Որ հրաւիրեցեր զյառաջագոյն ընտրեալսն ի սկզբանէ աշխարհի ի հարսանիսն անապական.
Կոչելով յուրախութիւն՝ ընդ բազմելոցն յառագաստին զաստուածազգեացն.
Աղաչանօք սորա կեցո զմեզ փառաց Թագաւոր:
Որ յաթոռս քերովբէականս վերանստեալ հանգչէիր Որդի Աստուծոյ.
Հաճեցար խոնարհութեամբ բառնալ ի գիրկս յորդւոց Ադամայ.
Աղաչանօք սորա կեցո զմեզ փառաց Թագաւոր:
Որ զբաժակն անմահութեան սիրոյ Քո՝ արբեալ երանելին Իգնատիոս.
Որպէս ցորեան աստուածային գազանաց մանրեալ ժանեօք հաց սուրբ գտաւ Աստուծոյ.
Աղաչանօք սորա կեցո զմեզ փառաց Թագաւոր:
(Շարակնոց)
Նախանձելի «Աստուածազգեաց» անունը, որը ստացաւ սքանչելի Իգնատիոսը, դեռեւս նրա օրերից համարւում է պարծանքի գեղեցիկ անուն: Այն ունի ներգործական նշանակութիւն, որպէս՝ աստուածակիր, աստուածազգեաց կամ աստուածազգեստ, աստուածաբեր կամ աստուածընկալ, այսինքն իր մէջ Աստուած կրող, որի խորհուրդը կարելի է տեսնել այս հոգելից անձի վկայաբանութեան ընթացքում: Իսկ եթէ քննենք ըստ կրաւորական ներգործութեան, այնժամ այլ խորհուրդ է ստուգաբանւում, ինչպէս՝ աստուածակիր կամ աստուածաբարձ՝ Աստուծոյ գրկում եղած կամ վերցուած:
Ըստ նախնեաց աւանդութեան՝ այս աստուածային Իգնատիոսն այն մանուկն է, որին Յիսուս Իր գիրկն առաւ, Իր ձեռքը դնելով՝ օրհնեց նրան եւ որպէս խոնարհութեան օրինակ ասաց Իր աշակերտներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի Արքայութիւնը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի Արքայութեան մէջ նա է մեծ: Եւ ով որ Իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, Ինձ կ՚ընդունի»[1]: Իսկ սուրբ Իգնատիոսի տօնի օրը երգում ենք. «Որ յաթոռս քերովբէականս վերանստեալ հանգչէիր Որդի Աստուծոյ, հաճեցար խոնարհութեամբ բառնալ ի գիրկս յորդւոց Ադամայ»[2]:
Արդ, ի՞նչ շնորհների հասաւ երանելի Իգնատիոսը՝ մանկուց աստուածաբարձ լինելով: Մի՞թէ նա, որի վրայ մանուկ հասակում Տէրը ձեռք դրեց, ամբողջովին աստուածազգեաց չեղաւ, երբ արբունքի հասաւ: Ուստի առաքեալները նրան ամբողջովին ձեռնադրութեան արժանի գտան երիտասարդ հասակում: Ո՞վ կարող է պատմել, թէ յետագայում նա ինչ առաւել շնորհների հասաւ: Սուրբ Ոսկեբերանը սուրբին նուիրուած ներբողում ասում է. «Երանելի առաքեալների ձեռքերը շօշափեցին այն սուրբ գլուխը ... ու վկայեցին, որ նրա մէջ կան բոլոր առաքինութիւնները», ինչը պահանջում է Պօղոս առաքեալը նրանցից, ովքեր կամենում են եպիսկոպոս դառնալ:
Սուրբ Իգնատիոսը երուսաղէմացի էր կամ էլ Պաղեստինի կողմերից, ծնուել է Քրիստոսի մկրտութիւնից փոքր-ինչ առաջ եւ մանուկ հասակից եղել է աշխարհի Փրկչի ականատեսը: Եւ ինչպէս յայտնի է եկեղեցական բոլոր պատմութիւններից, յետոյ եղել է առաքեալների՝ մանաւանդ Պետրոսի եւ Յովհաննէսի աշակերտը, եւ ասւում է, թէ եղել է սուրբ Պօղիկարպոսի աշակերտակիցը: Այս երկու առաքելական հայրերը եղել են աշխարհի լուսաւորիչներն առաքեալներից յետոյ, որոնցից էլ ձեռնադրութիւն են ստացել: Բայց, ինչպէս ասում է Ոսկեբերանը, յոյժ մեծ էր Իգնատիոսի պատիւը. նա եղաւ Ասորիքի մեծ Անտիոք քաղաքի Աթոռի առաջնորդը՝ իբրեւ հաւատքի Վէմի յաջորդը՝ յաջորդելով սուրբ Եւոդիոսին, որն Անտիոքի Աթոռը զբաղեցրել էր Կեփասից յետոյ: Իր խօսքով ու գրչով, նշաններով եւ զօրութեամբ աշակերտ է դարձրել շատերին, իր օրինակով եւ քարոզչութեամբ աստուածպաշտութեան մէջ է հաստատել մերձաւորներին, իսկ հեռաւորներին ամուր պահել իր թղթերով, որոնցից շատից քիչը պահպանուել է մինչեւ այսօր:
Աստուածազգեաց անձի առաքինի նահատակութեան մասին պատմութիւնը շրջաբերական նամակի ձեւով գրուել է Անտիոքի միաբանութեան այն անձանց ձեռքով, որոնք գործակցել են նրան Անտիոքից մինչեւ Հռոմ, իսկ վերջում նրա սուրբ նշխարները փոխադրել են նրա Աթոռ: Այդ ճշմարիտ վկայաբանութիւնը կայ վաղուց թարգմանուած մի «Ճառընտիր»-ում, որից օգտուել են նրա բոլոր վարքագիրները, ուստի մենք եւս կ՚առաջադրենք այդ նոյնը:
Տրայիանոս կայսրը, վերցնելով հռոմէական իշխանութիւնը, հալածանքներ յարուցեց եկեղեցու դէմ: Այդ ժամանակ Յովհաննէս առաքեալի եւ աւետարանչի աշակերտ Իգնատիոս եպիսկոպոսը՝ առաքելանման այրը, լինելով երրորդն առաքեալներից յետոյ եւ Եւոդիոսին յաջորդողը, հովւում էր Անտիոքի եկեղեցին: Նա՝ իբրեւ իմաստուն նաւավար, իր աղօթքների ղեկով եւ խիստ պահեցողութեամբ իր անձով անց էր կացնում Դոմետիանոս կայսեր կողմից յարուցուած շատ ալեկոծութիւններ, որովհետեւ իր վարդապետութեամբ եւ հոգեւոր գործունէութեամբ շարունակ դէմ էր կանգնում ուժգին քամիներին՝ վախենալով, որ գուցէ տկարներից եւ կարճամիտներից մէկը կորստեան մատնուի:
Երբ Ներուաս կայսեր օրօք հալածանքները փոքր-ինչ դադարեցին, Իգնատիոսն ուրախ էր, որ եկեղեցին անխռով մնաց, սակայն մտահոգւում էր, որ արժանի չեղաւ վկայական մահուան, որովհետեւ մտածում էր, որ որպէս աշակերտ՝ չի հասել Քրիստոսի սիրուն եւ կատարելութեան սահմանին: Նա մտածում էր, թէ մարտիրոսական վկայութիւնն առաւել է մօտեցնում Աստծուն, իսկ քանի դեռ եկեղեցում էր, սուրբ Գրքի վարդապետութեամբ աստուածային ճրագի նման լուսաւորում էր իւրաքանչիւր մէկին:
Ներուաս կայսրից յետոյ թագաւորեց Տրայիանոս կայսրը, որը թէպէտ սկզբում խաղաղութիւն էր պահում քրիստոնեաների հետ, սակայն իր թագաւորութեան իններորդ տարում, հպարտացած սկիւթացիների եւ թրակիացիների դէմ տարած յաղթանակով, մտածեց, թէ կատարեալ չի լինի իր յաղթանակը, եթէ Քրիստոսի հաւատացեալներին չստիպի պաշտել իր կուռքերին ու չմիաբանի նրանց այլ ազգերին: Այնուհետեւ հալածանքներ յարուցեց եւ հրամայեց բոլոր քրիստոնեաներին կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել, իսկ ինքն արշաւեց դէպի արեւելք՝ պատերազմելու:
Այնժամ Քրիստոսի առաքինի զինուոր Իգնատիոսը, հոգալով Անտիոքի եկեղեցու համար, իր անձը դրեց ժողովրդի համար, որպէսզի իր օրինակով նրանց եւս տանի նահատակութեան: Այդ նպատակով ինքնակամ գնաց-հասաւ Տրայիանոս թագաւորի մօտ, որն այդ օրերին՝ նախքան Հայաստան եւ պարթեւների երկիր գնալը, գտնւում էր Անտիոքում եւ փնտռում էր մեծ հռչակ ունեցող քրիստոնեաների առաջնորդին:
Եւ երբ նա եկաւ ու կանգնեց Տրայիանոսի եւ սինկղիտոսի առջեւ, թագաւորը հարցրեց նրան. «Չարադե՛ւ այր, ո՞վ ես դու, որ արհամարհում ես մեր հրամանները եւ ուրիշներին էլ հրապուրում ես չհնազանդուել մեր հրամաններին, որպէսզի նրանք չարաչար կորստեան մատնուեն: Դու խռովքի մատնեցիր Անտիոք քաղաքը եւ ամբողջ գաւառը, մինչեւ իսկ լսել եմ, որ բոլոր ասորիներին հեթանոսութիւնից քրիստոնէութեան ես դարձրել»: Իգնատիոսը պատասխանեց. «Աստուածազգեստ մարդուն ոչ ոք չարադեւ չի կոչում, որովհետեւ դեւերը հեռու են Աստուծոյ ծառաներից: Իսկ եթէ դեւերի մօտ ինձ չար ես կոչում, քանի որ տհաճ եմ նրանց, կը վկայեմ եւ ես»: Տրայիանոսն ասաց. «Ինչպէ՞ս կարող ես դու լինել աստուածազգեստ եւ տհաճ դեւերին: Չէ՞ որ ամբոխին քո յետեւից այդ կերպով ես ձգում»: Աստուածազգեացն ասաց. «Քանի որ Քրիստոսին ընդունել եմ որպէս երկնաւոր Թագաւոր, Նրա միջոցով էլ կը վերացնեմ դեւերի բոլոր նենգութիւններն ու չարութիւնները: Ո՛վ թագաւոր, երանի թէ կարողանայի քեզ եւս դարձնել կռապաշտութիւնից, ընծայել քեզ բոլորի Աստծուն եւ սիրելի դարձնել Քրիստոսին: Այնժամ աւելի հաստատուն կը լինէր քո իշխանութիւնը»: Տրայիանոսն ասաց. «Եթէ կամենում ես ինձ շնորհ անել եւ համարուել իմ սիրելիների թւում, փոխի՛ր կամակոր միտքդ, զո՛հ մատուցիր աստուածներին, եղի՛ր մեծ Արամազդի քահանայապետը եւ թագաւորի՛ր մեզ հետ»: Իգնատիոսն ասաց. «Այդ շնորհն արժան է անել այն մէկին, որը չի վնասում եւ պատճառ չի լինում յաւիտենական տանջանքների համար: Ինչ խոստանում ես տալ, ամենեւին պատուական չեմ համարում, իսկ թէ ով է Արամազդը, բնաւ չեմ ճանաչում եւ ոչ էլ երկրաւոր թագաւորութիւն եմ ցանկանում: Քանզի ինչ օգուտ կ՚ունենամ, եթէ շահեմ ամբողջ աշխարհը, բայց հոգիս կորցնեմ»: Տրայիանոսն ասաց. «Ինձ թւում է, թէ դու զուրկ ես խոհեմութիւնից, որի պատճառով արհամարհում ես իմ խոստումները: Ուստի եթէ աստուածներին զոհ չմատուցելով զայրացնես ինձ, բոլոր տեսակ չարաչար հարուածներով կը տանջեմ քեզ ոչ միայն որպէս անհնազանդի, այլ որպէս ապաշնորհի ու մեծ սինկղիտոսի հրամաններին ընդդիմացողի»: Իգնատիոսն ասաց. «Արա՛, ինչ կամենում ես, որովհետեւ ես զոհ չեմ մատուցելու: Եւ այս էլ իմացիր, ո՛չ հուրը, ո՛չ խաչելութիւնը, ո՛չ գազաններից երկիւղը, ո՛չ անդամներիս յօշոտումը եւ ո՛չ էլ որեւէ դժնդակ տանջանք չեն կարող համոզել ինձ ապստամբել կենդանի Աստուծոյ դէմ, որովհետեւ ես չեմ սիրում ժամանակաւոր կեանքը, այլ՝ Քրիստոսին, Ով ինձ համար մեռաւ եւ յարութիւն առաւ»: Սինկղիտոսն ասաց. «Մենք գիտենք, որ աստուածներն անմահ են, ինչո՞ւ ես ասում, թէ Քրիստոս մեռաւ»: Իգնատիոսն ասաց. «Մեր Փրկիչը մեռաւ աստուածային տնօրինութեամբ եւ երեք օր յետոյ յարութիւն առաւ, իսկ ձեր աստուածները մեռան մահկանացուների պէս եւ յարութիւն չառան: Անգամ ձեր վիպասաններն են ասում, թէ Արամազդը թաղուած է Կրետէում, Ասկլեպիոսը շանթահարուել է, Ափրոդիտէն թաղուած է Կիպրոսում, Հերակլէսը հրկիզուել է: Ձեր աստուածներն արժանի են այդ պատիժներին, որովհետեւ սուտ, չարագործ դեւեր են եւ ապականում են մարդկանց: Իսկ մեր Տէր Յիսուս Քրիստոս թէպէտ խաչուեց եւ մեռաւ, սակայն Իր յարութեամբ ցոյց տուեց Իր զօրութիւնը: Նախքան Նրա խաչելութիւնը դեւերը զարհուրած խոստովանում էին, թէ Նա Կենդանի Աստուծոյ Որդին է, եւ Նրա առջեւ ընկած աղաչում էին Նրան, որ վախճանից առաջ չտանջի իրենց: Նա մեռելներին յարութիւն էր տալիս միայն հրամայելով, ու նաեւ դժոխքն էր սարսափում Նրանից: Եւ երբ Նա մեռաւ խաչի վրայ, մարմնով իջաւ դժոխք ու արձակեց յաւիտենից բռնուած հոգիներին: Եւ ի՞նչ ասեմ, ժամանակը չի հերիքի պատմել Նրա սքանչելագործութիւնների մասին, քանզի Նա հալածում էր դեւերին, մաքրում բորոտներին, քայլեցնում անդամալոյծներին, տեսնել տալիս կոյրերին, առողջացնում խեղանդամներին ու կաղերին: Եւ այդ ամէնն անելով՝ անգամ արժանի չհամարեց ասել ախտին, թէ թո՛ղ այդ ախտաւորին, որին կապել ես, այլ անդամալոյծին ասաց. "Վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛", ի ծնէ կոյրի աչքերը կաւով ծեփելով՝ կաւը ծառայեցնում էր աչքերի լուսաւորութեան համար, իսկ Իր յարութիւնից յետոյ նրանց, ովքեր չհաւատացին Իրեն, պատուհասեց հռոմեացիներիդ տէրութեան ձեռքով: Եւ դարձեալ, ձեր աստուածները՝ իբրեւ չարագործներ, դատապարտուեցին մէկ ճշմարիտ Աստուծոյ կողմից, իսկ մեր Տէրը չարչարուեց չար մարդկանց կողմից, որոնք չէին համբերում Նրա յանդիմանութիւններին եւ Նրանից ստացած ամէն բարիքներով հանդերձ՝ ապաշնորհ գտնուեցին Տուողի հանդէպ»: Տրայիանոսն ասաց. «Յորդորում եմ քեզ փախչել մահից եւ գնալ դէպի կեանքը»: Իգնատիոսն ասաց. «Լա՛ւ ես խրատում, ո՛վ թագաւոր, որովհետեւ ես փախչում եմ յաւիտենական մահից եւ գնում դէպի մշտնջենաւոր կեանքը»: Տրայիանոսը հարցրեց. «Քանի՞սն է մահը»: Իգնատիոսը պատասխանեց. «Երկուսը, մէկը՝ ժամանակաւոր, միւսը՝ մշտնջենաւոր»: Տրայիանոսն ասաց. «Այստեղ չես եկել լեզու թափելու, զո՛հ մատուցիր աստուածներին եւ ազատուի՛ր տանջանքներից, քանզի դու մեր ծերակոյտից լաւը չես»: Իգնատիոսն ասաց. «Ո՞ր աստուածներին զոհ մատուցեմ, Արեսի՞ն, որը շնութեան պատճառով տասներեք ամիս պղնձի կապանքներով փակուած էր կարասի մէջ, թէ՞ Պոսիդոնին, որը շեղուելով աստուածանալու բաղձանքից՝ գերուեց կնոջով, որին առաւ տիտանացիներից, շինեց Իլիոնի պարիսպները, բայց Տրոյիայի թագաւորը հրաժարուեց հատուցել նրան: Թողնենք միւսներին: Ես ամաչում եմ անգամ մարդ կոչել նրանց, ուր մնաց թէ աստուածներ, այլ արծուի, կարապի եւ վիշապի պատկերներով կերպարանուած կախարդներ ու երեխաներին ապականողներ, որոնց արժան է գարշել ու ոչ թէ երկրպագել»: Տրայիանոսն ասաց. «Քանի որ ես չտանջեցի քեզ, պատճառ եղայ, որ դու անարգես աստուածներին»: Իգնատիոսն ասաց. «Ես սկզբից եւեթ ասացի քեզ, որ պատրաստ եմ բոլոր տեսակ տանջանքների եւ ամէն տեսակ մահուան, որովհետեւ շտապում եմ գնալ առ Աստուած»: Տրայիանոսն ասաց. «Երդւում եմ աստուածներով, որ եթէ զոհ չմատուցես, յետոյ կը զղջաս: Նախքան չարչարանքների ենթարկուելը խնայի՛ր քեզ»: Իգնատիոսն ասաց. «Եթէ ինձ չխնայէի, կ՚անէի, ինչ որ հրամայեցիր»:
Տրայիանոսը բարկանալով հրամայեց կապարէ գնդերով հարուածել նրա թիկունքին, եւ ատեանի սպասաւորներն իսկոյն կատարեցին հրամայուածը: Սուրբը տանջանքների մէջ ասում էր. «Ո՛վ թագաւոր, դու մեծացրիր իմ փափագը, որ ունէի իմ Տիրոջ հանդէպ»: Այնժամ Տրայիանոս հրամայեց. «Երկաթէ ճանկերով քերէ՛ք դրա կողերը եւ շփէ՛ք աղով»: Իսկ երանելի Իգնատիոսը, արիաբար կրելով եւ այդ, ասաց. «Իմ միտքն ամբողջովին առ Աստուած է, եւ քո տանջանքներին բնաւ ուշադրութիւն չեմ դարձնում»: Տրայիանոսն ասաց. «Զո՛հ մատուցիր աստուածներին, որովհետեւ այդ խօսքերդ քեզ ոչ մի օգուտ չեն բերի»: Իգնատիոսը պատասխանեց. «Ես էլ ասացի, որ զոհ չեմ մատուցի եւ չեմ հեռանայ իմ միակ Աստծուց, Ով արարեց երկինքն ու երկիրը, ծովը եւ ամէն բան, որ կայ նրանցում, եւ Ով իշխանութիւն ունի բոլոր մարմինների վրայ»: Տրայիանոսն ասաց. «Ո՞վ է արգելում քեզ, որ պաշտես Նրան, եթէ արդարեւ ճշմարիտ Աստուած է, ու միաժամանակ պաշտես եւ սրանց, որոնց բոլորն աստուածներ են խոստովանում»: Իգնատիոսն ասաց. «Եթէ բնական գիտութիւնը յստակ է մարդու մէջ, նա չի կարող ճշմարտութիւնը համեմատել ստութեան հետ, լոյսը՝ խաւարի հետ, քաղցրը՝ դառնութեան հետ: Իսկ ովքեր սրանք միմեանցից չեն տարբերում, վերջում նրանց ողբ ու ցաւ է սպասւում: Ի՞նչ համեմատութիւն կայ Քրիստոսի եւ Բելիարի միջեւ, կամ ինչ ընդհանրութիւն կայ հաւատացեալի ու անհաւատի կամ Աստուծոյ տաճարի եւ կուռքերի միջեւ: Ո՛վ թագաւոր, կամենո՞ւմ ես, որ քեզ ճշմարիտ խօսք ասեմ, որը կը համոզի քեզ, թէ արդարեւ տանջանքի ենթակայ է նա, ով թողնում է ճշմարիտ Աստծուն եւ փախչում չաստուածների մօտ: Եթէ քո զօրականներից մէկն ապստամբէր քո թագաւորութեան դէմ ու ուրիշի մօտ գնալով՝ նրան թագաւոր կոչէր, արդեօք ի՞նչ կանէիր այդպիսի մէկին: Չէ՞ որ կը ջանայիր կորստեան մատնել թէ՛ նրան, թէ՛ այն միւսին, որին հակառակ քեզ թագաւոր կոչեց՝ թողնելով քեզ»: Տրայիանոսն ասաց. «Այդ ճշմարիտ է»: Իգնատիոսն ասաց. «Իսկ այժմ ինչո՞ւ ես ստիպում ինձ զոհ մատուցել աստուածներին: Չէ՞ որ այդպէս անելով ճշմարիտն Աստուած կը պատժի քեզ, սակայն առաւել կը տանջի ինձ, եթէ լսեմ քեզ»: Այնժամ Տրայիանոսը հրամայեց. «Տարածէ՛ք դրա ձեռքերը եւ ամբողջովին այրէ՛ք ու խանձատէ՛ք»: Իսկ երանելին ասաց. «Ո՛չ այրող հուրը, ո՛չ գազանների ժանիքները եւ ո՛չ էլ սատանայի բռնութիւնը չեն կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց»: Տրայիանոսը դարձեալ հրամայեց. «Շամբի ի՛ւղ քսէք եւ խարշատէ՛ք դրա կողերը»: Քրիստոսի քաջ նահատակ Իգնատիոսն ասաց. «Կարծում եմ, որ մոլորուած ես, ո՛վ թագաւոր, եւ չգիտես, որ Աստուած, Ով կենդանի է իմ մէջ, ինձ ուժ է տալիս եւ զօրացնում հոգիս, այլապէս ես չէի կարող համբերել քո տանջանքներին»: Տրայիանոսն ասաց. «Կարծես թէ երկաթից ես եւ քարի պէս պինդ, հակառակ դէպքում տանջանքներից մորմոքուելով՝ կը հնազանդուէիր ու զոհ կը մատուցէիր աստուածներին»: Իգնատիոսն ասաց. «Ոչ թէ չեմ զգում եւ դիմանում եմ տանջանքներին, այլ Աստուծոյ սիրոյ համար եւ հանդերձեալ բարիքների յոյսով թեթեւ եմ համարում ցաւերը: Ո՛չ կիզիչ հուրը եւ ո՛չ էլ ողողիչ ջուրը երբէք չեն կարող մարել իմ սէրը, որ ունեմ առ Աստուած»: Ապա Տրայիանոսը հրամայեց. «Բերէ՛ք կրակ եւ փայտ, այրէ՛ք ու կրակի կայծեր տարածէք Իգնատիոսի վրայ, որ թերեւս հնազանդուի մեր հրամաններին ու զոհ մատուցի աստուածներին»: Իգնատիոսն ասաց. «Քո հանգչող կրակն ինձ ճանաչել է տալիս անշէջ հուրը եւ յիշեցնում է ինձ չմատնուել դրան»: Տրայիանոսն ասաց. «Կարծում եմ, որ կախարդ ես, եւ այդ պատճառով ես արհամարհում տանջանքները, այլապէս եթէ լսէիր մեզ, մի՞թէ այդքան կը չարչարուէիր մեր կողմից»: Իգնատիոսն ասաց. «Ովքեր փախչում են դեւերից՝ իբրեւ Աստուծոյ թշնամիներից, եւ կուռքերին գարշելի են համարում, ինչպէ՞ս կարող են կախարդներ լինել: Ուստի ոչ թէ մենք, այլ դուք, որ պաշտում էք դրանց, արժանի էք այդպիսի անարգանքների: Ոչ թէ ես եմ կախարդ, այդ դուք՝ դեւերին երկրպագողներդ»: Տրայիանոսն ասաց. «Իգնատիո՛ս, երդւում եմ աստուածներով, որ յոգնեցի քեզնից: Ես չգիտեմ, թէ այլ ինչ տանջանքներով խոշտանգեմ քեզ, որ հնազանդուես իմ հրամաններին»: Սուրբ Իգնատիոսը պատասխանեց. «Մի՛ չարչարուիր, ո՛վ թագաւոր, եթէ կամենում ես, մատնիր հրին, կա՛մ սրի քաշիր, կա՛մ անդունդները նետիր, կա՛մ գազանների առաջ գցիր, որ իմանաս, թէ դրանցից որեւէ մէկն ինձ դժնդակ չի թուայ յանուն Աստուծոյ սիրոյ»: Թագաւորը զարմացաւ եւ ասաց. «Իգնատիո՛ս, մեռնելով չարչարանքների մէջ եւ համբերելով, ի՞նչ ակնկալիք ունես»: Իգնատիոսն ասաց. «Ովքեր չեն ճանաչում Աստծուն եւ չեն սպասում այն բարիքներին, որ Աստուած պատրաստել է աստուածապաշտների համար, այդպիսինն անբան անասունի պէս համարում է, թէ միայն այստեղ են գոյութիւն ունենում, որի համար վախճանից յետոյ ոչ մի լաւ բան չեն ակնկալում: Իսկ մենք, որ ընդունում ենք աստուածապաշտութիւնը, հաւատում ենք եւ քաջ գիտենք, որ վախճանից յետոյ յարութիւն առնելով՝ ընդունելու ենք անսպառ եւ անանց յաւիտենական կեանքը Յիսուս Քրիստոսով, որտեղից մերժուած են ցաւերը, տրտմութիւնները եւ հեծութիւնները»: Տրայիանոսն ասաց. «Ես կը վերացնեմ ձեր պաշտամունքը եւ հերձուածը, կ՚ուսուցանեմ սթափուել եւ չհակառակուել հռոմէացիների հրամաններին»: Իգնատիոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է վերացնել Աստուծոյ շինածը, որովհետեւ եթէ մէկն այդ ձեռնարկի, ոչինչ չի կարողանայ անել, այլ միայն աստուածամարտ կը լինի: Իսկ քրիստոնէութիւնը ոչ միայն չի վերանում, այլեւ Քրիստոսի զօրութեամբ օրէցօր աճում, տարածւում եւ ճառագայթներով լուսաւորուած՝ նոյնպիսի պայծառութեամբ ու պարկեշտութեամբ աւելի ու աւելի առաջ է գալիս, քանզի սուրբ Գիրքն ասում է. "Ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը"[3]: Իսկ դու, ո՛վ թագաւոր, ճիշտ չես անում, երբ քրիստոնէութիւնը հերձուած ես կոչում, որովհետեւ քրիստոնէութիւնն ուսմունք է ճշմարիտ Աստուծոյ, Նրա Միածին Որդու, Նրա անճառելի մարդեղութեան ու ճշմարիտ բարի խորհուրդների մասին: Մեզնից ո՞վ է ճանաչուած որպէս պատերազմասէր, խռովամիտ, անհնազանդ իշխանութիւններին եւ պետութիւններին, եթէ հնազանդութիւնը չի վնասում եւ հակառակ չէ Աստծուն: Մեր միաբանութիւնն ապրում է խաղաղութեամբ եւ միմեանց հանդէպ սիրով, մարմնաւոր տէրերին աստուածապաշտութեամբ հպատակուելով: Իւրաքանչիւրին հատուցում ենք պարտքերը, որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը: Ջանում ենք ոչ ոքի պարտք չմնալ, բացի միմեանց սիրելուց, որովհետեւ մեր Տէրը սովորեցրել է սիրել ոչ միայն մերձաւորներին, այլեւ թշնամիներին, բարիք անել մեզ ատողներին ու աղօթել մեզ նեղողների եւ հալածողների համար: Դէ ասա՛, ինչո՞վ է մեր կարգն ընդդիմացել քեզ, երբ սկսեց քարոզուել քրիստոնէութիւնը, մի՞թէ որեւէ չար բան եղաւ, կամ մի՞թէ հռոմէացիներից պատերազմ եղաւ, կամ էլ շատ իշխանութիւններ մի իշխանութիւն դարձան: Օգոստոսը, որ քեզնից առաջ էր, նրա օրօք ծնուեց մեր Փրկիչը, Կոյսից մարդ եղաւ, Ով ի սկզբանէ Բանն Աստուած էր: Մի՞թէ նա յիսունվեց տարի եւ վեց ամիս միահեծան տէրութեամբ չզբաղեցրեց հռոմէացիների իշխանութիւնը, ինչպիսին նրանից առաջ ոչ ոք չի եղել: Չէ՞ որ բոլոր ազգերը հնազանդուեցին նրան: Իսկ երբ ազգերն առանձնացած էին եւ ատում էին միմեանց, վերացաւ մեր Փրկչի գալստեամբ»: Սինկղիտոսն ասաց. «Այո՛, Իգնատիո՛ս, այդպէս է, ինչպէս որ ասացիր, սակայն ես բարկանում եմ այն բանի համար, որ ձեր Քրիստոսը վերացրեց մեր աստուածների պաշտամունքը»: Իգնատիոսն ասաց. «Ո՛վ պայծառ եւ փառաւոր ծերակոյտ, ինչպէս որ մեր Տէրը հնազանդեցրեց հռոմէական իշխանութեան բարբարոսների բռնութիւնը, որին աստուածային խօսքերը երկաթէ գաւազան են կոչում, այդպէս էլ մարդկանց միջից հալածեց դեւերի չար եւ մոլեկան բռնութիւնը, վերացրեց կռապաշտութեան մոլորութիւնը՝ հրամայելով պաշտել միմիայն Մէկին՝ բոլորի Աստծուն: Եւ ոչ միայն, նաեւ դառը ծառայութիւնից ազատեց արիւնարբու եւ անողորմ չար ոգիներին, որովհետեւ դեւերը պարծենում էին ձեր սիրելի որդիների մահով: Դէ ասացէ՛ք, մի՞թէ նչանք չէին շաղախում ձեզ ազգային պատերազմով, մի՞թէ արեամբ չէին շաղախում երկիրը եւ մշտապէս պղծութեամբ պղտորում բոլոր հոգիներին: Դէ հարցրէ՛ք սկիւթացիներին, մի՞թէ Արտեմիսին կոյս չէիք զոհաբերում: Թերեւս դուք ուրանաք՝ ամաչելով այն կոյսի համար, որին զոհաբերեցիք Կռոնոսին: Այժմ հելլենացիները եւս պարծենում են այսպիսի պղծութիւնների եւ մարդկային զոհաբերութիւնների համար, որոնք բարբարոսներից են սովորել»: Այնժամ Տրայիանոսն ասաց. «Երդւում եմ աստուածներով, որ զարմանում եմ քո մեծ գիտութեան վրայ, թէպէտ չեմ գովում քո այդ կրօնը»: Իգնատիոսն ասաց. «Ինչո՞ւմ ես դատապարտում մեր պաշտամունքը»: Տրայիանոսն ասաց. «Արեգակը, որ տէր է, դուք չէք երկրպագում եւ ոչ էլ լուսնին էք երկրպագում, որ խնամում է ամէն բան»: Իգնատիոսը պատասխանեց. «Ո՞վ է կամենում երկրպագել արարածներին, որոնք ենթակայ են փոփոխութիւնների, քանզի Արարիչն արեգակին ու լուսնին երկրի վրայ ծագել տուեց եւ ոչ թէ մարդկանց կողմից երկրպագուել: Նրանք կարգուեցին ծնունդներին եւ պտուղներին ջերմացնելու, ցերեկը պայծառացնելու ու գիշերը լուսաւորելու համար, իսկ երկնքի աստղերը կարգուեցին նշանների, ժամանակների եւ ժամանակամիջոցների, նաեւ ծովում նաւորդների մխիթարութեան համար: Երկրպագութեան արժանի չէ ո՛չ ջուրը, որին Պոսեյդոն էք կոչում, ո՛չ հուրը, որին Հեփեստոս էք կոչում, ո՛չ օդը, որին Հերա էք անուանում եւ ո՛չ էլ երկիրը, որին Դեմետր էք կոչում: Այս ամէնը թէպէտ կարգուեցին մեզ խնամարկելու համար, սակայն ապականացու են եւ անշունչ»: Տրայիանոսն ասաց. «Մի՞թէ սկզբում ճիշտ չասացի, թէ այդ դու ես հրապուրում բոլոր արեւելցիներին չպաշտել աստուածներին»: Իգնատիոսն ասաց. «Բարկանո՞ւմ ես, ո՛վ թագաւոր, որ խրատում ենք չերկրպագել անշունչներին ու չպաշտել դրանց, այլ՝ ճշմարիտ կենդանի Աստծուն՝ երկնքի ու երկրի Արարչին, Նրա Միածնին՝ Յիսուս Քրիստոսին ու Սուրբ Հոգուն: Քանզի միայն այս է ճշմարիտ ճանաչողութիւնը, որը պահում եւ խոստովանում է ճշմարիտ ուսմունքը: Եւ այսպիսի բարեպաշտ հաւատքով է պարարւում ու հարստանում մեր վարդապետութիւնը: Իսկ հեթանոսների բազմաստուած անաստուածութիւնը դիւրագայթ է ու առանց վկայութեան, տարուբերուած բոլոր կողմերից, ոչնչի վրայ անհաստատ կանգնած ու որպէս ուսմունք շրջում է մոլորուած եւ առանց յանդիմանութեան: Մի՞թէ սուտ չէ ձեր այն խօսքը, որ ասում էիք, թէ տասներկու աստուածներն կան բոլորի պահպանութեան համար, բայց յետոյ ենթադրում էք, թէ դրանցից աւելի շատերը կան»: Տրայիանոսը լցուեց սրտմտութեամբ եւ ասաց. «Այլեւս թոյլ չեմ տայ, որ այդպէս խօսես եւ չեմ համբերի քո ամբարտաւանութեանը, որովհետեւ յոյժ անարգում ես մեզ՝ կամենալով յաղթել ճարտասանութեամբ: Արդ, բաւական է խօսես մեր մասին, այսուհետեւ զո՛հ մատուցիր, այլապէս դարձեալ կը տանջեմ քեզ, իսկ յետոյ գազանների առաջ կը գցեմ»: Իգնատիոսն ասաց. «Որքա՞ն պիտի սպառնաս ու չկատարես, ինչ խոստանում ես: Ես քրիստոնեայ եմ եւ զոհ չեմ մատուցի չար դեւերին, որովհետեւ երկրպագում եմ միակ ճշմարիտ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը, Ով ինձ շնորհեց Իր լոյս գիտութիւնը եւ բացեց իմ աչքերը՝ տեսնելու Իր սքանչելիքները: Ես միայն Նրան եմ պաշտում ու պատւում, որովհետեւ Նա է միայն Աստուած, Տէր եւ հզօր Թագաւոր»: Տրայիանոսն ասաց. «Եթէ չզղջաս, հրեղէն պատգարակներով կ՚այրեմ քեզ»: Իգնատիոսն ասաց. «Ո՛վ թագաւոր, բարի է այն զղջումը, երբ լինում է չար գործերի համար, իսկ բարի գործերի համար զղջումը ենթակայ է դատաստանի, որովհետեւ պատուէր ունենք ընթանալ դէպի աւելի լաւը, ոչ թէ վատթարը»:
Այնժամ Տրայիանոսը հրամայեց դահիճներին. «Երկաթէ ճանկերով քերէ՛ք դրա կողերը եւ ասացէ՛ք դրան, որ հնազանդուի ինքնակալ թագաւորին եւ զոհ մատուցի՝ ըստ սինկղիտոսի հրամանի»: Իսկ երանելի Իգնատիոսն ասաց. «Ես երկնչում եմ Աստուծոյ հրամանից, Ով ասաց. "Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար"[4] եւ "Ով որ կուռքերին զոհ կը մատուցի, թող մահապատժի ենթարկուի"[5]: Ես չեմ լսի ու չեմ հնազանդուի սինկղիտոսին եւ թագաւորին, եթէ նրանք ինձ հրամայեն խախտել օրէնքը, որովհետեւ մեր օրէնքն ասում է՝ եթէ նախապատւութիւն չտաս մեծամասնութեանը, շատերի հետ չարիքի մէջ չես ընկնի»:
Թագաւորը դարձեալ հրամայեց. «Քացախ ու աղ լցրէք դրա վէրքերի վրայ»: Իսկ սուրբ վկան ասաց. «Ամէն բան, որ ինձ լինում է Քրիստոսին խոստովանելու համար, գիտեմ, որ վարձքի առիթ պիտի լինի: Այժմեան չարչարանքները չարժեն այն հանդերձեալ փառքին, որ յայտնուելու են մեզ»: Տրայիանոսն ասաց. «Խնայի՛ր քեզ եւ հնազանդուի՛ր մեր հրամաններին, այլապէս աւելի դաժան չարչարանքներով կը տանջեմ քեզ»: Իգնատիոսն ասաց. «Ո՞վ կը հեռացնի ինձ Քրիստոսի սիրուց. նեղութի՞ւնը, անձկութի՞ւնը, հալածա՞նքը, թէ՞ սովը կամ սուրը, վշտերն ու մերկութիւնը: Վստահելով իմ Տիրոջ զօրութեանը՝ հաւատում եմ, որ ո՛չ կեանքը եւ ո՛չ էլ մահը չեն կարող հեռացնել մեզ աստուածապաշտութիւնից»: Թագաւորն ասաց. «Կարծում ես, թէ կը յաղթե՞ս ինձ քո ժուժկալութեամբ»: Աստուածազգեացն ասաց. «Ես ոչ թէ կարծում, այլ հաւատում եմ, որ յաղթեցի եւ պիտի յաղթեմ, որ իմանաս, թէ ինչ կայ բարեպաշտութեան եւ անօրէնութեան միջեւ»: Այնժամ թագաւորն ասաց. «Վերցրէ՛ք դրան, շղթայէ՛ք, ոտքերն ամրացրէ՛ք կոճղի մէջ եւ հսկողութեամբ պահէ՛ք բանտի խորքերում: Ու թող ոչ ոք չհամարձակուի տեսակցել դրան: Թող երեք օր ու երեք գիշեր ոչինչ չուտի եւ ջուր չխմի, որպէսզի երեք օր յետոյ վրէժ առնեմ դրանից, որին արժանի է»: Սինկղիտոսն ասաց. «Մենք եւս համախոհ ենք քեզ, որովհետեւ նա անարգեց մեզ բոլորիս եւ թագաւորին ու չհնազանդուեց մեր հրամաններին, այլեւ հակառակուեց մեզ՝ իրեն քրիստոնեայ կոչելով»: Երբ տանում էին երանելի հայրապետին, նա ասում էր. «Օրհնեա՛լ է Աստուած՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ Իր մեծ գթութեամբ արժանացրեց ինձ հաղորդակից լինել Քրիստոսի չարչարանքներին եւ լինել Իր ճշմարիտ Աստուածութեան հաւատարիմ վկան»:
Երրորդ օրը Տրայիանոսը, որը շտապում էր Հայաստան եւ պարթեւների երկիր գնալ, կանչեց սինկղիտոսին եւ հրամայեց ատեանի առաջ բերել Իգնատիոսին, որպէսզի նրա համար արձակէր մահաբեր վճիռը: Երբ սուրբին բերեցին, Տրայիանոսը նրան ասաց. «Ես զարմանում եմ քեզ հետ կատարուածի համար, թէ ինչպէ՞ս ողջ մնացիր այդքան տանջանքներից եւ սովից յետոյ: Գոնէ այժմ հնազանդուիր ինձ, որ թերեւս փրկուես առաջիկայ պատժից եւ այսուհետեւ լինես մեր սիրելին»: Իգնատիոս Աստուածազգեացը պատասխանեց եւ աներկիւղ համարձակութեամբ թագաւորին ասաց. «Ինձ թւում է, թէ դու մարդու կերպարանք, բայց աղուեսի բնոյթ ունես, որը քսմսւում է պոչով եւ դաւ է նիւթում սրտով: Դու ինչ-որ մարդասէր խօսքեր ես ստեղծաբանում իմ ականջին, բայց ներքուստ ոչ մի լաւ բան չես խորհում: Այժմ լսի՛ր ինձ, յայտնապէս ասում եմ, որ այսուհետեւ ես հոգ չեմ տանում ո՛չ մահուան եւ ո՛չ էլ այս կեանքի համար, այլ ցանկանում եմ արժանանալ Յիսուս Քրիստոսի սիրուն»: Տրայիանոսն ասաց. «Պոնտացի Պիղատոսի օրօք եղած Խաչեալի մասի՞ն ես ասում»: Իգնատիոսը պատասխանեց. «Ասում եմ Նրա մասին, Ով խաչեց մեղքերը եւ դրանց սկզբնապատճառին, դատապարտեց չար դեւերին եւ հնազանդեցրեց բոլոր նրանց ոտքերի ներքոյ, որոնց սրտերում Քրիստոս է բնակւում»: Տրայիանոսը հարցրեց. «Այժմ դու քեզ հետ կրո՞ւմ ես Քրիստոսին»: Իգնատիոսն պատասխանեց. «Այո՛, որովհետեւ գրուած է, թէ պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով»: Այնժամ բարկացած Տրայիանոսն արձակեց վճիռը եւ ասաց. «Հրամայում ենք, որ Իգնատիոսը, որն իր մէջ կրում է Քրիստոսին, կապուի եւ զինուորների ձեռքով տարուի Հռոմ մեծ քաղաքը, որպէսզի այնտեղ բազմութեան առաջ կերակուր դառնայ գազաններին»: Լսելով այս վճիռը՝ սուրբը մեծ ուրախութեամբ աղաղակեց եւ ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, որ Քո կատարեալ սիրով ինձ արժանացրիր Պօղոս առաքեալի պատուին, քանզի ես եւս կապւում եմ նոյնպիսի երկաթէ կապանքներով»: Այս ասելով՝ նա մեծ ուրախութեամբ շղթաներն իր վրայ էր գցում: Նա նախ աղօթեց եկեղեցու համար, որին արտասուքներով յանձնեց Տիրոջը: Իբրեւ աչքի ընկնող խոյ եւ գեղեցիկ հօտի առաջնորդ՝ յափշտակուեց գազանաբարոյ եւ դժնդակ զինուորների՝ իբրեւ գայլերի կողմից, որպէսզի տարուի մեծ Հռոմ քաղաք՝ յօշոտուելու գազաններից: Այնուհետեւ չարչարանքների մէջ մեծ յօժարութեամբ եւ ուրախութեամբ Անտիոքից իջաւ Սելեւկիա, որտեղից նաւեց ու մեծ տառապանքներով հասաւ Զմիւռնիա եւ ուրախութեամբ շտապեց Զմիւռնիայի եպիսկոպոս սուրբ Պօղիկարպոսի մօտ, որի հետ աշակերտել էին սուրբ Յովհաննէս առաքեալին:
Հանդիպելով նրան եւ նրա հետ հաղորդուելով հոգեւոր շնորհներին՝ սուրբը պարծեցաւ իր շղթաներով եւ աղաչեց Պօղիկարպոսին աղօթքներով ճգնակից լինել իր կապանքներին, որպէսզի կատարուի իր փափագը, եւ նոյնը խնդրեց անել բոլոր եկեղեցիներին: Այնուհետեւ եպիսկոպոսների, երէցների եւ սարկաւագների միջոցով ասիական եկեղեցիները եւս ընդունեցին նրան: Բոլորը շտապում էին տեսնել նրան, որ թերեւս նրանից հոգեւոր շնորհներ առնէին, իսկ նա դարձեալ աղաչում էր բոլորին, մանաւանդ իր ուսումնակից սուրբ Պօղիկարպոսին, որ աղօթեն բոլորով հանդերձ, որպէսզի գազանների միջոցով աշխարհից վերանալով՝ երեւայ Քրիստոսի առաջ: Եւ երբ տեսնում էր, որ իրեն ընդառաջ եկողները մեծ գթալից սիրով փարւում էին իրեն, երկնչում էր, որ գուցէ նրանց սիրալիր մեծ գութից վերանան իր ջանքն ու յօժարութիւնը, որ ունէր ի Քրիստոս: Նրա առջեւ բացուել էր մարտիրոսութեան դուռը, եւ նա երկիւղ էր կրում, որ հաւատացեալներից աղաչաւորներ կը գնան հեթանոսների մօտ՝ իրեն փրկելու խնդրանքով: Եւ այս կասկածը նա առաւել ունէր Հռոմի եկեղեցու համար, ուր պատրաստւում էր գնալ եւ նահատակուել: Այդ պատճառով նախապէս Զմիւռնիայից թուղթ գրեց հռոմէացիներին՝ աղաչելով բոլորին, որ ոչ ոք չխոչընդոտի իր բարի նպատակին: Եւ այդ թղթի օրինակը հետեւեալն էր.
«Իգնատիոսը, որ նաեւ Աստուածազգեաց է կոչւում, Յիսուս Քրիստոսի՝ Հօր Որդու անունով ողջոյն է տալիս սիրելի եկեղեցուդ, որը մեծ ողորմութիւն է գտել բարձրեալ Հօր եւ Նրա Միածին Որդու՝ Յիսուս Քրիստոսից, եւ լուսաւորուած է Նրա կամքով, Ով կամենում է այն ամէնը, ինչ լինում է հաւատով եւ մեր Աստուծոյ՝ Յիսոս Քրիստոսի սիրով: Այն նախապատիւ բազմած է հռոմէացիներիդ մօտ՝ արժանի Աստծուն, արժանի վայելչութեանը, երանութեանը, գովութեանը, ցանկութիւնների կատարմանը, սրբութեանը եւ սիրոյ առաջնորդ է՝ հիմնուած է Քրիստոսի օրէնքի վրայ եւ զարդարուած Հօր անունով:
Մեր Աստուծով՝ Տէր Յիսուս Քրիստոսով, մեծագոյն ուրախութիւն եմ մաղթում հոգով եւ մարմնով Նրա բոլոր պատուիրաններին հնազանդ հաւատացեալներին, անկասկած Աստուծոյ շնորհով լցուածներին եւ բոլոր օտար բաներից մաքրուածներին:
Աղօթելով առ Աստուած՝ ես հասայ իմ խնդրանքին՝ տեսնելու ձեր արժանատես երեսները, եւ որչափ խնդրեցի, ստացայ առաւելը: Քանզի շղթայուած լինելով Յիսուս Քրիստոսի համար յուսով եմ, որ ողջոյն կը տամ ձեզ, եթէ Տիրոջ կամքով արժանանամ հասնել նպատակին: Սկիզբս յոյժ յաջողակ է, եթէ միայն վախճանին եւս արժանանամ շնորհներին եւ անխոչընդոտ ժառանգութիւն առնեմ, սակայն վախենում եմ ձեր սիրուց, որ գուցէ այն ինձ վնաս պատճառի: Ձեզ համար դիւրին է ստանալ այն, ինչ կամենում էք, բայց ինձ համար դժուար է հասնել Աստծուն, եթէ դուք այժմ խղճաք ինձ:
Չեմ կամենում, որ դուք հաճելի լինէք մարդկանց, այլ Աստծուն, ինչպէս որ կաք, քանզի Աստծուն հանդիպելու այսպիսի հնարաւորութիւն ես չեմ ունենայ, իսկ դուք, եթէ լռէք, առաւել բարի գործ արած կը լինէք: Եթէ դուք լռէք, ես Աստուծոյ խօսք կը լինեմ, իսկ եթէ սիրէք միայն իմ մարմինը, սոսկ ձայն կը լինեմ: Դուք չէք կարող աւելի մեծ շնորհ անել ինձ, քան այն, որ ես զոհաբերուեմ, յատկապէս որ զոհասեղանը պատրաստ է:
Երբ դուք հաւաքուէք սիրով, գոհութիւն յայտնէք Հօրը Յիսուս Քրիստոսի միջոցով՝ ասելով, որ Աստուած արեւելքից կանչեց Ասորիքի մի եպիսկոպոսի եւ արժանացրեց նրան լինել արեւմուտքում: Ինձ համար բարի է հեռանալ այս աշխարհից, մտնել առ Աստուած եւ Նրանով ծագել կեանքի համար:
Դուք երբէք չէք նախանձել մեզ, այլ ուսուցանում էք նաեւ ուրիշներին: Եւ այժմ կամենում եմ հաստատել ձեր մէջ ձեր սովորածը, որը պատուիրում էք ուրիշներին: Միայն աղօթէ՛ք ինձ համար՝ խնդրելով զօրութիւն թէ՛ ներքուստ եւ թէ՛ արտաքուստ, որպէսզի ոչ միայն խօսեմ, այլեւ կամենամ, ոչ միայն քրիստոնեայ կոչուեմ, այլեւ լինեմ, որովհետեւ եթէ լինեմ այդպիսին, ապա կարող եմ նաեւ կոչուել: Իսկ հաւատարիմ քրիստոնեայ կը լինեմ այնժամ, երբ չերեւամ աշխարհի վրայ:
Չկայ երեւացող բան, որ բարի լինի, քանզի մեր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, այժմ, երբ Հօր մօտ է, առաւել յայտնի է: Այս գործն ընդունայն չէ, այլ քրիստոնէութիւնը մեծ է այնժամ, երբ աշխարհն ատում է այն:
Ես գրում եմ բոլոր եկեղեցիներին եւ բոլորին պատուիրում եմ, որ ես յօժարութեամբ եմ մեռնում Աստուծոյ համար, եթէ միայն ինձ չխանգարէք: Աղաչում եմ ձեզ, որ իմ հանդէպ անպատեհ բարի կամք չցուցաբերէք: Թո՛յլ տուէք կերակուր լինել գազանների համար եւ նրանց միջոցով հասնել Աստծուն: Ես Աստուծոյ ցորենահատիկ եմ եւ պիտի աղացուեմ վայրի գազանների ժանիքների տակ, որպէսզի Քրիստոսի անարատ հացը դառնամ:
Ողոքէ՛ք գազաններին, որ նրանք դառնան իմ գերեզմանը եւ ոչինչ չթողնեն իմ մարմնից, որպէսզի երբ ննջեմ, ոչ ոքի համար բեռ չլինեմ: Արդարեւ այն ժամանակ կը լինեմ Յիսուս Քրիստոսի աշակերտը, երբ աշխարհն այլեւս չի տեսնի իմ մարմինը: Աղօթէ՛ք Տիրոջն ինձ համար, որ այս գործիքների միջոցով զոհաբերուեմ Աստծուն:
Ձեզ պատուիրաններ չեմ տալիս, ինչպէս Պետրոսն ու Պօղոսը, որովհետեւ նրանք առաքեալներ էին, իսկ ես՝ դատապարտեալ, նրանք ազատ էին, իսկ ես՝ մինչեւ այժմ ծառայ: Բայց եթէ ես չարչարուեմ, այն ժամանակ էլ կը դառնամ Յիսուս Քրիստոսի ազատը եւ ազատուած յարութիւն կ՚առնեմ մեռելներից: Եւ հիմա, շղթայուած լինելով, ես սովորում եմ ոչինչ չցանկանալ:
Ասորիքից մինչեւ Հռոմ, թէ՛ ցամաքի վրայ եւ թէ՛ ծովում, մարտնչում եմ գազանների դէմ՝ գիշեր թէ ցերեկ կապուած լինելով տասն ընձառիւծի, այսինքն զինուորների դասի, որոնք ինձնից բարիքներ գտնելով՝ աւելի են չարանում: Բայց ես նրանց անիրաւութիւնից առաւել շատ սովորում եմ, ոչ թէ արդարանում: Ե՞րբ կը լինի, որ օգուտ ունենամ գազաններից, որոնք պատրաստուած սպասում են ինձ, որի համար էլ աղօթում եմ, որ իրենց գործն արագ անեն: Կը խնդրեմ նրանց, որ ուտեն ինձ, եւ չլինի այնպէս, որ վախենան ու չմօտենան, ինչպէս արեցին ոմանց: Բայց եթէ դա կամովին չանեն, ես կը ստիպեմ նրանց:
Ներէ՛ք ինձ այս հարցում, ես գիտեմ, թէ որն է իմ օգուտը: Հիմա ես սկսում եմ աշակերտ լինել: Սովորում եմ չցանկանալ ոչինչ, երանի չտալ ո՛չ տեսանելիներին, ո՛չ աներեւոյթներին, որպէսզի կարողանամ հասնել Յիսուս Քրիստոսին: Թող ինձ պատահեն հուր եւ խաչելութիւն, գազանների բազմութիւն, ամբողջ մարմնի կտրատում, ոսկորների ցրում, անդամահատում, տրորուել եւ սատանայական բոլոր տանջանքներ, միայն թէ շահեմ Քրիստոսին:
Աշխարհի բոլոր ծայրերն ու նրա թագաւորութիւնները ինձ ոչ մի օգուտ չեն բերի. ես նախընտրում եմ մեռնել Յիսուս Քրիստոսի անուան համար, քան թէ թագաւորել աշխարհի բոլոր ծագերում: Ես փնտռում եմ Նրան, Ով մեռաւ մեզ համար: Ես փափագում եմ Նրան, Ով մեզ համար յարութիւն առաւ: Մօտեցել է իմ ծննդեան պահը:
Ներէ՛ք ինձ, եղբայրնե՛ր, մի՛ խանգարէք, որ կեանք ունենամ եւ մի՛ ցանկացէք իմ մահը: Կամենում եմ լինել Աստուծոյ մօտ, ուստի մի՛ տուէք ինձ աշխարհին եւ մի՛ խաբուէք նիւթով: Թո՛յլ տուէք, որ մտնեմ անստուեր լոյսի մէջ: Այժմ ես մարդ եմ, սակայն այնտեղ գնալով՝ հրեշտակ կը լինեմ:
Թոյլ տուէք չարչարանքներով նմանուել իմ Տիրոջը: Եթէ մէկն իր մէջ կրում է Նրան, ապա կը հասկանայ, թէ ինչ եմ կամենում: Եւ թող այդպիսինը ների ինձ ու հասկանալով իմ տառապանքը՝ նաեւ չարչարակից լինի:
Այս աշխարհի իշխանը կամենում է յափշտակել ինձ ու ջանում է ապականել առ Աստուած ունեցած խորհուրդներս: Արդ, թող ձեզնից ոչ ոք չօգնի նրան, այլ միացէք ինձ, այսինքն Աստծուն:
Մի՛ ունեցէք Յիսուս Քրիստոսին միայն շուրթերի վրայ եւ մի՛ ցանկացէք աշխարհը: Թող նախանձութիւնը չբնակուի ձեր մէջ: Եթէ անգամ ձեր մօտ գալով՝ աղաչեմ ձեզ՝ ինձ ազատելու համար, չլսէք ինձ, այլ աւելի շուտ հաւատացէք այն խօսքերին, որ հիմա գրում եմ ձեզ: Ես ցանկանում եմ մեռնել, եւ իմ ցանկութիւնը Հօրից է: Իմ մէջ չկայ նիւթ սիրող հուրը: Կենդանի ջուրն է խօսում է իմ մէջ եւ ներքուստ աղաղակում՝ ե՛կ Հօր մօտ:
Չեմ ցանկանում այս ապականացու կեանքը, այլ տենչում եմ Աստուծոյ հացին, որ Յիսուս Քրիստոսի Մարմինն է Դաւթի սերնդից: Ցանկանում եմ այն ըմպելիքը՝ Նրա Արիւնը, որ անապական սէր է:
Այլեւս ցանկութիւն չունեմ ապրել մարդկանց սովորութեան համաձայն, եւ այդ կը լինի, եթէ դուք կամենաք: Արդ, կամեցէ՛ք, որ դուք ինքներդ էլ Աստծուն հաճելի լինէք: Մի քանի խօսքով յորդորում եմ ձեզ, հաւատացէ՛ք ինձ:
Յիսուս Քրիստոս կը յայտնի ձեզ, որ ես ճշմարիտ եմ ասում: Իմ բերանն անսուտ է, եւ Հայրը խօսեց դրանով: Աղօթէ՛ք ինձ համար, որպէսզի կարողանամ հասնել նպատակին:
Ես չեմ գրում ձեզ ըստ մարմնի, այլ ըստ հոգու: Եթէ ես նահատակուեմ, կը նշանակի, որ դուք ինձ սիրեցիք, բայց եթէ ինձ մերժեն, կը նշանակի, որ դուք ինձ ատեցիք:
Ձեր աղօթքներում յիշէք Ասորիքի հաւատացեալներին, որոնց այսուհետեւ իմ փոխարէն Աստուած է հովւում: Թող նրանց խնամարկեն միայն Յիսուս Քրիստոս եւ ձեր սէրը:
Ես նոյնիսկ ամաչում եմ համարուել նրանցից մէկը, որովհետեւ արժանի չեմ, քանի որ նրանցից ամենահետինն ու նուաստն եմ, բայց յոյս ունեմ ողորմութիւն գտնել, եթէ հասնեմ Աստծուն:
Ձեզ ողջունում է իմ հոգին եւ բոլոր հաւատացեալների սէրը, որոնք Յիսուս Քրիստոսի անունով ընդունեցին ինձ ոչ որպէս անցուոր, որովհետեւ նրանք, ովքեր ինձ չէին պատահել մարմնաւոր ճանապարհին, քաղաքից քաղաք շրջելով՝ առաջնորդում եւ ուղեկցում էին ինձ:
Այս բաները գրում եմ ձեզ Զմիւռնիայից եփեսացիների միջոցով, որոնք արժանի են մեծ երանութեան:
Այժմ շատերի հետ ինձ հետ է նաեւ իմ ամենասիրելի Կրոկուսը, իսկ ովքեր Աստուծոյ փառքի համար ինձնից առաջ Ասորիքից Հռոմ եկան, կարծում եմ, որ ճանաչում էք նրանց: Տեղեկացրէ՛ք նրանց, որ արդէն մօտենում եմ: Նրանք բոլորն էլ արժանի են Աստծուն, եւ ձեզ լաւ կը լինի, որ ամէն կերպ սփոփէք նրանց:
Այս գրեցի ձեզ սեպտեմբերի ամսուայ կաղանդից ինն օր առաջ, այն է՝ օգոստոսի քսանչորսին: Ո՛ղջ եղէք եւ մինչեւ վերջ Յիսուս Քրիստոսի համբերութեամբ հաստատուն մնացէք»:
Արդ, թէպէտ եղբայրները չէին կամենում զրկուել սուրբից, բայց երանելի Իգնատիոս Աստուածազգեացը թղթով գօտեպնդեց նրանց, որ Հռոմում էին: Այնուհետեւ Զմիւռնիայից նաւ նստեց եւ բռնեց առաջիկայ ճանապարհը, մանաւանդ որ զինուորները եւս շտապում էին Քրիստոսազգեստին հասցնել մեծ քաղաք՝ հանդիսամարտին, որպէսզի հռոմէացիների առաջ կերակուր լինելով վայրի գազաններին՝ նահատակութեան միջոցով արժանանար արդարութեան պսակներին:
Հասնելով Տրովադա եւ իջնելով ծովափնեայ Նոր քաղաք (Նէապօլիս)՝ ոտքով անցաւ ամբողջ Մակեդոնիայով, մինչեւ հասաւ ծովափնեայ Եպիդամնոս քաղաքը: Այնտեղից նաւեց Ադրիական ծովով, հասաւ Տիւռական (Տիւռենեան) ծով, անցաւ բազմաթիւ կղզիների մօտով, Սիցիլիայի նեղուցի միջով եւ Իտալիայի Նէապօլսի մօտով: Երբ մօտեցաւ Պուտէոլի քաղաքին, կամեցաւ ելնել եւ գնալ Պօղոս առաքեալի շաւղով, սակայն ուժգին հողմի բռնութիւնը թոյլ չտուեց նաւին առաջ գնալ եւ այնտեղից վերադարձրեց նրանց: Եւ նա շրջում էր տեղի եղբայրների մէջ՝ երանի տալով նրանց սիրուն: Ուղեկից գրիչը գրում է. «Ապա տեսնելով, որ այդ ամբողջ օրն ու գիշերը եղանակը բարենպաստ է, շտապ Հռոմ հասնելու համար ակամայ հրաժեշտ տուեցինք եղբայրներին, որովհետեւ նրանք մորմոքւում էին սուրբից անջատուելու համար, բայց նա շտապում էր արագ հեռանալ աշխարհից, որպէսզի հասնէր իր Տիրոջը, Որին սիրում էր: Երբ հասանք հռոմէացիների նաւահանգիստը, հանդիսամարտն արդէն մօտ էր աւարտուելուն: Զինուորներն անհանգստանում էին ուշանալու համար եւ արագացնում էին սուրբին, իսկ երանելի եպիսկոպոսն ուրախութեամբ հնազանդւում էր տագնապող զինուորներին: Առաւօտեան դուրս գալով Հոսթիայի մօտ գտնուող Պորտոս նաւահանգստից՝ պատահեցինք եղբայրներին, որոնք լսել էին սուրբի մասին: Նրանք մեծ երկիւղով ընդառաջ եկան սուրբին, մեծապէս ուրախացան, որ արժանացան տեսնելու Քրիստոսազգեացին, բայց սոսկում էին, որ այդպիսի մարդը մահուան է եկել: Իսկ սուրբը պատուիրում էր բոլորին մնալ խաղաղութեամբ, սակայն նրանք սաստիկ յուզւում էին նրա համար եւ կամենում էին հանգստացնել հեթանոսների ամբոխին, որպէսզի կորստեան չմատնէին սուրբին: Իսկ սուրբը, հոգով իմանալով նրանց խորհուրդների մասին, բոլորին ողջոյն տալով, նրանցից ճշմարիտ սէր էր խնդրում եւ թղթում գրուածից աւելի շատ խօսքեր ասելով նրանց՝ համոզում էր չխանգարել իրեն՝ Տիրոջ մօտ շտապողին: Ապա ծնրադրեց բոլոր եղբայրների հետ, աղաչեց Աստուածորդուն եկեղեցիների, հալածանքների դադարման, միմեանց հանդէպ եղբայրական սիրոյ համար եւ ապա շտապեց մտնել հրապարակ: Կանգնեց ամբոխի մէջ ու ասաց. «Հռոմէացինե՛ր, այս տեսարանը դիտողնե՛ր, ես այս կրում եմ ոչ թէ չար գործերի կամ ինչ-որ յանցանքի պատճառով, այլ աստուածապաշտութեան համար: Ես Աստուծոյ ցորենն եմ եւ պիտի աղացուեմ գազանների ատամների տակ, որպէսզի Աստուծոյ հաց լինեմ»:
Երբ այս ասաց, անաստուած դահիճները նրա վրայ վայրի գազաններ արձակեցին: Եւ ահա երկու առիւծներ խեղդեցին երանելուն, կերան նրա սուրբ մարմինը, եւ կատարուեց նրա ցանկութիւնը, ինչպէս որ սուրբ Գիրքն է ասում. «Արդարների ցանկութիւնը պիտի կատարուի»[6], քանզի երանելին կամենում էր, որ վերանար գազանների կողմից, ու եղբայրների վրայ չծանրանայ իր մարմնի ամփոփումը: Եւ Աստուած կատարեց՝ ըստ նրա ցանկութեան, քանզի գազաններն, ուտելով սուրբի ամբողջ մարմինը, թողեցին մի քանի մեծ ոսկորներ, որոնք յետոյ անտիոքացիները քաղաք տարան որպէս պատուական գանձեր:
Այն ժամանակ Հռոմում եղող սուրբ եղբայրները, որոնց երանելին նամակ էր գրել, որոշեցին չխոչընդոտել նրա բարի առաջարկութեանը եւ վերցնելով սուրբի նշխարները՝ դրեցին մի տեղում, որտեղ հաւաքուածները միասին օրհնում էին Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ ի յիշատակ սուրբ եպիսկոպոսի եւ վկայի:
Եւ մինչ մենք արտասուքներով հսկում էինք մինչեւ առաւօտ ու յաճախ ծունր դնելով՝ խնդրանքներով աղաչում Տիրոջը, որ մխիթարի մեզ տկարութեան մէջ, փոքր-ինչ նիրհեցինք: Եւ ահա ոմանք, ովքեր աղօթում էին մեզ հետ, տեսան երանելուն, որը փարւում էր մեզ, ոմանք էլ տեսան, որ նա Տիրոջ առաջ մաքրում էր քրտինքը՝ իբրեւ ծանր աշխատանքից եկած: Տեսնելով այդ բարի եւ զարմանալի յայտնութիւնը՝ բոլորը լցուեցին մեծ ուրախութեամբ ու երանի տուեցին ամենագովելի սուրբին»: Այդ իրադարձութիւնները եղան դեկտեմբերի քսանչորսին կամ քսանին, ինչպէս որ նշուած է "Ճառընտիր"-ի խորագրում:
Նախկին ականատես վկայաբանն ու իր գործակիցներն անուանապէս յիշատակուած են Իգնատիոսի զմիւռնիացիներին ուղղուած թղթում, որոնք են կիլիկեցի Փիլոն սարկաւագը, Գայիոսը եւ Ագաթոպոսը, որ սուրբի հետ Ասորիքից Հռոմ են եկել: Այնուհետեւ այլ եկեղեցիները, կրկնօրինակելով այս գրութիւնը, տարածեցին Իգնատիոս Աստուածազգեացի վկայաբանութիւնը փափագողներին: Եւսեբիոսը եւս իր «Եկեղեցական պատմութեան» մէջ որպէս հաստատում աւելացնում է հետեւեալ հատուածը, որ կայ մեր «Ճառընտիր»-ում. «Նրա վկայութեան, ինչպէս նաեւ նրա թղթի մասին յիշատակում է նաեւ Լուգդոն քաղաքի Երանոս եպիսկոպոսը (խօսքն առաքեալների հետեւորդ սուրբ Երանոսի մասին է, որը Գաղղիայի Լուգդոն քաղաքի եպիսկոպոսն էր)՝ ասելով. «Մերոնցից մէկն ասաց, որ Աստուծոյ վկայութեան համար նա մատնուեց գազաններին՝ ասելով, թէ ես Աստուծոյ ցորենն եմ եւ պիտի աղացուեմ գազանների ժանիքների տակ, որպէսզի սուրբ հաց լինեմ»: Եւ Զմիւռնիա քաղաքի եպիսկոպոս Պօղիկարպոսն այս ամէնը յիշատակում է փիլիպպեցիներին ուղղուած իր թղթում՝ գրելով. «Արդ, աղաչում եմ ձեզ բոլորիդ, որ հնազանդուէք արդարութեան խօսքին եւ ջանացէք ստանալ համբերութիւն, որը ձեր աչքով տեսաք ո՛չ միայն երանելի Իգնատիոսով, Զոսիմոսով եւ Հռուփոսով, այլեւ ձեր մէջ եղած այլ սուրբերով, ինչպէս եւ Պօղոսով ու այլ առաքեալներով: Մտորէ՛ք, որ նրանք բոլորը ոչ թէ զուր ընթացան կամ զուր չարչարուեցին, այլ ընթացան հաւատով եւ արդարութեամբ, որպէսզի հասնեն խոստացած աւետիսներին, որ նրանց համար պատրաստեց Քրիստոս, Ում չարչարակից եղան: Նրանք չսիրեցին այս կեանքը, այլ սիրեցին Քրիստոսին, Ով մեռաւ նրանց համար եւ յարութիւն առաւ: Ինչպէս պատուիրել էիք, ուղարկեցինք ձեզ նաեւ երանելի Իգնատիոսի թղթերը, որոնք նա գրել էր մեզ, եւ գիտեմ, որ ընթերցելով՝ դուք պիտի յոյժ ուրախ լինէք»: Պօղիկարպոսի այս խօսքերից յետոյ Եւսեբիոսն աւելացնում է. «Այսքանն էր սուրբ Իգնատիոսի եւ նրա վկայութեան մասին պատմութիւնը: Նրանից յետոյ Անտիոքի եպիսկոպոսութիւնը վարեց Հերոնը»: Իսկ «Ճառընտիր»-ն էլ բուն վկայաբանի բերանով աւելացնում է. «Հաւաքուելով առաքինի եւ աստուածասէր նահատակ Իգնատիոսի յիշատակի օրը՝ հաղորդ եղէք սուրբ նահատակին եւ Քրիստոսի վկային, Ով վերացրեց սատանայի խայթոցը եւ աւարտեց իր քրիստոսասէր ու ցանկալի ընթացքը մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Որին Հօր եւ Սուրբ Հոգու հետ փառք եւ զօրութիւն՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Իգնատիոս Աստուածազգեացի տօնը նշում է Յիսնակի պահոց Դ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Ադդէ հայրապետի եւ սուրբ Մարութայ եպիսկոպոսի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
[1] Մատթ. ԺԸ 2-5:
[2] Շարակնոց:
[3] Ես. ԺԱ 9:
[4] Ելք Ի 3:
[5] Ելք ԻԲ 20:
[6] Առակ. Ժ 24:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: