Զքեզ կարդային յօգնութիւն սուրբ մարտիրոսքն եւ ասէին.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ խնայեա ի մեզ:
Դու ես դուռն լուսոյ. Դու պսակ պարծանաց ի Քեզ յուսացելոց.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ խնայեա ի մեզ:
Օրհնեալ գովեալ եւ ի սուրբս հանգուցեալ.
Եւ դու ես ընդունող հոգւոց մերոց.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ միշտ եւ յաւիտեան, խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի մեծազօր եւ գերապայծառ սուրբ Թէոդորոս Ստրատելատը[1] ծնուել է Ամասիայի Եւխայիտ գիւղում, քրիստոնեայ եւ աստուածասէր ծնողներից: Նա Քրիստոսի քաջայաղթ զինուոր սուրբ Թէոդորոսի քեռորդին էր, որի յիշատակը կատարւում է Մեծ Պահքի առաջին շաբաթուայ մէջ եւ թերեւս Թէոդորոս է կոչուել իր քեռու անունով հէնց նրա կենդանութեան օրօք, ով կրթել է նրան քրիստոնէական կարգ ու կանոնով: Հասակ առնելով եւ միաժամանակ առաջադիմելով իմաստութեան մէջ՝ նա հետամուտ էր կատարելու աստուածպաշտութեան հրահանգները, իսկ երիտասարդ տարիքում զինուորագրուել էր կամայ թէ ակամայ ու նշանաւոր դարձել, որովհետեւ առոյգ էր, զուարթատես ու խելամիտ եւ մինչեւ իսկ ճանաչուած էր ժամանակի թագաւորների՝ նաեւ այդ շրջանում թագաւորող Կոստանդիանոս Մեծի եւ բռնաւորների՝ հեթանոս ինքնակալների կողմից: Ամենագովելի եւ առաքինի նահատակն անպարտելի եւ յաղթական էր բարբարոսների դէմ մղուող պատերազմներում, որի համար նա ստացաւ ստրատելատի՝ զինուորական բարձրագոյն կոչում եւ պատուեց մեծաշուք իշխանութեամբ: Այնուհետեւ բնակութիւն հաստատեց Կապադոկիայի Հերակլիա քաղաքում, որտեղ իշխան էր կարգուել մեծաթիւ զօրքերի վրայ: Բարի եւ մարդասէր վարք ցուցաբերելով այդ քաղաքի բնակիչների, ամբողջ նահանգի եւ մարիանդացիների ազգի հանդէպ, որոնք իր իշխանութեան տակ էին, ինչպէս նաեւ առատաձեռնութեամբ մեծ բարիքներ անելով բոլորին՝ սիրելի եղաւ մեծերին եւ փոքրերին, հաւատացեալներին ու հեթանոսներին, որոնցից շատերին, բայց առաւել շատ իր զօրքի գնդից բազմաթիւ զինուորների, դարձրեց Քրիստոսի հաւատքին: Քանզի նա մի այր էր՝ լի Սուրբ Հոգով եւ գիտութեամբ, ու Աստուծոյ օգնութեամբ զօրաւոր էր իր խօսքով եւ գործերով:
Այդ ժամանակշրջանում՝ Տիրոջ 310 թուականին, Գաղերիոս Մաքսիմիանոս կայսրը Դիոկղետիանոսի խորհրդով, որը հեռացել էր իշխանութիւնից, կայսր նշանակեց իր վաղեմի բարեկամ Լիկիանոս Դակիացուն: Օգոստափառ կոչում ստանալով՝ Լիկիանոսը մեծարուեց ինքնակալ իշխանութեամբ, իսկ երեք տարի անց Կոստանդիանոս Մեծն իր քրոջը՝ Կոստանդիային նրան կնութեան տուեց: Արդ, երբ Լիկիանոսը զօրացաւ իր իշխանութեան մէջ, յետեւեց Մաքսիմիանոսի եւ Դիոկղետիանոսի օրինակին, քանզի զինուեց ընդդէմ քրիստոնեաների եւ հեռացաւ Կոստանդիանոսի ու մեր Տրդատ թագաւորի սիրուց: Ուր ձեռքը հասնում էր, հալածանքներ էր յարուցում, քանզի նստելով Բիւթանիայի արքայանիստ Նիկոմիդիա քաղաքում՝ խիստ հրամաններ ու հրովարտակներ էր ուղարկում քաղաքների եւ գաւառների իշխաններին ու դատաւորներին, որպէսզի բոլոր տեղերից վերանար քրիստոնէութիւնը, եւ իւրաքանչիւր մարդ զոհ մատուցէր հեթանոսական աստուածներին: Եւ այդպէս հաւատացեալները, որ դեռ նոր էին ազատուել մեծ հալածանքներից, դարձեալ ենթարկուեցին նոյն փորձութիւններին ու շատերը, ինչպէս Սեբաստիայի քառասուն մանուկները եւ ուրիշները, արիաբար նահատակուեցին Քրիստոսի անուան համար:
Եւ ահա այսպիսի ծանր ժամանակներում Քրիստոսի քաջ եւ անյաղթ զօրավար սուրբ Թէոդորոս ստրատելատը փայլեց լուսապայծառ աստղի եւ ճառագայթարձակ ջահի նման: Անօրէն Լիկիանոսը քաջատեղեակ էր Թէոդորոսի արիութեան, քաջութեան եւ նրա մեծամեծ գործերի մասին, սակայն միանգամայն անտեղեակ էր նրա հոգու առաքինութեան եւ ի Յիսուս Քրիստոս ամուր հաւատքի մասին: Արդ, բանսարկուի չարասէր արբանեակներից ոմանք տեղեկացրին թագաւորին ու ասացին. «Քրիստոնեայ է ոչ միայն Թէոդորոսը, այլեւ ամբողջ երկիրը, քաղաքը եւ զօրքը: Ովքեր նրա իշխանութեան տակ են, հրապուրուեցին նրանով, հեռացան աստուածների պաշտամունքից՝ չհնազանդուելով ձեր հրամաններին: Նրանք հրաժարուեցին կատարել աստուածների սրբազան տօները ու չեն ճաշակում նրանց մատուցուած նուիրական զոհաբերութիւններից»:
Այս լսելով՝ թագաւորը լցուեց ցասումով, յիմարացաւ եւ ապշեց: Նա մտածում էր, թէ ինչպէս որսայ այդ երեւելի մարդուն մահուան որոգայթի մէջ: Անպատշաճ էր համարում իր մօտ կանչել նրան, «որպէսզի, - ասաց, - նա չիմանայ դիտաւորութեանս մասին, զարհուրած չընդոստնի ու չընդդիմանայ մեր հրամաններին»: Պատերազմական գործերը պատճառ բռնելով՝ մտածում էր ուղարկել նրան Կապադոկիայի կողմերը եւ հէնց նոյն Հերակլիա քաղաքում նենգութեամբ բռնել երանելուն: Համակուած այս խորհրդով՝ անօրէնը Նիկոմիդիա քաղաքի պատուաւոր անձանց զօրքով հանդերձ՝ ուղարկեց Հերակլիա, որտեղ բնակւում էր երանելին եւ մեծարանքի արժանացնող նամակ գրեց, որում ասում էր. «Եթէ քեզ հաճոյ է գալ Նիկոմիդիա քաղաք՝ տեսնելու մեզ եւ երկրպագելու մեր փառաւոր աստուածներին, ապա ե՛կ մեծապատիւ եւ երեւելի փառքով: Իսկ եթէ ինչ-ինչ պատճառով չկարողանաս գալ, ապա արժան է, որ մենք գանք՝ տեսնելու քեզ այդ կողմերում եւ այդ քաղաքում, որտեղ բնակւում ես, քանզի յոյժ ցանկանում ենք տեսնել քեզ ու վայելել քո սէրը»:
Երբ զօրագլուխները եկան եւ հրամանի հրովարտակը յանձնեցին երանելուն, նա ընթերցեց ու չերկմտեց, այլ ուրախացած գոհացաւ Աստծուց, որ ինչ նախապէս խորհում էր իր սրտում, այն է՝ յայտնի լինէր աստուածպաշտութեամբ, լինել Քրիստոսի վկայ, եւ կատարուէր Աստուծոյ կամքը: Այնժամ մեծաշուք պատուով ընդունեց մարդկանց, պարգեւներ շնորհեց նրանց եւ թագաւորի մօտ չժամանելու պատճառ բռնեց երկրի գործերը: Ինչքեր խոստանալով՝ նա խնդրում եւ համոզում էր մարդկանց, որ գնան ու յորդորեն արքային աստուածների բազմութեամբ գալ Հերակլիա քաղաք, որ տեսնեն քաղաքի ու գաւառի ամբողջ բազմութեանը, ուրախանալով ցնծան եւ մեծ տօնակատարութիւն անեն զոհաբերութիւններով ու երկրպագութեամբ:
Այդ մարդիկ եկան թագաւորի մօտ եւ յանձնեցին պատգամների եւ հրովարտակի պատասխանները: Թագաւորն այն ընթերցեց, եւ գարշելի ալեւորը՝ իբրեւ խաբուած մի անմիտ մանուկ, կամեցաւ գնալ այդ կողմերը: Անօրէնը կարծեց, թէ իր բոլոր դիտաւորութիւններն աւարտին հասնելով՝ կատարուել են: Այնուհետեւ իր մեծ՝ ութ հազարանոց հեծելազօրի հետ եկաւ հասաւ Հերակլիա քաղաք: Երբ սուրբ Թէոդորոսը լսեց, որ թագաւորը մօտենում է, պատրաստուեց յաջորդ օրը մեծաշուք պատուով եւ ճոխութեամբ, թագաւորակերպ հանդերձանքով եւ փառքով ընդառաջ գնալ նրան: Եւ այդ գիշեր երանելին տեսիլքի մէջ տեսաւ, որ իր տան ձեղունները վերացան, եւ հրեղէն կայծակներ փայլատակելով իջան իր վրայ: Եւ լսելի եղաւ մի ձայն, որն ասաց իրեն. «Զօրացի՛ր եւ քաջալերուի՛ր, Թէոդորո՛ս, որովհետեւ Ես քեզ հետ եմ»: Արթնանալով՝ սուրբը տեսիլքի մասին պատմեց իր մերձաւորներին եւ ասաց. «Աստուած կամեցաւ, որ Քրիստոսի անուան համար իմ արիւնը հեղուի այս տեղում»: Այնժամ ծնրադրեց եւ գոհանալով Աստծուց՝ արտասուալից աղօթեց: Ապա վեր կացաւ, հագաւ թանկարժէք բեհեզեայ հանդերձներ, հեծեց իր ոսկեզարդ երիվարները եւ իր զօրքով ընդառաջ գնաց թագաւորին: Տեսնելով արքային՝ ըստ թագաւորական կարգի երկրպագեց նրան եւ ողջոյն տալով ասաց. «Ողջո՛յն քեզ, Աստծուց առաքուած հզօ՛ր եւ ինքնակա՛լ թագաւոր»: Այս լսելով եւ սուրբի մեծահոգութիւնը տեսնելով՝ թագաւորն իսկոյն մեծ սիրով իր գիրկն առաւ նրան, համբուրեց եւ ասաց. «Ողջո՛յն քեզ, արեգակնատե՛ս թագակիր, արժան է, որ դու թագաւորես ինձ հետ»: Եւ երբ արքան իրեն ընդառաջ եկած բազմութեամբ քաղաք մտաւ, Թէոդորոսն իր ապարանքում նրան իջուանելու առանձին տեղ տուեց, որը պատրաստեց արքունի պալատի օրինակով՝ թագաւորական գահով ու աթոռով: Այս տեսնելով՝ Լիկիանոսը շատ ուրախացաւ, գովեց քաղաքն ու քաղաքացիներին, ապա Թէոդորոսին ասաց. «Ո՛վ Թէոդորոս, ահաւասիկ քո խնդրագրով եկայ իբրեւ հիւր՝ տեսնելու քեզ եւ քո քաղաքը: Ես ինձ հետ բերել եմ մեր ամենապատուական եւ ամենափառաւոր աստուածներին, որպէսզի բոլորդ երկրպագէք նրանց ու զոհեր մատուցէք»: Սուրբ Թէոդորոսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ յաղթական եւ մեծ թագաւոր, դու բարիք արեցիր մեզ, որ կատարեցիր քո ծառայի խնդրանքը: Քո գալստեամբ դու ուրախացրիր մեզ, բայց առաւել պատուեցիր մեզ՝ աստուածներին այստեղ բերելով, որպէսզի տեսնելով նրանց՝ բոլորը հաստատուեն աստուածպաշտութեան քո հրամանով: Արդ, խնդրում եմ, որ մի փոքր հանգստանաս ճանապարհից եւ ապա ինձ տաս բոլոր ամենափառաւոր աստուածներին, որպէսզի տանեմ իմ տուն, օծեմ անուշահոտ իւղերով, խնկարկեմ նրանց եւ երկրպագելով զոհեր մատուցեմ: Այնուհետեւ կը բերեմ հրապարակ եւ բոլորի առջեւ, ըստ օրէնքի, զոհ կը մատուցեմ, որպէսզի բոլորը տեսնեն եւ բարեպաշտութեան նախանձախնդիր լինեն»:
Թագաւորին խիստ հաճելի եղան սուրբի խօսքերը, եւ քանի որ տեղեակ չէր նրա խորհուրդներին, հաւատաց ասուած խօսքերին: Ուստի հրամայեց բերել ու նրա ձեռքը յանձնել բոլոր ոսկեղէն ու արծաթեղէն կուռքերին, որոնք սուրբն առնելով՝ տարաւ իր ապարանքը: Այդ գիշեր արթնանալով՝ նա ջարդեց ու կտոր-կտոր արեց բոլոր աստուածներին եւ ոսկեղէնը բաշխեց աղքատներին ու կարօտեալներին: Այդպէս նա միառժամանակ պէս-պէս հնարքներով վարանումների մէջ էր գցում անմիտ Լիկիանոսի մտքերը:
Երրորդ օրը արքան հրամայեց իր մօտ կանչել Թէոդորոսին: Ասաց նրան. «Դու ազնուական եւ փառաւորեալ էիր ինձնից առաջ եղող թագաւորների կողմից ու առաւել մեծարուած եւ պատուելի եղար իմ մեծութեան կողմից: Այժմ ցուցաբերի՛ր քո յօժարութիւնն ու սէրը, որ ունես մեր աստուածների հանդէպ եւ քաղաքի ամբողջ ժողովրդի առաջ զոհ մատուցիր նրանց, որպէսզի նրանք հետեւեն քեզ ու հնազանդութեամբ կատարեն մեր հրամանները»: Եւ մինչ սուրբը կամենում էր պատասխանել թագաւորին, առաջ եկաւ իշխաններից մէկը, որի անունը Մաքսենտիոս կամ Մաքսենտենէս էր եւ ասաց. «Ո՛վ քաջ արքայ, մի՞թէ չես լսել այս ամբարիշտ ստրատելատի դաւաճանութեան մասին, եւ թէ ինչպէս է նա խաբել քո մեծութեանը՝ ստելով բարեյաղթ աստուածների հանդէպ: Քանզի երէկ չէ նախորդ օրը, երբ գիշերուայ մէջ ելայ իմ ապարանքից, տեսայ աղքատ մէկին, որը գալիս էր ուրախութեամբ եւ տանում էր մեր Արտեմիս մեծ աստուածուհու ոսկեկուռ գլուխը»:
Թագաւորը սաստիկ զարմացաւ ու չհաւատաց նրա խօսքերին: Բայց երբ դարձաւ սուրբին եւ հարցրեց, նա պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ են, եւ ես չեմ ուրանում, որովհետեւ ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել: Եթէ քո աստուածները չկարողացան օգնել իրենց, ինչպէ՞ս կարող են օգնել քեզ»: Այնժամ թագաւորի երեսը բարկութիւնից այլագունեց, նա լցուեց անասելի ցասումով եւ իր սպասաւորներին ասաց. «Վա՛յ ինձ, որ խաբուեցի երեխայի պէս եւ ծաղրանք եղայ բոլորի աչքին: Այժմ չգիտեմ, թէ ինչ անեմ եւ ինչպէս վարուեմ: Ես, այնքան զօրքերի եւ երկրի իշխանական թագաւոր լինելով, խաբուեցի, իմ զօրքով եկայ այս անօրէնի մօտ, կորստեան մատնեցի իմ բարեյաղթ աստուածներին եւ նախատինք եղայ այս գաւառի ու քաղաքի համար»: Քաջ Թէոդորոսն ասաց նրան. «Ո՛վ անմիտ, որ լի ես անօրէնութեամբ, մի՞թէ չէիր մտածում, որ ես, քրիստոնեայ եւ Քրիստոսի ծառայ լինելով, ինչպէ՞ս կարող էի խաբուել քո պատրող եւ կորստաբեր հրամաններից: Ես քեզ ցոյց տուեցի քո աստուածների տկարութիւնը եւ ամաչեցրի քեզ անօրէնութեան համար, որովհետեւ դու հպարտանում ես սնոտի եւ անցաւոր իշխանութեամբ ու հարստութեամբ: Դու չես ակնկալում անանց հարստութեանն ու մշտնջենաւոր կեանքին եւ չես ճանաչում Նրան, Ով քեզ ժամանակաւոր իշխանութիւն է տուել: Դու նանրացել ես բանսարկուի խաբէութեամբ, խաւարել Աստուծոյ Միածին Որդու փառքի լոյսից ու չարի ազդեցութեամբ ամբարտաւան դարձած՝ չգիտես, թէ ինչ ես խօսում: Ես այս բոլոր արարածներին, որոնք մեզ օտարացնում են Աստծուց, ունայն եմ համարում, որպէսզի ժառանգեմ յաւիտենական կեանքը, որը ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջն է լսել, ո՛չ էլ մարդու սիրտն է ընկել եւ որը Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար: Իսկ ձեր եւ ձեր աստուածներին յաւիտենական հուրն է սպասում, որ պատրաստուած է սատանայի ու նրա զօրքի համար»:
Թագաւորն ասաց. «Հպա՛րտ, չա՛ր եւ ամբարտաւա՛ն Թէոդորոս, եթէ անարգես ինձ, թերեւս կը համբերեմ, որպէսզի ինձ լսելով՝ գաս դէպի բարին, իսկ ինչո՞ւ անարգեցիր եւ կորստեան մատնեցիր աստուածներին»: Սուրբը պատասխանեց. «Ահա դու ցոյց տուեցիր քո անմտութիւնը, որովհետեւ քո դիւաձոյլ պատկերների ոչնչութիւնը տեսնելուց յետոյ դարձեալ յանդգնում ես աստուածներ կոչել նրանց, որոնք արհեստաւորների ձեռքով նիւթերից ստեղծուած կոփածոներ են եւ չարադեւ մտքի հնարքներ: Նրանք նման են անշունչ, անիմաստ եւ անբան ձիերին ու ջորիներին, որովհետեւ նրանց մէջ իմաստութիւն չկայ: Բայց դուք առաւել անմիտ էք, որովհետեւ պաշտում էք այդ աստուածներ կոչուածներին»:
Թագաւորը համակուեց անասելի բարկութեամբ ու ասաց. «Այլեւս քեզ չեմ համբերի ու չարաչար տանջանքների կը մատնեմ»: Եւ դահիճներին հրամայեց մերկացնել սուրբին, քառակողմ պրկել ձեռքերն ու ոտքերը եւ դալար արջառաջլերով անխնայ հարուածել նրա թիկունքին, լանջերին ու որովայնին: Եւ այնքան հարուածեցին երանելուն, որ անաստուած դահիճները յոգնեցին, սուրբի մարմինը դաժան հարուածներից պատառոտուեց, եւ նրանից առատօրէն արիւն հոսեց: Բռնաւորը դարձեալ հրամայեց կապարէ մուրճով անխնայ հարուածել սուրբի պարանոցին, ապա կախաղան հանել եւ երկաթէ ճանկերով քերել սուրբի մարմինը: Դահիճները կատարեցին թագաւորի բոլոր հրամանները, իսկ առաքինի նահատակն ուրախութեամբ աւելի ու աւելի էր համբերում անտանելի նեղութիւններին եւ գոհանում էր Աստծուց, որովհետեւ կատարուեց իր ցանկութիւնը: Արհամարհելով այդ սոսկալի տանջանքները՝ նա թագաւորին ասաց. «Սատանայի սպասաւո՛ր եւ արբանեա՛կ, արդարութեան թշնամի՛, չե՞ս տեսնում, որ քո սպասաւորները յոգնել են, որ քո ամբարտաւան յանդգնութիւնը նուաստացաւ, բռնութիւնը յաղթուեց, եւ քո հայր սատանան ամօթահար եղաւ: Իսկ ես հաստատուն եմ իմ կենդանի Աստուծով, որովհետեւ Տէրն իմ օգնականն ու զօրավիգն է: Որքան իմ արտաքին մարդն ապականուի քո պատճառած տանջանքներից, այնքան իմ ներքին մարդը կը նորոգուի Տիրոջով յաւիտենական կեանքում»:
Դառնացած թագաւորը զինուորներին հրամայեց, որ հեռացնեն երանելուն իր աչքի առաջից եւ բանտ տանեն, մինչեւ որոշի, թէ ինչ մահով սպանի նրան: Օրեր անց հրամայեց հանել նրան բանտից ու իր առջեւ բերել, բայց շատ հարցաքննելուց յետոյ չկարողացաւ երանելուն համոզել: Ապա հրամայեց, որ նրան խաչեն մի նշանաւոր վայրում, եւ ամբողջ զօրքը նետահարի նրան: Եւ երանելուն տարան: Քրիստոսի վկան մեծ ցնծութեամբ գնում էր զինուորների յետեւից: Երբ մօտեցաւ խաչին, զինուորները կապեցին նրա ձեռքերն ու ոտքերը խաչափայտին: Գամեցին ոտքերը, ձեռքերն ու ազդրերը, եւ մեծաթիւ զօրքի զինուորները, նրան նետաձգութեան թիրախ դարձնելով, արձակեցին իրենց նետերը՝ առաւելապէս հարուածելով սուրբի երեսին ու աչքերին: Իսկ Քրիստոսի նահատակը, անտրտում ուրախութեամբ համբերելով այդ անտանելի աղէտներին, փառաւորում էր Աստծուն եւ Քրիստոսի սիրոյ համար ոչինչ համարում բոլոր վշտերն ու նեղութիւնները: Այս ամէնից յետոյ անօրէնները կտրեցին նրա առնացի անդամները: Շուրջ եղող բազմութիւնը կարեկցաբար լաց էր լինում նրա համար: Այնտեղ էր նաեւ Աբգար անունով սուրբի նօտարն ու սպասաւորը, որը պատմում է հետեւեալը. «Ես՝ սուրբի դպիրս եւ ծառաս, որ հրաման էի ստացել ամէն բան գրի առնել, երբ տեսայ այդչափ նեղութիւնները, իմ ձեռքից ցած գցեցի թուղթը եւ դառն արտասուքներով նրա ոտքերն ընկայ: Տեսնելով իմ արտասուքները՝ սուրբը նուաղ եւ տկար ձայնով ասաց ինձ. "Ո՛վ Աբգարոս, մի՛ տրտմիր եւ մի՛ ծուլացիր կատարել քո գործը: Աւարտի՛ր, ինչ որ սկսել ես: Համբերի՛ր փոքր-ինչ, որպէսզի տեսնելով իմ նահատակութիւնը, ամէն բան գրի առնես": Եւ երբ այս ասաց, աչքերը յառեց երկնքին ու ասաց. "Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, իմ Աստուա՛ծ, Դու Քո անճառելի բարերարութեամբ տնօրինում ես ամէն բան եւ Քո Միածին Որդու եւ ճշմարիտ Սուրբ Հոգու միջոցով համբերութիւն պարգեւում: Դու նախապէս խոստացար, որ ինձ չես թողնի, այլ ամէն ժամ ինձ հետ կը լինես ու կը փրկես ինձ: Եւ արդ, ինչո՞ւ թողեցիր ինձ, Աստուա՛ծ իմ եւ հեռացրիր Քո գթութիւնն ինձնից: Վայրենաբարոյ գազանները յօշոտեցին ինձ, Քո սիրոյ համար հանեցին աչքերիս բիբերը, այրեցին իմ մարմինը, փշրեցին իմ մատները, իմ այլագունած երեսը կորցրեց մարդկային կերպարանքը, եւ իմ անձը դողալով սասանուեց խաչի չարչարանքների երկիւղից: Եւ արդ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ես Քեզ համար եմ համբերում այս ամէնին՝ սրով եւ հրով բազում նեղութիւններին: Ուստի աղաչում եմ Քեզ, իսկոյն ընդունի՛ր իմ հոգին եւ տո՛ւր ինձ հանգիստ Քո կամքով, որովհետեւ Դու ամենակարող ես ամէն բանում"»:
Անօրէն Լիկիանոս բռնաւորը կարծելով, թէ սուրբը մեռաւ, պահապաններին հրամայեց հսկել այդ վայրը, որպէսզի ամբողջ օրն ու գիշերը մարմինը մնայ խաչի վրայ եւ չընկնի քրիստոնեաների ձեռքը: Սակայն գիշերուայ առաջին պահին Աստուծոյ հրեշտակը նահատակին իջեցրեց խաչից, ամբողջովին առողջացրեց նրա մարմինը եւ ասաց. «Ուրա՛խ եղիր եւ զօրացի՛ր, որովհետեւ Տէրը քեզ հետ էր, քեզ հետ է եւ կը լինի յաւիտեան: Ինչո՞ւ ասացիր, թէ՝ Նա, Ով զօրութիւն տուեց քեզ ամէն բանում, հեռացել է քեզնից: Եւ արդ, աւարտի՛ր քո ճգնութեան ճանապարհը, որ գնաս Քրիստոս Փրկչի մօտ ու ստանաս արդարների անապական պսակը Արքայութեան մէջ»: Այս ասելով՝ հրեշտակը երկինք վերացաւ, իսկ սուրբ Թէոդորոսը, տեսնելով վէրքերից ամբողջովին բժշկուած իր մարմինը, ձեռքերը դէպի երկինք տարածեց եւ գոհանալով Աստծուց՝ ասաց. «Փառաւորում եմ Քեզ, Աստուա՛ծ իմ եւ Թագաւո՛ր իմ, եւ օրհնում եմ Քո անունը յաւիտեանս յաւիտենից ...»: Եւ այսպէս երկարուձիգ աղօթեց:
Առաւօտեան թագաւորը կանչեց իր պատուելի իշխաններից երկուսին՝ Անտիոքոսին եւ Պատրիկոսին, ու ասաց նրանց. «Գնացէ՛ք ձեր զինուորների հետ, խաչից իջեցրէ՛ք այն խաբեբայի մարմինը, դրէ՛ք նրան կապարէ տապանի մէջ ու նետէք ծովի խորքերը, որ քրիստոնեաները յափշտակելով չպատուեն նրան՝ ըստ իրենց սովորութեան»: Արքայի հրամանով զօրագլուխները գնացին եւ դեռ չմօտեցած՝ տեսան խաչը՝ առանց սուրբ վկայի մարմնի ու զարմացան: Այնժամ Անտիոքոսը Պատրիկոսին ասաց. «Արդեօք քրիստոնեաները ճշմարիտ են ասում, թէ խաչեալ Քրիստոս երեք օր յետոյ յարութիւն առաւ, քանզի ահա ճշմարտւում է նրանց խօսքը Խաչեալի ծառայի վրայ»: Ապա Պատրիկոսը մօտեցաւ խաչին եւ տեսաւ խաչի մօտ նստած սուրբ Թէոդորոս վկային՝ ամբողջովին առողջ մարմնով ու զուարթ դէմքով, որն իր մօտ հաւաքուած բազմութեանը պատմում էր իր հետ կատարուած Աստուծոյ մեծամեծ սքանչելիքների մասին: Այնժամ երկու իշխաններն աղաղակելով ասացին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ Նրանից բացի չկայ ուրիշ աստուած»: Եւ զինուորների հետ մօտենալով սուրբին՝ ընկան նրա ոտքերը, որոնք թուով ութսուներկուսն էին ու ասացին. «Մենք եւս քրիստոնեայ եւ Քրիստոսի ծառաներ ենք: Աղաչում ենք քեզ, ընդունի՛ր մեզ, որ մինչ այժմ չէինք ճանաչում ճշմարտութեան ճանապարհը եւ մեզ համար խնդրի՛ր Արարիչ Աստծուն, որպէսզի մեզ եւս արժանացնի Իր ողորմութեան շնորհներին»:
Իմանալով այս մասին՝ թագաւորը սաստիկ բարկացաւ եւ հրամայեց Կեստով անունով բդեշխին, որ երեք հարիւր զինուորներով գնայ ու կոտորի նրանց: Եւ երբ գնացին ու Աստուծոյ տնօրինութեամբ տեսան մեծ սքանչելիքները, նրանք եւս հաւատացին Քրիստոս Աստծուն: Հաւաքուած բազմութիւնն աղաղակում էր եւ ասում. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, Նա, Ով այսպիսի սքանչելիքներ գործեց: Նա է միակ Աստուածը: Եկէք քարկոծենք անօրէն Լիկիանոսին, որովհետեւ մեր թագաւորն Աստուած է, Որին քարոզում է Թէոդորոսը»: Եւ այդ տեղում, որ գտնւում էր քաղաքից դուրս, նոր հաւատացեալների եւ հեթանոսների միջեւ խառնաշփոթութիւն ու խռովութիւն ընկաւ: Երկու թեւերին ցասումով միացան քաղաքացիներ, եւ խառնիճաղանջ ամբոխի մէջ արիւնահեղութիւն եղաւ: Այնտեղ անօրէններից մէկը, որի անունը Լէանդրոս էր, հանեց իր սուսերը եւ գնաց դէպի սուրբ Թէոդորոսը՝ սպանելու նրան: Այս տեսնելով՝ Կեստով բդեշխը մեկնեց իր ձեռքը, յետ քաշելով ազատեց սուրբին, իսկ Լէանդրոսին սպանեց: Մէկ ուրիշը հոների ցեղից, որի անունը Մերպաս էր, մտաւ ամբոխի մէջ, յարձակուեց բդեշխի վրայ եւ սրով սպանեց նրան: Երբ երանելի Թէոդորոսը տեսաւ բազմութեան խռովութիւնը, սկսեց աղաչելով հանդարտեցնել ամբոխին՝ յայտնելով, թէ արժան չէ, որ Քրիստոսի հետեւորդները խռովութիւն եւ ապստամբութիւն սիրեն, եւ պէտք է մարդկանց նուաճել ոչ թէ սրով, այլ Հոգու սիրով ու հեզութեամբ: Այնժամ հաւատացեալների բազմութիւնը սուրբի հետ մեծ ուրախութեամբ քաղաք վերադարձաւ:
Եւ մինչ անցնում էին քաղաքի միջով ու մօտեցել էին բանտի դռներին, ուր Լիկիանոսի հրամանով արգելափակուած էին բոլոր կալանաւորները՝ որպէս Թէոդորոսի ձայնակիցներ, նրանք աղաղակեցին բանտից ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, բարձրեալ Աստուծո՛յ ծառայ»: Այս լսելով՝ ժողովուրդը երանելուն ասաց. «Հրամայի՛ր, մեզ, որ կոտրենք բանտի դռները եւ ազատենք բանտարկուածներին»: Իսկ սուրբն արգելեց նրանց, մօտեցաւ բանտի դռներին, աղօթեց առ Աստուած, խաչակնքեց, եւ ահա դուռն ինքն իրեն բացուեց, եւ բանտարկուածների կապանքներն արձակուեցին: Գոհանալով Աստծուց եւ սուրբից՝ նրանք դուրս եկան ու ընկան երանելու ոտքերը: Եւ նա ասաց. «Իւրաքանչիւրդ գնացէ՛ք խաղաղութեամբ եւ ինձ համար խռովութիւն չառաջացնէք»: Այդ օրը Աստուած այլ բազում սքանչելիքներ գործեց սուրբի ձեռքով, եւ հիւանդները, ախտաժէտներն ու այսահարները բժշկուեցին նրա աղօթքներով:
Երբ անօրէն Լիկիանոսը տեսաւ, որ բազմաթիւ հելլենացիներ հեռացան աստուածների պաշտամունքից եւ հաւատացին Քրիստոսին, անելանելի դրութեան մէջ ընկաւ, որովհետեւ չէր կարող սակաւաթիւ գնդով նուաճել նրանց մեծ բազմութեանը: Ապա ամբոխից գաղտնի նշանաւոր զօրականներին ուղարկեց բանտ, որպէսզի կտրեն սուրբի գլուխը, որոնք էլ իսկոյն գալով՝ կատարեցին նրա հրամանը եւ սուսերով գլխատեցին երանելուն: Այսպէս Քրիստոսի մեծ նահատակ սուրբ Թէոդորոս Ստրատելատն աւարտեց իր կեանքի ընթացքը, որ ըստ «Ճառընտիր»-ի՝ եղաւ Տիրոջ 315 թուականի օգոստոսի քսանվեցին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թէոդորոս Ստրատելատի յիշատակի տօնակատարութիւնը նշում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի ու նրանց հետ եղողների եւ սուրբ Ելեւթիւրոս վկայի հետ:
[1] Թարգմանաբար նշանակում է «աստուածապարգեւ զօրավար»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: