տե՛ս Գործք. ԻԱ 8-9:
[2] Իմաստ. Գ 1:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: